Կենսագրություն
Եհովան միշտ վարձատրում է իրեն հավատարիմ մարդկանց
Պատմում է Վերնոն Դանքոմը
Ուշ երեկոյան թեթևակի ընթրելուց հետո, սովորությանս համաձայն, ծխախոտ վառեցի։ Ապա դիմեցի կնոջս՝ Այլինին. «Այսօր ինչպե՞ս անցավ ժողովը»։
ՄԻ ՊԱՀ լռելուց հետո Այլինը պատասխանեց. «Նամակ կարդացին նոր նշանակումների մասին։ Քո անունն էլ էր հիշատակված։ Հնչունավորման պատասխանատու ես նշանակվել։ Նամակի վերջում ասվում էր, որ եթե նոր նշանակում ստացած եղբայրներից որևէ մեկը ծխում է, ապա պարտավոր է Ընկերությանը գրավոր հայտնել, որ չի կարող ընդունել այն»։a «Ահա՜ թե ինչ են ասել»,— երկարացնելով վրա բերեցի ես։
Ատամներս իրար սեղմեցի և ծխախոտը հանգցրեցի կողքս դրված մոխրամանում։ «Չգիտեմ, թե ինչու են ինձ ընտրել։ Սակայն երբեք ոչ մի նշանակումից չեմ հրաժարվել և մտադիր էլ չեմ այդպես վարվելու»,— մտածեցի ես ու վճռեցի, որ այլևս չեմ ծխելու։ Այդ որոշումը խորապես ազդեց իմ՝ քրիստոնյայիս և երաժշտիս կյանքի վրա։ Թույլ տվեք պատմել, թե ինչը մղեց ինձ նման վճիռ կայացնելու։
Մանկությանս տարիները
Ծնվել եմ 1914 թ. սեպտեմբերի 21–ին Կանադայի Տորոնտո քաղաքում։ Իմ հոգատար և աշխատասեր ծնողները՝ Վերնոնը և Լայլան, ունեին չորս տղա և երկու աղջիկ։ Ես նրանց ավագ որդին էի։ Ինձնից հետո ծնվել էին Յորքը, Օռլանդոն, Դուգլասը, Այլինը և Քորալը։ Երբ ինը տարեկան էի, մայրս ինձ ջութակ տվեց ու տարավ Հարիսի երաժշտական դպրոցը։ Մեր ընտանիքը տնտեսապես ծանր պայմաններում էր ապրում, բայց մայրս ու հայրս ճանապարհածախսը և ուսման վարձը վճարելու համար միշտ միջոցներ էին ձեռք առնում։ Հետագայում Տորոնտոյի Թագավորական կոնսերվատորիայում երաժշտության և հարմոնիայի տեսական հիմունքներ ուսումնասիրեցի, իսկ 12 տարեկան հասակում մասնակցեցի քաղաքի երաժշտական մրցումներին, որը տեղի ունեցավ կենտրոնում գտնվող մի հեղինակավոր համերգային դահլիճում՝ Մեսի Հոլում։ Ես հաղթող ճանաչվեցի և որպես պարգև մի հիանալի ջութակ ստացա՝ կոկորդիլոսի կաշվից պատրաստված տուփով։
Ժամանակի ընթացքում սովորեցի նաև դաշնամուր և կոնտրաբաս նվագել։ Հաճախ, ուրբաթ և շաբաթ երեկոներին մեզանից մի խումբ նվագում էր փոքր հավաքույթներին և պարերեկույթներին։ Այդ երեկույթներից մեկում էր, որ առաջին անգամ հանդիպեցի Այլինին։ Միջնակարգ դպրոցում սովորելուս վերջին տարվա ընթացքում նվագում էի քաղաքի մի շարք նվագախմբերում։ Դպրոցն ավարտելուց հետո հրավիրվեցի Ֆերդի Մոուրի նվագախումբը։ Դա շատ լավ վարձատրությամբ մշտական աշխատանք էր, և այդ նվագախմբում աշխատեցի մինչև 1943 թ.։
Ճանաչում եմ Եհովային
