Որքանո՞վ է ամուր քո հավատը
«Դուք հաւատքով հաստատ կանգնած էք» (Բ ԿՈՐՆԹԱՑԻՍ 1։24)։
1, 2. Ինչո՞ւ պետք է հավատ ունենանք, և ինչպե՞ս կարող է զորանալ մեր հավատը։
ԵՀՈՎԱՅԻ ծառաները գիտեն, որ իրենք պետք է հավատ ունենան։ ‘Առանց հավատի անկարելի է հաճելի լինել Աստծուն’ (Եբրայեցիս 11։6)։ Ուստի ճիշտ ենք վարվում, երբ աղոթքով Աստծուց խնդրում ենք իր սուրբ ոգին և հավատ, որը սուրբ ոգու պտղի մաս է կազմում (Ղուկաս 11։13; Գաղատացիս 5։22, 23)։ Մեր հավատը կարող է ամրանալ, եթե ընդօրինակենք մեր եղբայրների և քույրերի հավատը (Բ Տիմոթէոս 1։5; Եբրայեցիս 13։7)։
2 Մեր հավատն ավելի կզորանա, եթե շարունակենք ընթանալ այն ուղով, որ Աստծո Խոսքը ցույց է տալիս բոլոր քրիստոնյաներին։ Հավատը կարող է ավելանալ ամեն օր Աստվածաշունչ կարդալով և ‘հավատարիմ և իմաստուն տնտեսի’ մատակարարած հրատարակությունների միջոցով Գրությունները ջանասիրաբար ուսումնասիրելով (Ղուկաս 12։42–44; Յեսու 1։7, 8)։ Մենք, կանոնավորաբար ներկա լինելով քրիստոնեական հանդիպումներին և համաժողովներին, կերտում ենք միմյանց հավատը (Հռովմայեցիս 1։11, 12; Եբրայեցիս 10։24, 25)։ Մեր հավատը զորանում է, երբ քարոզում ենք բարի լուրը (Սաղմոս 145։10–13; Հռովմայեցիս 10։11–15)։
3. Հավատի հետ կապված՝ ի՞նչ օգնություն ենք ստանում քրիստոնյա երեցներից։
3 Քրիստոնյա երեցները օգնում են մեզ ամրացնելու մեր հավատը. նրանք խորհուրդներ են տալիս Աստվածաշնչի հիման վրա և ոգևորում են մեզ։ Երեցներն իրենց մտածելակերպով նմանվում են Պողոս առաքյալին, որը կորնթացիներին գրեց. «Ձեր ուրախութեանը գործընկեր ենք, որովհետեւ դուք հաւատքով հաստատ կանգնած էք» (Բ Կորնթացիս 1։23, 24)։ Նրա խոսքերը մեկ ուրիշ թարգմանությամբ այսպես են հնչում. «Մենք գործում ենք ձեզ հետ միասին, որպեսզի դուք ուրախ լինեք, քանի որ դուք ամուր հավատ ունեք» («Contemporary English Version»)։ Արդարը հավատով է ապրում։ Անշուշտ, մեր փոխարեն ոչ ոք չի կարող հավատ դրսևորել կամ դառնալ այնպիսի անձնավորություն, որը հավատարմորեն անարատություն է պահում։ Այս առումով ‘ամեն մեկս իր բեռը պիտի վեր առնի’ (Գաղատացիս 3։11; 6։5)։
4. Հավատի տեր մարդկանց սուրբգրային օրինակներն ինչպե՞ս կարող են զորացնել մեր հավատը։
4 Գրությունները լեցուն են հավատի տեր մարդկանց օրինակներով։ Մենք գուցե ծանոթ ենք նրանց կատարած բազմաթիվ ուշագրավ գործերին, բայց ծանո՞թ ենք արդյոք նրանց հավատին, որ նրանք դրսևորել են ամեն օր, թերևս՝ ամբողջ կյանքում։ Խորհրդածելով այն մասին, թե ինչպես են այդ մարդիկ ցուցաբերել այս հատկությունը այնպիսի իրավիճակներում, որոնք նման են մեր իրավիճակներին՝ կարող ենք զորացնել մեր հավատը։
Հավատը մեզ քաջություն է տալիս
5. Ո՞ր սուրբգրային օրինակից է երևում, որ հավատը կարող է զորացնել մարդուն՝ քաջաբար հռչակելու Աստծո խոսքը։
