Փրկվելու են նրանք, ովքեր ընտրում են լույսը
«Տէրն [«Եհովան», ՆԱ] է իմ լոյսը եւ իմ փրկութիւնը, ես ումի՞ց պիտի վախենամ» (Սաղմոս 27։1)։
1. Ի՞նչ է անում Եհովան, որպեսզի մարդիկ կարողանան ապրել։
ԵՀՈՎԱՆ Աղբյուր է արեգակի լույսի, որը հնարավոր է դարձնում կյանքը երկրի վրա (Ծննդոց 1։2, 14)։ Նա նաև Արարիչն է հոգևոր լույսի, որը ցրում է Սատանայի աշխարհի մահաբեր խավարը (Եսայիա 60։2; Բ Կորնթացիս 4։6; Եփեսացիս 5։8–11; 6։12)։ Նրանք, ովքեր ընտրում են լույսը, սաղմոսերգուի հետ միասին ասում են. «Տէրն [«Եհովան», ՆԱ] է իմ լոյսը եւ իմ փրկութիւնը, ես ումի՞ց պիտի վախենամ» (Սաղմոս 27։1ա)։ Մինչդեռ նրանց, ովքեր նախընտրում են խավարը, միայն դատաստան է սպասում, ինչպես որ տեղի ունեցավ Հիսուսի ժամանակներում (Յովհաննէս 1։9–11; 3։19–21, 36)։
2. Հին ժամանակներում ի՞նչ պատահեց նրանց, ովքեր մերժեցին Եհովայի լույսը, և՝ նրանց, ովքեր ականջ դրեցին նրա խոսքերին։
2 Եսայիայի օրերում Աստծո ուխտյալ ժողովրդի մեծ մասը մերժեց այդ լույսը։ Եսայիան ականատես եղավ դրա հետևանքներին. Իսրայելի հյուսիսային թագավորությունը ազգովին կործանվեց։ Այնուհետև մ.թ.ա. 607–ին Երուսաղեմն իր տաճարի հետ միասին ավերվեց, իսկ բնակչությունը գերի տարվեց։ Սակայն նրանք, ովքեր ականջ էին դնում Եհովայի խոսքերին, զորություն ստացան՝ դիմակայելու այն օրերի հավատուրացությանը։ Եհովան խոսք տվեց, որ նրանք, ովքեր լսում են իրեն, կփրկվեն մ.թ.ա. 607–ի կործանումից (Երեմիա 21։8, 9)։ Այսօր մենք, որ սիրում ենք լույսը, կարող ենք շատ բան սովորել անցյալի դեպքերից (Եփեսացիս 5։5)։
Լույսի մեջ գտնվողների ուրախությունը
3. Այսօր ի՞նչ վստահություն կարող ենք ունենալ։ Ո՞ր ‘արդար ժողովրդին’ ենք սիրում, և այդ «ժողովուրդը» ի՞նչ «զօրավոր քաղաք» ունի։
3 «Մենք մի զօրաւոր քաղաք ունինք, [Աստված] փրկութիւնը դնում է իբրեւ պարիսպ ու պատնէշ։ Բացէք դռները, որ մտնէ արդար եւ հաւատարմութիւն պահող ժողովուրդը» (Եսայիա 26։1, 2)։ Ցնծության այս խոսքերը պատկանում են Եհովային ապավինողներին։ Եսայիայի օրերի հավատարիմ հրեաները՝ որպես անվտանգության իրական Աղբյուրի, Եհովային էին նայում, և ոչ թե իրենց հայրենակիցների պաշտած կեղծ աստվածներին։ Այսօր մենք էլ նույն վստահությունն ունենք։ Ավելին, մենք սիրում ենք Եհովայի ‘արդար ժողովրդին’՝ «Աստծու Իսրայէլին» (Գաղատացիս 6։16; Մատթէոս 21։43)։ Եհովան նույնպես սիրում է այդ ժողովրդին՝ վերջինիս հավատարմության պատճառով։ Նրա օրհնությամբ Աստծո Իսրայելը «զօրաւոր քաղաք» ունի, այսինքն՝ մի քաղաքանման կազմակերպություն, որն աջակցում և պաշտպանում է այդ ժողովրդին։
4. Ի՞նչ մտայնություն է հարկավոր զարգացնել։
