Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • es26 էջ 88–97
  • Սեպտեմբեր

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Սեպտեմբեր
  • Աստվածաշունչը քննենք ամեն օր 2026
  • Ենթավերնագրեր
  • 1 սեպտեմբերի, երեքշաբթի
  • 2 սեպտեմբերի, չորեքշաբթի
  • 3 սեպտեմբերի, հինգշաբթի
  • 4 սեպտեմբերի, ուրբաթ
  • 5 սեպտեմբերի, շաբաթ
  • 6 սեպտեմբերի, կիրակի
  • 7 սեպտեմբերի, երկուշաբթի
  • 8 սեպտեմբերի, երեքշաբթի
  • 9 սեպտեմբերի, չորեքշաբթի
  • 10 սեպտեմբերի, հինգշաբթի
  • 11 սեպտեմբերի, ուրբաթ
  • 12 սեպտեմբերի, շաբաթ
  • 13 սեպտեմբերի, կիրակի
  • 14 սեպտեմբերի, երկուշաբթի
  • 15 սեպտեմբերի, երեքշաբթի
  • 16 սեպտեմբերի, չորեքշաբթի
  • 17 սեպտեմբերի, հինգշաբթի
  • 18 սեպտեմբերի, ուրբաթ
  • 19 սեպտեմբերի, շաբաթ
  • 20 սեպտեմբերի, կիրակի
  • 21 սեպտեմբերի, երկուշաբթի
  • 22 սեպտեմբերի, երեքշաբթի
  • 23 սեպտեմբերի, չորեքշաբթի
  • 24 սեպտեմբերի, հինգշաբթի
  • 25 սեպտեմբերի, ուրբաթ
  • 26 սեպտեմբերի, շաբաթ
  • 27 սեպտեմբերի, կիրակի
  • 28 սեպտեմբերի, երկուշաբթի
  • 29 սեպտեմբերի, երեքշաբթի
  • 30 սեպտեմբերի, չորեքշաբթի
Աստվածաշունչը քննենք ամեն օր 2026
es26 էջ 88–97

Սեպտեմբեր

1 սեպտեմբերի, երեքշաբթի

Շարունակ ստուգեք, թե արդյոք հավատի մեջ եք (2 Կորնթ. 13։5)։

Շատ ջանքեր են անհրաժեշտ, որ ոչ միայն հասունանանք հոգևորապես, այլև մնանք այդպիսին։ Ուստի կարևոր է, որ չափազանց ինքնավստահ չդառնանք (1 Կորնթ. 10։12)։ Մենք պետք է «շարունակ ստուգենք» ինքներս մեզ՝ հավաստիանալու համար, որ մեր հոգևոր աճը չի կանգնել։ Կողոսացիներին ուղղված իր նամակում Պողոս առաքյալը կրկին ընդգծեց հոգևորապես հասուն մնալու կարևորությունը։ Թեև նրանք արդեն հոգևորապես հասուն էին, Պողոսը զգուշացրեց նրանց աշխարհի մտածելակերպը որդեգրելու ծուղակի մասին (Կող. 2։6-10)։ Եպաֆրասը, ով ակներևաբար լավ գիտեր այս ժողովում ծառայող հավատակիցներին, շարունակ աղոթում էր, որ նրանք «մնան հոգևորապես հասուն» (Կող. 4։12)։ Թե՛ Պողոսը, թե՛ Եպաֆրասը լավ հասկանում էին, որ առանց Աստծու օգնության և առանց ջանքեր ներդնելու հնարավոր չէ հոգևորապես հասուն մնալ։ Նրանք ուզում էին, որ կողոսացի քրիստոնյաները, չնայած իրենց դժվարություններին, հոգևորապես հասուն մնային։ w24.04, էջ 6-7, պրբ. 16-17

2 սեպտեմբերի, չորեքշաբթի

Մեզ հետ Եհովան է։ Նրանցից մի՛ վախեցեք (Թվեր 14։9)։

Երբ Եհովայի հանդեպ առողջ վախ ենք զարգացնում, սկսում ենք ավելի շատ սիրել նրան և չենք ուզում անել մի բան, ինչը նրան տհաճություն կպատճառի։ Իսկ Եհովայի հավանությունն ունենալու համար մենք պետք է սովորենք տարբերել ճիշտը սխալից և ճշմարտությունը ստից (Առակ. 2։3-6; Եբր. 5։14)։ Եթե սկսենք մարդկանցից ավելի շատ վախենալ, քան Աստծուց, գուցե հեռանանք ճշմարտությունից։ Քննենք 12 տոհմապետների օրինակը, ովքեր գնացել էին հետախուզելու այն երկիրը, որը Եհովան խոստացել էր տալ իսրայելացիներին։ Լրտեսներից տասի պարագայում քանանացիների հանդեպ վախը ավելի ուժեղ էր, քան Եհովայի հանդեպ սերը։ Նրանք ասացին. «Մենք չենք կարող դուրս գալ այդ ժողովրդի դեմ. նրանք մեզնից ուժեղ են» (Թվեր 13։27-31)։ Մարդկային տեսանկյունից՝ քանանացիները ուժեղ էին, և դա ճշմարտություն էր։ Բայց ասել, որ իսրայելացիները չեն կարող հաղթել իրենց թշնամիներին, նշանակում էր տեսադաշտից կորցնել Եհովային։ w24.07, էջ 9, պրբ. 5-6

3 սեպտեմբերի, հինգշաբթի

Մի՞թե ողջ երկրի Դատավորը անարդար կվարվի (Ծննդ. 18։25)։

Կարո՞ղ ենք համոզված լինել, որ Եհովայի բոլոր դատավճիռները արդար են։ Այո՛։ Ինչպես Աբրահամը համոզվեց, Եհովան՝ «ողջ երկրի Դատավորը», կատարյալ է, իմաստուն և գթառատ։ Նա կրթել է իր Որդուն և բոլորին դատելու պատասխանատվությունը նրան է հանձնել (Հովհ. 5։22)։ Թե՛ Հայրը, թե՛ Որդին կարող են կարդալ յուրաքանչյուր մարդու սիրտը (Մատթ. 9։4)։ Ուստի ամեն մեկին դատելիս նրանք արդարությամբ կվարվեն։ Եկեք վճռենք միշտ վստահել Եհովային։ Հիշենք, որ Դատավորը նա է, ոչ թե մենք (Ես. 55։8, 9)։ Ուստի եկեք վստահությամբ բոլորի դատը հանձնենք նրան և նրա Որդուն՝ մեր Թագավորին, ով կատարելապես արտացոլում է իր Հոր արդարությունն ու գթասրտությունը (Ես. 11։3, 4)։ w24.05, էջ 7, պրբ. 18-19

