Ի՞նչ կարծիքի ես քո մասին
ՆԱ ՀՊԱՐՏ մարդ էր։ Կառավարությունում բարձր պաշտոն ստանալուց հետո նա հրճվանքի մեջ էր՝ տեսնելով, թե ինչպես են բոլորն իրեն քծնում և իրենց հիացմունքն արտահայտում։ Բայց որքա՜ն մեծ եղավ նրա վրդովմունքը, երբ մեկ ուրիշ պաշտոնյա հրաժարվեց նրան այդպիսի պատիվ տալուց։ Վրեժ առնելու նպատակով՝ այդ գոռոզ իշխանը որոշեց բնաջնջել այդ տերության սահմաններում ապրող բոլոր նրանց, ովքեր իրեն վիրավորանք հասցնողի ազգությանն էին պատկանում։ Ի՜նչ խեղաթյուրված կարծիք ուներ այդ մարդն իր մասին։
Այդ խարդախամիտը Համանն էր՝ Պարսկաստանի Ասուերոս թագավորի պալատական բարձրաստիճան իշխաններից մեկը։ Իսկ ո՞ւմ դեմ էր ուղղված նրա բարկությունը. Մուրթքե անունով մի հրեայի։ Թեպետ վիրավորանքին ցեղասպանությամբ պատասխանելը խիստ ծայրահեղություն էր Համանի կողմից, բայց այս դրվագը մատնացույց է անում, թե ինչ վտանգավոր ու ողբալի հետևանքներ կարող է ունենալ հպարտությունը։ Նրա գոռոզամտությունը սպառնալիք հանդիսացավ ոչ միայն ուրիշների համար, այլև հենց իրեն հրապարակավ ստորացման հասցրեց և, ի վերջո, կործանեց (Եսթեր 3։1—9; 5։8—14; 6։4—10; 7։1—10)։
Ճշմարիտ երկրպագուները պաշտպանված չեն գոռոզամտությունից
Եհովան պահանջում է, որ մենք ‘խոնարհությամբ քայլենք մեր Աստծո հետ’ (Միքիա 6։8, Արևմտ. Աստ.)։ Աստվածաշունչը տարբեր օրինակներ է բերում այնպիսի մարդկանցից, ովքեր սեփական անձի մասին համեստ կարծիք չեն ունեցել։ Դա մի շարք խնդիրների ու հիասթափությունների պատճառ է դարձել։ Այդ օրինակներից մի քանիսի քննարկումը կօգնի մեզ տեսնել, թե որքան անխոհեմ ու վտանգավոր է անհավասարակշիռ մտածելակերպ ունենալը։
Հենց այդպիսի մտածելակերպն էր պատճառը, որ Հովնան մարգարեն փախուստի դիմեց, երբ Աստծուց հանձնարարություն ստացավ Նինվեի չար ժողովրդին զգուշացնել նրա վրա գալիք դատաստանի մասին (Յովնան 1։1—3)։ Մի փոքր ավելի ուշ, երբ իր քարոզչության շնորհիվ նինվեացիները ապաշխարեցին, նա խիստ փքվեց։ Հովնանն այնքան մտահոգված էր մարգարեի իր բարի համբավով, որ Նինվեի հազարավոր բնակիչների կյանքը նրան գրեթե կամ առհասարակ չէր հետաքրքրում (Յովնան 4։1—3)։ Սեփական անձի մասին համեստ կարծիք ունենալու փոխարեն ինքներս մեզ չափից դուրս մեծ նշանակություն տալը հնարավոր է դժվարացնի շրջապատի մարդկանց և ընդհանրապես աշխարհի նկատմամբ անաչառ և արդար վերաբերվելը։
Նկատի առնենք Ոզիայի՝ Հուդայի բարի թագավորներից մեկի օրինակը։ Անհավասարակշռված մտածելակերպը պատճառ դարձավ, որ Ոզիան ամբարտավանորեն ոտնձգություն կատարի քահանայական պարտականությունների վրա։ Իր հանդուգն արարքի դիմաց նա վճարեց սեփական առողջությամբ և կորցրեց Աստծո բարեհաճությունը (Բ Մնացորդաց 26։3, 16—21)։
Անհավասարակշիռ մտածելակերպի զոհն էին համարյա դարձել Հիսուսի առաքյալները։ Նրանք սկսել էին չափազանց մտահոգվել իրենց փառքով և հեղինակությամբ։ Իսկ լուրջ փորձության պահին բոլորն էլ լքեցին Հիսուսին ու փախան (Մատթէոս 18։1; 20։20—28; 26։56; Մարկոս 9։32, 33; Ղուկաս 22։24)։ Համեստության պակասի ու սեփական անձին մեծ կարևորություն տալու պատճառով նրանք անուշադրության էին մատնել Եհովայի նպատակն ու նրա կամքի իրագործման մեջ իրենց ունեցած դերը։
