Ի՞նչ է հոգևոր դրախտը
Գուստավուն մեծացել է Բրազիլիայի մի փոքրիկ քաղաքում։a Մանկուց նրան սովորեցրել են, որ լավ մարդիկ մահից հետո երկինք են գնում։ Նա ոչինչ չի իմացել Աստծո այն նպատակի մասին, որ գալու է մի ժամանակ, երբ նրան հավատարիմ մարդիկ կատարյալ կյանքով ապրելու են երկրային դրախտում (Յայտնութիւն 21։3, 4)։ Եվ մի բան էլ կար, որի մասին նա չգիտեր. դա այն էր, որ արդեն հիմա նա կարող էր գտնվել հոգևոր դրախտում։
Իսկ դուք լսե՞լ եք այդ հոգևոր դրախտի մասին։ Գիտե՞ք, թե ինչ է այն և ինչ է պահանջվում այնտեղ գտնվելու համար։ Ամեն ոք, ով ցանկանում է իրապես երջանիկ լինել, պետք է իմանա այդ դրախտի մասին։
Որտե՞ղ է գտնվում հոգևոր դրախտը
Եթե ասեին, որ նույնիսկ մեր օրերում հնարավոր է ապրել դրախտում, անիրական կհնչեր։ Այս աշխարհը հազիվ թե դրախտ անվանես։ Բազմաթիվ մարդիկ գտնվում են այնպիսի վիճակում, որը նկարագրել է հնում ապրած Իսրայելի թագավորներից մեկը. «Ահա զրկուածների արտասուք կար, բայց մխիթարող չ’ունէին. եւ նորանց զրկողների ձեռքից բռնութիւն կար, բայց իրանք մխիթարող չ’ունէին» (Ժողովող 4։1)։ Հարյուր միլիոնավորներ տառապում են քաղաքական, կրոնական և տնտեսական քայքայված համակարգերի ներքո, և նրանք ո՛չ հանգիստ ունեն, ո՛չ էլ «մխիթարող»։ Ուրիշներն էլ լարում են իրենց ուժերը՝ հարկերը վճարելու, երեխաներին մեծացնելու և հազար ու մի ուրիշ գործեր անելու համար, որպեսզի կարողանան գոյատևել։ Նրանք նույնպես կցանկանային մխիթարող ունենալ, մեկը, որը գեթ մի փոքր կթեթևացներ իրենց բեռը։ Նրանց բոլորի համար կյանքը դրախտային լինելուց շա՜տ ու շա՜տ հեռու է։
Այնուամենայնիվ, որտե՞ղ է գտնվում հոգևոր դրախտը։ «Դրախտ» թարգմանված բառը հունարեն, պարսկերեն և եբրայերեն լեզուներում նույնարմատ է հայերեն «պարտեզ» բառի հետ և կրում է այգու՝ խաղաղ, թարմացնող վայրի գաղափարը։ Աստվածաշունչը խոստանում է, որ մի գեղեցիկ օր երկիրը բառի բուն իմաստով դրախտի կվերածվի՝ անմեղ մարդկության համար պարտեզանման մի բնակավայրի (Սաղմոս 37։10, 11)։ Սա ի մտի ունենալով՝ հասկանում ենք, որ հոգևոր դրախտը մի այնպիսի միջավայր է, որը հաճելի է աչքին և հանգստացնում է հոգին, որը նպաստում է մերձավորի և Աստծո հետ խաղաղություն վայելելուն։ Այդպիսի դրախտ, ինչպես պարզեց Գուստավուն, արդեն գոյություն ունի, և նրա բնակիչների թիվը գնալով ավելանում է։
Տասներկու տարեկան հասակում Գուստավուն որոշել էր հռոմեական կաթոլիկ եկեղեցու քահանա դառնալ։ Ծնողների համաձայնությամբ՝ նա ընդունվեց կրոնական սեմինարիա։ Այնտեղ նա ներգրավվեց երաժշտության, թատրոնի և քաղաքականության մեջ, որոնք առաջ էին քաշվել եկեղեցու կողմից՝ երիտասարդներին իր կողմը գրավելու նպատակով։ Նա գիտեր, որ քահանան պետք է ժողովրդին նվիրված լիներ և չէր կարող ամուսնանալ։ Սակայն Գուստավուին ծանոթ քահանաներից և սեմինարիայում սովորողներից ոմանք անբարոյականությամբ էին զբաղվում։ Նման միջավայրում Գուստավուն հարբեցող դարձավ։ Պարզ է, որ նա դեռևս հոգևոր դրախտ չէր գտել։