4 սեպտեմբերի, ուրբաթ

Խաբեբա մարդը գարշելի է Եհովայի համար, բայց ուղղամիտ մարդու հետ նա մտերմություն է անում (Առակ. 3։32)։

Անկեղծ սիրտ ունենալու կարևորության մասին շատ բան կարող ենք իմանալ՝ հիշելով Հիսուսի և Նաթանայելի առաջին հանդիպումը։ Երբ Փիլիպոսը իր ընկեր Նաթանայելին ծանոթացնում էր Հիսուսի հետ, մի հատկանշական բան եղավ։ Թեև Հիսուսը նրան նախկինում երբեք չէր հանդիպել, բայց նրա մասին հետևյալն ասաց. «Ահա իսկական իսրայելացի, որի մեջ նենգություն չկա» (Հովհ. 1։47)։ Նաթանայելի մեջ նա յուրահատուկ անկեղծություն տեսավ։ Նաթանայելը մեզ պես անկատար էր։ Չնայած դրան՝ նրա մեջ արհեստական կամ կեղծավոր ոչինչ չկար։ Հիսուսը հիացավ նրա անկեղծությամբ և գովեց նրան։ 15-րդ սաղմոսում թվարկված են մի շարք պահանջներ, որոնք կատարելով կհաճեցնենք Եհովային։ Դրանց մեծ մասը այն մասին է, թե ինչպես պետք է վերաբերվենք ուրիշներին։ Սաղմոս 15։3-ում կարդում ենք, որ նա, ով հյուր է Եհովայի վրանում, «չի զրպարտում, դիմացինին վատություն չի անում, իր ընկերներին չի վարկաբեկում»։ Խոսքի պարգևը նման ձևով օգտագործելը կարող է լուրջ վնաս հասցնել ուրիշներին (Հակ. 1։26)։ w24.06, էջ 10, պրբ. 7, 9; էջ 11, պրբ. 10

5 սեպտեմբերի, շաբաթ

Տե՛ր, նույնիսկ դևերն են հպատակվում մեզ, երբ քո անունով հրամայում ենք նրանց (Ղուկ. 10։17)։

Եթե լավ պատրաստվես ծառայությանը, անծանոթ մարդկանց հետ զրուցելիս շատ չես լարվի։ Նախքան իր աշակերտներին քարոզելու ուղարկելը Հիսուսը օգնեց նրանց նախապատրաստվել (Ղուկ. 10։1-11)։ Հիսուսի սովորեցրածները կիրառելու շնորհիվ աշակերտները ծառայության մեջ բազմաթիվ հաջողություններ ունեցան, ինչը մեծ ուրախություն պատճառեց նրանց։ Ծառայությանը պատրաստվելիս փորձիր քո բառերով ձևակերպել աստվածաշնչյան ճշմարտությունները, որոնց մասին ուզում ես խոսել։ Պատկերացրու մի քանի հավանական իրավիճակ, թե մարդիկ ինչպես կարձագանքեն քո հայտնած լուրին, և մտածիր, թե ինչպես ես շարունակելու զրույցը յուրաքանչյուր դեպքում։ Երբ այս ամենն անելուց հետո գնաս ծառայության, մարդկանց հետ զրուցելիս փորձիր չլարվել, ժպտա և անմիջական եղիր։ w24.04, էջ 15-16, պրբ. 6-7

6 սեպտեմբերի, կիրակի

Ո՜վ Եհովա, մեր Աստվա՛ծ, դու արժանի ես փառքի, պատվի և զորության, որովհետև դու ես ստեղծել բոլոր բաները (Հայտն. 4։11)։

Գլխավոր պատճառը, թե ինչու ենք քարոզում բարի լուրը, Եհովա Աստծու և նրա սուրբ անվան հանդեպ սերն է։ Մեր ծառայությունը միջոց է գովաբանելու մեր Աստծուն, ում սիրում ենք։ Մենք լիովին համաձայն ենք, որ Եհովա Աստված արժանի է իր հավատարիմ ծառաներից առնելու փառքը, պատիվը և զորությունը։ Մենք փառք ու պատիվ ենք ուղղում նրան, երբ մարդկանց հետ խոսելիս համոզիչ փաստարկներ ենք բերում, որ նա է «ստեղծել բոլոր բաները», և որ մեր գոյության համար մենք նրան ենք պարտական։ Մենք նրան տալիս ենք մեր զորությունը, այսինքն՝ օգտագործում ենք մեր ժամանակը, ուժերը և միջոցները՝ մեր հնարավորության սահմաններում ծառայության մեջ լավագույնը անելու համար (Մատթ. 6։33; Ղուկ. 13։24; Կող. 3։23)։ Կարճ ասած՝ մենք սիրում ենք խոսել մեր թանկագին Աստծու մասին և հայտնել մարդկանց նրա անունը, և թե ով է կանգնած այդ անվան հետևում։ w24.05, էջ 17, պրբ. 11

7 սեպտեմբերի, երկուշաբթի

Նա.... վարձատրում է նրանց, ովքեր ջանադրաբար ձգտում են կատարել իր կամքը (Եբր. 11։6)։

Եհովան այսօր մեզ տալիս է մտքի խաղաղություն և բավարարվածության զգացում, իսկ ապագայում կտա նաև հավիտենական կյանք։ Մենք կարող ենք մեր հույսը Եհովայի վրա դնել՝ համոզված լինելով, որ նա մեզ վարձատրելու և՛ ցանկություն ունի, և՛ զորություն։ Ուստի մենք շարունակում ենք մեր լավագույնն անել նրան մատուցվող մեր երկրպագության մեջ, ճիշտ ինչպես արել են անցյալում ապրած նրա հավատարիմ ծառաները։ Նրանցից էր Տիմոթեոսը (Եբր. 6։10-12)։ Նա իր հույսը կենդանի Աստծու վրա էր դնում (1 Տիմոթ. 4։10)։ Դա էր պատճառը, որ նա ջանասեր էր և իր ուժերը չէր խնայում Եհովայի գործում։ Պողոսը նրան հորդորում էր բարելավել իր ուսուցողական և հռետորական հմտությունները։ Առաքյալը նրան հորդորում էր նաև լավ օրինակ լինել թե՛ երիտասարդ, թե՛ տարեց հավատակիցների համար։ Բացի այդ՝ Տիմոթեոսը որոշ դժվար հանձնարարություններ ուներ անելու, օրինակ՝ նա պետք է ուղիղ, բայցև սիրառատ կերպով խորհուրդ տար նրանց, ովքեր դրա կարիքը ունեին (1 Տիմոթ. 4։11-16; 2 Տիմոթ. 4։1-5)։ Տիմոթեոսը համոզված էր, որ Եհովան վարձատրելու էր (Հռոմ. 2։6, 7)։ w24.06, էջ 22-23, պրբ. 10-11

