Գլուխ 25
Քարոզում են հրապարակորեն և տնից տուն
ԵՐԲ Հիսուս Քրիստոսը իր աշակերտներին ուղարկեց քարոզելու, նա պատվիրեց նրանց. «Երբ գնաք, քարոզեք ու ասացեք. «Երկնքի թագավորությունը մոտեցել է»» (Մատթ. 10։7)։ Իսկ նկատի ունենալով այս համակարգի վերջին օրերում ապրող քրիստոնյաների գործը՝ նա ասաց հետևյալ մարգարեական խոսքերը. «Թագավորության այս բարի լուրը կքարոզվի ամբողջ երկրով մեկ.... վկայություն լինելու համար» (Մատթ. 24։14)։ Ի՞նչ էր դա նշանակում։
Դա չէր նշանակում, որ նրանք պետք է կառուցեին եկեղեցիներ, հնչեցնեին եկեղեցու զանգերը և սպասեին, որ ժողովուրդը հավաքվի ու լսի նրանց քարոզը շաբաթը մեկ անգամ։ Հունարեն բառը, որն այստեղ թարգմանվել է «քարոզել» (կերիսո), հիմնականում նշանակում է «հռչակել որպես մունետիկ»։ Դա չի նշանակում քարոզներ կարդալ սահմանափակ թվով աշակերտների խմբի համար, այլ նշանակում է բացեիբաց հանրորեն հռչակել։
Հիսուսն անձամբ օրինակ թողեց այն հարցում, թե ինչպես պետք է կատարել այդ գործը։ Նա գնում էր այնպիսի վայրեր, որտեղ մարդիկ կային։ Առաջին դարում մարդիկ կանոնավորաբար հավաքվում էին ժողովարաններում, որպեսզի լսեին Սուրբ Գրքից ընթերցվող հատվածներ։ Հիսուսն այդ հնարավորություններն օգտագործում էր, որպեսզի քարոզեր մարդկանց և դա անում էր ոչ թե մի քաղաքում, այլ Գալիլեայի և Հրեաստանի տարբեր քաղաքներում ու գյուղերում (Մատթ. 4։23; Ղուկ. 4։43, 44; Հովհ. 18։20)։ Ավետարանները ցույց են տալիս, որ ավելի հաճախ նա քարոզում էր ծովափին, լեռնալանջերին, ճանապարհներին, գյուղերում և այն մարդկանց տներում, ովքեր հյուրընկալում էին նրան։ Ամենուր, որտեղ նա հանդիպում էր մարդկանց, պատմում էր մարդկության առնչությամբ Աստծու նպատակների մասին (Ղուկ. 5։3; 6։17–49; 7։36–50; 9։11, 57–62; 10։38–42; Հովհ. 4։4–26, 39–42)։ Եվ երբ նա ուղարկում էր իր աշակերտներին, նրանց պատվիրում էր գնալ մարդկանց տները, փնտրել արժանիներին և վկայություն տալ Աստծու Թագավորության մասին (Մատթ. 10։7, 11–13)։
Մեր օրերում Եհովայի վկաները ձգտում են հետևել Հիսուսի և առաջին դարի աշակերտների թողած օրինակին։
Հռչակում են Քրիստոսի ներկայության մասին լուրը
Երբ Չարլզ Թեյզ Ռասելը և նրա ընկերակիցները սկսեցին հասկանալ Աստծու Խոսքում գրված ճշմարտությունները, որոնք ներդաշնակ էին միմյանց, նրանք իմացան, թե ինչ նպատակով և ինչպես է լինելու Քրիստոսի վերադարձը, և դա խորապես տպավորեց նրանց։ Եղբայր Ռասելը գիտակցում էր, որ ոչ միայն անհրաժեշտ է այդ մասին հռչակել, այլև որ դա պետք է արվի հրատապորեն։ Նա սկսեց ճամփորդել այնպիսի վայրեր, որտեղ կարող էր մարդկանց պատմել աստվածաշնչյան այդ ճշմարտությունների մասին։ Նա հաճախում էր կրոնական հավաքույթների և այդ առիթներն օգտագործում էր ելույթ ունենալու և քարոզելու համար, ինչպես որ Հիսուսն էր անում ժողովարաններում։ Սակայն շուտով հասկացավ, որ այլ միջոցներով հնարավոր է ավելի մեծ գործ իրականացնել։ Աստվածաշնչի ուսումնասիրությունից եղբայր Ռասելը հասկացել էր, որ Հիսուսը և առաքյալները քարոզչական գործը կատարում էին՝ հիմնականում քարոզելով մարդկանց անհատապես և գնալով տնից տուն։ Նա նաև գիտակցում էր, որ կարևոր է զրույցից հետո անհատի հետաքրքրությունը զարգացնելու համար թողնել որևէ տպագիր նյութ։
1877-ին նա տպագրեց «Ինչու և ինչպես է վերադառնալու մեր Տերը» վերնագրով գրքույկը։ Իսկ երկու տարի անց սկսեց հրատարակել «Սիոնի Դիտարան և Քրիստոսի ներկայության մունետիկ» պարբերագիրը։ Ակնհայտ էր, որ նրա նպատակը Քրիստոսի ներկայության մասին կարևոր լուրը քարոզելն էր, կամ՝ հռչակելը։
Դեռևս 1881-ին Աստվածաշունչ ուսումնասիրողները անվճար գրականություն էին բաժանում եկեղեցիների մոտ, բայց ոչ թե անմիջապես եկեղեցու մուտքի մոտ, այլ մոտակայքում, որպեսզի կրոնասեր մարդիկ կարողանային գրականություն վերցնել։ Աստվածաշունչ ուսումնասիրողներից շատերը այդ գրականությունը տալիս էին իրենց ծանոթներին կամ փոստով ուղարկում էին տարբեր մարդկանց։ 1903-ին «Դիտարանում» խորհուրդ տրվեց, որ Աստվածաշունչ ուսումնասիրողները ձգտեն բարի լուրը հասցնել յուրաքանչյուր մարդու՝ թերթիկներ տարածելով տնից տուն, և չկենտրոնանան միայն եկեղեցի հաճախողներին քարոզելու վրա։ Ոչ բոլորը արձագանքեցին այդ հորդորին, բայց շատերը սկսեցին նախանձախնդրորեն կատարել այդ գործը։ Օրինակ՝ եղած տվյալների համաձայն՝ Միացյալ Նահանգների մի քանի խոշոր քաղաքներում, ինչպես նաև դրանց արվարձաններում՝ 16 կիլոմետրից ավելի շառավղով տարածքում, Աստվածաշունչ ուսումնասիրողները այցելեցին գրեթե յուրաքանչյուր տուն։ Այդ կերպով տարածվեցին միլիոնավոր թերթիկներ և գրքույկներ։ Այդ ժամանակ Աստվածաշունչ ուսումնասիրողների մեծ մասը մասնակցում էր բարի լուրի հռչակման գործին՝ հիմնականում տարածելով անվճար թերթիկներ կամ այլ գրականություն։
Կային նաև Աստվածաշունչ ուսումնասիրողներ, որոնք ծառայում էին որպես գրքեր տարածողներ և իրենց ժամանակի մեծ մասը տրամադրում էին բացառապես այդ գործին։
Եռանդուն գրքեր տարածողները առաջնորդություն են վերցնում
Առաջին անգամ 1881-ի ապրիլին էր, որ նվիրված տղամարդկանց ու կանանց կոչ արվեց, որ հնարավորության դեպքում իրենց ժամանակի մեծ մասը տրամադրեն ծառայության այդ ձևին։ Նրանք պետք է գնային տնետուն ու գործարար տարածքներ և առաջարկեին որևիցե փոքր գիրք, որում մեկնաբանվում էին Աստվածաշնչի ճշմարտությունները։ Նաև պետք է առաջարկեին «Դիտարան» պարբերագրի բաժանորդագրություն։ Նրանց նպատակն էր գտնել ճշմարտությանը ծարավ մարդկանց և հոգևոր գիտելիքներ փոխանցել։ Մի որոշ ժամանակ նրանք ընդամենը մի քանի բառ էին ասում հետաքրքրություն առաջացնելու համար և յուրաքանչյուր մարդու տալիս էին գրականության մի փաթեթ, որպեսզի նա ուսումնասիրի, ապա մի քանի օրից կրկին այցելում էին։ Ոմանք գրականությունը վերադարձնում էին, ուրիշները երբեմն ցանկանում էին գնել այն։ Հաճախ զրույցների առիթներ էին լինում։ Նրանց ծառայության նպատակի մասին «Դիտարանում» գրվեց. «Նպատակը փաթեթներ վաճառելը կամ բաժանորդագրություններ հավաքելը չէ, այլ որ մարդիկ կարդան գրականությունը, ու այդպիսով ճշմարտությունը տարածվի»։
Գրքեր տարածողները համեմատաբար քիչ էին։ Առաջին 30 տարիների ընթացքում այդ գործին մասնակցողների թիվը տարբեր է եղել՝ մի քանի հոգուց մինչև 600 կամ ավելի։ Գրքեր տարածողները ռահվիրաներ էին բառի բուն իմաստով, քանի որ քարոզչական գործին սկիզբ էին դնում նոր տարածքներում։ Աննա Անդերսենը, որ տասնամյակներ շարունակ ծառայել է որպես գրքեր տարածող, սովորաբար ճամփորդում էր հեծանվով, և նրան հաջողվեց բարի լուրը հասցնել Նորվեգիայի գրեթե յուրաքանչյուր քաղաք։ Ուրիշ գրքեր տարածողներ էլ գնում էին այլ երկրներ, և նրանց միջոցով բարի լուրը առաջին անգամ քարոզվեց այնպիսի երկրներում, ինչպիսիք են Ֆինլանդիան, Բարբադոսը, Սալվադորը, Գվատեմալան, Հոնդուրասը և Բիրման (այժմ՝ Մյանմա)։ Սակայն ոմանք չէին կարող տեղափոխվել ուրիշ տարածքներ, ուստի իրենց երկրում էին ծառայում որպես գրքեր տարածողներ։
