Շարունակ քայլեք Եհովայի ճանապարհով
«Սպասիր Տիրոջը եւ պահիր նորա ճանապարհը, եւ նա կ’բարձրացնէ քեզ՝ որ երկիրը ժառանգես» (Սաղմոս 37։34)։
1, 2. Եհովայի ճանապարհով քայլելը ի՞նչ էր նշանակում Դավիթ թագավորի համար, և այն այսօր ի՞նչ է պահանջում մեզանից։
«ԻՆՁ ցոյց տուր այն ճանապարհը որ պիտի գնամ նորանում, որովհետեւ դէպի քեզ եմ բարձրացնում իմ անձը» (Սաղմոս 143։8)։ Քրիստոնյաներն այսօր ողջ սրտով կրկնում են Դավիթ թագավորի այս խոսքերը։ Նրանք անկեղծորեն ցանկանում են հաճեցնել Եհովային և քայլել նրա ճանապարհով։ Ի՞նչ է դա նշանակում։ Դավիթի համար դա նշանակում էր պահել Աստծո օրենքը։ Սա իր մեջ բովանդակում էր չմիանալ ուրիշ ազգերին, այլ վստահել Եհովային։ Այո՛, այն նշանակում էր նվիրվածությամբ ծառայել Եհովային, և ոչ թե հարևան ժողովուրդների աստվածներին։ Իսկ քրիստոնյաների համար Եհովայի ճանապարհով ընթանալը ավելին է բովանդակում իր մեջ։
2 Եհովայի ճանապարհով քայլելն այսօր նշանակում է Հիսուսի քավիչ զոհաբերությանը հավատ ընծայել՝ ընդունելով նրան որպես «Ճանապարհը, Ճշմարտութիւնը եւ Կեանքը» (Յովհաննէս 3։16; 14։6; Եբրայեցիս 5։9)։ Եհովայի ճանապարհով քայլել՝ նշանակում է նաև կատարել «Քրիստոսի օրէնքը», որն իր մեջ բովանդակում է սեր ցուցաբերել միմյանց, հատկապես Հիսուսի օծյալ եղբայրների նկատմամբ (Գաղատացիս 6։2; Մատթէոս 25։34—40)։ Եհովայի ճանապարհով քայլող մարդիկ սիրում են նրա սկզբունքներն ու պատվերները (Սաղմոս 119։97; Առակաց 4։5, 6)։ Քրիստոնեական ծառայությանը մասնակցելու իրենց առանձնաշնորհումը նրանք շատ բարձր են գնահատում (Կողոսացիս 4։17; Բ Տիմոթէոս 4։5)։ Աղոթքը նրանց կյանքում մշտական տեղ է զբաղեցնում (Հռովմայեցիս 12։12)։ Նրանք ‘զգուշությամբ պետք է ընթանան. ոչ թե որպես անմիտներ, այլ ինչպես իմաստուններ’ (Եփեսացիս 5։15)։ Անշուշտ, նրանք չեն պատրաստվում զոհել իրենց հոգևոր հարստությունը հանուն ժամանակավոր, նյութական առավելությունների կամ անօրեն գործերի և աշխարհիկ հաճույքների (Մատթէոս 6։19, 20; Ա Յովհաննէս 2։15—17)։ Բացի այդ, խիստ կարևոր է Եհովային վստահել և նվիրված լինել նրան հատկապես մեր օրերում (Բ Կորնթացիս 1։9; 10։5; Եփեսացիս 4։24)։ Ինչո՞ւ. քանի որ մեր իրավիճակը շատ նման է հին Իսրայելում տիրող իրավիճակին։
Վստահության և նվիրվածության կարիքը
3. Ինչո՞ւ նվիրվածությունը, հավատը և վստահությունը կօգնեն մեզ Եհովայի ճանապարհով քայլելու։