8 սեպտեմբերի, երեքշաբթի

Եհովան իր բոլոր մարգարեների.... միջոցով զգուշացնում էր Իսրայելին ու Հուդային (2 Թագ. 17։13)։

Եհովան հաճախ իր մարգարեների միջոցով ուղղում էր իսրայելացիներին և զգուշացնում, թե ինչ կլինի, եթե չփոխվեն։ Օրինակ՝ Երեմիայի միջոցով նա հետևյալն էր ասել. «Հե՛տ դարձիր, ո՛վ անհավատարիմ Իսրայել.... Քեզ վրա զայրույթով չեմ նայի, որովհետև ես նվիրված եմ.... Ես հավիտյան բարկացած չեմ մնալու։ Միայն թե ընդունիր մեղքդ, քանի որ ըմբոստացել ես Եհովայի.... դեմ» (Երեմ. 3։12, 13)։ Իսկ Հովելի միջոցով Եհովան նրանց հորդորել էր. «Վերադարձե՛ք ինձ մոտ ամբողջ սրտով» (Հովել 2։12, 13)։ Եսայիա մարգարեին էլ պատվիրել էր հռչակել. «Մաքրվե՛ք, ձեր չար գործերը աչքիցս հեռացրե՛ք, վատ բաներ այլևս մի՛ արեք» (Ես. 1։16-19)։ Իսկ Եզեկիել մարգարեի միջոցով ասել էր. «Մի՞թե ինձ ուրախացնում է մեղսագործի մահը.... Ո՛չ, ես ուզում եմ, որ նա դադարի մեղք գործելուց ու ապրի։ Ոչ մեկի մահը ինձ չի ուրախացնում.... Ուստի դարձի՛ եկեք և ապրե՛ք» (Եզեկ. 18։23, 32)։ Եհովան ուրախանում է, երբ տեսնում է, որ մարդիկ զղջում են, քանի որ ուզում է՝ նրանք հավիտյան ապրեն։ w24.08, էջ 9, պրբ. 5-6

9 սեպտեմբերի, չորեքշաբթի

Ամբողջ գիրքը Աստծու ներշնչմամբ է գրված և օգտակար է (2 Տիմոթ. 3։16)։

Աստծու բոլոր ծառաները անհրաժեշտ հոգևոր կերակուր, առաջնորդություն և պաշտպանություն են ստանում։ Եհովայի անկողմնակալությունը փաստող ապացույցներից մեկն այն է, որ նա իր Խոսքը հասանելի է դարձրել ամբողջ աշխարհում ապրող մարդկանց համար։ Աստվածաշունչը գրվել է երեք լեզվով՝ եբրայերեն, արամերեն և հունարեն։ Արդյո՞ք նրանք, ովքեր Աստվածաշունչը կարողանում են կարդալ բնագիր լեզուներով, ավելի մտերիմ են Եհովայի հետ։ Ո՛չ (Մատթ. 11։25)։ Եհովայի հավանությունը ունենալը կախված չէ մեր կրթությունից կամ լեզուների իմացությունից։ Նա իր իմաստությունը ոչ թե հասանելի է դարձնում միայն բարձրագույն կրթություն ունեցողներին, այլ երկրի վրա ապրող յուրաքանչյուր մարդու։ Նրա Խոսքը՝ Աստվածաշունչը, թարգմանվել է հազարավոր լեզուներով, ինչի շնորհիվ ամբողջ աշխարհում ապրող մարդիկ հնարավորություն ունեն սովորելու աստվածաշնչյան ուսմունքները և իմանալու, թե ինչպես կարող են դառնալ Աստծու ընկերը (2 Տիմոթ. 3։16, 17)։ w24.06, էջ 6-7, պրբ. 13-15

10 սեպտեմբերի, հինգշաբթի

[Երուսաղեմի] կործանումը մոտեցել է (Ղուկ. 21։20)։

Հրեական համակարգի վախճանը, որը կանխագուշակել էր Հիսուսը, դռան շեմին էր։ Քրիստոնյաները պետք է մնացած ժամանակը օգտագործեին գալիք իրադարձություններին պատրաստվելու համար՝ զարգացնելով հավատ և դիմացկունություն (Եբր. 10։25; 12։1, 2)։ Այսօր մենք կանգնած ենք մեծ նեղության շեմին։ Դա շատ ավելի ծանր ժամանակաշրջան է լինելու, քան այն, որին բախվեցին եբրայեցիները (Մատթ. 24։21; Հայտն. 16։14, 16)։ Քննենք խորհուրդներից մի քանիսը, որ Եհովան տվել էր այդ քրիստոնյաներին, և որոնք մեզ համար նույնպես կարող են օգտակար լինել։ Եբրայեցիներին գրած նամակում Պողոս առաքյալը հորդորեց իր հավատակիցներին ավելի խորությամբ ուսումնասիրել Աստծու Խոսքը (Եբր. 5։14-6։1)։ Նա մեջբերումներ արեց Եբրայերեն Գրվածքներից և բացատրեց, թե ինչու է քրիստոնեությունը հուդայականությունից գերադաս։ Պողոսը գիտեր, որ խոր գիտելիքները և ճշմարտությունը ավելի լավ իմանալը կօգներ այդ քրիստոնյաներին բնորոշել կեղծ ուսմունքները և մերժել դրանք։ w24.09, էջ 8, պրբ. 2-3; էջ 9, պրբ. 6

11 սեպտեմբերի, ուրբաթ

Տերն իրոք հարություն է առել (Ղուկ. 24։34)։

Հիսուսի աշակերտները քաջալերանքի կարիք ունեին։ Նրանցից ոմանք թողել էին իրենց տները, ընտանիքները և աշխատանքը, որ Հիսուսի լիաժամ հետևորդը դառնային (Մատթ. 19։27)։ Մյուսներն էլ նրա աշակերտը լինելու պատճառով մերժված էին հասարակության կողմից (Հովհ. 9։22)։ Աշակերտները այդպիսի զոհողություններ էին արել, քանի որ հավատում էին, որ Հիսուսն է խոստացված Մեսիան (Մատթ. 16։16)։ Ուստի երբ Հիսուսը մահապատժի ենթարկվեց, նրանց հույսերը խորտակվեցին, և նրանք վհատության մեջ ընկան։ Հիսուսը հասկանում էր, որ աշակերտների վիշտը ոչ թե հոգևոր թուլության նշան էր, այլ ծանր կորստի հանդեպ բնական արձագանք։ Այդ պատճառով հենց հարություն առնելու օրը նա սկսեց քաջալերել իր ընկերներին։ Օրինակ՝ հայտնվեց Մարիամ Մագդաղենացուն, որը, նրա գերեզմանի մոտ կանգնած, լաց էր լինում (Հովհ. 20։11, 16)։ Բացի այդ՝ հայտնվեց երկու աշակերտներին, որոնք Էմմաուս էին գնում, իսկ հետո նաև՝ Պետրոս առաքյալին։ w24.10, էջ 13, պրբ. 5-6