Գրքեր տարածողները մեծ գործ արեցին։ Մի եղբայր, որը ծառայում էր Միացյալ Նահանգների արևմտյան ափամերձ շրջաններում, 1898-ին գրեց, որ նախորդ 33 ամիսների ընթացքում նա իր ձիակառքով ճամփորդել է 12800 կմ, վկայություն է տվել 72 քաղաքներում, կատարել է 18000 այցելություններ, տարածել է 4500 գիրք և 40000 թերթիկ, հավաքել է 125 բաժանորդագրություն և հանդիպել է 40 մարդու, որոնք ոչ միայն ընդունել են բարի լուրը, այլև իրենք են սկսել այն պատմել ուրիշներին։ Իսկ ամուսնական մի զույգ, որը ծառայում էր Ավստրալիայում, ընդամենը երկուսուկես տարում 20000 գիրք բաժանեց հետաքրքրվող մարդկանց։
Հաճա՞խ էր պատահում, որ մեծ քանակությամբ գրականություն էր տարածվում, թե՞ դա հազվադեպ երևույթ էր։ 1909-ի հաշվետվության համաձայն՝ մոտ 625 գրքեր տարածողներ (այն ժամանակ նրանց թիվը այդքան էր), մեծ քանակությամբ անվճար գրականությունից բացի, Ընկերությունից ստացան նաև 626981 գիրք (միջին հաշվով յուրաքանչյուրին ընկնում էր ավելի քան հազար գիրք)։ Հաճախ նրանք չէին կարողանում իրենց հետ շատ գրքեր վերցնել տնից տուն գնալիս, ուստի պատվերներ էին վերցնում, ապա վերադառնում և բերում էին գրքերը։
Սակայն ոմանք ասում էին. «Դա քարոզչություն չէ»։ Բայց իրականում, ինչպես եղբայր Ռասելն էր նշել, դա ծառայության ամենաարդյունավետ ձևն էր։ Ընդամենը մեկ քարոզ լսելու փոխարեն՝ մարդիկ ստանում էին բազմաթիվ քարոզներ տպագիր տեսքով և կարող էին կարդալ դրանք կրկին ու կրկին, ինչպես նաև կարող էին համեմատել գրվածը իրենց Աստվածաշնչի հետ։ Ծառայության այդ մեթոդը կիրառելիս հաշվի էր առնվում այն հանգամանքը, որ համընդհանուր կրթական համակարգի միջոցով մարդիկ կարդալ էին սովորել։ «Նոր ստեղծագործություն» գրքում ասվում էր. «Ճիշտ չի լինի մեղադրել այս ավետարանիչներին այն բանի համար, որ ծառայության մեջ օգտագործում են մեր օրերի համար արդիական մեթոդներ՝ անցյալում ընդունված մեթոդների փոխարեն, ինչպես որ չենք մեղադրում նրանց այն բանի համար, որ ոտքով կամ ուղտով ճամփորդելու փոխարեն՝ ճամփորդում են այնպիսի տրանսպորտային միջոցներով, որոնք աշխատում են շոգու ուժով կամ էլեկտրաէներգիայով։ Ավետարանել նշանակում է քարոզել ճշմարտությունը.... Աստծու Խոսքը»։
Մարդկանց օգնելու հարցում Աստվածաշունչ ուսումնասիրողների անկեղծ հետաքրքրությունը երևաց այն բանում, որ նրանք իրենց քարոզչական գործը կատարում էին հիմնովին, ինչն էլ հետագայում դարձավ նրանց ծառայության բնորոշ գիծը։ «Դիտարանի» 1917-ի մարտի 1-ի համարում նկարագրվում էր, թե ինչպես էր կատարվում այդ ծառայությունը. նախ գրքեր տարածողներն այցելում էին իրենց տարածքի բոլոր տները՝ առաջարկելով «Գրությունների ուսումնասիրություն» ժողովածուի տարբեր հատորներ։ Ապա հովվական աշխատանք կատարողներըa այցելում էին այն մարդկանց, որոնց տվյալները հանձնել էին գրքեր տարածողները, ինչպես նաև այն մարդկանց, ովքեր իրենց անունները ու հասցեները փոխանցել էին հանրային հանդիպումների ժամանակ։ Նրանք փորձում էին հետաքրքրություն առաջացնել անհատի մեջ, որ նա ցանկանա կարդալ գրականությունը, խրախուսում էին ներկա լինել հատուկ կազմակերպված ելույթներին և ջանք էին թափում հիմնելու խմբակներ Աստվածաշնչի բերիական ուսումնասիրությունների համար։ Հնարավորության դեպքում գրքեր տարածողները այդ նույն տարածքը մշակում էին մեկ անգամ ևս, իսկ հետո հովվական աշխատանք կատարողները այցելում էին նրանց, ովքեր հետաքրքրություն էին ցույց տվել, և կապ էին պահում նրանց հետ։ Հետագայում խմբակի մյուս քարոզիչները այցելում էին նույն տները՝ իրենց հետ վերցնելով անվճար տարածման գրականություն՝ թերթիկներ և այլ նյութեր։ Այդպիսով յուրաքանչյուր անհատ հնարավորություն էր ունենում ստանալու գոնե ինչ-որ բան, որը գուցե նրանց մեջ ցանկություն առաջացներ ավելին իմանալու Աստծու նպատակների մասին։
Այն տարածքներում, որտեղ ծառայում էին մեկ կամ երկու գրքեր տարածողներ, և որտեղ ժողով չկար, իրենք էին վերայցելում հետաքրքրվող անհատներին։ Երբ 1908-ին Հերման Հերկենդելը և նրա համագործակիցը գնացին Բիլեֆելդ (Գերմանիա), նրանց հատուկ հրահանգ տրվեց, որ այդ տարածքի հետաքրքրվող անհատներին ծանոթացնեն միմյանց հետ և ժողով հիմնեն։ Մի քանի տարի անց «Դիտարանում» գրվեց մի քանի այլ գրքեր տարածողների մասին, որոնք անհատական ուշադրություն էին ցույց տալիս հետաքրքրվող անհատների հանդեպ այնքան ժամանակ, մինչև որ իրենց նշանակման վայրում հիմնվում էր Աստվածաշունչ ուսումնասիրողների խմբակ։
Մարդկանց հետաքրքրությունը զարգացնելու գործում մեծ օգնություն էր «Աստծու քնարը» գիրքը, որը լույս տեսավ 1921-ին։ Այն նախատեսված էր սկսնակների համար։ Գրքի տպաքանակը շուտով հասավ 5819037-ի, և այն լույս էր տեսնում 22 լեզվով։ Գիրքը ստացողներին օգնելու նպատակով Ընկերությունը կազմակերպեց Աստվածաշնչի թեմատիկ ուսումնասիրության հեռակա դասընթաց։ Դասընթացը ընդգրկում էր 12 հարցաթերթիկ, որոնք փոստով ուղարկվում էին 12 շաբաթների ընթացքում։ Կազմակերպվում էին նաև Աստվածաշնչի խմբակային քննարկումներ հետաքրքրվող անհատների տանը, որոնց ժամանակ նույնպես օգտագործում էին գիրքը։ Այդ հանդիպումներին սովորաբար ներկա էին լինում նաև Աստվածաշունչ ուսումնասիրողներ։
Վկաները, սակայն, գիտակցում էին, որ քարոզչական դաշտը մեծ էր, իսկ իրենք թվով քիչ էին (Ղուկ. 10։2)։
Քարոզում էին շատերին, թեև թվով քիչ էին
«Դիտարանում» ընդգծվեց, որ նրանք, ովքեր իսկապես ոգով օծված քրիստոնյաներ են, Աստծուց տրված պատասխանատվություն ունեն գտնել ու օգնել բոլոր անկեղծ քրիստոնյաներին՝ անկախ այն բանից՝ նրանք եկեղեցի են հաճախում, թե ոչ (Ես. 61։1, 2)։ Ինչպե՞ս կարելի էր անել դա։
Երկու Աստվածաշունչ ուսումնասիրողներ (Ջ. Ք. Սանդերլին և Ջ. Ջ. Բենդեր), որոնք 1881-ին ուղարկվեցին Անգլիա, միայն իրենց ուժերով համեմատաբար քիչ գործ կարող էին անել։ Բայց հարյուրավոր երիտասարդների օգնությամբ, որոնց վճարեցին նրանց ծառայությունների համար, հաջողվեց շատ կարճ ժամանակում տարածել «Սնունդ՝ խորհրդածող քրիստոնյաների համար» գրքի 300000 օրինակ։ Ադոլֆ Վեբերը, որը 1890-ականների կեսերին վերադարձել էր Շվեյցարիա՝ բարի լուրը տարածելու համար, պետք է քարոզեր մի հսկայական տարածքում, որի մեջ մտնում էին մի քանի երկրներ։ Ինչպե՞ս նա կարող էր վկայություն տալ այդ բոլոր վայրերում։ Նա ծառայում էր որպես գրքեր տարածող և ճամփորդում էր հեռավոր շրջաններ։ Բացի այդ, հայտարարություններ էր տալիս թերթերում և միջոցներ էր ձեռնարկում, որ գրքեր վաճառողները «Դիտարան ընկերության» հրատարակությունները ընդգրկեին վաճառվող գրքերի մեջ։ 1907-ին Գերմանիայում Աստվածաշունչ ուսումնասիրողների մի փոքր խումբ քայլեր ձեռնարկեց տարածելու 4-էջանոց մի թերթիկի 4850000 օրինակ, որոնք կցվեցին թերթերին և ուղարկվեցին փոստով։ Առաջին համաշխարհային պատերազմից կարճ ժամանակ անց լատվիացի մի եղբայր, որը ծառայում էր Ընկերության գլխավոր վարչությունում (Նյու Յորք) իր ծննդավայրի թերթերում սեփական միջոցներով հայտարարություններ տվեց։ Այդ հայտարարություններից մեկին արձագանքեց մի մարդ, որը դարձավ Լատվիայում առաջին Աստվածաշունչ ուսումնասիրողը։ Սակայն բարի լուրը հանրորեն հռչակելու այդ մեթոդները չէին կարող փոխարինել անհատական վկայությանը և տնից տուն քարոզչությանը։ Դրանք պարզապես օգնում էին ավելի շատ մարդկանց հայտնել բարի լուրը։
