ԱԶԳԵՐԻՆ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԺԱՄԱՆԱԿՆԵՐ
Երուսաղեմի գալիք կործանման մասին խոսելուց հետո Հիսուսն ասաց. «Եվ ազգերը կկոխկռտեն Երուսաղեմը, մինչև որ ազգերին սահմանված ժամանակները [«հեթանոսների ժամանակները», ԱԹ, ԷԹ] լրանան» (Ղկ 21:24)։ Այն հարցը, թե ինչ ժամանակահատված է մատնանշում «ազգերին սահմանված ժամանակներ [հուն.՝ կայրոյ էթնոն]» արտահայտությունը, բազմաթիվ տարակարծությունների պատճառ է եղել։
«Սահմանված ժամանակներ» արտահայտության նշանակությունը։ «Սահմանված ժամանակներ» արտահայտությամբ է թարգմանվել հունարեն կայրոս բառը (հոգնակի՝ կայրոյ), որը, համաձայն «Վայնի՝ Հին և Նոր Կտակարանների բառերի բացատրական բառարանի», «նշանակում էր որոշված կամ հստակ ժամանակահատված, ժամանակաշրջան, երբեմն՝ պատեհ ժամանակ» (Vine’s Expository Dictionary of Old and New Testament Words, 1981, Vol. 4, p. 138)։ Լիդելի և Սկոտի «Հունարեն-անգլերեն բառարանում» այդ բառը սահմանվում է որպես «ստույգ կամ ճիշտ ժամանակ» (Greek-English Lexicon, 1968, p. 859)։ Այսպիսով՝ կայրոս բառը գործածվում է հնձի «ժամանակի», բերքահավաքի «ժամանակի», թզի «ժամանակի» (Մթ 13:30; 21:34; Մկ 11:13), «ճիշտ ժամանակին» կերակուրը բաժանելու հետ կապված (Մթ 24:45; Ղկ 12:42), գործածվում է նաև այն «նշանակված ժամանակի» հետ կապված, երբ սկսվեց Հիսուսի ծառայությունը, ու եկավ բարենպաստ ժամանակը (Մկ 1:15; Մթ 16:3; Ղկ 12:56; 19:44), ինչպես նաև նրա մահվան «նշանակված ժամանակի» հետ կապված (Մթ 26:18)։ Այն դևերը, որոնց Հիսուսը պատրաստվում էր հանելու երկու մարդու միջից, բղավեցին՝ ասելով նրան. «Եկել ես մեզ չարչարելո՞ւ նախքան նշանակված ժամանակը» (Մթ 8:29)։
Կայրոս բառը գործածվում է նաև ապագա ժամանակների կամ դեպքերի առնչությամբ, որոնք կապ ունեն Աստծու նպատակի հետ, և որոնք տեղի են ունենում նրա նշանակած ժամանակին, մասնավորապես Քրիստոսի ներկայության ու նրա Թագավորության առնչությամբ (Գրծ 1:7; 3:19; 1Թղ 5:1)։ Պողոս առաքյալը խոսեց Աստծու հայտնած «սրբազան գաղտնիքի» մասին, «այն է՝ նշանակված ժամանակները [կայրոն] լրանալուն պես հաստատել մի տնօրինություն, այսինքն՝ ամեն ինչ նորից համախմբել Քրիստոսում՝ երկնքում եղողները և երկրի վրա եղողները» (Եփ 1:9, 10)։ Հաշվի առնելով այն, թե Աստվածաշնչում ինչ իմաստով է գործածվում կայրոս բառը՝ կարելի է ենթադրել, որ «ազգերին սահմանված ժամանակներ» արտահայտությունը ոչ թե վերաբերում է ինչ-որ աղոտ կամ անորոշ բանի, այլ «որոշված կամ հստակ ժամանակահատվածի», «ստույգ կամ ճիշտ ժամանակի», որն ունի կոնկրետ սկիզբ և կոնկրետ վերջ։
