«Ես ձեզ օրինակ տուի»
«Ժամանակի ընթացքում ուսուցիչներ պէտք է լինէիք» (ԵԲՐԱՅԵՑԻՍ 5։12)։
1. Ինչո՞ւ Եբրայեցիս 5։12–ում գրվածը պետք է ինչ–որ չափով քրիստոնյային անհանգստացնի։
ԱՅՍ հոդվածի բնաբանը քեզ մտահոգության տեղիք տվե՞ց։ Ուրիշներն էլ են նման պահ ապրել։ Մենք գիտենք, որ պետք է ուսուցիչներ լինենք, քանի որ Հիսուսի հետևորդներն ենք (Մատթէոս 28։19, 20)։ Գիտենք, որ ապրում ենք այնպիսի ժամանակներում, երբ հույժ կարևոր է հնարավորին չափ հմտորեն ուսուցանել մարդկանց։ Եվ բացի այդ, գիտենք, որ մեր տված ուսուցումը կարող է այդ մարդկանց կյանքը փրկել (Ա Տիմոթէոս 4։16)։ Ուստի լավ կլինի, որ ինքներս մեզ հարցնենք. «Արդյոք այնպիսի՞ ուսուցիչ եմ, ինչպիսին որ պետք է լինեի։ Ինչպե՞ս կարող եմ կատարելագործվել»։
2, 3. ա) Ինչպես մի ուսուցիչ է ասում, ինչի՞ց է կախված հմուտ ուսուցիչ լինելը։ բ) Ուսուցանելու մեջ ի՞նչ օրինակ է թողել Հիսուսը։
2 Սակայն հարկ չկա, որ այդ անհանգստությունը մեզ հասցնի վհատության։ Եթե մտածենք, թե լավ ուսուցիչ լինելու համար հարկավոր է միայն հատուկ ուսուցողական տեխնիկայի տիրապետել, ապա գուցե մեզ անհնար թվա բարելավումներ կատարելը։ Որակյալ ուսուցման հիմքում ոչ թե հատուկ մեթոդներն են ընկած, այլ ավելի կարևոր մի բան։ Ահա թե ինչ է գրել մի փորձառու ուսուցիչ իր մասնագիտության մասին. «Լավ ուսուցիչ լինելը կախված չէ ուսուցման հատուկ մեթոդներից, ուսուցչի ոճից կամ պլանավորումից.... Լավ ուսուցիչ լինելը մեծապես կախված է աշակերտի հանդեպ ունեցած սիրուց»։ Թեև այս խոսքերը պատկանում են աշխարհիկ ուսուցչի, բայց դրանք լայնորեն կիրառելի են նաև մեր քրիստոնեական ուսուցման գործում։ Ինչպե՞ս։
3 Ուսուցանման գործում մեզ համար օրինակ է հանդիսանում հենց ինքը՝ Հիսուս Քրիստոսը, որն իր հետևորդներին ասաց. «Ես ձեզ օրինակ տուի» (Յովհաննէս 13։15, ԱԹ)։ Հիսուսն այս խոսքերն ասաց, երբ իր աշակերտներին խոնարհության դաս էր տալիս, բայց մեզ համար նրա թողած օրինակի մեջ առաջին հերթին մտնում է նրա գլխավոր գործը՝ Աստծո Թագավորության մասին մարդկանց սովորեցնելը (Ղուկաս 4։44)։ Եթե քեզ հարցնեին, թե որ բառով կբնութագրեիր Հիսուսի ծառայությունը, հավանաբար կպատասխանեիր՝ սեր (Կողոսացիս 1։15; Ա Յովհաննէս 4։8)։ Հիսուսի համար ամենակարևորը իր երկնային Հոր՝ Եհովայի հանդեպ սեր ցուցաբերելն էր (Յովհաննէս 14։31)։ Սակայն դրանից բացի, Հիսուսը՝ որպես ուսուցիչ, իր սերը ցուցաբերեց ևս երկու ձևով. նախ՝ նա սիրում էր այն, ինչ որ ուսուցանում էր, և երկրորդ՝ սիրում էր այն մարդկանց, ում որ ուսուցանում էր։ Եկեք ավելի մանրամասն անդրադառնանք նրա թողած օրինակի այս երկու կողմերին։
Նա վաղնջական ժամանակներից էր սիրում Աստծո ճշմարտությունները
4. Ինչպե՞ս էր Հիսուսն իր մեջ սեր զարգացրել Եհովայի ուսուցումների հանդեպ։