5 Հավատը մեզ զորություն է տալիս՝ քաջությամբ հռչակելու Աստծո խոսքը։ Ենովքն արիաբար ազդարարեց Աստծո դատաստանը։ «Ահա,— ասաց նա,— Տէրը եկաւ իր բիւրաւոր սուրբերովը, որ դատաստան անէ ամենին, եւ նորանց ամբարիշտներին յանդիմանէ իրանց արած բոլոր ամբարիշտ գործերի համար, եւ բոլոր այն խիստ խօսքերի համար, որ ամբարիշտ մեղաւորները նորա դէմ խօսեցին» (Յուդա 14, 15)։ Լսելով այսպիսի խոսքեր՝ Ենովքի թշնամիները, որ անաստված մարդիկ էին, անտարակույս ցանկանում էին սպանել նրան։ Բայց նա հավատով համարձակորեն խոսեց, և Աստված «առաւ նորան»՝ մահվան քնով քնեցնելով՝ հավանաբար այնպես անելով, որ նա մահվան տառապանքները չզգա (Ծննդոց 5։24; Եբրայեցիս 11։5)։ Մեզ հետ այսպիսի հրաշքներ չեն կատարվում, սակայն Եհովան պատասխանում է մեր աղոթքներին, ուստի կարող ենք հավատով ու քաջաբար հռչակել նրա խոսքը (Գործք 4։24–31)։
6. Ինչպե՞ս Նոյը զորացավ Աստծո տված հավատով ու քաջությամբ։
6 Հավատով Նոյը «շինեց տապանը իր տան փրկութեան համար» (Եբրայեցիս 11։7; Ծննդոց 6։13–22)։ Նաև Նոյը ‘արդարության քարոզիչ’ էր, որը Աստծո նախազգուշացումները անվախորեն հայտնեց իր ժամանակակիցներին (Բ Պետրոս 2։5)։ Լսելով, թե ինչպես է Նոյը խոսում գալիք Ջրհեղեղի մասին՝ նրանք, ամենայն հավանականությամբ, ծաղրում էին Նոյին։ Այսօր ոմանք նույն ձևով են վարվում, երբ մենք Գրությունների միջոցով ցույց ենք տալիս, որ իրերի ներկա համակարգը շուտով կործանվելու է (Բ Պետրոս 3։3–12)։ Ենովքի ու Նոյի պես՝ մենք նույնպես կարող ենք հաղորդել Աստծո պատգամը, քանի որ նա հավատ ու քաջություն է տալիս մեզ։
Հավատն օգնում է մեզ, որ համբերատար լինենք
7. Ինչպե՞ս Աբրահամը և մյուսները հավատ ու համբերություն դրսևորեցին։
7 Մենք հավատի ու համբերության կարիք ունենք հատկապես այն պատճառով, որ սպասում ենք այս չար համակարգի վախճանին։ Նահապետ Աբրահամը, որ աստվածավախ մարդ էր, «հաւատքով եւ երկայնմտութիւնով [«համբերութիւնով», Արևմտ. Աստ.] խոստմունքները ժառանգողների[ց]» է (Եբրայեցիս 6։11, 12)։ Հավատով նա թողեց Ուր քաղաքը իր բոլոր առավելություններով և դարձավ պանդուխտ մի օտար երկրում, որն Աստված խոստացել էր նրան։ Իսահակն ու Հակոբը այդ նույն խոստման ժառանգորդներ էին։ Սակայն «սորանք ամենը մեռան հաւատքի մէջ առանց խոստմունքներն ստանալու»։ Հավատով նրանք ‘ավելի ազնիվին [«ավելի լավ տեղ», ԷԹ] ցանկացան, այսինքն երկնավորին’։ Ուստի Աստված «մի քաղաք է պատրաստել նորանց համար» (Եբրայեցիս 11։8–16)։ Այո՛, Աբրահամը, Իսահակը և Հակոբը, ինչպես նաև նրանց աստվածապաշտ կանայք, համբերությամբ սպասում էին Աստծո երկնային Թագավորությանը, որի ներքո նրանք հարություն կառնեն՝ ապրելու երկրի վրա։
8. Չնայած ո՞ր հանգամանքին՝ Աբրահամը, Իսահակը և Հակոբը համբերություն և հավատ դրսևորեցին։
