Ինչո՞ւ ձգտել առաքինության
Խունիհիտո անունով միջին տարիքի ճապոնացի մի տղամարդ նոր էր Միացյալ Նահանգներ տեղափոխվել։a Մի քանի շաբաթ էլ չէր անցել, երբ հայտնվեց այնպիսի մի իրավիճակում, որը կարող էր մեծ վնաս հասցնել իր կարիերային։ Ահա թե ինչ է պատմում նա. «Երբ պետս հարցրեց՝ կարո՞ղ եմ արդյոք որոշակի պատասխանատվություն վերցնել, ես լիովին վստահ էի, որ կարող եմ։ Սակայն, համեստությունը համարելով առաքինություն (մանկուց ինձ այդպես էին դաստիարակել), պատասխանեցի, թե վստահ չեմ, բայց, ինչ խոսք, հնարավորությունների սահմաններում ձեռքիս եկածը կանեմ»։ Ամերիկացի պետիս համար դա նույնն էր, ինչ որ ասել, թե ես անտեղյակ եմ այդ գործից ու համարձակություն չունեմ։ Երբ դա հասկացա, պարզ էր, որ որոշ հարցերի վերաբերյալ մտածելակերպս փոխելու կարիք ունեի»։
Մարիան, որն ապրում ու սովորում է Նյու Յորքում, գերազանցիկ էր ու սիրով օգնում էր համակուրսեցիներին։ Նրանցից մեկը՝ Խուան անունով մի երիտասարդ, ժամանակ առ ժամանակ դիմում էր Մարիայի օգնությանը։ Բացի այդ, Մարիան նրան դուր էր գալիս, ու տղան ամեն կերպ փորձում էր նրա վրա լավ տպավորություն թողնել։ Չնայած բարոյապես մաքուր մնալու իր ցանկությանը՝ Մարիան չդիմադրեց Խուանի սիրահետումներին ու մի օր սեռային անբարոյականության ծուղակում հայտնվեց։
Մշակութային այս տարամետ աշխարհում, որը նաև բարոյական առումով ապականված է, շատ դժվար է առաքինի լինել։ Ինչո՞ւ է, ուրեմն, պետք առաքինությունը։ Բանն այն է, որ առաքինի վարքը հաճելի է Աստծուն, և մեծամասնությունս իրո՛ք ցանկանում է գոհացնել նրան։
Աստծո Խոսքն՝ Աստվածաշունչը, հորդորում է իր ընթերցողներին առաքինություն մշակել։ Պողոս առաքյալը գրել է. «Ինչ որ՝ առաքինութեամբ [է], ինչ որ՝ գովութեամբ, — ա՛յն խորհեցէք» (Փիլիպպեցիս 4։8)։ Իսկ Պետրոս առաքյալը հետևյալ հորդորն է տվել՝ «ձեր հաւատքին վրայ առաքինութիւն աւելցուցէք» (Բ Պետրոս 1։5, Արևմտ. Աստ.)։ Ի՞նչ է, սակայն, առաքինությունը։ Բավարա՞ր է զուտ տեսականորեն իմանալ դրա մասին։ Ինչպե՞ս մշակել այն։
[ծանոթագրություն]
a Որոշ անուններ փոխված են։