Գլուխ 22
Մաս 2. Վկաներ կլինեն մինչեվ աշխարհի ծայրերը
Թագավորության հռչակման գործը 1914-ից մինչև 1935-ը նկարագրվում է 423–443-րդ էջերում։ Եհովայի վկաներն քարոզում են, որ 1914թ.-ին Հիսուսը Քրիստոսը գահակալվել է որպես երկնային Թագավոր՝ իշխանություն ստանալով բոլոր ազգերի վրա։ Երկրի վրա եղած ժամանակ Հիսուսը նախապես ասել էր, որ թագավորական իշխանությամբ իր ներկայության նշաններից մեկը լինելու էր այն, որ Թագավորության բարի լուրը քարոզվելու էր ողջ աշխարհում՝ չնայած ուժգին հակառակությանը։ Ի՞նչ տեղի ունեցավ 1914թ.-ից հետո։
1914 ԹՎԱԿԱՆԻՆ Եվրոպան արագորեն ներքաշվեց Առաջին համաշխարհային պատերազմի մեջ։ Այնուհետև պատերազմը կլանեց ավելի շատ երկրներ՝ ներգրավելով աշխարհի բնակչության գրեթե 90 տոկոսը։ Պատերազմի հետ կապված իրադարձությունները ի՞նչ ազդեցություն ունեցան Եհովայի ծառաների քարոզչության վրա։
Առաջին համաշխարհային պատերազմի մութ տարիները
Պատերազմի սկզբնական տարիներին, Գերմանիայից և Ֆրանսիայից բացի, մյուս երկրներում քարոզչական գործի համար լուրջ խոչընդոտներ չկային։ Շատ վայրերում ազատորեն տարածվում էին թերթիկներ, և շարունակում էր ցուցադրվել «Լուսադրաման», թեև ավելի փոքր մասշտաբով, քան 1914-ին։ Երբ պատերազմը սաստկացավ, Բրիտանական Վեստ Ինդիայի հոգևորականները լուրեր տարածեցին, թե «Դիտարան ընկերության» ներկայացուցիչ Է. Ջ. Քովարդը գերմանական լրտես է, ուստի նրան կարգադրեցին հեռանալ երկրից։ Երբ 1917-ին սկսեց տարածվել «Գաղտնիքը բացահայտված է» գիրքը, հակառակությունը համատարած բնույթ կրեց։
Շատերն էին ցանկանում ձեռք բերել այդ գիրքը։ Ուստի ընդամենը մի քանի ամսից Ընկերությունը 10 անգամ մեծացրեց տպագրության սկզբնական պատվերը։ Բայց քրիստոնեական աշխարհի հոգևորականները ցասման մեջ էին, քանի որ մերկացվում էին նրանց կեղծ ուսմունքները։ Օգտվելով պատերազմական հիստերիայից՝ նրանք Աստվածաշունչ ուսումնասիրողների դեմ մեղադրանքներ ներկայացրին կառավարությանը։ Միացյալ Նահանգների տարբեր վայրերում նրանք, ովքեր տարածում էին Աստվածաշունչ ուսումնասիրողների գրականությունը, հարձակման էին ենթարկվում ամբոխների կողմից, նրանց վրա ձյութ էին լցնում և փետուրներ շաղ տալիս։ Կանադայում խուզարկում էին տները, և նրանց, ում տանը գտնում էին Աստվածաշնչի միջազգային ուսումնասիրողների միության որոշ արգելված հրատարակություններ, ենթարկում էին բարձր տուգանքի կամ ձերբակալում էին։ Սակայն ինչպես պատմում է Թոմաս Ջ. Սալիվանը, որն այն ժամանակ գտնվում էր Պորտ Արտուրում (Օնտարիո), երբ մի անգամ նրան ձերբակալեցին մեկ գիշերով, քաղաքի ոստիկանները արգելված գրականությունից վերցրին իրենց և իրենց ընկերների համար, ու այդպիսով տարածվեց գրականության ողջ պաշարը՝ մոտ 500–600 օրինակ։
Շուտով հարձակման թիրախ դարձավ նաև «Դիտարան ընկերության» գլխավոր վարչությունը, և վարչության անդամները դատապարտվեցին երկարաժամկետ բանտարկության։ Հակառակորդներին թվում էր, թե Աստվածաշունչ ուսումնասիրողների գործունեությանը կործանարար հարված է հասցվել։ Լայնածավալ վկայության գործը, որը գրավում էր հանրության ուշադրությունը, գրեթե դադարել էր։
Այնուամենայնիվ, Աստվածաշունչ ուսումնասիրողները նույնիսկ բանտարկված ժամանակ առիթներ էին փնտրում բանտարկյալներին պատմելու Աստծու նպատակների մասին։ Երբ Ընկերության ղեկավարներին և նրանց ընկերակիցներին բերեցին Ատլանտայի (Ջորջիա) բանտ, սկզբնական շրջանում նրանց արգելում էին քարոզել։ Բայց նրանք միասին աստվածաշնչյան քննարկումներ էին անցկացնում և իրենց վարքով ու ապրելակերպով շահում էին մյուսների համակրանքը։ Մի քանի ամիս անց բանտապետի տեղակալը նրանց հանձնարարեց կրոնական դասեր տալ մյուս բանտարկյալներին։ Այդ հանդիպումներին ներկա եղողների թիվը գնալով ավելացավ և ի վերջո հասավ 90-ի։
Այլ հավատարիմ քրիստոնյաներ նույնպես վկայություն տալու միջոցներ էին փնտրում պատերազմի տարիներին։ Արդյունքում Թագավորության լուրը սկսեց քարոզվել այն երկրներում, որտեղ մինչ այդ վկայություն չէր տրվել։ 1915-ին Նյու Յորքից մի կոլումբիացի Աստվածաշունչ ուսումնասիրող Բոգոտայում (Կոլումբիա) ապրող մի մարդու փոստով ուղարկեց «Դարերի աստվածային ծրագիրը» գիրքը իսպաներեն լեզվով։ Մոտ վեց ամսից նա պատասխան ստացավ Ռամոն Սալգար անունով մի մարդուց։ Վերջինս ուշադրությամբ ուսումնասիրել էր գիրքը, հիացել էր դրանով և խնդրում էր 200 օրինակ ևս ուրիշներին բաժանելու համար։ Նաև Բրուքլինից (Նյու Յորք) եղբայր Ջ. Լ. Մեյերը «Աստվածաշունչ ուսումնասիրողների ամսագիր» վերնագրով թերթիկի իսպաներեն լեզվով բազմաթիվ օրինակներ փոստով ուղարկեց տարբեր վայրեր, մեծամասամբ Իսպանիա։ Մոտավորապես այդ նույն ժամանակ Բարբադոսում ապրող Ալֆրեդ Ջոզեֆը, որը նոր էր իմացել աստվածաշնչյան ճշմարտությունը, աշխատանքի ընդունվեց Սիերա Լեոնեում (Արևմտյան Աֆրիկա)։ Այնտեղ նա ամեն առիթ օգտագործում էր աստվածաշնչյան ճշմարտությունները մարդկանց պատմելու համար։
Ծառայության ժամանակ դժվարությունների էին հանդիպում հատկապես գրքեր տարածողները, որոնք գնում էին տնից տուն և քարոզում էին գործարար տարածքներում։ Բայց նրանցից մի քանիսը, ովքեր գնացել էին Սալվադոր, Հոնդուրաս և Գվատեմալա, 1916-ին ակտիվորեն քարոզում էին այդ վայրերում՝ մարդկանց պատմելով կենսատու ճշմարտությունները։ Այդ ժամանակահատվածում Մեծ Բրիտանիայից մի գրքեր տարածող՝ Ֆանի Մակենզին, երկու անգամ ճամփորդեց Արևելքի երկրներ՝ Չինաստան, Ճապոնիա և Կորեա՝ աստվածաշնչյան գրականություն բաժանելով տարբեր մարդկանց։ Իսկ հետո նրանց հետաքրքրությունը զարգացրեց՝ նամակներ գրելով։
Այնուամենայնիվ, եղած տվյալների համաձայն՝ 1918թ.-ին ամբողջ աշխարհում բարի լուրի քարոզչությանը մասնակցել էր 20 տոկոսով ավելի քիչ Աստվածաշունչ ուսումնասիրող, քան 1914թ.-ին։ Արդյոք նրանք կշարունակեի՞ն իրենց ծառայությունը պատերազմական տարիներին ծանր փորձություններ կրելուց հետո։
Նոր կյանք են ստանում
1919թ. մարտի 26-ին եղբայր Ռադերֆորդը՝ «Դիտարան ընկերության» նախագահը, և նրա ընկերակիցները, որոնք անարդարացիորեն բանտարկվել էին, ազատ արձակվեցին։ Նրանք սկսեցին արագորեն ծրագրեր կազմել ամբողջ աշխարհում Թագավորության բարի լուրի քարոզչության գործն ընդլայնելու համար։
Նույն տարվա սեպտեմբերին Սիդար Փոյնթի (Օհայո) ընդհանուր համաժողովի ժամանակ եղբայր Ռադերֆորդը ներկայացրեց մի ելույթ, որում ընդգծեց, թե Եհովայի ծառաների համար որքան կարևոր է հռչակել գալիք փառահեղ Մեսիական Թագավորության մասին։
Սակայն քարոզչական գործին մասնակցողներն այն ժամանակ քիչ էին։ Ոմանք, որ 1918-ին վախի պատճառով դադարել էին քարոզելուց, կրկին սկսեցին ակտիվորեն վկայություն տալ, և նրանց միացան նաև նորերը։ Եղած տվյալների համաձայն՝ 1919-ին 43 երկրներում ընդամենը 5700 հոգի էր ակտիվորեն մասնակցում այդ գործին։ Բայց Հիսուսը նախապես ասել էր. «Թագավորության այս բարի լուրը կքարոզվի ամբողջ երկրով մեկ՝ բոլոր ազգերին վկայություն լինելու համար» (Մատթ. 24։14)։ Ինչպե՞ս էր դա իրականանալու։ Աստվածաշունչ ուսումնասիրողները չգիտեին։ Նրանք նաև չգիտեին, թե որքան երկար դեռ պետք է շարունակվեր այդ գործը։ Բայց Աստծու հավատարիմ ծառաները պատրաստ էին և ցանկանում էին շարունակել քարոզչությունը։ Նրանք վստահ էին, որ Եհովան կառաջնորդի գործը՝ իր կամքին ներդաշնակ։
Իմանալով, թե ինչ է ասվում Աստծու Խոսքում քարոզչության մասին՝ նրանք եռանդով լցվեցին և գործի անցան։ Հաշվետվությունների համաձայն՝ երեք տարվա ընթացքում Աստծու Թագավորությունը հռչակողների թիվը եռապատկվեց, և 1922-ին բարի լուրը քարոզվում էր արդեն 15 երկրներում ևս։
Հետաքրքրություն առաջացնող թեմա
