Ընդօրինակեք Մեծ Ուսուցչին
«Ուրեմն գնացէք.... ազգերը աշակերտեցէք.... նորանց սովորեցնելով, որ ամեն ինչ որ ձեզ պատուիրեցի՝ պահեն» (ՄԱՏԹԷՈՍ 28։19, 20)։
1, 2. ա) Ինչո՞ւ ենք բոլորս որոշ առումներով ուսուցիչ հանդիսանում։ բ) Ուսուցանելու հետ կապված՝ ի՞նչ յուրահատուկ պատասխանատվություն ունեն ճշմարիտ քրիստոնյաները։
ԴՈՒՔ ուսուցի՞չ եք։ Կարելի է ասել, որ որոշ առումներով բոլորս էլ ուսուցիչներ ենք։ Ամեն անգամ, երբ ճանապարհը կորցրած անհատին ցույց ենք տալիս, թե որ ուղղությամբ պետք է գնա, աշխատակցին՝ թե ինչպես պետք է կատարի տվյալ հանձնարարությունը, իսկ երեխային՝ կոշիկ կապելու ձևը, մենք ուսուցանում ենք։ Ուրիշներին օգնելը բավականություն է պատճառում, այնպես չէ՞։
2 Ուսուցանելու հետ կապված՝ ճշմարիտ քրիստոնյաները մի յուրահատուկ առանձնաշնորհում ունեն։ Մենք հանձնարարություն ենք ստացել «ազգերը աշակերտե[լու].... նորանց սովորեցնելով» (Մատթէոս 28։19, 20)։ Բացի այդ, սովորեցնելու առիթներ են ստեղծվում նաև ժողովի ներսում։ Համապատասխան որակավորում ունեցող տղամարդիկ ծառայում են որպես «հովիւներ եւ վարդապետներ»՝ ժողովի ‘շինության’ համար (Եփեսացիս 4։11–13)։ Իրենց ամենօրյա քրիստոնեական գործունեության մեջ հասուն քրիստոնյա հանդիսացող կանայք պետք է լինեն երիտասարդ կանանց «բարի խրատ տուող» (Տիտոս 2։3–5)։ Բոլորս խրախուսվում ենք մեր հավատակիցներին հորդորելու և կարող ենք անել այդ՝ Աստվածաշունչն օգտագործելով (Ա Թեսաղոնիկեցիս 5։11)։ Ինչպիսի՜ պատիվ է Աստծո Խոսքի ուսուցիչ լինելը և ուրիշներին այնպիսի արժեքներ փոխանցելը, որ մշտական օգուտներ են բերում։
3. Ինչպե՞ս կարող ենք կատարելագործել ուսուցանելու մեր հմտությունը։
3 Իսկ ինչպե՞ս կարող ենք կատարելագործել ուսուցանելու մեր հմտությունը։ Առաջին հերթին՝ ընդօրինակելով մեծագույն Ուսուցչին՝ Հիսուս Քրիստոսին։ Բայց գուցե հարց առաջանա, թե ինչպես կարող ենք ընդօրինակել Հիսուսին, չէ՞ որ նա կատարյալ էր։ Ճիշտ է, մենք չենք կարող կատարելապես տիրապետել ուսուցչի արվեստին։ Սակայն անկախ մեր ունակություններից՝ կարող ենք ջանք թափել այդ հարցում հնարավորին չափ Հիսուսին նմանվելու։ Եկեք քննենք, թե ինչպես կարող ենք կիրառել նրա մեթոդներից չորսը՝ պարզ խոսքի, էֆեկտիվ հարցերի, տրամաբանական փաստարկների և հարմար օրինակների մեթոդները։
Ուսուցանելիս պարզ խոսիր
4, 5. ա) Ինչո՞ւ է պարզությունը հանդիսանում աստվածաշնչյան ճշմարտության հիմնական առանձնահատկություններից մեկը։ բ) Պարզությամբ ուսուցանելու համար ինչո՞ւ է կարևոր ուշադրություն դարձնել մեր բառապաշարին։