Սակայն թերթերում միայն հայտարարություններ չէին տպագրվում։ Առաջին համաշխարհային պատերազմից առաջ եղբայր Ռասելի վերահսկողությամբ նրա քարոզները կանոնավորաբար տպագրվում էին թերթերում։ Կարճ ժամանակում դրանց տպագրությունը ապշեցուցիչ մասշտաբների հասավ։ Այդ քարոզները տպագրվում էին Միացյալ Նահանգների, Կանադայի, Մեծ Բրիտանիայի, Ավստրալիայի և Հարավաֆրիկյան Միության (այժմ՝ Հարավաֆրիկյան Հանրապետություն) ավելի քան 2000 թերթերում, որոնք ունեին ընդհանուր առմամբ 15000000 ընթերցող։ Հնարավո՞ր էր արդյոք ավելին անել։ Եղբայր Ռասելը կարծում էր, որ հնարավոր է։
Երկու տարվա պատրաստություններից հետո 1914-ի հունվարին առաջին անգամ ցուցադրվեց «Արարչության լուսադրաման»։ Այն չորս մասից բաղկացած 8-ժամյա ներկայացում էր և ընդգրկում էր շարժական պատկերներ ու սլայդներ, որոնք ցուցադրվում էին ձայնի ուղեկցությամբ։ Դա մի հիանալի ֆիլմ էր, որի նպատակն էր գնահատանք զարգացնել Աստվածաշնչի և նրանում գրված Աստծու նպատակների հանդեպ։ Այն ամեն օր ցուցադրվում էր 80 քաղաքներում։ Ցուցադրումների մասին նախօրոք ազդարարվում էր թերթերի միջոցով, ինչպես նաև խանութների ցուցափեղկերին և տների պատուհաններին փակցված բազմաթիվ ազդագրերի միջոցով, բացի այդ, տարածվում էին մեծ թվով անվճար տպագիր նյութեր՝ ֆիլմի հանդեպ հետաքրքրություն առաջացնելու համար։ Ամեն տեղ ցուցադրումների ժամանակ մեծ թվով հանդիսատեսներ էին հավաքվում։ Մեկ տարվա ընթացքում Միացյալ Նահանգներում և Կանադայում «Լուսադրաման» դիտեց ավելի քան 8000000 մարդ, բացի այդ, մարդկանց մեծաթիվ խմբեր ֆիլմը դիտեցին Մեծ Բրիտանիայում և Եվրոպայում, ինչպես նաև Նոր Զելանդիայում և Ավստրալիայում։ Այնուհետև թողարկվեց «Լուսադրամայի» պարզեցված տարբերակը (առանց շարժական պատկերների)՝ ավելի փոքր քաղաքներում և գյուղերում ցուցադրելու համար։ Առնվազն երկու տասնամյակ «Լուսադրաման» շարունակեց ցուցադրվել տարբեր լեզուներով։ Արդյունքում՝ շատ-շատերը հետաքրքրություն էին ցույց տալիս, փոխանցում էին իրենց անուններն ու հասցեները, և քարոզիչները այցելում էին նրանց։
Այնուհետև 1920-ականներին մեկ ուրիշ միջոց սկսեց օգտագործվել Թագավորության բարի լուրը լայնորեն հռչակելու համար։ Եղբայր Ռադերֆորդը համոզված էր, որ դրանում ակնհայտորեն երևում էր Տիրոջ ձեռքը։ Իսկ ո՞րն էր այդ նոր միջոցը։ Ռադիոն։ Երկու տարի էլ չէր անցել այն բանից հետո, երբ առաջին ռադիոկայանը սկսեց հեռարձակումներ իրականացնել (1920), երբ «Դիտարան ընկերության» նախագահ Ջ. Ֆ. Ռադերֆորդը սկսեց ելույթ ունենալ ռադիոյով՝ հռչակելով աստվածաշնչյան ճշմարտությունները։ Ռադիոն հնարավորություն էր տալիս լուրեր հաղորդել միաժամանակ միլիոնավոր մարդկանց։ Երկու տարի անց՝ 1924-ին, Ընկերությունը Նյու Յորքում հիմնեց իր սեփական ռադիոկայանը՝ WBBR-ը։ 1933-ին Ընկերությունը օգտագործում էր 408 ռադիոկայաններ (ռադիոկայանների բարձրագույն թիվը), որոնց օգնությամբ բարի լուրը հնչում էր վեց մայրցամաքներում։ Ուղիղ հեռարձակումներից բացի, ներկայացվում էին նաև տարբեր թեմաներով նախօրոք պատրաստված ձայնագրություններ։ Յուրաքանչյուր վայրում տպագիր նյութեր տարածելով՝ մարդկանց նախապես տեղեկացնում էին հեռարձակումների մասին, որպեսզի նրանք կարողանային լսել դրանք։ Այդ հաղորդումների շնորհիվ շատերը, որ կանխակալ կարծիք ունեին, փոխեցին իրենց տեսակետը, և բազմաթիվ ազնվասիրտ մարդիկ իմացան ճշմարտությունը։ Շատերը, հոգևորականներից և իրենց հարևաններից վախենալով, չէին հաճախում Աստվածաշունչ ուսումնասիրողների հանդիպումներին, բայց այժմ նրանց ոչինչ չէր խանգարում իրեն տանը լսել ռադիո։ Ռադիոհեռարձակումները չէին փոխարինում տնից տուն վկայելու գործին, սակայն դրանց շնորհիվ աստվածաշնչյան ճշմարտությունները հնչում էին այնպիսի վայրերում, ուր դժվար էր հասնել, ինչպես նաև հիանալի զրույցների առիթներ էին ստեղծվում, երբ Վկաները այցելում էին մարդկանց տները։
Քարոզելը յուրաքանչյուրի պատասխանատվությունն է
Տասնամյակներ շարունակ «Դիտարանում» ընդգծվել է, որ բոլորը պատասխանատվություն ունեն անհատապես մասնակցելու վկայության գործին։ Իսկ 1919-ից ի վեր այդ մասին ավելի հաճախ էր նշվում հրատարակություններում և համաժողովների ժամանակ։ Այդուհանդերձ, շատերի համար հեշտ չէր այցելել անծանոթ մարդկանց ու զրուցել նրանց հետ, և սկզբնական շրջանում Աստվածաշունչ ուսումնասիրողներից քչերն էին կանոնավորաբար մասնակցում տնից տուն ծառայությանը։
Նրանց ոգևորելու համար ուշադրություն դարձվեց աստվածաշնչյան քաջալերական մտքերի վրա։ «Դիտարանի» 1919-ի օգոստոսի 1-ի և 15-ի թողարկումներում ներկայացվեց «Օրհնյալ են անվախները» վերնագրով թեման։ Հոդվածներում զգուշացումներ տրվեցին մարդավախությունից խուսափելու վերաբերյալ, նաև ուշադրություն դարձվեց Գեդեոնի 300 քաջ ռազմիկների օրինակին, որոնք զգոն էին և պատրաստ էին ծառայելու Տիրոջը այնպես, ինչպես նա կկամենար, անգամ եթե բախվեին անհաղթահարելի թվացող դժվարությունների։ Նաև ուշադրություն դարձվեց Եղիսեի օրինակին, որը անվախ էր և ապավինում էր Եհովային (Դատ. 7։1–25; 2 Թագ. 6։11–19; Առակ. 29։25)։ 1921-ին տպագրվեց «Քաջ եղեք» հոդվածը, որում ընդգծվում էր, որ Մատթեոս 24։14-ում նշված գործին մասնակցելը ոչ միայն պատասխանատվություն է, այլ նաև առանձնաշնորհում, քանի որ այն կատարելով՝ մենք Տիրոջ կողմն ենք դիրք բռնում և հակառակվում ենք խավարի սատանայական ուժերին։ Նրանց, ում հնարավորությունները սահմանափակ էին, հորդոր էր տրվում չհուսահատվել և անել այն, ինչ կարող էին։
«Դիտարանում» քննարկվում էին տարբեր սուրբգրային համարներ, որոնք հստակորեն ցույց էին տալիս, որ իրենց օծյալ ծառա համարող բոլոր քրիստոնյաները պատասխանատվություն ունեն հռչակելու Աստծու Թագավորության մասին։ «Դիտարանի» 1922-ի օգոստոսի 15-ի թողարկման մեջ տպագրվեց մտածելու տեղիք տվող մի համառոտ հոդված՝ «Ծառայությունը կարևոր է» վերնագրով, որում խոսվում էր այն մասին, որ ծառայությունը հարկավոր է կատարել, ընդօրինակելով Քրիստոսին, այսինքն՝ գնալ տնից տուն և մարդկանց պատմել Աստծու Թագավորության մասին։ Այդ տարի ավելի ուշ քննարկվեց այն հարցը, որ նման ծառայությունը պետք է կատարել սիրուց մղված, որպեսզի այն արժեք ունենա Աստծու աչքում (1 Հովհ. 5։3)։ 1926-ի հունիսի 15-ի համարում տպագրվեց մի հոդված, որում նշվում էր, որ Աստծուն բոլորովին չի տպավորում ձևական երկրպագությունը, և որ նրա համար կարևոր է հնազանդությունը, որը նշանակում է նաև գնահատել ցանկացած միջոց, որ նա օգտագործում է իր նպատակը իրագործելու համար (1 Սամ. 15։22)։ Հաջորդ տարի քննարկվեց «Քրիստոնյաների առաքելությունը երկրի վրա» վերնագրով նյութը, որում ընդգծվեց այն, որ Հիսուսը «հավատարիմ և ճշմարիտ վկա» է, և որ Պողոս առաքյալը քարոզել է «հրապարակորեն և տնից տուն» (Հայտն. 3։14; Գործ. 20։20)։
