Չհանձնվե՛ք կյանքի մրցասպարեզում
«Համբերատարութեամբ ընթանանք դէպի մրցասպարէզ, որ բացուած է մեր առաջ» (Եբրայեցիս 12:1)։
1, 2. Այս վերջին տարիների ընթացքում ի՞նչ հուզիչ դեպքեր են ցնցել Եհովայի ծառաներին։
ԱՅԺՄ ապրում ենք հուզումնալից և բարդ ժամանակներում։ Ավելի քան ութսուն տարի առաջ՝ 1914–ին, գահ բարձրացավ Հիսուսը՝ որպես Աստծո երկնային թագավորության թագավոր։ «Տիրոջ օրը» և դրա հետ միասին իրերի այս համակարգի «վերջի ժամանակը» սկսեցին իրենց ընթացքը (Յայտնութիւն 1։10, ՆԱ; Դանիէլ 12։9)։ Այդ ժամանակից ի վեր քրիստոնյայի կյանքի մրցավազքը հրատապ բնույթ է կրում։ Աստծո ծառաները լարել են իրենց ուժերը, որպեսզի հավասար ընթանան Եհովայի աստվածային կառքի՝ իր երկնային կազմակերպության հետ, որն առանց դադարի շարժման մեջ է գտնվում Եհովայի նպատակներն իրագործելու համար (Եզեկիէլ 1։4—28; Ա Կորնթացիս 9։24)։
2 Հավիտենական կյանքի տանող վազքի ճանապարհին ուրա՞խ է արդյոք Աստծո ժողովուրդը։ Անշուշտ, այո՛։ Նրանք ցնծում են բերկրանքից՝ տեսնելով Հիսուսի մնացած եղբայրների ժողովվելը և ուրախ են իմանալու, որ 144 000–ի մնացորդի վրա վերջնական կնիք դնելու գործը մոտենում է իր ավարտին (Յայտնութիւն 7։3, 4)։ Բացի այդ նրանք ուրախ են տեսնելու, որ Եհովայի նշանակած Թագավորը գործի է դրել գերանդին՝ «երկրի հունձն» անելու (Յայտնութիւն 14։15, 16)։ Եվ ի՜նչ հունձ է դա (Մատթէոս 9։37)։ Մինչև այժմ հինգ միլիոնից ավել անհատներ են հավաքվել «մեծ բազմության [մեջ], – որին թիւ չկար, – բոլոր հեթանոսներից եւ բոլոր ազգերից, բոլոր լեզուներից եւ բոլոր ժողովուրդներից» (Յայտնութիւն 7։9)։ Հնարավոր չէ ասել, թե որքան մեծ կլինի այդ բազմությունը, քանզի ոչ ոք ի վիճակի չէ այն համրելու։
3. Անկախ ո՞ր հանգամանքներից պիտի շարունակ ուրախ ոգի մշակենք։
3 Ճիշտ է, Սատանան ջանում է կասեցնել կամ դանդաղեցնել մեր ընթացքը վազքի ճանապարհին (Յայտնութիւն 12։17)։ Այդ ճանապարհին դյուրին չի եղել հաղթահարել պատերազմները, սովը, համաճարակներն ու վերջին օրերը մատնանշող այլ դժվարությունները (Մատթէոս 24։3—9; Ղուկաս 21։11; Բ Տիմոթէոս 3։1—5)։ Միևնույն է, մեր սրտերը ցնծում են խնդությունից, որովհետև մրցավազքը մոտենում է իր ավարտին։ Ջանում ենք Պողոսի ոգին արտացոլել, որն իր օրերի քրիստոնյա հավատակիցներին հորդորեց. «Միշտ ուրա՛խ եղէք Տիրոջով, դարձեալ եմ ասում՝ ուրա՛խ եղէք» (Փիլիպպեցիս 4։4)։
4. Ինչպիսի՞ ոգի էին դրսևորում փիլիպեցի քրիստոնյաները։
