Մենակ չմնացինք, երբ մեր հավատը փորձվում էր
Վիկին մի հիանալի աղջնակ էր՝ սիրունատես, առողջ և աշխույժ։ Երբ նա լույս աշխարհ եկավ 1993թ. գարնանը, մեր ուրախությանը չափ ու սահման չկար։ Մենք ապրում էինք Շվեդիայի հարավում գտնվող մի փոքրիկ քաղաքում և անչափ գոհ էինք կյանքից։
Սակայն, երբ Վիկին մեկուկես տարեկան էր, պատահեց մի բան, որ, ասես, աշխարհը գլխներիս շուռ եկավ։ Մի որոշ ժամանակ Վիկին իրեն վատ էր զգում, և մենք որոշեցինք նրան հիվանդանոց տանել։ Երբեք չենք մոռանա այն պահը, երբ բժիշկն ասաց, որ մեր դուստրը հիվանդ է սուր լիմֆո–բլաստային լեյկոզով՝ մանկական քաղցկեղի մի տարատեսակ, որն ախտահարում է արյան սպիտակ գնդիկները։
Դժվար էր հաշտվել այն իրողության հետ, որ մեր փոքրիկ աղջիկը տառապում է այդ սարսափելի հիվանդությամբ։ Նա դեռ նոր էր սկսել ճանաչել իրեն շրջապատող աշխարհը և հիմա մահվան վտանգի առջև էր կանգնած։ Փորձելով մեզ մխիթարել՝ բժիշկն ասաց, որ այդ հիվանդության դեմ գոյություն ունի բավականին հաջող բուժում, որն իր մեջ ընդգրկում է քիմիոթերապիա, ինչպես նաև արյան մի քանի ներարկումներ։ Դա եղավ հաջորդ հարվածը, որ մենք ստացանք։
Մեր հավատը փորձվում է
Անշուշտ, մենք սիրում էինք մեր աղջկան և ուզում էինք լավագույն բժշկական օգնությունը ցույց տալ նրան։ Սակայն արյան ներարկման մասին խոսք անգամ լինել չէր կարող։ Մենք ամուր հավատ ունեինք Աստծո Խոսքի՝ Աստվածաշնչի հանդեպ, որտեղ հստակորեն ասվում է, որ քրիստոնյաները պետք է ‘հեռու մնան արյունից’ (Գործք 15։28, 29)։ Մենք նաև գիտեինք, որ արյուն ներարկելը ինքնըստինքյան ռիսկի հետ էր կապված։ Հազարավոր մարդիկ են վարակվել տարբեր հիվանդություններով և մահացել արյան ներարկումից։ Միակ ընտրությունը՝ առանց արյան ներարկման բարձրորակ բուժումն էր։ Այդ առումով՝ հավատի համար մեր պայքարը նոր էր սկսվում։ Ի՞նչ կարող էինք անել։ Օգնության խնդրանքով դիմեցինք Շվեդիայի՝ Եհովայի վկաների մասնաճյուղի Հիվանդանոցային տեղեկատվական ծառայությանը։a Անմիջապես Եվրոպայի տարբեր հիվանդանոցներ ֆաքսեր ուղարկվեցին՝ գտնելու համապատասխան հիվանդանոց ու այնպիսի բժիշկ, որը կհամաձայներ բուժումն իրականացնել միայն քիմիոթերապիայով՝ առանց արյուն ներարկելու։ Մեզ օգնելու հարցում եղբայրների ցուցաբերած եռանդն ու սերը բավականաչափ ուժ տվեց. հավատի համար մղվող պայքարում մենք լքված չէինք։
Մի քանի ժամվա ընթացքում համապատասխան հիվանդանոցն ու բժիշկը գտնվեցին Գերմանիայի Հոմբուրգ քաղաքում։ Անմիջապես միջոցներ ձեռնարկվեցին, որպեսզի հաջորդ օրը ևեթ Վիկիին հետազոտելու համար Հոմբուրգ թռչենք։ Այնտեղ մեզ դիմավորեցին տեղի ժողովի քրիստոնյա եղբայրները, ինչպես նաև՝ մեր ազգականներից ոմանք։ Ապա մեզ ջերմորեն ողջունեց տեղի Հիվանդանոցային կապի կոմիտեի ներկայացուցիչը։ Նա ուղեկցեց մեզ հիվանդանոց և հնարավոր ամեն բան արեց մեզ օգնելու համար։ Սփոփիչ էր տեսնել, որ նույնիսկ օտար երկրում ունենք հոգևոր եղբայրներ, որոնք մեզ նեցուկ են կանգնում։
Մխիթարական էր նաև հանդիպումը բժիշկ Գրաֆի հետ։ Նա շատ կարեկից անձնավորություն էր և վստահեցրեց, որ հնարավոր ամեն բան կանի Վիկիին առանց արյան ներարկման բուժելու համար, և որ կշարունակի բուժումը նույնիսկ այն դեպքում, եթե նրա հեմոգլոբինը արյան բաղադրության մեջ իջնի մինչև 50 գր/լ։ Բացի այդ, նա նաև ասաց, որ վաղ ախտորոշումը և արագ գործողությունները հաջող բուժման համար լավ նախադրյալներ կստեղծեն։ Նա խոստովանեց, որ Վիկիի դեպքն իր կյանքում առաջինն է, երբ պետք է փորձի քիմիոթերապիան կատարել առանց արյան ներարկման։ Մենք անչափ երախտապարտ էինք և, միաժամանակ, մեզ օգնելու համար բժիշկ Գրաֆի ցուցաբերած խիզախության և վճռականության վրա՝ հիացած։
Դրամական խնդիրներ
Այժմ խնդիրն այն էր, թե ինչպես պիտի վճարեինք Վիկիի բուժման համար։ Մենք շփոթվեցինք, երբ իմացանք, որ երկու տարվա բուժումը արժեր մոտ 150 000 գերմանական մարկ։ Այդ գումարի մեկ տասներորդ մասն անգամ չունեինք մենք, մինչդեռ բուժումը ոչ մի կերպ չէր կարելի հետաձգել։ Մեկնելով Շվեդիայից և բուժման նպատակով գտնվելով Գերմանիայում՝ մենք բժշկական ապահովագրությունից օգտվելու որևէ իրավունք չունեինք։ Այսպիսով, մեր ձեռքերում մեր փոքրիկ, ծանր հիվանդ աղջիկն էր, մեր կողքին՝ օգնելու պատրաստ բժշկական մասնագետները, բայց մենք վճարելու բավականաչափ գումար չունեինք։
Մեզ ընդառաջեց հիվանդանոցը. ասացին, որ եթե մենք կանխապես վճարենք 20 000 մարկ, ապա բուժումը անմիջապես կսկսվի, իսկ մնացածի դիմաց կարող էինք պարտավորագիր թողնել։ Ամուսիններով որոշ խնայողություններ ունեինք հավաքած և մեր ընկերների ու ազգականների սրտացավ աջակցությամբ ի վիճակի եղանք վճարելու կանխիկ գումարը, բայց մնացա՞ծը...