«Տեղեկագիր» թերթիկում, որտեղ ամեն ամիս ծառայության վերաբերյալ հրահանգներ էին տրվում, տպագրվում էին մանրամասն մատուցումներ, որոնք քարոզիչները կարող էին մտապահել։ Հորդոր էր տրվում ամեն շաբաթ մասնակցել քարոզչական ծառայությանը։ Բայց սկզբում քչերն էին քարոզում տնից տուն, իսկ ոմանք, ովքեր սկսել էին քարոզել, հետագայում դադարեցին այդ գործին մասնակցելուց։ Օրինակ՝ Միացյալ Նահանգներում 1922-ին քարոզչական գործին ամեն շաբաթ միջին հաշվով մասնակցում էր 2712 հոգի։ Բայց 1924-ին այդ թիվը նվազեց՝ հասնելով 2034-ի։ 1926-ին ծառայությանը մասնակցողների թիվը կրկին բարձրացավ և միջին հաշվով կազմում էր 2261, և մի անգամ, երբ մեկշաբաթյա հատուկ քարոզարշավ էր կազմակերպվել, գրանցվեց բարձրագույն թիվ՝ 5937։
1926-ի վերջերին Ընկերությունը սկսեց խրախուսել ժողովներին, որ կիրակի օրերին ժամանակ հատկացնեն խմբակային վկայությանը և տարածեն ոչ միայն թերթիկներ, այլև Աստվածաշնչի ուսումնասիրության համար նախատեսված գրքեր։ 1927-ին «Դիտարանում» հորդոր տրվեց ժողովում ծառայող բոլոր հավատարիմներին, որ երեցի պատասխանատվությունից զրկեն բոլոր այն անհատներին, ովքեր իրենց խոսքով ու գործով ցույց էին տալիս, որ չեն ցանկանում կատարել հրապարակորեն և տնից տուն ծառայելու պատասխանատվությունը։ Այսպիսով՝ այն ճյուղերը, որոնք պտուղ չէին բերում, այսպես ասած, կտրվեցին, իսկ մնացած ճյուղերը էտվեցին, որպեսզի ավելի շատ պտուղ բերեն Աստծու փառքի համար (համեմատի՛ր Հիսուսի առակը՝ արձանագրված Հովհաննես 15։1–10)։ Արդյոք դա նպաստե՞ց այն բանին, որ ավելանա Եհովային հանրորեն փառաբանողների թիվը։ 1928-ին Միացյալ Նահանգներում ամեն շաբաթ վկայության գործին միջին հաշվով մասնակցողների թիվը ավելացավ 53 տոկոսով։
Վկաներն այլևս մարդկանց պարզապես անվճար թերթիկ չէին տալիս ու հեռանում։ Նրանցից շատերը հակիրճ զրուցում էին բնակիչների հետ՝ փորձելով հետաքրքրություն առաջացնել Թագավորության բարի լուրի հանդեպ, իսկ հետո առաջարկում էին գրքեր։
Այդ վաղ շրջանի Վկաները իսկապես խիզախ քարոզիչներ էին, թեև ոչ բոլորն էին նրբանկատություն դրսևորում։ Նրանք շատ էին տարբերվում այլ կրոնական խմբերից։ Նրանք պարզապես խոսքերով չէին ասում, որ յուրաքանչյուրը պետք է վկայություն տա իր հավատի մասին։ Գնալով ավելի շատ Վկաներ գործով էին ցույց տալիս դա։
Վկայության քարտեր և ֆոնոգրաֆներ
1933-ի վերջերին սկսեց կիրառվել քարոզելու մեկ այլ մեթոդ։ Վկաները մարդկանց առաջարկում էին կարդալ վկայության քարտը, որում կարճ տեղեկություն էր գրված։ Դա մեծ օգնություն էր հատկապես նոր քարոզիչների համար, որոնք այդ ժամանակ բավականաչափ մարզում չէին ստանում։ Երբ բնակիչը ավարտում էր քարտի ընթերցանությունը, սովորաբար քարոզիչները մեկ կամ երկու կարճ մտքեր էին ասում, իսկ ոմանք ավելի երկար էին զրուցում՝ օգտվելով Աստվածաշնչից։ Վկայության քարտերը օգտագործվեցին մինչև 1940-ականները։ Դրանց շնորհիվ տարածքները ավելի արագ էին մշակվում, Վկաները կարողանում էին ավելի շատ մարդկանց քարոզել, աստվածաշնչյան արժեքավոր շատ գրականություն տարածել, միանման վկայություն տալ և բարի լուրը հաղորդել նույնիսկ այն մարդկանց, որոնց լեզուն չգիտեին։ Երբեմն անհարմար իրավիճակներ էին ստեղծվում, երբ բնակիչը վերցնում էր քարտն ու փակում դուռը, և Վկան ստիպված էր լինում կրկին թակել դուռը և հետ վերցնել այն։
1930-ականներին և 1940-ականների սկզբներին քարոզչական գործում մեծ դեր ունեցան նաև աստվածաշնչյան ելույթների ձայնագրությունները։ 1934-ին Վկաներից ոմանք սկսեցին ծառայության մեջ օգտագործել շարժական ֆոնոգրաֆներ։ Քանի որ այդ սարքը բավականին ծանր էր, նրանք այն թողնում էին ավտոմեքենայի մեջ կամ մեկ այլ հարմար տեղում, մինչև որ հանդիպում էին այնպիսի մարդկանց, ովքեր ցանկանում էին լսել աստվածաշնչյան ելույթների ձայնագրություններ։ 1937-ին սկսեցին շարժական ֆոնոգրաֆները օգտագործել հենց դռան շեմին։ Վկայության այդ մեթոդը շատ պարզ էր. Վկան ասում էր, որ Աստվածաշնչից կարևոր լուր ունի հայտնելու, այնուհետև ասեղը դնում էր ձայնապնակի վրա և հնչեցնում էր ելույթը։ Նիդերլանդներում ծառայող մի գերմանացի ռահվիրա՝ Կասպեր Կայմը, բարձր էր գնահատում իր «Ահարոնին» (նա այդպես էր կոչում իր ֆոնոգրաֆը), քանի որ իր համար դժվար էր հոլանդերենով վկայություն տալ (համեմատի՛ր Ելք 4։14–16)։ Հետաքրքրությունից մղված՝ երբեմն ողջ ընտանիքն էր լսում ձայնագրությունները։
1940-ին արդեն օգտագործվում էին 40000 ֆոնոգրաֆներ։ Այդ տարի սկսեցին օգտագործվել այնպիսի ֆոնոգրաֆներ, որոնք աշխատում էին նաև ուղղահայաց դիրքով (նախագծել և հավաքել էին Վկաները)։ Դրանք գործածվում էին հատկապես Հյուսիսային և Հարավային Ամերիկայում։ Այդ մոդելը ավելի շատ հետաքրքրություն առաջացրեց մարդկանց մեջ, քանի որ հատուկ կառուցվածքի շնորհիվ ձայնապնակը չէր երևում։ Յուրաքանչյուր ձայնագրություն տևում էր 4,5 րոպե և հնչում էր 78 պտույտ-րոպե արագությամբ։ Ձայնագրությունների վերնագրերը հիմնականում կարճ էին և կոնկրետ՝ «Թագավորություն», «Աղոթք», «Կյանքի առաջնորդող ճանապարհ», «Երրորդություն», «Քավարան», «Ինչու է հոգևորականությունը հակառակվում ճշմարտությանը»։ Կային մոտ 90 տարբեր թեմաներով ելույթներ, և ծառայության մեջ օգտագործվում էին միլիոնից ավելի ձայնագրություններ։ Մատուցումները պարզ էին ու հասկանալի։ Շատ բնակիչներ սիրով լսում էին, իսկ ոմանք շատ կոպիտ էին արձագանքում։ Բայցևայնպես, ֆոնոգրաֆների միջոցով արդյունավետ և հիմնովին վկայություն էր տրվում։
Խիզախորեն հռչակում են բարի լուրը հասարակական վայրերում
Թեև այդ տարիներին Վկաները ծառայության ժամանակ շատ բան ասելու կարիք չունեին, քանի որ հիմնականում լուրը հայտնում էին վկայության քարտերի և ձայնագրությունների միջոցով, այնուամենայնիվ, նրանցից քաջություն էր պահանջվում։ Նրանց գործունեության բնույթն այնպիսին էր, որ նրանք պետք է մարդկանց աչքի առաջ լինեին։
1931-ին Կոլումբուսում (Օհայո) տեղի ունեցած համաժողովից հետո Եհովայի վկաները սկսեցին տարածել «Թագավորություն. աշխարհի հույսը» վերնագրով գրքույկը, որում ընդգրկված էր «Նախազգուշացում Եհովայից» բանաձևը՝ ուղղված «իշխանություններին և հասարակությանը»։ Նրանք գիտակցում էին, որ որպես Եհովայի վկաներ լուրջ պատասխանատվություն ունեն հայտնելու Աստծու Խոսքում գրված զգուշացումը (Եզեկ. 3։17–21)։ Նրանք այդ գրքույկները պարզապես չէին գցում փոստարկղերը կամ դնում դռների մոտ, այլ անձամբ տալիս էին մարդկանց։ Վկաները այցելում էին բոլոր հոգևորականներին և հնարավորության դեպքում նաև քաղաքական գործիչներին, զինվորական սպաներին և խոշոր ընկերությունների ղեկավարներին։ Բացի այդ, մոտ հարյուր երկրում, որտեղ Եհովայի վկաները կազմակերպված քարոզչական գործունեություն էին իրականացնում, նրանք այցելեցին գրեթե բոլոր տները։
