Անձնազոհ՝ չնայած առողջական խնդիրներին
Բրազիլիայից Մարիա Լյուսիան տառապում է Աշերի համախտանիշից՝ գենետիկական հիվանդություն, որը շատ դեպքերում հանգեցնում է լսողության կորստի կամ խլության և տեսողության աստիճանական կորստի։ Նա խուլ է ծնվել և մանկուց ժեստերի լեզու է սովորել։ Հետագայում՝ մոտ 30 տարեկանում, նա սկսեց կորցնել տեսողությունը։ Չնայած դժվարություններին՝ Մարիա Լյուսիան չէր մեկուսանում։ Այժմ՝ 70-ն անց տարիքում, նա շարունակում է ապրել երջանիկ և իմաստալից կյանքով։
Մարիա Լյուսիան ծանոթացել է Եհովայի վկաների հետ 1977 թ.-ին. այդ ժամանակ նա դեռ չէր կորցրել տեսողությունը։ Նա պատմում է. «Հանդիպեցի իմ նախկին դասարանցուն՝ Ադրիանույին, ով նոր էր Վկա դարձել։ Նա պատմեց ինձ, որ Աստված խոստանում է երկիրը վերածել դրախտի, որտեղ բոլոր մարդիկ կատարյալ առողջություն են վայելելու։ Այնքան տպավորված էի նրա խոսքերից, որ համաձայնեցի Աստվածաշունչ ուսումնասիրել։ Շուտով սկսեցի հաճախել Ռիո դե Ժանեյրոյի ժողովներից մեկը, որի որոշ հանդիպումներ թարգմանվում էին ժեստերի լեզվով։ Եհովայի օգնությամբ հոգևորապես հասունացա և 1978 թ. հուլիսին մկրտվեցի»։
Որոշ ժամանակ անց Մարիա Լյուսիան այնպիսի ժողով տեղափոխվեց, որում ոչ մի Վկա ժեստերի լեզու չգիտեր։ Սկզբում նրա համար շատ դժվար էր, քանի որ հանդիպումներին ոչինչ չէր հասկանում։ Բայց հետո երկու հավատակիցներ օգնության ձեռք մեկնեցին նրան։ Հանդիպումներին նրա կողքն էին նստում և իրենց լսածը փոխանցում էին նշումների միջոցով։ Մարիա Լյուսիան ասում է. «Տանը նորից ու նորից կարդում էի այդ նշումները, որպեսզի լիարժեքորեն հասկանամ տեղեկությունը։ Հետագայում այս երկու քույրերը ժեստերի լեզու սովորեցին ու դարձան իմ թարգմանիչները»։
Մարիա Լյուսիայի տեսողությունը այնքան վատթարացավ, որ այլևս չէր տեսնում թարգմանիչների ժեստերը։ Ուստի նա սկսեց հաղորդակցվել շոշափելի ժեստերի միջոցով։ Իսկ ո՞ր ժեստերն են կոչվում շոշափելի։ Նա բացատրում է. «Ձեռքերս դնում եմ թարգմանող անհատի ձեռքերի վրա։ Այդպես հասկանում եմ նրա արած ժեստերը»։
Մարիա Լյուսիան շատ է գնահատում իր թարգմանիչների օգնությունը։ Նա ասում է. «Նրանք անգին նվեր են Եհովայից։ Նրանց աջակցությամբ է, որ օգուտներ եմ քաղում ժողովի հանդիպումներից և համաժողովներից»։
Մարիա Լյուսիան ակտիվ է մնում ծառայության մեջ։ Շոշափելի ժեստերի միջոցով նա քարոզում է խուլերին, ովքեր տպավորվում են՝ տեսնելով, թե նա ինչ ջանքեր է թափում բարի լուրը իրենց պատմելու համար։ COVID-19 համավարակի ընթացքում Մարիա Լյուսիան բազմաթիվ նամակներ է գրել խուլերին իր եղբոր՝ Ժուզե Անտոնյուի միջոցով, ով նույնպես խուլ է և կույր։a
Այդ ինչպե՞ս։ Նա պատմում է. «L-աձև հարթ պլաստիկ եմ օգտագործում։ Դրա շնորհիվ կարողանում եմ ուղիղ գրել և տեքստը պարբերություններով շարադրել։ Ժուզե Անտոնյուն արտակարգ հիշողություն ունի։ Նա առաջարկում է, թե ինչ թեմաների մասին գրենք և աստվածաշնչյան ինչ համարներ օգտագործենք, ես էլ այդ ամենը գրի եմ առնում։ Փորձում եմ այնպես շարադրել մտքերը, որ խուլերի համար հասկանալի լինի։ Ոչ բոլոր խուլերն են ծանոթ գրավոր խոսքին»։
Թեպետ Մարիա Լյուսիան այժմ լիովին կորցրել է տեսողությունը, բայց առաջվա պես ժրաջան է և ակտիվ։ Կարոլինան՝ նրա թարգմանիչներից մեկը, ասում է. «Բոլոր տնային գործերը Մարիա Լյուսիան է անում։ Նա տունը միշտ մաքուր ու կոկիկ վիճակում է պահում։ Շատ է սիրում համեղ ճաշատեսակներ պատրաստել և հյուրասիրել իր ընկերներին»։
Ջեֆերսոնը, ով երեց է ծառայում Մարիա Լյուսիայի ժողովում, հավելում է. «Մարիա Լյուսիան ուժգին սեր ունի Եհովայի հանդեպ։ Նա նաև մարդկանց է սիրում։ Միշտ ջանում է նպաստել մյուսների բարօրությանը։ Նա շատ անձնազոհ մարդ է» (Փիլիպպեցիներ 2։4)։
a Ժուզե Անտոնյուն Վկա է դարձել Մարիա Լյուսիայից հետո, մկրտվել է 2003 թ.-ին։ Մարիա Լյուսիայի պես նա էլ է խուլ ծնվել և ժամանակի ընթացքում կորցրել է տեսողությունը։