«Ազգերը» և «Երուսաղեմը»։ Հիսուսի ասածը հասկանալու համար հարկավոր է հաշվի առնել նրա խոսքերն այն մասին, որ Երուսաղեմը պետք է կոխկռտվեր, և դա շարունակվելու էր այնքան ժամանակ, մինչև «ազգերին սահմանված ժամանակները» լրանային։ «Ազգեր» և «հեթանոսներ» բառերը թարգմանված են հունարեն էթնե բառից, որը նշանակում է «ազգեր», և որը Աստվածաշնչում գործածվում է բացառապես ոչ հրեաների առնչությամբ։ Ուստի որոշ մարդիկ կարծում են, թե այդ մարգարեությունը վերաբերում է այն ժամանակահատվածին, երբ հին Երուսաղեմ քաղաքի տարածքը հեթանոսների տիրապետության տակ էր։
Թեև Հիսուսն ակնհայտորեն նկատի ուներ բառացի Երուսաղեմ քաղաքը, երբ խոսում էր կործանման մասին, որը պետք է գար քաղաքի վրա, և որը եկավ մ.թ. 70-ին, երբ հռոմեացիները ավերեցին Երուսաղեմը, «ազգերին սահմանված ժամանակների» մասին նրա մարգարեական խոսքերը ավելի մեծ կատարում ունեն, ինչպես նշում են շատ մեկնաբաններ։ Օրինակ՝ Ֆ. Չ. Քուկը իր աշխատության մեջ Ղուկաս 21:24-ի վերաբերյալ հետևյալն է ասել. «Այն [այդ համարը] մեծ մարգարեության խիստ կատարածաբանական մասը [այսինքն՝ այն մասը, որը վերաբերում է վերջին օրերին] առանձնացնում է այն մասից, որն իրավամբ վերաբերում է Երուսաղեմի կործանմանը» (Commentary)։ Ուստի հասկանալու համար, թե արդյոք «ազգերին սահմանված ժամանակներ» արտահայտությունը վերաբերում է միայն բառացի Երուսաղեմ քաղաքին, թե ավելի մեծ բանի, շատ կարևոր է իմանալ, թե Աստծու կողմից ներշնչված Սուրբ Գրքում ինչ նշանակություն ունի «Երուսաղեմ» բառը։
Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաքն էր։ Դավթի շառավղից սերած թագավորների մասին ասվում է, որ նրանք «Եհովայի գահին էին նստում» (1Տգ 29:23)։ Այդ պատճառով քաղաքը Աստծու կողմից հաստատված կառավարության կամ Աստծու գերիշխանությունը ներկայացնող թագավորության կենտրոնն էր, որի իշխանությունը գործադրվում էր Դավթի տան միջոցով։ Երուսաղեմը, որ Սիոն լեռան վրա էր, «Մեծ Թագավորի քաղաքն» էր (Սղ 48:1, 2)։ Հետևաբար Երուսաղեմը դարձավ խորհրդանիշը այն թագավորության, որում իշխում էին Դավթի շառավղից սերած թագավորները, ինչպես որ Վաշինգտոնը, Լոնդոնը, Փարիզը և Մոսկվան են ներկայացնում մերօրյա տերությունները, որոնք պաշտոնական լրատվամիջոցներում ներկայացվում են այդ քաղաքների անվամբ։ Այն բանից հետո, երբ բաբելոնացիները կոխկռտեցին Երուսաղեմը, գերի տարան նրա թագավորին ու երկիրը ամայացրին, Դավթի շառավղից ոչ ոք այլևս չիշխեց երկրային Երուսաղեմում։ Սակայն Աստվածաշունչը ցույց է տալիս, որ Հիսուսը՝ Մեսիան, որը ծնվեց Դավթի շառավղից, պետք է կառավարեր երկնային Սիոն լեռից՝ երկնային Երուսաղեմից (Սղ 2:6, 7; Եբ 5:5; Հտն 14:1, 3)։
