ԳԼՈՒԽ 17
Հավատարիմ մնա Եհովայի կազմակերպությանը
ՀԱԿՈԲՈՍ աշակերտը գրեց. «Մոտեցեք Աստծուն, և նա կմոտենա ձեզ» (Հակ. 4։8)։ Չնայած այն բանին, որ մենք անկատար ենք, Եհովան չափազանց հեռու չէ մեզանից կամ չափազանց բարձր, որ չկարողանա լսել մեր աղոթքները (Գործ. 17։27)։ Ինչպե՞ս կարող ենք մոտենալ Աստծուն։ Զարգացնելով մտերիմ փոխհարաբերություններ Եհովայի հետ, ինչը հնարավոր է անկեղծ աղոթքների միջոցով (Սաղ. 39։12)։ Մենք նաև մտերմանում ենք Աստծու հետ՝ նրա Խոսքը՝ Աստվածաշունչը, կանոնավորաբար ուսումնասիրելով։ Այսպես մենք ճանաչում ենք Եհովա Աստծուն, իմանում ենք, թե ինչ նպատակներ ունի նա, և թե որն է նրա կամքը մեր առնչությամբ (2 Տիմոթ. 3։16, 17)։ Նաև սովորում ենք սիրել Եհովային և զարգացնել նրան տհաճություն պատճառելու առողջ վախ (Սաղ. 25։14)։
2 Եհովայի հետ մտերմանալ հնարավոր է միայն նրա Որդու՝ Հիսուսի միջոցով (Հովհ. 17։3; Հռոմ. 5։10)։ Բացի Հիսուսից, ոչ ոք չէր կարող օգնել մեզ ավելի լավ հասկանալու Եհովա Աստծու մտածելակերպն ու զգացումները։ Նա այնքան լավ էր ճանաչում իր Հորը, որ կարող էր ասել. «Ոչ ոք չգիտի, թե ով է Որդին, բացի Հորից, և ոչ ոք չգիտի, թե ով է Հայրը, բացի Որդուց և նրանից, ում որ Որդին կամենա հայտնել» (Ղուկ. 10։22)։ Ուստի երբ Ավետարաններում կարդում ենք, թե ինչ մտածելակերպ և զգացումներ ուներ Հիսուսը, ըստ էության, իմանում ենք, թե ինչ զգացումներ և մտածելակերպ ունի Եհովան։ Այդ գիտելիքներն օգնում են մեզ ավելի մտերմանալու Աստծու հետ։
3 Մենք մտերմանում ենք Եհովայի հետ՝ հավատարիմ մնալով նրա կազմակերպության տեսանելի մասին, որն օգնում է մեզ հասկանալու, թե ինչպես կատարենք Աստծու կամքը։ Մենք դա անում ենք Աստծու Որդու գլխավորության ներքո։ Ինչպես կանխագուշակվել էր Մատթեոս 24։45–47-ում, Տերը՝ Հիսուս Քրիստոսը, նշանակել է «հավատարիմ և իմաստուն ծառա», որ տան անդամներին «կերակուր տա ճիշտ ժամանակին»։ Այսօր հավատարիմ և իմաստուն ծառան հոգևոր առատ կերակուր է տալիս մեզ։ Այդ «ծառայի» միջոցով Եհովան նաև խորհուրդ է տալիս կարդալ իր Խոսքը ամեն օր, կանոնավորաբար հաճախել քրիստոնեական հանդիպումներին և մասնակցել «Թագավորության այս բարի լուրը» քարոզելու գործին (Մատթ. 24։14; 28։19, 20; Հեսու 1։8; Սաղ. 1։1–3)։ Թող որ երբեք մարմնավոր տեսանկյունից չնայենք հավատարիմ և իմաստուն ծառային։ Մենք պետք է ջանքեր թափենք, որ հավատարիմ մնանք Եհովայի կազմակերպության տեսանելի մասին և հետևենք նրա տված առաջնորդությանը։ Դա մեզ ավելի կմտերմացնի մեր Աստծու՝ Եհովայի հետ ու չնայած փորձություններին՝ կզորացնի և կպաշտպանի մեզ։
ԻՆՉՈՒ ԵՆ ՓՈՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՇԱՏԱՆՈՒՄ
4 Հնարավոր է՝ արդեն երկար տարիներ է, ինչ ճշմարտության մեջ ես։ Եթե այդպես է, ուրեմն գիտես, թե ինչ է նշանակում տոկալ մեր անարատությունը փորձության ենթարկող դժվարությունների ժամանակ։ Նույնիսկ եթե վերջերս ես սկսել ճանաչել Եհովային և ընկերակցել նրա ժողովրդի հետ, դու գիտես, որ Սատանան հակառակվում է ցանկացած անհատի, ով ենթարկվում է Եհովայի գերիշխանությանը (2 Տիմոթ. 3։12)։ Անկախ այն բանից՝ շատ փորձություններ ես ունեցել, թե քիչ, ոչ մի պատճառ չկա, որ վախով համակվես կամ ընկճվես։ Եհովան խոստանում է, որ կաջակցի և կվարձատրի քեզ՝ փրկելով և հավիտենական կյանք պարգևելով քեզ (Եբր. 13։5, 6; Հայտն. 2։10)։
5 Մեզանից յուրաքանչյուրը կարող է առանձնահատուկ դժվարությունների բախվել Սատանայի համակարգի այս վերջին օրերում։ Այն բանից հետո, երբ 1914 թ.-ին հաստատվեց Աստծու Թագավորությունը, Սատանան այլևս մուտք չունի Եհովայի երկնային բնակավայրը։ Նա գցվել է երկրի մերձակայքը, և նրա ու իր չար հրեշտակների գործունեությունը սահմանափակված է։ Երկրի վրա «վայ»-երի շատանալը, ինչպես նաև Եհովայի նվիրված ծառաների դեմ ուղղված ուժգին հալածանքը առաջ են եկել Սատանայի բարկության պատճառով և վկայում են այն մասին, որ մենք ապրում ենք նրա չար իշխանության վերջին օրերում (Հայտն. 12։1–12)։
6 Սատանան խիստ զայրացած է իր նվաստացած վիճակից և գիտի, որ իրեն քիչ ժամանակ է մնացել։ Իր դևերի հետ նա ամեն բան անում է, որ խանգարի Եհովայի ծառաների քարոզչական գործը ու քանդի մեր միասնությունը։ Ուստի մենք հոգևոր պատերազմի մեջ ենք, և «մեր պայքարը արյան ու մարմնի դեմ չէ, այլ կառավարությունների, իշխանությունների, այս աշխարհի խավարի տիրակալների դեմ է, երկնային ոլորտում եղող ոգեղեն չար ուժերի դեմ»։ Եթե ուզում ենք Եհովայի օգնությամբ հաղթանակած դուրս գալ, պետք է ոչ թե հանձնվենք, այլ մեր հոգևոր սպառազինությունը լավ վիճակում պահենք։ Հարկավոր է «հաստատ կանգնել Բանսարկուի նենգությունների դեմ» (Եփես. 6։10–17)։ Դրա համար մենք պետք է տոկունություն դրսևորենք։
ԶԱՐԳԱՑՆԵՆՔ ՏՈԿՈՒՆՈՒԹՅՈՒՆ
7 Տոկալ նշանակում է դիմակայել հակառակությանը և ծանր հանգամանքներին։ Հոգևոր առումով այն նշանակում է լինել հաստատակամ ճիշտն անելու հարցում՝ չնայած դժվարություններին, հակառակությանը, հալածանքին կամ այլ բաների, որոնք կարող են շեղել մեզ մեր անարատ ընթացքից։ Քրիստոնեական տոկունությունը հարկավոր է զարգացնել։ Իսկ դրա համար ժամանակ է պահանջվում։ Մեր տոկունությունը ամրանում է, երբ հոգևորապես առաջադիմում ենք։ Քրիստոնեական ընթացքի հենց սկզբից հավատի փոքր փորձությունների ժամանակ տոկալով և մեր նվիրմանը հավատարիմ մնալով՝ մենք ավելի ենք ամրանում և ի զորու ենք դառնում ավելի շատ փորձությունների դիմանալու, որոնք անխուսափելի են (Ղուկ. 16։10)։ Մենք չպետք է սպասենք, որ մեծ փորձություններ առաջ գան և այդ ժամանակ որոշում կայացնենք ամուր մնալ հավատի մեջ։ Այդ լուրջ որոշումը պետք է կայացնել նախքան փորձությունների բախվելը։ Պետրոս առաքյալը նշեց, որ տոկունության հետ մեկտեղ հարկավոր է զարգացնել Աստծուն հաճելի այլ հատկություններ։ Նա գրեց. «Դուք էլ ձեր հերթին ամեն ջանք ներդրեք ու ձեր հավատին ավելացրեք առաքինություն, առաքինությանը՝ գիտելիքներ, գիտելիքներին՝ ինքնատիրապետում, ինքնատիրապետմանը՝ տոկունություն, տոկունությանը՝ Աստծու հանդեպ նվիրվածություն, Աստծու հանդեպ նվիրվածությանը՝ եղբայրասիրություն, եղբայրասիրությանը՝ սեր» (2 Պետ. 1։5–7; 1 Տիմոթ. 6։11)։
