Իրար հանդեպ սեր ունենանք
«Սորանով կ’գիտենան ամենքը թէ իմ աշակերտներն էք, եթէ իրար վերայ սէր ունենաք» (ՅՈՎՀԱՆՆԷՍ 13։35)։
1. Ո՞ր հատկությանը կարևորություն տվեց Հիսուսն իր մահվանից քիչ առաջ։
«ՈՐԴԵԱԿՔ» (Յովհաննէս 13։33)։ Ահա այսպիսի մտերմիկ ձևով Հիսուսը դիմեց առաքյալներին իր մահվան նախորդ գիշերը։ Ավետարաններում ուրիշ ոչ մի տեղ չի գրված, որ Հիսուսը մինչ այդ իր աշակերտներին դիմած լիներ այս բառով։ Բայց այդ առանձնահատուկ գիշերը նա ցանկություն ունեցավ իր հետևորդներին դիմել «որդեակք» բառով, որպեսզի ցույց տար, թե որքան շատ է սիրում նրանց։ Այդ գիշեր Հիսուսը մոտ 30 անգամ խոսեց սիրո մասին։ Ինչո՞ւ էր նա այդպես շեշտում այս հատկության կարևորությունը։
2. Ինչո՞ւ է քրիստոնյաների համար այդքան կարևոր միմյանց հանդեպ սեր ցուցաբերելը։
2 Հիսուսը բացատրեց, թե ինչու է սերն այդքան կարևոր։ Նա ասաց. «Սորանով կ’գիտենան ամենքը թէ իմ աշակերտներն էք, եթէ իրար վերայ սէր ունենաք» (Յովհաննէս 13։35; 15։12, 17)։ Քրիստոսի հետևորդ լինելը սերտորեն կապված է եղբայրասիրության հետ։ Ճշմարիտ քրիստոնյաները ճանաչվում են ոչ թե յուրատեսակ հագվելակերպով կամ սովորություններով, այլ միմյանց հանդեպ ցուցաբերած քնքուշ և ջերմ սիրով։ Այս ուշագրավ հատկությունը դրսևորելը երկրորդն է Քրիստոսի աշակերտ լինելու այն երեք կարևոր պահանջներից, որոնց մասին խոսվեց նախորդ հոդվածում։ Ի՞նչը կօգնի մեզ շարունակել համապատասխանել այս պահանջին։
«Ավելի առատ լինեք ձեր սիրո մեջ»
3. Սիրո վերաբերյալ ի՞նչ հորդոր տվեց Պողոս առաքյալը։
3 Ինչպես առաջին դարում էր, մեր օրերում այդ ուշագրավ հատկությունը նկատվում է Քրիստոսի ճշմարիտ հետևորդների շրջանում։ Վաղ քրիստոնյաներին Պողոս առաքյալը գրել էր. «Եղբայրասիրութեան համար պէտք չ’ունինք մի բան գրել ձեզ. որովհետեւ դուք ինքներդ Աստուածանից սովորած էք իրար սիրելու. որ հենց այդ էլ անում էք այն բոլոր եղբայրներին»։ Բայց նույնիսկ այս խոսքերից հետո Պողոսն ավելացրել էր. «Աղաչում ենք ձեզ, եղբարք, որ էլ աւելանաք [«ավելի առատ լինեք ձեր սիրո մեջ», ԱՆԹ]» (Ա Թեսաղոնիկեցիս 3։12; 4։9, 10)։ Մենք նույնպես պետք է ականջ դնենք Պողոսի հորդորին և ձգտենք ‘ավելի առատ լինել’ մեկս մյուսի հանդեպ սեր ցուցաբերելու մեջ։
4. Ինչպես Պողոսն ու Հիսուսն են ասում, ո՞ւմ հանդեպ պետք է առանձնապես ուշադիր լինենք։