4 Ուսուցչի վերաբերմունքն իր մատուցած նյութի հանդեպ մեծապես կարող է ազդել իր տված ուսուցման որակի վրա։ Եթե ուսուցիչն անտարբեր է, ապա աշակերտներն ամենայն հավանականությամբ կզգան դա, ու իրենք էլ անտարբեր կդառնան նրա խոսքերի հանդեպ։ Հիսուսն անտարբերությամբ չէր սովորեցնում մարդկանց այն թանկագին ճշմարտությունները, որ վերաբերում էին Եհովային ու նրա Թագավորությանը։ Նա շատ էր սիրում դրանք։ Աստծո միածին Որդին այդ սերն իր մեջ զարգացրել էր իր մինչմարդկային գոյության ողջ ընթացքում, և նա ջանասիրաբար էր սովորել։ Ահա թե ինչ է ասվում Եսայիա 50։4, 5–ում. «Տէր Եհովան ինձ ուսումնավարժ լեզու է տուել, որ գիտենամ վաստակածին օգնել խօսքով. նա զարթեցնում է ամեն առաւօտ՝ զարթեցնում է իմ ականջը որ լսեմ աշակերտների պէս։ Տէր Եհովան բացել է իմ ականջը, եւ ես չ’հակառակեցի՝ ետ չ’դարձայ»։
5, 6. ա) Հիսուսի մկրտության ժամանակ ի՞նչ տեղի ունեցավ։ բ) Աստծո Խոսքը գործածելու առումով ի՞նչ հակադրություն ենք նկատում Հիսուսի և Սատանայի միջև։
5 Գտնվելով երկրի վրա, երբ դեռ մանուկ էր՝ Հիսուսը շարունակեց իր մեջ սեր աճեցնել Աստծո իմաստության հանդեպ (Ղուկաս 2։52)։ Իսկ երբ արդեն մկրտվում էր, նրա հետ մի զարմանալի դեպք պատահեց։ «Երկինքը բացուեց»,— ասվում է Ղուկաս 3։21–ում։ Հավանաբար հենց այդ ժամանակ էր, որ Հիսուսը սկսեց հիշել իր մինչմարդկային կյանքը։ Մկրտությունից հետո նա, գտնվելով անապատում, 40 օր անցկացրեց ծոմապահության մեջ։ Այնտեղ նա, կարելի է ենթադրել, մեծ հաճույքով էր վերհիշում երկնային կյանքի այն ժամանակները, երբ սովորում էր Եհովա Աստծուց։ Բայց շուտով Աստծո ճշմարտությունների հանդեպ նրա սերը փորձության ենթարկվեց։
6 Երբ Հիսուսը հոգնած ու քաղցած էր, Սատանան փորձության ենթարկեց նրան։ Որքա՜ն էին իրարից տարբերվում Աստծո այս երկու որդիները։ Նրանք երկուսն էլ մեջբերումներ կատարեցին Եբրայերեն Գրություններից, բայց բոլորովին տարբեր նպատակներով։ Սատանան, աղավաղելով Աստծո Խոսքը, արհամարհանք ցուցաբերեց նրա հանդեպ ու այն օգտագործեց իր եսասիրական նպատակների համար։ Այդ ապստամբն ուրիշ ոչինչ չէր կարող անել, եթե ոչ ատել Աստծո ճշմարտությունները։ Մինչդեռ Հիսուսը Սատանային տված իր յուրաքանչյուր պատասխանում Գրություններից զգուշորեն մեջբերումներ կատարեց՝ ցույց տալով, թե որքան մեծ է իր սերը Աստծո Խոսքի հանդեպ։ Ճիշտ է, մինչև Սուրբ Գրքի ի հայտ գալը Հիսուսը վաղուց արդեն գոյություն ուներ, բայց նա ակնածանքով էր վերաբերվում այդ գրքի խոսքերին։ Նրա համար դրանք թանկագին ճշմարտություններ էին՝ տրված իր երկնային Հոր կողմից։ Նա Սատանային ասաց, որ Եհովայի խոսքերը շատ ավելի կարևոր են, քան կերակուրը (Մատթէոս 4։1–11)։ Այո՛, Հիսուսը սիրում էր այն բոլոր ճշմարտությունները, որ Եհովան սովորեցրել էր իրեն։ Իսկ որպես ուսուցիչ՝ ինչպե՞ս նա ցույց տվեց այդ սերը։