Մի օր Գուստավուի ձեռքը աստվածաշնչյան մի թերթիկ ընկավ, որտեղ խոսվում էր երկրային դրախտի մասին։ Նա սկսեց խորհել կյանքի իմաստի շուրջ։ «Սկսեցի Աստվածաշունչը հաճախակի կարդալ,— պատմում է նա,— բայց չէի հասկանում այն։ Նույնիսկ չէի նկատում, որ Աստված անուն ունի»։ Գուստավուն հեռացավ սեմինարիայից և դիմեց Եհովայի վկաներին, որպեսզի օգնեն իրեն հասկանալ Աստվածաշունչը։ Դրանից հետո նա արագորեն առաջադիմեց և շուտով իր կյանքը Աստծուն նվիրեց։ Գուստավուն սովորում էր հոգևոր դրախտի մասին։
Աստծո անունով մի ժողովուրդ
Գուստավուն իմացավ, որ Աստծո Եհովա անունը սոսկ տեղեկություն չէ Աստվածաշունչն ուսումնասիրողի համար (Ելից 6։3)։ Այն ճշմարիտ երկրպագության կենսական մասն է կազմում։ Հիսուսն իր աշակերտներին սովորեցրեց աղոթել. «Հա՛յր մեր, որ երկնքում ես. սո՛ւրբ թող լինի քո անունը» (Մատթէոս 6։9)։ Խոսելով քրիստոնեությունն ընդունած հեթանոսների մասին՝ Հիսուսի աշակերտ Հակոբոսն ասաց. «Աստուած... հոգածութիւն ցոյց տուեց՝ հեթանոսներից իր անունով մի ժողովուրդ ունենալու համար» (Գործք 15։14)։ Առաջին դարում «իր անունով... ժողովուրդը» քրիստոնեական ժողովն է եղել։ Իսկ կա՞ արդյոք Աստծո անունով ժողովուրդ այսօր։ Այո՛, և Գուստավուն հասկացավ, որ այդ ժողովուրդը Եհովայի վկաներն են։
Եհովայի վկաները գործունեություն են ծավալում 235 երկրներում և տարածքներում։ Քարոզիչների ընդհանուր թիվը կազմում է ավելի քան վեց միլիոն, իսկ ութ միլիոն հետաքրքրվող անհատներ այցելում են նրանց ժողովները։ Ճանաչված լինելով իրենց հրապարակային քարոզչական ծառայությամբ՝ դրանով նրանք կատարում են Հիսուսի խոսքերը. «Արքայութեան այս Աւետարանը պիտի քարոզուի ամբողջ աշխարհում՝ ի վկայութիւն բոլոր հեթանոսների» (Մատթէոս 24։14)։ Իսկ ինչո՞ւ էր Գուստավուն զգում, որ հոգևոր դրախտը Եհովայի վկաների մեջ է։ Նա ասում է. «Աշխարհում և հատկապես սեմինարիայում իմ տեսած բոլոր բաները ես համեմատում էի այն ամենի հետ, ինչ որ գտել էի Եհովայի վկաների մեջ։ Ամենամեծ տարբերությունը դա Վկաների մեջ տիրող սերն էր»։
Եհովայի վկաների մասին ուրիշներն էլ են նմանապես արտահայտվել։ Միրիամ անունով մի բրազիլուհի պատմում է. «Ես չգիտեի, թե ինչպես կարելի է երջանիկ լինել, նույնիսկ՝ իմ ընտանիքում։ Առաջին անգամ ես գործուն սեր տեսա Եհովայի վկաների մեջ»։ Իսկ Քրիստիան անունով մի տղամարդ այսպես է արտահայտվել. «Պատահել է, որ ոգեհարցությամբ եմ զբաղվել, իսկ կրոնին կարևորություն չեմ տվել։ Ավելի մեծ նշանակություն եմ տվել հասարակության մեջ իմ ունեցած դիրքին և որպես ինժեներ՝ իմ աշխատանքին։ Սակայն, երբ կինս սկսեց Աստվածաշունչ ուսումնասիրել Եհովայի վկաների հետ, նրա մեջ փոփոխություններ նկատեցի։ Նաև ինձ տպավորեց նրան այցելող քրիստոնյա կանանց ուրախությունն ու եռանդը»։ Ինչո՞ւ են մարդիկ այսպես արտահայտվում Եհովայի վկաների մասին։
Ի՞նչ է հոգևոր դրախտը
