Հիշի՛ր քո Արարչին
«Յիշի՛ր քո Արարչին...., քանի դեռ չեն եկել դառնութեան օրերը» (Ժողովող 12։1, ԷԹ)։
1. Աստծուն նվիրված երիտասարդները ինչի՞ն պետք է նվիրեն իրենց պատանեկան տարիներն ու իրենց եռանդը։
ԵՀՈՎԱՆ զորացնում է իր ծառաներին, որպեսզի իր կամքը կատարեն (Եսայիա 40։28—31)։ Անկախ տարիքից՝ այդ զորությանն արժանանում են բոլորը։ Սակայն Աստծուն նվիրվածներից հատկապես երիտասարդները պետք է ձգտեն իրենց պատանեկան տարիներն իմաստնորեն անցկացնել և երիտասարդական եռանդը ճիշտ ձևով օգտագործել։ Ուստի, նրանք սրտանց ընդունում են «Ժողովողի»՝ հին Իսրայելի Սողոմոն թագավորի խորհուրդը՝ «յիշի՛ր քո Արարչին քո երիտասարդութեան օրերին, քանի դեռ չեն եկել դառնութեան օրերը, եւ չեն հասել այն տարիները, որոնց մասին պիտի ասես. «Կեանքից այլեւս հաճոյք չեմ զգում»» (Ժողովող 1։1; 12։1, ԷԹ)։
2. Ի՞նչ պետք է անեն Աստծուն նվիրված քրիստոնյաների երեխաները։
2 Երիտասարդության տարիների ընթացքում Արարչին հիշելու Սողոմոնի հորդորը նախ և առաջ ուղղված էր իսրայելացի տղաներին ու աղջիկներին։ Քանի որ Աստծուն նվիրված ազգին էին պատկանում, իրենց ծննդյան օրից ի վեր նրանք նվիրված էին Եհովային։ Իսկ ի՞նչ կարելի է ասել ներկայիս քրիստոնյաների երեխաների մասին։ Վստահաբար, Արարչին հիշելու հորդորը նրանց էլ է վերաբերում։ Եվ, եթե իսկապես հիշում են, ապա կպատվեն նրան և, արդյունքում, մեծ օրհնությունների կարժանանան (Եսայիա 48։17, 18)։
Դրական օրինակներ անցյալից
3. Ի՞նչ օրինակներ են թողել Հովսեփը, Սամուելը և Դավիթը։
3 Աստվածաշունչը տեղեկություններ է հաղորդում այն երիտասարդների մասին, ովքեր Արարչին հիշելու հիանալի օրինակ են թողել մեզ համար։ Հակոբի որդի Հովսեփը վաղ հասակից հիշում էր իր Արարչին։ Երբ Պետափրեսի կինը փորձեց գայթակղել նրան իր հետ սեռային անբարո հարաբերության մեջ մտնելու նպատակով, նա վճռականորեն դիմադրեց՝ ասելով. «Ես ինչպէ՞ս գործեմ այս մեծ չարութիւնը, եւ Աստուծոյ դէմ մեղանչեմ» (Ծննդոց 39։9)։ Ղևտացի Սամուելը հիշում էր իր Արարչին ոչ միայն մանուկ հասակում, այլև մնացած ողջ կյանքի ընթացքում (Ա Թագաւորաց 1։22—28; 2։18; 3։1—5)։ Բեթլեհեմցի պատանի Դավիթը, անշուշտ, միշտ իր մտքում էր պահում Արարչին։ Նրա հավատն առ Աստված ակնհայտ դարձավ, երբ երես առ երես փղշտացի հսկա Գողիաթին հանդիպելիս բարձրաձայն հայտարարեց. «Դու սրով, նիզակով եւ գեղարդով ես գալիս ինձ վերայ, բայց ես գալիս եմ քեզ վերայ Զօրաց Տիրոջ Իսրայէլի զօրքերի Աստուծոյ անունովը, որին դու նախատեցիր։ Այսօր Տէրը քեզ իմ ձեռքը կ’մատնէ. ու ես քեզ կ’մեռցնեմ, եւ քո վերայից գլուխդ կ’առնեմ.... որպէս զի բոլոր երկիրը իմանայ որ Իսրայէլը Աստուած ունի. Եւ այս բոլոր ժողովքը իմանան՝ որ Տէրը սրով եւ նիզակով չէ ազատում. որովհետեւ պատերազմը Տիրոջն է, եւ նա ձեզ մեր ձեռքը կ’մատնէ։»։ Այս խոսքերից շատ չանցած՝ Գողիաթն անկենդան ընկած էր գետնին, իսկ փղշտացիները սկսել էին նահանջել (Ա Թագաւորաց 17։45—51)։