Աստվածաշունչ ուսումնասիրողները պատմում էին, որ միլիոնավոր մարդիկ հավիտյան ապրելու են երկրի վրա։ 1918-ին եղբայր Ռադերֆորդը ներկայացրեց մի ելույթ՝ «Այժմ ապրող միլիոնավորներ երբեք չեն մահանալու» վերնագրով։ 1920-ին լույս տեսավ նույն վերնագրով 128-էջանոց գրքույկ։ 1920-ից 1925 թվականներին այն տարածքներում, որտեղ հռետորներ կային, այդ թեման կրկին ու կրկին ներկայացվեց հանրային հանդիպումների ժամանակ ավելի քան 30 լեզուներով։ Հակառակ քրիստոնեական աշխարհի այն պնդմանը, թե բոլոր լավ մարդիկ գնալու են երկինք՝ այս թեմայում Աստվածաշնչի հիման վրա ցույց էր տրվում, որ հնազանդ մարդկությունը հույս ունի հավիտյան ապրելու երկրային դրախտում (Ես. 45։18; Հայտն. 21։1–5)։ Թեման նաև հավաստիացնում էր, որ այդ հույսը իրականանալու էր շատ շուտով։
Այդ ելույթների մասին հայտարարվում էր թերթերի և ազդագրերի միջոցով։ Թեման շատերի հետաքրքրությունը շարժեց։ 1922-ի փետրվարի 26-ին միայն Գերմանիայում այդ ելույթը լսեց ավելի քան 70000 մարդ 121 վայրերում։ Հաճախ ունկնդիրների թիվը հասնում էր հազարների։ Օրինակ՝ Քեյպթաունի (Հարավաֆրիկյան Միություն) օպերայի շենքում ելույթը լսելու եկավ 2000 հոգի։ Իսկ Նորվեգիայի մայրաքաղաքում համալսարանի դահլիճում ազատ տեղ չկար, և այնքան մարդ էր եկել, որ շատերին ստիպված հետ ուղարկեցին և նրանց համար ծրագիրը կրկնեցին մեկ ու կես ժամ հետո։ Դահլիճը դարձյալ լեփ-լեցուն էր։
Կլագենֆուրտում (Ավստրիա) Ռիխարդ Հայդեն իր հորն ասաց. «Ես պետք է լսեմ այդ ելույթը՝ անկախ նրանից, թե ինչ կասեն ուրիշները։ Ես ուզում եմ իմանալ՝ արդյոք դա պարզապես կեղծիք է, թե ճշմարտություն կա դրանում»։ Նա խորապես տպավորվեց իր լսածով և շուտով իր քրոջ և ծնողների հետ պատմում էր ուրիշներին այդ մասին։
Բայց բարի լուրը միայն նրանց համար չէր, ովքեր գալիս էին լսելու ելույթը։ Հարկավոր էր դրա մասին պատմել նաև ուրիշներին։ Եվ այն պետք է լսեին ոչ միայն ժողովուրդը առհասարակ, այլ նաև քաղաքական և կրոնական առաջնորդները։ Ինչպե՞ս էր հնարավոր անել դա։
Տարածում են զորեղ հռչակագրեր
Միլիոնավոր մարդկանց բարի լուրը քարոզելու համար Աստվածաշունչ ուսումնասիրողները օգտագործում էին տպագրված նյութեր։ 1922-ից մինչև 1928-ը արդյունավետ վկայություն տրվեց յոթ զորեղ հռչակագրերի՝ բանաձևերի միջոցով, որոնք ընդունվել էին Աստվածաշունչ ուսումնասիրողների տարեկան համաժողովների ժամանակ։ Ամեն տարի համաժողովից հետո ընդունված բանաձևը տպագրվում էր, և դրանց մեծ մասը տարածվում էր 45–50 միլիոն օրինակով։ Դա իսկապես մեծ հաջողություն էր Թագավորությունը հռչակողների այդքան փոքր խմբի համար։
1922-ին «Մարտահրավեր՝ աշխարհի կառավարիչներին» վերնագրով բանաձևը իսկապես մարտահրավեր նետեց կառավարիչներին, որ նրանք ապացուցեն իրենց պնդումը, թե կարող են հաստատել խաղաղություն, բարեկեցություն և երջանկություն։ Իսկ եթե չեն կարող, ապա պետք է ընդունեն, որ միայն Աստծու Թագավորությունը Մեսիայի գլխավորությամբ կարող է իրականացնել այդ ամենը։ Գերմանիայում այդ բանաձևը գրանցված նամակով ուղարկվեց աքսորված կայսրին, նախագահին և Գերմանիայի պառլամենտի բոլոր անդամներին, և մոտ չորս ու կես միլիոն օրինակ ուղարկվեց ժողովրդին։ Հարավաֆրիկյան Միությունում Էդվին Սկոտը՝ գրականությունով լի պայուսակը մեջքին և ձեռքին մի փայտ կատաղած շներից պաշտպանվելու համար, անցավ 64 քաղաքներով և բաժանեց բանաձևի 50000 օրինակ։ Դրանից հետո երբ հոլանդական եկեղեցու հոգևորականները այցելում էին իրենց եկեղեցու անդամների տները՝ գումար հավաքելու նպատակով, մարդիկ բանաձևը թափահարում էին նրանց երեսի առաջ և ասում. «Դուք պետք է կարդաք սա և այդ ժամանակ այլևս չեք գա մեզանից փող հավաքելու»։
1924թ. «Մեղադրանք՝ հոգևորականությանը» վերնագրով բանաձևը քողազերծում էր հոգևորականների հակասուրբգրային ուսմունքները և գործերը, բացահայտում էր նրանց մասնակցությունը համաշխարհային պատերազմին ու հորդորում էր մարդկանց ուսումնասիրել Աստվածաշունչը և անձամբ իմանալ, թե ինչ հիանալի միջոցներ է ձեռնարկել Աստված՝ մարդկանց օրհնություններ պարգևելու համար։ Իտալիայում այդ ժամանակ պահանջվում էր, որ տպագրված բոլոր նյութերի վրա գրվեր տպագրական ընկերության անվանումը, և այդ ընկերությունը պատասխանատվություն էր կրում նյութերի բովանդակության համար։ Այնտեղ քարոզչական գործը վերահսկող եղբայրները բանաձևի մեկ օրինակ ներկայացրին պետական իշխանություններին, որոնք այն ստուգեցին և թույլ տվեցին տպագրել ու տարածել։ Տպարանները նույնպես համաձայնեցին տպագրել բանաձևը։ Իտալիայի եղբայրները տարածեցին բանաձևի 100000 օրինակ։ Նրանք հոգ տարան, որ մեկական օրինակ ստանան Հռոմի պապը և Վատիկանի մյուս բարձրաստիճան հոգևորականները։
Ֆրանսիայում այդ բանաձևի տարածումը առաջ բերեց հոգևորականության ուժգին զայրույթը։ Պոմերանիայում (Գերմանիա) բարկացած մի հոգևորական դատի տվեց Ընկերությանը և նրա ղեկավարին։ Բայց բանաձևի ողջ բովանդակությունը լսելուց հետո դատավորը վճիռ կայացրեց հօգուտ Ընկերության։ Քվեբեկում (Կանադա) Աստվածաշունչ ուսումնասիրողները բանաձևերը թողնում էին մարդկանց տների մոտ՝ սկսած գիշերվա ժամը 3։00-ից։ Այդպիսով նրանք, ովքեր չէին ցանկանում, որ մարդիկ իմանային ճշմարտությունը, չէին կարող խանգարել։ Իսկապես զարմանալի ժամանակներ էին։
Երախտագիտություն գոհացուցիչ պատասխանների համար
Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին բազմաթիվ հայեր անողոքաբար զրկվեցին իրենց տներից և արտաքսվեցին իրենց ծննդավայրից։ Դրանից ընդամենը երկու տասնամյակ առաջ հարյուր հազարավոր հայեր կոտորվեցին, իսկ շատերը փախան՝ փրկելով իրենց կյանքը։ Այդ մարդկանցից մի քանիսը «Դիտարան ընկերության» հրատարակությունները կարդացել էին իրենց հայրենիքում։ Բայց մեծ մասը ճշմարտությունն իմացավ այն երկրներում, որտեղ նրանք հայտնվեցին որպես փախստականներ։
Բազմաթիվ դաժանություններ կրելուց հետո շատերին հուզում էին այնպիսի լուրջ հարցեր, ինչպիսիք են՝ ինչու է Աստված թույլատրում չարությունը, մինչև երբ է գոյություն ունենալու այն և երբ է վերջ գտնելու։ Ոմանք երախտագիտությամբ էին լցվում՝ իրենց հուզող հարցերին գոհացուցիչ պատասխաններ ստանալով Աստվածաշնչից։ Մերձավոր Արևելքի տարբեր քաղաքներում արագորեն կազմավորվեցին Աստվածաշունչ ուսումնասիրողների հայկական խմբեր։ Աստվածաշնչի ճշմարտության հանդեպ նրանց նախանձախնդրության շնորհիվ բազմաթիվ այլ մարդիկ նույնպես լսեցին բարի լուրը։ Եթովպիայում, Արգենտինայում և Միացյալ Նահանգներում ապրող այլ հայեր նույնպես լսեցին բարի լուրը և ուրախությամբ սկսեցին պատմել այն ուրիշներին։ Նրանցից էր, օրինակ, Քրիքոր Հացաքորցյանը, որը 1930-ականների կեսերին, ծառայելով որպես ռահվիրա, միայնակ տարածում էր Թագավորության լուրը Եթովպիայում։ Երբ հակառակորդները մի անգամ կեղծ մեղադրանքներ ներկայացրեցին նրա դեմ, նա նույնիսկ առիթ ունեցավ վկայություն տալու Հայլե Սելասիե կայսրին։
Անգին ճշմարտությունները տանում են իրենց հայրենիք
Աստվածաշնչյան ճշմարտությունների մասին մարդկանց պատմելու բուռն ցանկությունը շատերին մղեց վերադառնալ ծննդավայր։ Նրանց արձագանքը նման էր մ.թ. 33-ին Երուսաղեմում հավաքված մարդկանց արձագանքին, որոնք եկել էին տարբեր երկրներից և դարձել էին հավատացյալներ այն բանից հետո, երբ սուրբ ոգին մղել էր առաքյալներին և նրանց ընկերակիցներին տարբեր լեզուներով խոսելու «Աստծու մեծամեծ բաների մասին» (Գործ. 2։1–11)։ Առաջին դարի այս հավատացյալ մարդկանց նման՝ Աստվածաշունչ ուսումնասիրողները նույնպես ճշմարտությունը տարան իրենց հայրենիք։
