Դուք կարո՛ղ եք բարոյապես մաքուր մնալ
«Ա՛յս է Աստծու հանդէպ մեր սէրը. որ պահենք նրա պատուիրանները» (Ա Յովհաննէս 5։3)։
1. Ինչպիսի՞ տարբերություն է նկատվում ներկայումս ապրող մարդկանց վարքագծի մեջ։
ՀԱՐՅՈՒՐԱՄՅԱԿՆԵՐ առաջ Մաղաքիա մարգարեն՝ Աստծուց ներշնչված, գրել էր մի ժամանակի մասին, երբ Աստծո ժողովրդի ապրելակերպը կտրուկ տարբերվելու էր այն մարդկանց վարքից, որոնք չեն ծառայում Աստծուն։ «Կ’տեսնէք,— գրել էր նա,— արդարի ու ամբարշտի տարբերութիւնը. Աստուծոյ ծառայութիւն անողին եւ ծառայութիւն չ’անողին տարբերութիւնը» (Մաղաքիա 3։18)։ Այսօր այս մարգարեությունն իր կատարումն է ունենում։ Աստծո պատվիրաններով, այդ թվում նաև բարոյական մաքրությանը վերաբերող պատվիրաններով ապրելը կյանքի ամենաճիշտ ուղին է, որն ընտրողները իսկապես իմաստուն են վարվում։ Սակայն դա միշտ չէ, որ հեշտ է։ Ուստի, ինչպես իրավացիորեն ասել է Հիսուսը, փրկությունը ստանալու համար քրիստոնյաները պետք է ջանք թափեն (Ղուկաս 13։23, 24)։
2. Որո՞նք են այն արտաքին ճնշումները, որ դժվարացնում են բարոյապես մաքուր մնալու ձգտումները։
2 Ինչո՞ւ է բարոյապես մաքուր մնալը դժվար։ Խանգարող պատճառներից մեկը արտաքին ճնշումներն են։ Զվարճալիքների արդյունաբերությունն այսօր ապօրինի սեքսը ներկայացնում է որպես պատրանքային, գերհաճելի մի բան, որը չափահասության նշան է, բայցև, միաժամանակ, անտեսում է դրա վնասաբեր հետևանքները (Եփեսացիս 4։17–19)։ Ներկայացվող ինտիմ հարաբերությունների մեծ մասը հաստատվում են հիմնականում իրար հետ ամուսնական կապի մեջ չգտնվող զույգերի միջև։ Ֆիլմերում ու հեռուստաշոուներում հաճախակի կարելի է տեսնել, երբ սեռային հարաբերության մեջ են մտնում պատահական ծանոթություն հաստատած մարդիկ։ Դրանք բնորոշ են նրանով, որ ջերմության ու փոխադարձ հարգանքի նշույլ անգամ այնտեղ չի նկատվում։ Շատերը նման տեսարաններ դիտում են դեռ փոքրուց։ Այս բոլորին գումարած՝ հասակակիցները կծու ծաղրանքի են ենթարկում ու նույնիսկ վիրավորանքներ հասցնում նրանց, ովքեր չեն հարմարվում բարոյական տեսանկյունից արդի ազատամիտ մթնոլորտին (Ա Պետրոս 4։4)։
3. Ի՞նչն է երբեմն մարդկանց անբարոյականության մղում։
3 Մարդու բնույթը ևս դժվարացնում է բարոյապես անարատ մնալը։ Եհովան ստեղծել է մարդկանց սեռային ցանկություն ունենալու բնական զգացումով, և այդ ցանկությունը երբեմն բավականին զորեղ է լինում։ Դա մեծապես կախված է մեր մտածողությունից, իսկ անբարոյականությունը սերտորեն կապված է այն մտքերի հետ, որոնք հակառակ են Եհովայի մտքերին (Յակոբոս 1։14, 15)։ Օրինակ՝ համաձայն վերջերս կատարված մի հետազոտության, որի մասին տպագրվել էր «Բրիտանական բժշկական հանդեսում»՝ սեռային հարաբերության