12 սեպտեմբերի, շաբաթ

Միշտ պատրաստ եղեք ի պաշտպանություն ձեր հույսի խոսելու յուրաքանչյուր մարդու առաջ, ով կպահանջի բացատրել, թե ինչի վրա է այն հիմնված (1 Պետ. 3։15)։

Սիրելի՛ ծնող, նախապատրաստիր երեխայիդ, որ պաշտպանի Արարչի հանդեպ իր հավատը։ Թերևս օգտակար կհամարես նրա հետ քննարկել jw.org կայքում հրապարակված «Երիտասարդները հարցնում են։ Ստեղծագործությո՞ւն, թե՞ էվոլյուցիա» հոդվածաշարը։ Այնուհետև երեխադ կարող է որոշել, թե որ բացատրությունը ուրիշներին կօգնի հավատալ Ստեղծչի գոյությանը։ Հորդորիր, որ պարզ ու տրամաբանական փաստարկներ բերի, եթե ինչ-որ մեկը տրամադրված լինի զրուցելու։ Նրա դասարանցիներից մեկը գուցե ասի. «Ես հավատում եմ միայն նրան, ինչը տեսնում եմ։ Իսկ Աստծուն երբեք չեմ տեսել»։ Երեխադ կարող է պատասխանել. «Պատկերացրու՝ քայլում ես մի անտառում, որտեղ մարդը ոտք չի դրել, ու հանկարծ տեսնում ես գեղեցիկ տուն։ Ի՞նչ կմտածես։ Եթե տան առկայությունը փաստում է, որ բանականություն ունեցող մեկն է այն կառուցել, ապա մի՞թե տիեզերքը ավելի մեծ ապացույց չէ այն բանի, որ գոյություն ունի Ստեղծիչ»։ w24.12, էջ 18, պրբ. 16

13 սեպտեմբերի, կիրակի

Տարեցներն իմաստություն ունեն, երկար կյանք ապրածները՝ ըմբռնողականություն (Հոբ 12։12)։

Կյանքում կարևոր որոշումներ կայացնելիս բոլորս առաջնորդության կարիք ունենք։ Այդ հարցում մեզ կարող են օգնել երեցները և մյուս հասուն քրիստոնյաները։ Եթե նրանք տարիքով մեծ են, չի նշանակում, որ նրանց խորհուրդները արդիական չեն։ Եհովան ուզում է, որ սովորենք տարեցներից։ Նրանք մեզանից ավելի շատ փորձ ունեն, ավելի խոր հասկացողություն և իմաստություն։ Աստվածաշնչյան ժամանակներում Եհովան հավատարիմ տարեցների միջոցով քաջալերում և առաջնորդում էր իր ժողովրդին։ Այդ հավատարիմների թվում էին Մովսեսը, Դավիթը, ինչպես նաև Հովհաննես առաքյալը։ Նրանք ապրել են տարբեր ժամանակաշրջաններում, և նրանց հանգամանքները խիստ տարբերվել են։ Իրենց կյանքի մայրամուտին նրանք իմաստուն խորհուրդներ են տվել երիտասարդներին։ Նրանցից յուրաքանչյուրը ընդգծել է Աստծուն հնազանդ լինելու կարևորությունը։ Անկախ նրանից՝ երիտասարդ ենք, թե տարեց, նրանց խորհուրդներին ուշադրություն դարձնելով՝ մեծ օգուտներ կքաղենք (Հռոմ. 15։4; 2 Տիմոթ. 3։16)։ w24.11, էջ 8, պրբ. 1-2

14 սեպտեմբերի, երկուշաբթի

Մինչև չուտեք մարդու Որդու մարմինը և չխմեք նրա արյունը, կյանք չեք ստանա (Հովհ. 6։53)։

Դեռևս Նոյի օրերում Աստված մարդկանց արգելել էր արյուն ուտել (Ծննդ. 9։3, 4)։ Հետագայում Եհովան կրկնել էր այդ արգելքը Իսրայելին տված իր Օրենքում։ Ցանկացած մարդ, ով արյուն ուտեր, պետք է «վերացվեր իր ժողովրդի միջից» (Ղևտ. 7։27)։ Հիսուսը հնազանդվում էր Օրենքին (Մատթ. 5։17-19)։ Ուստի անտրամաբանական է մտածել, որ նա հրեաներին կհորդորեր ուտել իր բառացի մարմինը և խմել իր երակներում հոսող արյունը։ Հիսուսը այդ խոսքերը փոխաբերական իմաստով էր ասում, ինչպես դա արել էր սամարուհու հետ զրուցելիս։ Նա ասել էր. «Իմ տված ջուրը.... կբխի հավիտենական կյանք տալու համար» (Հովհ. 4։7, 14)։ Հիսուսը նկատի չէր ունեցել, որ սամարուհին հավիտյան կապրեր, եթե պարզապես հատուկ ջրհորից ջուր խմեր։ Նմանապես՝ Կափառնայումում հավաքված մարդկանց հետ խոսելիս նա նկատի չուներ, որ նրանք հավիտյան կապրեն, եթե ուտեն իր բառացի մարմինն ու խմեն իր արյունը։ w24.12, էջ 9, պրբ. 4-6

15 սեպտեմբերի, երեքշաբթի

Ձեր մարմինները Աստծուն [տվեք] որպես կենդանի, սուրբ և նրան ընդունելի զոհ, այսինքն.... սուրբ ծառայություն մատուցեք նրան՝ գործի դնելով ձեր բանականությունը (Հռոմ. 12։1)։