Բազմաթիվ իտալացիներ, ովքեր ճշմարտությունն իմացել էին արտասահմանում, վերադարձան հայրենիք։ Նրանք տեղափոխվեցին Ամերիկայից, Բելգիայից և Ֆրանսիայից ու սկսեցին եռանդորեն հռչակել Թագավորության լուրը իրենց բնակավայրերում։ Նաև Շվեյցարիայի մի իտալախոս շրջանից՝ Տիչինոյից, գրքեր տարածողներ տեղափոխվեցին Իտալիա՝ քարոզելու նպատակով։ Թեև նրանք թվով քիչ էին, սակայն միասնական ջանքերով շուտով վկայություն տվեցին Իտալիայի գրեթե բոլոր խոշոր քաղաքներում և բազմաթիվ գյուղերում։ Նրանք իրենց ժամանակը չէին խնայում։ Համոզված լինելով, որ քարոզում էին այն ճշմարտությունները, որ Աստված ցանկանում է հայտնել մարդկանց՝ հաճախ ծառայում էին առավոտից մինչև երեկո՝ ձգտելով քարոզել հնարավորինս շատ մարդկանց։
Ալբանիայում, ինչպես նաև հեռավոր Ամերիկայում ապրող հույները, որոնք դարձել էին Աստվածաշունչ ուսումնասիրողներ, նույնպես մտածում էին իրենց հայրենիքում ապրող մարդկանց քարոզելու մասին։ Նրանք տպավորվել էին՝ իմանալով, որ սրբապատկերների երկրպագությունը հակասում է Աստվածաշնչին (Ելք 20։4, 5; 1 Հովհ. 5։21), որ մեղսագործները չեն այրվում դժոխքի կրակներում (Ժող. 9։5, 10; Եզեկ. 18։4; Հայտն. 21։8), և որ Աստծու Թագավորությունը մարդկության միակ իրական հույսն է (Դան. 2։44; Մատթ. 6։9, 10)։ Նրանք ցանկանում էին այդ ճշմարտությունների մասին պատմել իրենց հայրենակիցներին և դա անում էին անձամբ այցելելով նրանց կամ նամակով։ Արդյունքում՝ Եհովայի վկաների խմբեր ձևավորվեցին Հունաստանում և նրա կղզիներում։
Առաջին համաշխարհային պատերազմից հետո հազարավոր մարդիկ Լեհաստանից տեղափոխվեցին Ֆրանսիա՝ ածխահանքերում աշխատելու։ Ֆրանսիայի ժողովները չվարանեցին քարոզել նրանց միայն այն պատճառով, որ նրանք ուրիշ լեզվով էին խոսում և միջոցներ ձեռնարկեցին այդ հանքագործներին ու նրանց ընտանիքներին աստվածաշնչյան ճշմարտությունները պատմելու համար։ Շուտով դրականորեն արձագանքողները թվով գերազանցեցին Ֆրանսիայի Վկաներին։ 1935-ին Ֆրանսիայի կառավարությունը արտաքսման հրաման արձակեց, և 280 հոգի ստիպված եղավ վերադառնալ Լեհաստան, ինչն էլ նպաստեց այն բանին, որ Թագավորության բարի լուրը տարածվի այնտեղ։ Այդպիսով՝ 1935-ին Լեհաստանում Թագավորության հռչակման գործին մասնակցում էր 1090 հոգի։
Շատ ուրիշներ հեռացան իրենց հայրենիքից՝ ընդունելով օտար դաշտերում ծառայելու հրավերը։
Եվրոպայի եռանդուն քարոզիչները՝ օտարախոս դաշտերում
Ուրիշ երկրների քարոզիչների աջակցության շնորհիվ Աստծու Թագավորության մասին սիրտ ջերմացնող ճշմարտությունները լսեցին Բալթյան երկրներում (Էստոնիա, Լատվիա և Լիտվա)։ 1920-ականներին և 1930-ականներին այդ երկրներում լայնածավալ վկայություն տվեցին Դանիայից, Անգլիայից, Ֆինլանդիայից և Գերմանիայից եկած եռանդուն եղբայրներն ու քույրերը։ Մեծ թվով գրականություն տարածվեց, և հազարավոր անհատներ լսեցին Աստվածաշնչի վրա հիմնված ելույթներ։ Էստոնիայից կանոնավորաբար մի քանի լեզուներով հեռարձակվում էին աստվածաշնչյան ռադիոհաղորդումներ, որոնք լսեցին անգամ Խորհրդային Միությունում ապրող բազմաթիվ մարդիկ։
1920-ականներին և 1930-ականներին շատ պատրաստակամ քարոզիչներ Գերմանիայից մեկնեցին ծառայելու Ավստրիայում, Բելգիայում, Բուլղարիայում, Իսպանիայում, Լյուքսեմբուրգում, Հարավսլավիայում, Նիդերլանդներում, Չեխոսլովակիայում և Ֆրանսիայում։ Նրանց թվում էր Վիլի Ունգլաուբեն։ Մագդեբուրգի (Գերմանիա) Բեթելում որոշ ժամանակ ծառայելուց հետո նա նշանակվեց լիաժամ ծառայելու Ֆրանսիայում, Ալժիրում, Իսպանիայում, Սինգապուրում, Մալայզիայում և Թաիլանդում։
Երբ 1930-ականներին Ֆրանսիայից տեղեկացվեց, որ այդ երկրում օգնության կարիք կա, Մեծ Բրիտանիայից շատ գրքեր տարածողներ ցույց տվեցին, որ գիտակցում են, որ պատասխանատվություն ունեն քարոզելու ոչ միայն իրենց երկրում, այլև աշխարհի մյուս երկրներում (Մարկ. 13։10)։ Ջոն Քուկը այդ եռանդուն ծառայողներից էր, որը պատրաստակամորեն արձագանքեց «մակեդոնացիների կանչին» (համեմատի՛ր Գործեր 16։9, 10)։ Հաջորդ վեց տասնամյակների ընթացքում նա ծառայեց Ֆրանսիայում, Իսպանիայում, Իռլանդիայում, Պորտուգալիայում, Անգոլայում, Մոզամբիկում և Հարավաֆրիկյան Միությունում։ Նրա եղբայրը՝ Էրիկը, թողեց իր աշխատանքը «Բարկլիզ» բանկում, և միացավ Ջոնին՝ լիաժամ ծառայելով Ֆրանսիայում։ Դրանից հետո նա նույնպես ծառայեց Իսպանիայում և Իռլանդիայում, ապա որպես միսիոներ ծառայեց Հարավային Ռոդեզիայում (այժմ՝ Զիմբաբվե) և Հարավաֆրիկյան Միությունում։
1926-ի մայիսին Անգլիայից Ջորջ Ռայթը և Էդվին Սքիները ընդունեցին Հնդկաստանում Թագավորության քարոզչությունը ընդլայնելու հրավերը։ Նրանց հսկայական գործ էր հանձնարարված։ Նրանք պետք է հոգ տանեին Աֆղանստանի, Բիրմայի (այժմ՝ Մյանմա), Ցեյլոնի (այժմ՝ Շրի Լանկա), Հնդկաստանի և Պարսկաստանի (այժմ՝ Իրան) մասին։ Նրանք Բոմբեյ ժամանեցին մուսսոնային անձրևների ժամանակ։ Սակայն այս եղբայրներին այդքան էլ չէր մտահոգում անձնական հարմարավետությունը, և շուտով նրանք ճանապարհ ընկան դեպի Հնդկաստանի հեռավոր անկյուններ, որպեսզի գտնեն և քաջալերեն այն Աստվածաշունչ ուսումնասիրողներին, որոնց մասին տեղեկություն ունեին։ Նրանք նաև տարածեցին մեծ քանակությամբ գրականություն՝ մյուս մարդկանց մեջ հետաքրքրություն առաջացնելու համար։ Նրանք քարոզչական գործում մեծ նախանձախնդրություն էին դրսևորում։ 1928-ի ընթացքում Տրավանկուրի (Կերալա, Հնդկաստանի հարավ) 54 քարոզիչները կազմակերպեցին 550 հանրային հանդիպումներ, որոնց ներկա եղավ մոտ 40000 հոգի։ 1929-ին Մեծ Բրիտանիայից չորս ուրիշ ռահվիրաներ տեղափոխվեցին Հնդկաստան՝ քարոզչական գործին աջակցելու համար։ Իսկ 1931-ին Անգլիայից Բոմբեյ ժամանեց երեք հոգի ևս։ Այս քարոզիչները բազմիցս ճամփորդել են այդ լայնարձակ երկրի տարբեր անկյուններ՝ տարածելով գրականություն ոչ միայն անգլերենով, այլև Հնդկաստանում տարածված այլ լեզուներով։
Իսկ այդ ժամանակ ի՞նչ էր տեղի ունենում Արևելյան Եվրոպայում։
Հոգևոր հունձ
Մինչ Առաջին համաշխարհային պատերազմը Աստվածաշնչի ճշմարտության սերմերը ցանվել էին Արևելյան Եվրոպայում, և դրանցից մի քանիսը արմատներ էին գցել։ 1908-ին Անդրաշնե Բենեդեկ անունով մի խոնարհ հունգարացի կին վերադարձավ Ավստրո-Հունգարիա, որպեսզի մարդկանց պատմի այն հրաշալի բաների մասին, որ սովորել էր։ Երկու տարի անց Կարոլի Սաբոն և Յոժեֆ Կիշը նույնպես վերադարձան այդ երկիր և Թագավորության բարի լուրը քարոզում էին այն տարածքներում, որոնք հետագայում կոչվեցին Ռումինիա և Չեխոսլովակիա։ Չնայած զայրացած հոգևորականության կատաղի հակառակությանը՝ ձևավորվում էին ուսումնասիրության խմբեր և հիմնովին վկայություն էր տրվում։ Նրանց միանում էին ուրիշները և իրենց հավատի մասին պատմում մարդկանց, և 1935-ին արդեն Թագավորությունը հռչակողների թիվը Հունգարիայում հասավ 348-ի։
Ռումինիայի տարածքը գրեթե երկու անգամ մեծացավ, երբ Առաջին համաշխարհային պատերազմից հետո հաղթող պետությունները փոփոխեցին եվրոպական երկրների սահմանները։ Հաշվետվությունների համաձայն՝ 1920-ին Ռումինիայում Աստվածաշունչ ուսումնասիրողների մոտ 150 խումբ կար, որոնց անդամների ընդհանուր թիվը 1700 էր։ Հաջորդ տարի Տիրոջ ընթրիքին մոտ 2000 հոգի օգտվեց Հիշատակի երեկոյի խորհրդանիշներից, ինչը ցույց էր տալիս, որ նրանք իրենց համարում էին Քրիստոսի օծյալ եղբայրները։ Հաջորդ չորս տարիների ընթացքում այդ թիվը կտրուկ աճեց։ 1925-ին Հիշատակի երեկոյին ներկա էր 4185 հոգի, և նրանց մեծամասնությունը, ինչպես այն ժամանակ ընդունված էր, օգտվեց խորհրդանիշներից։ Սակայն նրանց բոլորին հավատի փորձություն էր սպասում։ Արդյոք նրանք կփաստեի՞ն, որ իսկական «ցորեն» են, թե կպարզվեր, որ կեղծ են (Մատթ. 13։24–30, 36–43)։ Արդյոք իսկապես կկատարեի՞ն վկայության գործը, որ Հիսուսը հանձնարարել էր իր հետևորդներին։ Կշարունակեի՞ն կատարել այն՝ բախվելով ուժգին հակառակության։ Արդյոք նրանք հավատարիմ կնայի՞ն նույնիսկ այն դեպքում, երբ մյուսները դրսևորեին Հուդա Իսկարիովտացու ոգին։
