Մարգարեությունների գիրք
Մարդկանց հետաքրքրում է ապագան։ Նրանք տարբեր հարցերին վերաբերվող հուսալի կանխատեսումների որոնումների մեջ են՝ սկսած եղանակի տեսությունից մինչև տնտեսական ցուցանիշները։ Սակայն հաճախ հիասթափություն են ապրում՝ այդ տեսությունների համաձայն գործելով։ Աստվածաշունչը բազում կանխատեսումներ կամ մարգարեություններ է պարունակում։ Որքանո՞վ են ճշգրիտ դրանք։ Իրո՞ք կանխավ գրի առնված իրադարձություններ են, թե՞ մարգարեություն ձևացող պատմություններ։
ԱՍՈՒՄ ԵՆ, թե հռոմեական քաղաքական գործիչ Կատոնը (մ.թ.ա. 234–149) հայտարարել է. «Զարմանում եմ, թե ինչպես գուշակը չի ծիծաղում՝ տեսնելով մեկ ուրիշ գուշակի»։1 Եվ իրո՛ք, այսօր շատերը թերահավատորեն են վերաբերվում բախտագուշակներին, աստղագուշակներին և այլ մարգարեների։ Շատ հաճախ նրանց գուշակությունները ձևակերպվում են անորոշ տերմիններով և զանազան մեկնաբանությունների առարկա դառնում։
Իսկ Աստվածաշնչի մարգարեություննե՞րը։ Ունե՞նք թերահավատության պատճառ, թե՞ վստահ լինելու հիմքեր գոյություն ունեն։
Պարզապես հիմնավորված ենթադրություններ չեն
Իրազեկ մարդիկ, հավանաբար, փորձում են աչքի ընկնող տենդենցներն օգտագործել ապագայի վերաբերյալ ստույգ ենթադրություններ անելու համար, սակայն նրանք միշտ չէ, որ ճիշտ են։ «Ապագա հարված» գրքում նշվում է. «Յուրաքանչյուր հասարակություն դիմագրավում է ոչ միայն սոսկ ենթադրյալ գալիքը, այլ՝ մի ամբողջ շարան ապագա հնարավոր իրադարձությունները, ինչպես նաև ցանկալի ապագայի շուրջ պայքարը»։ Այն ավելացնում է. «Իհարկե, ոչ ոք չի կարող ապագան «իմանալ» բացարձակ իմաստով։ Կարելի է միայն համակարգել, խորացնել մեր ենթադրությունները և փորձել հավանականություններ վերագրել դրանց»։2
Սակայն Աստվածաշնչի գրողները պարզապես «հավանականություններ» չեն «վերագրել» ապագայի մասին «ենթադրություններին»։ Եվ նրանց գուշակումները հնարավոր չէ մերժել որպես զանազան մեկնաբանությունների ենթակա անհասկանալի հայտարարություններ։ Ընդհակառակը, նրա մարգարեություններից շատերը հայտարարվել են արտակարգ պարզությամբ և արտասովոր կերպով ստույգ են եղել՝ շատ անգամ սպասելիքների ճիշտ հակառակը կանխատեսելով։ Որպես օրինակ վերցնենք հին Բաբելոնի մասին Աստվածաշնչի նախապես ասված խոսքերը։
‘Ավելվելու է կորստյան ավելով’
Հին Բաբելոնը դարձել էր «թագաւորութիւնների զարդը» (Եսայիա 13։19)։ Անկանոն փռված այս քաղաքը ստրատեգիական հաջող դիրք էր գրավում Պարսկական ծոցի և Միջերկրական ծովի միջև գտնվող առևտրական ճանապարհին՝ որպես կոմերցիոն պահեստ ծառայելով Արևելքի ու Արևմուտքի միջև կատարվող ծովային և ցամաքային առևտրի համար։
Բաբելոնը, հավանաբար, մինչև մ.թ.ա. յոթերորդ դարը բաբելոնյան տերության հզոր մայրաքաղաքն էր։ Քաղաքը փռված էր Եփրատ գետի ափերին, և գետի ջրերը գործածվում էին լայն ու խորը խրամներ և վանդակապատ ջրանցքների ցանց ստեղծելու համար։ Բացի այդ, քաղաքը պաշտպանվում էր կրկնակի պարսպի հսկայական շինությամբ՝ բազմաթիվ պաշտպանական աշտարակներով հիմնված։ Զարմանալի չէ, որ նրա բնակիչներն իրենց ապահով էին զգում։
