Գլուխ տասնմեկերորդ
Ձեր կյանքը լցրեք մնայուն իմաստով
Որտեղ էլ որ ապրելիս լինենք, ամենուր լսում ենք գիտական նոր հայտնագործությունների մասին։ Կենսաբանները, օվկիանագետները և գիտության այլ բնագավառներում աշխատող գիտնականները շարունակ ավելացնում են մեր մոլորակի և նրա վրա գոյություն ունեցող կյանքի մասին մարդկային գիտելիքները։ Մեկ այլ ոլորտում ուսումնասիրություններով զբաղվող աստղագետները և ֆիզիկոսները ավելի ու ավելի շատ բան են իմանում մեր Արեգակնային համակարգի, աստղերի և նույնիսկ հեռավոր գալակտիկաների մասին։ Ի՞նչ են ցույց տալիս այս ամենը։
Խորագետ շատ մարդիկ համաձայն են հնում ապրած Դավիթ թագավորի խոսքերի հետ. «Երկինքները պատմում են Աստուծոյ փառքը, եւ հաստատութիւնը իմացնում է նորա ձեռքի գործքերը» (Սաղմոս 19։1)։ Ճիշտ է, ոմանք կարող են չհամաձայնվել կամ էլ ասել, որ համոզված չեն Արարչի գոյության հարցում։ Բայց, արդյոք, այս գրքում ներկայացված ապացույցները բավարար հիմքեր չե՞ն տալիս՝ հավատալու, որ Ստեղծիչը գոյություն ունի, և նա է մեր Տիեզերքի ու կյանքի հեղինակը։
«Արդարև, աշխարհի ստեղծումից ի վեր Աստծու աներևույթ հատկանիշները, այսինքն՝ նրա մշտնջենավոր զորությունն ու աստվածությունը իմացվում և տեսնվում են ստեղծագործության միջոցով, և սա նրա համար, որպեսզի մարդիկ որևէ արդարացում չունենան» (Հռովմայեցիս 1։20, ԱՆԹ)։ Նախորդ գլուխներում եղած նյութի քննարկումից հետո ավելի հեշտ է տեսնել «Աստծու աներևույթ հատկանիշները»։ Բայց և այնպես, նյութական արարչագործության մեջ Ստեղծիչի հատկությունների արտացոլանքը տեսնելը մեզ համար վերջնական նպատակակետ չպետք է լինի։ Ինչո՞ւ։
Բազմաթիվ գիտնականներ ինքնամոռաց կերպով իրենց նվիրում են Տիեզերքն ուսումնասիրելուն, սակայն դա նրանց չի բավարարում, չի օգնում գտնել կյանքի մնայուն իմաստը։ Ֆիզիկոս Ստիվեն Վայնբերգը գրել է. «Թվում է՝ որքան ավելի ենք ըմբռնում Տիեզերքը, այնքան քիչ ենք հասկանում նրա գոյության իմաստը»։ Այդ հարցի շուրջը աստղագետ Ալան Դրեսլերի տեսակետը, որի մասին գրում է «Թայմզ» ամսագիրը, հետևյալն է. «Երբ հետազոտողներն ասում են, որ տիեզերաբանությունը բացահայտում է Աստծո «միտքը» կամ «ձեռագիրը», նրանք աստվածային ուժին վերագրում են այն, ինչը վերջին հաշվով Տիեզերքի նվազ կարևոր երեսակն է, որն է՝ նրա ֆիզիկական կառուցվածքը»։ Դրեսլերը նշել է, որ հասկանալը, թե ինչո՛ւ մարդիկ գոյություն ունեն, ավելի կարևոր է։ Նա ասել է. «Մարդիկ հրաժարվեցին այն հնացած կարծիքից, որ իրենք ապրում են [ֆիզիկական] Տիեզերքի ուղիղ կենտրոնում, սակայն նրանց հարկավոր է վերադառնալ այն համոզմունքին, որ կյանքի իմաստի հարցում գլխավոր տեղն իրենց է պատկանում»։
Պարզ է, որ մեզանից յուրաքանչյուրին պետք է խիստ հետաքրքրի, թե ո՛րն է մեր գոյության իմաստը։ Մեր կյանքը չի իմաստավորվի զուտ այն մտքից, որ գոյություն ունի Ստեղծիչ կամ Մեծ Կոնստրուկտոր, և որ մենք կախված ենք նրանից։ Պատճառն այն է, որ կյանքը խիստ կարճ է թվում։ Ուիլյամ Շեքսպիրի հերոսներից մեկի՝ Մակբեթ թագավորի արտասանած խոսքերն ամբողջապես տալիս են շատերի ապրած զգացումների նկարագրությունը.