Աստվածաշնչի ճշմարտության մասին ծնողներս առաջին անգամ լսեցին առաջին համաշխարհայինից անմիջապես առաջ։ Այն ժամանակ հայրս Տորոնտոյի կենտրոնական հանրախանութի ցուցափեղկերն էր ձևավորում։ Ճաշարանում նա լսում էր աշխատակիցներից երկուսի զրույցները (նրանք Աստվածաշունչ ուսումնասիրողներ էին, ինչպես կոչվում էին այն ժամանակ Եհովայի վկաները), և հետո, երբ երեկոյան տուն էր վերադառնում, լսածի մասին պատմում էր մորս։ Տարիներ անց՝ 1927 թ.–ին, Աստվածաշունչ ուսումնասիրողները Տորոնտոյում գտնվող Կանադական ազգային ցուցահանդեսի համալիրում մեծ համաժողով անցկացրին։ Մեր տանը, որը գտնվում էր համալիրի արևմտյան մուտքից երկու թաղամաս այն կողմ, օթևանեց ԱՄՆ–ի Օհայո նահանգից ժամանած 25 մարդ։
Այդ համաժողովից հետո Աստվածաշունչ ուսումնասիրողներից մեկը՝ Ադա Բլեթսոն, սկսեց հաճախակի այցելել մորս՝ միշտ իր հետ նոր լույս տեսած գրականություն բերելով։ Ու մի օր ասաց. «Տիկին Դանքոմ, արդեն ինչքան ժամանակ է ձեզ համար գրականություն եմ բերում։ Կարդացե՞լ եք դրանցից որևէ մեկը»։ Չնայած որ հոգ էր տանում վեց երեխաների մասին, մայրս վճռեց այդ ժամանակվանից սկսած կարդալ պարբերագրերը, և երբեք չդադարեց այդ անել։ Սակայն ես չէի հետաքրքրվում այդ գրականությամբ։ Դպրոցն ավարտելու ժամանակներն էին, և, բացի այդ, ես խորապես ընկղմվել էի երաժշտության մեջ։
1935–ի հունիսին ես և Այլինը ամուսնացանք անգլիական եկեղեցում, իսկ քանի որ 13 տարեկան հասակում հեռացել էի Միավորված եկեղեցուց և ուրիշ ոչ մի կրոնի չէի միացել, ամուսնության գրանցման մատյանում գրեցի, որ Եհովայի վկա եմ, չնայած դեռևս Վկա չէի։
Մենք ուզում էինք ապագայում երեխաներ ունենալ և լավ ծնողներ լինել։ Ուստի, սկսեցինք միասին ընթերցել Նոր կտակարանը։ Սակայն, չնայած մեր լավ մղումներին, ուրիշ գործերը խանգարում էին մեր ընթերցանությանը։ Որոշ ժամանակ անց փորձեցինք վերսկսել, սակայն արդյունքը նույնը եղավ։ Այնուհետև, 1935–ի Ծննդյան տոներին նվեր ստացանք «Աստծո քնարը» գիրքը՝ գեղեցիկ փաթեթավորված։ Կինս զարմացած ասաց. «Ի՜նչ տարօրինակ Ծննդյան նվեր է մայրդ ուղարկել»։ Սակայն, երբ ես աշխատանքի գնացի, կինս սկսեց կարդալ, և գիրքը նրան դուր եկավ։ Բավականին երկար ժամանակ չիմացա նրա հետաքրքրվածության մասին։ Ինչ վերաբերում է երեխաներ ունենալու մեր երազանքին, այն, ցավոք, չիրագործվեց. 1937–ի փետրվարին ծնված մեր աղջիկը չապրեց։ Դա մեզ համար սարսափելի վիշտ էր։
Այդ ողջ ժամանակվա ընթացքում ընտանիքս ակտիվորեն քարոզում էր, և իմացա, որ հայրս մեր ընտանիքում միակ քարոզիչն էր, որ դեռ ոչ մեկին չէր բաժանորդագրել «Մխիթարություն» (այժմ «Արթնացե՛ք») պարբերագրին։ Դա նրանց նպատակն էր այդ ամսվա ծառայության համար։ Չնայած որ ոչ մի անգամ չէի կարդացել Ընկերության հրատարակությունները, հորս հաճույք պատճառելու համար ասացի. «Լա՛վ, հայրիկ, բաժանորդագրիր ինձ և կլինես ինչպես մյուսները»։ Ամռանը մեր նվագախումբը քաղաքից դուրս՝ ամառանոց տեղափոխվեց։ «Մխիթարությունը» ստանում էինք փոստով։ Աշնանը վերադարձանք Տորոնտո։ Պարբերագրերը շարունակում էին գալ նոր հասցեով, իսկ ես նույնիսկ չէի հանում դրանք փաթեթից։