Մեծամտության կործանարար հետևանքները
Սեփական անձի մասին անհավասարակշիռ տեսակետը կարող է ցավ պատճառել ուրիշներին և վնասել նրանց հետ ունեցած լավ փոխհարաբերությունը։ Օրինակ՝ պատկերացրեք, որ սենյակում նստած եք և նկատում եք մի զույգի, որոնք իրար ականջի շշնջում են ու ծիծաղում։ Եթե չափից դուրս կենտրոնացած եք ձեր եսի վրա, ապա սխալմամբ կարող եք ենթադրել, որ եթե նրանք ցածր են խոսում, ուրեմն ձեզ վրա են ծիծաղում։ Հավանաբար, բացի այդ մտքից, այդ մարդկանց վարքի մասին ոչ մի ուրիշ հնարավոր բացատրություն չի պտտվում ձեր ուղեղում։ Վերջիվերջո, ուրիշ ո՞ւմ մասին նրանք կարող են խոսել։ Թերևս ձեր տրամադրությունն ընկնի, և որոշեք երբեք այլևս չխոսել այդ զույգի հետ։ Այսպիսով, մեծամտությունը կարող է թյուրիմացությունների պատճառ դառնալ և փչացնել մտերիմ ընկերների, ընտանիքի անդամների և մյուսների հետ ունեցած փոխհարաբերությունները։
Իրենց մասին մեծ կարծիք ունեցողները կարող են սնապարծ դառնալ՝ շարունակ պարծենալով իրենց, ով գիտի ճիշտ թե հնարովի, տաղանդով, գործերով կամ ունեցվածքով։ Կամ էլ խոսակցությունները շարունակ իրենց ձեռքն են վերցնում՝ «չմոռանալով» միշտ ինչ–որ բան ավելացնել իրենց մասին։ Նման վարքը խոսում է անկեղծ սիրո պակասի մասին և կարող է ծայրաստիճան տհաճ լինել շրջապատի մարդկանց համար։ Ուստի, ինքնահավան անձնավորությունները հաճախ շրջապատի մարդկանց վանում են իրենցից (Ա Կորնթացիս 13։4)։
Լինելով Եհովայի վկաներ՝ կարող է այնպես պատահել, որ ծառայության ժամանակ ծաղրվենք կամ մերժվենք մարդկանց կողմից։ Պետք է հիշել, որ նման հակառակությունը ուղղված է ոչ թե մեր դեմ, այլ՝ Եհովայի, քանի որ նա է մեր հաղորդած լուրի աղբյուրը։ Սեփական անձի մասին չափից դուրս մեծ կարծիքը կարող է լուրջ հետևանքներ առաջ բերել։ Տարիներ առաջ, մի եղբայր քարոզչական ծառայության ժամանակ բնակիչներից մեկի վիրավորանքներն իր հասցեին ընդունելով՝ իր հերթին նույնպես վիրավորեց նրան (Եփեսացիս 4։29)։ Արդյունքում՝ այդ եղբայրն այլևս երբեք չմասնակցեց տնետուն ծառայությանը։ Այո՛, հպարտությունը կարող է մեզ ստիպել, որ երբեմն դուրս գանք հավասարակշռությունից։ Եկեք երբեք թույլ չտանք, որ նման բան տեղի ունենա. եկեք խոնարհաբար փնտրենք Եհովայի օգնությունը, որպեսզի կարողանանք ճիշտ գնահատել քրիստոնեական ծառայությանը մասնակցելու մեծ պատիվն ունենալը (Բ Կորնթացիս 4։1, 7; 10։4, 5)։
Մեր անձերին մեծ կարևորություն տալը կարող է նաև անհրաժեշտ խորհուրդն ընդունելու խոչընդոտ հանդիսանալ։ Մի քանի տարի առաջ, Կենտրոնական Ամերիկայի երկրներից մեկում, Աստվածապետական ծառայության դպրոցում ելույթ ունեցավ մի պատանի։ Երբ Դպրոցի վերակացուն խորհուրդ տալիս բավականին կտրուկ արտահայտվեց, տղան բարկացավ, Աստվածաշունչը հատակին նետեց և դուրս վազեց Թագավորության սրահից՝ երբեք այլևս ետ չվերադառնալու հաստատ որոշմամբ։ Բայց, չանցած մի քանի օր, նա կարողացավ իր մեջ խեղդել հպարտությունը, հաշտվեց վերակացուի հետ և խոնարհաբար ընդունեց նրա խորհուրդը։ Ժամանակի ընթացքում այդ պատանին հոգևոր հասուն քրիստոնյա դարձավ։