4. ա) Ինչի՞ց ենք եզրակացնում, որ ասորիների կողմից գերի առնված իսրայելացի աղջնակը հիշում էր իր Արարչին։ Ի՞նչ կարելի է ասել երիտասարդ Հովսիա թագավորի մասին։ բ) Տասներկուամյա Հիսուսն ինչպե՞ս ցույց տվեց, որ հիշում է իր Արարչին։
4 Իր Արարչին մանուկ հասակում հիշում էր նաև գերի առնված մի իսրայելացի աղջնակ։ Նա այնպիսի հրաշալի վկայություն տվեց ասորիների բանակի զորագլուխ Նեեմանի կնոջը, որ Նեեմանը, հետևելով նրա խոսքերին, գնաց Աստծո մարգարեի մոտ և, ապաքինվելով բորոտությունից, դարձավ Եհովայի երկրպագուն (Դ Թագաւորաց 5։1—19)։ Երիտասարդ Հովսիա թագավորը Եհովայի մաքուր պաշտամունքի եռանդուն աջակիցն էր (Դ Թագաւորաց 22։1—23։25)։ Իսկ պատանի հասակում Արարչին հիշելու լավագույն օրինակը մեզ թողել է նազարեթցի Հիսուսը։ Ահա թե ի՛նչ է պատահում նրա հետ, երբ դեռ տասներկու տարեկան էր։ Հիսուսը ծնողների հետ գնում է Երուսաղեմ՝ Պասեքի։ Տուն վերադառնալու ճանապարհին ծնողները հանկարծ նկատում են, որ որդին իրենց հետ չէ և ստիպված ետ են դառնում՝ նրան որոնելու։ Վերջապես երրորդ օրը նրան գտնում են տաճարում՝ վարդապետների հետ Գրությունները քննարկելիս։ Անհանգստացած մոր հարցին Հիսուսը պատասխանում է. «Ինչո՞ւ էիք ինձ փնտռում, չգիտէի՞ք, թէ ես Հօրս տանը պէտք է լինեմ» (Ղուկաս 2։49)։ Հիսուսի համար շատ կարևոր էր տաճարում՝ ‘իր Հոր տանը’, հոգևոր արժեք ներկայացնող տեղեկություններ ստանալը։ Իսկ այսօր Արարչի մասին ճշգրիտ գիտելիքներ ստանալու հիանալի վայրեր են Եհովայի վկաների Թագավորության սրահները։
Հիմա է Եհովային հիշելու ժամանակը
5. Ձեր բառերով ինչպե՞ս կամփոփեիք Ժողովող 12։1–ում արձանագրված խոսքերը։
5 Նա, ով ամբողջ սրտով ցանկանում է երկրպագել Եհովային, աշխատում է իր ծառայությունը սկսել որքան հնարավոր է շուտ և ջանում է ողջ կյանքի ընթացքում հարատևել դրանում։ Սակայն, ապագայից ի՞նչ սպասելիքներ կարող է ունենալ այն անձնավորությունը, որն իր պատանեկության տարիներն անցկացրել է ապարդյուն ու չի հիշել իր Արարչին։ Աստծուց ներշնչված՝ Ժողովողը գրեց. «Յիշի՛ր քո Արարչին քո երիտասարդութեան օրերին, քանի դեռ չեն եկել դառնութեան օրերը, եւ չեն հասել այն տարիները, որոնց մասին պիտի ասես. «Կեանքից այլեւս հաճոյք չեմ զգում»» (Ժողովող 12։1, ԷԹ)։
6. Ի՞նչ ապացույցներ կան այն մասին, որ ծերունի Սիմեոնն ու Աննան հիշում էին իրենց Արարչին։
