ԳԼՈՒԽ 6
Ինչպես ճիշտ ընտրել ժամանցը
«Ամեն բան Աստծու փառքի համար արեք» (1 ԿՈՐՆԹԱՑԻՆԵՐ 10։31)
1, 2. Ժամանցի ձև ընտրելիս ինչո՞ւ պետք է զգույշ լինենք։
ՊԱՏԿԵՐԱՑՐՈՒ՝ ձեռքումդ խնձոր է, ուզում ես կծել և հանկարծ նկատում ես, որ մի մասը փչացած է։ Ի՞նչ կանես։ Այնուամենայնիվ, կուտե՞ս այն, դե՞ն կնետես, թե՞ կկտրես փչացած մասը ու մնացածը կուտես։
2 Ինչ-որ առումով զվարճությունները նման են այդ մրգին։ Դրանց մի մասը օգտակար է ու հաճելի, բայց մեծ մասը «փչացած է», այսինքն՝ լցված է անբարոյությամբ, բռնությամբ ու ոգեհարցությամբ։ Ուստի զվարճության որևէ ձև ընտրելիս ինչպե՞ս ես վարվում։ Մտածո՞ւմ ես. «Դա իմ գործն է։ Ինչ զվարճություն ուզեմ, այն էլ կընտրեմ»։ Կամ ասո՞ւմ ես. «Ժամանցի բոլոր ձևերն էլ վատն են»։ Թե՞ զգուշությամբ ես ընտրում ժամանցը՝ խուսափելով վատից և ընտրելով լավը։
3. Ինչի՞ մասին պետք է մտածենք, երբ ժամանց ենք ընտրում։
3 Բոլորս էլ հանգստանալու ու զվարճանալու կարիք ունենք։ Բայց ուզում ենք ճիշտ ընտրություն անել։ Ուստի պետք է ինքներս մեզ հարցնենք. «Ժամանցի մեր ընտրությունը ինչպե՞ս կարող է ազդել Եհովային մատուցվող մեր երկրպագության վրա»։
«ԱՄԵՆ ԲԱՆ ԱՍՏԾՈՒ ՓԱՌՔԻ ՀԱՄԱՐ» ԱՐԱ
4. Ո՞րն է Աստվածաշնչի սկզբունքներից մեկը, որը կօգնի ժամանցի ընտրության հարցում։
4 Երբ նվիրվում ենք Եհովային, խոստանում ենք, որ այդուհետ կապրենք նրան ծառայելու համար (կարդա Ժողովող 5։4)։ Մենք խոստանում ենք, որ «ամեն բան Աստծու փառքի համար կանենք» (1 Կորնթացիներ 10։31)։ Դա նշանակում է, որ պետք է նվիրված լինենք Աստծուն անգամ հանգստանալիս ու զվարճանալիս, ոչ թե միայն ժողովի հանդիպումների կամ քարոզչական ծառայության ժամանակ։
5. Ինչպիսի՞ն պետք է լինի Եհովային մատուցվող երկրպագությունը։
5 Ցանկացած բան, որ անում ենք կյանքում, անդրադառնում է Եհովային մատուցվող մեր երկրպագության վրա։ Պողոսը դա ընդգծեց իր հետևյալ խոսքերում. «Խնդրում եմ ձեզ, որ ձեր մարմինները ներկայացնեք որպես զոհ՝ կենդանի, սուրբ և Աստծուն ընդունելի, այսինքն՝ սուրբ ծառայություն մատուցեք ձեր բանականությամբ» (Հռոմեացիներ 12։1)։ Իսկ Հիսուսն ասաց. «Սիրի՛ր քո Աստված Եհովային քո ամբողջ սրտով, քո ամբողջ հոգով, քո ամբողջ մտքով և քո ամբողջ ուժով» (Մարկոս 12։30)։ Մենք ուզում ենք Եհովային միշտ լավագույնը տալ։ Հին Իսրայելում, երբ մարդիկ Եհովային զոհ էին մատուցում, նրանցից ակնկալվում էր զոհաբերել առողջ կենդանի։ Եթե զոհը որևէ արատ ունենար, այն ընդունելի չէր լինի Աստծուն (Ղևտական 22։18–20)։ Նույն ձևով էլ մեր երկրպագությունը կարող է Եհովային անընդունելի դառնալ։ Ինչպե՞ս։