4 Կասկած չկա, որ քրիստոնյաները, որոնց ուղղված էին Պողոսի խոսքերը, ուրախություն էին գտնում իրենց հավատի մեջ, քանի որ Պողոսն ասաց նրանց. «Շարունակեք ուրա՛խ լինել ի Տէր» (Փիլիպպեցիս 3։1, ՆԱ)։ Փիլիպեցիներն առատաձեռն, սիրալիր ժողով էին կազմում և ծառայում էին եռանդով ու խանդավառությամբ (Փիլիպպեցիս 1։3—5; 4։10, 14—20)։ Սակայն առաջին դարի ոչ բոլոր քրիստոնյաներն ունեին այդ ոգին։ Օրինակ, հրեա քրիստոնյաներից ոմանք, որոնց հասցեագրված էր Պողոսի «Եբրայեցիս» գիրքը, մտահոգության տեղիք էին տալիս։
«Աւելի եւս ուշադիր լինենք»
5. ա) Քրիստոնեական առաջին ժողովքը ստեղծվելիս ինչպիսի՞ ոգի էր տիրում եբրայեցի քրիստոնյաների մեջ։ բ) Նկարագրիր մ.թ. 60–ականներին ապրող որոշ եբրայեցի քրիստոնյաների ունեցած ոգին։
5 Պատմության մեջ քրիստոնեական առաջին ժողովը կազմվեց ծնունդով հրեա անհատներից ու նորահավատներից և հիմնվեց Երուսաղեմում մ.թ. 33–ին։ Ինչպիսի՞ ոգու տեր էին նրանք։ Կարդալով Գործքի միայն առաջին գլուխները՝ արդեն իսկ տեսնում ենք այն խանդավառությունն ու խնդությունը, որ ցուցաբերում էին նրանք նույնիսկ հալածանքների ժամանակ (Գործք 2։44—47; 4։32—34; 5։41; 6։7)։ Տասնամյակներ անց, սակայն, հանգամանքները փոխվեցին, և շատ հրեա քրիստոնյաներ ակնհայտորեն դանդաղեցրին իրենց ընթացքը կյանքի մրցասպարեզում։ Ահա թե ինչ է ասում մի տեղեկագիրք մ.թ. 60–ական թթ.–ի նրանց վիճակի մասին. «Անտարբերության, ձանձրույթի վիճակ և հուսախաբ սպասումներ, խափանման գիտակցում, անհավատություն առօրյա դեպքերի նկատմամբ։ Նրանք քրիստոնյաներ էին, սակայն չնչին գնահատանք էին տածում իրենց փառավոր կոչումի հանդեպ»։ Ինչպե՞ս կարող էին օծյալ քրիստոնյաներն այդ վիճակի մեջ ընկնել։ Եբրայեցիներին ուղղված (մ.թ. շուրջ 61 թ) Պողոսի թղթի որոշ հատվածների ուսումնասիրությունն օգնում է պատասխանելու այդ հարցին։ Այսպիսի քննարկումը կօգնի բոլորիս, որպեսզի չընկղմվենք նման հոգևոր տկար վիճակի մեջ։
6. Որո՞նք են Մովսիսական օրենքի տակ գտնվող պաշտամունքի և Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատի վրա հիմնված երկրպագության միջև գոյություն ունեցող տարբերությունները։
6 Եբրայեցի քրիստոնյաները դուրս էին եկել հուդայականությունից, որը Մովսեսի միջոցով Եհովայի տված Օրենքին հնազանդություն պահանջող մի համակարգ էր։ Երևում է, որ Օրենքը չէր կորցրել իր գրավչությունը հրեա շատ քրիստոնյաների համար թերևս այն պատճառով, որ դարեր շարունակ այն եղել էր Եհովային մոտենալու միակ միջոցը և երկրպագության ազդեցիկ մի համակարգ էր՝ հոգևորականությամբ, կանոնավոր զոհաբերություններով և Երուսաղեմի աշխարհահռչակ տաճարով։ Քրիստոնեությունն այլ է։ Այն հոգևոր հայացքներ է պահանջում, ինչպիսին Մովսեսն ուներ, որը «աչքերը յառած, [թեև ապագա] վարձատրութեան էր սպասում» և «համբերեց, որպէս թէ անտեսանելին էր տեսնում» (Եբրայեցիս 11։26, 27)։ Շատ հրեա քրիստոնյաներ ակներևաբար թերացան նման տեսակետ ունենալու մեջ։ Նրանք, նպատակասլաց վազելու փոխարեն, կաղում էին երկու կողմերի վրա։