Սուրբ ծննդի արձակուրդներն էին, ու մի օր, նայելով պարբերագրերի կույտին, մտածեցի, որ եթե վճարել եմ դրանց համար, ուրեմն հարկավոր է գոնե դրանցից մի քանիսը կարդալ՝ տեսնելու, թե ինչի մասին են։ Հենց առաջին բացածս ապշեցրեց ինձ։ Այնտեղ մերկացվում էին տիրող քաղաքական խարդավանքներն ու կաշառակերությունը։ Սկսեցի կարդացածիս մասին պատմել երաժիշտ գործընկերներիս։ Սակայն նրանք վիճաբանում էին ինձ հետ ու կասկածի ենթարկում ասածներիս ճշմարտացիությունը, իսկ ես պաշտպանվելու համար ստիպված էի շարունակել ընթերցանությունս։ Այդպես, ինքնաբերաբար, սկսեցի Եհովայի մասին վկայություն տալ։ Այդ ժամանակից ի վեր երբեք չդադարեցի կարդալ «հաւատարիմ եւ իմաստուն ծառայի» մատակարարած աստվածաշնչյան հիանալի հրատարակությունները (Մատթէոս 24։45)։
Թեև աշխատանքիս պատճառով ամբողջ շաբաթ զբաղված էի լինում, սակայն շուտով սկսեցի Այլինի հետ միասին հաճախել կիրակնօրյա հանդիպումներին։ 1938 թ. մի կիրակի օր, երբ եկանք հերթական հանդիպմանը, երկու տարեց քույրեր ողջունեցին մեզ, և նրանցից մեկն ասաց. «Երիտասա՛րդ եղբայր, Եհովայի կողմն արդեն դիրք բռնե՞լ ես։ Գիտե՞ս, Արմագեդոնն արդեն դռան շեմին է»։ Գիտեի, որ Եհովան է միակ ճշմարիտ Աստվածը, և համոզված էի, որ սա է նրա կազմակերպությունը։ Ուզում էի այդ կազմակերպության անդամը լինել, ուստի 1938–ի հոկտեմբերի 15–ին մկրտվեցի։ Այլինը մկրտվեց մոտ 6 ամիս հետո։ Մեծ ուրախությամբ կարող եմ ասել, որ իմ ընտանիքի բոլոր անդամները Եհովային նվիրված ծառաներ դարձան։
Ի՜նչ մեծ բավականություն էր ինձ համար Աստծո ժողովրդին միանալը։ Շուտով ժողովը ինձ համար ասես տուն դարձավ։ Երբ չէի կարողանում հանդիպումներին ներկա գտնվել, միշտ հետաքրքրվում էի, թե ինչ է տեղի ունեցել այնտեղ։ Այն երեկոն, որի մասին ասացի սկզբում, Եհովային մատուցած իմ ծառայության մեջ շրջադարձային կետ հանդիսացավ։
Մեծ փոփոխությունների ժամանակաշրջան
Մեր կյանքում մեկ այլ կարևոր փոփոխություն տեղի ունեցավ 1943 թ. մայիսի 1–ին։ 1942–ի սեպտեմբերին Քլիվլենդում (Օհայո) ներկա գտնվեցինք մեր առաջին մեծ՝ Նոր աշխարհի աստվածապետական համաժողովին։ Այն ժամանակ, երբ անվերջ թվացող պատերազմը դեռ իր ընթացքի մեջ էր, «Դիտարան» ընկերության այն ժամանակվա նախագահ եղբայր Նորը խիզախորեն հանդես եկավ «Խաղաղություն. կարո՞ղ է այն շարունակվել» հափշտակիչ հանրային ելույթով։ Լավ հիշում ենք, թե ինչպես նա Յայտնութիւն գրքի 17–րդ գլխի հիման վրա ցույց տվեց, որ ետպատերազմյան խաղաղության ժամանակաշրջան է լինելու, որի ընթացքում քարոզչական մեծ գործունեություն է ծավալվելու։