Եհովայի վկաներն աչքի են ընկնում Աստվածաշնչի գիտության հանդեպ իրենց գնահատանքով։ Նրանք հավատում են, որ Աստվածաշունչը ճշմարիտ է և Աստծո Խոսքն է։ Նրանք չեն սահմանափակվում իրենց կրոնի միայն հիմնական ուսուցումներն իմանալով, այլ Աստվածաշնչի անձնական ուսումնասիրության և ընթերցանության մշտական ծրագրին են հետևում։ Անհատը որքան երկար է հաղորդակցվում Եհովայի վկաների հետ, այնքան շատ բան է սովորում Աստծո և Աստվածաշնչի էջերում գրի առնված նրա կամքի մասին։
Այդպիսի գիտությունը ազատում է Եհովայի վկաներին վնասակար մտքերից, սնոտիապաշտությունից և մարդկանց երջանկությունը խլող այլ բաներից։ Հիսուսն ասել է. «Ճշմարտութիւնը ձեզ կ’ազատի»։ Եվ Եհովայի վկաները համոզվել են այս խոսքերի ճշմարտացիության մեջ (Յովհաննէս 8։32)։ Ֆերնանդուն, որը մի ժամանակ ոգեհարցությամբ է զբաղվել, ասում է. «Հավիտենական կյանքի լուրը մեծ թեթևացում բերեց։ Ես վախենում էի այն մտքից, որ կամ ես, կամ էլ ծնողներս կարող ենք մահանալ»։ Ճշմարտությունը Ֆերնանդուին ազատել է ոգիների աշխարհի և, այսպես կոչված, անդրշիրիմյան կյանքի հանդեպ ունեցած վախից։
Աստվածաշնչում Աստծո մասին գիտությունը սերտորեն կապված է դրախտի հետ։ Այդ առնչությամբ Եսայիա մարգարեն գրել է. «Նորանք չեն վնասիլ եւ չեն ապականիլ իմ բոլոր սուրբ սարի վերայ. որովհետեւ երկիրը լիքն է լինելու Տիրոջ գիտութիւնովը, ինչպէս որ ջուրերը ծածկում են ծովը» (Եսայիա 11։9)։
Ինչ խոսք, միայն գիտությունը բավարար չէ Եսայիայի մարգարեացած խաղաղ պայմանները հաստատելու համար։ Մարդը պետք է կիրառի այն, ինչ սովորում է։ Ֆերնանդուն հետևյալ կերպ է մեկնաբանում. «Իր մեջ ոգու պտուղները մշակելով՝ մարդը նպաստում է հոգևոր դրախտի հաստատմանը»։ Ֆերնանդուն ի նկատի ուներ Պողոս առաքյալի խոսքերը, որտեղ նա «հոգու պտուղ» է կոչում այն լավ հատկությունները, որոնք քրիստոնյան պետք է աշխատի իր մեջ մշակել։ Դրանք են՝ «սէր, խնդութիւն, խաղաղութիւն, համբերութիւն, քաղցրութիւն, բարութիւն, հաւատարմութիւն, հեզութիւն, ժուժկալութիւն» (Գաղատացիս 5։22, 23)։
Պա՞րզ է արդյոք, թե ինչու, ընկերակցելով մի խումբ այնպիսի մարդկանց հետ, ովքեր ջանում են այդպիսի հատկություններ զարգացնել, կարելի է ասել, որ կարծես դրախտում ես գտնվում։ Այդպիսի մարդկանց մեջ է տիրում այն հոգևոր դրախտը, որի մասին մարգարեացել է Սոփոնիան։ Նա գրել է. «[Նրանք] անօրէնութիւն չեն անելու, եւ սուտ չեն խօսելու, եւ նորանց բերանումը խաբեբայութեան լեզու չի գտնուելու, որովհետեւ նորանք պիտի արածեն եւ մակաղեն, եւ վախեցնող չի լինիլ» (Սոփոնիա 3։13)։
Սիրո կենսական դերը
Հավանաբար նկատեցիք, որ Պողոսի հիշատակած ոգու պտուղներից առաջինը սերն է։ Սերը մի հատկություն է, որի մասին Աստվածաշունչը շատ է խոսում։ Հիսուսն ասել է. «Եթէ դուք միմեանց սիրէք, դրանով բոլորը պիտի իմանան, որ դուք իմ աշակերտներն էք» (Յովհաննէս 13։35)։ Ճիշտ է, Եհովայի վկաները կատարյալ չեն։ Ժամանակ առ ժամանակ նրանց մեջ էլ տարաձայնություններ են լինում, ինչպես որ կար Հիսուսի աշակերտների մեջ։ Բայց նրանք անկեղծորեն սիրում են միմյանց և այս հատկությունը զարգացնելու համար աղոթքով խնդրում են սուրբ ոգու աջակցությունը։
