Քրիստոնյայի համա՞ր է նախանձախնդրությունը
ԱՐԴՅՈ՞Ք քրիստոնյան պետք է նախանձավոր լինի։ Մենք քաջալերվում ենք «սիրոյ հետամուտ» լինել, իսկ «սէրը չէ նախանձվում» (Ա Կորնթացիս 13։4; 14։1, ԷԹ)։ Մյուս կողմից՝ «Եհովա[ն].... նախանձոտ Աստուած է», իսկ մենք պետք է ձգտենք նմանվել նրան (Ելից 34։14; Եփեսացիս 5։1)։ Հակասություն է կարծես. բայց ինչո՞ւ է այդպիսի տպավորություն ստեղծվում։
Բանն այն է, որ «նախանձոտ» թարգմանված եբրայերեն ու հունարեն բառերը շատ իմաստներ ունեն։ Կախված իրենց գործածությունից՝ դրանք կարող են կրել թե՛ դրական և թե՛ բացասական երանգ։ Եբրայերեն բառը նշանակում է՝ «հաստատակամություն բացարձակ նվիրվածություն ցուցաբերելու հարցում, անհանդուրժողականություն՝ մրցակցի նկատմամբ, եռանդ, ջերմեռանդություն, խանդ [ճիշտ թե սխալ դրդապատճառներով], նախանձ»։ Համապատասխան հունարեն բառն ունի նույն նշանակությունը։ Այս բառերը կարող են փոխանցել մրցակից համարվող կամ ինչ–որ «առավելություններ» ունեցող անհատի հանդեպ սխալ վերաբերմունքի գաղափար (Առակաց 14։30)։ Կարող են նաև դրական երանգ ունենալ՝ փոխանցելով սիրելի անհատին վնասից պաշտպանելու իմաստ (Բ Կորնթացիս 11։2)։
Գերազանց օրինակ
Ճիշտ ձևով նախանձախնդրություն ցուցաբերելու հարցում գերազանց օրինակ է հանդիսանում Եհովան։ Նա գործում է ճիշտ մղումների թելադրանքով՝ իր ժողովրդին հոգևոր ու բարոյական վնասներից պաշտպանելու։ Հնում ապրած իր ժողովրդի մասին, որ փոխաբերական լեզվով ներկայացվում է որպես Սիոն, Եհովան ասել էր. «Ես նախանձեցի Սիօնի համար մեծ նախանձով, եւ մեծ բորբոքումով նախանձեցի նորա համար» (Զաքարիա 8։2)։ Ճիշտ ինչպես սիրող հայրն է միշտ ուշադիր և պատրաստ իր երեխաներին չարիքից պաշտպանելու, այնպես էլ Եհովան. նա ուշադիր է՝ իր ծառաներին ֆիզիկական ու հոգևոր վտանգներից պաշտպանելու պատրաստ։
Իր ժողովրդին պաշտպանելու համար Եհովան տվել է Աստվածաշունչը, որը քաջալերում է իմաստությամբ վարվել և բազում օրինակներ է պարունակում նման ընթացք բռնած անհատների մասին։ Ահա թե ինչ ենք կարդում Եսայիա 48։17–ում. «Ես եմ քո Աստուածը, որ քեզ սովորեցնում եմ օգտակար եղողը, որ քեզ առաջնորդում եմ քո գնալու ճանապարհումը»։ Որքա՜ն մխիթարական է իմանալ, որ Աստծո նախանձախնդրությունը մղում է նրան մեր հանդեպ ուշադիր լինելու և մեր մասին հոգ տանելու։ Եթե նա այս հարցում նախանձախնդիր չլիներ, մենք անփորձ լինելու պատճառով բազում փորձանքների մեջ կընկնեինք։ Ինչ խոսք, Եհովայի նախանձախնդրությունը եսասիրական չես անվանի։
Հարց է առաջանում, թե ինչ տարբերություն գոյություն ունի աստվածահաճ նախանձախնդրության և անտեղի նախանձախնդրության միջև։ Պատասխանը գտնելու համար եկեք քննենք Մարիամի և Փենեհեսի օրինակները։ Նաև ուշադրություն դարձնենք նրանց շարժառիթների վրա։
Մարիամն ու Փենեհեսը