4 Պողոսը, Աստծո կողմից ներշնչված լինելով, այդ նույն նամակում քաջալերել էր իր հավատակիցներին, որ ‘մխիթարեն փոքրասիրտներին [«վհատվածներին», ԱՆԹ]’ և ‘օգնական լինեն տկարներին’ (Ա Թեսաղոնիկեցիս 5։14)։ Նա մեկ ուրիշ անգամ էլ քրիստոնյաներին հիշեցրել էր, որ նրանք, ովքեր ‘զորավոր են, պետք է տկարների տկարությունը վեր առնեն’ (Հռովմայեցիս 15։1)։ Հիսուսը նույնպես խոսել էր այն մասին, թե ինչպես օգնել թույլերին։ Կանխագուշակելուց հետո, որ իր ձերբակալման գիշերը Պետրոսը թողնելու է իրեն, Հիսուսը նրան ասաց. «Երբոր դառնաս, եղբայրներիդ հաստատիր»։ Ինչո՞ւ Հիսուսն ասաց այս խոսքերը։ Պատճառն այն էր, որ Պետրոսի ‘եղբայրները’ նույնպես լքելու էին Հիսուսին, և հետևաբար՝ նրանց հարկավոր էր լինելու օգնել (Ղուկաս 22։32; Յովհաննէս 21։15–17)։ Ուստի Աստծո Խոսքը մեզ սովորեցնում է, որ սեր ցուցաբերենք հոգևորապես թույլերի հանդեպ, ինչպես նաև նրանց, ովքեր գուցե այլևս չեն հաղորդակցվում քրիստոնեական ժողովի հետ (Եբրայեցիս 12։12)։ Իսկ ինչո՞ւ պետք է այդպես վարվենք։ Այս հարցի պատասխանը կարելի է ստանալ երկու տպավորիչ օրինակներից, որոնք պատմել է Հիսուսը։
Կորած ոչխարը և կորած դրամը
5, 6. ա) Ինչի՞ մասին էին Հիսուսի բերած օրինակները։ բ) Ի՞նչ են ասում այդ օրինակները Եհովայի մասին։
5 Իր ունկնդիրներին սովորեցնելու համար, թե ինչպիսի տեսակետ պետք է ունենալ ճշմարիտ ճանապարհից շեղված մարդկանց հանդեպ, Հիսուսը երկու կարճ օրինակ բերեց։ Առաջինը հովվի մասին էր։ Հիսուսն ասաց. «Ձեզանից ո՞վ է այն մարդը, որ հարիւր ոչխար ունենայ, եւ նորանցից մէկը կորցնէ. չի՞ թողիլ իննսուն եւ ինը անապատումը, եւ այն կորածի ետեւից գնալ, մինչեւ որ գտնէ նորան։ Եւ երբոր գտնէ, ուրախանալով իր ուսերի վերայ կ’դնէ նորան։ Եւ տուն գալով, բարեկամներին եւ դրացիներին կ’կանչէ եւ նորանց կ’ասէ. Ուրախացէք ինձ հետ. որովհետեւ իմ կորած ոչխարը գտայ։ Ասում եմ ձեզ, թէ այսպէս ուրախութիւն կ’լինի երկնքումը մէկ մեղաւորի համար, որ ապաշխարէ, քան թէ իննսուն եւ ինն արդարների համար, որոնց ապաշխարութիւն պէտք չէ» (Ղուկաս 15։4–7)։
6 Երկրորդ օրինակը մի կնոջ մասին է։ Հիսուսն ասաց. «Ո՞վ է այն կինը, որ տասը դրամ ունենայ, եւ եթէ մէկ դրամ կորցնէ, ճրագ չի վառիլ եւ տունն աւելել եւ սաստիկ որոնել, մինչեւ որ գտնէ։ Եւ երբոր գտնէ, բարեկամներին եւ դրացիներին կ’կանչէ եւ կ’ասէ. Ուրախացէք ինձ հետ. որովհետեւ դրամը գտայ, որ կորցրել էի։ Ասում եմ ձեզ, այսպէս էլ Աստուծոյ հրեշտակների առաջին ուրախութիւն կը լինի մէկ մեղաւորի համար որ կ’ապաշխարէ» (Ղուկաս 15։8–10)։
7. Ի՞նչ դասեր կարող ենք քաղել կորած ոչխարի և կորած դրամի առակներից։
7 Ի՞նչ կարող ենք սովորել այս օրինակներից։ Այս օրինակները մեզ ցույց են տալիս, թե 1) ինչ տրամադրվածություն պետք է ունենանք այն մարդկանց հանդեպ, ովքեր թուլացել են և 2) ինչ պետք է անենք նրանց օգնելու համար։ Եկեք քննարկենք այս կետերը։
