ԳԼՈՒԽ 15
Աստվածապետական կարգին հնազանդվելը օգուտներ է բերում
ԵԹԵ ցանկանում ենք կազմակերպված լինել Եհովայի կամքը կատարելու համար, շատ կարևոր է, որ հնազանդվենք նրան որպես Գերիշխանի։ Անհրաժեշտ է նաև ընդունել այն գլխավորությունը, որ նրա Որդին ունի քրիստոնեական ժողովում, և կյանքի տարբեր ոլորտներում հնազանդվել գլխավորության սկզբունքին։ Աստվածապետական կարգին հնազանդվելը օգուտներ է բերում բոլորիս։
2 Իշխանությանը հնազանդվելու սկզբունքը հաստատվեց դեռևս Եդեմի պարտեզում։ Այդ միտքն արտահայտված է Ծննդոց 1։28 և 2։16, 17 համարներում արձանագրված Աստծու պատվիրաններում։ Կենդանիները պետք է ենթարկվեին մարդկանց, իսկ Ադամն ու Եվան պետք է հնազանդվեին Աստծու կամքին և իշխանությանը։ Աստծու իշխանությանը հնազանդվելու շնորհիվ ամենուրեք խաղաղություն և կարգուկանոն կտիրեր։ Հետագայում գլխավորության սկզբունքը ընդգծվեց 1 Կորնթացիներ 11։3 համարում։ Պողոս առաքյալը գրեց. «Ուզում եմ՝ իմանաք, որ ամեն տղամարդու գլուխը Քրիստոսն է, կնոջ գլուխը տղամարդն է, իսկ Քրիստոսի գլուխը՝ Աստված»։ Այս համարը ցույց է տալիս, որ բացի Եհովայից, բոլորը պետք է հնազանդվեն գլխավորության սկզբունքին։
3 Այսօր շատերը չեն ընդունում գլխավորության սկզբունքը։ Ինչո՞ւ։ Խնդիրը ծագեց Եդեմում, երբ մեր նախածնողները գիտակցաբար չցանկացան հնազանդվել Աստծու գերիշխանությանը (Ծննդ. 3։4, 5)։ Սակայն այդպես նրանք ավելի մեծ ազատություն չստացան, այլ դարձան չար ոգեղեն արարածի՝ Սատանայի հպատակները։ Առաջին ըմբոստությունը մարդկությանը հեռացրեց Աստծուց (Կող. 1։21)։ Դրա հետևանքով այսօր մարդկության մեծ մասը շարունակում է մնալ այդ չար անձնավորության իշխանության տակ (1 Հովհ. 5։19)։
4 Սովորելով Աստծու Խոսքի ճշմարտությունը և ապրելով դրա համաձայն՝ մենք ազատվել ենք Սատանայի իշխանությունից։ Որպես նվիրված և մկրտված Վկաներ՝ ընդունում ենք, որ Եհովան մեր Գերիշխանն է։ Մենք համաձայն ենք Դավիթ թագավորի խոսքերին, որն ընդունում էր Եհովային «իբրև գլուխ» (1 Տար. 29։11)։ Այո՛, մենք խոնարհաբար ասում ենք. «Իմացե՛ք, որ Եհովան է Աստված։ Նա՛ է ստեղծել մեզ, և ոչ թե մենք մեզ։ Մենք նրա ժողովուրդն ենք և նրա արոտի ոչխարները» (Սաղ. 100։3)։ Մենք գիտակցում ենք, որ Եհովան փառահեղ Աստված է և արժանի է, որ ամբողջովին իրեն հնազանդվենք, քանի որ նա է ամեն բանի Արարիչը (Հայտն. 4։11)։ Որպես ճշմարիտ Աստծու ծառաներ՝ մենք հետևում ենք Հիսուս Քրիստոսին, որը Աստծուն հնազանդվելու հարցում կատարյալ օրինակ թողեց։
5 Ի՞նչ սովորեց Հիսուսը իր երկրային կյանքի ընթացքում կրած փորձություններից։ Պատասխանը գտնում ենք Եբրայեցիներ 5։8-ում. «Թեև Որդի էր, սակայն իր կրած չարչարանքներից հնազանդություն սովորեց»։ Նույնիսկ ծանր հանգամանքներում նա հավատարմորեն հնազանդվեց իր երկնային Հորը։ Դեռ ավելին, Հիսուսը իր նախաձեռնությամբ ոչինչ չարեց։ Նա ինքն իրենից չխոսեց ու ոչ էլ իր սեփական փառքը փնտրեց (Հովհ. 5։19, 30; 6։38; 7։16–18)։ Իր ծառայության ընթացքում նա մեծ ուրախություն էր ստանում իր Հոր կամքը կատարելուց, թեև այդպես վարվելով՝ բախվում էր հակառակությունների ու հալածանքների (Հովհ. 15։20)։ Հիսուսը հնազանդություն դրսևորեց Աստծու հանդեպ ու «խոնարհեցրեց իրեն և հնազանդ եղավ մինչև մահ, այն էլ մահ տանջանքի ցցի վրա»։ Եհովայի հանդեպ Հիսուսի լիակատար հնազանդությունը արժեքավոր էր շատ առումներով. այն հավիտենական փրկության հնարավորություն տվեց ողջ մարդկությանը, արժանացրեց Հիսուսին բարձր դիրքի և փառք բերեց նրա Հորը (Փիլիպ. 2։5–11; Եբր. 5։9)։
ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐ, ՈՐՈՆՑՈՒՄ ՊԵՏՔ Է ՀՆԱԶԱՆԴՎԵԼ ԱՍՏՎԱԾԱՊԵՏԱԿԱՆ ԿԱՐԳԻՆ