Սեր՝ իր սովորեցրած ճշմարտությունների հանդեպ
7. Ինչո՞ւ Հիսուսը զերծ էր մնում սեփական գաղափարներ ուսուցանելուց։
7 Հիսուսը սիրում էր իր սովորեցրած ճշմարտությունները, և դա ամեն ժամանակ ակնհայտ էր։ Նա հեշտությամբ կարող էր ուսուցանել իր սեփական գաղափարները, քանի որ հսկայական գիտելիքների ու մեծ իմաստության էր տիրապետում (Կողոսացիս 2։3)։ Բայց նա այդպես չվարվեց։ Նա իր ունկնդիրներին բազմիցս հիշեցնում էր, որ ամեն բան, ինչ ինքը սովորեցնում է, ոչ թե իրենից, այլ իր երկնային Հորից է բխում (Յովհաննէս 7։16; 8։28; 12։49; 14։10)։ Նա այնքան շատ էր սիրում Աստծո ճշմարտությունները, որ պարզապես անհնար էր համարում դրանց փոխարինումը սեփական գաղափարներով։
8. Իր ծառայության սկզբում ինչպե՞ս Հիսուսը ցույց տվեց, որ հարկավոր է Աստծո Խոսքով առաջնորդվել։
8 Երբ Հիսուսը սկսեց իր հանրային ծառայությունը, նա ցույց տվեց, թե մարդիկ ինչում կարող էին իրեն ընդօրինակել։ Օրինակ՝ ինչպե՞ս նա առաջին անգամ Աստծո ժողովրդին հայտնեց, որ ինքն է խոստացյալ Մեսիան։ Արդյոք դուրս եկա՞վ բազմությունների առաջ ու հայտարարեց, որ ինքն է Քրիստոսը, իսկ հետո դա ապացուցելու համար տպավորիչ հրաշքներ գործեց։ Ոչ։ Նա պարզապես գնաց ժողովարան, որտեղ Աստծո ժողովուրդը սովորության համաձայն հավաքվում էր՝ ընթերցելու Գրություններից։ Ժողովարանում Հիսուսը բարձրաձայն կարդաց Եսայիա 61։1, 2 համարները և բացատրեց, որ այդ մարգարեական ճշմարտությունները իրեն են վերաբերում (Ղուկաս 4։16–22)։ Բազմաթիվ հրաշքներ կատարելով՝ նա հաստատեց, որ վայելում է Եհովայի աջակցությունը։ Բայց չնայած այդ ամենին՝ նա ուսուցանելիս միշտ հիմնվում էր Աստծո Խոսքի վրա։
9. Փարիսեցիների հետ խոսելիս ինչպե՞ս Հիսուսը ցույց տվեց, որ ամբողջ սրտով սիրում է Աստծո Խոսքը։
9 Երբ կրոնական առաջնորդները Հիսուսի դեմ դուրս եկան, նա չփորձեց ցույց տալ իր գերազանցությունը նրանց հանդեպ, թեև կարող էր։ Նա Աստծո Խոսքի՛ն հնարավորություն տվեց հերքելու նրանց բերած փաստարկները։ Հիշենք, օրինակ, այն դեպքը, երբ փարիսեցիները մեղադրեցին Հիսուսի աշակերտներին այն բանում, թե նրանք խախտել են Շաբաթը, քանի որ դաշտի միջով անցնելիս հասկ են պոկել և կերել։ Այդ մեղադրանքին Հիսուսը պատասխանեց. «Դուք չէ՞ք կարդացել, թէ ինչ արեց Դաւիթը, երբ քաղց զգաց նա եւ նրանք, որ նրա հետ էին» (Մատթէոս 12։1–5)։ Իրենք իրենց արդար համարող այս մարդիկ, ամենայն հավանականությամբ, լավ գիտեին, թե ինչ է գրված Ա Թագաւորաց 21։1–6-ում։ Եթե դա այդպես է, ուրեմն նրանք չէին հասկացել, թե ինչ կարևոր դաս է այնտեղ ամփոփված։ Մինչդեռ Հիսուսն ավելին էր արել, քան պարզապես այս համարները կարդալը. նա խորհել էր դրանց շուրջ, և այդ խոսքերը նրա սրտին էին հասել։ Հիսուսը սիրում էր Եհովայի՝ Գրությունների այս հատվածում տեղ գտած սկզբունքները։ Նա, օգտվելով այդ պատմությունից, ինչպես նաև օրինակ բերելով Մովսիսական օրենքից, ցույց տվեց, թե ինչպիսին է Օրենքի իսկական էությունը։ Նա ամբողջ սրտով սիրում էր Աստծո Խոսքը, ուստիև թույլ չտվեց, որ կրոնական առաջնորդները հանուն իրենց շահի աղավաղեն այն կամ թաղեն մարդկային ավանդությունների ճահճի մեջ։