Արդյունքում՝ նրանց ընկերակցությունը անզուգական է դառնում։ Նրանց մեջ չկա ցեղապաշտություն կամ պառակտող ազգայնամոլություն։ Իրականում, այն երկրներում, որտեղ 20–րդ դարի վերջին տարիներին էթնիկական մաքրում կամ ցեղասպանություն է տեղի ունեցել, Վկաները, անգամ իրենց կյանքը վտանգի ենթարկելով, փրկել են մյուս ցեղին պատկանող եղբայրներին։ Լինելով «բոլոր հեթանոսներից եւ բոլոր ազգերից, բոլոր լեզուներից եւ բոլոր ժողովուրդներից»՝ նրանք միասնություն են վայելում. մի բան, ինչը մարդը դժվարությամբ կըմբռնի, քանի դեռ այն չի ապրել (Յայտնութիւն 7։9)։
Դրախտ՝ Աստծո կամքը կատարողների մեջ
Հոգևոր դրախտում ագահությունը, անբարոյականությունը և եսասիրությունը տեղ չունեն։ Քրիստոնյաներին ասված է. «Այս աշխարհի կերպարանքով մի՛ կերպարանուէք, այլ նորոգուեցէ՛ք ձեր մտքի նորոգութեամբ, որպէսզի դուք քննէք լաւը, եւ թէ ի՛նչ է Աստծու կամքը՝ բարին եւ հաճելին եւ կատարեալը» (Հռովմայեցիս 12։2)։ Երբ անարատ, բարոյապես մաքուր կյանքով ենք ապրում և կյանքի մյուս ասպարեզներում էլ կատարում ենք Աստծո կամքը, օգնում ենք կառուցել հոգևոր դրախտը և դրանով նպաստում մեր իսկ երջանկությանը։ Կարլան համոզվել է սրանում։ Նա պատմում է. «Հայրս սովորեցրել էր, որ ջանասիրաբար աշխատեմ նյութապես անկախ լինելու համար։ Թեպետ համալսարանական կրթությունս օգնեց, որ ինձ ապահով զգամ, սակայն չկար ընտանեկան այն միասնությունն ու ապահովությունը, որը հնարավոր է ձեռք բերել միմիայն Աստվածաշնչի գիտության շնորհիվ»։
Ինչ խոսք, հոգևոր դրախտում գտնվելը դեռևս չի ձերբազատում այս կյանքին հատուկ խնդիրներից։ Քրիստոնյաները առողջության հետ կապված պրոբլեմներ են ունենում։ Գուցե այն պետությունում, որտեղ ապրում են նրանք, քաղաքացիական պառակտիչ կռիվներ սկսվեն։ Շատերը չքավորության մեջ են ապրում։ Այնուամենայնիվ, Եհովա Աստծո հետ մտերիմ փոխհարաբերություն ունենալով, ինչը շատ կարևոր է հոգևոր դրախտում, մենք կարող ենք աջակցության համար դիմել նրան։ Աստված նույնիսկ հրավիրում է մեզ ‘մեր հոգսերն իր վրա գցել’, և շատերը կարող են հաստատել, որ Աստված նրանց հրաշալի կերպով օգնել է իրենց ամենադժվարին իրավիճակներում (Սաղմոս 55։22; 86։16, 17)։ Նա խոստանում է իր երկրպագուների հետ լինել նույնիսկ «մահի շուքի ձորումը» (Սաղմոս 23։4)։ Այն վստահությունը, որ Աստված պատրաստ է մեզ թիկունք կանգնել, օգնում է պահպանել մեր ունեցած «Աստծու խաղաղութիւնը, որ վեր է, քան ամենայն միտք», և առանց որի հոգևոր դրախտ չի կարող լինել (Փիլիպպեցիս 4։7)։
Աջակցել հոգևոր դրախտի պահպանմանը
Շատերին է հաճելի զբոսնել այգում կամ պարտեզում, նստել նստարանին և հիանալ շրջապատի գեղեցկությամբ։ Նույնն է պարագան Եհովայի վկաների հետ հաղորդակցվելիս։ Շատերն են նկատել, որ այդ ընկերակցությունը թարմացնող է, խաղաղ և կազդուրիչ։ Սակայն, որպեսզի գեղեցիկ այգին դրախտային մնա, հարկավոր է այն խնամել։ Նմանապես, այս ոչ դրախտային աշխարհում հոգևոր դրախտ գոյություն ունի զուտ այն պատճառով, որ Եհովայի վկաները հոգ են տանում նրան, և Աստված օրհնում է նրանց ջանքերը։ Հետևաբար, ինչպե՞ս կարելի է աջակցել այդ դրախտի պահպանմանը։