1935-ի հաշվետվությունը ցույց է տալիս, որ ոչ բոլորն ունեին այնպիսի հավատ, որի շնորհիվ նրանք կկարողանային տոկալ։ Այդ տարի Ռումինիայում վկայության գործին մասնակցել էր ընդամենը 1188 հոգի, թեև Հիշատակի երեկոյի խորհրդանիշներից օգտվողների թիվը երկու անգամ ավելի էր։ Այդուհանդերձ, հավատարիմ անհատները շարունակում էին կատարել Տիրոջ գործը։ Նրանք խոնարհ մարդկանց հայտնում էին այն ճշմարտությունները, որոնք ջերմացրել էին իրենց սրտերը։ Դա անելու կերպերից մեկը գրականություն տարածելն էր։ 1924-ից 1935 թվականներին նրանք հետաքրքրվող անհատներին բաժանել էին ավելի քան 800000 գիրք ու գրքույկ, ինչպես նաև բազմաթիվ թերթիկներ։
Իսկ ի՞նչ կարելի է ասել Չեխոսլովակիայի մասին, որը ձևավորվեց 1918-ին՝ Ավստրո-Հունգարական կայսրության փլուզումից հետո։ Այս երկրում ավելի մեծ վկայություն տրվեց, որը հետագայում նպաստեց առատ հոգևոր հնձին։ Մինչ այդ բարի լուրը այնտեղ քարոզվել էր հունգարերեն, ռուսերեն, ռումիներեն և գերմաներեն լեզուներով։ 1922-ին մի քանի Աստվածաշունչ ուսումնասիրողներ վերադարձան Ամերիկայից՝ քարոզելու համար սլովակերեն խոսող մարդկանց, իսկ հաջորդ տարի Գերմանիայից մի զույգ եկավ չեխերեն խոսող մարդկանց տարածքում ծառայելու համար։ Կանոնավորաբար անցկացվում էին համաժողովներ, որոնք, թեև փոքր էին, բայց քաջալերում էին եղբայրներին և նպաստում միասնությանը։ Երբ 1927-ին ժողովները սկսեցին ավելի կազմակերպված ձևով կատարել տնից տուն ծառայությունը, ավելի մեծ աճ տեղի ունեցավ։ 1932-ին քարոզչական գործը մեծ թափ ստացավ, երբ Պրահայում անցկացվեց միջազգային համաժողով, որին ներկա եղավ 1500 հոգի Չեխոսլովակիայից և հարևան երկրներից։ Բացի այդ, մեծաթիվ հանդիսատեսներ դիտեցին «Արարչության լուսադրամայի» չորսժամանոց տարբերակը, որը ցուցադրվեց ամբողջ երկրով մեկ։ Ընդամենը մեկ տասնամյակում Չեխոսլովակիայում տարբեր լեզուներով խոսող մարդկանց բաժանվեց աստվածաշնչյան գրականության ավելի քան 2700000 օրինակ։ Հոգևոր սերմերը ցանելու, մշակելու և ջրելու այս բոլոր ջանքերը նպաստեցին առատ հոգևոր հնձին, որին 1935-ին մասնակցում էր 1198 քարոզիչ։
Հարավսլավիան (նախկինում հայտնի էր որպես Սերբերի, խորվաթների և սլովենների թագավորություն) ձևավորվեց Առաջին համաշխարհային պատերազմից հետո, երբ փոփոխվեցին եվրոպական երկրների սահմանները։ Դեռևս 1923-ին տեղեկություն ստացվեց, որ Աստվածաշունչ ուսումնասիրողների մի խումբ քարոզում է Բելգրադում։ Հետագայում ամբողջ երկրում բազմաթիվ մարդիկ դիտեցին «Արարչության լուսադրաման»։ Երբ Եհովայի վկաները Գերմանիայում սկսեցին դաժան հալածանքի ենթարկվել, գերմանացի շատ ռահվիրաներ տեղափոխվեցին Հարավսլավիա՝ միանալով այնտեղի քարոզիչներին։ Հարմարավետ կյանք չփնտրելով՝ այդ ռահվիրաները հասնում էին այս լեռնային երկրի ամենահեռավոր անկյունները՝ մարդկանց քարոզելու նպատակով։ Մյուսները մեկնեցին Բուլղարիա։ Նաև ջանքեր գործադրվեցին բարի լուրը Ալբանիայում քարոզելու համար։ Այս բոլոր վայրերում ցանվեցին ճշմարտության սերմերը։ Դրանցից մի քանիսը պտուղներ բերեցին։ Բայց առատ հունձը տեղի էր ունենալու միայն տարիներ անց։
Աֆրիկա մայրցամաքում նույնպես բարի լուրը քարոզում էին նրանք, ովքեր խորապես գնահատում էին Բարձրյալի վկաները լինելու առանձնաշնորհումը։
Հոգևոր լույսը շողում է Արևմտյան Աֆրիկայում
Բարբադոսից մի Աստվածաշունչ ուսումնասիրող աշխատանքային պայմանագրով տեղափոխվեց Արևմտյան Աֆրիկա։ Յոթ տարի անց նա նամակ գրեց «Դիտարան ընկերության» Նյու Յորքի գրասենյակին՝ տեղեկացնելով, որ բավական թվով մարդիկ հետաքրքրություն են ցույց տալիս Աստվածաշնչի հանդեպ։ Մի քանի ամիս անց՝ 1923-ի ապրիլի 14-ին, եղբայր Ռադերֆորդի առաջարկով՝ Ու. Ռ. Բրաունը, որը ծառայում էր Տրինիդադում, իր ընտանիքի հետ տեղափոխվեց Ֆրիթաուն (Սիերա Լեոնե)։
Արագորեն քայլեր ձեռնարկվեցին, որ եղբայր Բրաունը ելույթ ներկայացնի Ուիլբերֆորսի անվան հուշահամալիրում։ Ապրիլի 19-ին այդ ելույթը լսելու եկավ մոտ 500 հոգի, որոնց թվում էր նաև Ֆրիթաունի հոգևորականության մեծ մասը։ Հաջորդ կիրակի նա կրկին ելույթ ունեցավ։ Նա ներկայացրեց մի թեմա, որով հաճախ հանդես էր գալիս Չ. Թ. Ռասելը՝ «Դեպի դժոխք և դժոխքից վերադարձ. ովքե՞ր են գտնվում այնտեղ»։ Եղբայր Բրաունը իր ելույթներում կանոնավորաբար Աստվածաշնչից մեջբերումներ էր անում, և այդ համարները ցուցադրվում էին էկրանին կինոպրոյեկտորի միջոցով։ Ելույթի ընթացքում նա անընդհատ կրկնում էր. «Ոչ թե Բրաունն է ասում, այլ Աստվածաշունչը»։ Այդ պատճառով նրան կոչում էին «Աստվածաշունչ Բրաուն»։ Նրա տրամաբանական, Աստվածաշնչի վրա հիմնված ելույթների շնորհիվ եկեղեցու որոշ նշանավոր անդամներ հեռացան իրենց եկեղեցուց և սկսեցին ծառայել Եհովային։
Նա շատ էր ճամփորդում, որպեսզի ուրիշ վայրերում էլ քարոզեր Թագավորության լուրը։ Այդ նպատակով նա ներկայացնում էր բազմաթիվ ելույթներ, տարածում էր մեծ քանակությամբ գրականություն և խրախուսում էր ուրիշներին նույնը անել։ Նա եղավ Գոլդ Քոստում (այժմ՝ Գանա), Լիբերիայում, Գամբիայում և Նիգերիայում։ Նիգերիայից ուրիշ անհատներ Թագավորության լուրը հասցրին Բենին (այն ժամանակ հայտնի էր որպես Դահոմեա) և Կամերուն։ Եղբայր Բրաունը գիտեր, որ այդտեղի մարդկանց այդքան էլ չէր հետաքրքրում այսպես կոչված «սպիտակամորթների կրոնը», ուստի Լագոսում գտնվող Գլովերի անվան հուշահամալիրում նա խոսեց այն մասին, որ քրիստոնեական աշխարհի կրոններին չի հաջողվել կատարել իրենց դերը։ Հանդիպումից ոգևորված՝ ունկնդիրները վերցրին 3900 գիրք թե՛ իրենց համար և թե՛ ուրիշներին առաջարկելու։
Երբ եղբայր Բրաունը առաջին անգամ եկավ Արևմտյան Աֆրիկա, Թագավորության լուրը այդտեղ լսել էին ընդամենը մի քանի հոգի։ Իսկ 27 տարի անց, երբ նա հեռանում էր այդտեղից, այդ տարածքում արդեն քարոզում էին ավելի քան 11000 ակտիվ Վկաներ։ Կրոնական կեղծիքները քողազերծվում էին, իսկ ճշմարիտ երկրպագությունը արմատներ էր գցել և արագորեն տարածվում էր։
Մինչև Աֆրիկայի արևմտյան ափերը
20-րդ դարի սկզբներին Աֆրիկայի հարավային շրջաններում Չ. Թ. Ռասելի հրատարակություններից մի քանիսը տարածում էին որոշ անհատներ, ովքեր ընդունել էին դրանցում տեղ գտած որոշ տեսակետներ, բայց խառնել էին իրենց սեփական գաղափարներին։ Արդյունքում ձևավորվել էին այսպես կոչված «Դիտարանի» շարժումներ, որոնք ոչ մի կապ չունեին Եհովայի վկաների հետ։ Դրանցից մի քանիսը քաղաքական կողմնորոշում ունեին, և բնիկ աֆրիկացիների շրջանում խռովություններ էին առաջացնում։ Երկար տարիներ այդ խմբերի վատ համբավը խոչընդոտներ էր ստեղծում Եհովայի վկաների քարոզչական գործունեության համար։
Այդուհանդերձ, որոշ աֆրիկացիներ տեսնում էին ճշտի և սխալի միջև եղած տարբերությունը։ Շրջիկ աշխատողները Աստծու Թագավորության բարի լուրը քարոզում էին մոտակա երկրներում ապրող աֆրիկյան տարբեր լեզուներով խոսող մարդկանց։ Աֆրիկայի հարավարևելյան շրջաններում ապրող անգլիախոս մարդիկ ճշմարտությունը լսել են հիմնականում Հարավաֆրիկյան Միությունում ապրող մարդկանց միջոցով։ Սակայն որոշ երկրներում, քրիստոնեական աշխարհի հոգևորականության դրդմամբ, իշխանությունները խիստ հակառակություն էին ցույց տալիս, ինչի պատճառով եվրոպացի Վկաների համար դժվար էր լինում քարոզել աֆրիկյան լեզուներով խոսող մարդկանց։ Չնայած դրան՝ ճշմարտությունը տարածվում էր։ Բայց աստվածաշնչյան լուրի հանդեպ հետաքրքրություն ցույց տվող շատ մարդիկ ավելի մեծ օգնության կարիք ունեին, որպեսզի կարողանային ճիշտ ձևով կիրառել այն ամենը, ինչ սովորում են։