Երբ են ազգերը սկսել «կոխկռտել Երուսաղեմը»։ Ազգերը սկսեցին «կոխկռտել Երուսաղեմը», որի թագավորները Դավթի շառավղից էին, ոչ թե մ.թ. 70 թ.-ին, երբ հռոմեացիները ավերեցին քաղաքը, այլ դրանից դարեր առաջ, երբ բաբելոնացիները մ.թ.ա. 607-ին տապալեցին թագավորների այդ դինաստիան։ Նաբուգոդոնոսորը կործանեց Երուսաղեմը, գերի տարավ գահընկեց եղած Սեդեկիա թագավորին և ամայացրեց երկիրը (2Թգ 25:1–26; տե՛ս ԺԱՄԱՆԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ)։ Դա ներդաշնակ էր Սեդեկիային ուղղված այն մարգարեական խոսքերին, որոնք արձանագրված են Եզեկիել 21:25–27-ում. «Հանիր խույրը և վեր առ պսակը։ Նմանը այլևս չի լինի.... Կործանո՛ւմ, կործանո՛ւմ, կործանո՛ւմ նրան։ Այն ոչ ոքի չի պատկանի, մինչև որ չգա նա, ով օրինական իրավունք ունի, և ես այն նրան կտամ»։ Ինչպես ցույց է տրվում Քրիստոնեական Հունարեն Գրություններում, նա, ով «օրինական իրավունք ունի» ստանալու Դավթի պսակը, որից զրկվեց Սեդեկիան, Քրիստոս Հիսուսն է, որի մասին հրեշտակը նրա ապագա ծնունդն ազդարարելիս ասաց. «Եհովա Աստված նրան կտա նրա հոր՝ Դավթի գահը, նա հավիտյան կթագավորի Հակոբի տան վրա, և նրա թագավորությանը վերջ չի լինի» (Ղկ 1:32, 33)։
Երբ մ.թ.ա. 607-ին Երուսաղեմը կործանվեց, հեթանոսները սկսեցին իշխել ողջ երկրի վրա։ Դավթի շառավղից սերած թագավորների իշխանությունն ընդհատվեց, այդ պատճառով Երուսաղեմը, կամ՝ այն, ինչ Երուսաղեմը խորհրդանշում էր, պետք է «կոխկռտվեր» այնքան ժամանակ, քանի դեռ Աստծու թագավորությունը, որի իշխանությունը գործադրվում էր Դավթի տան միջոցով, հեթանոսների տիրապետության տակ ստորացված և անգործունյա վիճակում էր։ Իշխանության հետ այդ կապի մասին «Ունգերի աստվածաշնչյան բառարանում» հետևյալն է ասվում. «Հետևաբար հեթանոսները շարունակում են գործել որպես «ազգեր», մինչև որպես երկրի ղեկավարներ նրանց իշխելու ժամանակը ավարտվի։ Այդ ժամանակահատվածի ավարտով կնշանավորվի «հեթանոսների ժամանակների» ավարտը (Ղկ 21:24; Դն 2:36–44)» (Unger’s Bible Dictionary, 1965, p. 398; համեմատի՛ր Եզկ 17:12–21; նաև Մարա-Պարսկաստանի անկման նկարագրությունը Դն 8:7, 20-ում)։
Դանիելի մարգարեությունների հետ կապը։ Վերջի մասին մարգարեանալիս Հիսուսն առնվազն երկու անգամ հղում արեց Դանիել մարգարեի գրքի մարգարեություններին (համեմատի՛ր Մթ 24:15, 21-ը Դն 11:31; 12:1-ի հետ)։ «Դանիել» գրքում նկարագրված է, թե ինչպես են հեթանոս ազգերն իշխելու երկրի վրա իրենց «սահմանված ժամանակներում»։ Գրքի երկրորդ գլխում կա մի մարգարեական տեսիլք (որը տրվեց Նաբուգոդոնոսոր թագավորին) հսկա արձանի մասին, որը, ինչպես Աստծու ներշնչմամբ բացատրեց Դանիելը, ներկայացնում էր իրար հաջորդող աշխարհակալ հեթանոս տերությունները։ Այն Թագավորությունը, որը հաստատում է «երկնքի Աստվածը», վերջ է դնելու այդ բոլոր թագավորություններին և իշխելու է ողջ երկրի վրա (Դն 2:31–45)։ Ուշագրավ է այն, որ արձանի գլուխը ներկայացնում է Բաբելոնյան կայսրությունը՝ առաջին աշխարհակալ տերությունը, որը «կոխկռտում է Երուսաղեմը», երբ տապալում է Դավթի թագավորական դինաստիան ու Երուսաղեմում «Եհովայի գահը» թափուր է թողնում։ Դա նույնպես փաստում է, որ «ազգերին սահմանված ժամանակները» սկսվեցին մ.