3 Իսրայելը մի փոքր ազգ էր՝ շրջապատված անբարյացակամ տրամադրված հարևաններով, որոնք զբաղված էին կուռքերի պաշտամունքին հատուկ սանձարձակ արարողություններ կատարելով (Ա Մնացորդաց 16։26)։ Միայն Իսրայելն էր ծառայում միակ ճշմարիտ ու անտեսանելի Աստծուն՝ Եհովային, որը պահանջում էր նրանցից բարոյական բարձր չափանիշներ պահպանել (Բ Օրինաց 6։4)։ Նմանապես այսօր, ամբողջ աշխարհում ապրող մոտավորապես վեց միլիարդ մարդկանցից, որոնց չափանիշներն ու կրոնական հայացքները զգալի տարբերվում են Եհովայի սկզբունքներից, միայն մի քանի միլիոնն են երկրպագում Եհովային։ Եթե մենք գտնվում ենք այդ քչերի մեջ, ապա պիտի զգուշանանք վատ ազդեցության տակ ընկնելուց. իսկ ինչպե՞ս։ Եհովա Աստծուն նվիրված մնալը, նրան հավատալը և ամուր վստահություն ունենալն այն բանում, որ նա կիրականացնի իր խոստումները, կօգնեն մեզ այդ հարցում (Առակաց 20։22; Ա Տիմոթէոս 6։17)։
4. Ինչո՞ւ են ազգերի «մտքերը մթագնուած»։
4 Պողոս առաքյալը ցույց տվեց, թե քրիստոնյաները որքան պիտի տարբերվեն աշխարհից, երբ գրեց. «Արդ՝ այս բանն եմ ասում եւ վկայում Տիրոջով. դուք այլեւս չընթանաք այնպէս, ինչպէս որ այլ հեթանոսներն են ընթանում իրենց մտքի ունայնութեամբ. նրանց մտքերը մթագնուած են, եւ իրենք օտարացած են Աստծու կեանքից՝ իրենց մէջ եղած տգիտութեան պատճառով, որն իրենց սրտի կուրութեան հետեւանքն է» (Եփեսացիս 4։17, 18)։ Հիսուսը «ճշմարիտ լոյսն» է (Յովհաննէս 1։9)։ «Մտքերը մթագնուած» են բոլոր նրանց, ովքեր մերժում են Հիսուսին, կամ պնդում են, թե հավատում են նրան, բայց չեն հնազանդվում «Քրիստոսի օրենքին»։ Եհովայի ճանապարհից հեռու կանգնելով՝ նրանք «օտարացած են Աստծու կեանքից»։ Եվ, աշխարհիկ տեսանկյունից դիտելով, որքան էլ իմաստուն համարեն իրենց, միևնույն է, ‘իրենց մեջ տգիտություն’ ունեն, քանի որ չունեն դեպի կյանք տանող միակ՝ Եհովա Աստծո և Հիսուս Քրիստոսի մասին գիտությունը (Յովհաննէս 17։3; Ա Կորնթացիս 3։19)։
5. Թեև ճշմարտության լույսը շողում է աշխարհում, ինչո՞ւ շատերի սիրտը չի արձագանքում դրան։
5 Այնուհանդերձ, ճշմարտության լույսը շողում է աշխարհում (Սաղմոս 43։3; Փիլիպպեցիս 2։15)։ «Իմաստութիւնը աղաղակում է դրսումը, հրապարակներումը տալիս է ձայնը» (Առակաց 1։20)։ Անցյալ տարի Եհովայի վկաները մեկ միլիարդից ավելի ժամեր տրամադրեցին՝ իրենց հարևաններին պատմելով Եհովա Աստծո և Հիսուս Քրիստոսի մասին։ Հարյուր հազարավորներն արձագանքեցին։ Սակայն մի՞թե զարմանալի է