ՆՎԻՐՎԱԾՈՒԹՅՈՒՆ
Եբրայերեն Գրություններում խասիդ ածականը օգտագործված է «նվիրված», կամ՝ սիրառատ բարություն դրսևորող անձնավորության առնչությամբ (Սղ 18:25)։ Խեսեդ գոյականը փոխանցում է բարության իմաստ, սակայն այն ավելին է, քան պարզապես քնքուշ հոգատարությունը կամ սիրուց բխող բարությունը, թեև ներառում է դրանք։ Խեսեդ բառը ցույց է տալիս բարություն, որը շարունակում է դրսևորվել այնքան ժամանակ, մինչև որ իրագործվի տվյալ բանի կամ անձնավորության հետ կապված նպատակը։ Հենց այդպիսի բարություն է դրսևորում Աստված իր ծառաների հանդեպ, իր ծառաներն էլ իր հանդեպ։ Հետևաբար խեսեդ բառը սերտորեն կապված է նվիրվածության հետ, որը արդար, անմնացորդ ու սուրբ է, և թարգմանվել է «սիրառատ բարություն» ու «նվիրված սեր» (Ծն 20:13; 21:23; տես ԲԱՐՈՒԹՅՈՒՆ)։
Հունարեն Գրություններում հոսիոտես գոյականը և հոսիոս ածականը հաղորդում են սրբության, արդարության, ակնածանքի, ինչպես նաև անձնվեր, բարեպաշտ լինելու և Աստծու հանդեպ բոլոր պարտավորությունները մանրակրկիտ ձևով կատարելու միտք։ Այս ամենով են պայմանավորված Աստծու հետ լավ փոխհարաբերությունները։
Հայերենում չկան այնպիսի բառեր, որոնց նշանակությունը լիովին կհամապատասխանի եբրայերեն և հունարեն այդ բառերի նշանակությանը։ Սակայն «նվիրվածություն» բառը, որն օգտագործվում է Աստծու և նրան մատուցվող ծառայության առնչությամբ և ներառում է հավատարմության մասին միտք, հնարավորինս փոխանցում է բնագրային բառերի իմաստը։ Լավագույնս հասկանալու համար եբրայերեն և հունարեն այդ բառերի նշանակության բոլոր երանգները, հարկավոր է տեսնել, թե դրանք ինչպես են գործածված Աստվածաշնչում։
Եհովայի նվիրվածությունը։ Եհովա Աստված՝ Ամենասուրբը, որը հավատարիմ է արդարությանը և անբեկանելի սիրառատ բարություն է դրսևորում նրանց հանդեպ, ովքեր ծառայում են իրեն, արդարությամբ ու ճշմարտությամբ է վարվում նույնիսկ իր թշնամիների հետ, և նրան կարելի է անվերապահորեն վստահել։ Նրա մասին ասվում է. «Մեծ և սքանչելի են քո գործերը, Եհո՛վա Աստված՝ Ամենակարո՛ղ։ Արդար և ճշմարիտ են քո ճանապարհները, հավիտենությա՛ն Թագավոր։ Ո՞վ չի վախենա քեզանից, Եհո՛վա, և չի փառավորի քո անունը, որովհետև միայն դու ես նվիրված» (Հտն 15:3, 4)։ Արդարության և արդարադատության հանդեպ նվիրվածությունը, ինչպես նաև իր ժողովրդի հանդեպ սերը մղում են Եհովային անհրաժեշտ իրավական քայլեր ձեռնարկելու։ Ահա թե ինչու մի հրեշտակ ասաց. «Դո՛ւ, որ կաս և եղել ես, Նվիրվա՛ծդ, դու արդա՛ր ես, որովհետև այս վճիռները կայացրիր» (Հտն 16:5; համեմատիր Սղ 145:17)։