4 Նրանք, ովքեր գտնվում են այդ «քաղաքում», գիտակցում են, որ ‘հաստատ միտքը [Եհովան] պահելու է խաղաղ խաղաղությունով, որովհետև նրան են հուսացած’։ Եհովան թիկունք է կանգնում նրանց, ովքեր հաստատ մտքով իրեն են ապավինում և ապրում են իր արդար չափանիշների համաձայն։ Ուստի, Հուդայում ապրող հավատարիմները ականջ էին դնում Եսայիայի կոչին. «Յաւիտեան Տիրոջը յուսացէք, որովհետեւ Տէր Եհովան յաւիտենական վէմ է» (Եսայիա 26։3, 4; Սաղմոս 9։10; 37։3; Առակաց 3։5)։ Նրանք, ովքեր այդպես են մտածում, նայում են «Տէր Եհովային»՝ որպես միակ ամուր Վեմի։ Նրանք հարատև խաղաղություն են վայելում Աստծո հետ (Փիլիպպեցիս 1։2; 4։6, 7)։
Նվաստացում՝ Աստծո թշնամիներին
5, 6. ա) Ինչպե՞ս հին Բաբելոնը նվաստացում ապրեց։ բ) Ինչպե՞ս «մեծ Բաբելոնը» նվաստացվեց։
5 Ի՞նչ անել, եթե Եհովային ապավինողները նեղությունների մեջ են ընկնում։ Վախենալու հարկ չկա։ Եհովան թույլ է տալիս, որ նեղությունները ժամանակավորապես լինեն, սակայն, վերջիվերջո, օգնության է հասնում, իսկ նրանց, ովքեր առաջ են բերել այդ նեղությունները, Աստծո դատաստանն է սպասում (Բ Թեսաղոնիկեցիս 1։4–7; Բ Տիմոթէոս 1։8–10)։ Ահա թե ինչ «բարձր քաղաքի» մասին է Եսայիան խոսում։ Նա ասում է. «[Եհովան] խոնարհեցնում է բարձր բնակողներին, բարձր բերդը («քաղաքը», Արևմտ. Աստ.). նա նորան ցածացնում է, ցած է քաշում նորան մինչեւ գետինը, նա նորան նկուն է անում մինչեւ փոշին։ Ոտքը նորան պիտի կոխէ՝ աղքատի ոտքը՝ չքաւորների կոխելը» (Եսայիա 26։5, 6)։ Այստեղ հիշատակված բարձր քաղաքը, հավանաբար, Բաբելոնն է։ Այդ քաղաքն, անշուշտ, չարչարել է Աստծո ժողովրդին։ Բայց ի՞նչ պատահեց Բաբելոնին։ Մ.թ.ա. 539–ին այդ քաղաքը գրավվեց մարերի ու պարսիկների կողմից։ Ինչպիսի՜ նվաստացում։
6 Եսայիայի մարգարեական խոսքերը դիպուկ կերպով նկարագրում են այն, ինչ պատահեց «մեծ Բաբելոնին» մեր օրերում՝ սկսած 1919 թ.–ից։ Այդ տարի այս բարձր քաղաքը նվաստացում ապրեց, երբ ստիպված եղավ ազատ արձակել Եհովայի ժողովրդին հոգևոր գերությունից (Յայտնութիւն 14։8)։ Այն, ինչ որ հետո պատահեց, նույնիսկ ավելի նվաստացուցիչ էր։ Քրիստոնյաների այդ փոքր խումբը պատրաստվեց ‘կոխ տալու’ նրան, ում գերին էր մի ժամանակ։ 1922 թ.–ին նրանք սկսեցին ազդարարել քրիստոնեական աշխարհի մոտեցող վախճանի մասին՝ ծանուցելով Յայտնութիւն 8։7–12–ում նշված չորս հրեշտակների փող հնչեցնելը և Յայտնութիւն 9։1–11։15–ում կանխագուշակված երեք «վայերը»։
«Արդարի ճանապարհը ուղիղ է»
7. Ի՞նչ առաջնորդություն են ստանում նրանք, ովքեր դառնում են դեպի Եհովայի լույսը, և ո՞ւմ վրա են իրենց հույսը դնում ու ի՞նչն են բարձր գնահատում։