4 Աստծո Խոսքի հիմնական ուսուցումները բարդ չեն։ Իր աղոթքում Հիսուն ասաց. «Գոհանում եմ քեզանից, ով Հայր.... որ իմաստուններիցն եւ գիտուններիցն այս բաները ծածկեցիր եւ երեխաներին յայտնեցիր» (Մատթէոս 11։25)։ Եհովան հոգ էր տարել, որ իր նպատակները հայտնի դառնային անկեղծ և խոնարհ սիրտ ունեցող անհատներին (Ա Կորնթացիս 1։26–28)։ Այսպիսով՝ աստվածաշնչյան ճշմարտության հիմնական առանձնահատկությունը պարզությունն է։
5 Ինչպե՞ս կարելի է պարզ խոսել Աստվածաշնչի ուսումնասիրություն անցկացնելիս կամ հետաքրքրություն ցուցաբերած անհատին այցելելիս։ Տեսնենք, թե ինչ կարող ենք սովորել մեր մեծագույն Ուսուցչից։ Իր խոսքը ունկնդիրների սրտին հասցնելու համար Հիսուսը պարզ էր խոսում, որպեսզի նրանք հասկանային իրեն. չէ՞ որ նրանցից շատերը «պարզ և անուս» մարդիկ էին (Գործք 4։13, ԱՆԹ)։ Որպեսզի կարողանանք պարզ ուսուցանել, պիտի ուշադրություն դարձնենք մեր բառապաշարին։ Ուրիշներին Աստծո Խոսքի ճշմարտացիության մեջ հավաստիացնելու համար վերամբարձ խոսքերի և արտահայտությունների կարիք չկա։ Նման «խօսքի.... գերազանցութիւն[ը]» կարող է վանել մարդկանց, հատկապես՝ սահմանափակ կրթություն կամ ոչ մեծ ընդունակություններ ունեցողներին (Ա Կորնթացիս 2։1, 2)։ Հիսուսի օրինակից երևում է, որ ուշադրությամբ ընտրված պարզ խոսքերով կարելի է շատ ավելի լավ հաղորդել ճշմարտությունը։
6. Ինչպե՞ս կարող ենք խուսափել ուսումնասիրողին չափազանց շատ տեղեկություններով ծանրաբեռնելուց։
6 Պարզ ուսուցանելու համար հարկավոր է նաև զգույշ լինել, որպեսզի ուսումնասիրողին չծանրաբեռնենք չափազանց շատ տեղեկություններով։ Հիսուսը հաշվի էր առնում իր աշակերտների հնարավորությունները (Յովհաննէս 16։12)։ Մենք նույնը պետք է անենք։ Օրինակ՝ «Հավիտենական կյանքի առաջնորդող գիտություն»a գրքով Աստվածաշնչի ուսումնասիրություն անցկացնելիս հարկ չկա կանգ առնել ամեն մի մանրամասնության վրա։ Մյուս կողմից՝ կարիք չկա նաև նյութը արագորեն անցնելու, կարծես՝ ամենակարևորը քանակն է։ Մենք իմաստություն կցուցաբերենք, եթե թույլ տանք, որ արագության հարցում որոշիչ դեր խաղան ուսումնասիրողի կարիքներն ու ունակությունները։ Մեր նպատակն է օգնել նրան դառնալու Հիսուսի աշակերտ ու Եհովայի երկրպագու։ Ուստի հարկավոր է տրամադրել այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է ուսումնասիրողին՝ ուսուցանվող նյութը ընկալելու համար։ Այդպես ճշմարտությունը կհասնի նրա սրտին ու կմղի գործողությունների (Հռովմայեցիս 12։2)։
7. Ո՞ր խորհուրդները կարող են օգնել, որ ժողովում հանրային ելույթ ներկայացնելիս պարզ ուսուցանենք։