այն փաստը, որ շատերի սրտերում նրանց խոսքերն արձագանք չգտան։ Ո՛չ, չէ՞ որ Պողոսը խոսել էր այդպիսի մարդկանց «սրտի կուրութեան» մասին։ Ոմանց սրտերն անզգայացած են փողասիրությունից կամ ագահությունից։ Ուրիշների վրա ազդում է կեղծ կրոնը կամ այսօր լայնորեն տարածված աշխարհային մտածելակերպը։ Իրենց կյանքում կրած դժվարությունները շատերին ստիպել են երես թեքել Աստծուց։ Մյուսները մերժում են ենթարկվել Եհովայի բարոյական բարձր չափանիշներին (Յովհաննէս 3։20)։ Եհովայի ճանապարհով քայլող անհատի սիրտը կարո՞ղ է անզգա դառնալ նման հարցերում։
6, 7. Իսրայելացիները, Եհովա Աստծո երկրպագուները լինելով հանդերձ, ո՞ր դեպքերում թերացան կատարել Աստծո կամքը և ինչո՞ւ։
6 Իր նամակում Պողոսը ցույց տվեց, որ այս բանը պատահել է վաղեմի Իսրայել ազգի հետ. «Այն որպէս օրինակ եղաւ մեզ համար, որպէսզի չար բաների ցանկացող չլինենք, ինչպէս որ ցանկացան նրանք։ Եւ չլինենք կռապաշտներ, ինչպէս նրանցից ոմանք. ինչպէս գրուած է. «Նստեց ժողովուրդը ուտելու եւ խմելու, եւ նրանք վեր կացան զուարճանալու»։ Եւ չպոռնկանանք, ինչպէս նրանցից ոմանք պոռնկացան, եւ մի օրում ընկան քսանչորս հազարը» (Ա Կորնթացիս 10։6—8)։
7 Պողոսը նախ ակնարկում է այն դեպքը, երբ իսրայելացիները Սինա լեռան ստորոտում ոսկե հորթին պաշտամունք մատուցեցին (Ելից 32։5, 6)։ Սա բացահայտ անհնազանդություն էր աստվածային մի պատվիրանի հանդեպ, որն այդ դեպքից ընդամենը մի քանի շաբաթ առաջ նրանք համաձայնվել էին պահել (Ելից 20։4—6; 24։3)։ Ապա Պողոսը վկայակոչում է այն ժամանակը, երբ Իսրայելը Մովաբի աղջիկների հետ միասին երկրպագում էր Բահաղին (Թուոց 25։1—9)։ Հորթի պաշտամունքին բնորոշ էր անվայելուչ հաճոյասիրությունը՝ ‘զվարճությունները’։a Բահաղի երկրպագուները սովոր էին չափից դուրս բավականություններով տարվելուն՝ «զուարճանալուն»։ Բահաղի պաշտամունքն ուղեկցվում էր սարսափելի սեռական անբարոյությամբ (Յայտնութիւն 2։14)։ Իսրայելացիներն ինչո՞ւ գործեցին այս մեղքերը. քանի որ նրանք թույլ տվեցին, որ իրենց սրտերը ‘չար բաների ցանկացող լինեն’՝ լիներ դա կռապաշտություն, թե՝ դրան ուղեկցող անբարոյական սովորություններ։
8. Ի՞նչ կարելի է սովորել իսրայելացիների հետ պատահածից։
