«Խոնարհութիւնը հագէք»
«Աստուած ամբարտաւաններին հակառակ է կենում, բայց խոնարհներին շնորհք է տալիս» (Ա Պետրոս 5։5, ԱԹ)։
1, 2. Ո՞ր երկու իրար հակադիր մտավիճակներն են անհատի վարքին հիմնական ուղղություն տալիս։
ԱՍՏԾՈ Խոսքը մեր ուշադրությունը հրավիրում է երկու իրար հակադիր մտավիճակների վրա, որոնք հիմնական ուղղություն են տալիս անհատի վարքագծին։ Առաջինը դա խոնարհամտությունն է (Ա Պետրոս 5։5, ՆԱ)։ Մի բառարանում «խոնարհ» բառը բնութագրվում է որպես «հեզ՝ գոռոզությունից զուրկ» մարդ։ Խոնարհամտության հոմանիշն է հնազանդությունը, որը, ըստ Աստծո տեսակետի, խիստ ցանկալի հատկություն է։
2 Խոնարհամտության հակադիր հատկանիշը հպարտությունն է։ Հպարտություն նշանակում է «մեծամտություն, գոռոզություն»։ Սա եսամոլություն է, անձնական, նյութական, եսասիրական և այլ շահերի ձգտում՝ չնայած մյուսների վրա թողած վնասակար ազդեցությանը։ Աստվածաշնչում նշվում է այդ վարքագծի հետեվանքներից մեկը. «Մարդ մարդի վերայ իշխում է իր վնասի համար»։ Նրա էջերում կարդում ենք նաև, որ «մարդս նախանձում է իր ընկերին», իսկ դա «քամիի աշխատանք» է, որովհետև մահանալիս մարդը «մի բան վեր չի առնիլ... որ կարող [է] տանել իր ձեռքին»։ Ուրեմն, հպարտությունը խիստ տհաճ է Աստծուն (Ժողովող 4։4; 5։15; 8։9)։
Աշխարհում տիրող ոգին
3. Ի՞նչ ոգի է տիրում աշխարհում։
3 Այս երկու մտավիճակներից ո՞ր մեկն է բնորոշ մերօրյա աշխարհին։ Ի՞նչ ոգի է տիրում աշխարհում։ «Աշխարհի ռազմական և սոցիալական ծախսերը 1996 թ.» հրատարակությունը հաղորդում է. «Անցած հարյուրամյակներից ոչ մեկն այսքան վայրագ.... բռնություն չի տեսել, որքան 20–րդ դարը» («World Military and Social Expenditures 1996»)։ Այս հարյուրամյակի ընթացքում քաղաքական և տնտեսական իշխանության համար մրցակցության, ինչպես նաև ազգային, կրոնական, ցեղային և էթնիկական հողի վրա ընդհարումների պատճառով սպանվել է ավելի քան 100 միլիոն մարդ։ Մարդիկ եսասեր են դարձել։ Աճել է նաև մարդկանց եսակենտրոն վարքագծի դրսևորման անհատական մակարդակը։ «Չիկագո տրիբյուն» թերթը գրում է. «Հասարակական «հիվանդությունների» թվին են պատկանում անիմաստ բռնությունը, երեխաների նկատմամբ ոչ ճիշտ վերաբերմունքը, ամուսնալուծությունները, հարբեցողությունը, ՁԻԱՀ–ը, դեռահասների ինքնասպանությունները, թմրամոլությունը, հրոսակախմբերը, բռնաբարումները, ապօրինի երեխաները, վիժումները, պոռնկագրությունը.... ստախոսությունը, խաբեբայությունը, կաշառակերությունը պետական շրջանակներում.... Լավն ու վատը որպես բարոյականության հասկացություններ վերացվել են» («The Chicago Tribune»)։ Ուստի, այժմեական է հնչում ՄԱԿ–ի հրատարակած հանդեսներից մեկի նախազգուշացումը, թե «հասարակությունները քայքայվում են» («UN Chronicle»)։