10. Ինչպե՞ս Հիսուսը իրականացրեց այն մարգարեությունները, որոնք վերաբերում էին իր տված ուսուցման որակին։
10 Հիսուսն այնքան էր սիրում իր ուսուցման նյութը, որ չէր կարող իրեն թույլ տալ մեխանիկորեն, ձանձրալի կերպով ուսուցանել։ Մարգարեություններում ասվում է, որ «շնորհք է թափուած [Մեսիայի] շրթունքների վերայ». նա «գեղեցիկ խօսքեր» է ասում (Սաղմոս 45։2; Ծննդոց 49։21)։ Հիսուսն այս մարգարեությունները իրագործեց՝ իր խոսքը հետաքրքիր ու կենդանի կերպով ներկայացնելով, «շնորհալի խօսքեր[ով]» համեմելով (Ղուկաս 4։22)։ Անկասկած, նրա խանդավառությունը արտահայտություն էր գտնում նրա դեմքին, և նրա աչքերը փայլում էին սովորեցրածի հանդեպ հետաքրքրությունից։ Որքա՜ն հաճելի էր նրան լսելը, և ինչպիսի՜ գեղեցիկ օրինակ է նա թողել իմացածը ուրիշներին փոխանցելու մեջ։
11. Ինչո՞ւ, չնայած իր ընդունակություններին, Հիսուսը երբեք՝ որպես ուսուցիչ, իրեն թույլ չտվեց հպարտանալու։
11 Հպարտացա՞վ Հիսուսը այն բանից, որ կարողանում էր ըմբռնել Աստծո ճշմարտությունների իմաստը, կարողանում էր գեղեցիկ կերպով խոսել։ Ուսուցիչները հաճախ այդպես են լինում։ Հիշենք, որ Հիսուսի իմաստության մեջ աստվածավախություն էր արտացոլված։ Նման իմաստությունը զերծ է հպարտությունից, որովհետև «իմաստութիւնը խոնարհներուն հետ է» լինում (Առակաց 11։2, արևմտ. աստ.)։ Բայց մեկ ուրիշ բան էլ կար, որ Հիսուսին հեռու էր պահում հպարտանալուց։
Հիսուսը սիրում էր նրանց, ում ուսուցանում էր
12. Ինչպե՞ս Հիսուսը ցույց տվեց, որ չի ցանկանում, որ իր աշակերտներն իրենից վախենան։
12 Հիսուսի ուսուցումներում միշտ ընդգծվում էր այն մեծ սերը, որ նա տածում էր մարդկանց հանդեպ։ Նա իր ուսուցումներով չէր վախեցնում նրանց՝ ի տարբերություն հպարտ ուսուցիչների (Ժողովող 8։9)։ Պետրոսը, Հիսուսի հրաշքներից մեկին ականատես լինելով, այնքան էր տպավորվել, որ ընկավ նրա ոտքերի առաջ։ Բայց Հիսուսը չէր ուզում, որ իր հետևորդները հիվանդագին վախ ունենային իր հանդեպ։ Ուստի նա Պետրոսին քաղցրությամբ ասաց. «Մի՛ վախեցիր»,— իսկ հետո նրա հետ խոսեց աշակերտներ պատրաստելու գործի մասին, որում Պետրոսը մասնակցություն էր ունենալու (Ղուկաս 5։8–10)։ Հիսուսը ցանկանում էր, որ իր աշակերտներն իրեն հետևեին այն պատճառով, որ սիրում են Աստծո ճշմարտությունները, և ոչ թե՝ վախից դրդված։
13, 14. Հիսուսն ինչպե՞ս ցույց տվեց, որ կարեկցանք է զգում մարդկանց հանդեպ։