մեջ առաջին անգամ մտնողներից շատերն ընդամենը հետաքրքըրությունից դրդված են դիմել այդ քայլին։ Ոմանք էլ կարծել են, թե իրենց հասակակիցները վաղուց արդեն սեռական ակտիվ կյանքով են ապրում, ուստի ցանկացել են նույնպես ազատվել կուսությունից։ Իսկ մի մասն էլ խոստովանել է, որ ուղղակի տրվել են կրքին, կամ էլ «մի քիչ խմած» են եղել։ Եթե ցանկանում ենք հաճելի լինել Աստծուն, չպետք է նման ձևով մտածենք։ Իսկ ինչպիսի՞ մտածելակերպը կօգնի մեզ բարոյապես մաքուր մնալ։
Վստահ եղեք, որ ձեր դիրքն է ճիշտը
4. Ի՞նչ է հարկավոր անել բարոյապես մաքուր մնալու համար։
4 Բարոյապես անարատ մնալու համար հարկավոր է գիտակցել, որ արժե՛ իրոք այդպիսի կյանք վարել։ Գրեթե նույն միտքն են արտահայտում նաև Պողոս առաքյալի խոսքերը՝ ուղղված Հռոմում ապրող քրիստոնյաներին. «Քննէք լաւը եւ թէ ի՛նչ է Աստծու կամքը՝ բարին եւ հաճելին եւ կատարեալը» (Հռովմայեցիս 12։2)։ Բարոյական մաքրության արժեքը գիտակցելու համար բավական չէ միայն իմանալ, որ անբարոյականությունը դատապարտվում է Աստծո կողմից. դրանից ավելին է հարկավոր։ Հարկ է գիտակցել, թե ինչո՛ւ է անբարոյականությունը դատապարտվում, և ի՛նչ օգուտներ ենք քաղում՝ հեռու մնալով անբարոյականությունից։ Այդ պատճառների մի մասը քննարկվեց նախորդ հոդվածում։
5. Ո՞րն է այն գլխավոր պատճառը, ինչի համար քրիստոնյաները ցանկանում են բարոյապես մաքուր մնալ։
5 Ինչ խոսք, քրիստոնյայի համար սեռային անբարոյականությունից խուսափելու գլխավոր պատճառը Աստծո հետ ունեցած իր փոխհարաբերությունն է։ Մենք հասկանում ենք, որ նա գիտի, թե ինչն է մեզ համար օգտակար։ Սիրելով Աստծուն՝ կկարողանանք ատել այն, ինչն իրեն է ատելի (Սաղմոս 97։10)։ Չէ՞ որ Աստված է «ամէն բարի շնորհ եւ ամէն կատարեալ պարգեւ» Տվողը (Յակոբոս 1։17)։ Եվ նա սիրում է մեզ։ Մեր հնազանդությամբ ցույց ենք տալիս, որ սիրում ենք նրան ու գնահատում այն ամենը, ինչ որ նա անում է մեզ համար (Ա Յովհաննէս 5։3)։ Չենք ուզում երբեք նրան հիասթափություն ու ցավ պատճառել՝ խախտելով իր արդար պատվիրանները (Սաղմոս 78։41)։ Չենք ուզում նաև, որ մեր արարքի պատճառով անարգվի նրա սուրբ ու արդար երկրպագությունը (Տիտոս 2։5; Բ Պետրոս 2։2)։ Մեր բարոյականությամբ ուրախություն ենք պատճառում Բարձրյալին (Առակաց 27։11)։
6. Ինչո՞վ է օգտակար բարոյական մաքրության վերաբերյալ մեր ունեցած տեսակետի մասին շրջապատի մարդկանց տեղյակ պահելը։