Քրիստոնյա տղամարդիկ պետք է զգույշ լինեն, որ չորդեգրեն կանանց վերաբերյալ այս աշխարհի աղավաղված տեսակետը։ Մարդու մտքերը հաճախ գործերի են վերածվում։ Պողոսը Հռոմի օծյալ քրիստոնյաներին զգուշացրեց. «Թույլ մի՛ տվեք, որ այս աշխարհը ձևավորի ձեզ» (Հռոմ. 12։1, 2)։ Երբ առաքյալը գրեց հռոմեացիներին, այնտեղի ժողովն արդեն մի քանի տարի էր, ինչ կազմավորվել էր։ Սակայն նրա խոսքերը ցույց են տալիս, որ ժողովում դեռ կային մարդիկ, ում վրա մշակույթն ու աշխարհի մտածելակերպը մեծ ազդեցություն էին ունենում։ Ուստի նա հորդորեց նրանց փոխել իրենց մտածելակերպն ու գործերը։ Նրա խորհուրդը, ինչ խոսք, վերաբերում է նաև այսօրվա քրիստոնյա ամուսիններին։ Ցավոք, նրանցից ոմանք թույլ են տվել, որ աշխարհը ազդի իրենց մտածելակերպի վրա և անգամ սկսել են բռնություն գործադրել իրենց կանանց նկատմամբ։ w25.01, էջ 9, պրբ. 4

16 սեպտեմբերի, չորեքշաբթի

Ծառայելով որպես վերակացուներ՝ հովվեք Աստծու հոտը, որը ձեր հոգածությանն է հանձնվել (1 Պետ. 5։2)։

Երեցները զբաղված կյանքով են ապրում։ Նրանք քարոզիչներ են (2 Տիմոթ. 4։5)։ Նրանք եռանդորեն մասնակցում են քարոզչությանը, իրենց ժողովի տարածքում կազմակերպում են քարոզչական գործը և սովորեցնում են հավատակիցներին արդյունավետորեն քարոզել և ուսուցանել։ Երեցները ծառայում են նաև որպես գթասիրտ և անկողմնակալ դատավորներ։ Երբ որևէ քրիստոնյա լուրջ մեղք է գործում, երեցները փորձում են օգնել նրան վերականգնել Եհովայի հետ մտերմությունը։ Բայց միևնույն ժամանակ նրանք աչալուրջ են և ամեն ինչ անում են, որ ժողովը մաքուր մնա (1 Կորնթ. 5։12, 13; Գաղ. 6։1)։ Նախևառաջ, սակայն, երեցները հայտնի են որպես հովիվներ (1 Պետ. 5։1-3)։ Նրանք լավ պատրաստված սուրբգրային ելույթներ են ներկայացնում, ձգտում են ժողովում լավ ճանաչել բոլորին և հովվական այցելություններ են անում։ Որոշ երեցներ այլ պատասխանատվությունների հետ մեկտեղ աջակցում են Թագավորության սրահների կառուցման և տեխսպասարկման, ինչպես նաև համաժողովների կազմակերպման գործերում, ծառայում են ՀԿԿ-ներում և հիվանդներին այցելող խմբերում։ Այո՛, երեցները տքնաջան աշխատում են մեզ համար։ w24.10, էջ 20, պրբ. 9

17 սեպտեմբերի, հինգշաբթի

Ինչպես Ադամի պատճառով բոլորը մահանում են, այնպես էլ Քրիստոսի շնորհիվ բոլորը կյանքի կբերվեն (1 Կորնթ. 15։22)։

Աստվածաշնչում «փրկագնվել» բառը օգտագործվում է փրկագինը վճարելու արդյունքում ազատագրվելու և արդար հայտարարվելու իմաստով։ Դրա վերաբերյալ Պետրոս առաքյալը հետևյալն ասաց. «Դուք գիտեք, որ ձեր նախահայրերից ժառանգած անիմաստ ապրելակերպից ազատվեցիք [բռց.՝ «փրկագնվեցիք»] ոչ թե ապականվող բաներով՝ արծաթով կամ ոսկով, այլ Քրիստոսի թանկագին արյունով, որը նման է մի անարատ ու անբիծ գառան արյան» (1 Պետ. 1։18, 19; ծնթ.)։ Փրկագնի շնորհիվ մենք կարող ենք ազատագրվել մեղքի ու մահվան ստրկությունից (Հռոմ. 5։21)։ Հիսուսի թանկ արյան, կամ՝ կյանքի գնով ազատագրվելու հնարավորությունը նվեր է, որի մասին խորհելն անկասկած մեր սիրտը խոր երախտագիտության զգացումով է լցնում նրա ու Եհովայի հանդեպ։ w25.02, էջ 5, պրբ. 15-16

18 սեպտեմբերի, ուրբաթ

Երջանիկ է այն մարդը, ով միշտ զգույշ է, որ սխալ բան չանի (Առակ. 28։14)։

Զգոն լինելու մասին շատ բան կարող ենք սովորել Առակներ 7-րդ գլխում նկարագրված երիտասարդի հետ տեղի ունեցածից, ով մի անառակ կնոջ հետ անբարոյություն գործեց։ 22-րդ համարում ասվում է. «Ահա նա գնում է այդ կնոջ հետևից»։ Թվում է, թե նա շատ անսպասելի և արագ ընկավ ծուղակը։ Բայց նախորդ համարները ցույց են տալիս, որ այդ երիտասարդը այնպիսի քայլեր էր արել, որոնք աստիճանաբար էին նրան լուրջ մեղքի տարել։ Նախ՝ այդ երիտասարդը երեկոյան ժամի «անցնում էր.... [անբարո կնոջ] տան փողոցի մոտով»։ Հետո՝ նա սկսեց քայլել այդ կնոջ տան ուղղությամբ (Առակ. 7։8, 9)։ Իսկ երբ տեսավ այդ կնոջը, իր ճանապարհը չփոխեց։ Փոխարենը թույլ տվեց, որ նա համբուրի իրեն, և լսեց նրան, երբ վերջինս պատմում էր, որ «խաղաղության զոհեր» է մատուցել։ Այդպիսով կինը թերևս փորձում էր տպավորություն ստեղծել, թե ինքը վատ մարդ չէ (Առակ. 7։13, 14, 21)։ Եթե երիտասարդը խուսափեր վերոնշյալ վտանգավոր քայլերից, զգոնություն դրսևորած կլիներ և չէր տրվի գայթակղությանը ու մեղք չէր գործի։ w24.07, էջ 16, պրբ. 8-9; էջ 19, պրբ. 19