Ամենաշատը մեզ տպավորեց եղբայր Նորի դրանից առաջ կարդացած «Հեփթայեն և նրա ուխտը» ելույթը, որից հետո ասվեց, որ ավելի շատ ռահվիրաների կարիք կա։ Ես և Այլինը իրար նայեցինք և միաձայն (ուրիշ շատերի հետ) ասացինք. «Սա մեզ համար է»։ Անմիջապես սկսեցինք ծրագիր կազմել՝ այդ ավելի կարևոր գործը սկսելու։
Կանադայում, 1940 թ. հուլիսի 4–ից սկսած, Եհովայի վկաների գործունեությունն արգելված էր։ Երբ 1943 թ. մայիսի 1–ին սկսեցինք ռահվիրայական ծառայությունը, Եհովայի մասին քարոզելը և Ընկերության գրականությունը քարոզի ժամանակ տարածելը դեռևս չէր թույլատրվում։ Ծառայության համար վերցնում էինք միայն Աստվածաշնչի մեր անձնական օրինակները։ Օնտարիոյի Փարի Սաունդ քաղաքում մեր ռահվիրայական առաջին նշանակումը ստանալուց մի քանի օր հետո մեզ միացավ Ստյուարտ Մաննը՝ մի փորձառու ռահվիրա, որն ուղարկվել էր մասնաճյուղի կողմից։ Ի՜նչ սիրալիր հոգածություն էր դա։ Եղբայր Մաննը հաճելի և ժպտերես անձնավորություն էր։ Մենք սովորում էինք նրանից և մեծ բավականություն ստանում նրա հետ ընկերակցելուց։ Արդեն Աստվածաշնչի մի քանի ուսումնասիրություններ էինք անցկացնում, երբ Ընկերությունը մեզ Համիլտոն ուղարկեց։ Շատ չանցած, չնայած նրան, որ զորակոչային տարիքս արդեն լրացել էր, ինձ զորակոչեցին։ Ես հրաժարվեցի զինծառայությունից, որի պատճառով 1943–ի դեկտեմբերի 31–ին ձերբակալվեցի։ Դատական ձևականությունները ի կատար ածելուց հետո ինձ տարան այլընտրանքային ծառայության ճամբար, որտեղ մնացի մինչև 1945–ի օգոստոսը։
Ազատ արձակվելուցս անմիջապես հետո ես և Այլինը ռահվիրա նշանակվեցինք Քորնուոլում (Օնտարիո)։ Սակայն շուտով տեղափոխվեցինք Քվեբեկ, քանի որ Ընկերության իրավաբանական բաժնից ոստիկանական դատարաններում դատական գործերով զբաղվելու հատուկ նշանակում ստացանք։ Դյուպլեսիի բռնապետության ժամանակներն էին, երբ Քվեբեկում Եհովայի վկաների դեմ ուղղված հալածանքը հատկապես ուժգնացել էր։ Ամեն շաբաթ, օրեր էի անցկացնում չորս տարբեր դատարաններում՝ օգնելով մեր եղբայրներին։ Հուզումնալից և հավատ զորացնող օրեր էին։
1946–ին Քլիվլենդում կայացած համաժողովից հետո շրջագայող վերակացուի նշանակում ստացա, և կնոջս հետ միասին Կանադան ծայրեծայր ոտքի տակ տվեցինք։ Դեպքերը արագորեն իրար էին հաջորդում։ 1948 թ.–ին հրավիրվեցինք «Դիտարանի աստվածաշնչյան Գաղաադ դպրոցի» 11–րդ դասարանը։ Եղբայր Ալբերտ Շրեդերը և Մաքսվել Ֆրենդը մեր ուսուցիչներն էին։ Հարյուր ութ հոգուց բաղկացած մեր դասարանում 40 օծյալ կար։ Երկար տարիների փորձ ունեցող Եհովայի այս ծառաների հետ միասին սովորելը իսկապես հարստացրեց ու մեծ օգուտներ տվեց մեզ։