4, 5. Աշխարհում տիրող ոգին ինչպե՞ս է ճշգրտորեն նկարագրված Աստվածաշնչի՝ մեր օրերի վերաբերյալ մարգարեության մեջ։
4 Այս վիճակները համընդհանուր բնույթ են կրում և համապատասխանում են Աստվածաշնչի մարգարեությանը. «Վերջին օրերին չար ժամանակներ պիտի գան, երբ մարդիկ պիտի լինեն անձնասէր, փողասէր, հպարտ, ամբարտաւան, հայհոյող, ծնողներին անհնազանդ, անշնորհակալ, անմաքուր, անհաշտ, անգութ, բանսարկու, անժուժկալ, դաժանաբարոյ, անբարեսէր, մատնիչ, յանդուգն, մեծամիտ» (Բ Տիմոթէոս 3։1—4)։
5 Սա այս աշխարհում գերիշխող եսապաշտական ոգու ճշգրիտ նկարագրությունն է։ Մարդկանց միջև գոյություն ունեցող մրցակցությունն ընդհանուր առմամբ անդրադառնում է նաև ազգերի վրա։ Օրինակ՝ սպորտային մրցումների ընթացքում մարմնամարզիկները ձգտում են առաջինը լինել և անտարբեր են դառնում հակառակորդին հասցրած զգացական կամ նույնիսկ ֆիզիկական վերքերի հանդեպ։ Այս եսակենտրոն ոգին, որն արմատավորվում է երեխաների գիտակցության մեջ, հետագայում դրսևորվում է նրանց հասուն կյանքի տարբեր ոլորտներում։ Արդյունքում առաջանում են «թշնամութիւն, կռիւ, նախանձ, բարկութիւն, հակառակութիւններ, երկպառակութիւններ» (Գաղատացիս 5։19—21)։
6. Ովքե՞ր են նպաստում եսապաշտական ոգու զարգացմանը. Եհովան ինչպե՞ս է դիտում նման մտածելակերպը։
6 Աստվածաշունչը ցույց է տալիս, որ այս աշխարհին հատուկ եսակենտրոն ոգին բնորոշում է այն անձնավորությանը, որը «Բանսարկու եւ սատանայ է կոչվում, այս բովանդակ աշխարհքը մոլորեցնողը»։ Մարգարեացվում է նաև ճգնաժամային այս վերջին օրերում ապրող մարդկանց վրա Սատանայի բանեցրած ազդեցության մասին. «Վա՜յ երկրին.... որ Բանսարկուն վայր իջաւ ձեզ մօտ, որ մեծ բարկութիւն ունի, գիտենալով, որ քիչ ժամանակ ունի» (Յայտնութիւն 12։9—12, ԱԹ)։ Այսպիսով՝ Սատանան և նրան աջակից դևերը լարում են իրենց ուժերը՝ ներգործելով մարդկային մտածելակերպի վրա և ձգտելով նրան եսապաշտական ուղղություն տալ։ Իսկ Եհովան ինչպե՞ս է դիտում նման մտածելակերպը։ «Տիրոջը զզուելի են ամէն գոռոզամիտները»,— ասվում է Առակաց 16։5–ում։
Եհովան խոնարհամիտ անհատների կողմն է
7. Եհովան ինչպե՞ս է վերաբերվում խոնարհամիտ անհատներին և ի՞նչ է սովորեցնում նրանց։