1933-ին Վկաները օգտագործում էին ձայնի վերարտադրման հզոր սարքեր՝ հասարակական վայրերում աստվածաշնչյան ազդեցիկ ելույթներ հնչեցնելու համար։ Եղբայրներ Սմեթսը և Փոելմանսը այդպիսի մի սարք տեղադրեցին եռանիվ հեծանվի վրա և դրա միջոցով ելույթներ հնչեցրին Լիեժի (Բելգիա) շուկաներում և եկեղեցիների մոտակայքում։ Հաճախ նրանք այդպես ծառայում էին օրվա մեջ տասը ժամ։ Ջամայկայում մարդիկ անմիջապես հավաքվում էին, երբ երաժշտության ձայն էին լսում, ուստի եղբայրները սկզբում երաժշտություն էին հնչեցնում։ Երբ մարդկանց մեծ խմբեր հավաքվում էին գլխավոր ճանապարհների վրա իմանալու համար, թե ինչ է պատահել, տեսնում էին, որ Եհովայի վկաները հռչակում են Թագավորության բարի լուրը։
Սարքերից մի քանիսը տեղադրում էին ավտոմեքենաների և նավերի վրա, տեղադրում էին նաև բարձրախոսներ, որպեսզի ձայնը լսվեր մեծ հեռավորության վրա։ Ավստրալիայում Բերտ և Վայ Հորտոնները օգտագործում էին մի ֆուրգոն, որի վրա տեղադրել էին մի մեծ ձայնափող, իսկ վրան գրված էր՝ «Թագավորության լուրը»։ Մեկ տարվա ընթացքում նրանք Մելբուրնի գրեթե բոլոր փողոցներում հնչեցրին ելույթներ, որոնցում քողազերծվում էր կեղծ կրոնը, և նկարագրվում էին այն սիրտ ջերմացնող օրհնությունները, որ բերելու էր Աստծու Թագավորությունը։ Այդ տարիներին Կլոդ Գուդմանը Հնդկաստանում ծառայում էր որպես ռահվիրա։ Ձայնափողով ավտոմեքենայով շրջելով՝ նա մեծ թվով մարդկանց համար տեղի լեզուներով ձայնագրություններ հնչեցրեց շուկաներում, այգիներում, փողոցներում՝ ամենուր, որտեղ մարդիկ կային։
Երբ Լիբանանում եղբայրները ձայնափողով ավտոմեքենան կանգնեցնում էին բլրի վրա և հնչեցնում ելույթները, ձայնը հասնում էր մինչև ցածրադիր հովիտներ։ Քանի որ գյուղերի բնակիչները չէին տեսնում, թե որտեղից է գալիս ձայնը, երբեմն վախենում էին՝ մտածելով, որ Աստված է խոսում իրենց հետ երկնքից։
Սակայն եղել են նաև լարված իրավիճակներ։ Մի անգամ Սիրիայում գյուղերից մեկի քահանան թողեց իր ճաշը սեղանին, վերցրեց ձեռնափայտը և վազեց դեպի ամբոխը, որը հավաքվել էր լսելու ձայնափողով ավտոմեքենայից հնչող աստվածաշնչային ելույթը։ Ձեռնափայտը թափահարելով՝ նա զայրացած բղավեց՝ պահանջելով. «Անջատե՛ք։ Հենց հիմա անջատե՛ք»։ Բայց եղբայրները նկատեցին, որ բոլորը չէ, որ համաձայն էին նրա հետ. ոմանք ցանկանում էին լսել։ Եվ շուտով հավաքված մարդկանցից ոմանք վերցրին քահանային, տարան նրան իր տուն և նստեցրին ճաշի սեղանի մոտ։ Չնայած հոգևորականության հակառակությանը՝ Վկաները հոգ էին տանում, որ մարդիկ հնարավորություն ունենան բարի լուրը լսելու։
Այդ ժամանակաշրջանում լայնորեն օգտագործվում էին նաև ազդագրեր, որոնք Վկաները կրում էին իրենց վրա գործարար տարածքներում հատուկ ելույթների հրավիրատոմսեր բաժանելիս։ Քարոզչության այս մեթոդը սկսեց կիրառվել 1936-ին Գլազգոյում (Շոտլանդիա)։ Այդ տարի նույն մեթոդը օգտագործվեց նաև Լոնդոնում (Անգլիա), ապա Միացյալ Նահանգներում։ Երկու տարի անց սկսեցին գործածվել նաև փայտերի վրա ամրացված ազդագրեր, որոնք Վկաները տանում էին՝ բարձր պահած։ Դրանց վրա գրված էր՝ «Կրոնը թակարդ է և խաբեություն»b և «Ծառայե՛ք Աստծուն և Քրիստոսին՝ Թագավորին»։ Համաժողովից առաջ կազմակերպված ազդագրերով այդ երթերը ձգվում էին մի քանի կիլոմետր։ Երթերի ժամանակ մասնակիցները մեկը մյուսի հետևից լուռ քայլում էին մարդաշատ փողոցներով, ինչը հիշեցնում էր այն դեպքը, երբ հին Իսրայելի բանակը քայլում էր Երիքովի շուրջը նախքան քաղաքի պարիսպների փլուզումը (Հեսու 6։10, 15–21)։ Այդպիսի համարձակ վկայություն էր տրվում աշխարհի տարբեր մասերում՝ Լոնդոնից (Անգլիա) մինչև Մանիլա (Ֆիլիպիններ)։
1940-ին հանրորեն վկայություն տալու մեկ այլ մեթոդ սկսեց կիրառվել։ Համաձայն Առակներ 1։20-ի, որտեղ ասվում է՝ «ճշմարիտ իմաստությունը բարձրաձայն կանչում է փողոցներում»՝ այդ տարվա փետրվարին Եհովայի վկաները փողոցներում սկսեցին տարածել «Դիտարան» և «Մխիթարություն» (այժմ կոչվում է՝ «Արթնացե՛ք») պարբերագրերըc։ Նրանք տարբեր կոչերով մարդկանց ուշադրությունը հրավիրում էին պարբերագրերի և դրանց բովանդակության վրա։ Աշխարհի մեծ ու փոքր քաղաքներում սովորական բան է տեսնել, որ Եհովայի վկաները առաջարկում են իրենց պարբերագրերը։ Բայց այդ գործը քաջություն է պահանջում։ Հատկապես այն ժամանակ էր քաջություն պահանջվում, երբ գործը նոր էր սկսվել, քանի որ դա մի ժամանակաշրջան էր, երբ հալածանքը ուժգին էր, և պատերազմի պատճառով ամենուրեք տարածված էր ազգայնամոլությունը։
Երբ կոչ էր արվում մասնակցել վկայության այդպիսի ձևի, Վկաները, հավատ դրսևորելով, արձագանքում էին այդ հորդորներին։ Այդ գործին մասնակցողների թիվը շարունակում էր աճել։ Նրանք առանձնաշնորհում էին համարում դա, քանի որ կարող էին այդպիսով ցույց տալ Եհովայի հանդեպ իրենց հավատարմությունը։ Բայց նրանք դեռ սովորելու շատ բան ունեին։
Բոլորը պետք է կարողանան պաշտպանել իրենց հավատը
1942-ին սկսեց գործել մի հիանալի կրթական ծրագիր։ Այն սկսեց անցկացվել Եհովայի վկաների գլխավոր վարչությունում, իսկ հաջորդ տարի՝ նաև ամբողջ աշխարհի ժողովներում։ Վստահ լինելով, որ Աստծու ոգին իրենց վրա է, և որ Աստված իր խոսքը դրել է իրենց բերանում՝ նրանք վճռել էին քարոզել այդ խոսքը, նույնիսկ եթե հակառակորդները խլեին իրենցից «Դիտարանի» հրատարակությունները կամ Աստվածաշունչը (Ես. 59։21)։ Մի քանի երկրներում, ինչպես, օրինակ, Նիգերիայում, Վկաները քարոզելիս օգտագործում էին միայն Աստվածաշունչը, քանի որ կառավարությունը արգելքի տակ էր դրել «Դիտարանի» հրատարակությունները և բռնագրավել էր շատ եղբայրների անձնական գրականությունը։
1942-ի փետրվարի 16-ին եղբայր Նորը սկիզբ դրեց աստվածապետական ծառայության այդ խորացված դասընթացին Բրուքլինի Բեթելում (Նյու Յորք)։ Դասընթացի ժամանակ սովորում էին տարբեր բաներ, ինչպես, օրինակ, փնտրտուքներ անել, հստակ ու ճիշտ արտահայտվել, ելույթի պլան կազմել, արդյունավետ ելույթներ ներկայացնել, համոզվածությամբ խոսել և նրբանկատ լինել։ Դասընթացին կարող էին ներկա լինել և՛ եղբայրները, և՛ քույրերը, բայց միայն եղբայրներն էին մասնակցում և ներկայացնում ուսումնական ելույթներ, որոնց վերաբերյալ խորհուրդներ էին ստանում։ Արդյունքները շուտով ակնհայտ եղան ոչ միայն բեմից ներկայացվող ելույթներում, այլև տնից տուն ծառայության մեջ։
Հաջորդ տարի դասընթացը սկսեց անցկացվել Եհովայի վկաների ժողովներում աշխարհի տարբեր մասերում։ Սկզբում այն անցկացվում էր անգլերենով, իսկ հետո նաև այլ լեզուներով։ Դպրոցի նպատակն էր օգնել յուրաքանչյուր Վկայի, որ կարողանա ուսուցանել մարդկանց տնից տուն քարոզելիս, վերայցելություններ կատարելիս և Աստվածաշնչի ուսումնասիրություն անցկացնելիս։ Դասընթացը օգնելու էր յուրաքանչյուր Վկայի դառնալ հմուտ ծառայող (2 Տիմոթ. 2։2)։ 1959-ին քույրերին նույնպես հնարավորություն տրվեց մասնակցելու այդ դպրոցին և ներկայացնելու քարոզչական ծառայության տարբեր իրադրություններ։ Նրանք իրենց խոսքը ուղղում էին ոչ թե լսարանին, այլ նշանակված օգնականին, որը պետք է տաներ բնակչի դերը։ Բայց դա դեռ ամենը չէր։
