Ինչո՞ւ է հարկավոր աղոթել
«ԽՆԴՐՈՒՄ էք եւ չէք ստանում, որովհետեւ չարամտօրէն էք խնդրում.... մօտեցէ՛ք Աստծուն, եւ նա կը մերձենայ ձեզ» (Յակոբոս 4։3, 8)։ Հիսուսի աշակերտ Հակոբոսի այս խոսքերը մղում են մեզ քննելու, թե ինչու ենք աղոթում։
Աղոթքը չի հանդիսանում պարզապես միջոց, որով կարելի է Աստծուց ինչ–որ բան խնդրել։ Հիսուսն իր հանրահայտ Լեռան քարոզում ասաց. «Ձեր Հայրը գիտէ, թէ ինչ է ձեզ պէտք, նախքան որ դուք նրանից մի բան ուզէք»։ Բայց նա նաև ասաց. «Խնդրեցէ՛ք Աստծուց, եւ նա կը տայ ձեզ» (Մատթէոս 6։8; 7։7)։ Ուստի, Եհովան ուզում է, որ մենք ասենք իրեն, թե ինչի կարիք ենք զգում։ Սակայն աղոթքն իր մեջ ավելին է պարունակում։
Իսկական ընկերները իրար հետ չեն հաղորդակցվում միայն այն ժամանակ, երբ ինչ–որ բանի կարիք են ունենում։ Նրանք փոխադարձ հետաքրքրություն են ցուցաբերում, և երբ միմյանց հանդեպ արտահայտում են իրենց զգացումները, նրանց ընկերությունն ավելի է խորանում։ Նմանապես, աղոթքն իր մեջ ավելին է պարունակում, քան պարզապես անհրաժեշտ բաներ խնդրելը։ Սրտանց նվիրվածություն արտահայտելով աղոթքի միջոցով՝ մենք հնարավորություն ենք ունենում ամրացնել մեր փոխհարաբերությունները Եհովայի հետ։
Այո՛, Աստված աղոթելու առանձնաշնորհում է տվել, որպեսզի կարողանանք իրեն մոտենալ։ Բայց դա հնարավոր է միայն այն դեպքում, եթե մեր աղոթքն ընդգրկի ոչ թե անգիր արված խոսքեր, այլ արտահայտի մեր ներքին զգացումները։ Ի՜նչ մեծ բավականություն է պատճառում Եհովայի հետ աղոթքով խոսելը։ Դեռ ավելին, աստվածաշնչյան առակում ասվում է. «Ուղիղների աղօթքը նորան հաճելի է» (Առակաց 15։8)։
Սաղմոսերգու Ասափը երգում էր. «Ինձ համար բարի է որ մօտենամ Աստուծուն» (Սաղմոս 73։28)։ Սակայն միայն աղոթելը բավական չէ Աստծուն մոտենալու համար։ Իսկ ուրիշ ի՞նչ է հարկավոր անել։ Դա պարզ է դառնում հետևյալ դեպքից։
«Նրա [Հիսուսի] աշակերտներից մէկն ասաց նրան. «Տէ՛ր, մեզ աղօթել սովորեցրո՛ւ»»։ Ի պատասխան՝ Հիսուսն ասաց. «Երբ աղօթքի կանգնէք, ասացէ՛ք. «Հայր մեր, սուրբ թող լինի քո անունը. քո արքայութիւնը թող գայ»» (Ղուկաս 11։1, 2)։ Բայց կարո՞ղ ենք այս աղոթքը գիտակցված ձևով ասել, եթե նախ չիմանանք, թե ինչ է Աստծո անունը և ինչպես պիտի այն սրբացվի։ Կարո՞ղ ենք արդյոք աղոթել Հիսուսի այս խոսքերի հետ ներդաշնակ, եթե չգիտենք, թե ինչ է Աստծո Թագավորությունը։ Այս ամենը կարելի է հասկանալ՝ ուշադրությամբ քննելով Աստվածաշունչը։ Այդպիսով է, որ կարող ենք ճանաչել Աստծուն և իմանալ նրա ճանապարհները։ Բացի դրանից, Եհովա Աստծո հետ ծանոթանալը մեզ կօգնի ավելի մոտ զգալ իրեն ու հավատարիմ լինել։ Սա էլ, իր հերթին, կնպաստի, որպեսզի ավելի ազատորեն դիմենք նրան աղոթքով։
Աղոթքը կարող է լուծել պրոբլեմները
Եհովայի հետ մտերիմ հարաբերություններ զարգացնելը կօգնի մեզ լուծել պրոբլեմները։ Ահա թե ինչպես է այս փաստը դրսևորվում ստորև բերված յուրաքանչյուր դեպքում։ Դրանք ցույց են տալիս, որ մարդիկ աղոթքի միջոցով կարողացել են ամրապնդել Եհովայի հետ իրենց փոխհարաբերությունները։