7 Իսկ ինչպե՞ս կարող ենք ‘հասկանալի դարձնել խոսքը’ ժողովում հանրային ելույթ ներկայացնելիս, հատկապես՝ երբ սրահում նորեկներ կան (Ա Կորնթացիս 14։9, ԱՆԹ)։ Քննենք երեք օգտակար խորհուրդ։ Առաջին՝ բացատրիր այն բոլոր անծանոթ տերմինները, որ օգտագործելու ես։ Աստծո Խոսքը ուսումնասիրելու ընթացքում մենք յուրահատուկ բառապաշար ենք ձեռք բերել։ Այնպիսի արտահայտություններ օգտագործելիս, ինչպիսիք են՝ «հավատարիմ և իմաստուն ծառա», «ուրիշ ոչխարներ» և «Մեծ Բաբելոն» հարկավոր է պարզ խոսքերով բացատրել դրանց իմաստը։ Երկրորդ՝ խուսափիր շատ խոսքեր ասելուց։ Մանրակրկիտ ձևով ընտրված չափից շատ խոսքեր օգտագործելով՝ կարող ենք կորցնել մեր ունկնդիրների ուշադրությունը։ Պարզության համար պետք է, որ մեր խոսքը զերծ լինի ոչ կարևոր արտահայտություններից։ Երրորդ՝ հարկ չկա չափազանց մեծ ծավալով նյութ ընդգրկել։ Հետազոտություններ կատարելիս գուցե բազում հետաքրքիր մանրամասներ գտնենք։ Բայց լավ կլինի նյութը կառուցել այնպես, որ այն հիմնված լինի մի քանի կարևոր կետերի վրա։ Դա կարող ենք անել՝ օգտագործելով միայն այն տեղեկությունները, որ նպաստում են տվյալ կետերը հասկանալուն, և որոնք կարելի է նշանակված ժամանակի ընթացքում պարզ ներկայացնել։
Էֆեկտիվ հարցեր օգտագործիր
8, 9. Ինչպե՞ս կարող ենք իմանալ, թե ինչ կհետաքրքրի տանտիրոջը։ Բերեք օրինակներ։
8 Հիշենք, որ Հիսուսը վարպետ էր հարցեր օգտագործելու մեջ։ Դրա շնորհիվ նա կարողանում էր մղել իր աշակերտներին արտահայտել իրենց սրտում եղածը, ինչպես նաև՝ խթանում ու մարզում էր նրանց մտածողությունը։ Հարցերի օգնությամբ Հիսուսը նրբանկատորեն իր խոսքը հասցնում էր ունկնդիրների սրտին (Մատթէոս 16։13, 15; Յովհաննէս 11։26)։ Իսկ մենք ինչպե՞ս կարող ենք ընդօրինակել նրան այդ հարցում։
9 Տնից տուն ծառայության ժամանակ կարող ենք այնպիսի հարցեր տալ, որոնք հետաքրքրություն կառաջացնեն ու Աստծո Թագավորության մասին խոսելու ճանապարհ կհարթեն։ Իսկ ինչպե՞ս կարող ես իմանալ, թե ինչ կհետաքրքրի տանտիրոջը։ Ուշադիր եղիր։ Մոտենալով տանը՝ նայիր, թե ինչ կա շրջակայքում։ Բակում խաղալիքնե՞ր կան. դա նշանակում է, որ տանը կան երեխաներ։ Այդ դեպքում կարող ես տալ հետևյալ հարցը. «Երբևէ մտածե՞լ եք, թե ինչպիսին կլինի աշխարհը, երբ ձեր երեխաները մեծանան» (Սաղմոս 37։10, 11)։ Մուտքի դռան վրա մի քանի կողպեքնե՞ր կան, տունն ունի անվտանգությունն ապահովող սարքավորումնե՞ր։ Այդ դեպքում կարելի է հարցնել. «Ի՞նչ եք կարծում, կգա մի ժամանակ, երբ իմ և ձեր նման մարդիկ իրենց ապահով կզգան թե՛ տանը, թե՛ փողոցում» (Միքիա 4։3, 4)։ Ինչ–որ բան մատնանշում է, որ տանը հիվա՞նդ կա։ Ուրեմն կարելի է ասել հետևյալը. «Կգա՞ մի ժամանակ, երբ բոլոր մարդիկ առողջ կլինեն» (Եսայիա 33։24)։ Շատ խորհուրդներ կարելի է գտնել «Ինչպես վարել Աստվածաշնչի թեմայով զրույցը» գրքույկում։b