6 Երբ հնազանդվում ենք Աստծուն՝ կատարելով նրա կամքը, մենք հեռու ենք մնում բազում մտահոգություններից և հիասթափություններից, որոնցից զերծ չեն նրանք, ովքեր մերժում են հնազանդվել Եհովայի գերիշխանությանը։ Մեր հակառակորդը՝ Սատանան, շարունակ առիթներ է փնտրում, որպեսզի մեզ կործանի։ Մենք կազատվենք այդ չար անձնավորությունից, եթե հակառակվենք նրան և խոնարհեցնենք մեզ Եհովայի առաջ՝ պատրաստակամորեն հնազանդվելով նրան (Մատթ. 6։10, 13; 1 Պետ. 5։6–9)։
7 Մենք ընդունում ենք քրիստոնեական ժողովում Քրիստոսի գլխավորությունը, նաև այն իշխանությունը, որ նա տվել է «հավատարիմ և իմաստուն ծառային»։ Այս բանի գիտակցումը ազդում է միմյանց հանդեպ ունեցած մեր վերաբերմունքի և վարքի վրա։ Ժողովում աստվածահաճո հնազանդություն դրսևորելը մեզ կմղի հնազանդ լինելու Աստծու Խոսքին այն բոլոր բնագավառներում, որոնք առնչվում են մեր երկրպագությանը։ Այդ հնազանդությունը ներառում է մեր ծառայությունը, ժողովի հանդիպումներին ներկա լինելը և մասնակցելը, ինչպես նաև երեցների հետ համագործակցելն ու կազմակերպչական հրահանգներին հետևելը (Մատթ. 24։45–47; 28։19, 20; Եբր. 10։24, 25; 13։7, 17)։
8 Աստծու հանդեպ հնազանդություն դրսևորելը նպաստում է քրիստոնեական ժողովի խաղաղությանն ու կարգուկանոնին։ Եհովայի ծառաները արտացոլում են նրա սքանչելի հատկությունները (1 Կորնթ. 14։33, 40)։ Լինելով Եհովայի կազմակերպության մի մասը՝ մենք մղվում ենք արտահայտելու միևնույն զգացումները, որ ուներ Դավիթ թագավորը։ Նշելով, թե ինչպիսի ցայտուն տարբերություն կա Եհովայի ծառաների և ամբարիշտ մարդկանց միջև՝ Դավիթը ուրախությամբ բացականչեց. «Երջանիկ է այն ժողովուրդը, որի Աստվածը Եհովան է» (Սաղ. 144։15)։
9 Ամուսնական և ընտանեկան կառույցում «կնոջ գլուխը տղամարդն» է։ Տղամարդիկ պետք է հնազանդվեն Քրիստոսին, իսկ վերջինիս Գլուխն Աստված է (1 Կորնթ. 11։3)։ Կանայք պետք է հնազանդվեն իրենց ամուսիններին, իսկ երեխաները՝ ծնողներին (Եփես. 5։22–24; 6։1)։ Երբ ընտանիքի յուրաքանչյուր անդամ հետևում է գլխավորության սկզբունքին, ընտանիքում խաղաղություն է տիրում։
10 Ամուսինը իր գլխավորությունը գործի է դնում սիրով՝ ընդօրինակելով Քրիստոսին (Եփես. 5։25–29)։ Երբ նա չի չարաշահում իր գլխավորությունը կամ չի հրաժարվում իր պարտականությունները կատարելուց, ապա կինն ու երեխաները հաճույքով են հնազանդվում նրան։ Կնոջ դերն է լինել ամուսնու օգնականը, կամ՝ լրացումը (Ծննդ. 2։18)։ Համբերատարությամբ աջակցելով իր ամուսնուն և հարգանք դրսևորելով նրա հանդեպ՝ կինը շահում է ամուսնու բարեհաճությունը և փառք բերում Աստծուն (1 Պետ. 3։1–4)։ Երբ ամուսիններն ու կանայք հետևում են գլխավորությանը վերաբերող աստվածաշնչյան խորհրդին, նրանք օրինակ են թողնում իրենց երեխաներին Աստծուն հնազանդվելու հարցում։
Աստվածապետական կարգին պետք է հնազանդվել կյանքի բոլոր բնագավառներում
11 Աստծուն հնազանդվելը ազդում է նաև այն բանի վրա, թե ինչպես ենք վերաբերվում «վերին իշխանություններին», որոնք «Աստծու կողմից են դրված իրենց հարաբերական դիրքերում» (Հռոմ. 13։1–7)։ Որպես օրինապահ քաղաքացիներ՝ քրիստոնյաները վճարում են հարկերը՝ «կայսրինը կայսրին տալով, իսկ Աստծունը՝ Աստծուն» (Մատթ. 22։21)։ Բացի այդ, տարածքը մշակելը պետք է այնպես կազմակերպվի, որ համապատասխանի անձնական տվյալների պաշտպանության մասին օրենքներին։ Մենք հնազանդվում ենք ու ենթարկվում իշխանություններին այն բոլոր հարցերում, որոնք չեն հակասում Եհովայի արդար օրենքներին, և միևնույն ժամանակ մեր ջանքերն ու ուժերը ներդնում ենք քարոզչական գործի մեջ (Մարկ. 13։10; Գործ. 5։29)։
12 Աստվածապետական կարգին պետք է հնազանդվել կյանքի բոլոր բնագավառներում։ Հավատի աչքերով մենք տեսնում ենք այն օրը, երբ ողջ մարդկությունը կհնազանդվի Եհովա Աստծուն (1 Կորնթ. 15։27, 28)։ Ի՜նչ մեծ օրհնություններ կստանան նրանք, ովքեր ուրախությամբ ընդունում են Եհովայի գերիշխանությունը և պատրաստ են հնազանդվել նրան հավիտյան։