Այնուամենայնիվ, մ.թ.ա. ութերորդ դարում, մինչ Բաբելոնի փառքն իր գագաթնակետին կհասներ, Եսայիա մարգարեն կանխագուշակեց, որ Բաբելոնը պիտի ավելվի «կորստեան աւելով» (Եսայիա 13։19; 14։22, 23)։ Եսայիան նաև նկարագրեց, թե ինչպես կկատարվի Բաբելոնի անկումը։ Զավթիչները ‘կցամաքեցնեն’ նրա գետերը՝ նրա խրամանման պաշտպանության աղբյուրը՝ դարձնելով քաղաքը խոցելի։ Եսայիան նույնիսկ տվեց նվաճողի անունը՝ Պարսից «Կյուրոս» Մեծ թագավոր, և թե պիտի բացվեն «նորա առաջին դռների փեղկերը, եւ դռները նորա առաջին չ’կապուին» (Եսայիա 44։27—45։2)։
Այս բոլորը համարձակ գուշակումներ էին։ Սակայն իրականացա՞ն արդյոք դրանք։ Պատասխան է տալիս պատմությունը։
«Առանց ճակատամարտի»
Եսայիայի մարգարեանալուց երկու դար անց, մ.թ.ա. 539–ի հոկտեմբերի 5–ի գիշերը, մարա–պարսկական զորքերը Կյուրոս Մեծի հրամանատարությամբ բանակ դրեցին Բաբելոնից ոչ հեռու։ Սակայն բաբելոնացիք ինքնավստահ էին։ Ըստ հույն պատմիչ Հերոդոտոսի (մ.թ.ա. հինգերորդ դար) նրանք բավարար պաշար ունեին առաջիկա տարիների համար։3 Նրանց պաշտպան էին նաև Եփրատ գետն ու Բաբելոնի վիթխարի պարիսպները։ Այնուամենայնիվ, հենց այդ գիշեր, ըստ «Նաբոնիտոսի տարեգրության», «Կյուրոսի զորքերը մտան Բաբելոն առանց ճակատամարտի»։4 Ինչպե՞ս դա հնարավոր եղավ։
Հերոդոտոսը բացատրում է, որ քաղաքի ներսում ժողովուրդը «պարում էր ու տոնախմբության մեջ էր»։5 Մինչդեռ դրսից Կյուրոսը փոխում էր Եփրատի ջրերի ընթացքը։ Երբ ջրի մակարդակն իջավ, զորքը՝ ջուրը մինչև ազդրերը, գետի հունով շարժվեց առաջ։ Նրանք շրջանցեցին բարձրաբերձ պարիսպները և ներս մտան այն մասով, որը Հերոդոտոսը կոչեց «գետի վրա բացվող դարպասներ»... դարպասներն անզգուշորեն բաց էին թողնված6 (համեմատեցե՛ք Դանիէլ 5։1—4; Երեմիա 50։24; 51։31, 32)։ Այլ պատմագիրներ, ինչպես Քսենոփոնը (մ.թ.ա. մոտ. 431–352), նաև հնագետների հայտնաբերած սեպագիր հուշատախտակները ևս ապացուցում են Բաբելոնի հանկարծակի անկումը Կյուրոսի ձեռքով։7
Այսպիսով, Բաբելոնի մասին Եսայիայի մարգարեությունը կատարվեց։ Գուցե ո՞չ։ Հնարավո՞ր է արդյոք, որ դա ոչ թե կանխագուշակություն եղած լինի, այլ՝ դեպքը տեղի ունենալուց հետո գրի առնված պատմություն։ Նույնը կարելի է ասել Աստվածաշնչի այլ մարգարեությունների մասին։
Մարգարեության քողի տակ պատմությո՞ւն