7 Ովքեր դառնում են դեպի իր լույսը, Եհովան փրկում է նրանց և առաջնորդում իրենց ճանապարհում, ինչպես երևում է Եսայիայի հետևյալ խոսքերից. «Արդարի ճանապարհը ուղիղ է. դու ուղիղդ, հարթում ես արդարի շաւիղը։ Հէնց քո դատաստանների ճանապարհին սպասել ենք քեզ, ով Տէր, քո անունին ու քո յիշատակին էր ցանկանում մեր հոգին» (Եսայիա 26։7, 8)։ Եհովան արդար Աստված է, և նրանք, ովքեր երկրպագում են իրեն, պետք է պահեն նրա արդար չափանիշները։ Երբ այդպես են վարվում, Եհովան առաջնորդում է նրանց՝ հարթելով նրանց շավիղը։ Ուշադրություն դարձնելով նրա առաջնորդությանը՝ այդ խոնարհ անձնավորությունները ցույց են տալիս, որ իրենց հույսը Եհովայի վրա են դնում և նրա անունը՝ նրա «յիշատակը», բարձր են գնահատում (Ելից 3։15)։
8. Ի՞նչ օրինակելի վարքագիծ է դրսևորել Եսայիան։
8 Եսայիան բարձր էր գնահատում Եհովայի անունը։ Դա ակնհայտ է նրա հաջորդ խոսքերից. «Հոգովս քեզ եմ փափագում գիշերը, հէնց իմ ներսի հոգովը ես քեզ եմ բաղձանում. որովհետեւ երբոր քո դատաստանները հասնում են երկրին, աշխարհի [«արգասաբեր երկրի», ՆԱ] բնակիչները արդարութիւն են սովորում» (Եսայիա 26։9)։ Եսայիան փափագում էր Եհովային ‘իր հոգով’՝ ողջ էությամբ։ Գիշերվա խաղաղ ժամերին աղոթելով Եհովային՝ մարգարեն իր խորին մտքերն էր արտահայտում և ցույց էր տալիս, որ ջերմեռանդորեն Եհովայի առաջնորդությունն է փնտրում։ Ի՜նչ հրաշալի օրինակ։ Դեռ ավելին, տեսնելով Եհովայի դատաստանական գործողությունները, Եսայիան արդարություն սովորեց։ Դրանով նա հիշեցնում է մեզ այն մասին, որ հարկավոր է միշտ զգոն և ուշադիր լինել, որպեսզի տեսնենք Եհովայի կամքը։
Ոմանք ընտրում են խավարը
9, 10. Ինչպե՞ս Եհովան բարություն ցուցաբերեց իր անհավատարիմ ժողովրդի հանդեպ, սակայն ինչպե՞ս էին նրանք արձագանքում։
9 Եհովան մեծ ողորմածություն ցույց տվեց Հուդայի հանդեպ, բայց, դժբախտաբար, ոչ բոլորը արձագանքեցին։ Ժողովրդի մեծ մասն ավելի հաճախ ընտրում էր ապստամբության և հավատուրացության ուղին, քան Եհովայի ճշմարտության լույսը։ Եսայիան ասաց. «Ամբարշտին ողորմութիւն է լինում, բայց նա արդարութիւն չէ սովորում, նա ուղղութեան երկրումը ծռութիւն է անում եւ չէ տեսնում Տիրոջ մեծափառութիւնը» (Եսայիա 26։10)։
10 Եսայիայի օրերում, երբ Եհովայի ձեռքը պաշտպանում էր Հուդային թշնամիներից, ժողովրդի մեծ մասը մերժում էր այդ փաստը ընդունել։ Երբ նա օրհնում էր նրանց իր խաղաղությամբ, ժողովուրդը երախտագիտության նշույլ անգամ ցույց չէր տալիս։ Ուստի Եհովան լքեց հրեաներին՝ թույլ տալով, որ «ուրիշ տէրերը» ծառայեցնեն նրանց և, արդյունքում, մ.թ.ա. 607–ին գերի տարվեն Բաբելոն (Եսայիա 26։11–13)։ Այնուամենայնիվ, ժողովրդից մի մաքրված մնացորդ, վերջիվերջո, վերադարձավ հայրենիք։