Կային անկողմնակալ պաշտոնյաներ, որոնք կուրորեն չէին հավատում Վկաների դեմ ուղղված կեղծ մեղադրանքներին, որ ներկայացվում էին քրիստոնեական աշխարհի հոգևորականության կողմից։ Այդպիսի անհատներից էր մի ոստիկանապետ Նյասալենդից (այժմ՝ Մալավի), որն իր ինքնությունը թաքցնելով՝ ներկա էր լինում տեղի Վկաների հանդիպումներին, որպեսզի անձամբ տեսնի, թե ինչպիսի մարդիկ են նրանք։ Նա անչափ տպավորվել էր իր տեսածով։ Իսկ 1930-ականների կեսերին, երբ իշխանությունները թույլ տվեցին, որ երկրում ապրեն եվրոպացիներ, Բերտ Մակլակին և հետագայում նրա եղբայր Բիլը ուղարկվեցին այնտեղ ծառայելու։ Նրանք կապ էին պահպանում ոստիկանության և շրջանի պաշտոնյաների հետ, որպեսզի վերջիններս հստակ պատկերացում ունենային իրենց գործունեության մասին և Եհովայի վկաներին չշփոթեին այն շարժումների հետ, որոնք իրենց կոչում էին «Դիտարան»։ Միևնույն ժամանակ համագործակցելով տեղացի մի հասուն Վկայի՝ Գրեշեմ Կվազիզիրայի հետ՝ նրանք ժողովների հետ ընկերակցելու ցանկություն ունեցող հարյուրավոր անհատների համբերատարությամբ օգնում էին հասկանալ, որ սեռական անբարոյությունը, ալկոհոլի չարաշահումը և սնահավատությունը չեն կարող տեղ ունենալ Եհովայի վկայի կյանքում (1 Կորնթ. 5։9–13; 2 Կորնթ. 7։1; Հայտն. 22։15)։
1930-ին Հարավային Աֆրիկայի ողջ տարածքում կար մոտ հարյուր Վկա։ Նրանք պետք է քարոզեին Աֆրիկայի՝ հասարակածից հարավ ընկած գրեթե բոլոր շրջաններում և դրանից հյուսիս ընկած որոշ տեղանքներում։ Այդպիսի հսկայական տարածքում բարի լուրը քարոզելու համար ժրաջան ռահվիրաների կարիք կար։ Ֆրենկ ու Գրեյ Սմիթները հենց այդպիսի ռահվիրաներ էին։
Նայրոբի (Քենիա, Բրիտանական Արևելյան Աֆրիկա) հասնելու համար նրանք Քեյպթաունից նավարկեցին դեպի արևելք, ապա դեպի հյուսիս՝ անցնելով 4800 կմ, իսկ հետո խորդուբորդ ճանապարհներով չորս օր գնացին ավտոմեքենայով։ Մեկ ամսից էլ քիչ ժամանակում նրանք տարածեցին 40 արկղ գրականություն։ Բայց ցավոք հետդարձի ճանապարհին Ֆրենկը մահացավ մալարիայից։ Չնայած այդ ցավալի իրադարձությանը՝ կարճ ժամանակ անց Ռոբերտ Նիզբեթը և Դեյվիդ Նորմանը, իրենց հետ վերցնելով 200 արկղ գրականություն, ճանապարհ ընկան դեպի Քենիա և Ուգանդա, նաև Տանգանիկա և Զանզիբար (երկուսն էլ այժմ Տանզանիայի մեջ են մտնում)՝ քարոզելով հնարավորինս շատ մարդկանց։ Նմանատիպ այլ ճամփորդությունների շնորհիվ Թագավորության լուրը տարածվեց նաև Հնդկական օվկիանոսի Մավրիկիոս ու Մադագասկար կղզիներում և Ատլանտյան օվկիանոսի Սուրբ Հեղինե կղզում։ Ճշմարտության սերմերը ցանվում էին ամենուրեք, բայց դրանք անմիջապես ծիլ չէին տալիս և աճում։
Դեռևս 1925-ին բարի լուրը Հարավաֆրիկյան Միությունից հասավ նաև Բասուտոլենդ (այժմ՝ Լեսոթո), Բեչուանալենդ (այժմ՝ Բոտսվանա) և Սվազիլենդ։ Երբ մոտ ութ տարի անց ռահվիրաները կրկին քարոզում էին Սվազիլենդում, Սոբհուզա II արքան նրանց ճոխ ընդունելություն ցույց տվեց։ Նա հավաքեց իր հարյուր թիկնապահներին, ուշադրությամբ լսեց եղբայրների տված հիմնովին վկայությունը և հետո վերցրեց ողջ գրականությունը, որ կար նրանց մոտ։
Երկրագնդի այս հատվածում Եհովայի վկաների թիվն աստիճանաբար ավելացավ։ 20-րդ դարի սկզբներին Աֆրիկայում քարոզչական գործը սկսած անհատներին միացան նաև ուրիշները, և 1935-ին արդեն, ըստ եղած տվյալների, Աֆրիկա մայրցամաքում վկայության գործին մասնակցում էր 1407 հոգի։ Նրանց մեծ մասը ծառայում էր Հարավաֆրիկյան Միությունում և Նիգերիայում։ Իրենց Եհովայի վկա անվանող մեծ խմբեր կային Նյասալենդում (այժմ՝ Մալավի), Հյուսիսային Ռոդեզիայում (այժմ՝ Զամբիա) և Հարավային Ռոդեզիայում (այժմ՝ Զիմբաբվե)։
Այդ նույն ժամանակաշրջանում բարի լուրը սկսեց քարոզվել նաև իսպանախոս և պորտուգալախոս երկրներում։
Մշակում են իսպանական և պորտուգալական դաշտերը
Առաջին համաշխարհային պատերազմը դեռ շարունակվում էր, երբ «Դիտարանը» սկսեց լույս տեսնել իսպաներեն լեզվով։ Պարբերագրի վրա գրված էր Լոս Անջելեսի (Կալիֆորնիա) այն գրասենյակի հասցեն, որը հիմնվել էր իսպանախոս դաշտին հոգ տանելու համար։ Այդ գրասենյակում ծառայող եղբայրները բազմիցս անհատական օգնություն են ցույց տվել հետաքրքրվող անհատներին Միացյալ Նահանգներում և դրանից հարավ ընկած երկրներում։
Խուան Մունյիսը սկսել էր ծառայել Եհովային 1917-ին։ 1920-ին եղբայր Ռադերֆորդը նրան հորդորեց Միացյալ Նահանգներից վերադառնալ հայրենիք՝ Իսպանիա, և այնտեղ կազմակերպել Թագավորության քարոզչության գործը։ Թեև նա շատ ջանքեր էր գործադրում, բայց դա մեծ արդյունքներ չբերեց, քանի որ ոստիկանությունը շարունակ հետապնդում էր նրան։ Ուստի մի քանի տարի անց նրան ուղարկեցին Արգենտինա։
Բրազիլիայում արդեն Եհովայի մի քանի երկրպագուներ կային։ Ութ խոնարհ նավաստիներ ճշմարտությունը լսել էին այն ժամանակ, երբ Նյու Յորքում իջել էին ափ։ 1920-ի սկզբներին վերադառնալով Բրազիլիա՝ նրանք սկսեցին ակտիվորեն քարոզել բարի լուրը։
1923-ին կանադացի մի եղբայր՝ Ջորջ Յանգը, ուղարկվեց Բրազիլիա։ Նա մեծ ներդրում ունեցավ այնտեղ քարոզչական գործը առաջ տանելու հարցում։ Թարգմանիչների օգնությամբ նա բազմաթիվ ելույթներ ներկայացրեց, որոնցում ցույց էր տալիս, թե ինչ է ասում Աստվածաշունչը մահացածների վիճակի մասին, նաև ցույց էր տալիս, որ ոգեհարցությունը դիվապաշտություն է, և բացատրում էր, թե Աստված ինչ նպատակներ ունի երկրի բոլոր ընտանիքներին օրհնելու առնչությամբ։ Նրա ելույթները բավականին համոզիչ էին, քանի որ ժամանակ առ ժամանակ նա էկրանի վրա ցուցադրում էր քննարկվող Աստվածաշնչյան համարները, որպեսզի ունկնդիրները կարողանային տեսնել դրանք իրենց մայրենի լեզվով։ Երբ եղբայր Յանգը Բրազիլիայում էր, Սան Պաուլուից Բելոնա Ֆերգիսոնը վերջապես մկրտվեց իր չորս երեխաների հետ. քույրը այդ օրվան սպասել էր 25 տարի։ Այդ տարիներին ճշմարտությունը ընդունած անհատներից ոմանք հետագայում մասնակցեցին գրականությունը պորտուգալերեն թարգմանելու գործին։ Շուտով այդ լեզվով բավականաչափ գրականություն էր լույս տեսնում։
1924-ին եղբայր Յանգը Բրազիլիայից մեկնեց Արգենտինա և քայլեր ձեռնարկեց, որ 25 խոշոր քաղաքներում անվճար տարածվի իսպաներեն լեզվով գրականության 300000 օրինակ։ Այդ նույն տարի նա ճամփորդեց Չիլի, Պերու և Բոլիվիա՝ թերթիկներ տարածելու նպատակով։
Ջորջ Յանգը շուտով նոր նշանակում ստացավ։ Այս անգամ նա ծառայելու էր Իսպանիայում և Պորտուգալիայում։ Երբ բրիտանական դեսպանը նրան ծանոթացրեց պետական պաշտոնյաների հետ, նա միջոցներ ձեռնարկեց, որ եղբայր Ռադերֆորդը ելույթներ ներկայացնի Բարսելոնում և Մադրիդում, ինչպես նաև Պորտուգալիայի մայրաքաղաքում։ Այդ ելույթներից հետո ընդհանուր հաշվով ավելի քան 2350 անհատներ հավելյալ տեղեկություններ խնդրեցին՝ փոխանցելով իրենց անուններն ու հասցեները։ Այնուհետև եղբայր Ռադերֆորդի ելույթը տպագրվեց Իսպանիայի հայտնի թերթերից մեկում, նաև թերթիկի տեսքով այն փոստով ուղարկվեց երկրի տարբեր անկյուններ։ Ելույթը տպագրվեց նաև պորտուգալական թերթերում։
Այդ միջոցներով բարի լուրը տարածվեց Իսպանիայի և Պորտուգալիայի սահմաններից այն կողմ։ 1925-ի վերջերին բարի լուրը արդեն հասել էր Կանաչ հրվանդանի կղզիներ (այժմ՝ Կաբո Վերդեի հանրապետություն), Մադեյրա, Պորտուգալական Արևելյան Աֆրիկա (այժմ՝ Մոզամբիկ), Պորտուգալական Արևմտյան Աֆրիկա (այժմ՝ Անգոլա) և Հնդկական օվկիանոսի կղզիներ։
Հաջորդ տարի միջոցներ ձեռնարկվեցին, որպեսզի իսպանական «Լա Լիբերտադ» (La Libertad) թերթում տպագրվի «Վկայություն՝ աշխարհի կառավարիչներին» վերնագրով զորեղ բանաձևը։ Ռադիոհեռարձակումների, ինչպես նաև գրքերի, գրքույկների, թերթիկների տարածման և «Արարչության լուսադրամայի» ցուցադրումների շնորհիվ ավելի մեծ վկայություն տրվեց։ 1932-ին մի քանի անգլիացի ռահվիրաներ սիրով ընդունեցին այս դաշտում ծառայելու հրավերը։ Նրանք երկրի շատ շրջաններում կանոնավորաբար գրականություն էին տարածում։ Սակայն երբ Իսպանիայիում քաղաքացիական պատերազմ սկսվեց, նրանք ստիպված եղան հեռանալ երկրից։