8 Պողոսը ցույց տվեց, որ այս դեպքերից դասեր ունենք քաղելու։ Իսկ ի՞նչ դասեր։ Անհնարին է պատկերացնել, որ քրիստոնյան կարող է պաշտել ոսկե մի հորթի կամ հին Մովաբի աստվածներից որևէ մեկին։ Իսկ ի՞նչ կարելի է ասել բավականություններով չափից դուրս տարվելու վտանգի մասին։ Այս բաները համընդհանուր բնույթ են կրում այսօր, և եթե մենք թույլ տանք, որ այդ ցանկությունները զարգանան մեր սրտերում, ապա դրանք կհեռացնեն մեզ Եհովայից։ Արդյունքը կլինի նույնը, ինչպես որ կլիներ կռապաշտության դեպքում՝ օտարացում Աստծուց (համեմատեք Կողոսացիս 3։5; Փիլիպպեցիս 3։19)։ Ուստի, Պողոսն այս դեպքերի մասին իր քննարկումը ավարտում է հավատակիցներին կոչ անելով. «Փախէ՛ք կռապաշտութիւնից» (Ա Կորնթացիս 10։14)։
Օգնություն Աստծո ճանապարհով քայլելու մեջ
9. ա) Եհովայի ճանապարհով քայլելու համար ի՞նչ օգնություն ենք ստանում։ բ) Ի՞նչ ձևով է լսվում ‘խոսքը մեր ետևից’։
9 Եթե մենք լի ենք Եհովայի ճանապարհով քայլելու վճռականությամբ, ուրեմն առանց օգնության չենք թողնված, չէ՞ որ Եսայիան մարգարեացավ. «Քո ականջները լսելու են մի խօսք քո ետեւիցը որ ասէ. Սա է ճանապարհը՝ սորանով գնացէք, երբոր աջ կողմը պէտք է գնաք եւ երբոր ձախ կողմը պէտք է գնաք» (Եսայիա 30։21)։ Իսկ ինչպե՞ս են ‘մեր ականջները’ լսում ‘խոսքը մեր ետևից’։ Այսօր ոչ մեկը բառացի ձայն չի լսում կամ մասնավոր տեղեկություն չի ստանում Աստծուց։ «Խոսքը», որը լսվում է, մեզ բոլորիս հասնում է նույն ճանապարհով։ Նախ և առաջ, այն գալիս է Սուրբ գրություններից՝ Աստվածաշնչից, որը պարունակում է Աստծո մտքերը և պատմում մարդկանց հետ ունեցած նրա վարվելակերպի մասին։ Հոգևոր լավ առողջություն պահպանելու համար հարկավոր է կարդալ Աստվածաշունչը ու կանոնավորաբար խորհել կարդացածի շուրջը, քանի որ ամեն օր ենթարկվում ենք պրոպագանդայի ազդեցությանը, որը գալիս է այն աղբյուրներից, որոնք «օտարացած են Աստծու կեանքից»։ Այսպես վարվելը կօգնի մեզ խուսափելու «ունայնութիւններից», ինչպես նաև ‘կատարյալ լինելու և պատրաստ՝ բոլոր բարի գործերի համար’ (Գործք 14։13, 14; Բ Տիմոթէոս 3։16, 17)։ Սա կզորացնի մեզ, կկոփի և կօգնի ‘մեր ճանապարհները հաջողակ անելու’ (Յեսու 1։7, 8)։ Ուստի, Եհովայի Խոսքը հորդորում է. «Հիմա, որդեակներ, լսեցէք ինձ. եւ երանի՜ նրանց, որ պահում են իմ ճանապարհները։ Խրատ լսեցէք եւ իմաստուն եղէք, եւ մի մերժէք» (Առակաց 8։32, 33)։
10. Ուրիշ ի՞նչ ձևով է մեզ հասնում ‘խոսքը մեր ետևից’։