8 Աբրահամը, Իսահակը և Հակոբը չկորցրեցին իրենց հավատը, թեև չտիրացան Ավետյաց երկրին և ոչ էլ տեսան, թե ինչպես պիտի օրհնվեին բոլոր ազգերը Աբրահամի սերունդով (Ծննդոց 15։5–7; 22։15–18)։ Թեպետ ‘Աստծո կողմից կառուցված քաղաքը’ իրականություն չէր դառնալու, մինչև որ հարյուրամյակներ չանցնեին, այդ մարդիկ իրենց ողջ կյանքում դրսևորեցին հավատ և համբերություն։ Անշուշտ, մենք առավել ևս պետք է նրանց պես վարվենք, քանի որ երկնային Մեսիական Թագավորությունն արդեն իրականություն է դարձել (Սաղմոս 42։5, 11; 43։5)։
Հավատն օգնում է, որ վեհ նպատակներ դնենք մեր առջև
9. Ի՞նչ ազդեցություն է թողնում մարդու հավատը իր նպատակների վրա։
9 Հավատարիմ նահապետները երբևիցե չընդօրինակեցին քանանացիների այլասերված կենսակերպը, քանի որ շատ ավելի վեհ նպատակներ ունեին։ Նման ձևով, հավատն օգնում է մեզ հոգևոր նպատակներ դնելու, ինչը հնարավորություն կտա մեզ խույս տալ աշխարհի հետ միաձուլվելուց. աշխարհ, որը գտնվում է չարի՝ Բանսարկու Սատանայի իշխանության տակ (Ա Յովհաննէս 2։15–17; 5։19)։
10. Որտեղի՞ց գիտենք, որ Հովսեփն իր առջև վեհ նպատակներ էր դրել և չէր ձգտում աշխարհում բարձր դիրքի հասնել։
10 Թեև Հակոբի որդի Հովսեփը Աստծո առաջնորդությամբ Եգիպտոսում նշանակվել էր որպես ամբողջ երկրի՝ պարենամթերքի գծով պատասխանատու անձ, նրա նպատակը չէր աշխարհի մեջ բարձր դիրք զբաղեցնել։ Հավատալով, որ Եհովայի խոստումները կիրականանան՝ 110–ամյա Հովսեփը պատվիրեց իր եղբայրներին. «Ահա ես մեռնում եմ, եւ Աստուած անպատճառ ձեզ այցելութիւն է անելու, եւ ձեզ այս երկրիցը հանելու է դէպի այն երկիրը, որի համար ինքը երդում արաւ Աբրահամին, Իսահակին եւ Յակոբին»։ Հովսեփը խնդրեց, որ իրեն թաղեն խոստացյալ երկրում։ Երբ որ նա մահացավ, նրա մարմինը զմռսեցին ու դրեցին դագաղի մեջ Եգիպտոսում։ Բայց երբ իսրայելացիները ազատվեցին եգիպտացիների լծից, Մովսես մարգարեն իր հետ վերցրեց նաև Հովսեփի ոսկորները՝ դրանք թաղելու համար Ավետյաց երկրում (Ծննդոց 50։22–26; Ելից 13։19)։ Եթե մեր հավատը նման է Հովսեփի հավատին, ապա պետք է մեր առջև այնպիսի նպատակներ դնենք, որոնք շատ ավելի վեհ են, քան աշխարհում բարձր դիրքի հասնելու հետ կապված նպատակները (Ա Կորնթացիս 7։29–31)։
11. Ինչպե՞ս Մովսեսը փաստեց, որ հոգևոր նպատակներ էր դրել իր առջև։
11 Մովսեսը, լինելով Եգիպտոսի թագավորական ընտանիքի անդամ, կրթված անձնավորություն, «աւելի լաւ համարեց Աստուծոյ ժողովրդի հետ չարչարուիլ, քան թէ մի առ ժամանակ մեղքի զուարճութիւնն ունենալ» (Եբրայեցիս 11։23–26; Գործք 7։20–22)։ Սրանով նա զրկվեց աշխարհիկ հեղինակություն լինելուց։ Բացի այդ, նրան, ըստ ամենայնի, մահանալուց հետո կթաղեին Եգիպտոսի հանրահայտ վայրերից մեկում՝ գեղեցիկ դագաղի մեջ։ Բայց ի՞նչ արժեր այդ ամենն այն բանի կողքին, որ նա պատիվ ունեցավ համարվելու «Աստուծոյ մարդ», լինելու Օրենքի ուխտի միջնորդ, Եհովայի մարգարե և աստվածաշնչային գրքեր գրող (Եզրաս 3։2)։ Ձգտո՞ւմ ես արդյոք ճանաչում գտնել աշխարհում, թե՞ քո հավատը մղում է քեզ հոգևոր վեհ նպատակներ դնել։