6, 7. Ինչպե՞ս կարող է մեր ընտրած զվարճությունը ազդել Եհովային մատուցվող մեր երկրպագության վրա։
6 Եհովան մեզ ասում է. «Սուրբ եղեք, քանի որ ես սուրբ եմ» (1 Պետրոս 1։14–16; 2 Պետրոս 3։11)։ Եհովան կընդունի մեր երկրպագությունը միայն այն դեպքում, եթե այն սուրբ է, կամ՝ մաքուր (2 Օրենք 15։21)։ Մեր երկրպագությունը չի կարող մաքուր լինել, եթե անում ենք բաներ, որոնք Եհովան ատում է, ինչպես, օրինակ, անբարոյության, բռնության կամ ոգեհարցության հետ կապված որևէ բան (Հռոմեացիներ 6։12–14; 8։13)։ Եհովային տհաճ կլինի նաև, եթե թույլ տանք, որ նման բաներ լինեն մեր զվարճությունների մեջ։ Դրա պատճառով մեր երկրպագությունը կարող է անմաքուր ու անընդունելի դառնալ, և նրա հետ մեր փոխհարաբերությունները կարող են լրջորեն վնասվել։
7 Հետևաբար ինչպե՞ս կարող ենք խոհեմաբար ժամանց ընտրել։ Ո՞ր սկզբունքները կարող են օգնել հասկանալու, թե որ ժամանցն է ընդունելի, իսկ որը՝ ոչ։
ԱՏԻՐ ՉԱՐԸ
8, 9. Ինչպիսի՞ ժամանցից ենք խուսափում և ինչո՞ւ։
8 Այսօր կա ժամանցի լայն ընտրություն։ Դրանց մի մասը ընդունելի է քրիստոնյաների համար, բայց մեծ մասը անընդունելի է։ Նախ տեսնենք, թե ինչպիսի զվարճություններից պետք է խուսափենք։
9 Շատ ֆիլմեր, կայքեր, հեռուստաշոուներ, տեսախաղեր ու երգեր անբարո են, դիվային կամ բռնությամբ լեցուն։ Հաճախ վատ բաները այնպես են ներկայացվում, որ դրանք անմեղ կամ նույնիսկ զվարճալի թվան։ Բայց քրիստոնյաները զգույշ են և հեռու են մնում այն զվարճություններից, որոնք չեն համապատասխանում Եհովայի մաքուր չափանիշներին (Գործեր 15։28, 29; 1 Կորնթացիներ 6։9, 10)։ Այդպիսի ժամանցը մերժելով՝ ցույց ենք տալիս, որ ատում ենք չարությունը, և այդպիսով ուրախացնում ենք Եհովային (Սաղմոս 34։14; Հռոմեացիներ 12։9)։
10. Ի՞նչ հետևանք կարող է բերել ժամանցի սխալ ընտրությունը։
10 Բայց ոմանք կարծում են, որ ոչ մի սխալ բան չկա անբարո, դիվային ու բռնությամբ լեցուն զվարճությունների մեջ։ Նրանք մտածում են. «Ինչո՞վ է վնասակար։ Ես երբեք նման բաներ չեմ անի»։ Եթե մենք էլ ենք այդպես մտածում, ինքներս մեզ խաբում ենք։ Աստվածաշունչն ասում է. «Նենգավոր է սիրտը ամեն բանից առավել և անհուսալի» (Երեմիա 17։9)։ Եթե մենք զվարճանում ենք այնպիսի բաներով, որոնք անընդունելի են Եհովայի համար, ինչպե՞ս կարող ենք ասել, որ ատում ենք դրանք։ Որքան շատ նման բաները տեղ գտնեն մեր ժամանցի մեջ, այնքան ավելի սովորական կդառնան մեզ համար։ Ժամանակի ընթացքում մեր խիղճը կբթանա և այլևս չի զգուշացնի մեզ, երբ սխալ որոշում կայացնելու լինենք (Սաղմոս 119։70; 1 Տիմոթեոս 4։1, 2)։