13 Հիսուսի սերը այն մարդկանց հանդեպ, ում սովորեցնում էր, արտահայտվում էր նաև նրանց հանդեպ դրսևորած կարեկցանքով։ «Տեսնելով ժողովրդի բազմութիւնը՝ Յիսուս գթաց նրանց, որովհետեւ յոգնած էին եւ ցրուած, ինչպէս ոչխարներ, որոնք հովիւ չունեն» (Մատթէոս 9։36)։ Տեսնելով, թե ինչ խղճալի վիճակում են նրանք գտնվում՝ նա կարեկցանքով էր լցվում, և նրա սրտում ցանկություն էր առաջանում օգնել այդ մարդկանց։
14 Ահա մեկ ուրիշ դեպք, երբ Հիսուսը կարեկցանք ցուցաբերեց։ Արյունահոսությամբ տառապող մի կին, բազմության միջով անցնելով, եկավ ու դիպավ նրա հագուստին ու հրաշքով բժշկվեց։ Հիսուսը զգաց, որ իրենից ուժ գնաց, բայց բժշկվածին չէր տեսնում։ Նա ցանկանում էր գտնել այդ կնոջը։ Ինչո՞ւ։ Հիսուսը մտադիր չէր նրան հանդիմանել այն բանի համար, որ խախտել էր Օրենքը կամ դպիրների ու փարիսեցիների հնարած կանոնները. կինը այդ պահին երևի հենց այդ հանդիմանությունից էր վախենում։ Բայց Հիսուսը նրան ասաց. «Դո՛ւստր, քո հաւատը քեզ փրկեց, գնա՛ խաղաղութեամբ եւ քո տանջանքներից բժշկուած եղիր» (Մարկոս 5։25–34)։ Նկատեցեք, որ այս խոսքերում կարեկցանք է արտահայտված։ Հիսուսը պարզապես չասաց «բժշկվի՛ր», այլ՝ «քո տանջանքներից բժշկուած եղիր»։ Մարկոսն այստեղ օգտագործում է մի բառ, որը կարող է բառացի նշանակել «մտրակել»՝ մարդուն տանջելու մի ձև։ Իր խոսքերով Հիսուսը ցույց տվեց, որ հասկանում է, թե ինչպես է այդ հիվանդությունը տանջում այդ կնոջը՝ ըստ երևույթին պատճառելով և՛ ֆիզիկական, և՛ էմոցիոնալ ցավեր։ Այո՛, նա կարեկցում էր նրան։
15, 16. Հիսուսի ծառայության ընթացքում պատահած ո՞ր դեպքերն են ցույց տալիս, որ նա մարդկանց մեջ նրանց լավ հատկություններն էր փնտրում։
15 Հիսուսն իր սերը մարդկանց հանդեպ ցույց տվեց նաև նրանց մեջ լավ հատկությունները փնտրելով։ Եկեք տեսնենք, թե ինչ պատահեց, երբ նա հանդիպեց Նաթանայելին, որը հետագայում իր առաքյալներից մեկը դարձավ։ «Երբ Յիսուս տեսաւ Նաթանայէլին, որ իր մօտ էր գալիս, ասաց նրա մասին. «Ահա՛ իսկական մի իսրայէլացի, որի մէջ նենգութիւն չկայ»»։ Հիսուսն Աստծուց ստացած զորությամբ կարողացել էր նայել Նաթանայելի սրտի մեջ, ուստիև նրա մասին արդեն բավական տեղեկություններ ուներ։ Իհարկե, Նաթանայելը հեռու էր կատարյալ մարդ լինելուց։ Ինչպես մենք բոլորս, նա էլ թերություններ ուներ։ Նա էր, որ լսելով Հիսուսի մասին՝ բավական կոպտորեն արտահայտվեց. «Կարելի՞ է, որ Նազարէթից մի որեւիցէ լաւ բան դուրս գայ» (Յովհաննէս 1։45–51)։ Բայց ինչ էլ որ ասեին Նաթանայելի մասին, Հիսուսն իր ուշադրությունը կենտրոնացրեց Նաթանայելի մի լավ հատկության վրա. դա նրա ազնվությունն էր։