6 Ոչ մեկին հաճելի չեն ծերության բերած «դառնութեան օրերը», սակայն Աստծուն իրենց մտքում պահող բոլոր տարեց մարդիկ իրենց երջանիկ են զգում։ Որպես օրինակ վերցնենք Սիմեոն ծերունուն, որը, տաճարում ձեռքերի վրա վերցնելով նորածին Հիսուսին, ուրախ բացականչում է. «Այժմ, ո՛վ Տէր, խաղաղութեա՛մբ արձակիր քո ծառային՝ ըստ քո խօսքի. որովհետեւ աչքերս տեսան փրկութիւնը քո, որ պատրաստեցիր բոլոր ժողովուրդների առաջ, լոյս, որ կը լինի յայտնութիւն հեթանոսների համար եւ փառք՝ Իսրայէլի քո ժողովրդի համար» (Ղուկաս 2։25—32)։ Ութսունչորսամյա Աննան նույնպես չէր մոռացել իր Արարչին։ Նա երբեք չէր հեռանում տաճարից, ուստի ներկա էր, երբ Հիսուսին այնտեղ բերեցին։ Աստվածաշնչում կարդում ենք, որ նա ևս «նոյն ժամին վեր կացաւ եկաւ, գոհութիւն էր մատուցում Տիրոջը եւ խօսում էր մանկան մասին բոլոր նրանց հետ, որոնք Երուսաղէմի փրկութեանն էին սպասում» (Ղուկաս 2։36—38)։
7. Հոգեկան ի՞նչ տրամադրության մեջ են գտնվում նրանք, ովքեր իրենց կյանքի տարիներն անց են կացրել Աստծուն ծառայելով։
7 Ներկայումս Եհովայի տարեց վկաներից շատերն են տառապում ծերության բերած ցավերի և իրենց սահմանափակ կարողությունների պատճառով։ Սակայն, որքա՜ն երջանիկ են նրանք, և որքա՜ն բարձր ենք մենք գնահատում նրանց հավատարիմ ծառայությունը։ Նրանք ուրախ են, որովհետև Եհովան էլ է ուրախ, որովհետև գիտեն, որ նա իր անպարտելի զորությունն ուղարկել է այս երկրի վրա և Հիսուսին նշանակել երկնային հզոր Թագավոր (Նէեմիա 8։10)։ Հիմա է ժամանակը, որ երիտասարդներն ու ծերերը հետևեն Սաղմոս 148։12, 13–ի հորդորին. «Երիտասարդներ եւ աղջիկներ. ծերեր տղաներով միատեղ. օրհնեն Տիրոջ անունը. որովհետեւ միայն նորա անունը բարձր է. նորա փառքը երկնքից եւ երկրից վեր է»։
8, 9. ա) Ո՞ւմ համար են «դառնութեան օրերը» անիմաստ և ինչո՞ւ։ բ) Ինչպե՞ս կբացատրեք Ժողովող 12։2–ի խոսքերը։
8 Ծերության բերած «դառնութեան օրերը» անիմաստ ու նույնիսկ ծանր են նրանց համար, ովքեր չեն հիշում իրենց Արարչին և գաղափար անգամ չունեն նրա փառահեղ նպատակների մասին։ Նրանք չունեն հոգևոր բաների հանդեպ այն ըմբռնողականությունը, որը հնարավորություն կտա նրանց հավասարակշռել տարիքի պատճառած դժվարություններն ու այն դառնությունները, որոնք մարդկության վրա են հասել Սատանայի՝ հատկապես երկնքից դուրս նետվելուց ի վեր (Յայտնութիւն 12։7—12)։ Ուստի, Ժողովողը հորդորում է հիշել Արարչին, քանի դեռ «չէ խաւարել արեգակն ու լոյսը, լուսինը եւ աստղերը, եւ չեն դարձել ամպերը անձրեւի ետեւից» (Ժողովող 12։2)։ Ո՞րն է այս բառերի նշանակությունը։