6 Եթե անձամբ վճռել եք բարոյապես անարատ մնալ, հարկավոր է այդ մասին տեղյակ պահել նաև մյուսներին։ Թող մարդիկ իմանան, որ ծառայում ենք Եհովա Աստծուն և որոշել ենք պահել նրա բարձր չափանիշները։ Կյանքը մերն է, մարմինը՝ նույնպես, ընտրությունը ևս մեզ է մնում։ Ինչ է այդ ընտրությունից կախվա՞ծ. մեր երկնային Հոր հետ ունեցած թանկագին փոխհարաբերությունները։ Ուստի ցո՛ւյց տանք, որ մեր բարոյականությունը հնարավոր չէ ոտնահարել։ Հպա՛րտ լինենք, որ, ամուր կառչած մնալով Աստծո չափանիշներին, ներկայացնում ենք նրան մարդկանց (Սաղմոս 64։10)։ Մի՛ ամաչեք բարոյականությանը վերաբերող ձեր տեսակետի մասին խոսել ուրիշների հետ։ Այդ մասին համարձակորեն արտահայտվելով՝ է՛լ ավելի կամրացնեք ձեր համոզվածությունը, կպաշտպանեք ինքներդ ձեզ և կխրախուսեք ուրիշներին էլ հետևել ձեր օրինակին (Ա Տիմոթէոս 4։12)։
7. Ինչպե՞ս կարող ենք կառչած մնալ բարոյապես մաքուր մնալու մեր որոշմանը։
7 Այնուհետև, երբ արդեն որոշել եք բարոյական բարձր չափանիշներին կառչած մնալ և ձեր բռնած դիրքը հայտնի եք դարձրել ուրիշներին, պետք է քայլեր ձեռնարկեք, որպեսզի կարողանաք պահել ձեր կայացրած որոշումը։ Դրա համար, օրինակ՝ լավ կլինի զգուշություն ցուցաբերել ընկերներ ընտրելիս։ «Իմաստունների հետ վարուողը իմաստուն կ’դառնայ»,— ասում է Աստվածաշունչը։ Ընկերակցեք նրանց հետ, ովքեր միևնույն բարոյական արժեքներն ունեն. նրանք կամրացնեն ձեզ։ Աստվածաշնչի նույն համարը շարունակում է. «Բայց տխմարների հետ ընկերակցողը կ’չարանայ» (Առակաց 13։20)։ Հնարավորին չափ խուսափեցեք այնպիսի մարդկանցից, ովքեր կարող են բացասական ազդեցություն թողնել ձեր կայացրած որոշման վրա (Ա Կորնթացիս 15։33)։
8. ա) Ինչո՞ւ է կարևոր մեր միտքն առողջ ինֆորմացիայով սնել։ բ) Ինչի՞ց է պետք խուսափել։
8 Դրանից բացի, մեր մտքերը պետք է սնենք այն ամենով, ինչը ճշմարիտ է, պարկեշտ, ինչը որ արդար է, սրբություն, սեր, բարի համբավով, առաքինի, գովելի (Փիլիպպեցիս 4։8)։ Իսկ դրա համար պետք է ընտրողաբար մոտենանք այն հարցին, թե ինչ երաժշտություն ենք լսում, ինչ ենք կարդում և դիտում։ Ասել, թե՝ անբարո գրականությունը ապականիչ ազդեցություն չի թողնում մարդու ուղեղի վրա, նույնն է ասել, թե՝ բարոյական գրականությունը ոչ մի դրական ազդեցություն չի գործում։ Չմոռանանք՝ անկատար մարդիկ հեշտությամբ կարող են ընկնել անբարոյականության գիրկը։ Ուստի, սեռական զգացումների դրդող գրքերը, ֆիլմերն ու երաժշտությունը սխալ ցանկություններ են արթնացնում մարդու մեջ, իսկ դա, վերջիվերջո, կարող է տանել մեղքի։ Բարոյապես մաքուր մնալու համար հարկավոր է մեր մտքերը լցնել աստվածային իմաստությամբ (Յակոբոս 3։17)։
Անբարոյականության տանող քայլեր
9-11. Սողոմոնի տված նկարագրության համաձայն՝ ո՞ր քայլերը երիտասարդ տղային աստիճանաբար կանգնեցրին անբարոյականության շեմին։