7 Իսկ մյուս կողմից, Եհովան օրհնում է խոնարհամիտ անհատներին։ Եհովային ուղղված գովերգում Դավիթն ասաց. «Վշտացած ժողովրդին [«խոնարհամիտներին», ՆԱ] դու փրկում ես. Եւ աչքերդ բարձրերի վերայ է որ կործանես» (Բ Թագաւորաց 22։1, 28)։ Հետևաբար, Աստծո Խոսքը խորհուրդ է տալիս. «Խնդրեցէք Տիրոջը, ով երկրի բոլոր խոնարհներ,.... որոնեցէք արդարութիւն, որոնեցէք խոնարհութիւն, գուցե ծածկուած պահուիք Տիրոջ բարկութեան օրը» (Սոփոնիա 2։3)։ Եհովան կրթում է իրեն խոնարհաբար փնտրող անհատներին, որպեսզի իրենց մեջ մշակեն այս աշխարհի ոգուց արմատապես տարբերվող ոգի։ «Նա.... սովորեցնում է հեզահոգիներին իր ճանապարհը» (Սաղմոս 25։9; Եսայիա 54։13)։ Դա սիրո «ճանապարհն» է. մի ճանապարհ, որը, աստվածային չափանիշների համաձայն, հիմնված է ճիշտը անելու վրա։ Ինչպես նշում է Աստվածաշունչը, այս սկզբունքային սերը «չի ամբարտաւանանում, չի գոռոզանում.... իրենը չի փնտռում» (Ա Կորնթացիս 13։1—8)։ Իսկ խոնարհամտությունը հենց այսպիսի սիրո դրսևորումն է։
8, 9. ա) Ո՞վ է սկզբունքային սիրո աղբյուրը։ բ) Ինչո՞ւ է կարևոր Հիսուսի դրսևորած սերը և խոնարհամտությունն ընդօրինակելը։
8 Պողոսը և առաջին դարի քրիստոնյաները Հիսուսի ուսուցումներից սովորեցին, որ սերը այդպիսին պիտի լինի։ Իսկ Հիսուսն իր հերթին այդ մասին սովորել էր իր Հորից՝ Եհովայից, որի համար Աստվածաշունչը հայտնում է. «Աստուած սէր է» (Ա Յովհաննէս 4։8)։ Հիսուսին հայտնի էր, որ Աստծո կամքն էր, որպեսզի նա սիրո օրենքով ապրեր, և նա այդպես էլ վարվեց (Յովհաննէս 6։38)։ Ահա թե ինչո՛ւ էր Հիսուսը կարեկցում հարստահարվածներին, աղքատներին ու մեղավորներին (Մատթէոս 9։36)։ Նա դիմում էր նրանց. «Եկէ՛ք ինձ մօտ, բոլոր յոգնածներդ ու բեռնաւորուածներդ, եւ ես ձեզ կհանգստացնեմ։ Իմ լուծը ձեր վրայ վերցրէ՛ք, եւ սովորեցէ՛ք ինձնից, որ հեզ եմ եւ սրտով խոնարհ» (Մատթէոս 11։28, 29)։
9 Հիսուսը հետևյալ խոսքերով իր աշակերտներին ցույց տվեց իր դրսևորած սերը և խոնարհությունը ընդօրինակելու կարևորությունը. «Եթէ դուք միմեանց սիրէք, դրանով բոլորը պիտի իմանան, որ դուք իմ աշակերտներն էք» (Յովհաննէս 13։35)։ Նրանք պիտի տարբերվեին, անջատ մնային այս եսակենտրոն աշխարհից։ Ուստի, Հիսուսն իր հետնորդների մասին կարող էր ասել. «Նրանք աշխարհից չեն» (Յովհաննէս 17։14)։ Այո՛, նրանք չեն ընդօրինակում Սատանայի աշխարհին հատուկ ամբարտավան ու եսասեր ոգին, այլ արտացոլում են Հիսուսի ցուցաբերած սերն ու խոնարհամտությունը։
10. Եհովան այսօր ինչպե՞ս է վարվում խոնարհ անհատների հետ։
10 Աստծո Խոսքում մարգարեացվել է, որ այս վերջին օրերում խոնարհ անհատները միասին պիտի հավաքվեն սիրո և հնազանդության վրա հիմնված համաշխարհային մի հասարակության մեջ։ Այսինքն՝ ապրելով մի աշխարհի մեջ, ուր հպարտությունը գնալով ավելի ու ավելի իշխող է դառնում, Եհովայի ժողովուրդը, ի հակադրություն այս աշխարհին, խոնարհամտություն է դրսևորում։ Նրանք բոլորին սրտանց հրավիրում են. «Եկէք վեր գնանք Եհովայի