«Կյանքը մի քայլող ստվեր է միայն,
Մի խեղճ դերասան, որ բեմի վրա իր ժամին փքվում
Եվ բորբոքվում է, և այնուհետև ձայնը չէ լսվում.
Մի հեքիաթ է նա, հիմարի պատմած,
Լցված շառաչով և կատաղությամբ, առանց իմաստի»։
(«Մակբեթ», արարված չորրորդ, տեսարան հինգերորդ)
Ամենուրեք մարդիկ համամիտ են շատերին քաջածանոթ այս խոսքերի հետ, բայց բավական է դժբախտությունը վրա հասնի, օգնության համար Աստծուն են աղաղակում։ Հնում ապրած Եղիուս անունով մի իմաստունի խոսքերն այսպես են հնչում. «Հարստահարութիւնների շատութիւնից կ’աղաղակեն, կ’բողոքեն.... Բայց մէկը չէ ասում. Ո՞ւր է ինձ ստեղծող Աստուածը.... Որ մեզ երկրի անասուններից աւելի գիտուն եւ երկնքի թռչուններից աւելի իմաստուն է անում» (Յոբ 35։9–11)։
Եղիուսի խոսքերը մատնացույց են անում այն բանը, որ կյանքի իրական իմաստը կենտրոնացած չէ մեր՝ մարդ արարածներիս վրա։ Ամեն ինչի իմաստը կենտրոնանում է մեր Մեծ Արարչի շուրջը, և, հետևաբար, մեր գոյության իրական իմաստը ընդմիշտ Ստեղծիչի հետ է կապված և նրանից է կախված։ Կյանքի իմաստը գտնելու և դրանից խորը բավարարվածություն ստանալու համար հարկավոր է ճանաչել Ստեղծիչին և մեր կյանքը նրա կամքի հետ ներդաշնակեցնել։
Դարձեք դեպի Ստեղծիչը
Մովսեսը դարձավ դեպի Ստեղծիչը։ Նայելով իրականության աչքերի մեջ՝ նա ընդունեց. «Մեր տարիների օրերը եօթանասուն տարի են, եւ եթէ զօրութիւնով ութսուն տարի էլ լինին, նորանց փառքն աշխատանք է եւ ցաւ»։ Այս փաստը չկոտրեց Մովսեսի ոգին և հոռետեսությամբ չպատեց նրան, այլ օգնեց գիտակցել, թե որքան կարևոր է դառնալ դեպի Ստեղծիչը. Նա աղոթեց. «Սովորեցրու մեզ, որ այնպէս համարենք մեր օրերը, որ իմաստուն սիրտ ընդունենք։ Կշտացրու մեզ առաւօտանց քո ողորմութիւնովը որ ցնծանք եւ ուրախ լինինք մեր ամեն օրերումը։ Եւ մեր Աստուծոյ վայելչութիւնը լինի մեզ վերայ» (Սաղմոս 90։10, 12, 14, 17)։
«Կշտացրու մեզ առաւօտանց»։ «Ուրախ լինինք մեր ամեն օրերումը»։ «Աստուծոյ վայելչութիւնը լինի մեզ վերայ»։ Այս խոսքերը չե՞ն հուշում արդյոք այն մասին, որ դրանք արտասանողը գտել է կյանքի իմաստը՝ այն իմաստը, որը հաճախ մարդիկ չեն նկատում։
Ձգտելով գտնել մեր տեղը Ստեղծիչի առաջ՝ մենք կարևոր քայլ ենք կատարում կյանքի իմաստի որոնումների ճանապարհին։ Դրանում ինչ–որ չափով օգնում են Տիեզերքի մասին շարունակ աճող գիտելիքները։ Դավիթը դիմել էր Եհովային. «Երբոր տեսնում եմ քո երկինքը, քո մատների գործը՝ լուսինն ու աստղերը, որ դու հաստատեցիր, ի՞նչ է մարդը որ դու յիշում ես նորան, եւ մարդի որդին, որ դու խնամք ես տանում նորա համար» (Սաղմոս 8։3, 4)։