9 Անբարոյականության տանող քայլերը հաճախ հնարավոր է լինում նախապես ճանաչել։ Սակայն կատարված քայլերից յուրաքանչյուրը ինքնին դժվարացնում է ետդարձի ճանապարհը։ Ահա թե ինչպես է դա նկարագրվում Առակաց 7։6–23 խոսքերում։ Սողոմոնը այստեղ նկարագրում է «պակասամիտ» կամ, այլ կերպ ասած, բարի շարժառիթներից զուրկ մի երիտասարդի։ Այդ տղան «անց էր կենում փողոցում այն [պոռնիկ] կնկայ կողքովը, եւ նորա տան ճանապարհը բռնեց, օրը երեկոյեան մթնած ժամանակը»։ Ահա նրա առաջին սխալը. գիշերվա խավարի մեջ տղայի «սիրտը» տարավ նրան հենց այն փողոցը, որտեղ, ինչպես որ ինքը նախօրոք գիտեր, կարող էր հանդիպել ծախու կնոջը։
10 «Ահա մի կին,— շարունակում է Սողոմոնը,— նորան դիմաւորեց պոռնկի ծածկոցով եւ նենգաւոր սրտով»։ Մոտեցավ տղային։ Վերջինս կարող էր շրջանցել նրան ու տուն վերադառնալ, սակայն, լինելով բարոյապես անկայուն անձնավորություն, դա անելը նրա համար արդեն հեշտ չէր։ Կինը գրկեց նրան, համբուրեց ու սկսեց նրա գլուխը լցնել իր գայթակղիչ խոսքերով։ «Խաղաղութեան զոհեր պիտի անէի,— ասաց նա,— այսօր կատարել եմ իմ ուխտերը»։ Խաղաղության զոհերի մեջ մտնում էին միսը, հացը, յուղն ու գինին (Ղեւտացոց 19։5, 6; 22։21; Թուոց 15։8–10)։ Այդ խոսքերով կինը, թերևս, ակնարկում էր, որ հոգևորապես ընկած վիճակում չի գտնվում, և, միգուցե, միևնույն ժամանակ, ուզում էր հասկացնել տղային, որ տանը առատ ուտելիք ու խմելիք ունի։ «Եկ,— համոզում էր նրան,— զուարճանանք մինչեւ առաւօտ եւ զմայլինք սիրով»։
11 Դժվար չէ կռահել, թե ինչով է այդ ամենը ավարտվում։ «Իր շրթունքների շողոքորթութիւնով քշեց տարաւ նորան»։ «Նա էլ իսկոյն գնաց նորա ետեւիցը, ինչպէս որ արջառը կ’գնայ սպանդանոցը» և ինչպես «թռչունը [որ] շտապում է դէպի ծուղակը»։ Սողոմոնն այդ պատմությունն ավարտում է հետևյալ սթափեցնող խոսքերով. «Եւ չի գիտակցում, որ կորստի է մատնում իր հոգին» (ԷԹ)։ Այստեղ խոսքը կյանքի կորստյան մասին է, քանի որ «Աստուած պիտի դատի շնացողներին և պոռնիկներին» (Եբրայեցիս 13։4)։ Ի՜նչ ազդեցիկ դաս թե՛ տղամարդկանց և թե՛ կանանց համար։ Մի բան պարզ է. անհրաժեշտ է խուսափել հենց առաջին քայլերից, քանզի տեղյակ ենք, որ դրանք Աստծո հավանությանը չեն արժանանալու։
12. ա) Ի՞նչ է իր մեջ ամփոփում «պակասամիտ» բառը։ բ) Ինչպե՞ս կարելի է բարոյապես կայուն մնալ։
12 Հիշենք, որ Սողոմոնը պատանուն կոչել էր «պակասամիտ»։ Այս արտահայտությամբ կարելի է հասկանալ, որ տղայի մտքերը, ցանկությունները, զգացմունքները, հույզերն ու նպատակները ներդաշնակ չէին այն բանին, ինչին հավանություն է տալիս Աստված։ Բարոյական անկայուն վիճակը այդ երիտասարդին ողբերգական հետևանքների առաջնորդեց։ Ներկայիս ծանր «վերջին օրերում» առանց ջանք գործադրելու հնարավոր չէ բարոյապես կայուն մնալ (Բ Տիմոթէոս 3։1)։ Բայց այդ պայքարում մենք մենակ չենք. Աստված մեզ հետ է։ Քրիստոնեական