Մեր տոկունությունը օրեցօր ամրանում է, երբ բախվում ենք փորձությունների ու հաղթահարում դրանք
8 Հակոբոսը նույնպես ընդգծեց տոկունություն զարգացնելու կարևորությունը՝ գրելով. «Եղբայրնե՛րս, երբ բախվում եք զանազան փորձությունների, ուրախ եղեք՝ իմանալով, որ ձեր փորձված հավատը տոկունություն է առաջ բերում։ Իսկ տոկունությունը թող ամբողջացնի իր գործը, որպեսզի դուք կատարյալ և անարատ լինեք ամեն ինչում և ոչ մի բանի պակասություն չունենաք» (Հակ. 1։2–4)։ Հակոբոսը նշում է, որ քրիստոնյաները պետք է ուրախությամբ դիմագրավեն փորձությունները, քանի որ դրանք օգնում են տոկունություն զարգացնելու։ Երբևէ նայե՞լ ես փորձություններին այդ տեսանկյունից։ Այնուհետև Հակոբոսը ցույց է տալիս, որ տոկունությունը օգնում է կատարելագործելու մեր քրիստոնեական հատկությունները և լիովին ընդունելի դառնալու Աստծուն։ Այո՛, մեր տոկունությունը օրեցօր ամրանում է, երբ բախվում ենք փորձությունների ու հաղթահարում դրանք։ Տոկունությունն իր հերթին այլ ցանկալի հատկություններ է առաջ բերում, որոնց կարիքը բոլորս էլ ունենք։
9 Մեր տոկունությունը հաճելի է Եհովային. այն կմղի նրան հավիտենական կյանք պարգևելու մեզ։ Հակոբոսը շարունակում է գրել. «Երջանիկ է այն մարդը, ով տոկում է փորձությանը, որովհետև հավանության արժանանալով՝ նա կստանա կյանքի պսակը, որը Եհովան խոստացել է իրեն սիրողներին» (Հակ. 1։12)։ Մենք տոկում ենք, քանի որ կյանքը թանկ է մեզ համար։ Տոկունություն չդրսևորելու դեպքում մենք չենք կարող մնալ ճշմարտության մեջ։ Եթե չդիմանանք աշխարհից եկող ճնշումներին, հետ կգնանք դեպի աշխարհ։ Եթե տոկուն չլինենք, ապա Եհովայի ոգին մեզ հետ չի լինի, և մենք չենք կարողանա ոգու պտուղը դրսևորել մեր կյանքում։
10 Եթե ուզում ենք տոկալ այս դժվարին ժամանակներում, պետք է ճիշտ տեսակետ զարգացնենք փորձությունների վերաբերյալ։ Հիշիր, Հակոբոսը գրեց. «Ուրախ եղեք»։ Թերևս դժվար լինի այդպես վարվել, հատկապես եթե դրանց պատճառով ֆիզիկական կամ էմոցիոնալ ցավ ենք կրում։ Սակայն հիշիր, որ դու պայքարում ես կյանքի համար։ Առաքյալների հետ պատահած դեպքերը օգնում են մեզ հասկանալու, թե ինչպես կարող ենք ուրախ լինել փորձությունների ժամանակ։ Այդ մասին կարող ենք կարդալ «Գործեր» գրքում։ Այնտեղ գրված է. «Նրանք էլ լսեցին նրան և կանչելով առաքյալներին՝ ծեծեցին ու հրամայեցին, որ այլևս չխոսեն Հիսուսի անունով, այնուհետև բաց թողեցին։ Իսկ նրանք ուրախանալով գնացին Սինեդրիոնի առաջից, որովհետև արժանի եղան նրա անվան համար անարգանքի ենթարկվելու» (Գործ. 5։40, 41)։ Առաքյալները հասկացան, որ իրենց կրած հալածանքը ապացույցն էր այն բանի, որ նրանք հնազանդվում են Հիսուսի պատվերին և ունեն Եհովայի հավանությունը։ Տարիներ անց իր առաջին նամակում Պետրոս առաքյալը գրեց, որ արդարության համար տառապելը մեծ արժեք ունի (1 Պետ. 4։12–16)։