Սակայն բավական չէ ընդունել, որ Եհովան ստեղծել է Արեգակը, Լուսինն ու աստղերը և, այնուհետև, իր առատ բազմազանությամբ Երկրի վրա գոյություն ունեցող կյանքը (Նէեմիա 9։6; Սաղմոս 24։2; Եսայիա 40։26; Երեմիա 10։10, 12)։ Ինչպես արդեն իմացանք, Եհովայի անզուգական անունը ցույց է տալիս, որ նա նպատակի տեր Աստված է և սեփական կամքը մինչև վերջ իրագործելու մեջ միակն է։
Եսայիան գրեց. «Նա է Աստուած, որ կազմեց երկիրը, եւ արաւ նորան՝ հաստատեց նորան. նորան չ’ստեղծեց դարտակ, այլ բնակուելու համար ստեղծեց նորան»։ Ապա մեջբերեց Եհովայի խոսքերը. «Ես եմ Եհովան, եւ ուրիշը չ’կայ» (Եսայիա 45։18)։ Ավելի ուշ Պողոսն իր և իր քրիստոնյա հավատակիցների մասին ասաց. «Նրա արարածներն ենք՝ Քրիստոս Յիսուսով ստեղծուածներ բարի գործերի համար»։ Այդ «բարի գործերից» հիմնականն այն է, որ հռչակենք «Աստծու բազմապատիկ իմաստութիւնը, նրա յաւիտենական նախասահմանութեան [«նպատակի», ՆԱ] համաձայն» (Եփեսացիս 2։10; 3։8–11)։ Մենք կարող ենք, և մեզ պետք է փոխհարաբերություններ զարգացնել Ստեղծիչի հետ՝ ձգտելով ճանաչել նրա նպատակը և այդ նպատակի հետ ներդաշնակ վարվել (Սաղմոս 95։3–6)։
Այն իրողության գիտակցումը, որ գոյություն ունի հոգատար Ստեղծիչ, մեզ պետք է մղի, որպեսզի քայլեր ձեռնարկենք։ Տեսնենք, թե ինչպես է նման գիտակցումը կապված ուրիշների հանդեպ ունեցած մեր վերաբերմունքի հետ։ «Աղքատին նեղողը նորա Արարչին է անարգում. բայց Նորան պատուողը տնանկին կ’ողորմէ»։ «Մի՞թէ մէկ Աստուած չէ ստեղծել մեզ. ինչո՞ւ համար է ուրեմն նենգութիւն անում ամեն մարդ իր եղբօրը» (Առակաց 14։31; Մաղաքիա 2։10)։ Հետևաբար՝ Ստեղծիչի գոյության գիտակցումը պետք է մեզ մղի ավելի շատ հոգալ նրա մյուս արարածների մասին։
Մենք այս հարցում անօգնական թողնված չենք. Ստեղծիչը կարող է մեզ օգնել։ Թեև Եհովան այժմ Երկրի վրա ոչ մի նոր բան չի ստեղծում, սակայն, կարելի է ասել, արարում է մեկ այլ իմաստով։ Նա եռանդորեն և արդյունավետ կերպով օգնում է իր առաջնորդությունը փնտրող մարդկանց։ Մեղանչելուց հետո Դավիթը խնդրեց. «Սուրբ սիրտ ստեղծիր ինձանում, ով Աստուած, եւ ուղիղ հոգի նորոգիր իմ ներսումը» (Սաղմոս 51։10; 124։8)։ Աստվածաշունչը հորդորում է քրիստոնյաներին ‘հեռու վանել հին մարդուն’, որը ձևավորվել է շրջապատող աշխարհի ազդեցության տակ, և ‘հագնել նոր մարդը, որ ստեղծված է ըստ Աստծո’ (Եփեսացիս 4։22–24)։ Այո՛, Եհովան կարող է մարդկանց մեջ այլաբանական նոր սիրտ ստեղծել՝ օգնելով նրանց զարգացնել այնպիսի հատկություններ, որոնք իր ունեցած հատկությունների արտացոլումն են։