9 Սողոմոնը պատանեկության տարիները համեմատում է Պաղեստինի ամռան հետ, երբ անամպ երկնքից երկրի վրա իրենց լույսն են արձակում արևը, լուսինն ու աստղերը։ Այդ ժամանակ ամեն ինչ մարդու աչքին լուսավոր է թվում։ Իսկ ծերության տարիները նմանեցվում են ցուրտ ձմեռվա անձրևոտ եղանակին, երբ մեկը մյուսի ետևից վրա հասնող դժվարությունները «թափվում են» անձրևի պես (Յոբ 14։1)։ Որքա՜ն ցավալի է, որ, Արարչի գոյության մասին իմանալով հանդերձ, զլացել ենք մեր «ամռան» օրերը նրան ծառայելով անցկացնել։ Ծերության կամ «ձմեռ» ժամանակ շրջապատում ամեն բան մթագնում է, մոխրագույն դառնում, հատկապես նրանց համար, ովքեր, ունայն բաների ետևից ընկնելով, իրենց ծաղկուն տարիքում բաց են թողել Եհովային ծառայելու հնարավորությունը։ Այնուհանդերձ, եկեք, անկախ մեր տարիքից, «բոլոր սրտով» հետևենք Եհովային, ինչպես հավատարիմ Քաղեբը՝ Մովսես մարգարեի անձնվեր ընկերակիցն արեց (Յեսու 14։6—9, Արևմտ. Աստ.)։
Տարիքի թողած ազդեցությունները
10. Ի՞նչ են խորհրդանշում ա) «տան պահապանները» և բ) «զօրաւոր մարդիկ»։
10 Սողոմոնը նշում է նաև մի շարք դժվարությունների մասին, որոնք առաջ կգան այն օրը, երբ «կ’դողդողան տան պահապանները, եւ կ’կորանան զօրաւոր մարդիկը, եւ կ’դադարեն աղացողները քիչ լինելու համար. եւ պատուհաններից նայողները կ’մթնեն» (Ժողովող 12։3)։ «Տունը»՝ մարդու մարմինն է (Մատթէոս 12։43—45; Բ Կորնթացիս 5։1—8)։ Նրա «պահապանները»՝ ձեռքերն ու բազուկներն են, որոնք պաշտպանում են մարմինը և հոգում նրա կարիքները։ Ծերանալու պրոցեսի հետ զուգահեռ՝ նրանց ուժն աստիճանաբար կորչում է, և սկսում են դողալ ջղաձգությունից կամ կաթվածահար լինելուց։ «Զօրաւոր մարդիկ»՝ ոտքերը, այլևս այն առաջվա ամուր հենարանները չեն, այլ ուժասպառ են եղել ու ծռմռվել՝ հազիվ իրենց վրա մարմնի ծանրությունը քարշ տալով։ Այնուամենայնիվ, մի՞թե չենք ուրախանա՝ տեսնելով մեր տարեց հավատակիցներին քրիստոնեական հանդիպումներին։
11. Փոխաբերական իմաստով ի՞նչ են իրենցից ներկայացնում «աղացողները» և «պատուհաններից նայողները»։
11 «Կ’դադարեն աղացողները քիչ լինելու համար»՝ ինչպե՞ս։ Ատամները փչանում կամ ժամանակի ընթացքում ստիպված հեռացվում են, և, պատահում է, որ ծեր հասակում մարդու բերանում պարզապես ատամ չի մնում։ Գնալով դժվարանում կամ էլ ընդհանրապես անհնար է դառնում պինդ կերակուր ծամելը։ Իսկ «պատուհաններից նայողները»՝ աչքերը, սկսում են աղոտ տեսնել, կամ էլ նրանց համար օրը վերջնականապես մթնում է։
12. ա) Ինչպե՞ս են ‘կապվում դրսի դռները’։ բ) Ի՞նչ կարծիքի եք Թագավորության տարեց քարոզիչների մասին։