16 Մեկ ուրիշ դեպք։ Երբ բանակի սպան, հավանաբար հեթանոս հռոմեացի, մոտեցավ Հիսուսին ու խնդրեց, որ բուժի իր հիվանդ ծառային, Հիսուսը գիտեր, որ այդ զինվորականը մեղքեր էր գործել։ Ըստ երևույթին, այդ սպան շատ բռնություններ էր արել, արյուն թափել, կեղծ աստվածների պաշտել։ Բայց Հիսուսը նրա մեջ նկատեց մի լավ հատկություն՝ նրա մեծ հավատը (Մատթէոս 8։5–13)։ Քննարկենք այլ օրինակ։ Երբ Հիսուսը խոսում էր իր հետ ցցի հանված հանցագործի հետ, նա չհանդիմանեց նրան հանցագործ անցյալի համար, այլ քաջալերեց ապագա կյանքի հույսով (Ղուկաս 23։43)։ Հիսուսը լավ գիտեր, որ մարդկանց մասին քննադատաբար, բացասականորեն մտածելով՝ նրանց կարելի է միայն ու միայն վհատեցնել։ Անկասկած, այն հանգամանքը, որ նա ջանում էր մարդկանց մեջ նրանց դրական հատկությունները տեսնել, շատերին էր խրախուսում ավելի լավ անձնավորություններ դառնալու։
Պատրաստակամություն՝ ծառայելու մարդկանց
17, 18. Գալով երկիր՝ ինչպե՞ս Հիսուսը ցույց տվեց իր պատրաստակամությունը՝ ծառայելու ուրիշներին։
17 Մարդկանց հանդեպ Հիսուսի ունեցած սիրո մեկ այլ վառ ապացույց էր նրա պատրաստակամությունը՝ ծառայելու նրանց։ Իր մինչմարդկային գոյության ժամանակ Աստծո Որդին միշտ սիրում էր մարդկանց (Առակաց 8։30, 31)։ Նա Եհովայի «Բանը», կամ այլ կերպ ասած՝ պատգամախոսն էր, և հաճույքով էր կատարում մարդկանց առնչվող հանձնարարությունները (Յովհաննէս 1։1)։ Բայց մարդկանց ավելի անմիջականորեն սովորեցնելու համար նա «իր անձը ունայնացրեց՝ ծառայի կերպարանք առնելով», թողնելով իր երկնային բարձր դիրքը (Փիլիպպեցիս 2։7; Բ Կորնթացիս 8։9)։ Երկրի վրա եղած ժամանակ նա չակնկալեց, որ մարդիկ իրեն ծառայեն։ Ընդհակառակը, նա ասաց. «Մարդու Որդին չեկաւ ծառայութիւն ընդունելու, այլ ծառայելու եւ իր անձը տալու որպէս փրկանք շատերի փոխարէն» (Մատթէոս 20։28)։ Հիսուսը բացարձակապես իր այս խոսքերի համաձայն ապրեց։
18 Հիսուսը խոնարհաբար հոգում էր մարդկանց կարիքները՝ իր ուժերը նրանց համար չխնայելով։ Ավետյաց երկրով մեկ նա ոտքով հարյուրավոր կիլոմետրեր էր անցնում, որպեսզի քարոզեր հնարավորին չափ շատ մարդկանց։ Ի տարբերություն հպարտ դպիրների ու փարիսեցիների՝ նա խոնարհ էր ու մատչելի։ Բոլորը՝ բարձրաստիճան պաշտոնյաներ, զինվորականներ, օրենսգետներ, կանայք, երեխաներ, աղքատներ, հիվանդներ, նույնիսկ հասարակությունից մերժվածներ, շատ էին ցանկանում նրան մոտ լինել ու չէին վախենում նրանից։ Հիսուսը թեև կատարյալ էր, բայց նա մարդ էր. նա էլ էր հոգնում, սովածանում, հանգստի կարիք զգում, ցանկանում առանձին ժամանակ ունենալ աղոթելու համար։ Բայց նույնիսկ այդ պահերին էլ նա նախևառաջ բավարարում էր ուրիշների կարիքները, հետո՝ իրենը (Մարկոս 1։35–39)։
19. Ինչպե՞ս է Հիսուսը օրինակ թողել՝ աշակերտների հետ վարվելով խոնարհաբար, համբերատար կերպով ու քաղցրությամբ։