Մի օր Բրուքլինից մեզ այցելեց եղբայր Նորը։ Հանրային ելույթով հանդես գալուց հետո դիմեց մեզ՝ խնդրելով, որ քսանհինգ կամավորներ արձագանքեն, թե կցանկանայի՞ն արդյոք ճապոներեն սովորել։ Հարյուր ութ ուսանողներն էլ արձագանքեցին։ Նախագահը ստիպված եղավ ինքն ընտրել։ Կարծում եմ, որ Եհովան առաջնորդեց այս գործը, քանի որ կատարված ընտրությունը հիանալի էր։ Ընտրված և հետագայում Ճապոնիայում գործը սկսած այդ քսանհինգ հոգուց շատերը, չնայած վաղուց արդեն երիտասարդ չեն, դեռևս շարունակում են ծառայել այնտեղ։ Ոմանք էլ, ինչպես օրինակ Լլոյդ և Մելբա Բերիները, այլ նշանակումներ են ստացել։ Եղբայր Լլոյդը, մինչև անցած տարի իր մահը, Կառավարիչ մարմնի անդամ էր։ Մենք նրանց բոլորի հետ միասին ուրախանում ենք այն բանի համար, թե ինչպես է Եհովան վարձատրում իր ծառաներին։
Մոտեցավ ավարտական երեկոյի օրը, և ես ու Այլինը ստացանք մեր նոր նշանակումը՝ Յամայկա։ Բայց Քվեբեկում դեռ չավարտված դատական գործեր կային, որի պատճառով մեզ ետ ուղարկեցին Կանադա։
Եվ նորից երաժշտությունը
Թեև ռահվիրայական ծառայություն սկսելուց հետո բոլորովին մոռացել էի երաժշտության մասին, սակայն երևում է, որ երաժշտությունը ինձ չէր մոռացել։ Մեկ տարի անց Ընկերության նախագահ Նաթան Նորը և նրա քարտուղար Միլթոն Հենշելը Տորոնտո եկան։ «Ավելի ուշ է, քան դուք կարծում եք» հանրային ելույթը, որով հանդես եկավ եղբայր Նորը «Մեյփլ լիֆ գարդենզ» դահլիճում, բոլորի մեջ կրակ վառեց։ Առաջին անգամ ինձ խնդրեցին ղեկավարել համաժողովին նվագող նվագախումբը։ «Թագավորական ծառայության երգարանից» (1944 թ. հրատարակություն) մի քանի հանրածանոթ երգերի համար վալսային արանժեվորում պատրաստեցինք։ Եղբայրներին, ըստ ամենայնի, դուր եկավ։ Շաբաթ օրվա ծրագրի ավարտից հետո անցանք կիրակի օրվա ծրագրի փորձերին։ Նկատելով, որ բեմահարթակի վրայով մեր կողմն էր գալիս եղբայր Հենշելը՝ կանգնեցրի նվագախումբը, որպեսզի ողջունեմ նրան։ «Քանի՞ երաժիշտ կա քո նվագախմբում»,— հարցրեց նա։ «Եթե բոլորն են ներկա լինում, մոտ 35»,— պատասխանեցի ես։ «Մյուս տարի ամռանը Նյու Յորքում կրկնակին կունենաս»,— եղավ նրա պատասխանը։
Սակայն ինձ Բրուքլին հրավիրեցին, նախքան այդ «ամառվա» գալը։ Հանգամանքներից ելնելով՝ սկզբում առանց Այլինի մեկնեցի։ Կոլումբիա Հայթս 124–ում կառուցվող նոր շենքը դեռևս պատրաստ չէր, ուստի ինձ բնակեցրին հին շենքի մի փոքր սենյակում, որտեղ պետք է ապրեի երկու օծյալ եղբայրների՝ տարեց եղբայր Փեյնի և Կարլ Քլեյնի հետ, որի հետ առաջին անգամ այնտեղ հանդիպեցի։ Նեղվա՞ծք էր արդյոք սենյակում։ Այո։ Բայցևայնպես, մենք իրար հետ հաշտ էինք ապրում։ Եղբայրները հեզ էին ու համբերատար։ Իսկ ես աշխատում էի նրանց անհանգստություն չպատճառել։ Այդ ժամանակը արժեքավոր դաս եղավ՝ տեսնելու, թե ինչեր կարող է անել Աստծո սուրբ ոգին։ Եղբայր Քլեյնի հետ հանդիպելը ու նրա հետ համագործակցելը իսկական օրհնություն էր ինձ համար։ Նա բարի էր և միշտ պատրաստ՝ օգնելու։ Միասին մենք լավ աշխատեցինք և ավելի քան 50 տարի մտերիմ ընկերներ մնացինք։