թ.ա. 607-ին, երբ Երուսաղեմը կործանվեց։
Ծառի մասին «Դանիել» 4-րդ գլխի տեսիլքը։ «Դանիել» գրքում կարելի է տեսնել մեկ ուրիշ զուգահեռ, թե ինչպես Հիսուսը «ազգերի», կամ՝ հեթանոսական տերությունների հետ կապված գործածեց «ժամանակներ» բառը։ Եվ կրկին Նաբուգոդոնոսորին, որը գահընկեց արեց Սեդեկիային, որ Դավթի սերնդից էր, մի տեսիլք տրվեց, որը, ինչպես մեկնաբանեց Դանիելը, վերաբերում էր Աստծու կողմից հաստատված իշխանությանը։ Խորհրդանշական տեսիլքը անչափ բարձր ծառի մասին էր։ Երկնքից մի հրեշտակ հրամայեց, որ այն կտրեն։ Այնուհետև դրա կոճղը կապեցին երկաթե ու պղնձե կապանքներով, և այն պետք է այդպես մնար դաշտի խոտերի մեջ, մինչև որ դրա վրա «յոթ ժամանակ» անցներ։ «Թող դրա մարդկային սիրտը փոխարինվի գազանի սրտով, և դրա վրա յոթ ժամանակ անցնի.... որպեսզի ապրողներն իմանան, որ Բարձրյալը Իշխան է մարդկային թագավորության վրա և այն տալիս է նրան, ում ուզում է, և դրա վրա նշանակում է մարդկանցից ամենաաննշանին» (Դն 4:10–17; տե՛ս Դն 4:16, ծնթ., NW)։
Կապ ունի «ազգերին սահմանված ժամանակների» հետ։ Անկասկած, այդ տեսիլքը կատարվեց Նաբուգոդոնոսորի վրա (տե՛ս Դն 4:31–35)։ Այդ պատճառով ոմանք կարծում են, որ տեսիլքի բառացի կատարումը վերաբերում է միայն նրան, և որ դրանում պարզապես արտացոլված է հավիտենական ճշմարտությունն այն մասին, որ Աստծու իշխանությունը գերազանց է մյուս բոլոր իշխանություններից՝ թե՛ մարդկային, թե՛ կարծեցյալ աստվածային։ Նրանք ընդունում են, որ այդ ճշմարտությունը կամ սկզբունքը չի վերաբերում միայն Նաբուգոդոնոսորին, բայց նաև կարծում են, որ այն կապ չունի ինչ-որ կոնկրետ ժամանակահատվածի կամ Աստծու նշանակած ժամանակի հետ։ Սակայն ողջ «Դանիել» գրքի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ դրանում արձանագրված տեսիլքներում ու մարգարեություններում կա ժամանակների հետ կապված միտք. յուրաքանչյուր տեսիլքում աշխարհակալ տերություններն ու նկարագրված դեպքերը ներկայացված են ոչ թե առանձին կամ խառնիխուռն՝ առանց հստակ ժամանակային սահմանների, այլ ներկայացված են պատմական իրադարձություններին ներդաշնակ և ժամանակային հաջորդականությամբ (համեմատի՛ր Դն 2:36–45; 7:3–12, 17–26; 8:3–14, 20–25; 9:2, 24–27; 11:2–45; 12:7–13)։ Բացի այդ, գրքում բազմիցս մատնացույց է արվում ավարտին՝ «մարդու որդու» գլխավորությամբ Աստծու հավիտենական Թագավորության հաստատմանը, որը մարգարեությունների ընդհանուր թեման է (Դն 2:35, 44, 45; 4:17, 25, 32; 7:9–14, 18, 22, 27; 12:1)։ Եբրայերեն Գրություններում այս գիրքը առանձնահատուկ է նաև նրանով, որ խոսում է «վերջի ժամանակի» մասին (Դն 8:19; 11:35, 40; 12:4, 9)։
