ՆԵՐՈՒՄ
«Ներել» նշանակում է անտեսել անհատի սխալ արարքը, դադարել նրա հանդեպ վրդովմունքի զգացում ունենալուց և որևէ հատուցում չպահանջել։
Եբրայերեն նասա բառը, որը երբեմն թարգմանվում է «ներել», Աստվածաշնչում գործածվում է նաև «բարձրացնել» (Ելք 6:8; 2Թգ 2:16) և «վերցնել» (Ծն 27:3; Թվ 16:15) իմաստներով։ Սակայն այդ բառի հիմնական նշանակությունն է «տանել, կրել» (1Թգ 2:26; Եզկ 44:12, 13)։ Նասա բառը փոխանցում է այդ երանգը նույնիսկ այն դեպքերում, երբ թարգմանվում է «ներել»։ Աստվածաշնչում խոսվում է ազազելի համար նոխազի մասին, որը տանում է անօրենությունները։ Աստծու Խոսքում կանխագուշակվել է նաև Մեսիայի մասին, որը կրելու էր մարդկանց մեղքերը (Ղև 16:8, 10, 22; Ես 53:12)։ Շնորհիվ այն բանի, որ նա կրեց, կամ՝ տարավ նրանց մեղքերը, նրանք կարող են ներում ստանալ (տե՛ս ԱԶԱԶԵԼ)։
Ի տարբերություն նասա բառի, որը կարող է նշանակել ներում թե՛ Աստծու, թե՛ մարդկանց կողմից (Ծն 50:17; Ելք 10։17), սալախ բառը գործածվում է միայն այն դեպքում, երբ խոսքը Աստծու ներման մասին է, որի արդյունքում մեղք գործած անհատը կրկին ունենում է Աստծու բարեհաճությունը։ Դա հնարավոր է դառնում այն բանի շնորհիվ, որ անհատը անկեղծորեն աղոթում է ներում ստանալու համար, կամ մեկ ուրիշն է աղոթում նրա համար (Թվ 14:19, 20; 1Թգ 8:30)։
Այն դեպքերում, երբ եբրայերեն նասա բառը օգտագործվում է ներելու իմաստով, հունարեն «Յոթանասնից»-ում երբեմն գործածվում է աֆիեմի բառը, որի հիմնական նշանակությունն է «թողնել»։ Աֆիեմի բառը կարող է նաև նշանակել «ներել»։ Հռոմեացիներ 4:7-ում Պողոս առաքյալը մեջբերեց Սաղմոս 32:1-ից (31:1, LXX), որում խոսվում է Եհովայի կողմից «հանցանքը» ներելու մասին։ Նա գործածեց աֆիեմի բառաձևերից մեկը, որով հունարեն «Յոթանասնից»-ում փոխանցվել է եբրայերեն նասա բառը։ Այդ բառը գործածվում է նաև Քրիստոնեական Հունարեն Գրությունների այլ համարներում, երբ խոսվում է այն մասին, որ Աստված կամ մարդը ներում է ուրիշի մեղքերը, այդ թվում՝ պարտքերը (Մթ 6:12, 14, 15; 18:32, 35)։
Եհովան այնպիսի Աստված է, որը ներում է շնորհում նրանց, ովքեր ցանկանում են ներում ստանալ։ Սակայն նա անպատիժ չի թողնում այն անհատներին, ովքեր գիտակցաբար հակառակվում են իրեն և իր արդար ճանապարհներին (Ելք 34:6, 7)։
Ըստ Իսրայելին տրված օրենքի՝ Աստծու կամ մերձավորի դեմ մեղք գործած անհատի մեղքերը կներվեին այն դեպքում, եթե նա նախ շտկեր իր սխալը Օրենքի համաձայն և հետո գրեթե բոլոր դեպքերում Եհովայի համար զոհ մատուցեր՝ արյուն թափելով (Ղև 5:5–6:7)։ Դա է պատճառը, որ Պողոսը նշեց հետևյալ սկզբունքը. «Այո՛, ըստ Օրենքի՝ գրեթե ամեն բան արյունով է մաքրվում, և մինչև արյուն չի թափվում, ներում չի լինում» (Եբ 9:22)։ Սակայն կենդանական զոհերի արյունը չէր կարող վերացնել մեղքերը, այնպես որ մարդու խիղճը կատարելապես մաքուր լիներ (Եբ 10:1–4; 9:9, 13, 14)։ Մինչդեռ կանխագուշակված նոր ուխտի շնորհիվ հնարավոր եղավ իսկական ներումը՝ Հիսուս Քրիստոսի քավիչ զոհի հիման վրա (Եր 31:33, 34; Մթ 26:28; 1Կթ 11:25; Եփ 1:7)։ Դեռևս երկրի վրա եղած ժամանակ Հիսուսը ցույց տվեց, որ իշխանություն ունի մեղքեր ներելու, երբ բուժեց անդամալույծ մի մարդու (Մթ 9:2–7)։