Մարիամը Մովսեսի և Ահարոնի մեծ քույրն էր։ Վերջիններս Եգիպտոսից դուրս գալու ժամանակ Իսրայելի առաջնորդներն էին։ Երբ Իսրայել ազգը անապատում էր, Մարիամը սկսեց նախանձել իր եղբորը՝ Մովսեսին։ Ահա թե ինչ է գրված Աստվածաշնչում. «Մարիամն ու Ահարօնը Մովսէսի դէմ խօսեցին՝ նորա առած Եթէոպացի կնոջ պատճառով.... Եւ ասեցին. Մի՞թէ Եհովան միայն Մովսէսի ձեռքովը խօսեց. չէ՞ որ մեր ձեռքովն էլ խօսեց»։ Ըստ երևույթին, Մովսեսի դեմ բարձրացված այս հակառակության մեջ գլխավոր դեր էր խաղում Մարիամը, քանի որ Եհովան պատժեց նրան և ոչ թե Ահարոնին։ Անհարգալից վարքի համար Աստված Մարիամին զարկեց բորոտությամբ, որը տևեց մի շաբաթ (Թուոց 12։1–15)։
Ի՞նչը դրդեց Մարիամին դուրս գալ Մովսեսի դեմ. ճշմարիտ երկրպագությամբ մտահոգված լինե՞լը, իր ազգակիցներին վնասից պաշտպանելու ցանկությո՞ւնը։ Ո՛չ իհարկե։ Ինչպես երևում է, Մարիամը թույլ էր տվել, որ իր սրտում ավելի մեծ հեղինակության և իշխանության հասնելու ձգտում զարգանա։ Որպես մարգարեուհի՝ նա մեծ հարգանք էր վայելում Իսրայելում, հատկապես՝ կանանց կողմից։ Երբ Կարմիր ծովի մոտ իսրայելացիները հրաշքով փրկություն ստացան, նա էր գնում նվագող կանանց առջևից։ Հետագայում, սակայն, Մարիամը սկսեց մտահոգվել իր դիրքը չկորցնելու մասին, որ կարող էր տեղի ունենալ կարծեցյալ մրցակցի՝ Մովսեսի կնոջ պատճառով։ Դա ճիշտ չէր։ Նախանձից դրդված՝ նա դուրս եկավ Մովսեսի դեմ. մի անհատի, որ նշանակված էր Եհովայի կողմից (Ելից 15։1, 20, 21)։
Ի տարբերություն նրա՝ Փենեհեսի քայլերը թելադրված էին բոլորովին այլ մղումներով։ Իսրայելացիները, որ բանակ էին դրել Մովաբի դաշտավայրում, շուտով պետք է մտնեին Ավետյաց երկիր։ Մովաբացի ու մադիանացի կանայք, իսրայելացի շատ տղամարդկանց գայթակղեցնելով, ներքաշեցին նրանց պոռնկության ու կռապաշտության մեջ։ Բանակը մաքուր պահելու, ինչպես նաև Եհովայի զայրույթը մեղմելու նպատակով Իսրայելի դատավորներին հրահանգ տրվեց սպանել բոլոր նրանց, ովքեր նման բան էին կատարել։ Շմավոնի տոհմի իշխաններից մեկի որդին՝ Զամբրին, «Իսրայէլի որդկանց բոլոր ժողովքի աչքի առաջին» Քազբի անունով մի մադիանացի կնոջ հետ մտավ իր վրանը՝ անբարոյականությամբ զբաղվելու նպատակով։ Փենեհեսը գործի անցավ. նա շատ վճռական քայլեր ձեռնարկեց։ Եհովայի երկրպագության հանդեպ նախանձախնդրությունից և բանակը մաքուր պահելու ցանկությունից մղված՝ նա մտավ վրանը և սպանեց այդ անբարոյական անհատներին։ Եհովայի հանդեպ «նախանձ ունենալու» համար Փենեհեսը գովասանքի արժանացավ։ Պատեհ ժամանակին կատարված այդ քայլի շնորհիվ դադարեցվեց պատիժը, որի հետևանքով արդեն զոհվել էր 24 000 մարդ։ Բացի այդ, Եհովան օրհնեց Փենեհեսին՝ նրա սերնդի հետ հավիտենական քահանայության ուխտ կապելով (Թուոց 25։4–13)։
Ի՞նչ տարբերություն կա նախանձավորության այս երկու դրսևորումների միջև։ Մարիամը դուրս եկավ իր եղբոր դեմ՝ նախանձից դրդված, իսկ Փենեհեսը իրականացրեց արդարադատություն՝ Աստծո հանդեպ նախանձախնդրությունից մղված։ Փենեհեսի նման երբեմն մենք էլ գուցե մղված լինենք բացեիբաց խոսել ի պաշտպանություն Եհովայի անվան, նրա երկրպագության և նրա ժողովրդի։
Նախանձախնդրություն՝ թյուրիմացության հետևանքով