19 սեպտեմբերի, շաբաթ

Սրտանց ներեք ու մխիթարեք նրան (2 Կորնթ. 2։7)։

Եհովան չի հանդուրժում լուրջ մեղքը։ Ոմանք գուցե մտածեն. «Քանի որ Եհովան գթասիրտ է, պետք է թույլ տա չզղջացող անձանց ընկերակցել ժողովի հետ»։ Բայց Եհովայի գթասրտությունը այդպես չի դրսևորվում։ Նա ամենաթող չէ և երբեք չի ցածրացնում իր չափանիշները (Հուդա 4)։ Գթասրտության դրսևորում չէր լինի այն, որ Եհովան թույլ տար չզղջացողներին մնալ ժողովում, քանի որ դա վտանգի տակ կդներ ամբողջ ժողովը (Առակ. 13։20; 1 Կորնթ. 15։33)։ Կորնթոսի ժողովի մասին արձանագրությունից սովորում ենք նաև, որ Եհովան չի ցանկանում՝ որևէ մեկը կործանվի։ Հնարավորության դեպքում նա ուզում է փրկել բոլորին։ Նա գթասրտություն է դրսևորում այն մարդկանց հանդեպ, ովքեր փոխում են իրենց մտածելակերպն ու գործերը և ցանկանում են վերականգնել իր հետ լավ հարաբերությունները (Եզեկ. 33։11; 2 Պետ. 3։9)։ Դրա համար էլ, երբ մեղք գործած անհատը զղջաց և վերջ դրեց իր սխալ ընթացքին, Եհովան Պողոս առաքյալի միջոցով բացատրեց կորնթացի քրիստոնյաներին, որ պետք է ներեն այդ մարդուն և հետ ընդունեն նրան։ w24.08, էջ 17, պրբ. 7; էջ 18-19, պրբ. 14-15

20 սեպտեմբերի, կիրակի

Եթե իմ այս եղբայրներից անգամ ամենափոքրի համար արեցիք, ուրեմն ինձ համար արեցիք (Մատթ. 25։40)։

Ոչխարների ու այծերի մասին առակից տեսնում ենք, որ Հիսուսը կդատի մարդկանց այն բանի հիման վրա, թե արդյոք թիկունք են կանգնել իր օծյալ եղբայրներին (Մատթ. 25։31-46)։ Նա կդատի մարդկանց «մեծ նեղության» ընթացքում՝ անմիջապես Արմագեդոնից առաջ (Մատթ. 24։21)։ Ինչպես հովիվն է զատում ոչխարներին այծերից, այնպես էլ Հիսուսը իր օծյալ հետևորդներին հավատարմորեն աջակցողներին կառանձնացնի նրանցից, ովքեր այդպես չեն վարվել։ Մարգարեացվել է, որ Եհովայի նշանակած Դատավորը՝ Հիսուսը, արդարությամբ է դատելու (Ես. 11։3, 4)։ Նա ուշադրություն է դարձնում մարդկանց վարվելակերպին, մտածելակերպին և խոսքերին, այդ թվում՝ այն բանին, թե ինչպես են նրանք վերաբերվում իր օծյալ եղբայրներին (Մատթ. 12։36, 37)։ Քրիստոսն իմանալու է, թե ովքեր են թիկունք կանգնել իր օծյալ եղբայրներին և նրանց կատարած գործին։ Իսկ նրա եղբայրներին թիկունք կանգնելու ամենակարևոր կերպերից մեկը քարոզչական գործում նրանց աջակցելն է։ w24.09, էջ 20-21, պրբ. 3-4

21 սեպտեմբերի, երկուշաբթի

Ստուգեք ամեն ինչ (1 Թեսաղ. 5։21)։

Մեր իմացածի ճշգրտությունը ստուգելու համար կարող ենք փորձել պարզել, թե մեր ունեցած կասկածների վերաբերյալ ինչ է ասում Աստվածաշունչը։ Պատկերացնենք մի երիտասարդի, ով վստահ չէ, որ Աստված արժևորում է իրեն։ Նա չպետք է պարզապես ապրի այդ կասկածով։ Ճիշտ կլինի, որ նա «ստուգի ամեն ինչ»՝ ջանալով հասկանալ, թե ինչ է Եհովան մտածում այդ մասին։ Աստվածաշունչը կարդալով՝ մենք ասես լսում ենք, թե ինչպես է Եհովան խոսում մեզ հետ։ Բայց որևէ կոնկրետ հարցի վերաբերյալ նրա տեսակետը իմանալու համար պետք է հավելյալ ջանքեր գործադրենք։ Ընթերցելիս հարկավոր է կենտրոնանալ այն համարների վրա, որոնք կօգնեն գտնել մեզ հուզող հարցի պատասխանը։ Մենք կարող ենք տվյալ թեմայի վերաբերյալ փնտրտուքներ անել՝ օգտվելով Եհովայի կազմակերպության տրամադրած ուսումնասիրության գործիքներից (Առակ. 2։3-6)։ Կարևոր է նաև աղոթել, որ Աստված ուղղորդի մեզ և օգնի գտնել մեր հարցի հետ կապված իր տեսակետը։ Այնուհետև կարող ենք փնտրել աստվածաշնչյան սկզբունքներ և այնպիսի տեղեկություններ, որոնք կիրառելի են մեր իրավիճակում։ w24.10, էջ 25, պրբ. 4-5

22 սեպտեմբերի, երեքշաբթի

[Սերը] իր շահի մասին չի մտածում (1 Կորնթ. 13։5)։

Եհովան չի օրհնի նրանց, ովքեր հպարտությունից ու փառատենչությունից մղված են ինչ-որ բան անում (1 Կորնթ. 10։24, 33; 13։4)։ Անգամ Հիսուսի մտերիմ ընկերներն էին երբեմն սխալ մղումներով ձգտում դիրքի։ Հիշենք, թե ինչ արեցին Հիսուսի երկու առաքյալները՝ Հակոբոսն ու Հովհաննեսը։ Նրանք Հիսուսին խնդրեցին, որ իր թագավորության մեջ հատուկ դիրքի արժանացնի իրենց։ Հիսուսը չողջունեց այդ փառատենչ արարքը, փոխարենը, դիմելով իր բոլոր առաքյալներին, ասաց. «Ով ուզում է իսկապես մեծ լինել ձեր մեջ, պետք է ձեր սպասավորը լինի, և ով ուզում է առաջինը լինել ձեր մեջ, պետք է բոլորի ծառան լինի» (Մարկ. 10։35-37, 43, 44)։ Այն եղբայրները, ովքեր ճիշտ մղումով են ձգտում որևէ նշանակման, այսինքն՝ ուզում են ծառայել ուրիշներին, մեծ օրհնություն կլինեն ժողովի համար (1 Թեսաղ. 2։8)։ w24.11, էջ 15-16, պրբ. 7-8