1950, 1953, 1955 և 1958 թթ.–ին պատիվ ունեցա մասնակցելու Յանկի մարզադաշտում կայացած համաժողովների երաժշտական ձևավորումներին, ինչպես նաև 1963 թ.–ին Պասադինում (Կալիֆորնիա), «Վարդագույն գավաթ» մարզադաշտում անցկացվող համաժողովին Էլ Քեվլինի հետ միասին նվագախումբ ղեկավարելու։ 1953–ին Յանկի մարզադաշտի համաժողովին կիրակնօրյա ելույթից առաջ երաժշտական ծրագիր եղավ։ Էրիխ Ֆրոսթը ներկայացրեց Էդիթ Շեմյոնիքին (հետագայում՝ Վայգանդ), որը մեր նվագակցությամբ սոպրանոյով երգեց «Առա՛ջ, ո՛վ դուք Վկաներ» նրա երաժշտական երկը։ Այնուհետև հիացմունքով առաջին անգամ լսեցինք աֆրիկացի մեր քույրերի և եղբայրների բարեհնչուն երգեցողությունը։ Մեզ բավականության զգացումով լցնող այդ ձայնագրությունը միսիոներ Հարի Արնոտը բերել էր Հյուսիսային Ռոդեզիայից (այժմ՝ Զամբիա)։ Երաժշտությունը հնչում էր ամբողջ մարզադաշտով մեկ։
1966 թ.–ի երգարանի ձայնագրումը
Հիշո՞ւմ եք վարդագույն վինիլային կազմով «Երգե՛ք և սրտերում սաղմո՛ս ասեք» երգարանը։ Երբ այն գրեթե պատրաստ էր, եղբայր Նորն ասաց. «Մտադիր ենք որոշ ձայնագրություններ անել։ Ուզում եմ, որ մի քանի ջութակից և մեկ–երկու ֆլեյտայից բաղկացած նվագախումբ կազմես։ Եվ թող ոչ ոք «փող չհնչեցնի»»։ Բեթելի Թագավորության սրահը մեր ձայնագրման ստուդիան էր լինելու, բայց որոշ հարցեր էին ինձ անհանգստացնում։ Ինչպե՞ս էր ձայնն արձագանքելու մերկ պատերից, հախճասալապատ հատակից ու մետաղյա ծալովի աթոռներից։ Ո՞վ կարող էր օգնել լուծելու այս խնդիրները։ Ինչ–որ մեկն առաջարկեց. «Թոմմի Միթչելը։ Նա աշխատում է ABC ընկերության ստուդիայում»։ Կապվեցինք եղբայր Միթչելի հետ, և նա ուրախությամբ համաձայնվեց օգնել։
Եկավ ձայնագրությունների համար նշանակված առաջին կիրակի առավոտը, և երբ երաժիշտները ծանոթանում էին միմյանց հետ, եղբայրներից մեկի մոտ տրոմբոնի տուփ նկատեցի։ Այդ պահին հիշեցի եղբայր Նորի զգուշացումը. «Թող ոչ ոք «փող չհնչեցնի»»։ Ի՞նչ կարող էի անել։ Հետևեցի, թե ինչպես եղբայրը տուփից հանեց տրոմբոնը, տեղադրեց նրա կուլիսը և սկսեց պատրաստվել։ Դա Թոմ Միթչելն էր, իսկ նրա նվագած առաջին մի քանի նոտաները այնքան գեղեցիկ հնչեցին, ասես՝ տրոմբոնի փոխարեն ջութակ նվագելիս լիներ։ «Նա պետք է մնա»,— մտածեցի ես։ Եղբայր Նորը երբեք դրան չառարկեց։
