ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ
Եհովա Աստված է Ամենակարողը, տիեզերքի Գերիշխանը և բոլոր բաների Արարիչը, ուստի միայն նա ունի բացարձակ, անսահմանափակ ազատություն (Ծն 17։1; Եր 10։7, 10; Դն 4։34, 35; Հտն 4։11)։ Իսկ բոլոր ստեղծվածները պետք է ընդունեն, որ սահմանափակ կարողություններ ունեն, և պետք է գործեն դրանց սահմաններում՝ ենթարկվելով Աստծու հաստատած համընդհանուր օրենքներին (Ես 45։9; Հռ 9։20, 21)։ Նկատի առնենք, օրինակ, ձգողության ուժը, քիմիական ռեակցիաները կառավարող օրենքները, Արեգակի ազդեցությունը, ֆիզիկական աճը, բարոյական օրենքները և այն, թե մարդու ազատության վրա ինչպես են ազդում դիմացինի իրավունքներն ու գործողությունները։ Փաստորեն, բոլոր ստեղծվածների ազատությունը հարաբերական է։
Սահմանափակ ազատության ու ստրկության միջև տարբերություն կա։ Աստծու հաստատած սահմաններում ազատություն ունենալը երջանկություն է բերում։ Մինչդեռ ստեղծվածների, անկատարության, սեփական թուլությունների կամ սխալ գաղափարախոսությունների ստրուկը դառնալը ճնշում է և դժբախտացնում մարդուն։ Ազատությունն այն չէ, որ մարդը, խախտելով Աստծու օրենքները, ինքը որոշի, թե ինչն է ճիշտ, և ինչը՝ սխալ։ Դրա պատճառով ոտնահարվում են ուրիշների իրավունքները, և դառը հետևանքներ են լինում։ Դա հստակ երևում է այն բանից, թե ինչ ողբերգական հետևանքներ եղան, երբ Ադամն ու Եվան օձի դրդմամբ անկախ ու համառ ոգի դրսևորեցին (Ծն 3։4, 6, 11-19)։ Իսկական ազատությունը սահմանափակված է օրենքով՝ Աստծու օրենքով, որը մարդուն թույլ է տալիս վարվել իր հայեցողությամբ, բայց և ճիշտն անել, հաշվի առնել ուրիշների իրավունքներն ու շահերը և այդպիսով նպաստել բոլորի բարօրությանն ու երջանկությանը (Սղ 144։15; Ղկ 11։28; Հկ 1։25)։
Ազատության Աստված։ Եհովան ազատության Աստված է։ Նա իսրայելացիներին ազատեց Եգիպտոսի ստրկական լծից և ասաց, որ եթե հնազանդվեն իր պատվիրաններին, կարիքի մեջ չեն հայտնվի՝ ազատված կլինեն աղքատությունից (2Օր 15։4, 5)։ Այնուամենայնիվ, Օրենքում ասվում էր, որ եթե եբրայեցին աղքատանար, կարող էր ինքն իրեն ստրկության վաճառել, որպեսզի հոգար իր և իր ընտանիքի կարիքները։ Սակայն ըստ Օրենքի՝ իր ստրկության յոթերորդ տարում նա պետք է ազատ արձակվեր (Ելք 21։2)։ Հոբելյանական տարում (ամեն 50-րդ տարում) երկրում ազատություն էր հռչակվում բոլոր բնակիչների համար։ Յուրաքանչյուր եբրայեցի ստրուկ ազատ էր արձակվում և վերադառնում իր ժառանգական կալվածքը (Ղև 25։10-19)։