ժողովների հանդիպումները նախատեսված են՝ խրախուսելու մեզ արդար ճանապարհով քայլել և օգնելու ընկերակցել այնպիսի մարդկանց հետ, ովքեր միևնույն նպատակներն ունեն կյանքում (Եբրայեցիս 10։24, 25)։ Ժողովի երեցները «հովվում են» մեզ՝ սովորեցնելով արդարության ճանապարհները (Եփեսացիս 4։11, 12)։ Ունենք նաև Աստծո Խոսքը՝ Աստվածաշունչը, որը նույնպես առաջնորդում է մեզ (Բ Տիմոթէոս 3։16)։ Եվ, այս ամենից բացի, ամեն րոպե հնարավորություն ունենք աղոթելու և Աստծուց իր սուրբ ոգու օժանդակությունը խնդրելու (Մատթէոս 26։41)։
Դաս՝ Դավիթի գործած մեղքերից
13, 14. Ի՞նչ ծանր մեղք գործեց Դավիթ թագավորը։
13 Ցավոք, սեռային անբարոյականության ծուղակն ընկան նույնիսկ Աստծո՝ մեզ քաջ հայտնի ծառաներից ոմանք։ Նրանցից մեկը Դավիթ թագավորն էր, որը տասնամյակներ շարունակ հավատարմորեն ծառայել էր Աստծուն։ Ինչ խոսք, նա անկեղծորեն սիրում էր Աստծուն։ Սակայն... մեղանչեց։ Ինչպես Սողոմոնի նկարագրած երիտասարդին, այնպես էլ Դավիթին էին որոշակի քայլեր առաջնորդել մինչև մեղքը։
14 Այդ ժամանակ Դավիթը մոտավորապես հիսուն տարեկան էր։ Մի երեկո իր պալատի տանիքում շրջելիս նա վերևից նկատեց մի գեղեցիկ կնոջ՝ լվացվելիս։ Հարցուփորձ անելով իմացավ, որ կնոջ անունը Բերսաբե է, իսկ նրա ամուսինը Ուրիան է, որն այդ ժամանակ մասնակցում էր ամմոնացիների Ռաբբա քաղաքի պաշարմանը։ Դավիթը Բերսաբեին բերել տվեց պալատ ու կենակցեց նրա հետ։ Միառժամանակ անց Բերսաբեն լուր ուղարկեց Դավիթին, որ՝ հղի է։ Դավիթը որոշեց Ուրիային ետ կանչել կռվի դաշտից՝ հուսալով, որ նա գիշերը կանցկացնի կնոջ հետ։ Հարցը դրանով կլուծվեր, քանի որ Ուրիան կմտածեր, որ երեխան իրենից է։ Սակայն Ուրիան տուն չգնաց։ Տեսնելով, որ իր մեղքը ջրի երես է դուրս գալու՝ Դավիթը Ուրիային ետ ուղարկեց Ռաբբա և հետը նամակ՝ բանակի զորագլխին՝ պատվիրելով Ուրիային դնել կռվի ամենաթեժ մասում, որպեսզի սպանվի։ Ուրիան մահացավ, իսկ Դավիթը, մինչ բոլորը կիմանային, որ Ուրիայի այրին հղի է, ամուսնացավ նրա հետ (Բ Թագաւորաց 11։1–27)։
15. ա) Ինչպե՞ս բացահայտվեց Դավիթի գործած մեղքը։ բ) Ինչպե՞ս Դավիթն արձագանքեց Նաթանի ներկայացրած հանդիմանությանը։
15 Թվում էր, թե իր մեղքը ծածկելու Դավիթի ջանքերն ապարդյուն չէին անցել։ Ամիսներ անց Դավիթը որդի ունեցավ։ Եթե 32–րդ սաղմոսը գրելիս Դավիթը վերոհիշյալ դեպքերն է նկատի ունեցել, ապա կարելի է վստահությամբ ասել, որ խիղճը տանջել է նրան (Սաղմոս 32։3–5)։ Այդ մեղքը, սակայն, ծածուկ չմնաց Աստծո աչքից։ Աստվածաշունչը տեղեկացնում է, որ «այս բանը, որ Դաւիթն արաւ, չար երեւեցաւ Տիրոջ աչքին» (Բ Թագաւորաց 11։27)։ Եհովան Դավիթի մոտ ուղարկեց իր Նաթան մարգարեին, որը հմտորեն հանդիմանեց