12 «Եւ,— շարունակում է ասել Ժողովողը,— դրսի դռները կ’կապուեն՝ աղօրիքի ձայնը տկարանալով. եւ նա վեր կ’կենայ թռչունի ձայնովը, եւ բոլոր երգեցող աղջկերքը նկուն կ’լինին» (Ժողովող 12։4)։ Աստծուն չծառայող տարեց մարդկանց բերանի երկու «դռները»՝ շրթունքները, այլևս չեն բացվում՝ պատմելու համար, թե ինչ կա «տանը»՝ իրենց մարմնում։ Մտքերը «դուրս»՝ հասարակության մեջ չեն ելնում։ Սակայն ի՞նչ ենք նկատում Թագավորության տարեց, բայց ժրաջան քարոզիչների ապրելակերպում (Յոբ 41։14)։ Գուցե տնետուն գնալիս ոմանց քայլերը երերուն են դառնում, անվստահ, գուցե դժվարությամբ են խոսում, սակայն, վերջին հաշվով, բոլորն էլ փառաբանում են Տիրոջ անունը (Սաղմոս 113։1)։
13. Ուրիշ էլ ո՞ր խնդիրներն է շոշափում Ժողովողը, սակայն այդ առումով ի՞նչ կարելի է ասել տարեց քրիստոնյաների մասին։
13 «Աղօրիքի [աղալու] ձայնը տկարանում» է, քանի որ ատամների փոխարեն լնդերն են ծամում կերակուրը։ Ծեր մարդը նաև զգայուն քուն է ունենում. թռչունների ծլվլոցն անգամ անհանգստություն է պատճառում իրեն։ Նա քիչ է երգում, իսկ երգելիս՝ երգը միշտ ցածրաձայն է հնչում։ «Երգեցող աղջկերքը»՝ մեղեդու նոտաները, հնչում են «նկուն» կամ հազիվ են լսվում։ Տկարանում է նաև տարեց մարդկանց լսողությունը. նրանք վատ են լսում թե՛ երաժշտության, և թե՛ ուրիշների երգի ձայնը։ Բայց սա չի վերաբերում տարեց օծյալ քրիստոնյաներին ու նրանց ընկերակիցներին, որոնցից շատերը նույնպես երիտասարդ չեն. նրանք շարունակում են քրիստոնեական հանդիպումներում իրենց երգերով փառաբանել Աստծուն։ Որքա՜ն ուրախ ենք՝ տեսնելով նրանց մեր կողքին կանգնած Եհովային փառաբանելիս (Սաղմոս 149։1)։
14. Ինչի՞ց են երկյուղում տարեց մարդիկ։
14 Մեծամասամբ տրտում է տարեց մարդկանց սիրտը, հատկապես նրանց, ովքեր անտեսում են Արարչին։ Ահա թե ինչ է ասում Ժողովողը. «Մի բարձր տեղից մինչեւ անգամ կ’վախենան, եւ վախվախելով կ’գնան ճանապարհը, եւ նշենին կ’ծաղկի, եւ մարախը կ’ծանրանայ, եւ ախորժակը [«կապարը», տողատակի ծանոթագրություն] կ’դադարէ. որովհետեւ մարդս գնում է իր յաւիտենական տունը, եւ դրսումը շրջապատում են լացողները» (Ժողովող 12։5)։ Սանդուղքի վերևում կանգնած՝ շատ ծերեր վախենում են ընկնելուց. նույնիսկ գլխապտույտ են ունենում որևէ բարձր բանի նայելուց։ Իսկ երբ հարկ է լինում դուրս գալ մարդաշատ փողոց, նրանք սարսափում են այն մտքից, որ կարող է վնասվածք ստանան կամ կողոպտիչների զոհը դառնան։
15. Ինչպե՞ս է ‘նշենին ծաղկում և մարախը ծանրանում’։
15 Այլաբանորեն խոսելով ծերունու մասին և ասելով, թե՝ «նշենին կ’ծաղկի»՝ Ժողովողը, ամենայն հավանականությամբ, նկատի է ունեցել, որ նրա մազերը նախ՝ կդառնան արծաթափայլ, ապա՝ ձյունի պես ճերմակ։ Ճեփ–ճերմակ մազերը ծերունու գլխից թափվում են նշենու սպիտակ ծաղիկների պես։ Նա սկսում է քայլել ծանր՝ մեջքը կորացած ու ձեռքերը կախ։ Իսկ երբ ձեռքերը բարձրացնում, դնում է մեջքին, մի պահ մորեխի է նմանվում։ Եթե մեզանից ոմանց նույնիսկ համապատասխանում է այս նկարագրությունը, եկեք ցույց տանք բոլորին, որ պատկանում ենք Եհովայի աշխույժ, արագաշարժ մարախների բանակին (տեսե՛ք «Դիտարան» 1998 թ. մայիսի 1, էջ 18—22)։