սարը [նրա հիմնած ճշմարիտ պաշտամունքը],.... եւ նա կսովորեցնէ մեզ իր ճանապարհներիցը, եւ մենք կ’գնանք իր շաւիղներումը» (Եսայիա 2։2, 3)։ Քայլելով Աստծո շավիղներով՝ Եհովայի վկաները կազմում են համաշխարհային այդ հասարակությունը։ Նրանք կազմում են «մի մեծ բազմութիւն,— որին թիւ չկար,— բոլոր հեթանոսներից եւ բոլոր ազգերից, բոլոր լեզուներից եւ բոլոր ժողովուրդներից» (Յայտնութիւն 7։9)։ Այսօր այդ մեծ բազմության մեջ են մտնում միլիոնավոր մարդիկ։ Իսկ Եհովան ինչպե՞ս է նրանց խոնարհամտություն սովորեցնում։
Սովորել խոնարհամիտ լինել
11, 12. Աստծո ծառաներն ինչպե՞ս են խոնարհամտություն դրսևորում։
11 Եհովայի սուրբ հոգին ազդեցություն է գործում նրա կամքը կատարող մարդկանց վրա և հնարավորություն է տալիս նրանց սովորելու, թե ինչպես հաղթանակ տանել այս աշխարհի չար ոգու դեմ և ինչպես դրսևորել Աստծո սուրբ հոգու պտուղը՝ «սէր, խնդութիւն, խաղաղութիւն, համբերութիւն, քաղցրութիւն, բարութիւն, հաւատարմութիւն, հեզութիւն, ժուժկալութիւն» (Գաղատացիս 5։22, 23)։ Այս հատկությունները մշակելու համար որպես օգնություն՝ Աստծո ծառաներին հետևյալ խորհուրդն է տրվում. «Սնապարծ չլինենք՝ միմեանց գրգռելով [«մրցակցելով», ՆԱ] եւ միմեանց նախանձելով» (Գաղատացիս 5։26)։ Պողոս առաքյալը դիմեց հռոմեացի քրիստոնյաներին. «Հետեւեալ պատուէրը կու տամ իւրաքանչիւրին.— Մեծամիտ մի՛ ըլլաք. ընդհակառակը, միշտ համեստ եղէք» (Հռովմայեցիս 12։3, ՆԿ–ի նոր աշխարհաբար թարգմ.)։
12 Աստծո Խոսքն ասում է. «Մի՛ արէք որեւէ բան հակառակութեան ոգով, ոչ էլ որեւէ բան՝ սնապարծութեամբ, այլ խոնարհութեամբ մէկդ միւսին աւելի լաւ համարեցէք, քան ինքներդ ձեզ։ Միայն ձեր շահը մի՛ փնտռէք, այլ իւրաքանչիւր ոք՝ ընկերոջ շահն էլ» (Փիլիպպեցիս 2։3, 4)։ «Ոչ ոք միայն իր օգուտը թող չփնտռի, այլ՝ նաեւ ընկերոջինը» (Ա Կորնթացիս 10։24)։ Այո՛, ‘սերը հաստատում’ է ուրիշներին անկեղծ խոսքերով ու անշահախնդիր արարքներով (Ա Կորնթացիս 8։1)։ Այն նպաստում է հաղորդակցմանը, և ոչ թե մրցակցությանը։ Անձնակենտրոն ոգին տեղ չունի Եհովայի ծառաների մեջ։
13. Ինչո՞ւ է պետք սովորել խոնարհամիտ լինել, և անհատն ինչպե՞ս կարող է դա անել։
13 Այնուամենայնիվ, ժառանգած անկատարության պատճառով մենք խոնարհամիտ չենք ծնվում (Սաղմոս 51։5)։ Պետք է սովորե՛լ խոնարհամիտ լինել։ Դա գուցե դժվար լինի այն անհատների համար, ովքեր մանկուց չեն սովորել Եհովայի ճանապարհները, այլ դրանց մասին հետագայում են տեղեկացել։ Նրանց արդեն ձևավորել է այս աշխարհի մտածելակերպը։ Այդ իսկ պատճառով, անհրաժեշտ է, որ նրանք սովորեն ‘հեռո՛ւ վանել իրենցից հին մարդուն իր նախկին կենցաղով’ ու «հագնել նոր մարդը, որ ստեղծուած է ըստ Աստծու՝ արդարութեամբ եւ ճշմարիտ սրբութեամբ» (Եփեսացիս 4։22, 24)։ Աստծո օգնությամբ մեղավոր անհատները կարող են անել այն, ինչը որ Աստված է իրենցից ակնկալում. «Հագէ՛ք, ուրեմն, գութ, ողորմութիւն, քաղցրութիւն, խոնարհութիւն [«խոնարհամտություն», ՆԱ], հեզութիւն, համբերատարութիւն» (Կողոսացիս 3։12)։