10. Ինչպե՞ս կարող ենք հարցերի օգնությամբ ‘հանել’ Աստվածաշունչ ուսումնասիրողի սրտում ու մտքում եղածը, բայց ինչի՞ց է հարկավոր զգուշանալ։
10 Իսկ ինչպե՞ս կարող ենք էֆեկտիվ հարցերի մեթոդը օգտագործել Աստվածաշնչի ուսումնասիրության ժամանակ։ Ի տարբերություն Հիսուսի՝ մենք չենք տեսնում, թե ինչ կա մարդու սրտում։ Այնուամենայնիվ, նրբանկատորեն տրված խորաթափանց հարցերի օգնությամբ կարող ենք ‘հանել’ ուսումնասիրողի սրտում ու մտքում եղածը (Առակաց 20։5)։ Ասենք՝ ուսումնասիրում ենք «Գիտություն» գրքի «Ինչո՛ւ է բարեպաշտությունը նպաստում երջանկությանը» գլուխը։ Այնտեղ քննարկվում է Աստծո տեսակետը անազնվության, պոռնկության և այլ հարցերի վերաբերյալ։ Ուսումնասիրողը գուցե ճիշտ պատասխան տա բերված հարցերին, բայց արդյո՞ք նա համաձայն է այն բանի հետ, ինչ սովորում է։ Մենք կարող ենք հարցնել. «Համաձա՞յն ես Եհովայի այս տեսակետի հետ։ Ինչպե՞ս կարող ես աստվածաշնչյան այս սկզբունքը կիրառել քո կյանքում»։ Հիշենք, սակայն, որ հարկավոր է դա անել հարգալից կերպով՝ չխոցելով ուսումնասիրողի արժանապատվության զգացումը։ Մենք այնպիսի հարցեր չենք տա, որոնք կարող են շփոթեցնել կամ նվաստացնել Աստվածաշունչ ուսումնասիրողին (Առակաց 12։18, Արևմտ. Աստ.)։
11. Ի՞նչ ձևերով կարող է հանրային ելույթ ներկայացնողը էֆեկտիվ հարցեր օգտագործել։
11 Հանրային ելույթ ներկայացնողները նույնպես կարող են էֆեկտիվ հարցեր օգտագործել։ Օրինակ՝ հռետորական հարցերը (հարցեր, որոնք բարձրաձայն պատասխան չեն պահանջում) կարող են մղել ունկնդիրներին մտածելու և տրամաբանելու։ Հիսուսը երբեմն օգտագործում էր նման հարցեր (Մատթէոս 11։7–9)։ Բացի դրանից, ներածական խոսքերից հետո հռետորը կարող է այնպիսի հարցեր ուղղել, որոնք ցույց կտան, թե ինչ է քննարկվելու։ Նա կարող է ասել. «Այսօր մենք կքննենք հետևյալ հարցերը՝....»։ Հետո՝ վերջաբանի խոսքերն ասելիս, նա կարող է նորից անդրադառնալ այդ հարցերին՝ հիշեցնելու համար գլխավոր մտքերը։
12. Ցույց տուր, թե ինչպես կարող են քրիստոնյա երեցները օգտագործել հարցեր՝ օգնելու համար հավատակցին մխիթարություն գտնել Աստծո Խոսքից։
12 Իրենց հովվական գործը կատարելիս քրիստոնյա երեցները նույնպես կարող են օգտագործել հարցեր՝ օգնելու համար «վհատվածներին» մխիթարություն գտնել Եհովայի Խոսքից (Ա Թեսաղոնիկեցիս 5։14, ԱՆԹ)։ Օրինակ՝ երեցը կարող է այդպիսի անհատի ուշադրությունը հրավիրել Սաղմոս 34։18–ի վրա, որտեղ ասվում է. «Տէրը մօտիկ է սրտով կոտրուածներին, եւ փրկում է հոգով փշրուածներին»։ Վստահ լինելու համար, որ վհատված անհատը տեսնում է, թե ինչպես է դա վերաբերում անձամբ իրեն, երեցը կարող է հարցնել. «Եհովան ո՞ւմ է մոտիկ։ Լինո՞ւմ են պահեր, երբ քեզ «սրտով կոտրված» ու «հոգով փշրված» ես զգում։ Եթե, ինչպես Աստվածաշունչն է ասում, Եհովան մոտ է այդպիսի անհատներին, արդյոք դա չի՞ նշանակում, որ քեզ էլ է մոտ»։ Նման ջերմ վստահեցումը կարող է սրտապնդել վհատված անհատին (Եսայիա 57։15)։