16. ա) Ի՞նչ են նշանակում «կապարը կ’դադարի» խոսքերը։ բ) Ո՞րն է մարդու «յաւիտենական տունը», և որո՞նք են մահվանը նախորդող նշանները։
16 Տարեց մարդու ախորժակն արդեն այն չէ, ինչ երիտասարդ հասակում էր։ Նրան այլևս չի գրավում նույնիսկ կապարից պատրաստված կերակուրը։ Կապարն արդեն երկար ժամանակ է, ինչ օգտագործվում է որպես ախորժակ գրգռող միջոց։ Եվ եթե կապարը «դադարում է», ապա դա նշան է այն բանի, որ ծեր մարդու ախորժակը կորել է, և նույնիսկ կապարի ախորժալի պտուղները չեն կարող ուտելու ցանկություն առաջ բերել նրա մեջ։ Այս ամենը «հավիտենական տանը»՝ գերեզմանին մոտենալու նշաններն են։ «Հավիտենական տուն» արտահայտությունն այն իմաստով է օգտագործված, որ եթե այդ անձնավորությունը իր ողջ կյանքի ընթացքում Արարչին ընդհանրապես մոռացել է, և, բացի այդ, անարդար է եղել այն աստիճան, որ Աստված հարության ժամանակ չի հիշելու նրան, ապա այդ «տանը» նա կմնա հավիտյան։ Մոտալուտ մահվան մասին են վկայում նաև ծերունու բերանի «դռներից»՝ շուրթերից դուրս եկող հառաչանքները։
17. Ինչպե՞ս է կտրվում «արծաթի թելը», և ի՞նչ է իրենից ներկայացնում «ոսկի բաժակը»։
17 Ժողովողը քաջալերում է մեզ հիշել Արարչին, քանի դեռ «չէ կտրուէլ արծաթի թելը, չէ կոտրել ոսկի բաժակը, եւ չէ փշրուել սափորը աղբիւրի մօտ, եւ չէ կոտրել անիւը ջրհորի վերայ» (Ժողովող 12։6)։ «Արծաթի թելը», թերևս, մատնացույց է անում ողնուղեղը։ Մի անուղղելի վնասվածք և այս հրաշք–կամրջակը, որով տարբեր տեսակի ազդանշաններ են փոխանցվում գլխուղեղ, կարող է մահվան պատճառ դառնալ։ Հավանաբար «ոսկի բաժակը» գլխուղեղն է, որը տեղադրված է բաժակի նմանվող գանգում, և որին միանում է ողնուղեղը։ Մահն, անշուշտ, անխուսափելի է դառնում, երբ իր արժողությամբ ոսկու հետ համեմատվող ուղեղը վնասվում է։
18. Այլաբանորեն ի՞նչ է ներկայացնում «սափորը աղբիւրի մօտ», և ի՞նչ է պատահում, երբ այն կոտրվում է։
18 «Սափորը աղբիւրի մօտ»՝ սիրտն է, որն ընդունում և դուրս է մղում ողջ մարմնում շրջանառության մեջ գտնվող արյունը։ Մահվան պահին սիրտը, այլևս անընդունակ օրգանիզմը սնող և թարմացնող արյունն ընդունելու, իր մեջ պահելու և դուրս մղելու, նմանվում է աղբյուրի մոտ կոտրված սափորի։ ‘Ջրհորի վրա անիվը’ դադարում է պտտվել, և կենսական կարևորություն ունեցող արյան շրջանառությունը կանգ է առնում։ XVII դարի բժիշկ Վիլյամ Հարվեյի կողմից արյան շրջանառության երևույթը նկարագրվելուց շատ տարիներ առաջ Եհովան այսպիսի այլաբանական խոսքերով Սողոմոնին արդեն իսկ տեղեկացրել էր այդ պրոցեսի մասին։