7. Ինչպե՞ս կարող է համակարգը, որտեղից դուրս ենք եկել, ազդել կյանքի ասպարեզում մեր ընթացքի վրա։
7 Գոյություն ունի՞ համանման իրադրություն այսօր։ Ինչ խոսք, հանգամանքներն իսկ և իսկ նույնը չեն, սակայն քրիստոնյաներն այսօր ևս դուրս են գալիս պարծենկոտությամբ լեցուն իրերի համակարգից։ Աշխարհը գրավիչ հնարավորություններ է առաջարկում. սակայն, միևնույն ժամանակ, ծանր պահանջներ է դնում մարդկանց առջև։ Բացի այդ, շատերս ապրում ենք այնպիսի տեղանքում, որտեղ սկեպտիկ մոտեցումը սովորական բնույթ է կրում, և որտեղ մարդիկ ամեն ինչի նկատմամբ եսասիրական դիրք են գրավում։ Եթե մեզ թույլ տանք ընկնելու այս համակարգի ազդեցության տակ, մեր «սրտի աչքերը» հեշտությամբ կխավարեն (Եփեսացիս 1։18)։ Ինչպե՞ս կարող ենք հաջողությամբ վազել կյանքի ասպարեզով, եթե այլևս պարզորոշ չենք տեսնում, թե ուր ենք գնում։
8. Ինչո՞ւմն է կայանում Օրենքի տակ գտնվող երկրպագության համեմատ քրիստոնեության երեսակներից մի քանիսի գերազանցությունը։
8 Հրեա քրիստոնյաներին խրախուսելու համար Պողոսը նրանց հիշեցրեց Մովսիսական օրենքի նկատմամբ քրիստոնեական համակարգի գերազանցության մասին։ Ճիշտ է, Եհովան իսրայել ազգի հետ ներշնչված մարգարեների միջոցով էր խոսում, երբ այն բաղկացած էր Օրենքի տակ գտնվող իր ժողովրդից։ Սակայն, Պողոսի խոսքերի համաձայն, այսօր խոսում է մեզ հետ «իր Որդու միջոցով, որին ժառանգ նշանակեց ամէն ինչի, եւ որի միջոցով ստեղծեց տիեզերքը» (Եբրայեցիս 1։2)։ Բացի այդ, Հիսուսը Դավթի շառավղից առաջ եկած բոլոր թագավորներից՝ իր «ընկերներից» ավելի մեծ է։ Նա բարձր է նույնիսկ հրեշտակներից (Եբրայեցիս 1։5, 6, 9)։
9. Ինչո՞ւ է մեզ հարկավոր Պողոսի օրերի հրեա քրիստոնյաների նման «աւելի եւս ուշադիր» լինել Եհովայի խոսքերի հանդեպ։
9 Ուստի, Պողոսը հորդորեց հրեա քրիստոնյաներին. «Մենք պէտք է աւելի եւս ուշադիր լինենք ասուած խօսքերին, որպէսզի երբեք դրանցից չտարուենք դէպի կորուստ» (Եբրայեցիս 2։1)։ Թեև Քրիստոսի մասին սովորելը հրաշալի օրհնություն էր, բայց դրանից ավելին էր պահանջվում։ Հարկավոր էր խիստ ուշադրություն դարձնել Աստծո Խոսքին իրենց շրջապատող հրեական աշխարհի ազդեցությանը դիմադրելու համար։ Այս աշխարհի կողմից շարունակ պրոպագանդայի ենթարկվելու պատճառով մեզ նույնպես անհրաժեշտ է ‘աւելի եւս ուշադիր լինել’ Եհովայի խոսքերի հանդեպ։ Դա նշանակում է ուսուցման լավ սովորություններ մշակել և հետևել Աստվածաշնչի ընթերցանության ծրագրին։ Ինչպես ավելի ուշ Պողոսն է ասում եբրայեցիներին ուղղված իր նամակում, դա նաև նշանակում է կանոնավորաբար հաճախել հանդիպումներին և մեր հավատը միշտ կիսել ուրիշների հետ (Եբրայեցիս 10։23—25)։ Այսպիսի եռանդը կօգնի մեզ հոգևորապես արթուն մնալ, որպեսզի տեսադաշտից չկորցնենք մեր փառահեղ հույսը։ Եթե մեր միտքը լցնենք Եհովայի խորհուրդներով, այս աշխարհը ոչինչ չի կարող անել մեզ տապալելու կամ հավասարակշռությունից դուրս բերելու համար (Սաղմոս 1։1—3; Առակաց 3։1—6)։