Բեր տրամաբանական փաստարկներ
13, 14. ա) Ի՞նչ կարելի է ասել այն անհատին, որը պնդում է, թե չի կարող հավատալ Աստծուն, քանի որ չի տեսնում նրան։ բ) Ինչո՞ւ չպետք է ակնկալենք, որ բոլորը կհամոզվեն։
13 Ծառայության մեջ մենք ցանկանում ենք հասնել մարդկանց սրտին՝ բերելով հիմնավոր, համոզիչ տրամաբանական փաստարկներ (Գործք 19։8; 28։23, 24)։ Ուրիշներին Աստծո Խոսքի ճշմարտացիության մեջ վստահեցնելու համար արդյոք բա՞րդ փաստարկներ են հարկավոր։ Բոլորովին էլ պարտադիր չէ։ Հիմնավոր փաստարկներ բերել չի նշանակում խոսել բարդ լեզվով։ Պարզ խոսքերով արտահայտված տրամաբանական փաստարկները սովորաբար ամենաարդյունավետն են։ Քննենք մի օրինակ։
14 Ենթադրենք ինչ–որ մեկը պնդում է, թե չի կարող հավատալ Աստծուն, քանի որ չի տեսնում նրան։ Մենք կարող ենք կիրառել պատճառահետևանքային կապի սկզբունքը. տեսնելով հետևանքը՝ գիտակցում ենք, որ դրա համար պատճառ պետք է եղած լինի։ Ուստի կարող ենք ասել. «Եթե խուլ մի վայրում լավ տուն տեսնեք՝ մառանները լի (հետևանք), երևի թե չեք կասկածի, որ ինչ–որ մեկը (պատճառ) արած պիտի լիներ այդ ամենը։ Նմանապես՝ տեսնելով բարդ կառուցվածք ունեցող մեր բնությունը, ինչպես նաև երկրագնդի «մառաններում» ուտելիքի առատությունը (հետևանք), խելքին մոտ չի՞ թվում, որ դա ինչ–որ Մեկի (պատճառ) ձեռքի գործը պիտի լինի»։ Աստվածաշնչյան հետևյալ պարզ փաստարկը լավագույնս է ցույց տալիս դա. «Ամեն տուն մէկից է շինվում. բայց նա որ ամենն արաւ՝ Աստուած է» (Եբրայեցիս 3։4)։ Պետք է նշել սակայն, որ մեր փաստարկները, որքան էլ դրանք հիմնավոր լինեն, բոլորին չէ, որ կհամոզեն։ Աստվածաշունչը հիշեցնում է, որ հավատ կցուցաբերեն միայն «հավիտենական կյանքի հանդեպ տրամադրվածներ[ը]» (Գործք 13։48, ՆԱ; Բ Թեսաղոնիկեցիս 3։2)։
15. Տրամաբանական փաստարկների ինչպիսի՞ շղթա կարող ենք օգտագործել բացահայտելու համար Եհովայի հատկություններն ու գործելակերպը, և ո՞ր երկու օրինակներից է երևում, թե ինչպես կարող ենք գործածել այն։