Այդ նույն ժամանակ եղբայր Մունյիսը, գալով Արգենտինա, անմիջապես սկսեց քարոզել։ Իր անձնական կարիքները նա հոգում էր՝ ժամացույցներ վերանորոգելով։ Արգենտինայում ծառայելուց բացի, նա քարոզում էր նաև Չիլիում, Պարագվայում և Ուրուգվայում։ Նրա խնդրանքով՝ Եվրոպայից մի քանի եղբայրներ եկան գերմանախոս մարդկանց քարոզելու համար։ Տարիներ անց Կառլոս Օտտը պատմեց, որ նրանք իրենց ծառայությունը սկսում էին առավոտյան ժամը 4-ին՝ յուրաքանչյուր դռան մոտ թերթիկներ թողնելով։ Նույն օրը՝ ավելի ուշ, նրանք վերադառնում էին, որպեսզի ավելի շատ վկայություն տային և հետաքրքրվող անհատներին աստվածաշնչյան գրականություն առաջարկեին։ Բուենոս Այրեսի լիաժամ ծառայողները մեկնում էին երկրի տարբեր շրջաններ։ Սկզբում նրանք քարոզում էին այն տարածքներում, որ գտնվում էին երկաթգծերի մոտ, որոնք մայրաքաղաքից, ճառագայթների պես, ձգվում էին տարբեր ուղղություններով։ Իսկ մյուս տարածքներ հասնում էին այլ տրանսպորտային միջոցներով։ Նրանք սուղ նյութական միջոցներ ունեին և շատ դժվարություններ էին կրում, բայց հոգևորապես հարուստ էին։
Արգենտինայի նախանձախնդիր քարոզիչներից էր ազգությամբ հույն Նիկոլաս Արխիրոսը։ 1930թ. սկզբին նա ձեռք բերեց «Դիտարան ընկերության» որոշ հրատարակություններ։ Նրան հատկապես տպավորել էր մի գրքույկ։ Այն կոչվում էր «Դժոխք», և վերնագրի տակ հետևյալ հարցերն էին գրված՝ «Ի՞նչ է այն։ Ովքե՞ր են գտնվում այնտեղ։ Հնարավո՞ր է այնտեղից դուրս գալ»։ Նա շատ զարմացավ, տեսնելով, որ գրքույկում չէր ասվում, թե մեղսագործները այրվում են կրակում։ Նա պարզապես ապշեց, իմանալով, որ դժոխքի ուսմունքը զուտ կրոնական սուտ է, որը հորինվել է մարդկանց վախի մեջ պահելու համար, և որ ինքը տարիներ շարունակ մոլորության մեջ է եղել։ Նիկոլաս Արխիրոսը անմիջապես սկսեց մարդկանց պատմել ճշմարտությունը, նախ հույներին, իսկ երբ բարելավեց իր իսպաներենը՝ նաև ուրիշ մարդկանց։ Նա ամեն ամիս 200–300 ժամ տրամադրում էր բարի լուրը մարդկանց հաղորդելու գործին։ Նա ճշմարտությունը տարածեց Արգենտինայի 22 պրովինցիաներից 14-ում՝ ճամփորդելով ոտքով և առկա տրանսպորտային միջոցներով։ Մի վայրից մյուսը տեղափոխվելիս նա գիշերում էր հյուրասեր մարդկանց տներում, հաճախ բաց երկնքի տակ և մի անգամ նույնիսկ գոմում, որտեղ նրան առավոտյան արթնացրեց իշուկի զռոցը։
Եռանդուն ռահվիրա էր նաև Ռիխարդ Տրաուբը, որը ճշմարտությունը ընդունել էր Բուենոս Այրեսում։ Ցանկանալով բարի լուրը պատմել Անդերում (Չիլի) ապրող մարդկանց՝ 1930-ին՝ իր մկրտությունից հինգ տարի անց, նա եկավ Չիլի, որտեղ այն ժամանակ 4000000 մարդ էր բնակվում։ Այդ ժամանակ նա միակ Վկան էր երկրում։ Նա սկսեց քարոզել տնից տուն, թեև սկզբում միայն Աստվածաշունչ ուներ։ Այդ տարածքում ոչ ժողով կար, ոչ էլ հանդիպումներ էին անցկացվում, ուստի կիրակի օրերին այն ժամին, երբ սովորաբար անցկացվում են ժողովի հանդիպումները, նա բարձրանում էր Սան Կրիստոբալ լեռը, նստում էր ծառի ստվերում և անձնական խոր ուսումնասիրություն էր անում ու աղոթում։ Բնակարան վարձելուց հետո նա սկսեց իր տանը անցկացնել ժողովի հանդիպումներ և հրավիրել մարդկանց այդ հանդիպումներին։ Առաջին հանդիպմանը եկավ միայն մեկ հոգի՝ Խուան Ֆլորեսը։ Նա հարցրեց. «Իսկ մյուսնե՞րը, նրանք ե՞րբ են գալու»։ Եղբայր Տրաուբը պատասխանեց՝ կգան։ Այդպես էլ եղավ։ Մի տարի էլ չէր անցել, երբ 13 անհատներ մկրտվեցին՝ դառնալով Եհովայի երկրպագու։
Չորս տարի անց երկու քույրեր՝ Հիլմա Շյոբերգը և Քեթի Պալմը, որոնք նախկինում միմյանց ծանոթ չէին եղել, միասին սկսեցին բարի լուրը քարոզել Կոլումբիայում։ Մեկ տարվա արդյունավետ ծառայությունից հետո Հիլման ստիպված էր վերադառնալ Միացյալ Նահանգներ։ Բայց Քեթին նավով 17 օր ճամփորդեց դեպի Չիլի և ճանապարհին քարոզեց թե՛ նավի անձնակազմին, թե՛ ուղևորներին։ Հաջորդ տասնամյակի ընթացքում նա քարոզեց Չիլիի ծայր հյուսիսում գտնվող քաղաք-նավահանգստից՝ Արիկայից, մինչև ամենահարավային շրջանը՝ Հրո երկիրը։ Քեթին վկայություն տվեց գործարար տարածքներում և քարոզեց պետական պաշտոնյաներին։ Նա հասնում էր հեռավոր վայրեր՝ հանքավայրային բնակատեղիներ և ոչխարաբուծական ֆերմաներ՝ իր հետ տանելով անհրաժեշտ պարագաներ, ինչպես օրինակ՝ ծածկոց քնելու համար և գրականությունով լիքը խուրջին։ Դա իսկական ռահվիրայի կյանք էր։ Ուրիշներն էլ կային, որ այդպիսի ոգի էին դրսևորում՝ ոմանք ամուրի էին, ոմանք ամուսնացած, ոմանք էլ երիտասարդ էին կամ ծեր։
1932-ին հատուկ ջանքեր գործադրվեցին Թագավորության լուրը Լատինական Ամերիկայի երկրներում քարոզելու համար, որտեղ դեռ շատ քիչ վկայություն էր տրվել։ Այդ տարի շատ մեծ քանակությամբ տարածվեց «Թագավորություն. աշխարհի հույսը» վերնագրով գրքույկը, որում ընդգրկված էր այն ելույթը, որը հեռարձակվել էր միջազգային ռադիոկայաններով։ Գրքույկը տարածվեց հազարավոր օրինակներով՝ 40000 Չիլիում, 25000 Բոլիվիայում, 25000 Պերուում, 15000 Էկվադորում, 20000 Կոլումբիայում, 10000 Սանտո Դոմինգոյում (այժմ՝ Դոմինիկյան Հանրապետություն) և 10000 Պուերտո Ռիկոյում։ Թագավորության լուրը իսկապես քարոզվում էր մեծ եռանդով։
1935-ին Հարավային Ամերիկայում վկայության գործին մասնակցում էին ընդամենը 247 քարոզիչներ, որոնք պատմում էին մարդկանց, որ միայն Աստծու Թագավորությունը իրական երջանկություն կբերի մարդկությանը։ Բայց ի՜նչ հզոր վկայություն էր տալիս այդ փոքրաթիվ խումբը։
Հասնում են ավելի հեռավոր վայրեր
Եհովայի վկաները չէին մտածում, թե Աստծու առաջ իրենց պատասխանատվությունը կատարելը սահմանափակվում է միայն իրենց հարևանությամբ ապրող մարդկանց քարոզելով։ Նրանք ձգտում էին բարի լուրը հասցնել բոլորին։
Վկաները այլ միջոցներ էին փնտրում քարոզելու այն մարդկանց, ովքեր ապրում էին այնպիսի վայրերում, ուր իրենք անձամբ չէին կարող հասնել։ 1920-ականների վերջերին Քեյպթաունի (Հարավաֆրիկյան Միություն) Վկաները փոստով 50000 գրքույկ ուղարկեցին բոլոր ագարակատերերին, փարոսների պահակներին, անտառապահներին և դժվարհասանելի վայրերում ապրող այլ մարդկանց։ Վկաները նաև ձեռք բերեցին Հարավարևմտյան Աֆրիկայի (այժմ՝ Նամիբիա) ողջ տարածքի ամենավերջին փոստային տեղեկատուն և այն բնակիչներին, ում անունները կային տեղեկատուի մեջ, փոստով ուղարկեցին «Մարդկանց ընկերը» վերնագրով գրքույկը։
1929-ին Ֆ. Ջ. Ֆրանսկեն նշանակվեց որպես «Դիտարան ընկերության» «Մորտոն» առագաստանավի պատասխանատու և հանձնարարություն ստացավ Ջիմի Ջեյմսի հետ քարոզել Լաբրադորում և Նյուֆաունդլենդի բոլոր ձկնորսական բնակավայրերում։ Ձմռանը եղբայր Ֆրանսկեն քարոզում էր ափամերձ շրջաններում՝ ճամփորդելով շնասահնակով։ Աստվածաշնչյան գրականության դիմաց էսկիմոսները և Նյուֆաունդլենդի բնակիչները նրան տալիս էին կաշվից պատրաստված իրեր և ձուկ։ Մի քանի տարի անց նա ջանադրաբար քարոզեց Բրիտանական Կոլումբիայի Կարիբու լեռնազանգվածում ապրող հանքափորներին, անտառահատներին, որսորդներին, ագարակատերերին, ինչպես նաև հնդկացիներին։ Ճամփորդության ընթացքում ուտելիք հայթայթելու համար նա որս էր անում, հավաքում էր վայրի հատապտուղներ և թավայի մեջ հաց էր թխում խարույկի վրա։ Ավելի ուշ նա իր համագործակցի հետ ճամփորդում էր ձկնորսական նավով՝ Թագավորության բարի լուրը քարոզելով Կանադայի արևմտյան ափի մոտ գտնվող բոլոր կղզիներում, ծովախորշերում, անտառահատների ճամբարներում, փարոսներում և այլ բնակավայրերում։ Նրա նման՝ բազմաթիվ այլ անհատներ նույնպես հատուկ ջանքեր էին գործադրում երկրագնդի հեռավոր անկյուններում ապրող մարդկանց քարոզելու համար։
1920-ականների վերջերին Ֆրենկ Դեյը ուղևորվեց դեպի հյուսիս՝ Ալյասկա։ Անցնելով Ալյասկայի գյուղերով՝ նա քարոզում էր, գրականություն տարածում, իսկ իր ֆիզիկական կարիքները հոգալու համար ակնոցներ էր վաճառում։ Թեև նա կաղում էր, քանի որ ոտքը պրոթեզավորված էր, բայց անցավ 1900 կմ՝ քարոզելով Կետչիկանից մինչև Նոմ։ Դեռևս 1897-ին ոսկու հանքի մի աշխատող Կալիֆորնիայում եղած ժամանակ ձեռք էր բերել «Հազարամյակի արշալույսի» և «Դիտարան» պարբերագրի որոշ օրինակներ և պատրաստվում էր դրանք իր հետ տանել Ալյասկա։ 1910-ին կետորսական նավի նավապետ Բիմսը գրականություն էր տարածել Ալյասկայի նավահանգիստներում։ Բայց քարոզչական գործունեությունը Ալյասկայում ընդլայնվեց, երբ եղբայր Դեյը սկսեց իր ճամփորդությունները դեպի կղզի։ Նա ավելի քան 12 տարի ամեն ամառ մեկնում էր այնտեղ՝ քարոզելու։