Եթե Աստվածաշնչի մարգարեները, այդ թվում նաև Եսայիան պարզապես փոխագրել էին պատմությունը այն որպես մարգարեություն ներկայացնելու համար, ապա այս մարդիկ ոչ այլ ինչ էին, եթե ոչ ճարպիկ խաբեբաներ։ Սակայն ի՞նչը պիտի դրդեր նրանց այդպիսի խաբեության։ Ճշմարիտ մարգարեները հոժարությամբ տեղեկացնում էին, որ չեն կաշառվում (Ա Թագաւորաց 12։3; Դանիէլ 5։17)։ Բացի այդ, արդեն ուշադրության ենք արժանացրել այն համոզիչ փաստը, որ Աստվածաշնչի գրողները (որոնցից շատերը մարգարեներ էին) վստահության արժանի մարդիկ են եղել, որոնք պատրաստակամորեն բացահայտել են նույնիսկ սեփական ծանր սխալները։ Անհավանական է, որ այդպիսի մարդիկ ընդունակ լինեին պատմությունը մարգարեության տակ քողարկելու մտածված խարդախության։
Ուշադրության արժանի ևս մեկ բան կա։ Աստվածաշնչի բազում մարգարեություններում բացահայտ մերկացվել են հենց իրենց մարգարեների ժողովրդի անդամները, այդ թվում նաև քահանաները և կառավարիչները։ Եսայիան, օրինակ, նկարագրեց իր օրերի իսրայելացիների բարոյական ողորմելի վիճակը՝ թե՛ առաջնորդների և թե՛ ժողովրդի (Եսայիա 1։2—10)։ Ուրիշ մարգարեներ ևս սաստիկ մերկացնում էին քահանաների մեղքերը (Սոփոնիա 3։4; Մաղաքիա 2։1—9)։ Դժվար է հասկանալ, թե ինչո՛ւ պիտի նրանք կտրուկ հանդիմանություններով լի մարգարեություն հորինեին սեփական ժողովրդի դեմ, և ինչո՛ւ պետք է քահանաները մասնակցություն ունենային այդ խարդախության մեջ։
Բացի այդ, ինչպե՞ս կարող էին այդ մարգարեները հաջողացնել այսպիսի կեղծիքը, եթե նրանք, կարելի է ասել, ընդամենը սրիկաներ էին։ Գրագիտությունը խրախուսված էր Իսրայելում։ Վաղ հասակից երեխաները գրել–կարդալ էին սովորում (Երկրորդ Օրինաց 6։6—9)։ Գրությունների անձնական ընթերցանությունը պարտադիր էր (Սաղմոս 1։2)։ Յուրաքանչյուր շաբաթ օր դրանց հանրային ընթերցանություն էր անկացվում ժողովարաններում (Գործք 15։21)։ Անհավանական է, որ Գրություններին լավատեղյակ գրագետ ժողովուրդը մոլորվեր այդ խաբեությամբ։
Եվ բացի դա, Բաբելոնի անկման վերաբերյալ Եսայիայի մարգարեությունը ևս մեկ երեսակ ունի։ Նա մի մանրամասնություն է պարունակում, որը պարզապես չէր կարող գրի առնված լինել կատարումից հետո։
«Նա երբէք.... չէ բնակուելու»
Ի՞նչ պիտի պատահեր Բաբելոնին նրա անկումից հետո։ Եսայիան մարգարեացել էր. «Նա երբէք չէ շէնանալու, եւ չէ բնակուելու ազգէ ազգ. եւ Արաբացին այնտեղ պիտի չ’կանգնեցնէ վրանը, եւ հովիւներն այնտեղ պիտի չ’նստեցնեն իրանց խաշինքը» (Եսայիա 13։20)։ Առանց չափազանցության՝ գուշակությունը, որ այդ բարենպաստ պայմաններում գտնվող քաղաքը պիտի հարատև ամայանար, տարօրինակ է թվում։ Կարո՞ղ էր Եսայիան իր խոսքերը գրի առնել այն ժամանակ, երբ արդեն տեսել էր անմարդաբնակ Բաբելոնը։
Կյուրոսի նվաճումից հետո բնակեցված Բաբելոնը՝ թեպետև աննշան, դեռ դարեր գոյատևեց։ Մտաբերեցեք, որ Մեռյալ ծովի մագաղաթների մեջ կար Եսայիայի ամբողջ գրքի ընդօրինակումը, որը պատկանում էր մ.թ.ա. երկրորդ դարին։ Մագաղաթի ընդօրինակման ժամանակ Բաբելոնի վրա իշխում էին պարթևները։ Մ.թ. առաջին դարում Բաբելոնում հրեա բնակչություն կար, որոնց այցելություն կատարեց Աստվածաշնչի գրողներից մեկը՝ Պողոսը (Ա Պետրոս 5։13)։ Այդ ժամանակ Մեռյալ ծովի Եսայիայի մագաղաթը գոյություն ուներ արդեն երկու դար։ Ուստի մ.թ. առաջին դարում Բաբելոնը դեռևս ամբողջովին ամայացած չէր, չնայած Եսայիայի գրքի գրությունն ավարտվել էր դրանից շատ առաջ։a