10 ‘Խոսքը մեր ետևից’ հասնում է նաև «հաւատարիմ եւ իմաստուն ծառայի» միջոցով, որը «կերակուր է տալիս ժամանակին» (Մատթէոս 24։45—47, ԱԹ)։ «Կերակուրի» մատակարարման ձևերից են Աստվածաշնչի վրա հիմնված հրատարակությունները, իսկ վերջին տարիներին այս սնունդը բավականին առատ է հայթայթվում։ Օրինակ՝ «Դիտարան»–ի միջոցով ճշտվել է մեր հասկացողությունը մարգարեությունների վերաբերյալ։ Այս ամսագիրը մեզ քաջալերում է, որպեսզի հաստատակամորեն շարունակենք քարոզել և աշակերտներ պատրաստել՝ չնայած աճող անտարբերությանը. այն օգնում է մեզ խուսափել ծուղակներից և հորդորում է, որպեսզի քրիստոնեական հրաշալի հատկանիշներ մշակենք մեր մեջ։ Որքա՜ն ենք գնահատում պատեհ ժամանակին տրված այս կերակուրը։
11. Բացատրե՛ք, թե ուրիշ ի՞նչ ճանապարհ կա լսելու ‘խոսքը մեր ետևից’։
11 «Հաւատարիմ եւ իմաստուն ծառան» հոգևոր սննդով մեզ ապահովում է նաև կանոնավոր ժողովների միջոցով։ Վերջինս իր մեջ բովանդակում է մեր տեղի ժողովի հանդիպումները, տարին երկու անգամ անցկացվող շրջանային և տարեկան ավելի մեծ համաժողովները։ Հավատարիմ քրիստոնյաներից ո՞ր մեկը նման հանդիպումները չի գնահատում։ Եհովայի ճանապարհով քայլելու համար դրանք խիստ կարևոր դեր են կատարում։ Քրիստոնեական կանոնավոր ընկերակցությունները բառացիորեն փրկարար են, քանի որ շատերը ժամանակի մեծ մասը անց են կացնում աշխատավայրում կամ դպրոցում՝ շփվելով նրանց հետ, ովքեր չեն կիսում իրենց հավատը։ Ժողովները մեզ հրաշալի հնարավորություն են տալիս, որպեսզի «հոգ տանենք միմեանց՝ սիրոյ և բարի գործերի յորդորելով» (Եբրայեցիս 10։24)։ Մենք սիրում ենք մեր եղբայրներին ու մեզ հաճելի է համագործակցել նրանց հետ (Սաղմոս 133։1)։
12. Ի՞նչ վճռականությամբ են լցված Եհովայի վկաները, և վերջերս ինչպե՞ս նրանք այն արտահայտեցին։
12 Զորանալով նման հոգևոր սննդով՝ այսօր գրեթե վեց միլիոն անհատներ քայլում են Եհովայի ճանապարհով, իսկ միլիոնավոր ուրիշներն ուսումնասիրում են Աստվածաշունչը՝ սովորելու համար, թե ինչպես քայլեն այդ ճանապարհով։ Արդյոք նրանց հուսահատեցնո՞ւմ կամ թուլացնո՞ւմ է այն փաստը, որ աշխարհի միլիարդավոր բնակչության հետ համեմատած իրենք փոքր թիվ են կազմում։ Բոլորովի՛ն։ ‘Իրենց ետևում լսվող խոսքին’ շարունակ ուշադրություն դարձնելու վճռականությամբ լի՝ նրանք հավատարմորեն կատարում են Եհովայի կամքը։ Որպես այդպիսի վճռականության հանրային դրսևորում՝ 1998—1999 թթ.–ի ընթացքում «Աստվածահաճո կյանքի ուղին» վերնագրով նահանգային և միջազգային համաժողովների ընթացքում պատգամավորները ընդունեցին իրենց սրտաբուխ տեսակետն արտահայտող մի բանաձև՝ հետևյալ բովանդակությամբ.