14. Հիսուսն ի՞նչ ասաց աշակերտներին իրենց անձը բարձրացնելու մասին։
14 Հիսուսի աշակերտները պիտի սովորեին խոնարհամտություն ցուցաբերել։ Նրանք արդեն հասուն մարդիկ էին, երբ Հիսուսի աշակերտները դարձան, և ինչ–որ չափով իրենց մեջ ունեին այս աշխարհի մրցակցության ոգին։ Երբ նրանցից երկուսի՝ Հակոբոսի և Հովհաննեսի մայրը իր որդիների համար հեղինակավոր դիրք խնդրեց, Հիսուսը պատասխանեց. «Ազգերի իշխանաւորները տիրում են ազգերի վրայ, եւ մեծամեծները իշխում են նրանց վրայ։ Ձեր մէջ եւս չպէտք է այդպէս լինի. այլ ձեզնից ով կը կամենայ առաջին լինել, ձեր ծառան պիտի լինի. ինչպէս որ մարդու Որդին [Հիսուսը] չեկաւ ծառայութիւն ընդունելու, այլ ծառայելու եւ իր անձը տալու որպէս փրկանք շատերի փոխարէն» (Մատթէոս 20։20—28)։ Հիսուսն իր աշակերտներին արգելեց տիտղոսներ օգտագործել իրենց անձը բարձրացնելու նպատակով, ապա ավելացրեց. «Դուք բոլորդ եղբայրներ եք» (Մատթէոս 23։8)։
15. Վերակացության ձգտող անհատներն ի՞նչ կեցվածք պետք է ունենան։
15 Հիսուսի ճշմարիտ աշակերտը ծառա կամ ծառայակից է քրիստոնյա իր հավատակիցներին (Գաղատացիս 5։13)։ Սա հատկապես վերաբերում է նրանց, ովքեր ժողովում վերակացություն անելու ձգտում ունեն։ Նրանք երբեք չպետք է մրցակցեն հեղինակավոր դիրքի կամ իշխանության հասնելու համար. այդ եղբայրները նշանակված են ‘ոչ թէ տիրելու նրանց, որ բաժին են ընկած իրենց, այլ օրինակ լինելու հօտին’ (Ա Պետրոս 5։3)։ Շահամոլ ոգի ցուցաբերող անհատը որակելի չէ վերակացություն անելու համար։ Նա անարգանք կբերի ժողովին։ Ճիշտ է, պատշաճ է, երբ եղբայրը «եպիսկոպոսութեան է ձգտում», սակայն այդ ձգտումը մյուս քրիստոնյաներին ծառայելու մղումից պիտի առաջ գա։ Վերակացությունը հեղինակավոր դիրք կամ իշխանություն չէ, հետևաբար, այդ գործին նշանակվում են ժողովի ամենախոնարհամիտ անհատները (Ա Տիմոթէոս 3։1, 6)։
16. Ինչո՞ւ է Աստվածաշնչում մեղադրվում Դիոտրեփեսի կեցվածքը։
16 Իր նամակում Հովհաննես առաքյալը կենտրոնանում է մի անձնավորության վրա, որն այդ առումով սխալ տեսակետ ուներ. «Եկեղեցուն գրել եմ. բայց Դիոտրեփէսը, որ իրեն միւսներից առաջ է գցում, չի ընդունում մեզ»։ Այս մարդն անհարգալից վերաբերմունք էր ցուցաբերում մյուս քրիստոնյաների հանդեպ՝ փորձելով բարձրացնել իր դիրքը։ Իր եսակենտրոն լինելու պատճառով Դիոտրեփեսի վարքը բացահայտվեց, ինչի մասին Աստծո սուրբ հոգուց մղված գրեց Հովհաննեսը (Գ Յովհաննէս 9, 10)։