Կորած, բայց թանկագին
8. ա) Ինչպե՞ս հովիվը և կինը ընդունեցին իրենց կորուստը։ բ) Ի՞նչ է մեզ ասում այն, թե ինչպես նրանք վարվեցին տվյալ իրավիճակում։
8 Երկու օրինակներում էլ ինչ–որ բան էր կորել։ Սակայն ուշադրություն դարձրեք, թե ինչպես արձագանքեցին տերերը։ Հովիվը չասաց. «Ի՞նչ է մեկ ոչխարը, երբ դեռ իննսունինը ոչխար ունեմ։ Առանց նրա էլ կարելի է յոլա գնալ»։ Կինն էլ չասաց. «Ինչո՞ւ անհանգստանամ այդ մեկ դրամի համար։ Ինձ բավական է մնացած ինը դրամը»։ Հովիվն այնպես էր փնտրում կորած ոչխարին, որ կարծես թե այն իր միակ ոչխարը լիներ։ Կինը նույնպես. նա այնպես էր փնտրում իր դրամը, կարծես թե էլ փող չուներ։ Երկու դեպքում էլ կորածը թանկագին էր տիրոջ աչքում։ Ի՞նչ է սա նշանակում մեզ համար։
9. Ի՞նչ է արտացոլված հովվի և կնոջ վերաբերմունքով։
9 Ուշադրություն դարձրեք, թե երկու դեպքում էլ ինչ եզրակացություն է անում Հիսուսը։ Մի դեպքում նա ասում է «Այսպէս ուրախութիւն կ’լինի երկնքումը մէկ մեղաւորի համար, որ ապաշխարէ», և մյուս դեպքում՝ «Ասում եմ ձեզ, այսպէս էլ Աստուծոյ հրեշտակների առաջին ուրախութիւն կը լինի մէկ մեղաւորի համար որ կ’ապաշխարէ»։ Հովվի և կնոջ վերաբերմունքի մեջ փոքր մասշտաբով արտացոլված են Եհովայի և իր երկնային էակների զգացումները։ Ճիշտ ինչպես հովվի և կնոջ աչքում իրենց կորցրածը շարունակեց մնալ որպես մի թանկագին բան, այնպես էլ նրանք, ովքեր հեռանում են Աստծո ժողովրդից և կորցնում են կապը նրա հետ, շարունակում են թանկագին մնալ Եհովայի աչքում (Երեմիա 31։3)։ Գուցե այդ անհատները հոգևորապես թույլ են, բայց անպայման չէ, որ դա նշանակի, թե նրանք ըմբոստության ոգի են ցուցաբերում։ Չնայած իրենց թուլացած վիճակին՝ նրանք միգուցե որոշակի չափով շարունակում են Եհովայի չափանիշներով առաջնորդվել (Սաղմոս 119։176; Գործք 15։29)։ Ուստի, ինչպես հին ժամանակներում էր, Եհովան չի շտապում ‘նրանց ձգել իր երեսից’ (Դ Թագաւորաց 13։23)։
10, 11. ա) Ինչպիսի՞ վերաբերմունք ենք ուզում ցույց տալ նրանց հանդեպ, ովքեր հեռացել են քրիստոնեական ժողովից։ բ) Հիմնվելով Հիսուսի բերած երկու օրինակների վրա՝ ինչպե՞ս կարող ենք արտահայտել մեր հետաքրքրվածությունը նրանց հանդեպ։
10 Եհովայի և Հիսուսի նման՝ մենք ևս խորապես անհանգստացած ենք այն մարդկանցով, ովքեր հոգևորապես թուլացել են և այլևս քրիստոնեական ժողովի հետ չեն (Եզեկիէլ 34։16; Ղուկաս 19։10)։ Մենք հոգևորապես թուլացած անհատին դիտում ենք որպես կորած ոչխարի, ո՛չ որպես կործանված մարդու։ Մենք չենք ասում. «Ինչո՞ւ անհանգստանանք թուլացած անհատի համար։ Ժողովի գործերը առանց նրա էլ շատ լավ են ընթանում»։ Ինչպես Եհովայի, մեզ համար էլ նրանք, ովքեր հեռացել են ճշմարտությունից, բայց հիմա ցանկանում են վերադառնալ, շարունակում են մնալ որպես թանկագին անձնավորություններ։