11, 12. ա) Ի՞նչ ապագա ունեցան Հուդան գերեվարողները։ բ) 1919 թ.–ին ի՞նչ էր սպասում Եհովայի օծյալ ծառաների նախկին գերեվարողներին։
11 Իսկ ի՞նչ եղան Հուդան գերեվարողները։ Եսայիան մարգարեանում է. «Անոնք մեռած են, պիտի չողջննան, ուրուականներ [«անզոր», ՆԱ] են, չեն կրնար ելլել, վասնզի դուն այցելութիւն ընելով՝ զանոնք բնաջինջ ըրիր ու անոնց յիշատակը կորսնցուցիր» (Եսայիա 26։14, Արևմտ. Աստ.)։ Այո՛, մ.թ.ա. 539–ին կործանվելով՝ Բաբելոնն այլևս ապագա չուներ։ Ժամանակի ընթացքում այդ քաղաքն այլևս գոյություն չէր ունենալու։ Նա «անզոր» էր լինելու, և այդ վիթխարի կայսրության մասին հայտնի էր դառնալու միայն պատմական գրքերից։ Ինչպիսի՜ նախազգուշացում նրանց համար, ովքեր հույսները դրել են այս աշխարհի հզորների վրա։
12 Այս մարգարեության մանրամասնությունները կատարվեցին այն ժամանակ, երբ Աստված թույլ տվեց, որ 1918 թ.–ին իր օծյալ ծառաներին հոգևոր գերության տանեն, իսկ հետո՝ 1919 թ.–ին, ազատ արձակեց նրանց։ Այդ ժամանակից սկսած՝ նրանց նախկին գերեվարողների, գլխավորապես քրիստոնեական աշխարհի ապագան մռայլ է եղել։ Իսկ Եհովայի ժողովրդին սպասող օրհնությունները, իրոք, առատ էին։
«Դու աւելացրիր այս ազգը»
13, 14. Ի՞նչ առատ օրհնություններ են վայելում Եհովայի օծյալ ծառաները՝ 1919 թ.–ից սկսած։
13 Աստված 1919 թ.–ին օրհնեց իր օծյալ ծառաների զղջամիտ կեցվածքը ու զարկ տվեց նրանց աճելուն։ Նախևառաջ, ուշադրություն դարձվեց Աստծո Իսրայելի մնացած անդամներին հավաքելուն, իսկ հետո սկսեցին հավաքվել ‘մեծ բազմության’ «այլ ոչխարները» (Յայտնութիւն 7։9; Յովհաննէս 10։16)։ Այս օրհնությունները մարգարեացված էին Եսայիայի կողմից. «Դու աւելացրիր այս ազգը, ով Տէր, դու աւելացրիր այս ազգը եւ փառաւորուեցար. երկրի ամեն ծայրերը ընդարձակեցիր։ Ով Տէր, նեղութեան մէջ քեզ որոնեցին, հառաչանք թափեցին դու նորանց խրատելիս» (Եսայիա 26։15, 16)։
14 Այսօր Աստծո Իսրայելի «ամեն ծայրերը» տարածվել են աշխարհով մեկ, և մեծ բազմության անդամների թիվը հասել է մոտավորապես վեց միլիոնի։ Այդ մարդիկ խանդավառությամբ քարոզում են բարի լուրը (Մատթէոս 24։14)։ Ինչպե՜ս է Եհովան օրհնում։ Եվ ի՜նչ պատիվ է դա բերում նրա անվանը։ Աստծո անունն այսօր լսվում է 235 երկրում, ինչը նրա խոստումի հրաշալի կատարման ապացույց է հանդիսանում։
15. Ի՞նչ խորհրդանշական հարություն տեղի ունեցավ 1919 թ.–ին։