Հետագայում պատահածը մեկ անգամ ևս մեզ հիշեցրեց, որ հավատի համար մղվող պայքարում մենակ չէինք։ Մեզ անծանոթ մի եղբայր ցանկություն հայտնեց իր վրա վերցնել մնացած գումարի վճարման հետ կապված պարտավորությունը։ Սակայն, կարիք չունեցանք ընդունելու նրա մեծահոգի առաջարկը, քանի որ կարողացանք այլ ելք գտնել։
Գործի է դրվում բժշկական ողջ հմտությունը
Քիմիոթերապիայով բուժումը սկսվեց։ Օրերն ու շաբաթներն անցնում էին։ Երբեմն շատ դժվար ու ծանր էր լինում թե՛ մեր և թե՛ մեր փոքրիկի համար։ Մյուս կողմից՝ մենք անսահման ուրախ էինք և երախտապարտ՝ ամեն անգամ, երբ նկատում էինք նրա մեջ որոշ դրական փոփոխություն։ Բուժումը տևեց ութ ամիս։ Վիկիի հեմո–գլոբինի քանակությունը իջավ մինչև 60 գր/լ, բայց բժիշկ Գրաֆը պահեց իր խոստումը։
Անցել է արդեն ավելի քան վեց տարի։ Վիկիի ողնուղեղային հեղուկի հետազոտության վերջնական արդյունքը ցույց տվեց, որ լեյկոզի հետքերը վերացել են։ Հիմա նա մի ուրախ, առողջ աղջիկ է, և հիվանդությունը ոչ մի հետք չի թողել նրա վրա։ Այո, թվում է, թե իրոք հրաշք է, որ Վիկին ամբողջովին ապաքինվել է։ Հայտնի է, որ շատ երեխաներ են մահանում այս նույն հիվանդությամբ՝ չնայած քիմիոթերապիային և արյան ներարկումներին։
Մեր՝ հավատի համար պայքարը հաղթանակել էր, բայց ոչ՝ առանց օգնության... մեր ազգականների, քրիստոնյա հավատակիցների և բժշկական մասնագետների։ Հիվանդանոցային տեղեկատվական ծառայությունն օր ու գիշեր մեզ աջակցություն էր ցույց տալիս։ Բժիշկ Գրաֆն ու իր կոլեգաները գործի դրեցին իրենց ողջ հմտությունը՝ Վիկիի ապաքինման համար։ Մենք մեր խորին երախտագիտությունն ենք հայտնում այդ առիթով։
Մեր հավատն ավելի է ամրացել
Բայց ամենից շատ երախտապարտ ենք Եհովային՝ իր սիրալիր հոգատարության և իր Խոսքի՝ Աստվածաշնչի միջոցով մեզ տված զորության համար։ Հետադարձ հայացք նետելով անցյալին՝ հասկանում ենք, թե որքան շատ բան ենք սովորել, և մեր գլխին եկած այդ ծանր փորձությունը որքան է զորացրել մեր հավատը։
Այսօր մենք անկեղծ սրտով ցանկանում ենք պահպանել սերտ հարաբերություններ Եհովա Աստծո հետ և սովորեցնել մեր դստրիկին գնահատել նրա պահանջներին ներդաշնակ կյանք վարելու արժեքը։ Այո՛, մենք ուզում ենք նրան տալ այնպիսի հոգևոր ժառանգություն, որը կնախապատրաստի այստեղ՝ երկրի վրա գալիք Դրախտում հավիտենական կյանքի։
(Ուղարկված է)
[ծանոթագրություն]
a Հիվանդանոցային տեղեկատվական ծառայության տրամադրության տակ է գտնվում Հիվանդանոցային կապի կոմիտեների համաշխարհային ցանցը։ Այդ կոմիտեներում կամավոր սկզբունքով ընդգրկված են հատուկ պատրաստություն անցած քրիստոնյաներ, որոնք ապահովում են համագործակցությունը բժիշկների և իրենց Վկա հիվանդների միջև։ Ներկայումս ավելի քան 1400 Հիվանդանոցային կապի կոմիտեներ են գործում աշխարհի 200–ից ավել երկրներում։