Հավատը մարդու կյանքը լցնում է բավականության զգացումով
12. Հավատ ցուցաբերելն ինչպե՞ս փոխեց Ռախաբի կյանքը։
12 Հավատը մարդուն ոչ միայն օգնում է վեհ նպատակներ դնել, այլև նրա կյանքը լցնում է բավականության զգացումով։ Երիքովցի Ռախաբը, ըստ երևույթին, ոչ մի իմաստ չէր տեսնում պոռնիկի կյանք վարելու մեջ։ Որքա՜ն փոխվեց նրա կյանքը, երբ նա հավատ դրսևորեց։ Նա «[հավատի] գործերով արդարացաւ, երբոր [իսրայելացի] լրտեսներին իրան մօտ առաւ եւ ուրիշ ճանապարհով արձակեց», ինչի շնորհիվ նրանք կարողացան խուսափել քանանացիների հետապնդումից (Յակոբոս 2։24–26)։ Ճանաչելով Եհովային որպես ճշմարիտ Աստծո՝ Ռախաբն իր հավատը դրսևորեց նաև նրանով, որ թողեց անբարո կենսակերպը (Յեսու 2։9–11; Եբրայեցիս 11։30, 31)։ Նա ամուսնացավ ոչ թե անհավատ քանանացու, այլ Եհովայի ծառայի հետ (Բ Օրինաց 7։3, 4; Ա Կորնթացիս 7։39)։ Ռախաբը մեծ առանձնաշնորհում ունեցավ դառնալու Մեսիայի նախամայրը (Ա Մնացորդաց 2։3–15; Հռութ 4։20, 21; Մատթէոս 1։5, 6)։ Նա էլ, շատ–շատերի նման, որոնցից ոմանք թողել են անբարո կյանքը, կստանա նաև մեկ ուրիշ պարգև՝ Աստված նրան հարություն կտա, որպեսզի նա ապրի դրախտային երկրում։
13. Ի՞նչ մեղքեր գործեց Դավիթը, սակայն ինչպիսի՞ մտայնություն նա հանդես բերեց հետագայում։
13 Մեղավոր կենսաձևը թողնելուց հետո Ռախաբն ակներևաբար շարունակեց մաքուր կյանքով ապրել։ Մինչդեռ ոմանք երկար տարիներ Աստծուն անձնվիրաբար ծառայելուց հետո ծանր մեղքեր գործեցին։ Օրինակ՝ Դավիթ թագավորը շնություն գործեց Բերսաբեի հետ, հետո նրա ամուսնուն սպանել տվեց պատերազմի դաշտում, այնուհետև ամուսնացավ նրա հետ (Բ Թագաւորաց 11։1–27)։ Խորապես զղջալով արածի համար՝ Դավիթը Եհովային աղաչեց. «Քո սուրբ հոգին մի վեր առնիր ինձանից»։ Դավիթը չզրկվեց Աստծո սուրբ ոգուց։ Նա հավատում էր, որ Եհովան իր գթառատությամբ չի անարգի մեղք գործելու պատճառով «կոտրուած ու փշրուած սիրտը» (Սաղմոս 51։11, 17; 103։10–14)։ Եվ քանի որ Դավիթն ու Բերսաբեն հավատ դրսևորեցին, նրանք նույնպես առանձնաշնորհում ունեցան լինելու որպես կապող օղակ դեպի Մեսիան տանող շառավղի մեջ (Ա Մնացորդաց 3։5; Մատթէոս 1։6, 16; Ղուկաս 3։23, 31)։
Աստծո հավաստիացումը զորացնում է հավատը
14. Ի՞նչ հավաստիացում ստացավ Գեդեոնը, և այդ դեպքն ինչպե՞ս կարող է ազդել մեր հավատի վրա։