15 Բաբելոնի գերությունից ազատվելու համար հրեաները Եհովայի օգնության կարիքն ունեին։ Նրանք չէին կարող ազատվել սեփական ուժերով (Եսայիա 26։17, 18)։ Նման կերպով, Աստծո Իսրայելի ազատագրումը 1919 թ.–ին Եհովայի աջակցության ապացույցն էր։ Դա չէր կարող տեղի ունենալ առանց նրա։ Նրանց վիճակի փոփոխությունն այնքան ապշեցուցիչ էր, որ Եսայիան դա նմանեցնում է հարություն առնելուն. «Քու մեռելներդ պիտի ողջննան։ Մեռելներուդ մարմինները յարութիւն պիտի առնեն։ Արթնցէ՛ք ու ցնծութեամբ երգեցէ՛ք, ո՛վ հողի մէջ բնակողներ. քանզի քու ցօղդ խոտերու ցօղ է։ Երկիրը իր մեռելները դուրս պիտի նետէ» (Եսայիա 26։19, Արևմտ. Աստ.; Յայտնութիւն 11։7–11)։ Այո՛, այս «մեռելները» կարծես թե կրկին ծնվելու էին ծառայությունը վերսկսելու համար։
Պաշտպանություն վտանգավոր ժամանակներում
16, 17. ա) Մ.թ.ա. 539–ին Բաբելոնի կործանումը վերապրելու համար ի՞նչ պետք է հրեաներն անեին։ բ) Հավանաբար, ի՞նչ են նշանակում «սենեակներն» այսօր, և ի՞նչ օգուտ ենք ստանում դրանցից։
16 Եհովայի ծառաները միշտ նրա պաշտպանության կարիքն ունեն։ Բայց շուտով Եհովան վերջին անգամ իր ձեռքը կմեկնի Սատանայի աշխարհի վրա, և իր երկրպագուները, ինչպես երբեք, նրա օգնության կարիքը կունենան (Ա Յովհաննէս 5։19)։ Այդ վտանգավոր ժամանակների առնչությամբ Եհովան նախազգուշացնում է մեզ. «Գնա, ով իմ ժողովուրդ, մտիր քո սենեակները, եւ գոցիր քո դռները ետեւիցդ. ծածկուիր մի փոքրիկ վայրկեան, մինչեւ որ բարկութիւնն անցնէ։ Որովհետեւ ահա Տէրը դուրս է գալիս իր տեղիցը, որ երկրի բնակիչներին այցելէ նորանց անօրէնութեան մասին, եւ երկիրը պիտի յայտնէ իր ընդունած արիւնները եւ պիտի չ’ծածկէ այլ եւս իր սպանուածներին» (Եսայիա 26։20, 21; Սոփոնիա 1։14)։ Այս նախազգուշացումը ցույց տվեց հրեաներին, թե ինչպես վերապրել Բաբելոնի կործանումը մ.թ.ա. 539–ին։ Նրանք, ովքեր ականջ էին դրել այդ խորհրդին, պետք է մնային իրենց տներում՝ ապահով՝ փողոցներում վխտացող հաղթական զինվորներից։
17 Այսօր մարգարեության մեջ նշված «սենեակները», հավանաբար, վերաբերում են Եհովայի ժողովրդի ամբողջ աշխարհում սփռված տասնյակ հազարավոր ժողովներին։ Այդ ժողովները պաշտպանություն են հանդիսանում նույնիսկ այսօր, որտեղ քրիստոնյաները ապահովություն են գտնում իրենց եղբայրների մեջ՝ սիրով լի երեցների հոգածության ներքո (Եսայիա 32։1, 2; Եբրայեցիս 10։24, 25)։ Դա հատկապես կարևորվում է նրանով, որ իրերի այս համակարգի վախճանը մոտ է, և այնժամ փրկությունը կախված է լինելու հնազանդությունից (Սոփոնիա 2։3)։
18. Շուտով ինչպե՞ս է Եհովան սպանելու «ծովի միջի վիշապին»։