1926-ից սկսած՝ Ընկերության շրջագայող ներկայացուցիչները համագործակցում էին առանձին Վկաների հետ քարոզչական ծառայության ժամանակ, որպեսզի օգնեին նրանց բարելավել իրենց ունակությունները։ Սակայն 1953-ին Նյու Յորքում տեղի ունեցած մի միջազգային համաժողովի ժամանակ, երբ շրջանային և մարզային վերակացուները նստած էին բեմի առաջ, եղբայր Նորը հայտարարեց, որ բոլոր ծառայողների, կամ՝ վերակացուների գլխավոր գործը պետք է լինի օգնել յուրաքանչյուր Վկայի կանոնավորաբար մասնակցել տնից տուն ծառայությանը։ Նա ասաց. «Յուրաքանչյուրը պետք է կարողանա բարի լուրը քարոզել տնից տուն»։ Այդ նպատակին հասնելու համար ձեռնարկվեց համաշխարհային մի միջոցառում։
Ինչո՞ւ էր այս հարցին այդքան շատ ուշադրություն դարձվում։ Քննենք Միացյալ Նահանգների օրինակը։ Այն ժամանակ Վկաների 28 տոկոսը միայն տեղեկատու թերթիկներ էր տարածում կամ կանգնում էր փողոցներում՝ պարբերագրերը ձեռքներին։ Իսկ քարոզիչների ավելի քան 40 տոկոսը քարոզչական ծառայությանը անկանոն էր մասնակցում և ամիսներով ընդհանրապես չէր քարոզում։ Ուստի կարիք կար, որ նրանց սիրառատ օգնություն ցույց տրվեր՝ անհատապես կրթելով։ Միջոցներ ձեռնարկվեցին, որպեսզի բոլոր Եհովայի վկաները, որոնք դեռևս չէին մասնակցում տնետուն ծառայությանը, սովորեին այցելել մարդկանց, զրուցել նրանց հետ Աստվածաշնչի հիման վրա և պատասխանել նրանց հարցերին։ Նրանք պետք է սովորեին պատրաստել Աստվածաշնչի վրա հիմնված քարոզներ՝ զբաղված մարդկանց համար 3-րոպեանոց, մյուսների համար 8-րոպեանոց։ Այդ միջոցառման նպատակն էր օգնել յուրաքանչյուր Վկայի դառնալու հասուն քրիստոնյա քարոզիչ։
Միայն շրջագայող վերակացուները չէ, որ այդպիսի մարզում էին տալիս։ Տեղի ծառայողները, կամ՝ վերակացուները նույնպես կրթում էին։ Հաջորդ տարիներին քարոզիչներին այդ հարցում օգնելու համար նշանակվում էին նաև այլ հմուտ Վկաներ։ Տարիներ շարունակ ժողովում շաբաթական Ծառայողական հանդիպման ժամանակ ներկայացվել են ցուցադրումներ այն մասին, թե ինչպես կատարել քարոզչական գործը։ Բայց այժմ նաև հատուկ շեշտ էր դրվում անհատական կրթության վրա։
Դա հիանալի արդյունքներ բերեց։ Ավելացավ տնետուն ծառայության մասնակցողների, ինչպես նաև կանոնավորաբար ծառայողների թիվը։ Մեկ տասնամյակում Վկաների թիվը ամբողջ աշխարհում աճեց 100 տոկոսով։ Նաև 126 տոկոսով ավելացավ վերայցելությունների թիվը, որոնց ժամանակ Վկաները պատասխանում էին հետաքրքրվող մարդկանց հարցերին, և 150 տոկոսով ավելացավ Աստվածաշնչի տնային ուսումնասիրությունների թիվը, որոնք անցկացվում էին ճշմարտությանը ծարավ մարդկանց հետ։ Վկաները փաստեցին, որ իսկապես հմուտ քարոզիչներ են։
Քանի որ քարոզչական գործը կատարվում էր տարբեր կրթություն ունեցող և տարբեր մշակույթների պատկանող մարդկանց կողմից, որոնք փոքր խմբերով սփռված էին աշխարհի տարբեր անկյուններում, զարմանալի չէ, որ Վկաները համոզված ասում են, որ այդ գործը արվում է ոչ թե որևէ մարդու շնորհիվ, այլ Եհովա Աստծու, որն այդպիսի հրաշալի կրթություն է տալիս բարի լուրը հռչակելու համար (Հովհ. 14։15–17)։
Տնից տուն ծառայությունը բնորոշող նշան
Տարբեր ժամանակներում այլ կրոնական խմբեր նույնպես քաջալերել են իրենց անդամներին այցելել շրջապատի մարդկանց և խոսել կրոնի մասին։ Որոշ մարդիկ փորձել են անել դա։ Ոմանք նույնիսկ ծառայում են որպես միսիոներ, բայց դա տևում է ընդամենը մեկ-երկու տարի։ Սակայն միայն Եհովայի վկաներն են, որ բոլորը՝ երիտասարդ թե ծեր, տղամարդ թե կին, տարեցտարի մասնակցում են տնից տուն ծառայությանը։ Միայն նրանք են, որ իսկապես ձգտում են Թագավորության բարի լուրը քարոզել ամբողջ երկրով մեկ՝ հնազանդվելով Մատթեոս 24։14-ում գրված մարգարեական պատվերին։
Չի կարելի է ասել, որ բոլոր Եհովայի վկաների համար այս գործը հեշտ էd։ Ընդհակառակը՝ նրանցից շատերը, երբ սկսել են Աստվածաշունչ ուսումնասիրել, ասել են. «Մի բան կա, որ ես երբեք չեմ անի. երբեք չեմ գնա տնից տուն»։ Սակայն դա մի գործ է, որին մասնակցում են գրեթե բոլոր Եհովայի վկաները, եթե ֆիզիկապես ի վիճակի են։ Շատերը, ովքեր ֆիզիկապես տկար են, նույնպես մասնակցում են ծառայությանը հաշմանդամի սայլակներով, ձեռնափայտերով և այլն։ Իսկ նրանք, ովքեր ընդհանրապես կամ ժամանակավորապես ի վիճակի չեն դուրս գալու տնից, վկայություն են տալիս հեռախոսով կամ նամակներով։ Վկաները հեռախոսով կամ նամակներով վկայություն են տալիս նաև այն մարդկանց, որոնց հնարավոր չէ անձամբ այցելել։ Ինչո՞ւ են նրանք այդքան շատ ջանք գործադրում։
Երբ մարդիկ սկսում են ճանաչել Եհովային, նրա նկատմամբ սերը փոխում է կյանքի հանդեպ նրանց ունեցած տեսակետը։ Նրանք մղվում են խոսելու Աստծու մասին։ Նրանք պարզապես չեն կարողանում չպատմել այն հիանալի բաների մասին, որ Եհովան պատրաստել է իրեն սիրող մարդկանց համար։ Բացի այդ, նրանք պատասխանատվություն են զգում Աստծու առաջ, որ մարդկանց զգուշացնեն գալիք մեծ նեղության մասին (Մատթ. 24։21; համեմատի՛ր Եզեկիել 3։17–19)։ Իսկ ինչո՞ւ է անհրաժեշտ այդ լուրը հաղորդել՝ գնալով տնից տուն։
Վկաները գիտեն, որ Հիսուսը սովորեցրել է իր աշակերտներին այցելել մարդկանց տները՝ քարոզելու և ուսուցանելու համար (Մատթ. 10։11–14)։ Նրանք հիշում են, որ այն բանից հետո, երբ մ.թ. 33-ի Պենտեկոստեին սուրբ ոգին թափվեց ներկաների վրա, առաքյալները շարունակում էին առանց դադարի հռչակել բարի լուրը Երուսաղեմի «տաճարում և տնից տուն» (Գործ. 5։42)։ Յուրաքանչյուր Վկա գիտի, որ, ինչպես գրված է Գործեր 20։20-ում, Պողոս առաքյալը սովորեցնում էր «թե՛ հրապարակորեն և թե՛ տնից տուն»։ Նրանք տեսնում են, թե ինչպես է Եհովան մեր օրերում առատապես օրհնում այդ գործը։ Եվ երբ նրանք տնից տուն ծառայելու փորձ են ձեռք բերում, այն գործը, որը նախկինում վախենում էին անել, այժմ հաճույքով են կատարում։
Վկաները քարոզչական գործը կատարում են հիմնովին։ Նրանք մանրամասն գրառումներ են անում, որպեսզի վերադառնան իրենց տարածք ու խոսեն այն մարդկանց հետ, ովքեր տանը չեն եղել։ Բացի այդ, ժամանակ առ ժամանակ նրանք այցելում են յուրաքանչյուր տուն։
Տեսնելով, թե որքան արդյունավետ է տնից տուն ծառայությունը՝ հակառակորդները շատ երկրներում փորձել են դադարեցնել այն։ Որպեսզի տնից տուն ծառայելու իրենց իրավունքը օրինականորեն ճանաչվի, Եհովայի վկաները դիմել են պետական մարմիններին։ Անհրաժեշտության դեպքում նրանք նաև դիմել են դատարան իրենց այդ իրավունքը օրենքով պաշտպանելու համար (Փիլիպ. 1։7)։ Իսկ այն վայրերում, որտեղ բռնապետական կառավարությունները շարունակել են արգելել այդ գործունեությունը, Եհովայի վկաները երբեմն պարզապես սկսել են կատարել այն ավելի աննկատ ձևով կամ եթե հարկ է եղել, օգտագործել են մարդկանց քարոզելու այլ միջոցներ։
Թեև Թագավորության բարի լուրը տարածելու համար օգտագործվել են ռադիոն և հեռուստատեսությունը, սակայն Եհովայի վկաները գիտակցում են, որ տնետուն ծառայության միջոցով մարդկանց հետ անհատապես զրուցելը ավելի արդյունավետ է։ Դա հնարավորություն է տալիս պատասխանելու մարդկանց հետաքրքրող հարցերին և գտնելու արժանիներին (Մատթ. 10։11)։ Դա էր պատճառներից մեկը, որ 1957-ին «Դիտարան ընկերությունը» վաճառեց Նյու Յորքի WBBR ռադիոկայանը։