«Յորդորեցէ՛ք միմեանց ամէն օր»
10. ա) Ի՞նչ կարող է պատահել նրանց, ովքեր առավել ուշադիր չեն Եհովայի Խոսքին։ բ) Ինչպե՞ս կարող ենք շարունակել ‘յորդորել միմեանց’։
10 Եթե մեծ ուշադրություն չդարձնենք հոգևորին, Աստծո խոստումները կսկսեն անհավանական թվալ։ Դա պատահեց նույնիսկ առաջին դարում, երբ ժողովներն ամբողջովին բաղկացած էին օծյալ քրիստոնյաներից, և առաքյալներից ոմանք էլ դեռ ողջ էին։ Պողոսը զգուշացրեց եբրայեցիներին. «Եղբայրնե՛ր, տեսէ՛ք [զգուշացե՛ք, ՆԱ], ձեզանից որեւէ մէկի մէջ թող երբեք չլինի չար ու անհաւատ սիրտ եւ ապստամբի կենդանի Աստծու դէմ։ Բայց յորդորեցէ՛ք միմեանց ամէն օր, քանի այդ Այսօրը դեռ առջեւում է, որպէսզի ձեզնից ոչ ոք չկարծրանայ մեղքի խաբէութեամբ» (Եբրայեցիս 3։12, 13)։ Պողոսի գործածած «տեսէ՛ք [զգուշացե՛ք]» բառը շեշտում է արթուն լինելու կարևորությունը։ Վտանգ է սպառնում։ Թերահավատությունը՝ «մեղքը», կարող է զարգանալ մեր սրտերում, և մենք կարող ենք հեռանալ Աստծուց նրան մոտենալու փոխարեն (Յակոբոս 4։8)։ Պողոսը հիշեցնում է մեզ ‘յորդորել միմեանց ամէն օր’։ Եղբայրական ընկերակցության ջերմություն է մեզ անհրաժեշտ։ «Մեկուսացող մարդը ցանկություն է փնտրում, ամեն իմաստության դեմ բորբոքվում է» (Առակաց 18։1, ՆԱ)։ Նման ընկերակցության կարիքը մղում է քրիստոնյաներին կանոնավոր հաճախել այսօր ժողովի հանդիպումներին և համաժողովներին։
11, 12. Ինչո՞ւ չպետք է բավարարվենք քրիստոնեական հիմնական ուսմունքներին պարզապես տիրապետելով։
11 Իր հետագա նամակում Պողոսը տալիս է հետևյալ անգնահատելի խորհուրդը. «Հակառակ այն բանի, որ դուք ժամանակի ընթացքում ուսուցիչներ պէտք է լինէիք, բայց ահա հարկաւոր է, որ դուք սովորէք, թէ ի՛նչ են Աստծու պատգամի նախատարրերը. եւ դուք կաթի կարիք ունէք եւ ոչ թէ պինդ կերակրի.... Պինդ կերակուրը հասուն մարդկանց համար է, որոնց զգայարանները, քանի որ նրանք չափահաս են, վարժ են լաւը եւ վատը որոշելու մէջ» (Եբրայեցիս 5։12—14)։ Ըստ երևույթին, շատ հրեա քրիստոնյաներ թերացել էին առաջ գնալ հասկացողության մեջ. նրանք դանդաղում էին ընդունել Օրենքի և թլպատության առումով ավելացած լույսը (Գործք 15։27—29; Գաղատացիս 2։11—14; 6։12, 13)։ Ոմանք դեռ շարունակում էին բարձր դասել որոշ ավանդական սովորույթներ, ինչպես, օրինակ՝ շաբաթը և տարեկան հանդիսավոր քավության օրը (Կողոսացիս 2։16, 17; Եբրայեցիս 9։1—14)։