Հնարավո՞ր է արդյոք, որ նախանձախնդրություն ցուցաբերենք թյուրիմացաբար։ Այո՛։ Ընդհանուր առմամբ դա էր պարագան առաջին դարում ապրող հրեաների դեպքում։ Նրանք նախանձախնդրորեն պաշտպանում էին Աստծո կողմից տրված Օրենքն ու իրենց ավանդույթները։ Այդ նպատակով նրանք անթիվ կանոններ էին հորինել և սահմանափակումներ դրել մարդկանց վրա, ինչը ժողովրդի ուսերին ծանր բեռ էր դարձել (Մատթէոս 23։4)։ Չկարողանալով կամ էլ չցանկանալով ընդունել, որ Աստված արդեն փոխել էր Մովսիսական օրենքը՝ նրանք անպատեհ նախանձախնդրություն էին ցուցաբերում՝ իրենց անկառավարելի զայրույթը թափելով Հիսուսի հետևորդների վրա։ Պողոս առաքյալը, որ թյուրիմացաբար մի ժամանակ նույնպես նախանձախնդրություն էր ցուցաբերել Օրենքի հանդեպ, ասել էր, որ հրեաները «նախանձախնդիր [էին] Աստծու հանդեպ, միայն թե այս նախանձախնդրությունը հիմնված չէ[ր] ճշմարիտ գիտության վրա» (Հռովմայեցիս 10։2, ԱՆԹ; Գաղատացիս 1։14)։
Անգամ քրիստոնյա դարձած հրեաներից շատերն էին դժվարանում Օրենքի հանդեպ չափազանց նախանձախնդիր չլինելու հարցում։ Իր երրորդ միսիոներական ճանապարհորդությունից հետո Պողոսը առաջին դարի կառավարիչ մարմնին պատմեց այն մասին, որ ուրիշ ազգերի պատկանող մարդիկ ընդունել են քրիստոնեությունը։ Այդ ժամանակ, սակայն, քրիստոնյա դարձած հազարավոր հրեաներ «օրէնքի նախանձաւոր» էին (Գործք 21։20)։ Եվ դա այն ժամանակ, երբ արդեն տարիներ էին անցել, ինչ կառավարիչ մարմնի կողմից տրվել էր ոչ հրեա քրիստոնյաներին չթլպատելու հրահանգը։ Օրենքը պահելու հետ կապված հարցերը ժողովներում վեճերի առարկա էին դարձել (Գործք 15։1, 2, 28, 29; Գաղատացիս 4։9, 10; 5։7–12)։ Չըմբռնելով, թե ինչպես է Եհովան այժմ վարվում իր ժողովրդի հետ՝ հրեա քրիստոնյաներից ոմանք համառորեն պնդում էին իրենցը՝ քննադատելով ուրիշներին (Կողոսացիս 2։17; Եբրայեցիս 10։1)։
Մենք պետք է խուսափենք նման ձևով նախանձախնդրություն դրսևորելուց և Աստծո Խոսքի վրա չհիմնված, բայց մեզ համար հարազատ գաղափարներն ու վարվելակերպը պաշտպանելուց։ Հարկավոր է ընդունել աստվածաշնչյան ուսուցումների նոր ըմբռնումը, որ տրվում է Եհովայի ընտրած ճանապարհով։
Նախանձախնդրություն՝ հանուն Եհովայի
Տեղին է նախանձախնդրություն ցուցաբերել ճշմարիտ երկրպագության առնչությամբ։ Աստվածահաճ նախանձախնդրությունը օգնում է կենտրոնանալ ոչ թե մեր հեղինակության կամ իրավունքների, այլ Եհովայի վրա։ Այն մղում է հայտնել ճշմարտությունը Աստծո մասին և առիթներ փնտրել իր ճանապարհներն ու իր ժողովրդին պաշտպանելու։
Ակիկոն, որ Եհովայի վկաների լիաժամ ծառայողներից է, մի անգամ շատ խիստ հակառակության հանդիպեց մի անհատի կողմից, որը սխալ պատկերացումներ ուներ արյան վերաբերյալ Աստծո օրենքի մասին։ Ակիկոն սկսեց քաղաքավարի ձևով պաշտպանել Աստծո Խոսքը, անգամ ցույց տվեց, թե ինչ խնդիրներ ու դժվարություններ է առաջացնում արյան փոխներարկումը հենց բժշկության մեջ։ Եհովայի մասին պատմելու իր մեծ ցանկությունից մղված՝ Ակիկոն սկսեց խոսել այն բանից, ինչն, իր կարծիքով, այդ կնոջ հակառակության գլխավոր պատճառն էր. նա չէր հավատում Արարչի գոյությանը։ Ակիկոն տրամաբանական փաստարկներ բերեց՝ ցույց տալով, թե ինչպես է ստեղծագործությունը հիմք տալիս հավատալու, որ գոյություն ունի Արարիչ։ Նրա եռանդուն ջանքերի շնորհիվ այդ կինը ոչ միայն ձերբազատվեց իր նախապաշարմունքից, այլև սկսեց ուսումնասիրել Աստվածաշունչը։ Նախկինում հակառակվող այդ անձնավորությունը այժմ գտնվում է Եհովային փառաբանողների շարքերում։