15 Լինի դա ծառայության ժամանակ թե ժողովում՝ ուսուցանելիս կարող ենք բերել տրամաբանական այնպիսի փաստարկներ, որ կբացահայտեն Եհովայի հատկություններն ու գործելակերպը։ Հատկապես ազդեցիկ է տրամաբանական փաստարկների «որքան ավելի» շղթան, որից երբեմն օգտվում էր Հիսուսը (Ղուկաս 11։13; 12։24)։ Հակադրության վրա հիմնված այս փաստարկները շատ տպավորիչ կարող են լինել։ Օրինակ՝ ցույց տալու համար դժոխքի կրակների մասին ուսմունքի անհեթեթ լինելը կարող ենք ասել. «Ոչ մի սիրող հայր իր երեխային պատժելիս նրա ձեռքը կրակի մեջ չի դնի։ Առավել ևս մեր սիրառատ երկնային Հոր համար է զզվելի դժոխքի կրակների գաղափարը» (Երեմիա 7։31)։ Իսկ որպեսզի կարողանանք ցույց տալ, որ Եհովան անհատապես է հոգ տանում իր ծառաներին, կարող ենք ասել. «Եթե Եհովան գիտի միլիոնավոր աստղերից յուրաքանչյուրի անվանումը, առավել ևս նա հոգ պիտի տանի այն մարդկանց, ովքեր սիրում են նրան, և որոնց նա գնել է իր Որդու թանկագին արյամբ» (Եսայիա 40։26; Հռովմայեցիս 8։32)։ Այդպիսի հիմնավոր փաստարկները կարող են օգնել, որ հասնենք մեր ունկնդիրների սրտին։
Օգտագործիր հարմար օրինակներ
16. Ինչո՞ւ է օրինակների դերն այդքան կարևոր։
16 Հարմար օրինակները համեմունքի պես են, որ համ են տալիս մեր ուսուցումներին։ Ինչո՞ւ է օրինակների դերն այդքան կարևոր։ Ահա թե ինչ է ասում մի ուսուցիչ. «Մարդու համար անչափ դժվար է ընկալել վերացական գաղափարները»։ Իսկ օրինակները մեր մտքում դրոշմում են տպավորիչ պատկերներ՝ օգնելով, որ ավելի լիարժեք կերպով հասկանանք միտքը։ Հիսուսը աչքի էր ընկնում օրինակներ օգտագործելու իր հմտությամբ (Մարկոս 4։33, 34)։ Եկեք տեսնենք, թե մենք ինչպես կարող ենք օգտվել ուսուցման այս մեթոդից։
17. Ո՞ր չորս գործոնները կարող են օգնել, որ օրինակը դառնա տպավորիչ։
17 Իսկ ի՞նչն է նպաստում, որ օրինակը դառնա տպավորիչ։ Առաջին՝ այն պետք է մատչելի լինի մեր ունկնդիրներին՝ ներկայացնի այնպիսի իրավիճակներ, որ նրանք հեշտությամբ կարողանան պատկերացնել. հիշենք, որ Հիսուսի օրինակներից շատերը վերցված էին իր ունկնդիրների առօրյա կյանքից։ Երկրորդ՝ օրինակը պիտի նյութին համապատասխան լինի։ Եթե համեմատությունը հաջող չէ, ապա այն միայն կշեղի ունկնդիրներին։ Երրորդ՝ օրինակը չպետք է ծանրաբեռնված լինի անկարևոր մանրամասներով։ Հիշենք, որ Հիսուսը ներկայացնում էր կարևոր մանրամասները, իսկ ոչ էականները բաց թողնում։ Չորրորդ՝ օրինակ բերելիս մենք պետք է հավաստիանանք, որ նրա կիրառությունը պարզ է ունկնդրին, հակառակ դեպքում՝ մարդիկ չենք հասկանա օրինակի իմաստը։
18. Ինչպե՞ս կարող ենք հարմար օրինակներ գտնել։
18 Ինչպե՞ս կարելի է գտնել հարմար օրինակներ։ Հարկ չկա երկար–բարակ պատմություններ հորինել։ Շատ արդյունավետ կարող են լինել կարճ օրինակները։ Պարզապես փորձեք խորհել քննարկվելիք նյութի շուրջ։ Ասենք՝ քննարկում ենք մի թեմա, որը վերաբերում է Աստծո ներողամտությանը, և ցանկանում ենք օրինակի միջոցով լուսաբանել Գործք 3։19–ում գրված խոսքերը։ Այնտեղ ասվում է, որ Եհովան ‘ջնջելու’ կամ սրբելու է մեր մեղքերը։ Այդ խոսքերն արդեն ասված են պատկերավոր լեզվով։ Բայց ի՞նչ կոնկրետ օրինակ կարող ենք բերել լուսաբանելու համար միտքը՝ ռետինի՞, սպունգի՞։ Մենք կարող ենք ասել. «Երբ Եհովան ներում է մեր մեղքերը, նա ասես ռետինով (սպունգով) մաքրում է դրանք»։ Դժվար թե նման պարզ օրինակի իմաստը հասկանալի չլինի։