12 Հետևաբար, Պողոսն ասում է. «Քրիստոսի մասին եղած նախագիտելիքները թողնելով՝ գանք չափահասներին սահմանուած ուսուցման» (Եբրայեցիս 6։1)։ Իր սննդակարգին մեծ ուշադրություն դարձնող մարաթոնյան վազորդն ավելի լավ է պատրաստված երկար, հոգնեցնող մրցավազքը կատարելու։ Նմանապես, ոչ թե հիմնական «նախագիտելիքներով» ինքն իրեն սահմանափակող, այլ իր հոգևոր սննդին մեծ ուշադրություն դարձնող քրիստոնյան է առավել ի վիճակի մնալու վազքուղու վրա և ավարտելու այն (համեմատիր Բ Տիմոթէոս 4։7)։ Դա նշանակում է հետաքրքրություն զարգացնել ճշմարտության «լայնության, երկարության, բարձրության և խորության» մեջ, և, այսպիսով, դեպի հասունություն ընթանալ (Եփեսացիս 3։18)։
«Ձեզ համբերութիւն է պէտք»
13. Անցյալում եբրայեցի քրիստոնյաներն ինչպե՞ս են ցուցաբերել իրենց հավատը։
13 Մ.թ. 33–ի Պենտեկոստեին հաջորդող ժամանակաշրջանում հրեա քրիստոնյաները, չնայած կատաղի հալածանքին, հաստատուն մնացին (Գործք 8։1)։ Պողոսը, հավանաբար, դա ի նկատի ուներ, երբ գրեց. «Արդ՝ յիշեցէ՛ք առաջին օրերը, երբ դեռ հազիւ լուսաւորուած, բազում տքնութիւնների և չարչարանքների համբերեցիք» (Եբրայեցիս 10։32)։ Նման համբերատարությունը Աստծո հանդեպ նրանց սիրո ապացույցն էր և խոսքի ազատություն էր տվել նրանց Եհովայի առջև (Ա Յովհաննէս 4։17)։ Պողոսը կոչ էր անում չկորցնել այդ ազատությունը թերահավատության պատճառով։ Վերջիններիս ուղղված նրա հորդորն էր. «Ձեզ համբերութիւն է պէտք, որպէսզի, Աստծու կամքը կատարելով, հասնէք նրա խոստմանը, քանի որ՝ ‘‘Մի փոքր, շատ փոքր ժամանակ ևս, և գալու է նա, ով պիտի գայ և չպիտի ուշանայ’’» (Եբրայեցիս 10։35—37)։
14. Եհովային նույնիսկ երկար տարիներ ծառայելուց հետո ո՞ր փաստերը պետք է օգնեն մեզ դիմանալու։
14 Ի՞նչ կարող ենք ասել այսօրվա մասին։ Մեզանից շատերը ժրաջան էին, երբ առաջին անգամ լսեցին քրիստոնեական ճշմարտությունը։ Ունե՞նք այդ ջանասիրությունն այսօր, թե՞ ‘թողել ենք մեր առաջին սէրը’ (Յայտնութիւն 2։4)։ Սառե՞լ ենք արդյոք, կամ, գուցե, հիասթափվել, թերևս հոգնել ենք Արմագեդոնին սպասելուց։ Կա՛նգ առ, սակայն, ու մտածիր։ Ճշմարտության հրաշալի տեսքը չի խամրել։ Հիսուսը շարունակում է մեր երկնային Թագավորը մնալ։ Մենք շարունակում ենք տածել դրախտ երկրի վրա հավիտենական կյանք ունենալու հույսը, և մեր փոխհարաբերությունները Եհովայի հետ դեռևս ուժի մեջ են։ Երբեք մի՛ մոռացիր՝ «գալու է նա, ով պիտի գայ և չպիտի ուշանայ»։
15. Ինչպե՞ս են քրիստոնյաներից ոմանք Հիսուսի նման դաժան հալածանքներ կրել։