Եհովան ներում է «մեծահոգաբար», ինչպես երևում է Հիսուսի պատմած առակներից, օրինակ՝ անառակ որդու մասին առակից և այն թագավորի, որը իր ծառային ներեց 10000 տաղանդի պարտքը (60000000 դինար, կամ՝ մոտ 40000000 դոլար), մինչդեռ այդ ծառան չէր ուզում ներել իր ծառայակցի պարտքը, որը կազմում էր ընդամենը հարյուր դինար (մոտ 70 դոլար) (Ես 55:7; Ղկ 15:11–32; Մթ 18:23–35)։ Մյուս կողմից, սակայն, Եհովայի ներողամտությունը զգացմունքների վրա հիմնված չէ, քանի որ նա անպատիժ չի թողնում վատ արարքներ գործողին (Սղ 99:8)։ Հեսուն նախազգուշացրեց Իսրայելին, որ Եհովան չի ների նրանց, եթե հավատուրաց դառնան (Հս 24:19, 20; համեմատի՛ր Ես 2:6–9)։
Աստծուց ներում ստանալու համար կան պահանջներ։ Անհատը պետք է ընդունի իր մեղքը, գիտակցի, որ դա հանցանք է Աստծու դեմ, անկեղծորեն խոստովանի արածը, խոր ցավ զգա իր գործած սխալի համար և վճռի հետ դառնալ նման ընթացքից կամ դադարի այդպիսի գործեր անելուց (Սղ 32:5; 51:4; 1Հվ 1:8, 9; 2Կթ 7:8–11)։ Նա պետք է իր ուժերից եկածն անի, որ շտկի սխալը կամ փոխհատուցի վնասը (Մթ 5:23, 24)։ Այնուհետև պետք է աղոթի Աստծուն և ներում խնդրի Քրիստոսի քավիչ զոհի հիման վրա (Եփ 1:7; տե՛ս ԶՂՋԱԼ)։
Բացի այդ, քրիստոնյայից պահանջվում է ներել անձնական վիրավորանքները, անկախ նրանից՝ քանի անգամ են նրան վիրավորել (Ղկ 17:3, 4; Եփ 4:32; Կղ 3:13)։ Աստված չի ներում նրանց, ովքեր չեն ցանկանում ներել ուրիշներին (Մթ 6:14, 15)։ Նույնիսկ եթե լուրջ սխալի պատճառով «չար մարդը» հեռացվի քրիստոնեական ժողովից, ժամանակի ընթացքում նա կարող է ներում ստանալ, եթե իսկապես զղջա։ Այդ դեպքում ժողովի բոլոր անդամները կարող են նրան հավաստիացնել իրենց սիրո մեջ (1Կթ 5:13; 2Կթ 2:6–11)։ Այդուհանդերձ, քրիստոնյաներից չի պահանջվում ներել նրանց, ովքեր չարամտորեն ու դիտավորյալ են մեղք գործում և չեն զղջում։ Այդպիսի մարդիկ դառնում են Աստծու թշնամին (Եբ 10:26–31; Սղ 139:21, 22)։
Տեղին է աղոթել Աստծուն ուրիշների մեղքերի ներման համար, նույնիսկ մի ամբողջ ժողովի մեղքերի։ Մովսեսն աղոթեց Իսրայելի համար, խոստովանեց ամբողջ ազգի գործած մեղքը, ներում խնդրեց, ու Եհովան բարեհաճորեն լսեց նրան (Թվ 14:19, 20)։ Սողոմոնը տաճարի նվիրման ժամանակ աղոթեց Եհովային, որ նա ների իր ժողովրդին, եթե նրանք մեղք գործեն ու հետո իրենց սխալ ընթացքից հետ դառնան (1Թգ 8:30, 33–40, 46–52)։ Եզրասը հայրենադարձ հրեաների անունից հանրորեն խոստովանեց նրանց մեղքերը։ Նրա սրտաբուխ աղոթքի ու հորդորի շնորհիվ ժողովուրդը քայլեր ձեռնարկեց, որ Եհովայից ներում ստանա (Եզր 9:13–10:4, 10–19, 44)։ Հակոբոսը հոգևորապես հիվանդ անհատին քաջալերեց կանչել ժողովի երեցներին, որ աղոթեն նրա համար, ու «եթե նա մեղքեր է գործել, կներվեն» (Հկ 5:14–16)։ Բայց «կա մեղք, որ մահվան է տանում»։ Դա սուրբ ոգու դեմ գործված մեղքն է՝ գիտակցաբար, դիտավորյալ և շարունակաբար գործված մեղքը, որի համար ներում չկա։ Քրիստոնյան չպետք է աղոթի այդպիսի մեղք գործողների համար (1Հվ 5:16; Մթ 12:31; Եբ 10:26, 27; տե՛ս ՄԵՂՔ; ՈԳԻ)։