19. Ինչպե՞ս կապել Ժողովող 12։7–ի խոսքերը մարդու մահվան հետ։
19 «Նրա աճիւնը, ինչպէս որ հող էր, հող պիտի դառնայ, եւ հոգին [«ոգին», ՆԱ], որ Աստուած էր տուել, պիտի վերստին նրա մօտ գնայ»,— շարունակում է Ժողովողը (Ժողովող 12։7, ԷԹ)։ Երբ ‘ջրհորի վրա անիվը’ դադարում է պտտվել, ի սկզբանե հողից արարված մարդկային մարմինը կրկին ետ է դառնում դեպի հողը (Ծննդոց 2։7; 3։19)։ Հոգին մահանում է, քանի որ աստվածատուր ոգին՝ կյանքի ուժը, վերադառնում է Արարչի մոտ (Եզեկիէլ 18։4, 20, ՆԱ; Յակոբոս 2։26, ՆԱ)։
Ի՞նչ ապագա է սպասվում Արարչին հիշողներին
20. Ի՞նչ էր Մովսեսը խնդրում իր աղոթքում՝ համաձայն Սաղմոս 90։12–ում արձանագրված խոսքերի։
20 Սողոմոնը հստակ կերպով ցույց տվեց, թե որքա՜ն կարևոր է Արարչին հիշելը։ Իհարկե, համեմատաբար կարճ ու անհանգիստ կյանքը դեռ ամենը չէ, ինչ սպասվում է նրանց, ովքեր չեն մոռանում Եհովային և ամբողջ սրտով կատարում են նրա կամքը։ Երիտասարդ թե ծեր, նրանք համամիտ են Մովսեսի խոսքերի հետ, որն աղոթեց. «Սովորեցրու մեզ, որ այնպէս համարենք մեր օրերը, որ իմաստուն սիրտ ընդունենք»։ Եհովայի խոնարհ ծառան անկեղծորեն ցանկանում էր, որ իրեն և Իսրայելի ժողովրդին նա սովորեցներ իմաստնորեն գնահատել իրենց տարիների օրերը և աստվածահաճո կյանք վարել (Սաղմոս 90։10, 12)։
21. Ի փառս Եհովայի մեր կյանքի օրերը համրելու համար ի՞նչ պետք է անենք։
21 Արարչին միշտ հիշելու մասին Ժողովողի տված խորհրդին հատկապես պետք է հետևեն քրիստոնյա երիտասարդները։ Չէ՞ որ նրանք իրենց կյանքում Աստծուն սուրբ ծառայություն մատուցելու անփոխարինելի հնարավորություններ ունեն։ Եվ, եթե այս «վերջի ժամանակում»՝ անկախ մեր տարիքից, սովորում ենք ‘համրել’ մեր օրերը ի փառս Եհովայի, ապա մեր առջև հնարավորություն է բացվում՝ այդ օրերն անվերջ համրելու (Դանիէլ 12։4; Յովհաննէս 17։3)։ Դրա համար, ինչ խոսք, պետք է հիշե՛նք մեր Արարչին, ինչպես նաև կատարենք նրա առջև ունեցած մեր պարտականությունը։
Ինչպե՞ս կպատասխանեք
◻ Ինչո՞ւ է խրախուսվում երիտասարդներին հիշել իրենց Արարչին։
◻ Գրությունները ի՞նչ օրինակներ են պարունակում նրանց մասին, ովքեր ժամանակին հիշել են իրենց Արարչին։
◻ Տարիքի թողած ո՞ր հետևանքներն է նկարագրել Սողոմոնը։
◻ Ինչպիսի՞ ապագա է սպասվում նրանց, ովքեր հիշում են Եհովային։
[նկարներ 10–րդ էջի վրա]
Դավիթը, իսրայելացի գերի առնված աղջնակը, Աննան և Սիմեոնը հիշում էին Եհովային։
[նկարներ 12–րդ էջի վրա]
Եհովայի տարեց վկաները ուրախ սրտով սուրբ ծառայություն են մատուցում իրենց Արարչին։