Ինչպես կանխագուշակվել էր, Բաբելոնն ի վերջո «փլատակներ» դարձավ (Երեմիա 51։37)։ Ըստ հրեագետ Յերոմիոսի (մ.թ. չորրորդ դար) Բաբելոնն իր օրերին որսատեղի էր վերածվել, որտեղ «ամեն տեսակի գազաններ» էին թափառում։9 Մինչև այսօր Բաբելոնը մնում է այդպես ամայի։
Եսայիան ականատես չի եղել Բաբելոնի ամայացմանը։ Սակայն այդ հզոր քաղաքի ավերակները, որոնք գտնվում են ներկայիս Իրաքի տարածքում՝ Բաղդադից դեպի հարավ ութսուն կիլոմետր հեռավորության վրա, լուռ վկայություն են տալիս նրա խոսքերի իրականացման մասին, թե՝ «նա երբէք... չէ բնակուելու»։ Բաբելոնի ցանկացած վերականգնումը նրան լոկ տեսարժան վայր կդարձնի զբոսաշրջիկների համար, սակայն նրա «զաւակն ու սերունդը» վաղուց արդեն անցյալի գիրկն են անցել (Եսայիա 13։20; 14։22, 23)։
Այսպիսով, Եսայիա մարգարեն ինչ–որ անորոշ կանխագուշակություններ չկատարեց, որոնք կարող էին համապատասխանել ցանկացած ակնկալվելիք դեպքի։ Նրա գրի առածը, նաև, մարգարեության տակ քողարկված պատմություն չէր։ Մտածեցե՛ք այդ մասին. ինչո՞ւ պետք է մի ինչ–որ խաբեբա խիզախեր «մարգարեանալ» մի բան, որի վրա նա բացարձակապես ոչ մի ազդեցություն չէր կարող ունենալ՝ այն է, թե հզոր Բաբելոնը չի վերաբնակվելու։
Բաբելոնի անկման մասին այս մարգարեությունն Աստվածաշնչից բերված միայն մեկ օրինակ է։b Նրա մարգարեությունների կատարումը շատ մարդկանց բերում է այն համոզման, որ Աստվածաշունչը գերմարդկային աղբյուրի արդյունք է։ Հավանաբար կհամաձայնվեք, որ մարգարեությունների այս գիրքն, առնվազն, ուսումնասիրության արժանի է։ Պարզ է մի բան՝ հսկայական տարբերություն գոյություն ունի ներկայիս գուշակների անորոշ, սենսացիոն կանխագուշակությունների և Աստվածաշնչի հստակ, սթափ և յուրահատուկ մարգարեությունների միջև։
[Ծանոթագրություններ]
a Շատ ավելի վաղ, քան մ.թ. առաջին դարը, Եբրայերեն գրությունների գրքերի, այդ թվում նաև Եսայիայի գրքի գրված լինելու ծանրակշիռ փաստեր կան։ Պատմագիր Հովսեպոսը (մ.թ. առաջին դար) նշել է, որ Եբրայերեն գրությունների կանոնը սահմանվել էր իր օրերից շատ առաջ։8 Բացի այդ Եբրայերեն գրությունների հունարեն թարգմանությունը՝ «Յոթանասնից», սկսվել էր մ.թ.ա. երրորդ դարում և ավարտվել մ.թ.ա. երկրորդում։
b Աստվածաշնչի մարգարեությունների հավելյալ քննարկումների և դրանց կատարումները հաստատող պատմական փաստերի համար հաճեցե՛ք կարդալ «Նյու Յորքի Աստվածաշնչի և գրքույկի Դիտարան ընկերության» հրատարակած «Աստուածաշունչը Աստուծո՞յ Խօսքն է, թէ՝ Մարդոց» գրքի 117–133 էջերը։
[Ներդիր 28–րդ էջի վրա]
Աստվածաշնչի գրողները ճշտապահ մարգարենե՞ր էին, թե՞ ճարպիկ խաբեբաներ
[Նկարազարդում 29–րդ էջի վրա]
Հին Բաբելոնի ավերակները