11 Մեկ ուրիշ դեպք էլ տեղի ունեցավ Պողոսի և Շիղայի հետ։ Փիլիպպեում իրենց միսիոներական ծառայությունը կատարելիս նրանք ձերբակալվեցին և մեղադրվեցին քաղաքում խռովություն առաջացնելու և անընդունելի սովորություններ տարածելու մեջ։ Հետևանքը եղավ այն, որ նրանց դաժանորեն ծեծի ենթարկեցին ու բանտ գցեցին։ Աստվածաշունչը մեզ տեղեկացնում է, որ, չնայած նրանք բանտում էին և նրանց վերքերն անգամ մշակված չէին, «մոտավորապես կեսգիշերին Պողոսն ու Շիղան աղոթում էին և երգով գովաբանում Աստծուն, իսկ բանտարկյալները լսում էին նրանց» (Գործ. 16։16–25)։ Պողոսն ու իր ծառայակիցը իրավացիորեն համարում էին, որ Քրիստոսի համար կրած իրենց տառապանքը ոչ միայն անարատության ապացույց էր Աստծու և մարդկանց առջև, այլև հնարավորություն՝ վկայություն տալու այն մարդկանց, ովքեր տրամադրված էին լսելու բարի լուրը։ Չէ՞ որ մարդկանց կյանքն էր վտանգի տակ։ Հենց այդ գիշեր բանտապահն ու նրա ընտանիքի անդամները լսեցին բարի լուրը և դարձան Հիսուսի աշակերտները (Գործ. 16։26–34)։ Պողոսն ու Շիղան ապավինում էին Եհովային ու նրա զորությանը և վստահ էին, որ տառապանքների ժամանակ նա պատրաստ է թիկունք կանգնելու իրենց։ Նրանք հուսախաբ չեղան։
12 Այսօր նույնպես Եհովան մեզ տալիս է այն ամենը, ինչի կարիքը ունենք, որ տոկանք փորձությունների ժամանակ։ Նա ուզում է, որ մենք տոկանք։ Նա մեզ տվել է իր ներշնչված Խոսքը, որպեսզի ճշգրիտ գիտելիքներ ունենանք իր նպատակների մասին, ինչն էլ զորացնում է մեր հավատը։ Մենք հնարավորություն ունենք ընկերակցելու մեր հավատակիցների հետ և սուրբ ծառայություն մատուցելու։ Նաև առանձնաշնորհում ունենք աղոթքի միջոցով մտերիմ փոխհարաբերություններ պահպանելու Եհովայի հետ։ Նա լսում է մեր փառաբանական աղոթքները, ինչպես նաև խնդրանքները այն մասին, որ իր առաջ բարի անուն ունենանք (Փիլիպ. 4։13)։ Մենք չպետք է անտեսենք նաև այն զորությունը, որ ստանում ենք՝ խորհրդածելով մեր ունեցած հույսի մասին (Մատթ. 24։13; Եբր. 6։18; Հայտն. 21։1–4)։
ՏՈԿԱԼ ԶԱՆԱԶԱՆ ԴԺՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ
13 Մեր փորձությունները նման են այն փորձություններին, որ կրել են Հիսուս Քրիստոսի առաջին դարի աշակերտները։ Մեր օրերում աղավաղված տեղեկություններ ունեցող հակառակորդները Եհովայի վկաների հասցեին վիրավորանքներ են ուղղում և հալածում նրանց։ Ճիշտ ինչպես առաքյալների օրերում էր, հակառակությունը հիմնականում հրահրում են կրոնական մոլեռանդ առաջնորդները, որոնց կեղծ ուսմունքներն ու արարողությունները քողազերծվում են Աստծու Խոսքի միջոցով (Գործ. 17։5–9, 13)։ Երբեմն Եհովայի ժողովուրդը դուրս է գալիս այդ ծանր իրավիճակներից՝ պաշտպանելով օրենքով երաշխավորված իր իրավունքները (Գործ. 22։25; 25։11)։ Սակայն կառավարիչները նաև պաշտոնապես արգելում են մեր գործունեությունը՝ ձգտելով վերջ դնել մեր ծառայությանը (Սաղ. 2։1–3)։ Այդպիսի հանգամանքներում մենք քաջաբար հետևում ենք հավատարիմ առաքյալների օրինակին, որոնք ասացին. «Մենք առաջին հերթին պետք է Աստծուն հնազանդվենք և ոչ թե մարդկանց» (Գործ. 5։29)։