Նախ, հարկավոր է միանալ Եհովայի վկաների ժողովներից մեկին, նրանց հետ Աստվածաշունչ ուսումնասիրել և աստվածաշնչյան գիտությունը ստանալ, որը հոգևոր դրախտի հիմքն է հանդիսանում։ Կարլան նշում է. «Հոգևոր դրախտ չի կարող լինել առանց հոգևոր սննդի»։ Վերջինիս մեջ են մտնում Աստծո Խոսքը կանոնավոր ընթերցելն ու կարդացածի շուրջ խորհրդածելը։ Ստացված գիտությունը ձեզ ավելի կմոտեցնի Եհովա Աստծուն, և դուք կսկսեք սիրել նրան։ Նաև կվարժվեք աղոթքով զրուցել նրա հետ և խնդրել նրա առաջնորդությունն ու ոգին՝ ձեզ թիկունք կանգնելու իր կամքը կատարելիս։ Հիսուսը մեզ պատվիրել է հարատևել աղոթքում (Ղուկաս 11։9–13)։ Իսկ Պողոս առաքյալը ասել է. «Անդադար աղօթեցէ՛ք» (Ա Թեսաղոնիկեցիս 5։17)։ Լսելի լինելու բացարձակ վստահությամբ Աստծուն աղոթելը կարևոր դեր է կատարում հոգևոր դրախտում։
Ժամանակի ընթացքում ձեր սովորածի շնորհիվ ձեր կյանքը կբարելավվի, և, ի վերջո, կցանկանաք այդ մասին ուրիշներին էլ պատմել։ Այնուհետև կհնազանդվեք Հիսուսի պատվերին. «Թող այդպէս փայլի ձեր լոյսը մարդկանց առաջ, որպէսզի տեսնեն ձեր բարի գործերն ու փառաւորեն ձեր Հօրը, որ երկնքում է» (Մատթէոս 5։16)։ Ուրիշներին էլ տալով Եհովա Աստծո և Հիսուս Քրիստոսի մասին գիտությունը և պատմելով մարդկության հանդեպ ցուցաբերած նրանց մեծ սիրո մասին՝ կավելանա ձեր ուրախությունը։
Մոտենում է ժամանակը, երբ ամբողջ երկիրը բառի բուն իմաստով դրախտի՝ պարտեզանման մի վայրի, հավատարիմ մարդկանց համար մաքուր ու հարմարավետ բնակավայրի կվերածվի։ Այս «չար ժամանակներում» հոգևոր դրախտի գոյությունը Աստծո զորության վկայությունն է և այն ամենի կանխավայելումը, ինչ նա կարող է անել և պիտի անի ապագայում (Բ Տիմոթէոս 3։1)։
Նույնիսկ հիմա նրանք, ովքեր գտնվում են հոգևոր դրախտում, իրենց աչքերով տեսնում են Եսայիա 49։10–ում արձանագրված մարգարեության հոգևոր կատարումը. «Նորանք պիտի չ’սովածանան եւ չ’ծարաւեն, եւ նորանց պիտի չ’զարկէ խորշակը եւ արեւը, որովհետեւ նորանց ողորմողը պիտի առաջնորդէ նորանց, եւ ջրի աղբիւրների վերայ պիտի տանէ նորանց»։ Ժուզեն հաստատում է այս խոսքերի ճշմարիտ լինելը։ Ժամանակին նա երազում էր հանրաճանաչ երաժիշտ դառնալ, բայց նրան ավելի մեծ բավականություն պատճառեց քրիստոնեական ժողովի հետ միասին Աստծուն ծառայելը։ Նա ասում է. «Այժմ կյանքս իմաստով է լցվել։ Քրիստոնեական եղբայրության մեջ ինձ ապահով եմ զգում. ճանաչում եմ Եհովային՝ որպես սիրառատ Հայր, որին կարելի է վստահել»։ Ժուզեի, ինչպես նաև նրա նման միլիոնավոր ուրիշ մարդկանց գտած երջանկությունը նկարագրվում է Սաղմոս 64։10–ում. «Արդարն ուրախ կ’լինի Տէրով եւ նորան կ’յուսայ»։ Հոգևոր դրախտի ի՜նչ գեղեցիկ նկարագիր։
[ծանոթագրություն]
a Հիշատակված անձինք իրականում ապրող մարդիկ են, բայց որոշ անուններ փոխված են։
[նկար 10–րդ էջի վրա]
Հոգևոր դրախտից հաճույք ստանալով հանդերձ՝ օգնենք այն ընդարձակել