11 Բայց ինչպե՞ս կարող ենք մեր հետաքրքրվածությունն արտահայտել։ Հիսուսի բերած երկու օրինակները մեզ ուղղություն են տալիս. մենք կարող ենք 1) նախաձեռնություն հանդես բերել, 2) քնքշորեն վերաբերվել և 3) ջանքեր գործադրել։ Եկեք այս երեք կետերն առանձին–առանձին քննարկենք։
Նախաձեռնություն հանդես բերենք
12. Ի՞նչ են մեզ ասում «այն կորածի ետեւից գնալ» խոսքերը հովվի տրամադրվածության մասին։
12 Առաջին օրինակում Հիսուսն ասում է, որ հովիվը ‘կգնա այն կորածի ետևից’։ Հովիվը նախաձեռնություն է հանդես բերում և քայլեր է ձեռնարկում՝ գտնելու կորած ոչխարը։ Նրան ոչինչ չի կանգնեցնում իր նպատակն իրագործելու մեջ՝ ո՛չ դժվարությունները, ո՛չ վտանգը և ո՛չ էլ հեռավորությունը։ Նա շարունակում է փնտրել կորած ոչխարն այնքան ժամանակ, «մինչեւ որ գտնէ նորան» (Ղուկաս 15։4)։
13. Ինչպե՞ս են անցյալի հավատարիմները արձագանքել թույլ անհատների կարիքներին, և ինչպե՞ս կարող ենք ընդօրինակել նրանց։
13 Նման ձևով, հաճախ անհրաժեշտ է լինում, որ ուժեղը նախաձեռնություն հանդես բերի՝ օգնության ձեռք մեկնելու թույլին, որ քաջալերանքի կարիք ունի։ Հին ժամանակներում ապրած հավատարիմները հասկանում էին սա։ Օրինակ՝ երբ Սավուղ թագավորի որդի Հովնաթանը նկատեց, որ իր մտերիմ ընկերը՝ Դավիթը, քաջալերանքի կարիք է զգում, «վեր կացաւ գնաց անտառը Դաւիթի մօտ, եւ նորա ձեռքը Աստուծով զօրացրեց» (Ա Թագաւորաց 23։15, 16)։ Դարեր անց, երբ կուսակալ Նեեմիան տեսավ, որ իր հրեա եղբայրներից ոմանք վհատված են, նույնպես ‘վեր կացավ’ և հորդորեց նրանց իրենց մտքում պահել Եհովային (Նէեմիա 4։14)։ Այսօր մենք ևս ցանկանում ենք ‘վեր կենալ’՝ նախաձեռնություն հանդես բերել, թույլերին զորացնելու համար։ Սակայն ժողովի անդամներից ո՞վ պետք է դա անի։
14. Ովքե՞ր քրիստոնեական ժողովում պետք է օգնության ձեռք մեկնեն հոգևորապես թուլացածներին։
14 Մասնավորապես քրիստոնյա երեցները պատասխանատվություն ունեն ‘ուժովացնելու թուլացած ձեռքերը, և դողդոջուն ծնկները զորացնելու’ և ‘թուլասիրտներին ասելու. «Ուժովացեք, մի վախենաք»’ (Եսայիա 35։3, 4; Ա Պետրոս 5։1, 2)։ Սակայն ուշադրություն դարձրեք, որ Պողոս առաքյալը միայն երեցներին չէր հորդորում՝ ‘մխիթարել փոքրասիրտներին [«վհատվածներին», ԱՆԹ], օգնական լինել տկարներին’։ Նրա խոսքերը ուղղված էին «Թեսաղոնիկեցիների եկեղեցուն»՝ նրանց ժողովի բոլոր