14 Մինչ ազգայնամոլությունը շարունակում է տարածվել ամբողջ աշխարհում, բարի լուրի քարոզիչների վրա ավելի մեծ ճնշումներ են գործադրվում, որպեսզի նրանք չկատարեն Աստծուց ստացած իրենց ծառայությունը։ Աստծուն ծառայող բոլոր անհատները հստակ հասկանում են Հայտնություն 14։9–12-ում գրված նախազգուշական խոսքերը, որոնք վերաբերում են «գազանին ու նրա պատկերին» երկրպագելուն։ Մենք գիտակցում ենք, որ Հովհաննեսի հետևյալ խոսքերը մեծ կարևորություն ունեն. «Այստեղ է, որ պետք է տոկունություն դրսևորեն սրբերը, որոնք պահում են Աստծու պատվիրանները և Հիսուսի հանդեպ հավատը»։
15 Պատերազմների, հեղափոխությունների կամ հալածանքի և պետական արգելքների պատճառով թերևս չկարողանաս բացահայտ կերպով երկրպագել Աստծուն։ Գուցե այնպիսի հանգամանքներ առաջանան, որ անհնար լինի ժողովի հանդիպումներ անցկացնել։ Մասնաճյուղի հետ կապը ժամանակավորապես կարող է ընդհատվել։ Շրջանային վերակացուները գուցե չկարողանան այցելել ժողովներ։ Հնարավոր է նաև, որ քարոզիչները հրատարակություններ չստանան։ Եթե այս բաներից որևէ մեկը տեղի ունենա, ի՞նչ պետք է անես։
16 Պատասխանը հստակ է. արա այն, ինչ կարող ես և որքան կարող ես։ Ամենայն հավանականությամբ կարող ես անձնական ուսումնասիրություն անել։ Գուցե հնարավոր լինի տնային պայմաններում փոքր խմբերով հավաքվել։ Հանդիպումների ժամանակ կարելի է օգտագործել նախկինում ուսումնասիրված հրատարակությունները և Աստվածաշունչը։ Սակայն մի՛ անհանգստացիր։ Կառավարիչ մարմինը կկարողանա կարճ ժամանակում ինչ-որ ձևով կապ հաստատել պատասխանատու եղբայրների հետ։
17 Նույնիսկ եթե դու կտրված ես քո եղբայրներից, միշտ հիշիր, որ կտրված չես Եհովայից և նրա Որդուց՝ Հիսուս Քրիստոսից։ Քո հույսը կարող է հաստատուն մնալ։ Եհովան լսում է քո աղոթքները և իր սուրբ ոգով կարող է զորացնել քեզ։ Փնտրիր նրա առաջնորդությունը։ Հիշիր, որ դու Եհովայի ծառան ես և Հիսուս Քրիստոսի աշակերտը։ Ուստի երբ վկայություն տալու հնարավորություն ստեղծվի, օգտվիր դրանից։ Եհովան կօրհնի քո ջանքերը, և ուրիշները գուցե միանան քեզ ճշմարիտ երկրպագության մեջ (Գործ. 4։13–31; 5։27–42; Փիլիպ. 1։27–30; 4։6, 7; 2 Տիմոթ. 4։16–18)։
18 Եթե նույնիսկ մահվան սպառնալիքի տակ ես, ինչպես որ առաքյալները և մյուս աշակերտներն էին, ապավինիր «Աստծուն, որը հարություն է տալիս մահացածներին» (2 Կորնթ. 1։8–10)։ Հարության հանդեպ քո հավատը կարող է օգնել քեզ տոկալու նույնիսկ ամենածանր փորձությունների ներքո (Ղուկ. 21։19)։ Հիսուս Քրիստոսը լավ օրինակ է թողել մեզ համար. նա գիտեր, որ փորձությունների ներքո իր դրսևորած հավատարմությունը կզորացներ ուրիշներին և կօգներ նրանց տոկալու։ Դու նույնպես կարող ես զորության աղբյուր լինել քո հավատակիցների համար (Հովհ. 16։33; Եբր. 12։2, 3; 1 Պետ. 2։21)։
