Պատմում են թագավորության քարոզիչները
Նրանք Բրազիլիայում «լսում են» Թագավորության ավետիսը
ԼՍՈՂՈՒԹՅՈՒՆԻՑ զուրկ մարդկանց շրջանում Թագավորության բարի լուրը տարածելու նպատակով Բրազիլիայում բնակվող Եհովայի վկաներից շատերը ձեռնամուխ եղան ժեստերի լեզու սովորելու դժվարին գործին։ Նրանց ջանքերի բերած հիանալի արդյունքները երևում են հետևյալ դեպքերից։
Եվան՝ լսողությունից զուրկ մի կին,a բնակվում էր Սան Պաուլու քաղաքում։ Երբ սկսեց սովորել ժեստերի լեզուն, նա իր երեք երեխաների հետ միասին ապրում էր մի խուլուհամր տղամարդու մոտ։ Հանրախանութի մոտ նա իր կենակցի հետ միասին մի օր հանդիպեց ժեստերի լեզվով խոսող մի քանի Վկաների, որոնք նրանց հրավիրեցին Թագավորության սրահ։ Նրանք գնացին՝ մտածելով, որ իրենց հրավիրում են մասնակցել ինչ–որ հասարակական միջոցառման։
Եվան քիչ բան հասկացավ ժողովում ասվածից, քանի որ ժեստերի լեզվի իր իմացությունը շատ սահմանափակ էր։ Հետագայում Վկաներից ոմանք նրան հրավիրեցին իրենց տուն։ Օգտվելով «Հավիտյան վայելիր կյանքը երկրի վրա» գրքույկի նկարներից՝ նրանք բացատրեցին նրան Աստծո խոստումը ապագա դրախտ–երկրի վերաբերյալ։ Եվային դուր եկավ իր սովորածը, ու նա սկսեց կանոնավորապես հաճախել ժողովի հանդիպումներին։
Շատ չանցած Եվան հեռացավ իր կենակցից՝ վճռելով աստվածաշնչյան սկզբունքներին ներդաշնակ կյանք վարել։ Չնայած ընտանիքի կողմից դրսևորվող անասելի դիմադրությանը՝ նա շարունակեց իր հոգևոր առաջընթացը և 1995թ.– ին մկրտվեց։ Վեց ամիս անց նա սկսեց իր լիաժամ ծառայությունը որպես ռահվիրա։ Նրա օգնությամբ արդեն չորս խուլուհամր անհատներ են իրենց կյանքը նվիրել Եհովային ու մկրտվել։
Կարլոսն ի ծնե խուլ էր։ Մանկությունից նա տարվեց թմրամոլությամբ, անառակությամբ ու գողությամբ։ Հանցագործ ընկերակիցների կողմից ահաբեկված՝ նա փախավ Սան Պաուլու, որտեղ մի որոշ ժամանակ ապրեց Ժուան անունով մի անձնավորության հետ։ Ժուանն էլ, Կարլոսի նման, զուրկ էր լսողությունից և անբարո կյանք էր վարում։
Մի քանի տարի անց Կարլոսը ընդունեց Թագավորության ավետիսը, որը նրան մղեց անհրաժեշտ փոփոխություններ մտցնել կյանքում և օրինականացնել իր ամուսնությունը։ Երբ նա արդեն համապատասխանում էր Աստծո պահանջներին, ջրի մկրտությամբ խորհրդանշեց իր նվիրումը Եհովային։ Այդ ընթացքում նա բոլորովին անտեղյակ էր այն փաստին, որ Ժուանը նույնպես տեղեկացել էր Թագավորության բարի լուրին, ու որ նա ևս մեծ փոփոխություններ էր կատարել իր կյանքում։ Երբ Ժուանն իմացել էր, որ Եհովային տհաճ է կրոնական պատկերների գործածությունը, նա դեն էր նետել սրբապատկերների իր հավաքածուն։ Իր նախկին ապրելակերպին հրաժեշտ տալուց հետո Ժուանը նույնպես մկրտվել էր։
Աննկարագրելի ուրախություն ապրեցին Կարլոսն ու Ժուանը, երբ մի օր հանդիպեցին Թագավորության սրահներից մեկում ու տեսան միմյանց բոլորովին այլ մարդիկ դարձած։ Նրանք երկուսն էլ արդեն հոգևորապես հասուն՝ ընտանիքի գլուխներ են ու Թագավորության եռանդուն քարոզիչներ։
Ներկայումս Բրազիլիայում գործում է ժեստերի լեզվով 30 ժողով ու 154 խումբ, որոնցում ընդգրկված ավելի քան 2 500 անդամներից 1 500–ը խուլուհամր են։ Բրազիլիայում 2001 թ.– ին ժեստերի լեզվով անցկացված «Աստծո Խոսքի ուսուցիչներ» մարզային համաժողովին ներկա եղան 3 000 հոգի և 36– ը մկրտվեցին։ Հույս կա, որ Եհովայի օրհնությամբ դեռ շատ ու շատ լսողությունից զուրկ անհատներ կընդունեն Թագավորության ավետիսը։
[Ծանոթագրություն]
a Անունները փոխված են։