Բանաձևի ընդունումը
13, 14. Եհովայի վկաները աշխարհի իրավիճակի մասին ի՞նչ ռեալ տեսակետ ունեն։
13 «Մենք՝ Եհովայի վկաներս, հավաքվելով «Աստվածահաճո կյանքի ուղին» համաժողովում, ամբողջ սրտով ընդունում ենք, որ Աստծո ճանապարհը կյանքի լավագույն ուղին է։ Այնուամենայնիվ, մենք գիտակցում ենք, որ մարդկանց մեծամասնությունն այսօր այլ կարծիք ունի։ Մարդկային հասարակությունը փորձարկել է բազմաթիվ գաղափարներ, փիլիսոփայություններ և կրոնական ուսմունքներ՝ ջանալով բնորոշել, թե ո՞ր ճանապարհն է լավագույնը։ Շիտակ հայացք նետելով մարդկության պատմությանը և ներկա աշխարհում տիրող պայմաններին՝ հաստատվում է Երեմիա գրքի 10։23 համարում արձանագրված աստվածային ճշմարտությունը. «Գիտէմ, ով Տէր, որ մարդինը չէ իր ճանապարհը, որ գնացող մարդի բանը չէ, որ ուղղէ իր գնացքը»։
14 Օր օրի մենք ավելի ենք համոզվում այս խոսքերի ճշմարտացիության մեջ։ Մարդիկ մեծամասամբ արհամարհում են աստվածահաճո կյանքի ուղին։ Նրանք հետևում են այն ամենին, ինչը որ իրենք են ճիշտ համարում։ Իսկ հետևանքները ողբերգական են. քայքայված ընտանիքներ՝ առաջնորդությունից զուրկ երեխաներով, մասսայական նյութապաշտություն, որը դատարկության և հուսահատության է հանգեցնում, դաժան հանցագործություններ ու բռնություն, որոնք անթիվ զոհեր են իրենց հետ բերում, մարդկային կյանքի սարսափելի կորուստներ պատճառող էթնիկական թշնամություններ ու պատերազմներ, աղաղակող անբարոյություն, սեռային ճանապարհով տարածվող հիվանդությունների համաճարակային բռնկում։ Սրանք ընդամենը մի քանիսն են բազում այն բարդ պրոբլեմներից, որոնք խանգարում են մարդկանց երջանկություն, խաղաղություն և անվտանգություն ունենալ։
15, 16. Աստվածահաճո կյանքի ուղու հետ կապված ի՞նչ որոշում է ներկայացվում բանաձևում։
15 Մենք՝ Եհովայի վկաներս, ի նկատի ունենալով մարդկության ցավալի վիճակը և Արմագեդոն կոչվող «Ամենակալ Տիրոջ մեծ օրուայ» մոտ լինելը (Յայտնութիւն 16։14, 16), ընդունում ենք հետևյալ բանաձևը.
16 «Առաջին՝ մենք մեզ համարում ենք Եհովային պատկանող անձեր, քանի որ նվիրվել ենք իրեն անհատապես ու անվերապահորեն և շարունակելու ենք անսասան հավատ ունենալ Եհովայի Որդի Հիսուս Քրիստոսի միջոցով հայթայթված փրկանքի հանդեպ։ Մենք լի ենք աստվածահաճո կյանքի ուղին բռնելու վճռականությամբ՝ ծառայելով որպես նրա Վկաները և հնազանդվելով Հիսուս Քրիստոսի իշխանությամբ ներկայացված նրա գերիշխանությանը»։
17, 18. Եհովայի վկաները քրիստոնեական եղբայրության և բարոյական չափանիշների վերաբերյալ ո՞ր դիրքորոշումն են շարունակելու պահպանել։