23 սեպտեմբերի, չորեքշաբթի

Երբ խորհրդատուները շատ են, հաջողություն է լինում (Առակ. 15։22)։

Որոշումներ կայացնելիս սերը կմղի, որ մտածենք «դիմացինի օգտին» և համեստ լինենք (1 Կորնթ. 10։23, 24, 32; 1 Տիմոթ. 2։9, 10)։ Այդ դեպքում այնպիսի որոշում կկայացնենք, որից կերևա մարդկանց հանդեպ մեր հարգանքն ու սերը։ Եթե կարևոր որոշում ես կայացնում, մտածիր, թե ինչ է հարկավոր այն իրագործելու համար։ Հիսուսը հորդորել է «հաշվել ծախսը» (Ղուկ. 14։28)։ Ուստի մտածիր, թե որքան ժամանակ, միջոցներ և ջանքեր են անհրաժեշտ որոշումդ կյանքի կոչելու համար։ Երբեմն գուցե կարիք լինի խորհրդակցել ընտանիքիդ անդամների հետ՝ որոշելու համար, թե յուրաքանչյուրն ինչ պետք է անի, որպեսզի թիկունք կանգնի այդ որոշմանը։ Այդպես վարվելը կարող է օգնել քեզ հասկանալու, թե արդյոք կայացրածդ որոշումը հարկավոր է փոխել, կամ ընտրելու ավելի գործնական տարբերակ։ Երբ ընտանիքիդ անդամների հետ խորհրդակցես և լսես նրանց կարծիքը, նրանք ավելի մեծ պատրաստակամությամբ կնպաստեն, որ որոշումդ հաջողությամբ իրականացվի։ w25.01, էջ 18-19, պրբ. 14-15

24 սեպտեմբերի, հինգշաբթի

Ցնծացեք ու.... ուրախացեք (Ես. 65։18)։

Եսայիայի մարգարեությունից իմանում ենք, թե ինչու պետք է հոգևոր դրախտում «ցնծանք.... [և] ուրախանանք»։ Եհովան է այդ հրաշալի միջավայրի հեղինակը (Ես. 65։18, 19)։ Նա իր ժողովրդի միջոցով օգնում է մարդկանց դուրս գալ այս հին աշխարհի՝ հոգևոր առումով չորացած կրոնական կազմակերպություններից և մտնել գեղեցիկ հոգևոր դրախտ։ Ճշմարտության բերած օրհնությունները տեսնելով՝ մենք անչափ ոգևորվում ենք և մղվում դրանց մասին պատմելու ուրիշներին (Երեմ. 31։12)։ Մենք մեծ ոգևորությամբ ու գնահատանքով ենք լցվում նաև այն ժամանակ, երբ մտածում ենք այն չքնաղ հույսի մասին, որ ունեն հոգևոր դրախտի բնակիչները։ Աստվածաշունչը խոստանում է, որ մենք «տներ կշինենք ու կբնակվենք դրանց մեջ, խաղողի այգիներ կտնկենք ու դրանց պտուղը կուտենք»։ Մեր «տքնաջան աշխատանքը ապարդյուն չի լինի», քանի որ «օրհնված կլինենք Եհովայի կողմից»։ Եհովան գիտի յուրաքանչյուրիս կարիքը և «ամեն կենդանի արարածի փափագը կգոհացնի» (Ես. 65։20-24; Սաղ. 145։16)։ w24.04, էջ 22-23, պրբ. 11-12

25 սեպտեմբերի, ուրբաթ

Աստված է իմ ամուր ժայռը, իմ ապաստանը (Սաղ. 62։7)։

Մենք Եհովային մեր Վեմն ենք դարձնում, երբ լիովին ապավինում ենք նրան։ Մենք չենք կասկածում, որ եթե հնազանդվենք նրան նույնիսկ դժվարին ժամանակներում, օգուտներ կքաղենք (Ես. 48։17, 18)։ Իսկ երբ զգում ենք նրա աջակցությունը, նրա հանդեպ մեր վստահությունը ավելի է ամրանում և ավելի պատրաստված ենք լինում այնպիսի փորձությունների, որոնք կարող ենք հաղթահարել միայն Եհովայի օգնությամբ։ Հսկա ժայռի նման Եհովան անսասան է և անփոփոխ։ Նրա անհատականությունն ու նպատակը երբեք չեն փոխվում (Մաղ. 3։6)։ Եդեմի պարտեզի ըմբոստությունից հետո Եհովան չփոխեց մարդկության առնչությամբ իր նպատակը։ Պողոս առաքյալը գրել է, «[Եհովան] չի կարող դեմ գնալ ինքն իրեն» (2 Տիմոթ. 2։13)։ Սա նշանակում է, որ, անկախ նրանից, թե ինչ տեղի կունենա, կամ մարդիկ ինչ կանեն, Եհովան երբեք չի փոխի իր հատկությունները, նպատակը և չափանիշները։ Վստահ լինելով, որ մեր Աստվածը անսասան է՝ մենք կարող ենք անհանգիստ ժամանակներում մեր հույսը նրա վրա դնել և համոզված լինել, որ նա կպահի ապագայի հետ կապված իր խոստումները (Սաղ. 62։6, 7)։ w24.06, էջ 27, պրբ. 7-8

26 սեպտեմբերի, շաբաթ

Ներքուստ՝ այն, ինչ սրտում է.... մեծ արժեք ունի Աստծու աչքում (1 Պետ. 3։4)։

Եթե ինչ-որ մեկի հետ մտերմություն ես անում, ինչպե՞ս կարող ես կողմնորոշվել ամուսնանալ նրա հետ, թե ոչ։ Գաղտնիքը միմյանց լավ ճանաչելն է։ Թերևս նախքան մտերմություն սկսելը այդ անհատի վերաբերյալ որոշ տեղեկություններ ես իմացել, բայց այժմ հնարավորություն ունես ճանաչելու «սրտի ծածուկ մարդուն»։ Դա նշանակում է ավելին իմանալ նրա հոգևոր վիճակի, բնավորության և մտածելակերպի մասին։ Ժամանակի ընթացքում դու կգտնես հետևյալ հարցերի պատասխանները. «Այս անհատը լավ կողակից կլինի՞ ինձ համար (Առակ. 31։26, 27, 30; Եփես. 5։33; 1 Տիմոթ. 5։8)։ Կարո՞ղ ենք բավարարել միմյանց էմոցիոնալ կարիքները։ Կարո՞ղ ենք հարմարվել միմյանց թերություններին» (Հռոմ. 3։23)։ Իրար լավ ճանաչելուն զուգահեռ հիշեք, որ համապատասխան են ոչ թե այն մարդիկ, ովքեր նման են իրար, այլ նրանք, ովքեր հարմարվում են միմյանց։ w24.05, էջ 27, պրբ. 5