11. Գաղատացիներ 6։7-ը ինչպե՞ս կօգնի զվարճության ընտրության հարցում։
11 Աստծու Խոսքը ասում է. «Մարդ ինչ որ ցանի, այն էլ կհնձի» (Գաղատացիներ 6։7)։ Իրողությունն այն է, որ եթե թույլ տանք, որ մեր ժամանցի մեջ տեղ գտնեն վատ բաներ, ապա գուցե ի վերջո անենք դրանք։ Օրինակ՝ ոմանց վրա անբարո զվարճությունը այնքան է ազդել, որ նրանք անբարոյություն են գործել։ Բայց Եհովան մեզ տվել է անհրաժեշտ օգնություն, որ կարողանանք իմաստությամբ ընտրել մեր ժամանցը։
ԱՍՏՎԱԾԱՇՆՉԻ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ԿԱՅԱՑՐՈՒ
12. Ի՞նչը կօգնի, որ ճիշտ որոշում կայացնենք զվարճությունների հարցում։
12 Որոշ դեպքերում միանգամայն հստակ է, որ տվյալ զվարճությունը անընդունելի է Եհովային, ուստի հասկանում ենք, որ պետք է հեռու մնանք դրանից։ Իսկ ինչպե՞ս վարվենք, եթե դա այդքան էլ հստակ չէ։ Եհովան մեզ չի տվել կանոնների ցուցակ, թե ինչ կարող ենք դիտել, լսել, կարդալ և ինչ չենք կարող։ Նա ցանկանում է, որ մենք առաջնորդվենք Աստվածաշնչով մարզված մեր խղճով (կարդա Գաղատացիներ 6։5)։ Եհովան տվել է սկզբունքներ, այսինքն՝ հիմնարար ճշմարտություններ, որոնցից իմանում ենք նրա տեսակետը տարբեր հարցերի մասին։ Այդ սկզբունքներն օգնում են, որ մարզենք մեր խիղճը և իմանանք, «թե որն է Եհովայի կամքը», որպեսզի կարողանանք նրան հաճելի որոշումներ կայացնել (Եփեսացիներ 5։17)։
13. Ինչո՞ւ է ժամանցի հարցում մի քրիստոնյայի ընտրությունը տարբերվում մյուսի ընտրությունից։ Ի՞նչը պետք է շատ կարևոր լինի բոլոր քրիստոնյաների համար։
13 Հաճախ ժամանցի հարցում մի քրիստոնյայի ընտրությունը, տարբերվում է մյուսի ընտրությունից։ Ինչո՞ւ։ Քանի որ յուրաքանչյուրն իր ճաշակն ունի։ Բացի այդ, այն, ինչ ընդունելի է մեկի համար, գուցե մեկ ուրիշի համար ընդունելի չլինի։ Սակայն, միևնույնն է, ճիշտ որոշում կայացնելու համար բոլոր քրիստոնյաներն էլ պետք է առաջնորդվեն Աստվածաշնչի սկզբունքներով (Փիլիպպեցիներ 1։9)։ Այդպես նրանք կկարողանան ընտրել այնպիսի ժամանց, որն ընդունելի կլինի Աստծուն (Սաղմոս 119։11, 129; 1 Պետրոս 2։16)։
14. ա) Ժամանակը օգտագործելու հետ կապված ի՞նչ կարևոր բան պետք է հաշվի առնենք։ բ) Ի՞նչ խորհուրդ տվեց Պողոսը քրիստոնյաներին։