անդամներին (Ա Թեսաղոնիկեցիս 1։1; 5։14)։ Այսպիսով՝ թույլերին օգնության ձեռք մեկնելը բոլոր քրիստոնյաների պարտականությունն է։ Հիսուսի բերած օրինակի հովվի պես՝ յուրաքանչյուր քրիստոնյա պետք է ցանկանա «այն կորածի ետեւից գնալ»։ Իհարկե, դա լավագույնս կարելի է անել երեցների հետ համագործակցելով։ Կարո՞ղ եք ինչ–որ քայլեր ձեռնարկել՝ աջակցելու ձեր ժողովի հոգևորապես թուլացած անդամներին։
Քնքշորեն վերաբերվենք
15. Հավանաբար ինչո՞վ է բացատրվում հովվի վարքագիծը։
15 Ի՞նչ է անում հովիվը, երբ վերջապես գտնում է կորած ոչխարին։ Աստվածաշունչը ասում է, որ նա «իր ուսերի վերայ կ’դնէ նորան» (Ղուկաս 15։5)։ Ի՜նչ հուզիչ և խոսուն մանրամասնություն։ Ոչխարը գուցե գիշեր–ցերեկ թափառել էր անծանոթ տեղերով, և գուցե նրան սպառնացել էր առյուծների ձեռքն ընկնելու վտանգը (Յոբ 38։39, 40)։ Անտարակույս, ոչխարը թուլացել էր սննդի պակասության պատճառով։ Նա այնքան թույլ էր, որ չէր կարող ինքնուրույն հաղթահարել խոչընդոտները ու վերադառնալ ոչխարների փարախ։ Դա է պատճառը, որ հովիվը կռանում է, զգուշությամբ բարձրացնում նրան, անց է կացնում բոլոր խոչընդոտների միջով ու տանում միացնում է հոտին։ Ինչպե՞ս կարող ենք ընդօրինակել հովվին հոգատարություն ցուցաբերելու մեջ։
16. Ինչո՞ւ պետք է ընդօրինակենք այն քնքշությունը, որ հովիվը ցուցաբերեց մոլորված ոչխարի հանդեպ։
16 Անհատը, որը կորցրել է կապը ժողովի հետ, թերևս հոգևորապես այնքան է թուլացել, որ այլևս չի կարողանում «ոտքի վրա» մնալ։ Հովվից հեռացած ոչխարի նման՝ նա գուցե անօգնական թափառում է այս աշխարհի՝ վտանգներով լեցուն վայրերով։ Առանց ունենալու փարախի, այսինքն՝ քրիստոնեական ժողովի, պաշտպանությունը՝ նա ինչպես երբեք ենթակա է Սատանայի հարձակումներին, որը «գոռոզ [«մռնչող», Արևմտ. Աստ.] առիւծի պէս ման է գալիս եւ որոնում է թէ որին կուլ տայ» (Ա Պետրոս 5։8)։ Այդ անհատը թուլացել է նաև հոգևոր սննդի պակասից։ Ուստի նա, ամենայն հավանականությամբ, այն աստիճան է թուլացել, որ ինքնուրույն չի կարողանա հաղթահարել այն խոչընդոտները, որ դրված են իր առջև՝ ժողով վերադառնալու ճանապարհին։ Այդ իսկ պատճառով մենք պետք է, այսպես ասած, կռանանք, քնքշորեն բարձրացնենք թույլին և վերադարձնենք ժողով (Գաղատացիս 6։2)։ Ինչպե՞ս կարող ենք դա իրագործել։
17. Ինչպե՞ս կարող ենք ընդօրինակել Պողոս առաքյալին, երբ այցելում ենք անհատի, որը հոգևորապես թուլացել է։