Երկու ուրիշ Վկաներ «Եսթեր» կոչվող 12-մետրանոց մոտորանավակով քարոզում էին Նորվեգիայի ափերի երկայնքով՝ հասնելով մինչև հեռավոր Արկտիկա։ Նրանք վկայություն էին տալիս կղզիներում, փարոսներում, ափամերձ գյուղերում և հեռավոր լեռնային վայրերում։ Շատերը նրանց ընդունում էին սիրով, և մեկ տարվա ընթացքում նրանք տարածեցին 10000–15000 գրքեր ու գրքույկներ, որոնք պատմում էին մարդկության առնչությամբ Աստծու նպատակների մասին։
Կղզիներում փառաբանվում է Եհովայի անունը
Միայն մայրցամաքի ափերի մոտ գտնվող կղզիներում չէ, որ վկայություն էր տրվում։ 1930-ականների սկզբներին Սիդնի Շեփերդը երկու տարի շարունակ ճամփորդել է նավով՝ քարոզելով Խաղաղ օվկիանոսի կենտրոնական մասում գտնվող Կուկի կղզիներում և Թաիթիում։ Իսկ Ջորջ Ուինտոնը բարի լուրի մասին պատմում էր Խաղաղ օվկիանոսի արևմտյան հատվածում՝ քարոզելով Նոր Հեբրիդներում (այժմ՝ Վանուատու)։
Գրեթե նույն ժամանակահատվածում Ջոզեֆ Դոս Սանտոսը՝ ամերիկաբնակ մի պորտուգալացի, նույնպես որոշեց քարոզել չմշակված տարածքներում։ Սկզբում նա քարոզում էր Հավայան կղզիներում, իսկ հետո շուրջերկրյա ճամփորդություն սկսեց։ Հասնելով Ֆիլիպիններ՝ նա նամակ ստացավ եղբայր Ռադերֆորդից, որում վերջինս խնդրում էր նրան մնալ այդտեղ՝ Թագավորության քարոզչության գործը ավելի լավ կազմակերպելու համար։ Նա այդպես էլ արեց և ծառայեց Ֆիլիպիններում 15 տարի։
Այդ ժամանակ Ավստրալիայի մասնաճյուղը հոգ էր տանում, որ բարի լուրը քարոզվի Խաղաղ օվկիանոսի հարավային շրջաններում և հարակից տարածքներում։ 1930–1931թթ.-ին Ավստրալիայից ուղարկված երկու ռահվիրաներ լայնածավալ վկայություն տվեցին Ֆիջիում։ 1931-ին բարի լուրը քարոզվեց Սամոայում, իսկ 1932-ին՝ Նոր Կալեդոնիայում։ 1933-ին Ավստրալիայից ամուսնական մի ռահվիրա զույգ սկսեց քարոզել Չինաստանում և հաջորդ մի քանի տարիների ընթացքում վկայություն տվեց երկրի 13 խոշոր քաղաքներում։
Ավստրալիայի եղբայրները հասկացան, որ ավելի շատ գործ կարող են անել, եթե մի նավ ունենան։ Ժամանակի ընթացքում նրանք ձեռք բերեցին 16-մետրանոց մի առագաստանավ, նրանում տեղադրեցին անհրաժեշտ ամեն բան և անվանեցին այն «Լուսակիր»։ 1935-ի սկզբներից նրանք մի քանի տարի օգտագործեցին այդ նավը որպես ծառայության կենտրոն մի խումբ եռանդուն քարոզիչների համար, որոնք քարոզում էին Նիդերլանդական Օստ Ինդիայում (այժմ՝ Ինդոնեզիա), Սինգապուրում և Մալայայում։ Երբ նավը ժամանում էր նշանակված վայր, այն միշտ մեծ ուշադրություն էր գրավում, և դա հաճախ քարոզելու և գրականություն տարածելու առիթ էր ստեղծում։
Երկրագնդի մյուս մասում այդ նույն ժամանակ՝ 1935-ին, Դանիայից երկու ռահվիրաներ որոշեցին իրենց արձակուրդն անցկացնել Ֆարերյան կղզիներում (Ատլանտյան օվկիանոսի հյուսիս)։ Բայց նրանց նպատակը լոկ գեղատեսիլ վայրերով հիանալը չէր։ Նրանք իրենց հետ վերցրել էին գրականության հազարավոր օրինակներ, որոնք տարածեցին այդ վայրերում։ Չնայած քամուն, անձրևին, ինչպես նաև հոգևորականության թշնամանքին՝ նրանք վկայություն տվեցին բնակեցված բազմաթիվ կղզիներում՝ մշակելով տարածքը այնքան, որքան հասցրին իրենց արձակուրդի ժամանակ։
Իսկ արևմուտքում կանադաբնակ մի իսլանդացի՝ Գեորգ Լինդալը, ստացավ մի նշանակում, որը բավական երկար տևեց։ 1929-ին եղբայր Ռադերֆորդի առաջարկով՝ նա տեղափոխվեց Իսլանդիա՝ ծառայելու որպես ռահվիրա։ Նա մեծ տոկունություն ցուցաբերեց՝ հաջորդ 18 տարիների ընթացքում մեծամասամբ ծառայելով միայնակ։ Նա կրկին ու կրկին այցելեց քաղաքներն ու գյուղերը և տարածեց գրականության տասնյակ հազարավոր օրինակներ, բայց այդ ողջ ընթացքում ոչ մի իսլանդացի չմիացավ նրան Եհովային ծառայելու գործում։ 1947-ին Իսլանդիա եկան «Գաղաադն» ավարտած երկու միսիոներներ։ Մինչ այդ կղզում չի եղել գոնե մեկ Վկա, որ կարող էր աջակցել եղբայր Լինդալին. միայն մեկ տարի է նա համագործակից ունեցել։
Երբ մարդիկ արգելում են այն, ինչ Աստված է պատվիրում
Իրենց քարոզչական գործն իրականացնելիս Վկաները հաճախ են բախվել հակառակության, հատկապես 1920-ականներից մինչև 1940-ականները։ Հակառակությունը հիմնականում հրահրել են տեղի հոգևորականները, իսկ երբեմն պետական պաշտոնյաները։
Վիեննայի (Ավստրիա) հյուսիսում գտնվող մի գյուղական տարածքում Վկաների դեմ դուրս եկան թշնամաբար տրամադրված մի խումբ գյուղացիներ՝ տեղի քահանայի դրդմամբ, որին թիկունք էր կանգնում ոստիկանությունը։ Քահանաները մտադիր էին թույլ չտալ Եհովայի վկաներին քարոզել իրենց գյուղերում։ Բայց Վկաները վճռել էին շարունակել կատարել Աստծուց ստացած իրենց հանձնարարությունը, ուստի վերադարձան մեկ ուրիշ օր՝ գյուղեր մտնելով այլ ճանապարհներով։
Չնայած մարդկանց սպառնալիքներին և պահանջներին՝ Եհովայի վկաները հասկանում էին, որ Աստծու առաջ ունեն պարտականություն հռչակել նրա Թագավորությունը։ Նրանք որոշեցին Աստծուն հնազանդվել և ոչ թե մարդկանց (Գործ. 5։29)։ Երբ տեղական իշխանությունները փորձում էին թույլ չտալ Եհովայի վկաներին ազատորեն դավանել իրենց կրոնը, վերջիններս ավելի շատ Վկաների էին օգնության կանչում։
1929-ին Բավարիայի (Գերմանիա) մի շրջանում Վկաներին սկսեցին կրկին ու կրկին ձերբակալել։ Այդտեղի Վկաներին օգնելու համար հատուկ գնացքներ վարձվեցին, որոնցից մեկը մեկնելու էր Բեռլինից, մյուսը՝ Դրեզդենից։ Գնացքները հանդիպեցին Ռայխենբախում, և գիշերվա ժամը 2-ին դրանցից մեկը մտավ Ռեգենսբուրգ։ Այդ գնացքի 1200 ուղևորները պատրաստ էին ակտիվորեն վկայություն տալու։ Թեև ճանապարհածախսը շատ էր, բայց ուղևորները իրենք էին հոգացել այն։ Յուրաքանչյուր երկաթուղային կայարանում մի քանի հոգի իջնում էր գնացքից։ Նրանցից մի քանիսը հեծանիվներ էին վերցրել, որպեսզի կարողանային հասնել գյուղական վայրեր։ Մեկ օրում քարոզվեց ողջ շրջանը։ Տեսնելով իրենց միացյալ ջանքերի արդյունքները՝ նրանց միտքը եկավ Աստծու խոստումը՝ տրված իր ծառաներին. «Քո դեմ շինած ոչ մի զենք հաջողություն չի ունենա» (Ես. 54։17)։
Գերմանիայի Վկաները այնքան նախանձախնդիր էին, որ 1919-ից մինչև 1933-ը, եղած տվյալների համաձայն, տարածեցին առնվազն 125000000 գրքեր, գրքույկներ և պարբերագրեր, ինչպես նաև միլիոնավոր թերթիկներ։ Մինչդեռ այդ ժամանակ Գերմանիայում բնակվում էր ընդամենը 15000000 ընտանիք։ Գերմանիան այն երկրների թվում էր, որոնցում այդ ժամանակահատվածում հիմնովին վկայություն էր տրվել։ Այստեղ իրենց՝ ոգով օծված քրիստոնյաներ համարող անհատների թիվը աշխարհում ամենաբարձրներից էր։ Բայց հաջորդ տարիների ընթացքում նրանց անարատությունը լուրջ փորձության ենթարկվեց (Հայտն. 14։12)։
1933-ին Գերմանիայում իշխանությունները սկսեցին ավելի մեծ հակառակություն ցույց տալ Եհովայի վկաների գործունեության դեմ։ Գեստապոն պարբերաբար խուզարկում էր Վկաների տները և մասնաճյուղը։ Գերմանիայի երկրամասերի մեծ մասում արգելք դրվեց Վկաների գործունեության վրա, և ոմանք ձերբակալվեցին։ Տոննաներով Աստվածաշնչեր և աստվածաշնչյան գրականություն էին այրում հանրության առաջ։ 1935-ի ապրիլի 1-ին պետական օրենք ընդունվեց, որով արգելք դրվեց «Էրնստե Բիբելֆորշեր»-ի (Եռանդուն Աստվածաշունչ ուսումնասիրողներ, կամ՝ Եհովայի վկաներ) գործունեության վրա։ Նաև կազմակերպված ջանքեր էին գործադրվում նրանց ապրուստի միջոցներից զրկելու համար։ Հանգամանքներից ելնելով՝ Վկաները իրենց հանդիպումները սկսեցին անցկացնել փոքր խմբերով, նաև միջոցներ ձեռնարկեցին, որ Աստվածաշնչի ուսումնասիրության նյութերը պատրաստվեն այնպիսի տեսքով, որ գեստապոն չկարողանա ճանաչել դրանք, և սկսեցին ավելի աննկատ կերպերով քարոզել։