Բրազիլիայում Մարիա անունով մի կին աղոթում էր Աստծուն օգնության համար։ Նրան վրդովեցնում էր հասարակության մեջ սովորական դարձած վարքագիծը, մասնավորապես՝ կեղծավորությունը։ Մարիան նույնիսկ թողել էր ամուսնուն, երեխաներին, տունը։ Նա սկսել էր նաև թմրանյութեր գործածել։ Սակայն երբ զգաց, որ չի կարողանում ոչ մի բանում ուրախություն գտնել, սիրտը բաց արեց Աստծո առջև ու աղոթեց օգնության համար։
Շուտով երկու Եհովայի վկա այցելեցին նրան ու առաջարկեցին «Դիտարան» պարբերագիրը, որտեղ հոդված կար Աստծո առաջնորդությունն ընդունելու կարևորության մասին։ Դա արձագանք գտավ նրա սրտում, և հենց նույն օրը նրա հետ Աստվածաշնչի ուսումնասիրություն սկսվեց։ Վերջիվերջո, Մարիան վերադարձավ ընտանիք։ Աստիճանաբար սովորելով Եհովայի մասին՝ նա ցանկանում էր արտահայտել իր սերը նրա հանդեպ։ «Ես փոփոխություններ մտցրեցի վարքագծիս մեջ,— ասում է Մարիան։— Ամուսինս ու երեխաներս սկզբում դեմ էին Աստվածաշունչ ուսումնասիրելուս։ Սակայն երբ տեսան, որ փոխվում եմ դեպի լավը, սկսեցին քաջալերել ինձ»։ Ավելի ուշ, Մարիան կյանքը նվիրեց աղոթք Լսողին՝ նրան ծառայելու համար։
Խոսեն ապրում էր Բոլիվիայում։ Գեղեցիկ կին ուներ, բիզնեսը եկամտաբեր էր։ Սակայն դժբախտ էր։ Արտամուսնական կապի պատճառով կինը լքեց նրան։ Նա սկսեց խմել ու անպիտան մարդ էր համարում իրեն։ Ահա թե ինչ է ասում. «Ես սկսեցի ամբողջ հոգով աղոթել Աստծուն՝ հարցնելով նրան, թե ինչ պիտի անեմ իրեն հաճելի լինելու համար։ Շուտով Եհովայի վկաներն այցելեցին աշխատավայրս ու առաջարկեցին Աստվածաշնչի անվճար ուսումնասիրություն, սակայն ես հրաժարվեցի։ Այս բանը տեղի ունեցավ երեք անգամ։ Ամեն անգամ, երբ օգնության համար աղոթում էի, նրանք գալիս էին։ Վերջապես որոշեցի, որ հաջորդ անգամ պետք է լսեմ։ Ես Աստվածաշունչը սկզբից մինչև վերջ կարդացել էի և շատ հարցեր ունեի ու, երբ հարցնում էի, նրանց պատասխանները միշտ բավարարում էին ինձ։ Եհովայի մասին իմանալն իմ կյանքին նոր լիցք հաղորդեց, իսկ իմ Վկա–ընկերներն ինձ շատ էին ոգևորում։ Ես թողեցի սիրուհուս և հարբեցող ընկերներիս։ Կարճ ժամանակ անց վերադարձա կնոջս ու երեխաներիս մոտ։ Իսկ 1999–ի սկզբներին մկրտվեցի»։
Իտալիայում բնակվող Թամարայի ու իր ամուսնու միջև խնդիրներ առաջացան, և նա աղոթում էր Աստծուն իմաստություն ստանալու համար։ Այն ժամանակվանից, երբ 14 տարեկանում նրան ծեծելով դուրս էին հանել ընտանիքից, նա բնավորությամբ ագրեսիվ էր դարձել։ Թամարան ասում է. «Աստվածաշունչ գտա ու սկսեցի կարդալ։ Մի երեկո կարդացի, որ իմաստություն գտնելը նման է թաքնված գանձեր գտնելուն։ Ես աղոթում էի այդ իմաստության համար (Առակաց 2։1–6)։ Հաջորդ առավոտ Եհովայի վկաներն այցելեցին ինձ։ Սկսեցի Աստվածաշունչ ուսումնասիրել նրանց հետ, սակայն ինձանից որոշ ժամանակ պահանջվեց սովորածս կյանքում կիրառելու համար։ Վերջապես, վճռեցի քրիստոնեական կյանքի ուղով ընթանալ և մկրտվեցի։ Այժմ ամուսնուս հետ միասին օգնում եմ ուրիշներին՝ տեսնելու, թե ինչ օգուտներ կարելի է քաղել աստվածային իմաստությունից»։
Բեատրիսը ապրում էր Կարակասում (Վենեսուելա) և հասարակության բարձր խավին էր պատկանում։ Սակայն, այնպես եղավ, որ նա ամուսնալուծվեց, ինչը իրեն մեծ ցավ պատճառեց։ Մի անգամ նա հուսահատ վիճակում ժամերով աղոթեց։ Հաջորդ առավոտյան լսվեց դռան զանգը։ Նյարդայնացած՝ դռան դիտանցքից նայեց ու երկու մարդ տեսավ՝ ձեռքներին պորտֆելներ։ Բեատրիսը ձևացրեց, թե տանը ոչ ոք չկա, իսկ նրանք, նախքան հեռանալը, դռան տակից մի թերթիկ թողեցին, որի վրա գրված էր. «Հասկացեք ձեր Աստվածաշունչը»։ Գուցե նրանց այցը կապվա՞ծ էր նախորդ գիշերվա աղոթքների հետ։ Բեատրիսը նրանց ետևից կանչեց, որ վերադառնան։ Արդյունքը եղավ այն, որ նա սկսեց Աստվածաշունչ ուսումնասիրել և հետագայում մկրտվեց։ Դա նրան մեծ ուրախություն պարգևեց, և հիմա ինքն է օգնում մարդկանց՝ ուրախություն գտնելու։
Կարմենը աղքատության մեջ էր ապրում և աղոթեց Աստծուն իր ծանր վիճակի առնչությամբ։ Նա տասը երեխա ուներ և, դրան ավելացրած, հարբեցող ամուսին՝ Ռաֆայելը։ «Ես փորձում էի փող վաստակել՝ ուրիշների շորերը լվանալով,— ասում է Կարմենը, իսկ Ռաֆայելն է՛լ ավելի շատ սկսեց խմել։— Դա շարունակվեց այնքան ժամանակ, մինչև որ սկսեցինք Եհովայի վկաների հետ Աստվածաշունչ ուսումնասիրել. այդ ընթացքում ամուսինս սկսեց փոխվել։ Մենք իմացանք Թագավորության խոստման մասին. այն, որ Եհովան շուտով երկրից կվերացնի աղքատությունն ու հարստահարումը։ Աստծուն ուղղված աղոթքներս վերջապես պատասխան գտան»։ Եհովայի ուղիների մասին սովորելով՝ Ռաֆայելը կարողացավ թողնել խմելը և ‘հագավ նոր մարդը’ (Եփեսացիս 4։24)։ Նրանք բարելավեցին իրենց ընտանիքի կենսամակարդակը։ Ահա թե ինչ է ասում Ռաֆայելը. «Թեև հարուստ չենք և սեփական տուն չունենք, սակայն մենք ունենք ապրելու ամենաանհրաժեշտ բաները և երջանիկ ենք»։
Երբ բոլոր աղոթքները պատասխան կգտնեն
Արդյո՞ք այս մարդկանց աղոթքները մի ինչ–որ բանով օգնեցին իրենց։ Անշո՛ւշտ։ Իսկ նկատեցի՞ք, որ գրեթե բոլոր դեպքերում նրանց աղոթքները պատասխան գտան այն ժամանակ, երբ քրիստոնեական ժողովից ինչ–որ մեկն Աստվածաշնչի ուսումնասիրության միջոցով օգնեց նրանց մոտենալ Եհովա Աստծուն (Գործք 9։11)։
Ուստի, մենք հիմնավոր պատճառներ ունենք աղոթելու։ Շուտով Աստծո Թագավորության գալու ու երկրի վրա նրա կամքի իրագործման վերաբերյալ աղոթքը պատասխան կգտնի (Մատթէոս 6։10)։ Երբ Աստված երկիրը մաքրի իր դեմ ըմբոստացողներից, ‘երկիրը լիքը կլինի Տիրոջ գիտությունով’ (Եսայիա 11։9)։ Այն ժամանակ բոլոր նրանք, ովքեր սիրում են Եհովային, կվայելեն ‘Աստծո որդիների փառքի [«փառավոր», ԱԹ] ազատությունը’, և նրանց աղոթքներն, անշուշտ, պատասխան կգտնեն (Հռովմայեցիս 8։18–21)։
[նկար 7–րդ էջի վրա]
Գիտե՞ք արդյոք, թե ինչու է հարկավոր աղոթել։