17 Պողոս առաքյալն ասաց. «Կա՞յ տկար մէկը, որի հետ ես էլ տկարացած չլինեմ» (Բ Կորնթացիս 11։29, ԷԹ; Ա Կորնթացիս 9։22)։ Պողոսը կարողանում էր ուրիշների դրության մեջ մտնել, այդ թվում՝ թույլերի։ Մենք նույնպես ցանկանում ենք այդպես վարվել հոգևորապես թույլերի հանդեպ։ Երբ այցելում ենք նման վիճակում գտնվող քրիստոնյային, կարող ենք վստահեցնել նրան, որ ինքը թանկագին է Եհովայի համար և որ իր քույր–եղբայրները շատ են կարոտում նրան (Ա Թեսաղոնիկեցիս 2։17)։ Թող նա իմանա, որ իր հավատակիցները պատրաստ են սատար կանգնելու իրեն և ցանկանում են լինել ինչպես ‘եղբայր, որը նեղ օրվա համար է ծնված’ (Առակաց 17։17; Սաղմոս 34։18)։ Մեր սրտաբուխ խոսքերը կարող են աստիճանաբար նրան «բարձրացնել» և օգնել, որ նա վերադառնա ժողով։ Իսկ ո՞րն է հաջորդ քայլը, որ պետք է անենք։ Կորած դրամի օրինակն օգնում է մեզ տեսնել այս հարցի պատասխանը։
Ջանքեր գործադրենք
18. ա) Ինչո՞ւ կինը չհուսահատվեց, երբ կորցրեց դրամը։ բ) Ի՞նչ ջանքեր գործադրեց կինը, և արդյունքն ի՞նչ եղավ։
18 Դրամ կորցրած կինը հասկանում էր, որ հայտնվել է դժվար, բայց ոչ անելանելի դրության մեջ։ Եթե դրամն ընկած լիներ ընդարձակ, թփառատ դաշտում կամ խոր, տղմուտ լճում, կինն ամենայն հավանականությամբ կմտածեր, որ անիմաստ է այն փնտրելը։ Սակայն, գիտենալով, որ դրամը իր տան մի որևէ անկյունում է գտնվում, նա սկսում է փութաջանորեն փնտրտել ամբողջ տնով մեկ (Ղուկաս 15։8)։ Նախ նա վառում է ճրագը, որպեսզի տունը լուսավոր լինի։ Այնուհետև ավլում է տունը՝ հույս ունենալով դրամի զրնգոց լսել։ Տունն ավլելուց հետո նա սկսում է դրամը փնտրել տան բոլոր ծակուծուկերում։ Վերջապես ճրագի լույսը «որսում» է արծաթե դրամը։ Կնոջ ջանքերը պարգևատրվում են։
19. Թույլերին օգնելու հարցում ի՞նչ դասեր կարող ենք քաղել կորած դրամի օրինակում հիշատակված կնոջ գործողություններից։
19 Այս օրինակը հիշեցնում է մեզ, որ հոգևորապես թուլացած քրիստոնյային օգնելու մեր սուրբգրային պարտականությունը ուժից վեր հանձնարարություն չէ։ Միևնույն ժամանակ հասկանում ենք, որ դա կատարելու համար հարկավոր է ջանքեր գործադրել։ Պողոս առաքյալը Եփեսոսի ժողովի երեցներին ասաց. «Այսպէս պէտք է աշխատել, եւ տկարներին հոգ տանել» (Գործք 20։35ա)։ Պետք է հիշենք, որ առակում հիշատակված կինը դրամը չգտավ պարզապես թռուցիկ հայացք նետելով տան անկյունների վրա, այստեղ–այնտեղ փնտրելով, կամ էլ դա անելով ժամանակ առ ժամանակ։ Ո՛չ, նա հաջողության հասավ այն պատճառով, որ հետևողականորեն փնտրեց դրամը, «մինչեւ որ գտնէ»։ Ուստի, եթե ուզում ենք հոգևորապես թուլացած անհատին օգնել, պետք է նպատակասլաց ջանքեր գործադրենք։ Ինչպե՞ս։
20. Ի՞նչ կարող ենք անել օգնելու համար հոգևորապես թույլերին։