1925-ից ի վեր Իտալիայում եղբայրները ապրում էին ֆաշիստական դիկտատուրայի ներքո։ Իսկ 1929-ին կաթոլիկ եկեղեցու և ֆաշիստական պետության միջև ստորագրվել էր համաձայնագիր։ Ճշմարիտ քրիստոնյաներին անողոքաբար հալածում էին։ Ձերբակալումներից խուսափելու համար որոշ խմբեր հանդիպում էին գոմերում և մարագներում։ Այդ ժամանակ Իտալիայում Եհովայի վկաները թվով շատ քիչ էին։ Ուստի Թագավորության լուրը տարածելու նպատակով 1932-ին Շվեյցարիայից նրանց օգնելու եկան 20 Վկաներ, որոնք անցան Իտալիայի սահմանը և կայծակնային արագությամբ տարածեցին «Թագավորություն. աշխարհի հույսը» գրքույկի 300000 օրինակ։
Հեռավոր Արևելքում նույնպես ճնշումները մեծանում էին։ Ճապոնիայում Եհովայի վկաներին ձերբակալում էին։ Իսկ Սեուլում (այժմ գտնվում է Կորեայի Հանրապետությունում) և Փխենյանում (այժմ գտնվում է Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հանրապետությունում) իշխանությունները մեծ քանակությամբ աստվածաշնչյան գրականություն ոչնչացրին։
1935-ին, երբ հալածանքները գնալով սաստկանում էին, Եհովայի վկաները Աստվածաշնչից ավելի հստակ հասկացողություն ձեռք բերեցին Հայտնություն 7։9–17-ում նկարագրված «մեծ բազմության» մասին։ Դրա շնորհիվ նրանք հասկացան, որ պետք է կատարեն մի հրատապ գործ, որի մասին նախկինում պատկերացում անգամ չունեին (Ես. 55։5)։ Նրանք այլևս այն տեսակետը չունեին, թե այն բոլոր անհատները, ովքեր երկնային Թագավորության ժառանգների «փոքր հոտից» չէին, ապագայում ինչ-որ մի ժամանակ հնարավորություն կունենային իրենց կյանքը համապատասխանեցնել Եհովայի պահանջներին (Ղուկ. 12։32)։ Նրանք հասկացան, որ արդեն եկել է ժամանակը աշակերտներ պատրաստելու այդ մարդկանցից, որ նրանք կարողանան վերապրել կործանումից և մտնեն Աստծու նոր աշխարհ։ Նրանք չգիտեին, թե որքան էր տևելու մեծ բազմության անդամներին հավաքելու գործը, թեև հավատում էին, որ չար համակարգի վերջը շատ մոտ է։ Նրանք նաև չգիտեին, թե կոնկրետ ինչպես պետք է կատարվեր այդ գործը՝ գնալով տարածվող և սաստկացող հալածանքների ներքո։ Բայց մի բան նրանք հաստատ գիտեին. քանի որ «Եհովայի ձեռքը կարճ չէ», նա անպայման ճանապարհ կբացեր, որ նրանք կարողանային կատարել իր կամքը (Ես. 59։1)։
1935-ին ամբողջ աշխարհում Եհովայի վկաները թվով քիչ էին՝ ընդամենը 56153։
Այդ տարի նրանք քարոզում էին 115 երկրներում, բայց այդ երկրների գրեթե կեսում Վկաների թիվը տասի չէր հասնում։ Միայն երկու երկրում էր, որ 10000-ից ավելի ակտիվ Վկաներ կային (Միացյալ Նահանգներում կար 23808 քարոզիչ, իսկ Գերմանիայում, տվյալների համաձայն, կար մոտ 10000 քարոզիչ, մինչդեռ երկու տարի առաջ հաշվետվություն էր հանձնել 19268 քարոզիչ)։ Հետևյալ յոթ երկրներից յուրաքանչյուրում՝ Ավստրալիայում, Մեծ Բրիտանիայում, Կանադայում, Չեխոսլովակիայում, Ֆրանսիայում, Լեհաստանում և Ռումինիայում, ըստ հաշվետվության, կար 1000-ից ավելի, բայց 6000-ից քիչ Վկա։ 21 այլ երկրների հաշվետվությունը ցույց է տալիս, որ դրանցից յուրաքանչյուրում կար 100-ից մինչև 1000 Վկա։ Այդ տարի այս բոլոր երկրների նախանձախնդիր Վկաները 8161424 ժամ էին տրամադրել քարոզչական գործին՝ հռչակելով, որ Աստծու Թագավորությունը մարդկության միակ հույսն է։
1935-ին Եհովայի վկաները քարոզում էին վերոհիշյալ երկրներում, սակայն մինչ այդ բարի լուրը տարածվել էր նաև այլ վայրերում, այնպես որ Թագավորության լուրը հասել էր 149 երկրներ և կղզեխմբեր։
[մեջբերում 424-րդ էջի վրա]
Նույնիսկ բանտարկված ժամանակ քարոզելու առիթներ էին փնտրում
[մեջբերում 425-րդ էջի վրա]
Նրանք պատրաստ էին և ցանկանում էին շարունակել քարոզչությունը
[մեջբերում 441-րդ էջի վրա]
Քարոզում էին՝ չնայած քամուն, անձրևին և հոգևորականության թշնամանքին
[մեջբերում 442-րդ էջի վրա]
Մինչ «Էրնստե Բիբելֆորշեր»-ի գործունեության վրա արգելք կդրվեր, Գերմանիայում լայնածավալ վկայություն էր տրվել
[քարտեզ/նկարներ 423-րդ էջի վրա]
Մինչ աշխարհով մեկ մոլեգնում էր պատերազմը, Ռ. Ռ. Հոլիստերը և Ֆանի Մակենզին խաղաղության բարի լուր էին քարոզում Չինաստանում, Ճապոնիայում և Կորեայում
[քարտեզ]
(Ամբողջական պատկերի համար տե՛ս հրատարակությունը)
ԿՈՐԵԱ
ՃԱՊՈՆԻԱ
ՉԻՆԱՍՏԱՆ
ԽԱՂԱՂ ՕՎԿԻԱՆՈՍ
[քարտեզ 428-րդ էջի վրա]
(Ամբողջական պատկերի համար տե՛ս հրատարակությունը)
Քարտեզում նշված երկրներից արտագաղթած շատ մարդիկ, իմանալով Աստծու հիասքանչ նպատակների մասին, մղվեցին այդ լուրը քարոզելու իրենց հայրենիքում
ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ԵՎ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԱՄԵՐԻԿԱ
↓ ↓
ԱՎՍՏՐԻԱ
ԲՈՒԼՂԱՐԻԱ
ԿԻՊՐՈՍ
ՉԵԽՈՍԼՈՎԱԿԻԱ
ԴԱՆԻԱ
ՖԻՆԼԱՆԴԻԱ
ԳԵՐՄԱՆԻԱ
ՀՈՒՆԱՍՏԱՆ
ՀՈՒՆԳԱՐԻԱ
ԻՏԱԼԻԱ
ՆԻԴԵՐԼԱՆԴՆԵՐ
ՆՈՐՎԵԳԻԱ
ԼԵՀԱՍՏԱՆ
ՊՈՐՏՈՒԳԱԼԻԱ
ՌՈՒՄԻՆԻԱ
ԻՍՊԱՆԻԱ
ՇՎԵԴԻԱ
ՇՎԵՅՑԱՐԻԱ
ԹՈՒՐՔԻԱ
ՀԱՐԱՎՍԼԱՎԻԱ
[քարտեզ 432-րդ էջի վրա]
(Ամբողջական պատկերի համար տե՛ս հրատարակությունը)
1920-ականներին և 1930-ականներին բազմաթիվ քարոզիչներ Գերմանիայից տեղափոխվեցին այլ երկրներ՝ քարոզելու
ԳԵՐՄԱՆԻԱ
↓ ↓
ՀԱՐԱՎԱՅԻՆ ԱՄԵՐԻԿԱ
ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ԱՖՐԻԿԱ
ԱՍԻԱ
[քարտեզ/նկարներ 435-րդ էջի վրա]
Եռանդուն ռահվիրաներ Ֆրենկ Սմիթը ու նրա եղբայր Գրեյը (վերևի նկարում) քարոզում էին բարի լուրը Աֆրիկայի արևելյան ափին
[քարտեզ]
(Ամբողջակնա պատկերի համար տե՛ս հրատարակությունը)
ՈՒԳԱՆԴԱ
ՔԵՆԻԱ
ՏԱՆԶԱՆԻԱ
ՀԱՐԱՎԱՖՐԻԿՅԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
[քարտեզ/նկար 439-րդ էջի վրա]
1928-ին այս գրքույկը փոստով ուղարկվեց Հարավարևմտյան Աֆրիկայում (այժմ՝ Նամիբիա) ապրող մարդկանց
[քարտեզ]
(Ամբողջական պատկերի համար տե՛ս հրատարակությունը)
ՆԱՄԻԲԻԱ
[քարտեզ/նկարներ 440-րդ էջի վրա]
«Լուսակիր» նավով ճամփորդելով՝ եռանդուն ռահվիրաները Թագավորության լուրը տարածում էին Հարավարևելյան Ասիայում
[քարտեզ]
(Ամբողջական պատկերի համար տե՛ս հրատարակությունը)
ՄԱԼԱՅԱ
ԲՈՌՆԵՈ
ՍՈՒԼԱՎԵՍԻ
ՍՈՒՄԱՏՐԱ
ՃԱՎԱ
ԹԻՄՈՐ
ՆՈՐ ԳՎԻՆԵԱ
ԱՎՍՏՐԱԼԻԱ
ԽԱՂԱՂ ՕՎԿԻԱՆՈՍ
[նկարներ 426-րդ էջի վրա]
«Այժմ ապրող միլիոնավորներ երբեք չեն մահանալու» վերնագրով ելույթը լսեցին բազմաթիվ մարդիկ տարբեր երկրներում
[նկարներ 427-րդ էջի վրա]
Էդվին Սկոտը «Մարտահրավեր՝ աշխարհի կառավարիչներին» բանաձևի 50000 օրինակ բաժանեց Հարավաֆրիկյան Միությունում
[նկար 429-րդ էջի վրա]
Վիլի Ունգլաուբեն, արձագանքելով քարոզելու հրավերին, ծառայեց Եվրոպայում, Աֆրիկայում և Արևելքի երկրներում
[նկարներ 430-րդ էջի վրա]
Էրիկ Քուկը և նրա եղբայրը՝ Ջոնը (նստած է)։ 1992-ին նրանցից յուրաքանչյուրը արդեն 60 տարուց ավելի ծառայել էր լիաժամ։ Եվրոպայում և Աֆրիկայում բազում հետաքրքիր դեպքեր էին տեղի ունեցել նրանց ծառայության ժամանակ
[նկար 431-րդ էջի վրա]
Երբ 1926-ին Էդվին Սքիները մեկնեց Հնդկաստան, նշանակում ստացավ ծառայելու հինգ երկրներում, որտեղ հավատարմորեն ծառայեց 64 տարի
[նկար 433-րդ էջի վրա]
Ալֆրեդ և Ֆրիդա Տուչեկները, իրենց հետ տանելով անհրաժեշտ իրեր և գրականություն, ծառայում էին որպես ռահվիրա Հարավսլավիայում
[նկարներ 434-րդ էջի վրա]
«Աստվածաշունչ Բրաունը» Արևմտյան Աֆրիկայում նախանձախնդրորեն քողազերծում էր կեղծ կրոնը
[նկար 436-րդ էջի վրա]
Ջորջ Յանգը հռչակում էր Թագավորությունը Հարավային Ամերիկայում, Իսպանիայում և Պորտուգալիայում
[նկար 437-րդ էջի վրա]
Խուան Մունյիսը (ձախ կողմում) 1924-ից քարոզում էր Հարավային Ամերիկայում։ Ավելի քան 20 տարի անց նա դիմավորեց Ն. Հ. Նորին, որն առաջին անգամ էր այցելում Արգենտինա
[նկար 438-րդ էջի վրա]
Նիկոլաս Արխիրոսը ճշմարտությունը տարածեց Արգենտինայի պրովինցիաներից 14-ում
[նկարներ 439-րդ էջի վրա]
Ֆ. Ջ. Ֆրանսկեն, ճամփորդելով ցամաքով և ծովով, ճշմարտությունը հասցնում էր հեռավոր բնակավայրեր