Սրանք միայն առաջին քայլերն են։ Հարկավոր է շարունակ առաջ շարժվել։ Դիմելով մի խումբ կրթված աթենացիների՝ Պողոսն ասաց. «Աստուած, որ ստեղծեց այս աշխարհը եւ այն ամէնը, որ նրա մէջ կայ, ....հաստատեց նախակարգեալ ժամանակները.... որ փնտռեն իրեն ու խարխափելով թերեւս գտնեն նրան. թէեւ նա մեզանից իւրաքանչիւրիցս հեռու չէ» (Գործք 17։24–27)։
Կյանքի իմաստը մեր առջև բացվում է գիտության շնորհիվ
Մեր քննարկածից արդեն պարզ պիտի դառնա, որ ֆիզիկական ստեղծագործությունների և իր ներշնչված Խոսքի միջոցով Ստեղծիչն իր մասին բավական տեղեկություններ է տալիս։ Նա մեզ կոչ է անում խորացնել մեր գիտելիքներն ու հասկացողությունը և նույնիսկ կանխագուշակում է այնպիսի ժամանակներ, երբ «երկիրը լիքն է լինելու Տիրոջ գիտութիւնովը, ինչպէս որ ջուրերը ծածկում են ծովը» (Եսայիա 11։9; 40։13, 14)։
Ստեղծիչը չի ցանկանում, որ մեր սովորելու ու զարգանալու հնարավորությունը սահմանափակվի ընդամենը յոթանասուն–ութսուն տարվա կյանքով։ Դա պարզ երևում է Հիսուսի արտասանած ամենահայտնի խոսքերից մեկում. «Աստուած այնքան սիրեց աշխարհը, որ մինչեւ իսկ իր միածին Որդուն տուեց, որպէսզի, ով նրան հաւատում է, չկորչի, այլ ընդունի յաւիտենական կեանքը» (Յովհաննէս 3։16)։
«Յաւիտենական կեանք». սա հեքիաթ չէ։ Ընդհակառակը՝ անվերջ կյանքի գաղափարը համապատասխանում է այն ամենին, ինչը որ Ստեղծիչն առաջարկել էր մեր նախածնողներին՝ Ադամին ու Եվային։ Այն համապատասխանում է մեր գլխուղեղի կառուցվածքի և նրա հնարավորությունների մասին եղած գիտական տվյալներին. ինչպես նաև համընկնում է նրան, ինչը սովորեցրեց Հիսուս Քրիստոսը։ Մարդու հավիտյան ապրելու հնարավորությունը Հիսուսի ազդարարած լուրի հիմնական միտքն է։ Իր առաքյալների հետ Երկրի վրա անցկացրած վերջին գիշերը Հիսուսն ասաց. «Յաւիտենական կեանքը այս է. որ ճանաչեն քեզ միակ ճշմարիտ Աստուած, նաեւ Յիսուս Քրիստոսին, որ դու ուղարկեցիր» (Յովհաննէս 17։3)։
Ինչպես խոսվեց նախորդ գլխում, միլիոնավոր մարդկանց համար հավիտենական կյանքի մասին Հիսուսի տված խոստումը ի կատար կածվի այստեղ՝ երկրի վրա։ Ինչ խոսք, նման հույսով մարդու կյանքը կարող է խորը իմաստով լցվել։ Այդ հույսի մեջ պարփակվում է նաև Ստեղծիչի հետ փոխհարաբերություններ զարգացնելը։ Այդպիսի փոխհարաբերությունները այժմ արդեն հավիտենական կյանքին հասնելու հիմքն են դնում։ Պատկերացրեք, թե ի՜նչ հեռանկարներ ձեր առաջ կբացի այդ կյանքը. հնարավորություններ՝ սովորելու, հետազոտելու, նորանոր զգացումներ ունենալու, և այս ամենն առանց որևէ խոչընդոտների, որոնք կարող էին դնել հիվանդություններն ու մահը (համեմատեք Եսայիա 40։28)։ Ինչո՞վ կկարողանայիք զբաղվել, կամ ի՞նչ կցանկանայիք անել այդ ժամանակ։ Դուք ավելի լավ գիտեք, թե ի՛նչ է ձեզ հետաքրքրում, ձեր ո՛ր ընդունակությունն եք երազում դրսևորել և ո՛ր հարցերի պատասխաններն եք ցանկանում ստանալ։ Ձեր այս ձգտումներն իրականացնելու հնարավորությունը ավելի կիմաստավորի ձեր կյանքը։
Պողոսը բոլոր պատճառներն ուներ սպասելու մինչև այն ժամանակը, երբ «ստեղծուածներն իրենք էլ ազատուեն ապականութեան ծառայութիւնից՝ Աստծու որդիների փառքի ազատութեան հասնելու համար» (Հռովմայեցիս 8։21)։ Այդ ազատությանը հասնողներն արդեն հիմա են սկսում ճանաչել կյանքի իրական իմաստը և ապագայում էլ հավիտյան իմաստալից կյանք կվարեն՝ փառք բերելով Աստծուն (Յայտնութիւն 4։11)։
Համայն աշխարհում Եհովայի վկաները վաղուց արդեն ուսումնասիրում են կյանքի իմաստի խնդիրը։ Նրանք համոզված են, որ կա Ստեղծիչ, որը հոգ է տանում մարդկանց մասին։ Վկաները սիրով օգնում են ուրիշներին, որպեսզի նրանք ևս գտնեն կյանքի իրական, հիմնավորված իմաստը։ Դուք էլ կարող եք նրանց հետ միասին այդ հարցի շուրջը խորհել։ Նման խորհրդածությունը ձեր կյանքը կլցնի մնայուն իմաստով։
[185–րդ էջի վրայի շրջանակը]
Աստված՝ ի՞նչ իմաստով
«Գիտնականները և այլոք երբեմն Աստված բառը գործածում են այնպիսի վերացական և հեռու մի բանի իմաստով, որ Նա գրեթե նույնացվում է բնության օրենքների հետ»,— գրում է Նոբելյան մրցանակի դափնեկիր Սթիվեն Վայնբերգը հիմնական փոխազդեցությունների վերաբերյալ իր աշխատությունում։ Նա ավելացնում է. «Ինձ թվում է, որ «Աստված» բառը իմաստ ունի միայն այն դեպքում, եթե դրա տակ հասկացվում է Աստված, ստեղծիչ և օրենսդիր, որը ոչ միայն Տիեզերքի և բնության օրենքներն է սահմանել, այլ նաև՝ բարու և չարի. պետք է պատկերացնել ոմն անձնավորության, ում մտահոգում են մեր արարքները, այլ խոսքերով՝ անձնավորության, որն արժանի է մեր երկրպագությանը.... Պատմության ընթացքում մարդիկ հենց այդպիսի Աստծո կարիքն են զգացել» («Dreams of a Final Theory»)։
[Նկար 187–րդ էջի վրա]
Մովսեսը գիտակցում էր, որ անկախ այն բանից, թե որքան երկար կապրեն մարդիկ, կյանքի իրական իմաստը միշտ էլ կապված է Ստեղծիչի հետ
[Նկար 190–րդ էջի վրա]
Կյանքի մնայուն իմաստի ըմբռնումն անսահման հեռանկարներ է բացում մարդկության առջև