19 Հիսուսը պատրաստ էր ծառայելու նաև իր աշակերտներին։ Նա անում էր դա՝ նրանց ուսուցանելով քաղցրությամբ ու համբերատարությամբ։ Երբ նրանք չէին հասկանում որոշ կարևոր մտքեր, նա չէր հուսահատվում, համբերությունից դուրս չէր գալիս կամ հանդիմանում նրանց։ Նա փնտրում էր նորանոր ուղիներ՝ օգնելու նրանց հասկանալ իր ասելիքը։ Օրինակ՝ նրա աշակերտները հաճախակի էին իրար հետ վիճում, թե ով է իրենցից մեծը։ Հիսուսն ամեն անգամ, ընդհուպ մինչև իր մահվանը նախորդող գիշերը, նոր միջոցներ էր գտնում՝ սովորեցնելու նրանց, որ հարկավոր է խոնարհաբար վերաբերվել միմյանց։ Այո՛, խոնարհություն և այլ հատկություններ ցուցաբերելու հետ կապված՝ Հիսուսը միանգամայն հիմնավոր կերպով կարող էր ասել. «Ես ձեզ օրինակ տուի» (ԱԹ) (Յովհաննէս 13։5–15; Մատթէոս 20։25; Մարկոս 9։33–36)։
20. Ուսուցողական ո՞ր մեթոդով էր Հիսուսն առանձնանում փարիսեցիներից, և ինչո՞ւ էր այդ մեթոդը արդյունավետ։
20 Նկատեցեք, որ Հիսուսը աշակերտներին ոչ թե պարզապես ասաց, թե որն է այն օրինակը, որին պետք է իրենք հետևեին, այլ նա ‘տվեց այդ օրինակը’։ Նա օրինակ տալով էր սովորեցնում։ Նա բարձրից չէր խոսում նրանց հետ և իրեն չէր ներկայացնում այնպես, որ իբր թե ինքն այնքան կարևոր անձնավորություն է, որ միայն պետք է ասեր, իսկ ուրիշները պարտավոր էին կատարել։ Այդպես էին վարվում փարիսեցիները։ Հիսուսը նրանց մասին ասաց. «Ասում են, բայց չեն անում» (Մատթէոս 23։3)։ Հիսուսը պարզ ցույց տվեց, թե ինչ են նշանակում իր ուսուցումները՝ ապրելով դրանց համապատասխան, կիրառելով դրանք։ Ուստի, երբ նա իր հետևորդներին հորդորեց պարզ՝ նյութապաշտությունից զերծ կյանքով ապրել, նրանց համար դժվար չէր հասկանալ, թե նա ինչ էր ուզում ասել։ Նրանք տեսնում էին, թե որքան են համապատասխանում իրականությանը նրա ասած խոսքերը. «Աղուէսները որջ ունեն, եւ երկնքի թռչունները՝ բոյն. բայց մարդու Որդին մի տեղ չունի, որ իր գլուխը դնի» (Մատթէոս 8։20)։ Հիսուսը ծառայեց իր աշակերտներին՝ նրանց խոնարհաբար օրինակ տալով։
21. Ինչի՞ մասին կխոսվի հաջորդ հոդվածում։
21 Անտարակույս, Հիսուսն է այն մեծագույն ուսուցիչը, որը երբևէ ապրել է երկրի վրա։ Նա սիրում էր այն, ինչ որ ուսուցանում էր, և սիրում էր նրանց, ում որ ուսուցանում էր, ու դա ակնհայտ է եղել բոլոր այն ազնվասիրտ մարդկանց համար, ովքեր տեսել ու լսել են իրեն։ Սա հավասարապես ակնհայտ է նաև նրանց համար, ովքեր այժմ ուսումնասիրում են նրա թողած օրինակը։ Բայց ինչպե՞ս կարող ենք հետևել Քրիստոսի կատարյալ օրինակին։ Հաջորդ հոդվածում կքննարկվի այս հարցը։
Ինչպե՞ս կպատասխանեիք
• Լավ ուսուցիչ լինելը ինչի՞ց է կախված, և ո՞վ է օրինակ թողել այս հարցում։
• Ինչպե՞ս Հիսուսը ցույց տվեց, որ սիրում է իր ուսուցանած ճշմարտությունները։
• Ինչպե՞ս Հիսուսը ցույց տվեց, որ սիրում է այն մարդկանց, ում որ ուսուցանում է։
• Ի՞նչ օրինակներ կարելի է բերել, որոնք ցույց են տալիս, որ Հիսուսը խոնարհաբար և պատրաստակամորեն ծառայում էր նրանց, ում որ սովորեցնում էր։
[նկար 12–րդ էջի վրա]
Ինչպե՞ս Հիսուսը ցույց տվեց, որ սիրում է Աստծո Խոսքում գրված սկզբունքները