Անհամեստությունն ու սեփական անձի մասին չափազանց բարձր կարծիք ունենալը կարող է խզել մեր փոխհարաբերություններն Աստծո հետ։ Առակաց 16։5–ը զգուշացնում է. «Տիրոջը զզուելի են ամեն գոռոզամիտները»։
Սեփական անձի մասին հավասարակշռված տեսակետ
Այն, որ սեփական անձի մասին չափազանց մեծ կարծիք չպետք է ունենալ, բոլորովին էլ չի նշանակում, որ կարելի է անլուրջ վերաբերվել մեր ասածներին կամ արածներին։ Աստվածաշնչում ցույց է տրվում, որ վերակացուները, ծառայողական օգնականները և ընդհանրապես ժողովի բոլոր անդամները պետք է լուրջ լինեն, այսինքն՝ ծանրաբարո (Ա Տիմոթէոս 3։4, 8, 11; Տիտոս 2։2, ԱԹ)։ Ուստի ինչպե՞ս կարող են քրիստոնյաները համեստ, հավասարակշռված և լուրջ տեսակետ զարգացնել սեփական անձի հանդեպ։
Աստվածաշունչը իրենց մասին հավասարակշռված տեսակետ ունեցած անհատների բազմաթիվ քաջալերիչ օրինակներ է մեզ մատուցում։ Ակնառու է Հիսուս Քրիստոսի թողած խոնարհության օրինակը։ Հոր կամքը կատարելու և մարդկությանը փրկելու համար Աստծո Որդին պատրաստակամորեն թողեց երկնային իր փառավոր դիրքը և երկրի վրա ծնվեց՝ դառնալով մի համեստ անձնավորություն։ Չնայած իր հասցեին ուղղված վիրավորանքներին, կրած անարգանքին և խայտառակ մահվան, նա երբեք չկորցրեց իր ինքնատիրապետումն ու արժանապատվության զգացումը (Մատթէոս 20։28; Փիլիպպեցիս 2։5—8; Ա Պետրոս 2։23, 24)։ Իսկ ինչպե՞ս դա նրան հաջողվեց։ Հիսուսն ամբողջովին ապավինում էր Եհովային և վճռական էր նրա կամքը կատարելու հարցում։ Նա ջանասիրաբար ուսումնասիրում էր Աստծո Խոսքը, ջերմեռանդորեն աղոթում էր և անմնացորդ նվիրվել էր ծառայությանը (Մատթէոս 4։1—10; 26։36—44; Ղուկաս 8։1; Յովհաննէս 4։34; 8։28; Եբրայեցիս 5։7)։ Հիսուսի օրինակը կօգնի մեզ հավասարակշռված տեսակետ զարգացնել ինքներս մեր հանդեպ և դրան կառչած մնալ (Ա Պետրոս 2։21)։
Նկատի առնենք նաև Սավուղ թագավորի որդու՝ Հովնաթանի օրինակը։ Հոր անհնազանդության պատճառով Հովնաթանը զրկվել էր որպես թագավոր նրան հաջորդելու հնարավորությունից (Ա Թագաւորաց 15։10—29)։ Արդյոք Հովնաթանը ցավո՞ւմ էր այդ կորստի համար։ Արդյոք նախանձո՞ւմ էր իր փոխարեն թագավոր ընտրված երիտասարդ Դավիթին։ Թեպետ նրանից տարիքով մեծ էր ու, թերևս, ավելի փորձառու, նա համեստորեն և խոնարհաբար ենթարկվեց Եհովայի կարգադրությանը և հավատարմորեն թիկունք կանգնեց Դավիթին (Ա Թագաւորաց 23։16—18)։ Աստծո կամքի պարզ պատկերացումն ու նրան հնազանդվելու պատրաստակամությունը կօգնի մեզ, որպեսզի ‘յուրաքանչյուրս մեր մասին ավելին չմտածենք, քան արժան է մտածել’ (Հռովմայեցիս 12։3)։