Սակայն Եհովայի վկաները չեն մտածում, որ մարդկանց անհատապես վկայություն տալով՝ ավարտել են իրենց գործը։ Դա միայն սկիզբն է։
«Աշակերտներ պատրաստեք.... սովորեցնելով նրանց»
Հիսուսը իր հետևորդներին չի պատվիրել միայն քարոզել։ Ընդօրինակելով նրան՝ նրանք պետք է նաև սովորեցնեն (Մատթ. 11։1)։ Նախքան երկինք համբարձվելը Հիսուսը նրանց պատվիրեց. «Ուրեմն գնացեք և բոլոր ազգերի մեջ աշակերտներ պատրաստեք.... սովորեցնելով նրանց պահել այն ամենը, ինչ որ ձեզ պատվիրեցի» (Մատթ. 28։19, 20)։ Սովորեցնելը (հունարեն՝ դիդասկո) քարոզելուց տարբերվում է նրանով, որ ուսուցիչը միայն չի քարոզում, այլ նաև կրթում է, բացատրում և փաստարկներ է բերում։
Դեռևս 1881-ին «Դիտարանի» ապրիլի թողարկման մեջ մի քանի կարճ խորհուրդներ էին տրվում սովորեցնելու վերաբերյալ։ Վաղ շրջանի գրքեր տարածողներից ոմանք ջանքեր էին գործադրում վերայցելելու հետաքրքրություն ցույց տված մարդկանց, որպեսզի խրախուսեն նրանց ընթերցելու Ընկերության գրքերը և հանդիպելու մյուս հետաքրքրվող անհատների հետ՝ Աստծու Խոսքը կանոնավորաբար ուսումնասիրելու համար։ Այդ նպատակով հաճախ օգտագործվում էր «Աստծու քնարը» գիրքը (լույս է տեսել 1921-ին)։ Սակայն հետագայում սկսեցին ավելի շատ ուշադրություն ցույց տալ հետաքրքրվող անհատների հանդեպ։ Դրա համար հաճախ օգտագործում էին աստվածաշնչյան ելույթների ձայնագրություններ և ուսումնասիրության ձեռնարկներ։ Ինչպե՞ս էր դա տեղի ունենում։
1933-ից սկսած՝ Ընկերությունը, ռադիոհեռարձակումներից բացի, միջոցներ ձեռնարկեց, որ ձայնի վերարտադրման շարժական սարքերի միջոցով ձայնագրություններ հնչեն դահլիճներում, այգիներում, գործարանների բակերում և այլ վայրերում։ Շուտով Վկաները տնից տուն ծառայության ժամանակ հետաքրքրվող անհատների հանդիպելիս սկսեցին նրանց հետ պայմանավորվել, որ կրկին գան և նրանց համար հնչեցնեն ձայնագրություններ։ Երբ 1936-ին լույս տեսավ «Հարստություն» վերնագրով գիրքը, հետաքրքրվողների համար ձայնագրությունը հնչեցնելուց հետո սկսեցին քննարկումներ անցկացնել այդ գրքի օգնությամբ։ Դրանց նպատակն էր հիմնել ուսումնասիրության խմբակներ, որոնց կարող էին ներկա լինել այդ տարածքի հետաքրքրվող անհատները։ Դա արվում էր հատկապես այն բանի համար, որ «մեծ բազմության» ապագա անդամները սովորեն ճշմարտությունը (Հայտն. 7։9)։
Գրեթե այդ նույն ժամանակ կաթոլիկ հիերարխիան սկսեց ավելի մեծ ճնշում բանեցնել ռադիոկայանների սեփականատերերի և տնօրենների, ինչպես նաև պետական մարմինների վրա՝ ջանալով դադարեցնել «Դիտարան ընկերության» ռադիոհեռարձակումները։ Կազմվեց մի խնդրագիր, որով 2630000 հոգի, որ ստորագրել էին այն, խնդրում էին, որ հրապարակային մի բանավեճ տեղի ունենա եղբայր Ռադերֆորդի և Հռոմի կաթոլիկ եկեղեցու մի բարձրաստիճան հոգևորականի միջև։ Կաթոլիկ հոգևորականներից ոչ մեկը չընդունեց այդ առաջարկը։ Ուստի 1937-ին եղբայր Ռադերֆորդը ձայնագրեց երկու ելույթ, որոնք կոչվում էին՝ «Բացահայտված» ու «Կրոնը և քրիստոնեությունը»։ Դրանցում ներկայացվում էին աստվածաշնչյան հիմնական ուսմունքները և հերքվում էին կաթոլիկ եկեղեցու հակասուրբգրային հավատալիքները։ Այդ նյութերը տպագրվեցին նաև «Պաշտպանություն» և «Քողազերծված» վերնագրերով գրքույկներում, և «Քողազերծված» վերնագրով գրքույկի մեկական օրինակ ուղարկվեց խնդրագիրը ստորագրած մարդկանց, որպեսզի նրանք անձամբ կարդային աստվածաշնչյան այն ճշմարտությունները, որ կաթոլիկ հիերարխիան փորձում էր թաքցնել։
Որպեսզի մարդիկ հստակորեն հասկանային այդ հարցերը և քննեին դրանց համար եղած սուրբգրային հիմքերը, տպագրվեց «Ինչպես անցկացնել ուսումնասիրություն» №1 գրքույկը, որն օգտագործվում էր հետաքրքրվող մարդկանց համար կազմակերպված հանդիպումների ժամանակ։ Գրքույկում տրված էին հարցեր, պատասխաններ և սուրբգրային համարներ, որոնք թիկունքն էին կանգնում այդ պատասխաններին։ Նախևառաջ անցկացնողը հնչեցնում էր վերոհիշյալ ելույթների մեկ կամ մի քանի ձայնագրություններ, որպեսզի ներկաները ընդհանուր պատկերացում կազմեին թեմայի մասին։ Ապա սկսվում էր քննարկումը, որի ժամանակ օգտագործվում էր «Ինչպես անցկացնել ուսումնասիրություն» գրքույկում եղած նյութը, և քննարկվում էին սուրբգրային համարները։ «Ինչպես անցկացնել ուսումնասիրություն» No. 1 գրքույկը լույս տեսնելուց հետո թողարկվեցին նաև No. 2 և No. 3 գրքույկները և դրանց համապատասխան ելույթների ձայնագրություններ։ Այդ ուսումնասիրությունները սկզբում անցկացվում էին այնպիսի վայրերում, որտեղ կարող էին հավաքվել մի խումբ հետաքրքրվողներ, բայց շուտով դրանք սկսեցին անցկացվել առանձին անհատների և ընտանիքների հետ։
Այդ ժամանակվանից ի վեր հիանալի շատ գրքեր են լույս տեսել, որոնք նախատեսված են եղել հատկապես Աստվածաշնչի ուսումնասիրություններ անցկացնելու համար։ Մեծ տպաքանակով լույս են տեսել հետևյալ գրքերը՝ «Թող Աստված ճշմարիտ լինի», «Ճշմարտություն, որ հավիտենական կյանքի է առաջնորդում» և «Դուք կարող եք հավիտյան ապրել երկրային Դրախտում»։ Լույս են տեսել նաև 32-էջանոց գրքույկներ՝ «Թագավորության այս բարի լուրը», «Աստծու ուղին սեր է», «Ահա ամեն բան նոր եմ անում» և շատ ուրիշներ։ Այնուհետև լույս են տեսել այլ գրքույկներ, ինչպիսին է, օրինակ, «Հավիտյան վայելիր կյանքը երկրի վրա» գրքույկը, որում շատ պարզ ու հասկանալի ձևով ներկայացված են Աստվածաշնչի հիմնական ուսմունքները։
Այսպիսի ձեռնարկների, ժողովում տրվող խորացված կրթության, ինչպես նաև անհատական մարզման շնորհիվ զգալիորեն ավելացել է Աստվածաշնչի տնային ուսումնասիրությունների թիվը։ 1950-ին անցկացվում էին միջին հաշվով 234952 Աստվածաշնչի տնային ուսումնասիրություններ, հիմնականում շաբաթը մեկ անգամ։ Եթե անհատը չէր առաջադիմում, ապա ուսումնասիրությունը դադարեցվում էր։ Սակայն շատերը հոգևորապես առաջադիմում էին, և իրենք էին դառնում ուսուցիչներ։ Չնայած որ ժամանակի ընթացքում նոր ուսումնասիրություններ էին սկսվում, իսկ որոշ ուսումնասիրություններ դադարեցվում էին, դրանց թիվը շարունակում էր արագորեն աճել։ 1992-ին Վկաները ամբողջ աշխարհում անցկացնում էին 4278127 Աստվածաշնչի տնային ուսումնասիրություն։
Աշխարհի բազմաթիվ լեզուներով քարոզելու և ուսուցանելու այս հսկայական գործը կատարելու համար Եհովայի վկաները լայնորեն օգտագործել են տպագիր նյութեր։ Դա անելու համար հարկ է եղել իրականացնել մեծ մասշտաբների հասնող հրատարակչական գործունեություն։
[ծանոթագրություններ]
a Այս հովվական աշխատանքը առաջին անգամ կազմակերպվել է 1915–1916թթ.-ին մոտ 500 ժողովներում, որոնք եղբայր Ռասելին ընտրել էին որպես իրենց հոգևոր հովիվ։ Եղբայր Ռասելը նրանց նամակով մանրամասնորեն ներկայացրել էր այդ աշխատանքը, որը սկզբում կատարում էին միայն քույրերը։ Հաջորդ տարի եղբայրները նույնպես ընդգրկվեցին այդ գործի մեջ։ Այս հովվական աշխատանքը, որն իրականացվում էր հատուկ ընտրված խմբի կողմից, շարունակվեց կատարվել մինչև 1921 թվականը։