14 Թեև մենք հավատով ենք ընթանում, երբեմն կարիք ենք զգում Աստծուց հավաստիացում ստանալու, որ նա մեզ կօգնի։ Նման բան տեղի ունեցավ Գեդեոն դատավորի հետ, որը մեկն էր նրանցից, «որոնք հաւատքով թագաւորութիւնների յաղթեցին» (Եբրայեցիս 11։32, 33)։ Երբ մադիանացիներն իրենց դաշնակիցների հետ ներխուժեցին Իսրայել, Աստծո սուրբ ոգին հանգչեց Գեդեոնի վրա։ Ցանկանալով հավաստիանալ, որ Եհովան իր հետ է՝ նա որոշեց փորձով համոզվել դրանում. այդ փորձը նա արեց երկու անգամ՝ գետնի վրա դրված բրդի միջոցով։ Առաջին անգամ ցողը նստեց միայն բրդի վրա, իսկ գետինը չոր մնաց։ Երկրորդ անգամ տեղի ունեցավ ճիշտ հակառակը։ Այս հավաստիացումները սրտապնդեցին շրջահայաց Գեդեոնին, և նա, հավատ ընծայելով Աստծուն, գործի անցավ ու պարտության մատնեց Իսրայելի թշնամիներին (Դատաւորաց 6։33–40; 7։19–25)։ Երբ որոշում կայացնելու առջև ենք կանգնած և ուզում ենք հավաստիանալ, որ Եհովան կօգնի մեզ, դա չի նշանակում, թե մեր հավատն ամուր չէ։ Իրականում, երբ ճիշտ որոշումներ կայացնելու համար դիմում ենք Աստվածաշնչի կամ քրիստոնեական հրատարակությունների օգնությանը և Աստծուց սուրբ ոգու առաջնորդությունն ենք խնդրում, դրանով ցույց ենք տալիս, որ հավատ ունենք (Հռովմայեցիս 8։26, 27)։
15. Բարակի ցուցաբերած հավատի մասին խորհրդածելն ինչո՞վ կարող է մեզ օգնել։
15 Բարակ դատավորի հավատը զորացավ, երբ նրան հավաստիացում տրվեց քաջալերանքի ձևով։ Դեբորա մարգարեուհին քաջարելեց նրան նախաձեռնություն վերցնել՝ ազատագրելու իսրայելացիներին քանանացիների Հաբին թագավորի ձեռքից։ Ստանալով Աստծո հավաստիացումը և նրա հանդեպ հավատով լցված՝ Բարակը 10 000 թեթևազեն մարդկանց առաջնորդեց մարտի և ջախջախեց Հաբինի անհամեմատ ուժեղ զորքը, որը գլխավորում էր Սիսարան։ Այդ հաղթանակը նշվեց Դեբորայի ու Բարակի սրտառուչ երգով (Դատաւորաց 4։1–5։31)։ Դեբորան քաջալերեց Բարակին գործողությունների դիմել որպես Իսրայելի՝ Աստծո կողմից նշանակված առաջնորդ. Բարակը մեկն է Եհովայի ծառաներից, որոնք հավատով «օտարների բանակներն փախցրին [«ցրուեցին», Արևմտ. Աստ.]» (Եբրայեցիս 11։34)։ Եթե մտածում ենք, թե չենք կարողանա կատարել Եհովայի ծառայության մեջ մեզ բաժին ընկած ինչ–որ մի դժվարին հանձնարարություն, մեզ շատ կօգնի խորհրդածելն այն մասին, թե ինչպես Աստված օրհնեց Բարակին՝ հավատով գործելու համար։
Հավատը նպաստում է խաղաղությանը
16. Ղովտի հետ խաղաղություն պահպանելով՝ ի՞նչ հրաշալի օրինակ է թողել Աբրահամը։
16 Բացի այն, որ հավատն օգնում է մեզ կատարելու Աստծո ծառայության մեջ դժվարին հանձնարարություններ, այն նաև նպաստում է խաղաղության պահպանմանը։ Աբրահամը, որ տարիքով ավելի մեծ էր իր եղբորորդի Ղովտից, թույլ տվեց նրան ընտրելու լավագույն արոտավայրերը, երբ նրանց հոտերի հովիվները վիճեցին իրար հետ, և միմյանցից առանձնանալու անհրաժեշտություն առաջացավ (Ծննդոց 13։7–12)։ Աբրահամը, ամենայն հավանականությամբ, հավատով աղոթել էր Աստծուն այդ խնդիրը լուծելու հարցում օգնություն ստանալու համար։ Սեփական շահերն առաջին տեղում դնելու փոխարեն՝ նա այդ խնդրին խաղաղ լուծում տվեց։ Եթե այնպես է լինում, որ վիճաբանության մեջ ենք ընկնում մեր քրիստոնյա եղբոր հետ, եկեք հավատով աղոթենք Եհովային ու ‘խաղաղություն որոնենք’՝ միշտ հիշելով Աբրահամի՝ ուշադրություն հանդես բերելու օրինակը (Ա Պետրոս 3։10–12)։