Հիսուսը ցույց տվեց համեստության և խոնարհության արժեքը, երբ իր աշակերտներին ասաց, որ հարսանեկան խնջույքի գնալիս չնստեն «առաջին տեղը», որովհետև միգուցե որևէ պատվական հյուրի գալուն պես նրանք ամոթահար ստիպված լինեն տեղափոխվել ու «վերջին տեղը» նստել։ Ավելի պարզեցնելով իր միտքը՝ Հիսուսն ավելացրեց. «Որովհետեւ նա, ով ինքն իրեն բարձրացնում է, պիտի խոնարհուի, եւ նա, ով ինքն իրեն խոնարհեցնում է, պիտի բարձրանայ» (Ղուկաս 14։7—11)։ Իմաստուն կլինենք, եթե երբեք չմոռանանք Հիսուսի տված խորհուրդը և ‘խոնարհություն հագնենք’ (Կողոսացիս 3։12; Ա Կորնթացիս 1։31)։
Հավասարակշռված մտածելակերպն օրհնություններ է բերում
Համեստություն ու խոնարհություն դրսևորելով՝ Եհովայի երկրպագուները իսկական ուրախություն կգտնեն ծառայության մեջ։ Երեցներն առավել մատչելի են, եթե խոնարհ են և ‘խնայում են հոտը’ (Գործք 20։28, 29)։ Այդպիսի պայմաններում ժողովում բոլորն էլ, առանց քաշվելու, օգնություն խնդրելու նպատակով նրանց կդիմեն։ Դրա շնորհիվ ժողովում սիրո, ջերմության և վստահության ոգի է տիրում։
Սեփական անձի մասին հավասարակշռված տեսակետն օգնում է իսկական ընկերներ գտնել։ Համեստությունն ու խոնարհությունը ետ են պահում մրցակցության ոգի զարգացնելուց, հետևաբար, մեր գործերով կամ նյութականով ուրիշներին գերազանցելուց։ Աստվածահաճո այս հատկությունները կօգնեն մեզ ուշադիր լինել շրջապատի նկատմամբ, և մեզ համար հեշտ կլինի մխիթարել ու աջակցել դրա կարիքն ունեցողներին (Փիլիպպեցիս 2։3, 4)։ Մարդիկ, սովորաբար, դրականորեն են արձագանքում՝ տեսնելով իրենց հանդեպ ցուցաբերված սերն ու բարությունը։ Եվ մի՞թե նման անշահախնդիր փոխհարաբերությունը չէ, որ դառնում է իսկական, ամուր ընկերության հիմքը։ Ինչպիսի՜ օրհնություններ են սպասվում նրանց, ովքեր համեստ են և չափից ավելի մեծ կարծիք չունեն իրենց մասին (Հռովմայեցիս 12։10)։
Սեփական անձի մասին հավասարակշռված տեսակետը կօգնի նաև հեշտությամբ ընդունել թույլ տված սխալը, եթե վիրավորել ենք որևէ մեկի (Մատթէոս 5։23, 24)։ Դրա շնորհիվ փոխհարաբերությունները բարելավելու հնարավորություն է ստեղծվում, ինչն էլ իր հերթին առաջնորդում է հաշտության ու փոխադարձ հարգանքի։ Վերակացություն անողները, օրինակ՝ ժողովի երեցները, խոնարհ ու համեստ վարք դրսևորելիս ուրիշներին բարիք անելու ավելի շատ առիթներ են ունենում (Առակաց 3։27; Մատթէոս 11։29)։ Խոնարհ մարդը նաև հեշտությամբ է ներում իր դեմ որևէ բանում մեղանչողներին (Մատթէոս 6։12—15)։ Նա ցավագին չի արձագանքում իր դեմ թույլ տրված սխալներին, և այնպիսի դեպքերում, երբ հարցը հնարավոր չէ այլ կերպ լուծել, նա ողջ սրտով ապավինում է Եհովային (Սաղմոս 37։5; Առակաց 3։5, 6)։
Սեփական անձի մասին համեստ ու խոնարհ կարծիք ունենալու ամենացանկալի օրհնությունը Եհովայի բարեհաճությունը վայելելն է։ «Աստուած հակառակ է ամբարտաւաններին, իսկ խոնարհներին տալիս է շնորհ» (Ա Պետրոս 5։5)։ Թող երբեք չունենանք այն թյուր մտածելակերպը, թե մենք ավելի լավն ենք, քան իրականում կանք։ Ընդհակառակը, եկեք խոնարհաբար ընդունենք մեր տեղը Եհովայի կարգադրություններում։ Մեծ օրհնություններ են պահված նրանց համար, ովքեր հնազանդվում են ‘Աստծո հետ խոնարհաբար քայլելու’ պահանջին։
[նկար 17–րդ էջի վրա]
Հովնաթանը խոնարհաբար թիկունք կանգնեց Դավիթին։