b Այդ արտահայտությունը հիմնված էր այն հասկացողության վրա, որ «կրոն» բառը վերաբերում է երկրպագության այն բոլոր ձևերին, որոնց հիմքում ընկած են մարդկային ավանդույթները և ոչ թե Աստծու Խոսքը՝ Աստվածաշունչը։ Սակայն 1950-ին, երբ լույս տեսավ «Քրիստոնեական Հունարեն Գրությունների նոր աշխարհ թարգմանությունը», Գործեր 26։5, Կողոսացիներ 2։18 և Հակոբոս 1։26, 27 համարների ծանոթագրություններում նշվեց, որ «կրոն» բառը կարող է կիրառվել և՛ ճշմարիտ, և՛ կեղծ երկրպագության առնչությամբ։ Հետագայում դա պարզաբանվեց նաև «Դիտարանի» 1951-ի մարտի 15-ի թողարկման մեջ (էջ 191) և «Ի՞նչ է արել կրոնը մարդկության համար» գրքում (էջ 8–10)։
c Դրանից մեկ տարի առաջ Կալիֆորնիայում (ԱՄՆ) փորձել են պարբերագրերով վկայություն տալ փողոցներում։ Նույնիսկ 1926-ին Աստվածաշունչ ուսումնասիրողները փողոցում տարածել են գրքույկներ, որոնք կարևոր տեղեկություններ էին պարունակում։ Իսկ ավելի շուտ՝ 1881-ին, նրանք գրականություն են բաժանել եկեղեցիների մոտ կիրակի օրերին։
d «Դիտարան», 1981, մայիսի 15, էջ 12–16։
[մեջբերում 556-րդ էջի վրա]
Հիսուսը ամենուրեք մարդկանց պատմում էր մարդկության առնչությամբ Աստծու նպատակների մասին
[շրջանակ 559-րդ էջի վրա]
Տերն առատապես օրհնում է տնետուն ծառայությունը
«Ինչպես որ Քրիստոսի առաջին գալստյան ժամանակներում էր, այնպես էլ այժմ Տերն առատապես օրհնում է ոչ թե բեմից ներկայացվող քարոզները, այլ տնից տուն ծառայությունը» («Դիտարան», 1892, հուլիսի 15)։
[շրջանակ 570-րդ էջի վրա]
Ինչու են կրկին ու կրկին այցելում մարդկանց
Բացատրելով, թե ինչու են Եհովայի վկաները կրկին ու կրկին այցելում յուրաքանչյուր տուն՝ «Դիտարանի» 1962-ի հուլիսի 1-ի համարում ասվում էր. «Հանգամանքները փոխվում են։ Այսօր գուցե անհատը տանը չլինի, բայց հաջորդ անգամ տանը լինի։ Այսօր նա գուցե շատ զբաղված լինի լսելու համար, բայց հաջորդ անգամ թերևս զբաղված չլինի։ Այսօր ընտանիքի անդամներից մեկն է բաց անում դուռը, հաջորդ անգամ՝ մեկ ուրիշը։ Վկաները ոչ միայն ձգտում են այցելել իրենց տարածքների բոլոր տները, այլև հնարավորության դեպքում փորձում են զրուցել ընտանիքի բոլոր չափահաս անդամների հետ։ Հաճախ ընտանիքի անդամները տարբեր կրոն են դավանում, ուստի միշտ չէ, որ մեկը կարող է խոսել բոլորի անունից։ Բացի այդ, մարդիկ հաճախ տեղափոխվում են, և Վկաները չեն կարող վստահ ասել, թե հաջորդ անգամ ում կհանդիպեն այդ տանը։
Ոչ միայն հանգամանքներն են փոխվում, այլ հաճախ հենց մարդիկ են փոխվում.... Հնարավոր է անհատը ինչ-որ պատճառով անտրամադիր լինի և ընդհանրապես չցանկանա զրուցել կրոնի կամ որևէ այլ հարցի շուրջ՝ անկախ նրանից, թե ով է թակել իր դուռը։ Մինչդեռ ճիշտ չի լինի եզրակացնել, որ հաջորդ անգամ նա նույն ձևով տրամադրված կլինի։ Կամ եթե անցած ամիս անհատին բոլորովին չի հետաքրքրել կրոնի թեման, դա դեռ չի նշանակում, որ այս ամիս նա նույնպես չի ցանկանա զրուցել այդ թեմայով։ Հնարավոր է, որ վերջին անգամ Վկաների հետ զրուցելուց հետո նա ինչ-որ պատճառով խիստ ընկճվել է, կամ գուցե ինչ-որ պատճառով նրա հպարտությունը փոխվել է խոնարհության, իսկ ինքնագոհությունը՝ հոգևոր ծարավի։
Բացի այդ, Վկաների հայտնած լուրը ոմանց համար գուցե տարօրինակ լինի, և նրանք չգիտակցեն դրա կարևորությունը։ Ուստի միայն կրկին ու կրկին բարի լուրը լսելով՝ մարդիկ կկարողանան աստիճանաբար ըմբռնել այն»։
[շրջանակ/նկար 574-րդ էջի վրա]
«Ամեն հնարավոր միջոց»
«Մենք՝ Տիրոջ կազմակերպության անդամներս, փորձել ենք օգտագործել ամեն հնարավոր միջոց՝ [աշխարհի] ուշադրությունը կենսաբեր լուրի վրա հրավիրելու համար։ Մենք օգտագործել ենք կոչեր, ամբողջական էջ զբաղեցնող հայտարարություններ, ռադիոն, ձայնափողով ավտոմեքենաներ, շարժական ֆոնոգրաֆներ, կազմակերպել ենք հսկայական համաժողովներ, ազդագրերով ինֆորմացիոն երթեր, նաև քարոզիչների գնալով աճող բանակը վկայություն է տվել տնից տուն։ Այս գործունեության շնորհիվ զատորոշվել են մարդկանց երկու խմբեր՝ նրանք, ովքեր կողմ են Աստծու հաստատած Թագավորությանը, և նրանք, ովքեր դեմ են դրան։ Հիսուսը մարգարեացել էր, որ այս գործը կատարվելու է իմ սերնդի օրերում» (այս խոսքերը գրել է Մելվին Սարջենտը 1987-ին 91 տարեկանում)։
[նկար]
Մելվին Սարջենտ
[գծապատկեր 574-րդ էջի վրա]
(Ամբողջական պատկերի համար տե՛ս հրատարակությունը)
Ուսումնասիրությունների թվի աճը
4000000
3000000
2000000
1000000
1950 1960 1970 1980 1992
[նկարներ 557-րդ էջի վրա]
Տասնյակ միլիոնավոր այսպիսի թերթիկներ անվճար տարածվեցին եկեղեցիների մոտակայքում ու տներում և ուղարկվեցին փոստով
[նկարներ 558-րդ էջի վրա]
Գրքեր տարածողները բաժանում էին Աստվածաշունչը մեկնաբանող գրքեր
[նկար 559-րդ էջի վրա]
Աննա Անդերսենը գրականություն է տարածել Նորվեգիայի գրեթե յուրաքանչյուր քաղաքում
[նկարներ 560-րդ էջի վրա]
Թերթերում տրվող հայտարարությունների շնորհիվ վկայություն էր տրվում այն մարդկանց, որոնց հնարավոր չէր այլ միջոցներով քարոզել
[նկարներ 561-րդ էջի վրա]
Եղբայր Ռասելի քարոզները միաժամանակ տպագրվում էին չորս մայրցամաքների ավելի քան 2000 թերթերում
[նկարներ 562-րդ էջի վրա]
«Արարչության լուսադրամայի» միջոցով հզոր վկայություն տրվեց տարբեր երկրներում ապրող միլիոնավոր մարդկանց
[նկար 563-րդ էջի վրա]
Ջ. Ֆ. Ռադերֆորդը ռադիոյի միջոցով վկայություն տվեց ամբողջ աշխարհում ապրող միլիոնավոր մարդկանց
[նկար 564-րդ էջի վրա]
Քարոզիչները պատրաստվում են հեծանիվներով գնալ խմբակային վկայություն տալու (Անգլիա)
[նկար 565-րդ էջի վրա]
1933-ից օգտագործվում էին վկայության տպագիր քարտեր
[նկար 566-րդ էջի վրա]
Աստվածաշնչյան ելույթների ձայնագրությունների միջոցով հզոր վկայություն տրվեց 1930-ականներին և 1940-ականներին
[նկար 567-րդ էջի վրա]
Ձայնափողով ավտոմեքենաների միջոցով ճշմարտությունը հնչում էր հասարակական վայրերում։ Երբեմն ավտոմեքենաները շատ էին լինում (նկարում՝ Ավստրալիա)
[նկար 568-րդ էջի վրա]
Լուսավորված ազդագրերը, տեղադրված Վկաների տների պատուհաններին, քսանչորս ժամ շարունակ վկայություն էին տալիս
[նկար 568-րդ էջի վրա]
Ազդագրերի միջոցով համարձակ վկայություն էր տրվում (նկարում՝ Շոտլանդիա)
[նկար 569-րդ էջի վրա]
1940-ին սկսեցին փողոցում տարածել «Դիտարան» և «Մխիթարություն» պարբերագրերը (նկարում՝ ԱՄՆ)
[նկար 569-րդ էջի վրա]
1943-ից սկսած՝ եղբայրներին սովորեցնում էին ելույթ ունենալ հանրության առջև
[նկարներ 571-րդ էջի վրա]
Հետաքրքրվող մարդկանց հետ անցկացվում են Աստվածաշնչի ուսումնասիրություններ։ Դրա համար նախատեսված ձեռնարկները, որոնք սկզբում թողարկվել են անգլերենով, իսկ հետո այլ լեզուներով (ներքևում)
[նկարներ 572-րդ, 573-րդ էջերի վրա]
Վկաները՝ երիտասարդ թե ծեր, տղամարդ թե կին, ամբողջ աշխարհում մասնակցում են տնից տուն ծառայությանը
Ռումինիա
Բոլիվիա
Զիմբաբվե
Հոնկոնգ
Բելգիա
Ուրուգվայ
Ֆիջի