17 «Երկրորդ՝ մենք շարունակելու ենք կառչած մնալ Աստվածաշնչում նշված բարոյական և հոգևոր բարձր չափանիշներից։ Մենք վճռել ենք խուսափել այն ճանապարհով ընթանալուց, որով ազգերն են գնում իրենց մտքի ունայնությամբ (Եփեսացիս 4։17—19)։ Մեր որոշումն է մաքուր մնալ Եհովայի առջև ու մեր անձն անարատ պահել աշխարհից (Յակոբոս 1։27)»։
18 «Երրորդ՝ մենք, որպես համաշխարհային քրիստոնեական եղբայրություն, ամուր պահելու ենք Աստվածաշնչի վրա հիմնված մեր դիրքորոշումը։ Քրիստոնեական չեզոքություն ենք պահպանելու ժողովուրդների մեջ՝ այդպիսով խուսափելով ռասայական, ազգային և էթնիկական հողի վրա ատելության կամ վեճերի ծուղակն ընկնելուց»։
19, 20. ա) Ինչպե՞ս պետք է վարվեն քրիստոնյա ծնողները։ բ) Ճշմարիտ քրիստոնյաները ո՞ր հատկանիշով են շարունակելու տարբերվել որպես Քրիստոսի աշակերտներ։
19 «Չորրորդ՝ մեր երեխաների մեջ արմատավորելու ենք Աստծո ճանապարհը։ Մենք մեր քրիստոնեավայել ապրելակերպով օրինակ ենք ծառայելու, որն իր մեջ բովանդակում է կանոնավորաբար Աստվածաշունչ կարդալը, ընտանեկան ուսումնասիրություն անցկացնելը, քրիստոնեական ժողովի գործունեությանը և դաշտի ծառայությանը անձնվիրաբար մասնակցելը»։
20 «Հինգերորդ՝ մենք բոլորս ձգտելու ենք մեր մեջ զարգացնել աստվածային հատկանիշներ, որոնց դրսևորման մեջ ցայտուն օրինակ է հանդիսանում մեր Ստեղծիչը, և մեր հերթին մենք էլ Հիսուսի նման ընդօրինակելու ենք նրան ու քայլելու ենք նրա ճանապարհներով (Եփեսացիս 5։1)։ Հաստատակամորեն տրամադրված ենք մեր բոլոր արարքները կատարել սիրով, որպեսզի դրանով ճանաչվենք, որ Քրիստոսի աշակերտներն ենք (Յովհաննէս 13։35)»։
21-23. Եհովայի վկաներն ի՞նչ են շարունակելու անել և ի՞նչ բանում են համոզված։
21 «Վեցերորդ՝ շարունակելու ենք անդադար քարոզել Աստծո Թագավորության բարի լուրը, աշակերտներ պատրաստել, նրանց ցույց տալ աստվածահաճո կյանքի ուղին և քաջալերել, որ իրենց հետագա ուսուցումը ստանան ժողովի հանդիպումների ընթացքում (Մատթէոս 24։14; 28։19, 20; Եբրայեցիս 10։24, 25)»։
22 «Յոթերորդ՝ մենք թե՛ անհատապես, և թե՛ բոլորս միասին որպես կրոնական կազմակերպություն, շարունակելու ենք մեր կյանքում առաջին տեղը դնել Աստծո Թագավորությունը։ Օգտագործելով նրա Խոսքը՝ Աստվածաշունչը՝ որպես ուղեցույց՝ մենք աջ ու ձախ չենք թեքվելու և դրանով իսկ ցույց ենք տալու, որ Աստծո ճանապարհը գերադասելի է այս աշխարհի բոլոր ուղիներից։ Մենք վճռել ենք հաստատուն կերպով և հավատարմորեն հետևել աստվածահաճո կյանքի ուղուն այսօր և հավիտյան»։
23 «Մենք ընդունում ենք այս բանաձևը, քանի որ լիովին վստահում ենք Եհովայի այն սիրալիր խոստումին, որ Աստծո կամքը կատարողը կմնա հավիտյան։ Մենք հռչակում ենք այս բանաձևը, քանի որ համոզված ենք, որ Աստվածաշնչի սկզբունքներին, խրատներին ու զգուշացումներին հետևելը լավագույն ճանապարհն է այսօր և հոյակապ հիմք է ստեղծում ապագայի համար, որպեսզի կարողանանք ձեռք բերել «ճշմարիտ կեանքը» (Ա Տիմոթէոս 6։19; Բ Տիմոթէոս 4։7 բ, 8)։ Սակայն, ամենից առաջ, մենք այս բանաձևը ընդունում ենք այն պատճառով, որ սիրում ենք Եհովային մեր ամբողջ սրտով, հոգով, մտքով և զորությամբ»։