Սա հաշվի առնելով՝ տրամաբանական է եզրակացնել, որ խորհրդանշական «ծառի» վերաբերյալ տեսիլքը և «յոթ ժամանակների» մասին հիշատակումը չեն վերաբերում միայն այն յոթ տարիներին, երբ Բաբելոնի թագավորը խելագարվել էր, հետո առողջացել և կրկին իշխանության գլուխ էր անցել, հատկապես եթե նկատի ունենանք «ազգերին սահմանված ժամանակների» մասին Հիսուսի մարգարեական խոսքերը։ Այն ժամանակը, երբ տրվեց տեսիլքը, շրջադարձային կետ էր պատմության մեջ, երբ Աստված՝ Գերիշխանը, թույլ տվեց, որ այն թագավորությունը, որը նա հաստատել էր իր հետ ուխտով կապված ժողովրդի մեջ, տապալվի։ Այն անհատը, ում տրվեց տեսիլքը, հենց այն կառավարիչն էր, ում միջոցով թագավորությունը տապալվեց, և ով այդպիսով դարձավ աշխարհի տիրակալը Աստծու թույլտվությամբ, այսինքն՝ առանց Եհովա Աստծու գերիշխանությունը ներկայացնող թագավորության միջամտության։ Տեսիլքի ընդհանուր թեման այն է, որ «ապրողներն իմանան, որ Բարձրյալը Իշխան է մարդկային թագավորության վրա և այն տալիս է նրան, ում ուզում է, և դրա վրա նշանակում է մարդկանցից ամենաաննշանին» (Դն 4:17)։ Այս ամենը լուրջ պատճառ է եզրակացնելու, որ այդ մանրամասն տեսիլքն ու դրա մեկնությունը ընդգրկվել են «Դանիել» գրքի մեջ, քանի որ հայտնում են «ազգերին սահմանված ժամանակների» տևողությունը և մատնացույց են անում Քրիստոսի գլխավորությամբ Աստծու Թագավորության հաստատման ժամանակը։
Ծառի խորհրդանշական իմաստը և Աստծու գերիշխանությունը։ Այս մարգարեական տեսիլքում օգտագործված խորհրդանիշները առանձնահատուկ չեն։ Ծառերը աստվածաշնչյան ուրիշ գրքերում նույնպես ներկայացնում են իշխանություններ, այդ թվում՝ Երուսաղեմում գտնվող Աստծու թագավորությունը (համեմատի՛ր Դտ 9:6–15; Եզկ 17:1–24; 31:2–18)։ Այնպիսի խորհրդանիշներ, ինչպիսիք են շիվեր տվող կոճղը կամ բունը, «ոստը», «ընձյուղը», հանդիպում են շատ անգամ, հատկապես մեսիական մարգարեություններում և ներկայացնում են այս կամ այն շառավղում իշխանության վերսկսումը (Ես 10:33–11:10; 53:2–7; Եր 23:5; Եզկ 17:22–24; Զք 6:12, 13; համեմատի՛ր Հոբ 14:7–9)։ Հիսուսն իր մասին խոսեց որպես «Դավթի արմատի ու սերնդի» (Հտն 5:5; 22:16)։