14 Մեկ այլ բան, որ պետք է հաշվի առնենք, այն է, թե ինչքան ժամանակ ենք տրամադրում ժամանցին։ Դրանից կերևա, թե որքանով ենք կարևորում այն։ Որպես քրիստոնյաներ՝ մեր կյանքում ամենակարևոր բանը Եհովային մատուցվող ծառայությունն է (կարդա Մատթեոս 6։33)։ Բայց հնարավոր է՝ անգիտակցաբար թույլ տանք, որ ժամանցը ավելի ու ավելի շատ ժամանակ խլի մեզնից։ Պողոսը քրիստոնյաներին խորհուրդ տվեց. «Հետևեք, որ վարվեք ոչ թե անմիտների պես, այլ իմաստունների պես, և ձեզ համար գնեք հարմար ժամանակը» (Եփեսացիներ 5։15, 16)։ Ուստի պետք է ժամանակ սահմանենք զվարճությունների համար և միշտ հետևենք, որ Աստծուն մատուցվող երկրպագությունը մեր կյանքում առաջին տեղում լինի (Փիլիպպեցիներ 1։10)։
15. Ինչպե՞ս կարող ենք զգույշ լինել այն զվարճությունների ընտրության հարցում, որոնք գուցե վնասեն Եհովայի հետ մեր փոխհարաբերությունները։
15 Հստակ է, որ պետք է մերժենք այն ժամանցը, որն անընդունելի է Եհովային։ Իսկ ի՞նչ կարելի է ասել ժամանցի այն ձևերի մասին, որոնց վերաբերյալ կասկածներ ունենք։ Այդ դեպքո՞ւմ էլ կարիք կա, որ զգույշ լինենք։ Օրինակ, եթե քայլելիս լինես լեռնային վտանգավոր ճանապարհով, չափազանց շատ կմոտենա՞ս ճանապարհի եզրին։ Ո՛չ։ Եթե գնահատում ես կյանքդ, վտանգից հեռու կմնաս։ Նույնը կարելի է ասել ժամանցի ընտրության մասին։ Աստծու Խոսքն ասում է. «Քո ոտքը հեռացրու չարությունից» (Առակներ 4։25–27)։ Ուստի մենք խուսափում ենք ոչ միայն այն զվարճություններից, որոնք, հստակ գիտենք, որ վատն են, այլև նրանցից, որոնց առնչությամբ կասկածներ ունենք և մտածում ենք, որ միգուցե լավ չանդրադառնան մեզ վրա ու վնասեն Եհովայի հետ մեր փոխհարաբերությունները։
ԻՄԱՑԻՐ ԵՀՈՎԱՅԻ ՏԵՍԱԿԵՏԸ
16. ա) Որո՞նք են Եհովային ատելի բաներից մի քանիսը։ բ) Ինչպե՞ս ենք ցույց տալիս, որ ատում ենք այն, ինչ Եհովան է ատում։
16 Սաղմոսերգուն գրել է. «Ո՛վ դուք, Եհովայի՛ն սիրողներ, ատեցե՛ք չարությունը» (Սաղմոս 97։10)։ Աստվածաշունչը սովորեցնում է, թե ինչ է Եհովան մտածում և զգում։ Աստվածաշնչից նոր բան սովորելիս մտածիր, թե դա ինչպես կարող է օգնել, որ հասկանաս Եհովայի տեսակետը և հարցերին նայես նրա պես։ Օրինակ՝ Աստվածաշնչից իմանում ենք, որ Եհովան ատում է «ստախոս լեզուն, անմեղ արյուն թափող ձեռքերը, չար ծրագրեր հնարող սիրտը, չարիք գործելու համար արագ վազող ոտքերը» (Առակներ 6։16–19)։ Նաև սովորում ենք, որ պետք է հեռու մնանք «պոռնկությունից.... կռապաշտությունից, ոգեհարցությունից.... խանդից, զայրույթի