17. Ինչո՞ւ կարող ենք ասել, որ Պողոսի, Բառնաբասի ու Մարկոսի միջև խզված հարաբերությունները վերականգնվեցին խաղաղ ձևով։
17 Տեսնենք, թե քրիստոնեական սկզբունքները հավատով կիրառելն ինչպես կարող է օգնել խաղաղություն հաստատելու։ Երբ Պողոսը մտադիր էր իր երկրորդ միսիոներական ճանապարհորդությունը սկսել, Բառնաբասը համաձայնվեց, որ իրենք կրկին այցելեն Կիպրոսի ու Փոքր Ասիայի ժողովները։ Բայց Բառնաբասը ցանկանում էր իրենց հետ վերցնել իր զարմիկ Մարկոսին։ Պողոսը համաձայն չէր, քանի որ Մարկոսը Պամփյուլիայում բաժանվել էր իրենցից։ «Գժտութիւն եղաւ», և վիճաբանությունը վերջացավ բաժանումով։ Բառնաբասը Մարկոսի հետ գնաց Կիպրոս, իսկ Պողոսը որպես ընկերակցի վերցրեց Շիղային և «ման էր գալիս Սիւրիայի եւ Կիլիկիայի կողմերը, եւ եկեղեցիները հաստատում էր» (Գործք 15։36–41)։ Ժամանակի ընթացքում խզված հարաբերությունները վերականգնվեցին. Մարկոսը Պողոսի հետ Հռոմում էր, և առաքյալը նրա մասին դրականորեն արտահայտվեց (Կողոսացիս 4։10; Փիլիմոն 23, 24)։ 65 թ.–ին Պողոսը Հռոմի բանտից Տիմոթեոսին գրեց. «Մարկոսին առնես հետդ բերես. որ ինձ ծառայութեան համար պէտք է» (Բ Տիմոթէոս 4։11)։ Պողոսը ակներևաբար, հավատով լեցուն, աղոթել էր Աստծուն Բառնաբասի ու Մարկոսի հետ ունեցած իր հարաբերությունների մասին, և արդյունքը եղել էր այն, որ նրանց միջև խաղաղութուն էր հաստատվել. մի բան, որը կապված է ‘Աստծո խաղաղության’ հետ (Փիլիպպեցիս 4։6, 7)։
18. Հավանաբար ինչպե՞ս լուծվեց Եվոդիայի ու Սյունտիքի միջև եղած տարաձայնությունը։
18 Մենք, իհարկե, լինելով անկատար անձնավորություններ՝ «շատ բաներով մեղանչում ենք» (Յակոբոս 3։2)։ Երկու քրիստոնյա կանանց միջև տարաձայնություններ էին ծագել, որոնց մասին Պողոսը գրեց. «Եւոդիային աղաչում եմ, եւ Սիւնտիքին աղաչում եմ, որ միեւնոյնը խորհին Տէրումը.... օգնիր նորանց, որ ճիգ թափելով աշխատեցին աւետարանումն ինձ հետ միասին» (Փիլիպպեցիս 4։1–3)։ Ամենայն հավանականությամբ, այս աստվածապաշտ կանայք իրենց խնդիրը խաղաղ ձևով լուծեցին՝ կիրառելով այն սկզբունքը, որ գրված է Մատթէոս 5։23, 24–ում։ Եթե մենք էլ հավատով կիրառենք սուրբգրային սկզբունքները, ապա շատ բանով կնպաստենք, որ մեր փոխհարաբերություններն ուրիշների հետ խաղաղ լինեն։
Հավատը ուժ է տալիս մեզ՝ տոկալու
19. Ի՞նչ ծանր կացության մեջ հայտնվեցին Իսահակն ու Ռեբեկան, որը սակայն չթուլացրեց նրանց հավատը։