թագավորին իր արարքի համար։ Դավիթն անմիջապես խոստովանեց իր մեղքը և ներում խնդրեց Եհովայից։ Եվ որովհետև Դավիթը անկեղծորեն զղջաց, նա հաշտություն գտավ Աստծո հետ (Բ Թագաւորաց 12։1–13)։ Դավիթը չվրդովվեց խրատի համար, հակառակը՝ նրա դրսևորած վերաբերմունքն արտացոլեց այն ոգին, որը նկարագրվում է Սաղմոս 141։5–ում. «Արդարը թող խրատէ ինձ, նա քաղցրութիւն է, եւ թող յանդիմանէ ինձ, նա գլխի իւղ է. իմ գլուխը չի մերժիլ»։
16. Ի՞նչ նախազգուշացում և, միևնույն ժամանակ, խորհուրդ է տվել Սողոմոնը մեղքի վերաբերյալ։
16 Դավիթի ու Բերսաբեի երկրորդ որդի Սողոմոնը, թերևս, խորհել էր հոր կյանքի այդ մռայլ դրվագի շուրջ, երբ ավելի ուշ գրեց. «Իր յանցանքը ծածկողը չի յաջողուիլ, բայց խոստովանող ու թողողը ողորմութիւն կ’գտնէ» (Առակաց 28։13)։ Եթե պատահի այնպես, որ երբևիցե լուրջ մեղքի մեջ ընկնենք, պետք է անշեղ հետևել Աստծո առաջնորդության ներքո գրի առնված այս խորհրդին, որը նաև որպես նախազգուշացում է տրված մեզ։ Պետք է խոստովանել Եհովային և օգնության համար դիմել ժողովի երեցներին։ Նրանք անչափ կարևոր պատասխանատվություն են կրում իրենց վրա. սխալ արարք գործողին օգնում են շտկվել (Յակոբոս 5։14, 15)։
Կրում են իրենց գործած մեղքի հետևանքները
17. Թեպետ Եհովան ներում է մեղքը, սակայն ինչի՞ց նա մեզ չի պաշտպանում։
17 Եհովան ներեց Դավիթին։ Բայց ինչո՞ւ. պատճառն այն էր, որ Դավիթը ազնիվ մարդ էր, մեծահոգի, և որ նրա ապաշխարությունն անկեղծ էր։ Սակայն Աստված Դավիթին չպաշտպանեց նրա կատարած արարքի կործանաբեր հետևանքներից (Բ Թագաւորաց 12։9–14)։ Նույնը կարելի է ասել նաև մեր օրերի մասին։ Թեև Եհովան չի պատժում ապաշխարող մարդկանց, սակայն չի ազատում նաև իրենց սխալ արարքների բնական հետևանքներից (Գաղատացիս 6։7, 8)։ Սեռային անբարոյականությունն ապահարզանի, անցանկալի հղիության, սեռային ճանապարհով փոխանցվող հիվանդությունների, վստահության և հարգանքի կորստի պատճառ կարող է դառնալ։
18. ա) Պողոսի խորհրդի համաձայն՝ ինչպե՞ս պետք է վարվեին կորնթացիները ժողովում գործված ծանր մեղքի դեպքում։ բ) Ինչպե՞ս է Եհովան սեր և ողորմածություն ցուցաբերում մեղանչողների հանդեպ։
18 Եթե ծանր մեղք ենք գործել, ապա, կատարած սխալի հետևանքները կրելու հետ մեկտեղ, թերևս խորը հուսահատություն ենք ապրում։ Բոլոր դեպքերում չպետք է թույլ տանք, որ որևիցե հանգամանք խանգարի մեզ ապաշխարել ու հաշտվել Աստծո հետ։ Առաջին դարում Պողոսը գրել էր կորնթացիներին, որ ժողովից հեռացնեն արյունապղծության մեջ մասնակից եղող անհատին (Ա Կորնթացիս 5։1, 13)։ Սակայն, երբ տվյալ անձնավորությունն անկեղծորեն զղջացել էր, Պողոսը հրահանգ էր տվել ժողովին. «Ներէք նրան եւ մխիթարէք.... [և] նրա հանդէպ վերստին սէ՛ր ցոյց [տվեք]» (Բ Կորնթացիս 2։5–8)։ Աստծո ոգով գրի առնված այս խորհրդում վառ երևում է Եհովայի սերն ու ողորմածությունը հանդեպ այն մեղավորների, ովքեր ապաշխարում են։ Իսկ երկնքի հրեշտակները ցնծում են, երբ գեթ մեկ մեղավոր ապաշխարում է իր արարքի համար (Ղուկաս 15։10)։
19. Ի՞նչ օգուտ կարող է բերել կատարված սխալ քայլի համար տեղին զղջումը։
19 Թեպետ ցավում ենք մեր կատարած սխալ քայլի համար, զղջալը կօգնի, որպեսզի կրկին ‘չդառնանք դեպի ամբարշտություն’ (Յոբ 36։21)։ Իրականում, մեղքի տխուր հետևանքները կարող են ետ պահել մեզ սխալը կրկնելուց։ Իսկ Դավիթը, իր գործած մեղքից դառը դաս քաղելուց բացի, այն օգտագործեց ուրիշներին խրատելու համար։ Ահա թե ինչ գրեց նա. «Անօրէններին կ’սովորեցնեմ քո ճանապարհները. եւ մեղաւորները ետ կ’դառնան քեզ մօտ» (Սաղմոս 51։13)։
Երջանկություն՝ Եհովային ծառայելուց
20. Ի՞նչ օգուտներ կարելի է քաղել՝ Աստծո արդար պահանջներին հնազանդվելով։
20 «Երանի՜ է նրանց, որ լսում են Աստծու խօսքը եւ կը պահեն» (Ղուկաս 11։28)։ Աստծո արդար պահանջներին հնազանդվելով՝ երջանիկ ենք այսօր և հույս ունենք անվերջ ապագայում առհավետ երջանիկ լինել։ Եթե մինչև օրս բարոյապես մաքուր ենք մնացել, ուրեմն եկե՛ք շարունակենք մեր մաքուր ընթացքը՝ օգտվելով նաև այն ամենից, ինչը Եհովան մեզ որպես օգնություն է տվել։ Իսկ եթե անբարոյականության թակարդն ենք ընկել, եկե՛ք քաջալերվենք այն մտքից, որ Եհովան պատրա՛ստ է ներելու անկեղծորեն զղջացողին, և վճռականորեն տրամադրվենք՝ երբեք այլևս նման սխալ չկրկնելու (Եսայիա 55։7)։
21. Պետրոս առաքյալի տված ո՞ր հորդորի կիրառումը կօգնի մեզ բարոյապես մաքուր մնալ։
21 Շուտով այս անարդար աշխարհը իր անբարոյական վարք ու բարքի հետ միասին անցյալի գիրկը կանցնի։ Բարոյապես անարատ մնալով՝ օգուտներ կքաղենք ոչ միայն այսօրվա համար, այլև՝ անվերջ ապագայի։ Պետրոս առաքյալը գրեց. «Սիրելինե՛ր, սպասելով այս բաներին, ջա՛նք թափեցէք, որ Նա գտնի ձեզ անբիծ եւ անարատ, խաղաղութեան մէջ ....իբրեւ նախապէս տեղեակ դարձած մարդիկ, զգուշացէ՛ք, որ անառակ մոլորութեամբ տարուած՝ չկորցնէք ձեր վստահութիւնը» (Բ Պետրոս 3։1, 17)։
Կարո՞ղ եք բացատրել
• Ինչո՞ւ է երբեմն դժվար լինում բարոյապես մաքուր մնալ։
• Ինչպե՞ս կարող ենք օգնել բարոյական բարձր չափանիշներին կառչելու մեր որոշմանը։
• Ի՞նչ դասեր կարելի է քաղել Սողոմոնի հիշատակած երիտասարդի մեղքերից։
• Ապաշխարության մասին ի՞նչ է մեզ սովորեցնում Դավիթի օրինակը։
[նկար 13–րդ էջի վրա]
Մարդկանց բացատրելով, թե բարոյական ինչ չափանիշների կողմնակից եք՝ դուք կպաշտպանեք ինքներդ ձեզ։
[նկարներ 16–րդ, 17–րդ էջի վրա]
Եհովան ներեց Դավիթին անկեղծ ապաշխարության համար։