պոռթկումներից.... նախանձից, հարբեցողություններից, խրախճանքներից և նման բաներից» (Գաղատացիներ 5։19–21)։ Նկատեցի՞ր՝ ինչպես կարող են աստվածաշնչյան այս սկզբունքները օգնել քեզ զվարճություն ընտրելիս։ Մենք ուզում ենք Եհովայի չափանիշների համաձայն վարվել մեր կյանքի բոլոր ոլորտներում, անկախ նրանից՝ մեր կողքին մարդիկ կան, թե ոչ (2 Կորնթացիներ 3։18)։ Եվ հաճախ այն, թե ինչ ընտրություն ենք անում, երբ մենակ ենք, ցույց է տալիս, թե իրականում ինչպիսի անձնավորություն ենք (Սաղմոս 11։4; 16։8)։
17. Նախքան ժամանց ընտրելը ի՞նչ հարցեր պետք է տանք ինքներս մեզ։
17 Ուստի, երբ ժամանց ես ընտրում, հարցրու ինքդ քեզ. «Իմ ընտրությունը ինչպե՞ս կազդի Եհովայի հետ իմ փոխհարաբերությունների վրա։ Ի՞նչ ազդեցություն կթողնի խղճիս վրա»։ Այժմ քննենք ժամանցի ընտրության հետ կապված ևս մի քանի սկզբունք։
18, 19. ա) Ի՞նչ խորհուրդ տվեց Պողոսը քրիստոնյաներին։ բ) Ո՞ր սկզբունքները կօգնեն մեզ ժամանցի ընտրության հարցում։
18 Ժամանց ընտրելով՝ մենք իրականում ընտրում ենք, թե ինչով լցնենք մեր միտքը։ Պողոսը գրել է. «Ինչը որ ճշմարիտ է, ինչը որ լուրջ ուշադրության է արժանի, ինչը որ արդար է, ինչը որ մաքուր է, ինչը որ սեր է առաջ բերում, ինչի մասին որ լավն են խոսում, ինչը որ առաքինի է, և ինչը որ գովասանքի է արժանի, շարունակ այս բաների մասին մտածեք» (Փիլիպպեցիներ 4։8)։ Եթե մեր միտքը լցնում ենք այսպիսի լավ բաներով, ապա կարող ենք ասել. «Թող բերանիս խոսքերը և սրտիս խորհրդածությունը հաճելի լինեն քեզ, ո՛վ Եհովա» (Սաղմոս 19։14)։
19 Ինքդ քեզ հարցրու. «Ինչո՞վ եմ լցնում միտքս։ Այսինչ ֆիլմը կամ հաղորդումը դիտելուց հետո հաճելի, դրական մտքե՞ր եմ ունենում։ Մաքուր խիղճ ու մտքի խաղաղություն ունենո՞ւմ եմ (Եփեսացիներ 5։5; 1 Տիմոթեոս 1։5, 19)։ Կարողանո՞ւմ եմ ազատորեն աղոթել Եհովային, թե՞ անհարմար եմ զգում։ Այդ զվարճության պատճառով սկսո՞ւմ եմ մտածել անբարո բաների կամ բռնության մասին (Մատթեոս 12։33; Մարկոս 7։20–23)։ Իմ ընտրած ժամանցը արդյոք չի՞ նպաստում, որ «ընդունեմ այս աշխարհի կերպարանքը» (Հռոմեացիներ 12։2)»։ Անկեղծորեն պատասխանելով այս հարցերին՝ կտեսնենք, թե ինչ պետք է անենք, որ ամուր պահենք Եհովայի հետ մեր փոխհարաբերությունները։ Ուզում ենք սաղմոսերգուի պես աղոթել. «Աչքերս հեռացրո՛ւ անարժան բաներ տեսնելուց» (Սաղմոս 119։37)։a
ՀԻՇԻՐ, ՈՐ ՔՈ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ ԱԶԴՈՒՄ ԵՆ ՈՒՐԻՇՆԵՐԻ ՎՐԱ