Ճշմարիտ երկրպագության հանդեպ նախանձախնդրությունը մղում է ուշադիր լինելու ու հնարավորության դեպքում մեր հավատի մասին խոսելու և այն պաշտպանելու. մի բան, որ կարող ենք անել աշխատավայրում, դպրոցում, խանութում կամ էլ ինչ–որ տեղ գնալիս։ Միդորին, օրինակ, նպատակ է դրել աշխատակիցների հետ իր հավատի մասին խոսելու։ Նրանցից մեկը՝ 40–նն անց մի կին, որ ասել էր, թե ոչինչ չի ցանկանում լսել Եհովայի վկաների հավատի վերաբերյալ, մի անգամ վշտացած պատմեց իր դստեր մասին, որը գնալով փոխվում էր դեպի վատը։ Միդորին ցույց տվեց «Երիտասարդների հարցերը. գործնական խորհուրդներ»a գիրքը և առաջարկեց նրա դստեր հետ այդ գրքի միջոցով ուսումնասիրություն անցկացնել։ Ուսումնասիրությունը սկսվեց։ Աղջկա մայրը, սակայն, չէր մասնակցում քննարկումներին։ Միդորին որոշեց նրան ցույց տալ «Եհովայի վկաներ. կազմակերպություն՝ կանգնած այդ անվան ետևում»* տեսաֆիլմը։ Դա օգնեց, որ այդ կինը հրաժարվի իր սխալ պատկերացումներից։ Իր տեսածից տպավորված՝ կինն ասաց. «Ես կցանկանայի Եհովայի վկաների նման լինել»։ Նա սկսեց մասնակցել իր դստեր հետ անցկացվող ուսումնասիրությանը։
Տեղին է նախանձախնդրություն ցուցաբերել նաև քրիստոնեական ժողովում։ Այն նպաստում է ջերմ մթնոլորտի առաջացմանը՝ օգնելով սեր ու հոգատարություն ցուցաբերել, և մղում է դեմ կանգնել կործանարար ազդեցություններին, ինչպես օրինակ՝ բամբասանքին ու հավատուրացության ոգուն, որ կարող են վնաս հասցնել մեր հոգևոր եղբայրներին։ Աստվածահաճ նախանձախնդրությունը կմղի թիկունք կանգնել այն որոշումներին, որ կայացնում են երեցները։ Երբեմն գուցե անհրաժեշտություն առաջանա սխալ ձևով վարվողին հանդիմանելու (Ա Կորնթացիս 5։11–13; Ա Տիմոթէոս 5։20)։ Կորնթոսի ժողովի անդամների նկատմամբ իր նախանձախնդրության մասին Պողոսն ասել էր. «Ձեզ համար նախանձաւոր եմ Աստուծոյ նախանձովը. որովհետեւ ձեզ մի մարդի նշանեցի՝ որ մի սուրբ կոյս կանգնեցնեմ Քրիստոսի առաջին» (Բ Կորնթացիս 11։2)։ Նույնը և մենք. նախանձախնդրություն ցուցաբերելով՝ մղված կլինենք մեր ուժերի ներածին չափով պաշտպանելու ժողովի բոլոր անդամների հոգևոր ու բարոյական մաքրությունը, ինչպես նաև օգնելու, որ նրանք հետևեն ճշմարիտ ուսմունքին։
Այո՛, ճիշտ մղումներով թելադրված՝ աստվածահաճ նախանձախնդրությունը կարող է դրականորեն անդրադառնալ ուրիշների վրա։ Դրա շնորհիվ մենք կարժանանանք Եհովայի հավանությանը։ Ուստի դա մի հատկություն է, որ քրիստոնյաները պետք է ցուցաբերեն (Յովհաննէս 2։17)։
[ծանոթագրություն]
a Հրատարակված՝ Եհովայի վկաների կողմից։
[նկարներ 29–րդ էջի վրա]
Փենեհեսի գործողությունները թելադրված էին աստվածահաճ նախանձախնդրությամբ
[նկար 30–րդ էջի վրա]
Խուսափեք նախանձախնդրություն ցուցաբերել՝ թյուրիմացության հետևանքով
[նկարներ 31–րդ էջի վրա]
Աստվածահաճ նախանձախնդրությունը մղում է մեր հավատի մասին պատմելու ու եղբայրությունը գնահատելու