18 Այդ ժամանակի վերաբերյալ Եսայիան մարգարեանում է. «Այն օրը Տէրը պիտի այցելէ իր ամուր ու մեծ եւ զօրաւոր սրովը լեւիաթան փախչող օձին, եւ լեւիաթան ոլորուն օձին, եւ պիտի սպանէ ծովի միջի վիշապին» (Եսայիա 27։1)։ Ո՞վ է ժամանակակից «Լեւիաթանը»։ Անկասկած, դա «առաջին օձն» է, ինքը Սատանան՝ իր ամբարիշտ իրերի համակարգի հետ միասին, որին օգտագործում է Աստծո Իսրայելի դեմ պատերազմ մղելու համար (Յայտնութիւն 12։9, 10, 17; 13։14, 16, 17)։ 1919 թ.–ին Լևիաթանը կորցրեց Աստծո ժողովրդի վրա ունեցած իր ազդեցությունը։ Ժամանակ կգա, որ նա այլևս գոյություն չի ունենա (Յայտնութիւն 19։19–21; 20։1–3, 9, 10)։ Այսպիսով, Եհովան սպանելու է «ծովի միջի վիշապին»։ Իսկ մինչ այդ, ինչ էլ որ Լևիաթանը փորձի անել Եհովայի ժողովրդի դեմ, երկարատև հաջողությունների չի հասնի (Եսայիա 54։17)։ Որքա՜ն է մխիթարում դրանում համոզված լինելը։
‘Ցանկալի գինու այգին’
19. Ի՞նչ պայմաններում է գտնվում մնացորդն այսօր։
19 Նկատի ունենալով Եհովայից եկող այս առատ լույսը՝ մի՞թե ցնծալու հիմքեր չունենք։ Իհա՛րկե, ունենք։ Եսայիան գեղարվեստորեն նկարագրում է Եհովայի ժողովրդի ուրախությունը. «Այն օրը [ցանկալի, տող. ծան.] գինիի այգի վրայ երգեցէք. Ես՝ Տէրս՝ կը պահեմ զանիկա, ամէն վայրկեան պիտի ոռոգեմ զանիկա, գիշեր ու ցորեկ անոր պահպանութիւն պիտի ընեմ, որպէս զի չըլլայ թէ մարդ մը անոր վնասէ» (Եսայիա 27։2, 3, Արևմտ. Աստ.)։ Եհովան հոգ է տարել իր «գինիի այգուն»՝ Աստծո Իսրայելի մնացորդին, և նրա տքնաջան ընկերակիցներին (Յովհաննէս 15։1–8)։ Եվ արդյունքը եղել են այն պտուղները, որոնք նրա անվանը փառք են բերում՝ մեծ ցնծություն պատճառելով երկրի վրա գտնվող իր ծառաներին։
20. Ինչպե՞ս է Եհովան պաշտպանում քրիստոնեկան ժողովը։
20 Մեր սրտերը հուզմունքով են լցվում այն բանի գիտակցումից, որ Եհովան դադարել է բարկանալ իր օծյալ ծառաների վրա. դա էր պատճառը, որ նա թույլ էր տվել՝ նրանց հոգևոր գերության տանելու 1918 թ.–ին։ Եհովան ինքը ասում է. «Ես բարկութիւն չունիմ.... թէ ցախերն ու փուշերը ինծի դէմ պատերազմէին, ես անոնց վրայ պիտի քալէի ու զանոնք մէկէն պիտի այրէի։ Եթէ ոչ՝ թող իմ զօրութեանս ապաւինին, թող ինծի հետ խաղաղութիւն ընեն. թող ինծի հետ խաղաղութիւն ընեն» (Եսայիա 27։4, 5, Արևմտ. Աստ.)։ Վստահ լինելու համար, որ իր խաղողի որթերը շարունակում է առատորեն ‘ցանկալի գինու’ պտուղ տալ, Եհովան ջախջախում և ոչնչացնում է ցանկացած փշանման ազդեցություն, որը կարող էր խանգարել նրանց։ Ուստի, թող ոչ ոք չփորձի վտանգել քրիստոնեական ժողովի բարօրությունը։ Թող որ բոլորս ‘Եհովայի զորությանը ապավինենք’՝ փնտրելով նրա բարեհաճությունն ու պաշտպանությունը։ Այդպես վարվելով՝ մենք խաղաղ հարաբերությունների մեջ կգտնվենք Աստծո հետ, ինչը այնքան կարևոր է, որ Եսայիան երկու անգամ է շեշտում դա (Սաղմոս 85։1, 2, 8; Հռովմայեցիս 5։1)։
21. Ինչպե՞ս է աշխարհը լցվել «պտուղով»։