Ազատություն, որ տրվում է Քրիստոսի միջոցով։ Պողոս առաքյալն ասաց, որ մարդկությունը կարիք ունի «ազատագրվելու մեղքի ու մահվան ստրկությունից» (Հռ 8։21)։ Հիսուս Քրիստոսն իրեն հավատացող հրեաներին ասաց. «Եթե միշտ հնազանդվեք իմ խոսքին, ուրեմն իսկապես իմ աշակերտներն եք: Դուք կիմանաք ճշմարտությունը, և ճշմարտությունը կազատի ձեզ»։ Այն մարդկանց, ովքեր կարծում էին, թե ազատություն ունեն զուտ այն պատճառով, որ Աբրահամի սերունդն են, նա ասաց, որ մեղքի ծառա են, և ավելացրեց. «Հետևաբար, եթե Որդին ազատի ձեզ, դուք իսկապես ազատ կլինեք» (Հվ 8։31-36; հմմտ. Հռ 6։18, 22)։
Քրիստոնեական Հունարեն Գրվածքներում Հիսուսի հետևորդների մասին ասվում է, որ նրանք ազատ մարդիկ են։ Պողոսը նշեց, որ նրանք «ոչ թե աղախնի, այլ ազատ կնոջ զավակներ են» (Գղ 4։31), և այդ կնոջը կոչեց «վերին Երուսաղեմ» (Գղ 4։26)։ Ապա նա հորդորեց. «Քրիստոսը ազատեց մեզ, որ հենց այսպիսի ազատություն վայելենք: Ուստի ամուր բռնեք այն և թույլ մի՛ տվեք, որ ձեզ կրկին ստրկության լծի տակ մտցնեն» (Գղ 5։1)։ Այդ ժամանակ Գաղատիայի ժողովներում հայտնվել էին որոշ մարդիկ, ովքեր ասում էին, թե քրիստոնյա են։ Նրանք գաղատացի քրիստոնյաներին հորդորում էին ձգտել արդար հայտարարվել Օրենքի գործերի, ոչ թե Քրիստոսի հանդեպ հավատի միջոցով և այդպիսով փորձում էին դրդել նրանց հրաժարվել Քրիստոսի միջոցով ունեցած ազատությունից։ Պողոսը նախազգուշացրեց, որ այդ ազատությունից հրաժարվողները կզրկվեն Քրիստոսի անզուգական բարությունից (Գղ 5։2-6; 6։12, 13)
Այն, որ առաջին դարի քրիստոնյաները ազատված էին մեղքի, մահվան ու վախի ստրկությունից («Աստծու տված ոգին մեր մեջ ոչ թե վախկոտություն է առաջացնում, այլ լցնում է զորությամբ, սիրով ու ողջամտությամբ»), երևում է նրանից, թե ինչ համարձակությամբ ու խոսելու ազատությամբ էին առաքյալները հռչակում բարի լուրը (2Տմ 1։7; Գրծ 4։13; Փպ 1։18-20)։ Քրիստոսի մասին ազատությամբ, այսինքն՝ համարձակությամբ խոսելը նրանք թանկ պարգև էին համարում, որը հարկավոր է ձեռք բերել, զարգացնել ու պահպանել Աստծու հավանությունը ստանալու համար։ Նրանք նաև աղոթում էին համարձակություն ունենալու համար, ինչն անելը տեղին էր (1Տմ 3։13; Եբ 3։6; Եփ 6։18-20)։
Քրիստոնեական ազատությունը ճիշտ օգտագործելը։ Քրիստոնեական Հունարեն Գրվածքները գրողները հասկանում էին, թե ինչ նպատակի համար էր Աստված անզուգական բարություն դրսևորել Քրիստոսի միջոցով («Եղբայրնե՛ր, դուք կանչվել եք, որ ազատություն վայելեք»)։ Ուստի սուրբ ոգու ներշնչմամբ նրանք բազմիցս խորհուրդ էին տալիս քրիստոնյաներին զգույշ լինել, թե ինչպես են օգտագործում իրենց ազատությունը, չչարաշահել այն՝ չօգտվել դրանից՝ մարմնական ցանկություններն անելու (Գղ 5։13) և չարությունը արդարացնելու համար (1Պտ 2։16)։ Հակոբոսն ասաց, որ հարկավոր է «աչքերը հառած նայել ազատություն տվող կատարյալ օրենքին», և նշեց, որ եթե որևէ մեկը խոսքը կատարող լինի և ոչ թե մոռացկոտ լսող, երջանիկ կլինի (Հկ 1։25)։