19, 20. ա) Որտեղի՞ց կարող ենք հարմար օրինակներ գտնել։ բ) Մեր հրատարակություններում ի՞նչ տպավորիչ օրինակներ են օգտագործվել (տե՛ս նաև շրջանակը)։
19 Իսկ որտեղի՞ց կարելի գտնել կյանքին վերաբերող օրինակներ։ Հենց ձեր կյանքից, կամ էլ՝ հավատակիցների, որ տարբեր անցյալ են ունեցել։ Բազում այլ աղբյուրներ էլ կան. օրինակ բերելիս կարելի է օգտագործել շնչավոր կամ անշունչ առարկաները, տան պիտույքները, հայտնի իրադարձությունները։ Լավ օրինակներ գտնելու համար հարկավոր է ուշադիր լինել և ‘զննել’ առօրյա կյանքում մեր շուրջը տեղի ունեցող բաները (Գործք 17։22, 23 Արևմտ. Աստ.)։ Հանրային ելույթների վերաբերյալ մի աշխատության մեջ ասվում է. «Եթե հռետորը այնպիսի անձնավորություն է, որը դիտում է մարդու կյանքը՝ իր տարբեր բնագավառներով, խոսում է տարբեր մարդկանց հետ, ուշադրությամբ ուսումնասիրում է տարբեր բաներ և դրանք հասկանալու համար բավական հարցեր է տալիս, հսկայական նյութ կհավաքի օրինակներ գտնելու համար, ինչը հարկ եղած դեպքում շատ կօգնի նրան»։
20 Տպավորիչ օրինակներ գտնելու մեկ ուրիշ հարուստ աղբյուր էլ կա՝ «Դիտարան» և «Արթնացեք» պարբերագրերը ու Եհովայի վկաների մյուս հրատարակությունները։ Շատ բան կարող ենք սովորել, եթե փորձենք տեսնել, թե ինչպես են այդ հրատարակություններում կիրառվում օրինակները։c Վերցնենք «Գիտություն» գրքի 17–րդ գլխի 11–րդ պարբերության մեջ օգտագործված օրինակը։ Այնտեղ ժողովի անդամների բնավորությունների տարբերությունը համեմատվում է նույն ճանապարհով ընթացող մեքենաների միջև եղող տարբերության հետ։ Ինչի՞ շնորհիվ է այդ օրինակը տպավորիչ։ Ուշադրություն դարձնենք, որ այն վերցված է առօրյա կյանքից, բավական համապատասխանում է նյութին, իսկ կիրառությունը պարզ է։ Ուսուցանելիս մենք կարող ենք օգտագործել այդ հրատարակություններում տեղ գտած օրինակները՝ դրանք հարմարեցնելով Աստվածաշունչ ուսումնասիրողի կարիքներին կամ էլ մեր ելույթին։
21. Ի՞նչ պարգևատրություն է բերում Աստծո Խոսքի լավ ուսուցիչ լինելը։