21 Սակայն այս օրհնությունները դեռ բոլորը չեն։ «Ապագայում Յակոբը պիտի արմատանայ, Իսրայէլը ծաղկի եւ ընձիւղէ. եւ պիտի լցնեն աշխարհի երեսը պտուղով» (Եսայիա 27։6)։ 1919 թ.–ից այս խոսքերը սկսել են իրականանալ, որն էլ ակնառու կերպով վկայում է Եհովայի զորության մասին։ Օծյալ քրիստոնյաները աշխարհը լցրել են «պտուղով»՝ սննդարար հոգևոր կերակուրով։ Գտնվելով այլասերված աշխարհում՝ նրանք ուրախությամբ են պահում Աստծո բարձր չափանիշները։ Եվ Եհովան շարունակում է օրհնել նրանց՝ ավելացնելով իր երկրպագուների թիվը։ Որպես արդյունք՝ նրանց միլիոնավոր ուղեկիցները՝ այլ ոչխարները «[Աստծուն] կը ծառայեն ցորեկ ու գիշեր» (Յայտնութիւն 7։15, Արևմտ. Աստ.)։ Թող որ երբեք մեր տեսադաշտից դուրս չթողնենք այդ «պտուղից» օգտվելու մեծ առանձնաշնորհումը և դա ուրիշների հետ բաժանելը։
22. Ինչպե՞ս են օրհնվում նրանք, ովքեր ընդունում են լույսը։
22 Ճգնաժամային այս ժամանակներում, երբ խավարը ծածկել է երկիրը և թանձր մառախուղը՝ ազգերը, մի՞թե շնորհակալ չենք, որ Եհովան հոգևոր լույս է սփռում իր ժողովրդի վրա (Եսայիա 60։2; Հռովմայեցիս 2։19; 13։12)։ Բոլոր նրանք, ովքեր ընդունում են այդ լույսը, հոգեկան անդորր և սրտի ուրախություն են ունենում հիմա և դեռ ապագայում էլ՝ հավիտենական կյանքը։ Ուստի, միանգամայն հիմնավոր կերպով մենք, որ սիրում ենք լույսը, ամբողջ սրտով գովաբանում ենք Եհովային ու սաղմոսերգուի հետ միասին ասում. «Տէրն է իմ կեանքի զօրութիւնը, ես ումի՞ց պիտի սարսափիմ։ Սպասիր Տիրոջը, թող սիրտդ պինդ եւ զօրաւոր լինի. եւ սպասիր Տիրոջը» (Սաղմոս 27։1բ, 14)։
Հիշո՞ւմ եք
• Ի՞նչ ապագա է սպասում նրանց, ովքեր ճնշում են Եհովայի ժողովրդին։
• Ինչպիսի՞ աճի մասին է մարգարեանում Եսայիան։
• Ի՞նչ «սենեակներում» պետք է մնանք և ինչո՞ւ։
• Ինչո՞ւ է Եհովայի ժողովրդի կացությունը փառք բերում նրան։
[շրջանակ 23–րդ էջի վրա]
ՆՈՐ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Այս երկու հոդվածներում քննարկված նյութի մեծ մասը ելույթի ձևով ներկայացվել է 2000/2001 թթ.–ին անցկացված նահանգային համաժողովներում։ Ելույթի վերջում հայտարարվեց նոր լույս տեսած գրքի մասին, որի վերնագիրն է՝ «Եսայիայի մարգարեությունը. լույս ողջ մարդկության համար» (հատոր 1–ին, ռուս.)։ Այս 416 էջանոց գրքում համար առ համար քննարկվում են Աստվածաշնչի «Եսայիայի մարգարեությունը» գրքի առաջին 40 գլուխները։
[նկար 18–րդ էջի վրա]
Միայն արդարներն են մտնելու Եհովայի «զօրաւոր քաղաքը»՝ նրա կազմակերպությունը
[նկար 19–րդ էջի վրա]
Եսայիան փնտրում էր Եհովային «գիշերը»
[նկար 21–րդ էջի վրա]
Եհովան պաշտպանում և պտղաբեր է դարձնում իր խաղողի «այգին»