Պողոս առաքյալը, ով վայելում էր Քրիստոսի շնորհիվ ձեռք բերած ազատությունը, չէր օգտագործում այն՝ իրեն հաճեցնելու կամ ուրիշներին վնասելու համար։ Կորնթոսի ժողովին ուղղած իր նամակում նա ասաց, որ չի վնասի ուրիշի խիղճը՝ անելով մի բան, ինչը, ըստ Սուրբ Գրքի, ազատ է անելու, սակայն ինչի պատճառով գուցե հարցեր առաջանան այն մարդու մեջ, ով ավելի քիչ գիտելիքներ ունի, և ում խիղճը կարող է վնասվել։ Առաքյալը օրինակ բերեց այնպիսի միս ուտելը, որը նախքան շուկայում վաճառվելը զոհաբերված էր եղել կուռքին։ Եթե Պողոսը այդպիսի միս ուտեր, թույլ խիղճ ունեցող մարդը գուցե քննադատեր այդ արարքը (թեև առաքյալը ազատություն ուներ դա անելու) և այդպիսով կդատեր նրան, ինչը սխալ կլիներ։ Ուստի Պողոսն ասաց. «Թեև ես ազատություն ունեմ անելու այն, ինչ կուզեմ, ինչո՞ւ անեմ մի բան, ինչի համար դիմացինի խիղճը կդատապարտի ինձ: Նույնիսկ եթե ես Աստծուն շնորհակալություն հայտնելով եմ ուտում, տեղի՞ն է, որ ուտեմ, եթե պետք է դրա համար մեղադրվեմ»։ Այո՛, առաքյալը վճռել էր իր ազատությունն օգտագործել ուրիշներին օգուտ բերելու և ոչ թե նրանց վնասելու համար (1Կթ 10։23-33)։
Քրիստոնյաների մղած պատերազմը և մարդկության հույսը։ Պողոսը նշում է, որ վտանգ է սպառնում քրիստոնյաների ազատությանը։ Նա գրում է, որ թեև «ոգու օրենքը, որը կյանք է տալիս.... Քրիստոս Հիսուսի հետ միավորվածներին, ազատել է նրանց մեղքի ու մահվան օրենքի կապանքներից» (Հռ 8։1, 2), սակայն նրանց մարմնում գործող այդ մեղքի ու մահվան օրենքը պատերազմում է, որ կրկին ստրկացնի նրանց։ Ուստի այդ պատերազմում հաղթելու համար քրիստոնյաներն իրենց միտքը պետք է կենտրոնացնեն հոգևոր բաների վրա (Հռ 7։21-25; 8։5-8)։
Այդ պատերազմը նկարագրելուց հետո Պողոսը խոսում է Քրիստոսի ժառանգակիցների մասին ու նրանց անվանում «Աստծու որդիներ»։ Այնուհետև նա խոսում է մյուս մարդկանց մասին՝ նրանց անվանելով «ստեղծվածներ», և ասում է, որ Աստծու հրաշալի նպատակն է, որ «ստեղծվածները ազատագրվեն մեղքի ու մահվան ստրկությունից և վայելեն այնպիսի փառահեղ ազատություն, ինչպիսին ունենում են Աստծու զավակները» (Հռ 8։12-21)։
Փոխաբերական գործածություն։ Հոբը տառապանքներ կրելիս ցանկանում էր մահանալ, որ ազատվեր իր ցավերից, ուստի նա մահը նմանեցրեց ազատության։ «[Մահանալուց հետ] ստրուկն իր տիրոջ իշխանությունից ազատվում է» խոսքերն ասելով՝ Հոբը, ըստ ամենայնի, ուզում էր ընդգծել, թե ինչ ծանր կյանքով էին ապրում ստրուկները (Հոբ 3։19; հմմտ. 21-րդ և 22-րդ համարներ)։