20 Ինչպե՞ս կարող ենք օգնել հոգևորապես թուլացած անհատին՝ կերտելու իր հավատը և երախտագիտության զգացում մշակելու իր սրտում։ Մենք մեծապես կարող ենք օգնել նրան՝ իր հետ Աստվածաշնչի ուսումնասիրություն կատարելով քրիստոնեական համապատասխան գրականության միջոցով։ Այո՛, նման ուսումնասիրությունը մեզ հնարավորություն կտա հետևողականորեն և լիովին օգնելու նրան։ Թե ով կկարողանա անհրաժեշտ օգնություն ցույց տալ հոգևորապես թույլ քրիստոնյային, լավագույնս կարող է որոշել, ըստ ամենայնի, ծառայողական վերակացուն։ Նա կարող է ասել, թե ինչ թեմաներ կարելի է ուսումնասիրել և թե որ հրատարակությունից ամենաշատ օգուտը հնարավոր կլինի քաղել։ Ճիշտ ինչպես օրինակում կինն է բանեցնում օգտակար գործիքներ, այնպես էլ մենք այսօր ունենք «գործիքներ», որոնք օգնում են մեզ իրագործելու հոգևորապես թուլացածներին սատարելու հանձնարարությունը, որ Աստված է մեզ տվել։ Մենք մեր տրամադրության տակ ունենք երկու նոր հրատարակություն, որոնք առանձնապես օգտակար կլինեն այս հարցում։ Դրանք են՝ «Երկրպագիր միակ ճշմարիտ Աստծուն» և «Մոտեցիր Եհովային» (ռուս.) գրքերը։a
21. Ինչպե՞ս է թույլերին աջակցելն օգուտներ բերում բոլորին։
21 Հոգևորապես թույլերին օգնելը բոլորին է օգուտ բերում։ Այն անհատը, ում օգնություն է ցույց տրվել, մեծ ուրախություն է ապրում՝ կրկին միանալով իր իսկական ընկերներին։ Մեր սիրտը նույնպես ուրախություն է զգում. ուրախություն, որը միայն տալն է բերում (Ղուկաս 15։6, 9; Գործք 20։35բ)։ Ժողովում է՛լ ավելի ջերմ մթնոլորտ է հաստատվում, քանի որ յուրաքանչյուրը սիրով լի հետաքրքրություն է հանդես բերում մյուսի հանդեպ։ Եվ որ ամենակարևորն է՝ մենք՝ որպես մեր հոգատար Հովիվների՝ Եհովայի և Հիսուսի երկրային ծառաներ, պատիվ ենք բերում նրանց՝ իրագործելով թույլերին օգնելու հետ կապված նրանց ցանկությունը (Սաղմոս 72։12–14; Մատթէոս 11։28–30; Ա Կորնթացիս 11։1; Եփեսացիս 5։1)։ Որքա՛ն հիմնավոր պատճառներ ունենք՝ շարունակելու ‘իրար վրա սեր ունենալ’։
[ծանոթագրություն]
a Հրատարակված են Եհովայի վկաների կողմից։
Կարո՞ղ եք բացատրել
• Ինչո՞ւ խիստ կարևոր է, որ սեր ցուցաբերենք մեկս մյուսի հանդեպ։
• Ինչո՞ւ մենք պետք է սիրենք նաև նրանց, ովքեր հոգևորապես թուլացել են։
• Ի՞նչ դասեր ենք քաղում կորած ոչխարի և կորած դրամի օրինակներից։
• Ինչպե՞ս կարող ենք գործնականում օգնել հոգևորապես թույլ անհատին։
[նկարներ 16–րդ և 17–րդ էջերի վրա]
Թույլերին օգնելու համար մենք նախաձեռնություն ենք հանդես բերում, քնքշությամբ ենք վարվում և ջանքեր գործադրում
[նկար 16–րդ և 17–րդ էջերի վրա]
Թույլերին աջակցելն օգուտներ է բերում բոլորին