Եհովան հավատարիմ է իր ուխտերին (2Օր 7:9)։ Հանուն Աբրահամի հետ հաստատած ուխտի նա դարեր շարունակ Իսրայել ազգի հանդեպ համբերատարություն և ողորմություն դրսևորեց (2Թգ 13:23)։ Իր մարգարե Երեմիայի միջոցով նա Իսրայելին կոչ արեց. «Հե՛տ դարձիր, ո՛վ դավաճան Իսրայել.... Ձեզ վրա զայրույթով չեմ նայի, որովհետև ես նվիրված եմ» (Եր 3:12)։ Նրանք, ովքեր նվիրված են Աստծուն, կարող են լիովին վստահել նրան։ Դավիթը աղոթքում Աստծուց օգնություն խնդրելիս ասաց. «Նվիրվածի հետ դու նվիրվածությամբ ես վարվում, անարատ մարդու հետ՝ անարատությամբ» (2Սմ 22:26)։ Դիմելով ժողովրդին՝ Դավիթը հորդորեց երես թեքել չարիքից ու բարին անել, «որովհետև Եհովան սիրում է արդարությունը և չի լքի իրեն նվիրվածներին։ Նրանք հավիտյան կպահպանվեն» (Սղ 37:27, 28)։
Եհովային նվիրվածները կարող են վստահ լինել, որ նա մոտ կլինի իրենց և մինչև իրենց հավատարիմ ընթացքի վերջը կօգնի։ Նրանք նաև կարող են լիովին ապահով զգալ՝ իմանալով, որ նա կհիշի իրենց, ինչ էլ որ լինի։ Աստված պահպանում է նրանց ճանապարհը (Առ 2:8)։ Նա պահպանում է նրանց կյանքը, կամ՝ հոգին (Սղ 97:10)։
Հիսուս Քրիստոս։ Երկրի վրա եղած ժամանակ Հիսուս Քրիստոսին մեծապես զորացնում էր այն բանի իմացությունը, որ մարգարեության համաձայն՝ Աստված իր ամենից «նվիրված» ծառայի հոգին չէր թողնելու գերեզմանում (Սղ 16:10)։ Մ.թ. 33 թ. Պենտեկոստեին Պետրոս առաքյալը այս մարգարեությունը վերագրեց Հիսուսին՝ ասելով. «[Դավիթը] նախապես տեսավ ու խոսեց Քրիստոսի հարության մասին, որ Աստված նրան չթողեց գերեզմանում, ու նրա մարմինը ապականություն չտեսավ։ Այս Հիսուսին Աստված հարություն տվեց, ինչի վկաներն ենք բոլորս» (Գրծ 2:25–28, 31, 32; համեմատիր Գրծ 13:32–37)։ Մի աշխատությունում Գործեր 2:27-ի վերաբերյալ մեկնաբանության մեջ ասվում է, որ եբրայերեն խասիդ բառը (գործածված Սղ 16:10-ում) «մատնանշում է ոչ միայն նրան, ով աստվածանվեր և բարեպաշտ է, այլև նրան, ում հանդեպ Եհովան սիրառատ բարություն է դրսևորում» (Expositor’s Greek Testament, ed. W. R. Nicoll, 1967, Vol. II)։
Աստված նվիրվածություն է պահանջում։ Եհովան իր ծառաներից նվիրվածություն է պահանջում։ Նրանք պետք է ընդօրինակեն նրան (Եփ 5:1)։ Պողոս առաքյալը քրիստոնյաներին ասաց, որ պետք է «հագնեն նոր անձնավորությունը, որը ստեղծվել է Աստծու կամքի համաձայն՝ ճշմարիտ արդարությամբ ու նվիրվածությամբ» (Եփ 4:24)։ Հորդորելով աղոթել ժողովում՝ նա ասաց. «Այդ պատճառով ցանկանում եմ, որ ամեն տեղ, երբ միասին հավաքվեք, տղամարդիկ աղոթք անեն, սուրբ [հուն.՝ հոսիոս] ձեռքեր վեր բարձրացնեն՝ առանց զայրույթի և վիճաբանությունների» (1Տմ 2:8)։ Այն տղամարդիկ, ովքեր ցանկանում են Աստծու ժողովում վերակացու ծառայել, պետք է նվիրված լինեն (Տիտ 1:8)։