24, 25. Ներկայացված բանաձն ի՞նչ արձագանք ունեցավ, և ո՞րն է Եհովայի ճանապարհով քայլող անհատների որոշումը։
24 «Համաժողովի բոլոր մասնակիցներ, եթե կողմ եք այս բանաձևին, խնդրում ենք ասացեք՝ ԱՅՈ՛»։
25 Ամբողջ աշխարհի հազարավոր բեմերում և մարզադաշտերում լսվեց ձայների արձագանքը, երբ բոլոր ներկաները «այո՜» գոչեցին։ Եհովայի վկաները կասկած չունեն, որ շարունակելու են ընթանալ Եհովայի ճանապարհով։ Նրանք լիովին ապավինում են Եհովային ու հավատում, որ նա իրագործելու է իր խոստումները։ Ինչ էլ որ պատահի, նրանք հավատարիմ են մնում նրան. նրանք վճռել են կատարել Եհովայի կամքը։
«Աստուած մեր կողմն է»
26. Եհովայի ճանապարհով քայլող մարդիկ ինչո՞ւ են ուրախ։
26 Եհովայի վկաները մտաբերում են սաղմոսերգուի կոչը. «Սպասիր Տիրոջը եւ պահիր նորա ճանապարհը, եւ նա կ’բարձրացնէ քեզ՝ որ երկիրը ժառանգես» (Սաղմոս 37։34)։ Նրանք չեն մոոանում Պողոսի խրախուսիչ խոսքերը. «Եթէ Աստուած մեր կողմն է, ո՞վ կը լինի մեզ հակառակ։ Նա, որ իր Որդուն իսկ չխնայեց, այլ մեր բոլորի համար մահուան մատնեց նրան, էլ ինչպէ՞ս մեզ չի շնորհելու ամենայն ինչ նրա հետ մէկտեղ» (Հռովմայեցիս 8։31, 32)։ Այո՛, եթե ամուր պահենք իր ճանապարհը, Եհովան ‘մեզ առատապես ամեն ինչ կտա վայելելու համար’ (Ա Տիմոթէոս 6։17)։ Եհովայի ճանապարհից բացի՝ ուրիշ ավելի լավ ի՞նչ ուղի կարող է լինել, որով մեր սիրելի քույր–եղբայրների հետ կողք կողքի քայլում ենք։ Եհովային ունենալով մեր թիկունքում՝ եկեք որոշենք այնտեղ մնալ և դիմանալ մինչև վերջ՝ հաստատ համոզված լինելով, որ իր որոշած ժամանակին նրա վերջնական խոստումների իրականացման ականատեսներն ենք դառնալու (Տիտոս 1։2)։
[ծանոթագրություն]
a Մի մեկնաբանի կարծիքով այստեղ «զուարճանալ» թարգմանված հունարեն բառը մատնանշում է հեթանոսական տոնակատարություններին հատուկ պարերը. ապա նա ավելացնում է. «Հայտնի է, որ այս պարերից շատերը նախատեսված էին հենց վավաշոտ կրքեր առաջ բերելու նպատակով»։
Հիշո՞ւմ եք
◻ Ի՞նչ է պահանջվում քրիստոնյայից Եհովայի ճանապարհով ընթանալու համար։
◻ Ինչո՞ւ է անհրաժեշտ վստահություն և նվիրվածություն մշակել Եհովայի հանդեպ։
◻ Ի՞նչ օգնություն ենք ստանում Եհովայի ճանապարհով քայլելիս։
◻ Ներկայացրե՛ք «Աստվածահաճո կյանքի ուղին» վերնագրով համաժողովներում ընդունված բանաձևից մի քանի կետեր։
[նկարներ 16–րդ էջի վրա]
«Աստվածահաճո կյանքի ուղին» վերնագրով նահանգային և միջազգային համաժողովներում մի կարևոր բանաձև ընդունվեց։