Ակնհայտ է, որ տեսիլքի գլխավոր միտքն այն է, որ Եհովա Աստված լիիրավ Գերիշխան է «մարդկային թագավորության» վրա, և դա օգնում է հասկանալու տեսիլքի նշանակությունը։ Դանիելի մարգարեության մեջ ծառը ներկայացնում է Նաբուգոդոնոսորին, որը պատմության այդ ժամանակահատվածում աշխարհակալ տերության՝ Բաբելոնի գլուխն էր։ Սակայն նախքան Նաբուգոդոնոսորը կնվաճեր Երուսաղեմը, Եհովան, լինելով Գերիշխան, երկրի վրա իր իշխանությունը դրսևորում էր այդ քաղաքից իշխող թագավորության միջոցով։ Հետևաբար այն արգելք, կամ՝ խոչընդոտ էր Նաբուգոդոնոսորի համար, որ հասնի աշխարհին տիրելու իր նպատակին։ Եհովան թույլ տվեց, որ Երուսաղեմում եղող թագավորությունը տապալվի, և այդպիսով «կտրվի» Դավթից սերող թագավորների շառավիղը, որը իր գերիշխանության տեսանելի դրսևորումն էր։ Այդ ժամանակ ողջ «մարդկային թագավորության» վրա իշխանությունը, որի համար Աստծու գերիշխանությունը ներկայացնող թագավորությունը այլևս խոչընդոտ չէր, անցավ հեթանոս ազգերի ձեռքը (Ողբ 1:5; 2:2, 16, 17)։ Այս փաստերի հիման վրա կարելի է եզրակացնել, որ ծառը վերաբերում է ոչ միայն Նաբուգոդոնոսորին, այլև ներկայացնում է աշխարհակալ իշխանություն, կամ՝ կառավարում, որն իրականացվում է Աստծու նշանակած կառավարչի միջոցով։
Աշխարհակալ իշխանության վերահաստատումը։ Սակայն տեսիլքում Աստված հստակ ցույց է տալիս, որ աշխարհի վրա իշխանությունը մշտնջենապես չի հանձնել հեթանոս ազգերին։ Աստված չի գործադրում իր իշխանությունը (ինչը ներկայացված է երկաթե ու պղնձե կապանքներով, որոնցով կապված էր ծառի կոճղը) այնքան ժամանակ, մինչև որ «դրա վրա յոթ ժամանակ անցնի» (Դն 4:16, 23, 25)։ Այնուհետև, քանի որ «Բարձրյալը Իշխան է մարդկային թագավորության վրա», նա ողջ աշխարհի վրա իշխանությունը տալիս է նրան, «ում ուզում է» (Դն 4:17)։ Դանիելի մարգարեական գրքից երևում է, որ «մարդու որդուն» է տրվում «իշխանություն, պատիվ ու թագավորություն, որպեսզի բոլոր ժողովուրդները, ազգություններն ու լեզուները ծառայեն նրան» (Դն 7:13, 14)։ Հիսուսի մարգարեությունը, որում նա նշում է «ազգերին սահմանված ժամանակների» մասին, հստակ մատնացույց է անում այն, որ Հիսուս Քրիստոսը ողջ աշխարհի վրա իշխանություն է գործադրում որպես Աստծու կողմից ընտրված Թագավոր, Դավթի շառավղից նրա ժառանգ (Մթ 24:30, 31; Ղկ 21:27–31, 36)։ Այսպիսով՝ խորհրդանշական կոճղը, որը ներկայացնում է այն, որ Աստված չի օգտվում ողջ «մարդկային թագավորության» վրա իշխանություն գործադրելու իր իրավունքից, նորից պետք է շիվ տար իր Որդու Թագավորության մեջ (Սղ 89:27, 35–37)։