15 Այստեղ էլ Եբրայեցիս 12։1, 2–ում (ԱԹ) արձանագրված Պողոսի խոսքերը տեղին են հնչում. «Դէն գցենք ամեն ծանրութիւն, եւ մեզ դիւրաւ պաշարող մեղքը [թերահավատությունը]. եւ համբերութեամբ վազենք մեր առաջին դրած ասպարէզի ընթացքը. Մտիկ տանք հաւատքի զօրագլուխին եւ կատարողին՝ Յիսուսին, որ իր առաջին դրուած ուրախութեան փոխանակ խաչը յանձն առաւ, եւ ամօթն արհամարհելով՝ Աստուծոյ աթոռի աջ կողմը նստեց»։ Աստծո ծառաներն այս վերջին օրերում շատ դժվարություններ են կրել։ Հիսուսի նման, որը մինչև իր տանջալից մահը հավատարիմ մնաց, մեր եղբայրներից ու քույրերից ոմանք հավատարմորեն անգութ հալածանքներ են կրել՝ բանտեր, բռնաբարություններ, տանջանքներ, նույնիսկ մահ (Ա Պետրոս 2։21)։ Մի՞թե մեր սիրտը սիրով չի լցվում նրանց հանդեպ, երբ խորհում ենք Աստծո ծառաների ուղղամտության մասին։
16, 17. ա) Իրենց հավատի համար քրիստոնյաների մեծամասնությունը ի՞նչ դժվարությունների դեմ է պայքարում։ բ) Ինչի՞ մասին հիշելով կարող ենք շարունակել մեր ընթացքը կյանքի մրցասպարեզով։
16 Մեծամասնության համար, սակայն, կիրառելի են Պողոսի հետևյալ խոսքերը. «Դուք, որ կռուի մէջ դեռ արիւն թափելու չափ չհակառակուեցիք մեղքին» (Եբրայեցիս 12։4)։ Այնուհանդերձ, ճշմարտության ուղին այս համակարգում հեշտ չէ ոչ մեկիս համար։ Ոմանք վհատվում են աշխատանքի վայրում կամ դպրոցում «մեղաւորների ունեցած հակառակութեան» պատճառով՝ ծաղր ու ծանակի դիմանալով կամ հակառակվելով մեղքի ազդեցությանը (Եբրայեցիս 12։3)։ Սաստիկ փորձությունները քայքայել են Աստծո բարձր չափանիշները պահելու ոմանց վճռականությունը (Եբրայեցիս 13։4, 5)։ Հավատուրացները վնասել են մի քանիսի հոգեվոր հավասարակշռությունը, ովքեր ականջ են դրել նրանց թունավոր պրոպագանդային (Եբրայեցիս 13։9)։ Խառնվածքների զանազանություններից առաջացած խնդիրները շատերին զրկել են ուրախությունից։ Զվարճություններին և ժամանցներին չափից շատ նշանակություն տալը հոգևորապես թուլացրել է որոշ քրիստոնյաների։ Մեծամասնությունը զգում է իրերի այս համակարգին հատուկ ապրուստի խնդիրների ճնշումը։
17 Ճիշտ է, այս իրավիճակներից ոչ մեկը ‘արիւն թափելու չափ հակառակութիւն’ չներկայացրեց։ Որոշ իրավիճակներ էլ մեր սխալ որոշումների հետևանքներն են։ Սակայն բոլորն էլ մարտահրավեր են՝ ուղղված մեր հավատին։ Ահա թե ինչու պետք է նայենք Հիսուսի համբերության հրաշալի օրինակին։ Երբեք չմոռանանք, թե որքան չքնաղ է մեր հույսը։ Թող երբեք չկորցնենք մեր վստահությունը, որ Եհովան «վարձահատոյց է լինում նրանց, ովքեր փնտռում են իրեն» (Եբրայեցիս 11։6)։ Այդ ժամանակ կյանքի մրցասպարեզում վազելու հոգևոր զորությունը կունենանք։
Կարո՛ղ ենք հաղթահարել
18, 19. Ո՞ր պատմական դեպքերն են հուշում այն մասին, որ եբրայեցի քրիստոնյաներն ականջ դրեցին Պողոսի ներշնչված խորհրդին։