27 սեպտեմբերի, կիրակի

Մեղք եմ գործել Եհովայի դեմ (2 Սամ. 12։13)։

Դավիթ թագավորը լուրջ մեղք էր գործել, բայց երբ Նաթան մարգարեն ասաց նրան, թե ինչ է Եհովան մտածում նրա արարքի մասին, Դավիթը խոնարհաբար զղջաց (Սաղ. 51։3, 4, 17; ենթախորագիր)։ Եզեկիա թագավորը նույնպես մեղք էր գործել Եհովայի դեմ (2 Տար. 32։25)։ Դավթի պես Եզեկիան խոնարհաբար զղջաց (2 Տար. 32։26)։ Արդյունքում Եհովան նրան հավատարիմ թագավոր համարեց, ով «արեց այն, ինչը ճիշտ էր» (2 Թագ. 18։3)։ Մենք պետք է զղջանք մեր մեղքերի համար և ամեն կերպ ձգտենք չկրկնել դրանք։ Իսկ երբ ժողովի երեցները խորհուրդ են տալիս մեզ, նույնիսկ եթե կարծում ենք, որ դա այնքան էլ կարևոր հարց չէ, չպետք է մտածենք, թե Եհովան այլևս չի սիրում մեզ, կամ երեցները տրամադրված են մեր դեմ։ Անգամ Իսրայելի լավ թագավորները խորհրդի և խրատի կարիք ունեին (Եբր. 12։6)։ Ուստի կարող ենք ասել, որ երբ երեցները փորձում են ուղղել մեզ, մենք պետք է՝ 1) խոնարհաբար ընդունենք խրատը, 2) կատարենք անհրաժեշտ փոփոխությունները և 3) շարունակենք ամբողջ սրտով ծառայել Եհովային։ Եթե զղջանք, Եհովան կների մեզ (2 Կորնթ. 7։9, 11)։ w24.07, էջ 21, պրբ. 8; էջ 22, պրբ. 9, 11

28 սեպտեմբերի, երկուշաբթի

Հեռացրեք չար մարդուն ձեր միջից (1 Կորնթ. 5։13)։

Մեղսագործը հեռացվում է ժողովից, եթե դրականորեն չի արձագանքում երեցների՝ իրեն օգնելու բազմաթիվ փորձերին (2 Թագ. 17։12-15)։ Նրա գործերը ցույց են տալիս, որ նա որոշել է չհնազանդվել Եհովայի չափանիշներին (2 Օրենք 30։19, 20)։ Հայտարարություն է արվում, որով տեղեկացվում է ժողովին, որ նա այլևս Եհովայի վկա չէ։ Հայտարարության նպատակը նրան նվաստացնելը չէ։ Դա արվում է, որ ժողովը կարողանա հետևել հեռացված անհատի հետ «որևէ շփում չունենալու» և «նույնիսկ հաց չուտելու» վերաբերյալ սուրբգրային պատվերին (1 Կորնթ. 5։9-11)։ Իզուր չէ, որ Եհովան նման պատվեր է տվել։ Պողոս առաքյալը գրել է. «Մի փոքր թթխմորը խմորում է ողջ զանգվածը» (1 Կորնթ. 5։6)։ Չզղջացող մեղսագործները կարող են թուլացնել այն քրիստոնյաների վճռականությունը, ովքեր ձգտում են ապրել Եհովայի արդար չափանիշներով (Առակ. 13։20; 1 Կորնթ. 15։33)։ w24.08, էջ 27, պրբ. 3-4

29 սեպտեմբերի, երեքշաբթի

Ինձ զորացնողի շնորհիվ ես ի զորու եմ անելու ամեն ինչ (Փիլիպ. 4։13)։

Մենք չենք կարող մեր ուժը կամ էներգիան փոխանցել ուրիշներին։ Սակայն կարող ենք ընդօրինակել նրան՝ մեր ուժը օգտագործելով մարդկանց օգնելու համար։ Օրինակ՝ գուցե կարիք լինի, որ գնումներ կատարենք մեր տարեց կամ հիվանդ հավատակիցների համար կամ օգնենք նրանց տնային գործերում։ Կարող ենք մասնակցել նաև Թագավորության սրահի մաքրության և տեխսպասարկման աշխատանքներին։ Մի՛ մոռացիր, որ խոսքերը նույնպես ուժ ունեն։ Մտածիր, թե ով մխիթարության կարիք ունի, կամ թե ում կարող ես քաջալերել՝ անկեղծորեն գովելով։ Եթե գիտես նման մարդկանց, օգնության ձեռք մեկնիր։ Օրինակ՝ կարող ես այցելել նրանց, զանգահարել, մի բացիկ, էլեկտրոնային նամակ կամ տեքստային հաղորդագրություն ուղարկել։ Պարտադիր չէ պերճախոս լինել։ Սրտից բխող մի քանի պարզ խոսքերը կարող են բավական լինել, որ հավատակիցդ ևս մեկ օր հավատարիմ մնա և սկսի դրական տեսանկյունից նայել իր իրավիճակին (Առակ. 12։25; Եփես. 4։29)։ w24.09, էջ 28, պրբ. 8-10

30 սեպտեմբերի, չորեքշաբթի

Նա, ով ձգտում է ծառայել որպես վերակացու, լավ գործի է ձգտում (1 Տիմոթ. 3։1)։

Եթե որոշ ժամանակ է, ինչ ծառայող օգնական ես, հավանաբար ջանում ես համապատասխանել երեց ծառայելու չափանիշներին։ Ցանկանո՞ւմ ես անել այն «լավ գործը», որը երեցներն են անում։ Իսկ ի՞նչ գործ են անում երեցները։ Նրանք ակտիվորեն մասնակցում են քարոզչական գործին, ջանասիրաբար հովվում և ուսուցանում են ժողովին, ինչպես նաև խոսքով ու իրենց օրինակով զորացնում են հավատակիցներին։ Իզուր չէ, որ Աստվածաշունչը երեցներին կոչում է «պարգևներ» (Եփես. 4։8)։ Ի՞նչ պահանջների պետք է համապատասխանես, որպեսզի երեց նշանակվես։ Դրանք այն պահանջները չեն, որոնք անհրաժեշտ են աշխատանքի ընդունվելու համար, քանի որ այդ պարագայում որոշ հմտություններ ունենալը հաճախ բավարար է։ Եթե ցանկանում ես երեց նշանակվել, դու պետք է ոչ միայն քարոզելու և ուսուցանելու հմտություններ ունենաս, այլև համապատասխանես 1 Տիմոթեոս 3։1-7 և Տիտոս 1։5-9 համարներում նշված չափանիշներին։ w24.11, էջ 20, պրբ. 1-3

    Հայերեն հրատարակություններ (1997–2027)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2026 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը