Ինչպես կարող ես գտնել ընկերներ
«Ամբողջ կյանքում մեկ ընկեր ունենալը մեծ բան է, երկուսը՝ շատ է, իսկ երեքը՝ հազիվ թե հնարավոր է» (Հենրի Բրուքս Ադամս)։
ՆՄԱՆ կարծիքը խոսում է այն մասին, որ իսկական ընկեր ունենալը հազվագյուտ երևույթ է։ Այն անհատներից, որոնք բոլորովին միայնակ են և ընկերներ են փնտրում, հաճախ ենք լսում այսպիսի արտահայտություններ. «Չկա մեկը, ում կարող եմ դիմել», «ես չեմ կարող որևէ մեկին վստահել» կամ «իմ ամենալավ ընկերը շունս է»։
Ամուր ընկերություն հաստատելը և այն պահպանելը իրենից դժվարություն է ներկայացնում։ Շուկայավարման մի հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ «Միացյալ Նահանգներում չափահաս տարիքի բնակչության 25 տոկոսը տառապում է «խրոնիկական միայնակությամբ», իսկ.... Ֆրանսիայի բնակչության կեսին հատուկ է խիստ միայնության զգացումը»։ Ժամադրությունների ակումբների, համակարգչային «զրուցասենյակների» («chat rooms») թվի աճը և ընկերներ փնտրելու միտումով թերթերում բազմաթիվ հայտարարությունների առատությունը վկայում են այն մասին, որ մարդիկ հաղորդակցության խիստ կարիք ունեն։
Նյարդահոգեբուժության դոկտոր Դեյվիդ Ուիքսի կարծիքով միայնությունը ազդեցություն է գործում անհատի ոչ միայն հոգեկան, այլև ֆիզիկական առողջության վրա։ «Ինձ մոտ գալիս են մեծ թվով հիվանդներ, որոնք տառապում են սևեռուն վախով (ֆոբիա) ու դեպրեսիայով, և նրանց կարելի է բնութագրել՝ որպես միայնակ անհատներ,— ասում է նա։— Գոյություն ունի սերտ կապ միայնության ուժգնության ու դեպրեսիայի ուժգնության միջև»։
Ամուսնալուծության և ընտանեկան կյանքի քայքայման հետևանքով ավելի ու ավելի շատ մարդիկ են մատնվում միայնակ կյանքի։ Մեծ Բրիտանիայում անցկացված մի հետազոտության արդյունքներով 21–րդ դարի սկզբներին միայնակ ապրող անգլիացիների թիվը կկազմի բնակչության 30 տոկոսը։
Ինչպես կանխագուշակվել է Սուրբ Գրություններում, անձնասիրության ոգին մեծ տարածում է գտնում «վերջին օրերին» (Բ Տիմոթէոս 3։1–5)։ Ակնհայտ է, որ այսօր շատերին առավել հետաքրքրում է աշխատանքը կամ նյութական կարողությունները, ինչպես՝ բնակարան կամ մեքենա ունենալը, քան մարդկանց հետ փոխհարաբերություններ զարգացնելը։ Գրող Էնթոնի Սթորրը նկատում է. «Իրենց կողակցին ու երեխաներին ուշադրություն դարձնելու փոխարեն՝ նրանք իրենց կյանքը անցկացնում են աշխատավայրում»։
Իսկական ընկերները գին չունեն
Թե ինչպիսին կլինի կյանքդ, մեծապես կախված է քո ընկերական շրջապատից։ Հաճախ ինքնակենտրոն կյանքով ապրող մարդիկ երջանիկ չեն զգում իրենց, քանի որ չունեն ընկերներ, որոնց հետ կկարողանան իրենց ունեցածը կիսել կամ մտքեր փոխանակել։ Որքա՜ն ճշմարիտ են Հիսուս Քրիստոսի խոսքերը. «Երանելի՜ է մանաւանդ տալը, քան առնելը» (Գործք 20։35)։ Համանման միտք է արտահայտել նաև անգլիացի գրող Ջորջ Բայրոնը. «Բոլոր նրանք, ովքեր ցանկանում են ուրախություն գտնել, նախ պետք է իրե՛նք ուրախություն պատճառեն»։
Ո՞վ է համարվում ընկեր։ Մի բառարան «ընկեր» բառը մեկնաբանում է որպես «մարդ, որ կապված է մեկի հետ մտերմությամբ և հարգանքով»։ Իսկական ընկերը կօգնի քեզ մտքերդ օգտակար բաների վրա կենտրոնացնել։ Հարկ եղած ժամանակ նա կարող է քաջալերել և ոգևորել քեզ։ Նա նույնիսկ կարող է քեզ վշտակից լինել։ Սողոմոն թագավորն ասել է. «Ամեն ժամանակ սիրող է բարեկամը, եւ եղբայրը նեղ օրուան համար է ծնուած» (Առակաց 17։17)։ Մինչ նյութական իրերը ժամանակի ընթացքում կորցնում են իրենց արժեքը, իսկական ընկերությունը գնալով ամրանում է և բարգավաճում։
Աստվածաշունչը հորդորում է քրիստոնյաներին ‘լայնանալ’ մտերմությունների մեջ (Բ Կորնթացիս 6։13, ԱԹ)։ Խելամիտ է ուրիշների հետ ընկերանալու ձգտում ունենալը։ Ժողովող 11։1, 2 խոսքերում կարդում ենք. «Հացդ թող տուր ջրերի երեսին, որովհետեւ շատ օրերից յետոյ նորան կ’գտնես։ Բաժին տուր եօթնին եւ ութին էլ, որովհետեւ չ’գիտես թէ ինչ չարիք պիտի լինի երկրի վերայ»։ Ինչպե՞ս կարելի է այս սկզբունքը կիրառել ընկերության մեջ։ Եթե դու շատ ընկերներ ունես, ապա դժվարությունների հանդիպելիս հնարավոր է, որ նրանք օգնության ձեռք մեկնեն քեզ։
Իսկական ընկերները պաշտպանություն են մեկ այլ առումով ևս։ «Անկեղծ են բարեկամի տուած վէրքերը»,— ասում է Առակաց 27։6–ը։ Թեև հնարավոր է՝ ոմանք գովասանքի խոսքեր ուղղեն քեզ, բայց միայն իսկական ընկերը ինչպես հարկն է կմտահոգվի քո մասին՝ ուշադրությունդ լուրջ սխալներիդ վրա ուղղելով և սիրով օգտակար խորհուրդ տալով (Առակաց 28։23)։
Անկեղծ, մտերիմ ընկերները այն հազվադեպ պարգևներից են, որոնք կարող են դրական ազդեցություն թողնել քեզ վրա։ Գործք 10–րդ գլխում կարդում ենք հռոմեական բանակի հարյուրապետ Կոռնելիոսի մասին, որին հրեշտակը հայտնել էր, որ իր աղոթքները լսվել են։ Կոռնելիոսը սպասում էր Պետրոս առաքյալի գալուն՝ «կանչած լինելով իր ազգականներին եւ մտերիմ բարեկամներին»։ Նրա այդ մտերիմ ընկերները անթլփատ հեթանոսներից առաջինն էին, որ ընդունեցին բարի լուրը և օծվեցին սուրբ ոգով, ինչն էլ նրանց համար Քրիստոսի հետ Աստծո Թագավորության կառավարիչները լինելու հեռանկարը բացեց։ Ինչպիսի՜ օրհնություն Կոռնելիոսի մտերիմների համար (Գործք 10։24, 44)։
Իսկ ինչպե՞ս կարելի է ընկերներ գտնել։ Աստվածաշնչում շատ խորհուրդներ կարելի է գտնել ընկերակցությունների վերաբերյալ, նաև գործնական խորհուրդներ՝ վերոհիշյալ հարցի վերաբերյալ (տես ներքևի շրջանակը)։
Այն վայրը, որտեղ կարելի է իսկական ընկերներ գտնել
Իսկական ընկերներ գտնելու լավագույն վայրը քրիստոնեական ժողովն է։ Նախ և առաջ, այնտեղ դու կարող ես, օգտվելով ստեղծված հնարավորությունից, մտերմանալ Եհովայի՝ քո Արարչի և երկնային Հոր, ինչպես նաև Հիսուս Քրիստոսի՝ քո Փրկչի հետ։ «Աւելի մեծ սէր ոչ ոք չունի, քան այն, որ մէկն իր կեանքը տայ իր բարեկամների համար»,— ասել է Հիսուսը. նա, ով հրավիրում է քեզ իր ընկերը դառնալ (Յովհաննէս 15։13, 15)։ Եհովայի և Հիսուս Քրիստոսի հետ ընկերանալով՝ կարող ես վստահ լինել, որ նրանք «յաւիտենական յարկերի տակ» կընդունեն քեզ։ Այո՛, նրանց հետ մտերիմ փոխհարաբերություններ հաստատելը հավիտենական կյանք է նշանակում (Ղուկաս 16։9; Յովհաննէս 17։3)։
Ինչպե՞ս կարող ես նրանց հետ ջերմ փոխհարաբերություններ հաստատել։ Եհովայի վրանում որպես նրա ընկերներից մեկը հյուրընկալվելու պահանջները գրված են 15–րդ սաղմոսում։ Անդրադարձիր Աստծո Խոսքին և ընթերցիր այդ սաղմոսի բոլոր հինգ համարները։ Նաև, Հիսուս Քրիստոսն ասել է. «Դուք իմ բարեկամներն եք, եթէ անէք այն, ինչ ես ձեզ պատուիրում եմ» (Յովհաննէս 15։14)։
Այո՛, բարեխղճորեն ուսումնասիրելով և կյանքում կիրառելով Աստծո Խոսքում՝ Աստվածաշնչում տրված առաջնորդությունը, դու ցույց կտաս, որ ցանկանում ես Եհովայի և Հիսուսի ընկերը կամ բարեկամը լինել։ Դրա համար հարկավոր է նաև կանոնավորաբար հաճախել քրիստոնեական հանդիպումներին, որտեղ կարող ես Եհովա Աստծո մասին գիտելիքներ ձեռք բերել։ Եթե հավատարմորեն շարունակես Եհովայի ձայնին ականջ դնել, ապա կմտերմանաս նրա ու նրա Որդու հետ։
Ներկա գտնվելով ժողովի հանդիպումներին՝ կծանոթանաս այնպիսի անձնավորությունների հետ, ովքեր սիրում են Եհովային և իրենց կյանքում դրսևորում են նրա ոգու պտուղները՝ սերը, ուրախությունը, խաղաղությունը, երկայնամտությունը, քաղցրությունը, բարությունը, հավատքը, հեզությունը և ժուժկալությունը (Գաղատացիս 5։22, 23, ԱԹ)։ Եթե իսկապե՛ս ցանկանում ես ընկերներ ունենալ և քեզանից հեռու վանել միայնությունը, ամեն շաբաթ հաճախիր քրիստոնեական հանդիպումներին։ Այդպես վարվելով՝ դու ճիշտ վայրում և ճիշտ ժամանակին մտերմություն կհաստատես Աստծո օրհնյալ ժողովրդի հետ։
Հավիտյան ընկերներ
Իսկական ընկերությունը հիանալի պարգև է Եհովա Աստծուց։ Այն ուղղակիորեն բխում է նրա անձնավորությունից, նրա էությունից։ Լինելով սիրող և առատաձեռն Աստված՝ նա երկիրը լցրել է խելամիտ արարածներով, որոնք կարող են դառնալ քո ընկերները։ Հաղորդակցիր քրիստոնյա հավատակիցներիդ հետ։ Ոգևորիր նրանց։ Համագործակցիր նրանց հետ քարոզչության մեջ։ Կանոնավորաբար աղոթիր նրանց հետ միասին և նրանց համար։ Այդ դեպքում՝ դու կընդօրինակես Եհովային և իր Որդի Հիսուս Քրիստոսին։
Ընկերությունը մի պարգև է, որը յուրաքանչյուրը կարող է տալ և ստանալ։ Մոտ ապագայում դու հնարավորություն կունենաս մեծացնել ընկերներիդ շրջանակը։ Դու կարող ես մտերիմ փոխհարաբերություններ հաստատել ներկայումս ապրող միլիոնավորների հետ, ինչպես նաև անցյալ սերունդներից մարդկանց հետ, որոնք հիմա ննջում են մահվան քնով՝ սպասելով հարությանը, երբ «այլեւս մահ» չի լինի (Յայտնութիւն 21։4; Յովհաննէս 5։28, 29)։ Ջանք թափիր այսօր արդեն ընկերական լինել և ընկերացիր Եհովային սիրող անհատների հետ։ Ամրացրու Եհովա Աստծո և Հիսուս Քրիստոսի հետ հաստատած մտերմությունդ՝ ականջ դնելով Աստծո ներշնչյալ Խոսքին։ Կատարելով այս ամենը՝ դու երբեք այլևս միայնակ չես լինի։
[շրջանակ 22–րդ էջի վրա]
ՎԵՑ ՔԱՅԼ ԱՄՈՒՐ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ
1) ԻՆՔԴ ԸՆԿԵՐ ԵՂԻՐ։ Աբրահամը «Աստծուն բարեկամ» էր կոչվում իր անսասան հավատի համար (Յակոբոս 2։23)։ Բայց մեկ այլ պատճառ էլ կար։ Աստվածաշունչը հաղորդում է, որ Աբրահամը ցույց էր տալիս Աստծո հետ իր կապվածությունը (Բ Մնացորդաց 20։7)։ Նա անձնական նախաձեռնությամբ իր զգացումների մասին հայտնի էր դարձնում Աստծուն (Ծննդոց 18։20–33)։ Այո՛, հարկավոր է քայլեր անել մտերմությունը փաստող ապացույց ներկայացնելու համար։ Հիսուսն ասաց. «Տուէ՛ք, եւ պիտի տրուի ձեզ» (Ղուկաս 6։38)։ Քաջալերական մեկ խոսքը կամ մի փոքր օգնությունը կարող են սկիզբ տալ ամուր ընկերության։ Ամերիկացի ակնարկագիր Ռալֆ Էմերսոնը մի առիթով ասաց. «Ընկեր ունենալու միակ ուղին ընկեր լինելն է»։
2) ԺԱՄԱՆԱԿ ՀԱՏԿԱՑՐՈՒ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ։ Շատերն են ցանկանում օգուտներ քաղել ընկերակցություններից։ Սակայն, երբ հարկ է լինում դրան ժամանակ տրամադրել, նրանք խիստ զբաղված են լինում։ Հռովմայեցիս 12։15, 16 (ԱԹ) խոսքերում հորդոր է տրվում մեզ կիսել ուրիշների ուրախությունն ու հաջողությունը, վիշտն ու հիասթափությունը։ Այնտեղ ասվում է. «Ուրախացողների հետ ուրախացէք, եւ լացողների հետ լացէք։ Իրար վերայ միեւնոյն խորհուրդը ունեցէք»։ Չնայած իր զբաղվածությանը՝ Հիսուս Քրիստոսը իր ընկերների հետ հաղորդակցվելու համար միշտ էլ ժամանակ հատկացնում էր (Մարկոս 6։31–34)։ Հիշիր, որ ընկերությունը նման է ծաղկի, որը կփթթի միայն այն դեպքում, եթե ջրես և հոգ տանես, իսկ դա ժամանակ է պահանջում։
3) ՈՒՇԱԴԻՐ ԼՍԻՐ, ԵՐԲ ՈՒՐԻՇԸ ԽՈՍՈՒՄ Է։ Հանգիստ, ուշադրությամբ լսող անհատները հաճախ ավելի հեշտ են ընկերներ գտնում։ Ահա թե ինչ է ասում Հակոբոս աշակերտը. «Թող ամէն մարդ արագ լինի լսելու մէջ, ծանր՝ խօսելու մէջ» (Յակոբոս 1։19)։ Ուրիշների հետ զրուցելիս հետաքրքրություն ցույց տուր նրանց զգացումների հանդեպ։ Խնդրիր նրանց պատմեն իրենց մասին։ Պատիվ տալու մեջ առաջինը եղիր (Հռովմայեցիս 12։10)։ Այդ դեպքում քո ներկայությունը հաճելի կլինի նրանց։ Եվ հակառակը՝ եթե զրույցի ընթացքում շարունակ դու խոսես կամ անընդհատ ուշադրության կենտրոնում դու լինես, հազիվ թե գտնվի որևէ մեկը, ով պատրաստ լինի լսել քեզ կամ հոգ տանել քո զգացումների ու կարիքների մասին։
4) ԵՂԻՐ ՆԵՐՈՂԱՄԻՏ։ Մի անգամ Հիսուսը Պետրոսին հորդորեց պատրաստ լինել՝ «եօթանասուն անգամ եօթը» անգամ ներելու (Մատթէոս 18։21, 22)։ Իսկական ընկերը չի վարանում անտեսել փոքր թերացումները։ Պատկերացնենք հետևյալը. ոմանք չեն սիրում մորի ուտել՝ նրանում եղած մանր սերմնահատիկների պատճառով։ Իսկ ովքեր սիրում են, ուտելիս այդ սերմանահատիկները կարծես չեն նկատում։ Նմանապես, իսկական ընկերները սիրում են միմյանց իրենց լավ հատկությունների համար. նրանք անտեսում են աննշան վրիպումները։ Պողոսը հորդորեց մեզ ‘իրար համբերել և ներել’ (Կողոսացիս 3։13, ԱԹ)։ Այն անհատները, ովքեր աշխատում են ներողամիտ լինել, չեն կորցնում իրենց ընկերներին։
5) ՀԱՐԳԻՐ ՈՒՐԻՇՆԵՐԻ ՄԵՆԱԿ ՄՆԱԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԸ։ Բոլոր մարդիկ, այդ թվում և քո ընկերները, ինչ–որ չափով առանձնանալու կարիք են զգում։ Որքա՜ն իմաստուն են Առակաց 25։17–ի խոսքերը. «Ոտքդ սակաւ յաճախէ ընկերիդ տունը, մի գուցէ քեզանից կշտանայ եւ զզուէ քեզանից»։ Ինչպես տեսնում ենք, պետք է հավասարակշռված լինել այն հարցում, թե ինչ հաճախականությամբ ենք այցելում մեր մտերիմներին և որքան ժամանակով։ Խուսափիր սեփականատիրական դրսևորումներից, ինչը կարող է խանդի առիթ տալ։ Ողջամիտ եղիր, երբ խոսքը վերաբերում է ճաշակին և իրերի հանդեպ տեսակետ հայտնելուն։ Դա օգնում է, որպեսզի ընկերական հարաբերությունները դառնան կազդուրիչ և հաճելի։
6) ԵՂԻՐ ԱՌԱՏԱՁԵՌՆ։ Ընկերական կապերը կարելի է ամրացնել առատաձեռնության դրսևորումներով։ Պողոս առաքյալը խորհուրդ տվեց ‘առատաձեռն լինել և ունեցածից ուրիշին էլ բաժին հանել’ (Ա Տիմոթէոս 6։18)։ Օրինակ՝ առատաձեռն եղիր ուրիշներին քաջալերական խոսքեր ասելու մեջ (Առակաց 11։25)։ Մի զլացիր ոգևորության և գովասանքի անկեղծ խոսքեր ասել։ Ուրիշների բարօրությամբ անկեղծորեն հետաքրքրվելով՝ մարդկանց դեպի քեզ կձգես։ Խորհիր այն մասին, թե ի՛նչ կարող ես անել նրանց համար, փոխարեն հակառակը մտածելու։