Ճիշտ կեցվածք
17. Պետրոսը, Պողոսը և Բառնաբասը ինչպե՞ս խոնարհամտություն ցուցաբերեցին։
17 Աստվածաշնչում արձանագրված են ճիշտ կեցվածք ունեցող, խոնարհամիտ անձանց բազում օրինակներ։ Երբ Պետրոսը մտավ Կոռնելիոսի տուն, վերջինս «[Պետրոսի] ոտքերն ընկնելով երկրպագում էր» նրան։ Այս մեծարանքն ընդունելու փոխարեն՝ «Պետրոսը կանգնեցրեց նրան ու ասաց. «Ոտքի՛ ելիր, ես ինքս էլ մարդ եմ»» (Գործք 10։25, 26)։ Երբ Պողոսն ու Բառնաբասը Լյուստրայում էին, Պողոսը բուժեց ի ծնե կաղ մի մարդու։ Այդ մասին լսելով՝ մարդիկ նրանց աստվածներ անվանեցին։ Սակայն Պողոսն ու Բառնաբասը «իրենց զգեստները պատառոտելով՝ ամբոխի միջից դուրս վազեցին. աղաղակում էին եւ ասում. «Ո՛վ մարդիկ, այդ ի՞նչ էք անում դուք. մենք էլ բնութեամբ ձեզ նման մարդիկ ենք»» (Գործք 14։7—15)։ Այս խոնարհամիտ քրիստոնյաները մարդկանցից փառք չընդունեցին։
18. Խոնարհամտություն դրսևորելով՝ զորեղ հրեշտակն ի՞նչ ասաց Հովհաննեսին։
18 ‘Հիսուս Քրիստոսի հայտնությունը’ Հովհաննես առաքյալին հաղորդվեց հրեշտակի միջոցով (Յայտնութիւն 1։1)։ Հրեշտակի զորությունից Հովհաննեսը ցնցված էր, և դա հասկանալի է. չէ՞ որ մի գիշերվա ընթացքում ընդամենը մի հրեշտակի ձեռքով 185 000 ասորեստանցի զինվորներ սպանվեցին (Դ Թագավորաց 19։35)։ Հովհաննեսը գրում է. «Երբ լսեցի ու տեսայ, ծնկի եկայ եւ երկրպագեցի այն հրեշտակին, որ ցոյց էր տալիս ինձ այս բոլորը։ Բայց նա ասաց ինձ. «Իմ առաջ ծնկի մի՛ իջիր եւ մի՛ երկրպագիր, քանզի ես էլ ծառայակիցն եմ քո եւ քո եղբայրների.... Երկրպագիր Աստծո՛ւն» (Յայտնութիւն 22։8, 9)։ Ինչպիսի՜ խոնարհամտություն դրսևորեց այդ զորեղ հրեշտակը։
19, 20. Հակադրեցեք հռոմեացիների նվաճումների ժամանակ զորավարների դրսևորած փառասիրությունը Հիսուսի խոնարհամտության հետ։
19 Հիսուսը խոնարհամտություն դրսևորելու լավագույն օրինակը հանդիսացավ։ Նա Աստծո միածին Որդին էր՝ Աստծո երկնային Թագավորության ապագա Թագավորը։ Հակառակ տիտղոսով ներկայացող, հռոմեական կայսրության հաղթական զորավարներին՝ նա նրանց պես չէր վարվում։ Այդ զորավարներին հսկայական զորահանդեսներ՝ շքերթներ էին նվիրվում, նրանք նստում էին ոսկիով ու փղոսկրով զարդարված մարտակառքերում, որոնց լծված էին սպիտակ ձիեր, երբեմն նույնիսկ փղեր, առյուծներ կամ վագրեր։ Շքերթների ժամանակ երաժիշտները հաղթական երգեր էին երգում, իսկ նրանց առջևից անցնում էին ավարով բեռնավորված սայլակներն ու հսկայական, շարժական բեմահարթակները, որոնց վրա ճակատամարտի տեսարաններ էին ցուցադրվում։ Այդ արարողության ընթացքում անցնում էին նաև գերված թագավորներ, արքայազներ և զորավարներ՝ իրենց ընտանիքներով. պատահում էր, որ, նվաստացնելու միտումով, նույնիսկ նրանց մերկացնում էին։ Այս ամենը խոսում էր այդ զորավարների հպարտության ու մեծամտության մասին։