19 Հավատի միջոցով մենք կարող ենք նաև տոկալ դժվարություններին։ Օրինակ՝ կարող է այնպես լինել, որ մեր ընտանիքի անդամներից մեկը, հակառակ գնալով Աստծո կամքին, ամուսնանա անհավատ անձնավորության հետ, ու դա մեզ վհատություն պատճառի (Ա Կորնթացիս 7։39)։ Իսահակն ու Ռեբեկան շատ տանջվեցին, երբ իրենց որդի Եսավը ամուսնացավ Եհովային չպաշտող կանանց հետ։ Նրա քետացի կանայք այն աստիճան «հոգու դառնութիւն եղան» նրանց համար, որ Ռեբեկան ասաց. «Կեանքիցս զզուել եմ Քետի աղջիկների պատճառովը. եթէ Յակոբն էլ է այս երկրի աղջիկների պէս Քետի աղջիկներից կին առնելու, էլ ինչո՞ւ է ինձ կեանքը պէտք» (Ծննդոց 26։34, 35; 27։46)։ Բայց այս ծանր կացությունը ոչ մի ձևով չթուլացրեց Իսահակի և Ռեբեկայի հավատը։ Թող որ շարունակենք ամուր հավատ ունենալ, երբ ծանր իրավիճակում ենք հայտնվում։
20. Հավատի ի՞նչ օրինակ ենք տեսնում՝ ի դեմս Նոեմիի ու Հռութի։
20 Նոեմին մի հրեա այրի էր։ Նա արդեն հասակն առել էր։ Նոեմին գիտեր, որ կանանցից մեկը՝ Հուդայի ցեղից, կարող էր ծնել մի որդի, որը կդառնար Մեսիայի նախահայրը։ Քանի որ նրա որդիներն անզավակ մահացել էին, իսկ ինքը որդեծնության տարիքն արդեն անցել էր, անհավանական էր թվում, որ իր ընտանիքը կարող է բաժին ունենալ դեպի Մեսիան տանող շառավղում։ Սակայն իր այրի հարսը՝ Հռութը, ամուսնանալով տարեց Բոոսի հետ, նրա համար որդի ծնեց ու դրանով դարձավ Հիսուսի՝ Մեսիայի նախամայրը (Ծննդոց 49։10, 33; Հռութ 1։3–5; 4։13–21; Մատթէոս 1։1, 5)։ Հավատն օգնեց Նոեմիին և Հռութին դիմանալու դժվարություններին և ուրախություն գտնելու։ Մենք էլ մեծ ուրախություններ կտեսնենք, եթե դժվարությունների ճնշման տակ պահպանենք մեր հավատը։
21. Հավատն ինչո՞վ է օգտակար մեզ համար, և ի՞նչ պետք է վճռենք։
21 Մենք չենք կարող ասել, թե վաղվա օրը ինչ կբերի մեզ անհատապես, բայց հավատ դրսևորելով կարող ենք հաղթահարել ցանկացած դժվարություն։ Հավատը մեզ օգնում է, որ քաջ ու համբերատար լինենք, որ մեր առջև վեհ նպատակներ դնենք և որ բավականություն ստանանք կյանքից։ Հավատը դրականորեն է ազդում մարդկանց հետ ունեցած մեր հարաբերությունների վրա և ուժ է տալիս մեզ տոկալու դժվարություններին։ Ուրեմն, եկեք լինենք «հաւատքիցն.... որ մեր հոգիները փրկուին» (Եբրայեցիս 10։39)։ Մեր սիրառատ Աստծո՝ Եհովայի տված զորությամբ եկեք շարունակենք դրսևորել ամուր հավատ։ Դրանով մենք կփառաբանենք նրան։
Ինչպե՞ս կպատասխանեիք
• Ի՞նչ սուրբգրային ապացույց կա, որ հավատը կարող է մեզ քաջություն հաղորդել։
• Ինչո՞ւ կարող ենք ասել, որ հավատը բավականությամբ է լցնում մեր կյանքը։
• Ինչպե՞ս է հավատը նպաստում խաղաղությանը։
• Ի՞նչն է ապացուցում, որ հավատը ուժ է տալիս մեզ տոկալու դժվարություններին։
[նկարներ 16–րդ էջի վրա]
Հավատը Նոյին ու Ենովքին քաջություն տվեց հռչակելու Եհովայի պատգամները
[նկարներ 17–րդ էջի վրա]
Հավատը, որ Մովսեսի հավատին է նման, մղում է մեզ հոգևոր նպատակների ձգտել
[նկարներ 18–րդ էջի վրա]
Բարակի, Դեբորայի և Գեդեոնի հավատը զորացավ, երբ Աստված նրանց հավաստիացրեց, որ օգնություն ցույց կտա