Նվագախումբը բաղկացած էր հիանալի երաժիշտներից, ովքեր նաև մեր սիրելի քույրերն ու եղբայրներն էին։ Մենք պրիմադոննաներ չունեինք։ Ձայնագրությունը լարված աշխատանք էր, բայց ոչ ոք չտրտնջաց։ Աշխատանքի ավարտից հետո արտասվելով բաժանվեցինք միմյանցից։ Մասնակիցները մինչև այժմ էլ ընկերներ են մնացել։ Բոլորն էլ ուրախությամբ կատարեցին գործը, և Եհովայի շնորհիվ, մեզ այն իսկապես հաջողվեց։
Վարձահատույց այլ նշանակումներ
Շատ տարիներ են անցել, բայց մինչև հիմա էլ շարունակում եմ ծառայել լիաժամ։ Քսանութ տարի ծառայել եմ որպես նահանգային և շրջանային վերակացու, և նշանակումներիցս յուրաքանչյուրն էլ ինձ համար գոհացուցիչ են եղել։ Հինգ տարի կնոջս հետ աջակցել ենք Նորվալ քաղաքի (Օնտարիո) Համաժողովների սրահում տեղի ունեցող հանդիպումների կազմակերպչական գործերին։ Ամեն շաբաթ անցկացվող շրջանային համաժողովների և օտար լեզուներով նահանգային համաժողովների շնորհիվ ես և Այլինը միշտ զբաղված էինք լինում։ 1979–1980 թթ.–ին այս սրահում աշխատել են ճարտարապետներ և ինժեներներ, որոնք ծրագրում էին Ընկերության նոր մասնաճյուղի շինարարությունը Հալթոն Հիլզում։ Հաջորդ մեր նշանակումը կրկին կապված էր երաժշտության հետ, և 1982–ից մինչև 1984–ը մենք աշխատեցինք Բրուքլինում։
Իմ սիրելի կինը մահացավ 1994 թ. հունիսի 17–ին, մեր ամուսնության 59–րդ ամյակից յոթ օր հետո։ Մենք 51 տարի համատեղ ծառայեցինք Եհովային որպես լիաժամ ռահվիրաներ։
Երբ խորհում եմ կյանքումս պատահած դեպքերի շուրջ, հիշում եմ, թե առաջնորդության ինչ թանկարժեք աղբյուր է եղել Աստվածաշունչը մեզ համար։ Երբեմն ձեռքս եմ վերցնում Այլինի Աստվածաշունչը և մեծ հաճույք ստանում, երբ մտածում եմ այն բաների մասին, ինչը դիպչել է նրա սրտին. ամբողջական համարներ, հատուկ արտահայտություններ և առանձին բառեր, որոնք նա ընդգծել է գրքում։ Այլինի նման ես էլ ընդգծել եմ ինձ համար հատուկ նշանակություն ունեցող խոսքերը։ Այդպիսի հատվածներից մեկը 137–րդ սաղմոսն է, որտեղ գրված է Եհովային ուղղված այս գեղեցիկ աղոթքը. «Եթէ քեզ մոռանամ, Երուսաղէմ, իմ աջ ձեռքը մոռացուած լինի [«թող որ այլևս չկարողանամ տավիղ նվագել», Ժամանակակից Անգլերեն Թարգմ.]։ Իմ լեզուն թող քիմքիս կպչի [«թող որ այլևս չկարողանամ երգել», Ժամանակակից Անգլերեն Թարգմ.], եթէ քեզ չ’յիշեմ. եթէ Երուսաղէմն իմ ուրախութիւնիցը վեր չի դասեմ» (Սաղմոս 137։5, 6)։ Ու թեև երաժշտություն շատ եմ սիրում, սակայն մեծագույն ուրախությունը ստանում եմ հավատարմորեն Եհովային ծառայելուց. նրան, ով վարձատրել է ինձ հագեցված և բավականություն պատճառող այսպիսի կյանքով։
[ծանոթագրություն]
a «Դիտարանի» 1973 թ. հունիսի 1–ի համարում բացատրվել է, թե ինչու էր հարկավոր, սկսած այդ ժամանակվանից, մկրտվելուց և Եհովայի վկա դառնալուց առաջ թողնել ծխելը։
[նկար 28–րդ էջի վրա]
Ես ու Այլինը 1947 թ.–ին
[նկար 30–րդ էջի վրա]
Առաջին ձայնագրություններից մեկի ժամանակ