19 Հալածանքից և հակառակությունից բացի, գոյություն ունեն նաև այլ իրավիճակներ, որոնց ժամանակ հարկավոր է տոկունություն դրսևորել։ Օրինակ՝ ոմանք ընկճվում են, քանի որ իրենց տարածքում մարդիկ անտարբեր են բարի լուրի հանդեպ։ Մյուսները ստիպված են պայքարել իրենց ֆիզիկական կամ էմոցիոնալ տկարությունների դեմ կամ հաշտվել իրենց այն սահմանափակ կարողությունների հետ, որոնք առաջ են եկել անկատարության պատճառով։ Պողոս առաքյալը ստիպված էր տոկալ, քանի որ ուներ դժվարություն, որը խանգարում էր իր ծառայությանը և երբեմն դժվարացնում այն (2 Կորնթ. 12։7)։ Իսկ առաջին դարի քրիստոնյա Եպաֆրոդիտոսը, որն ապրել է Փիլիպպեում, «խիստ ընկճված էր, որովհետև [իր ընկերները] լսել էին, որ նա հիվանդացել էր» (Փիլիպ. 2։25–27)։ Մեր և ուրիշների անկատարությունն իր հերթին կարող է այնպիսի խնդիրներ առաջացնել, որոնց հատկապես դժվար լինի համբերել։ Հնարավոր է՝ հավատակիցների կամ նույնիսկ ընտանիքի անդամների միջև տարաձայնություններ առաջանան։ Սակայն այսպիսի խոչընդոտները կարելի է հաղթահարել՝ տոկալով և կիրառելով Աստծու Խոսքում գտնվող խորհուրդները (Եզեկ. 2։3–5; 1 Կորնթ. 9։27; 13։8; Կող. 3։12–14; 1 Պետ. 4։8)։
ՎՃՌԵՆՔ ՄՆԱԼ ՀԱՎԱՏԱՐԻՄ
20 Մենք միշտ պետք է հավատարիմ մնանք նրան, ում Եհովան նշանակել է որպես ժողովի Գլուխ՝ Հիսուս Քրիստոսին (Կող. 2։18, 19)։ Անհրաժեշտ է, որ սերտորեն համագործակցենք «հավատարիմ և իմաստուն ծառայի», ինչպես նաև նշանակված երեցների հետ (Եբր. 13։7, 17)։ Սերտորեն հետևելով աստվածապետական կարգին և համագործակցելով ժողովում առաջնորդություն վերցնողների հետ՝ մենք կազմակերպված կլինենք կատարելու Եհովայի կամքը։ Մենք պետք է լիարժեքորեն օգտվենք աղոթելու առանձնաշնորհումից։ Հիշիր, ո՛չ բանտի պատերը, ո՛չ էլ մենախցերը չեն կարող խանգարել քեզ հաղորդակցվելու մեր սիրառատ երկնային Հոր հետ կամ քանդել այն միասնությունը, որ ունենք մեր հավատակիցների հետ։
21 Թող որ վճռական լինենք և տոկունություն դրսևորելով անենք հնարավոր ամեն բան, որպեսզի կատարենք մեր քարոզչական ծառայությունը և հարատևենք այն գործում, որ հարություն առած Հիսուս Քրիստոսը պատվիրեց իր հետևորդներին. «Գնացեք և բոլոր ազգերի մեջ աշակերտներ պատրաստեք՝ նրանց մկրտելով Հոր, Որդու և սուրբ ոգու անունով, սովորեցնելով նրանց պահել այն ամենը, ինչ որ ձեզ պատվիրեցի» (Մատթ. 28։19, 20)։ Թող որ վառ պահենք Թագավորության հույսն ու հավիտենական կյանքի հեռանկարը (Եբր. 12։2)։ Որպես Հիսուսի մկրտված աշակերտներ՝ մենք անկրկնելի հնարավորություն ունենք մասնակցելու «աշխարհի վախճանի» վերաբերյալ Հիսուսի տված մարգարեության կատարմանը։ Նա ասաց. «Թագավորության այս բարի լուրը կքարոզվի ամբողջ երկրով մեկ՝ բոլոր ազգերին վկայություն լինելու համար, և այդ ժամանակ կգա վերջը» (Մատթ. 24։3, 14)։ Ամբողջ սրտով մասնակցելով այս գործին՝ հնարավորություն կունենանք վայելելու հավիտենական կյանքը Եհովայի արդար նոր աշխարհում։