Խորհրդանշական յոթ ժամանակը։ Տեսիլքում, երբ այն կատարվեց Նաբուգոդոնոսորի վրա, «յոթ ժամանակը» ակներևաբար յոթ տարի էր նշանակում, որոնց ընթացքում նա խելագարված էր (ախտանիշները հիշեցնում են լիկանտրոպիա հիվանդությունը), թողել էր իր գահը և բուսականություն էր ուտում դաշտի գազանների պես (Դն 4:31–36)։ Հետաքրքիր է, որ Աստվածաշնչում հեթանոս տերությունների աշխարհակալ իշխանությունը ներկայացված է գազաններով, որոնք հակառակվում են Աստծու սուրբ ժողովրդին և նրանց «իշխանների Իշխանին» (համեմատի՛ր Դն 7:2–8, 12, 17–26; 8:3–12, 20–25; Հտն 11:7; 13:1–11; 17:7–14)։ Բառարանագիրների կարծիքով՝ «ժամանակ» բառը (արամերեն իդդան բառից (հոգն.)) Դանիելի մարգարեության մեջ նշանակում է «տարիներ» (տե՛ս L. Koehler, W. Baumgartner, Lexicon in Veteris Testamenti Libros, Leiden, 1958, p. 1106; Brown, Driver, Briggs, A Hebrew and English Lexicon of the Old Testament, 1980, p. 1105; Lexicon Linguae Aramaicae Veteris Testamenti, ed. E. Vogt, Rome, 1971, p. 124)։ Այդպիսի մեկ տարվա տևողությունը հավասար է 360 օրվա, քանի որ համաձայն Հայտնություն 12:6, 14-ի՝ երեք ու կես ժամանակը հավասար է «հազար երկու հարյուր վաթսուն օրվա» (համեմատի՛ր նաև Հտն 11:2, 3)։ Ըստ այս հաշվարկի՝ «յոթ ժամանակը» հավասար է 2 520 օրվա։ Այն, որ Աստվածաշնչում օրերի որոշակի թիվը կարող է մարգարեաբար մատնացույց անել հենց այդ թվով տարիներ, երևում է Թվեր 14:34 և Եզեկիել 4:6 համարներից։ «Մեկ օրվա տեղ՝ մեկ տարի» սկզբունքը կիրառելով այս մարգարեության «յոթ ժամանակի» առնչությամբ՝ կարելի է տեսնել, որ «Դանիել» գրքի 4-րդ գլխի տեսիլքը, ինչպես ցույց են տալիս վերոնշյալ փաստերը, չկատարվեց միայն Նաբուգոդոնոսորի վրա, որը վաղուց մահացել է։ Այսպիսով՝ «յոթ ժամանակը» 2 520 տարի է։
Արժե ուշադրություն դարձնել հետևյալ պատմական փաստին. վերոնշյալ հիմնավորումներն ու ապացույցները հաշվի առնելով՝ «Դիտարան» պարբերագրի 1880 թ. մարտի թողարկումը մատնանշում էր 1914 թվականը որպես «ազգերին սահմանված ժամանակների» ավարտ (և հեթանոս ղեկավարներին տրված իշխանության ավարտ)։ Դա 1914 թ.-ից և դրա հետ կապված նշանակալից իրադարձություններից 34 տարի առաջ էր։ Նյու Յորքի հայտնի «Ուորլդ» թերթի 1914 թ. օգոստոսի 30-ի թողարկման մեջ կիրակնօրյա սյունակում մի հոդված տպագրվեց, որում ասվում էր. «Եվրոպայում բռնկված սարսափելի պատերազմով կատարվեց մի զարմանալի մարգարեություն։ Անցած 25 տարիների ընթացքում «Աստվածաշնչի միջազգային ուսումնասիրողները» քարոզիչների և մամուլի միջոցով.... ազդարարում էին աշխարհին, որ Աստվածաշնչում մարգարեացված Ցասման օրը սկսվելու է 1914 թ.-ին» (The World)։
1914 թ.-ին և դրանից հետո տեղի ունեցած իրադարձությունները բոլորին են հայտնի։ Այդ տարի մեծ պատերազմ պայթեց՝ մարդկության պատմության մեջ առաջին համաշխարհային պատերազմը և առաջին պատերազմը, որում պայքարում էին ոչ միայն Եվրոպային, Աֆրիկային, Ասիային իշխելու, այլև ողջ աշխարհին իշխելու համար (Ղկ 21:7–24, 29–33; Հտն 11:15–18; տե՛ս ՎԵՐՋԻՆ ՕՐԵՐ; ՆԵՐԿԱՅՈՒԹՅՈՒՆ)։