18 Ինչպե՞ս արձագանքեցին հրեա քրիստոնյաները Պողոսի նամակին։ Եբրայեցիներին ուղղված նամակը գրվելուց մոտ վեց տարի անց Հրեաստանը պատերազմի մեջ էր։ Մ.թ. 66–ին հռոմեական բանակը պաշարեց Երուսաղեմը՝ կատարելով Հիսուսի խոսքերը, թե՝ «երբ տեսնէք Երուսաղեմը՝ շրջապատուած զօրքերով, այն ժամանակ իմացէ՛ք, որ նրա աւերումը մօտ է» (Ղուկաս 21։20)։ Սակայն այդ օրերին Երուսաղեմում գտնվող քրիստոնյաների բարօրության համար Հիսուսն ասաց. «Այն ժամանակ նրանք, որ Հրէաստանում են, թող փախչեն լեռները, եւ նրանք, որ Երուսաղէմի մէջ են, թող խոյս տան, իսկ նրանք, որ գաւառներում են, թող քաղաք չմտնեն (Ղուկաս 21։21)։ Այսպիսով, Հռոմի հետ պատերազմը հարց էր առաջ քաշում. հրեա քրիստոնյաները կլքե՞ն արդյոք Երուսաղեմը՝ հրեական պաշտամունքի կենտրոնը և փառահեղ տաճարի վայրը։
19 Հանկարծակի և առանց որևէ հայտնի պատճառի հռոմեացիները ետ քաշվեցին։ Հրեա կրոնավորները, հավանաբար, դա ընդունեցին որպես ապացույց, որ Աստված պաշտպանում է իրենց սուրբ քաղաքը։ Իսկ ի՞նչ կարծիքի էին քրիստոնյաները։ Պատմությունը տեղեկացնում է, որ նրանք փախուստի դիմեցին։ Ապա, մ.թ. 70–ին հռոմեացիները վերադարձան և հիմնովին քանդեցին Երուսաղեմը՝ կյանքի սարսափելի կորուստներ պատճառելով։ Հովելի մարգարեացած «Եհովայի օրը» եկավ Երուսաղեմի վրա։ Սակայն հավատարիմ քրիստոնյաներն այլևս այնտեղ չէին. նրանք ‘փրկվեցին’ (Յովէլ 2։30—32, ՆԱ; Գործք 2։16—21)։
20. Ինչպե՞ս պետք է մեզ վրա ազդի տեղեկությունն այն մասին, որ «Եհովայի մեծ օրը» մոտ է։
20 Այսօր էլ մեզ է հայտնի, որ Եհովայի մեկ ուրիշ «մեծ օր» է սպասվում իրերի այս համակարգին (Յովէլ 3։12—14)։ Չգիտենք, թե երբ է այն վրա հասնելու, բայց Աստծո Խոսքը վստահեցնում է, որ այն անպատճառ գալու է։ Եհովան ասում է, որ այն չի հապաղելու (Ամբակում 2։3; Բ Պետրոս 3։9, 10)։ Ուստի, եկեք «աւելի եւս ուշադիր լինենք ասուած խօսքերին»։ Զգուշանանք թերահավատությունից՝ «դիւրաւ պաշարող մեղքից»։ Վճռական լինենք համբերելու այնքան, որքան դա կտևի։ Հիշենք, որ Եհովայի կառանման երկնային կազմակերպությունը շարժման մեջ է գտնվում։ Իր նպատակներն այն ավարտին կհասցնի։ Այսպիսով, եկե՛ք, ուրեմն, շարունակենք մեր վազքը և չհանձնվենք կյանքի մրցասպարեզում։
Հիշո՞ւմ ես
◻ Փիլիպեցիներին ուղղված Պողոսի ո՞ր հորդորը կօգնի մեզ տոկալու կյանքի մրցասպարեզում
◻ Ի՞նչը կօգնի մեզ դիմադրել աշխարհի մեզ շեղող հակումներին
◻ Ինչպե՞ս կարող ենք օգնել մեկս մյուսին մրցասպարեզում դիմանալու համար
◻ Որո՞նք են ազդակներից մի քանիսը, որ կարող են դանդաղեցնել քրիստոնյայի ընթացքը
◻ Համբերելու համար Հիսուսի օրինակն ինչպե՞ս կարող է օգնել
[նկար 18–րդ էջի վրա]
Ոչինչ չի կարող խոչընդոտել Եհովայի երկնային հզոր կառքին՝ ի կատար ածելու Աստծո նպատակները։
[նկար 21–րդ էջի վրա]
Վազորդների նման՝ քրիստոնյաները չպետք է թույլ տան իրենց շեղելու։