21 Լավ ուսուցիչ լինելը մեծ պարգևատրություն է բերում։ Ուսուցանելիս մենք ուրիշների հետ ինչ–որ բան ենք կիսում՝ մեզնից ինչ–որ բան ենք տալիս, որպեսզի կարողանանք օգնել նրանց։ Տալը ուրախություն է պատճառում, չէ՞ որ Աստվածաշունչն ասում է. «Աւելի երանելի է տալը քան թէ առնելը» (Գործք 20։35)։ Իսկ Աստծո Խոսքի ուսուցիչները երջանկություն և ուրախություն են ստանում այն բանի գիտակցումից, որ մարդկանց տալիս են իսկական, հարատև արժեք ունեցող մի բան՝ ճշմարտությունը Եհովայի մասին։ Մեզ բավականություն է պատճառում նաև այն միտքը, որ ընդօրինակում ենք մեծագույն Ուսուցչին՝ Հիսուս Քրիստոսին։
[ծանոթագրություններ]
a Հրատարակված՝ Եհովայի վկաների կողմից։
b Հրատարակված՝ Եհովայի վկաների կողմից։ Տե՛ս «Ներածական խոսքեր՝ դաշտի ծառայության համար» բաժինը, էջ 2–7։
c Օրինակներ գտնելու համար տե՛ս մի շարք լեզուներով հրատարակված ««Դիտարան» ընկերության հրատարակությունների ցանկը», «Օրինակներ» բաժնի տակ։
Հիշո՞ւմ եք
• Ինչպե՞ս կարող ենք պարզ խոսել Աստվածաշնչի տնային ուսումնասիրություն անցկացնելիս կամ հանրային ելույթ ներկայացնելիս։
• Ինչպե՞ս կարող ենք տնից տուն ծառայության ժամանակ օգտագործել էֆեկտիվ հարցեր։
• Ինչպե՞ս կարող ենք տրամաբանական փաստարկներ բերել Աստծո հատկություններն ու գործելակերպը բացահայտելու համար։
• Որտեղի՞ց կարող ենք հարմար օրինակներ գտնել։
[շրջանակ/նկար 23–րդ էջի վրա]
Հիշո՞ւմ եք այս օրինակները
Այստեղ ներկայացված են մի քանի տպավորիչ օրինակներ, որ օգտագործվել են մեր գրականության մեջ։ Ինչո՞ւ չդիմեք ներքոհիշյալ հրատարակություններին՝ տեսնելու համար, թե ինչպես է տվյալ օրինակն օգնում հասկանալ այնտեղ քննարկվող նյութը։
• Որպեսզի ամուսնությունը հաջող լինի, լավ ընկեր է հարկավոր, ճիշտ ինչպես օդային ակրոբատների ու գեղասահորդների դեպքում («Դիտարան», մայիսի 15, 2001, էջ 16)։
• Ամուսնուն որևէ բան հուշելը նման է գնդակ նետելուն։ Կինը կարող է նետել այն զգուշությամբ, կամ էլ ուժգնորեն՝ այնպես, որ դա ցավ պատճառի («Հավիտենական կյանքի առաջնորդող գիտություն», էջ 144)։
• Սեր արտահայտել սովորելը նման է նոր լեզու սովորելուն («Դիտարան», մարտի 1, 1999, էջ 13, 17)։
• Մեր ժառանգած մեղքը կարելի է համեմատել մի վիրուսի հետ, որ վնաս է հասցնում համակարգչի ֆայլերին («Գոյություն ունի՞ արդյոք հոգատար Ստեղծիչ», էջ 156)։
• Ոգեհարցությունը դևերի համար նույնն է, ինչ խայծը՝ որսորդի. այն հրապուրում է զոհին («Հավիտենական կյանքի առաջնորդող գիտություն», էջ 111)։
• Հիսուսը նման է մի հոր, որը մահանալուց հետո մեծ ժառանգություն թողեց մեզ, և այդ ժառանգությունը հնարավորություն ընձեռեց ոչ միայն Ադամի թողած հսկայական պարտքից ազատվելու, այլև հավիտյան ապրելու («Դիտարան», նոյեմբերի 15, 2001, էջ 6)։
[նկարներ 20–րդ էջի վրա]
Իսկական քրիստոնյաները Աստծո Խոսքի ուսուցիչներ են
[նկար 21–րդ էջի վրա]
Երեցները հարցերի միջոցով կարող են օգնել հավատակցին մխիթարություն գտնել Աստծո Խոսքից