20 Սա ճիշտ հակառակն էր այն կեցվածքի, որ Հիսուսը հանդես բերեց։ Նա պատրաստ էր հեզությամբ կատարել իր մասին գրված մարգարեությունը, որը հետևյալ կերպ է հնչում. «Ահա քո Թագաւորը գալիս է քեզ մոտ, նա արդար ու փրկագործ է, հեզ, եւ էշի վերայ հեծած»։ Նա խոնարհաբար նստել էր բեռնակիր կենդանու վրա, և ոչ թե զորահանդեսների փառահեղ կենդանիներով լծված մարտակառքի մեջ (Զաքարիա 9։9, Մատթէոս 21։4, 5)։ Որքա՜ն երջանիկ են խոնարհամիտ անհատները, քանզի գիտեն, որ Հիսուսն է լինելու Եհովայի կողմից նշանակված Թագավորը՝ մեկը, որն իսկապես խոնարհ է, հեզ, սիրալիր, գթասիրտ ու ողորմած (Եսայիա 9։6, 7; Փիլիպպեցիս 2։5—8)։
21. Խոնարհամտությունն ի՞նչ չէ։
21 Այն փաստը, որ Հիսուսը, Պետրոսը, Պողոսը և աստվածաշնչային ժամանակներում ապրած շատ ուրիշ հավատարիմ անհատներ խոնարհամիտ են եղել, հերքում է այն միտքը, թե խոնարհամտությունը թուլություն է։ Ընդհակառակը, այս հատկությունը ի հայտ է բերում այդ անհատների ուժեղ բնավորությունը, քանի որ նրանք քաջ էին ու եռանդուն։ Հոգեպես և բարոյապես ամուր լինելով՝ նրանք հաղթահարում էին իրենց հանդիպած ծանր փորձությունները («Եբրայեցիս» գրքի 11–րդ գլուխ)։ Այսօր էլ Եհովայի ծառաները խոնարհամտություն դրսևորելիս նույն ուժն են ստանում, քանի որ Եհովան իր հզոր սուրբ հոգով պաշտպանում է հեզ անհատներին։ Ուստի, հետևյալ հորդորն է մեզ տրվում. «Բոլորդ միմեանց հանդէպ խոնարհութիւն ունեցէք, քանի որ «Աստուած հակառակ է ամբարտաւաններին, իսկ խոնարհներին տալիս է շնորհ»։ «Խոնարհուեցէ՛ք Աստծու հզօր ձեռքի տակ, որպէսզի ժամանակին նա ձեզ բարձրացնի» (Ա Պետրոս 5։5, 6; Բ Կորնթացիս 4։7)։
22. Ի՞նչ է քննարկվելու հաջորդ հոդվածում։
22 Գոյություն ունի խոնարհամտության մեկ այլ երեսակ ևս, որն Աստծո ծառաները պետք է դրսևորեն։ Այն նպաստում է ժողովներում սիրո և հաղորդակցության զարգացմանը։ Ինչ խոսք, որ այն խոնարհամտության կարևոր երեսակներից է, և այդ մասին կքննարկվի մեր հաջորդ հոդվածում։
Կրկնողության հարցեր
◻ Նկարագրեք աշխարհում տիրող ոգին։
◻ Եհովան ինչպե՞ս է շնորհ անում խոնարհամիտ անհատներին։
◻ Ինչո՞ւ է պետք սովորել խոնարհամիտ լինել։
◻ Որո՞նք են Աստվածաշնչում ներկայացվող խոնարհամիտ անձանցից մի քանիսի օրինակները։
[նկար 25–րդ էջի վրա]
Հրեշտակն ասաց Հովհաննեսին. «Իմ առաջ ծնկի մի՛ իջիր եւ մի՛ երկրպագիր, քանզի ես էլ ծառայակից եմ»։