20, 21. Ինչո՞ւ պետք է հաշվի առնենք ուրիշների խիղճը, երբ ժամանց ենք ընտրում։
20 Պետք է հաշվի առնենք նաև մեկ այլ կարևոր սկզբունք. «Ամեն բան օրինավոր է, բայց ամեն բան չէ, որ կերտում է։ Թող ամեն մեկը ոչ թե իր օգուտը փնտրի, այլ իր դիմացինի օգուտը» (1 Կորնթացիներ 10։23, 24)։ Եթե ինչ-որ բան անելու ազատություն ունենք, դեռ չի նշանակում, որ պետք է անենք դա։ Մենք պետք է խորությամբ մտածենք, թե մեր որոշումները ինչպես կազդեն մեր եղբայրների ու քույրերի վրա։
21 Յուրաքանչյուր մարդու խիղճը տարբերվում է մյուսների խղճից։ Օրինակ՝ քո խիղճը գուցե քեզ թույլ է տալիս նայել ինչ-որ հեռուստահաղորդում, բայց հետո իմանում ես, որ հավատակցիդ խիղճը թույլ չի տալիս։ Ի՞նչ կանես։ Թեև դու իրավունք ունես դիտելու այն, բայց գուցե որոշես չդիտել նրա ներկայությամբ կամ ընդհանրապես չդիտել։ Ինչո՞ւ։ Քանի որ չես ուզում «մեղք գործել [քո] եղբայրների դեմ», իսկ որ ավելի վատ է, մեղք գործել «Քրիստոսի դեմ» (1 Կորնթացիներ 8։12)։ Չենք ուզում անել մի բան, ինչը գայթակղություն կլինի մեր հավատակցի համար (Հռոմեացիներ 14։1; 15։1; 1 Կորնթացիներ 10։32)։
22. Ինչպե՞ս կարող ես ողջամիտ լինել, երբ հարցը վերաբերում է մյուս քրիստոնյաների կատարած ընտրությանը։
22 Մյուս կողմից՝ ի՞նչ կարող ես անել, եթե քո խիղճը թույլ չի տալիս դիտել, կարդալ կամ անել մի բան, ինչը մեկ ուրիշի համար ընդունելի է։ Քանի որ սիրում ու հարգում ես եղբորդ, չես պարտադրի նրան կայացնել նույն որոշումը, ինչ դու ես կայացրել։ Երբ մարդ մեքենա է վարում, հասկանում է, որ մյուս վարորդները գուցե ավելի արագ կամ դանդաղ վարեն, քան ինքը, բայց դա չի նշանակում, որ նրանք վատ վարորդներ են։ Նմանապես, հնարավոր է՝ դու և մեկ ուրիշ եղբայր, աստվածաշնչյան սկզբունքները կիրառելով հանդերձ, փոքր-ինչ տարբեր տեսակետներ ունենաք այն հարցում, թե ժամանցի որ ձևն է ընդունելի (Ժողովող 7։16; Փիլիպպեցիներ 4։5)։
23. Ի՞նչը կօգնի ժամանցի հարցում խելամիտ ընտրություն անել։
23 Ուրեմն ի՞նչը կօգնի ժամանցի հարցում խելամիտ ընտրություն անել։ Եթե առաջնորդվենք Աստվածաշնչի սկզբունքներով մարզված մեր խղճով և անկեղծորեն հաշվի առնենք մեր եղբայրների ու քույրերի զգացմունքները, խելամիտ ընտրություն կանենք։ Մենք ուրախ կլինենք, որ «ամեն բան Աստծու փառքի» համար ենք անում։
a Ժամանցի ընտրության հետ կապված այլ սկզբունքներ կարող ես գտնել Առակներ 3։31, 13։20, Եփեսացիներ 5։3, 4 և Կողոսացիներ 3։5, 8, 20 համարներում։