Ընթերցողների հարցերը
Ի՞նչ է նշանակում ‘իր անձում կյանք ունենալ’։
Աստվածաշունչը խոսում է Հիսուս Քրիստոսի մասին՝ որպես մեկի, որ «իր անձումը կեանք ունի», և իր հետևորդների մասին՝ որպես ‘իրենց անձերում կյանք ունեցողների’ (Յովհաննէս 5։26; 6։53)։ Սակայն այս երկու արտահայտությունները չունեն միևնույն իմաստը։
«Ինչպէս որ Հայրն իր անձումը կեանք ունի, այնպէս էլ Որդուն տուաւ՝ որ իր անձումն կեանք ունենայ»։ Մինչև այս ուշագրավ խոսքերը հայտարարելը Հիսուսն ասաց. «Ճշմարիտ ճշմարիտ ասում եմ ձեզ. թէ իմ խօսքը լսողը, եւ ինձ ուղարկողին հաւատացողը, յաւիտենական կեանք ունի.... ժամանակ կ’գայ՝ եւ հիմա է, որ մեռելներն Աստուծոյ Որդու ձայնը կ’լսեն, եւ լսողները կ’ապրին»։ Այստեղ Հիսուսը հիշատակում է այն արտասովոր ուժի մասին, որ շնորհել էր իրեն Հայրը. զորություն, որով նա կարող էր մարդկանց հնարավորություն տալ Աստծո հավանությանն արժանանալու։ Դեռ ավելին, Հիսուսն ի վիճակի է հարություն տալ մահվան քնով ննջածներին և նրանց կյանք պարգևել։ Հիսուսի համար «իր անձումն կեանք» ունենալ նշանակում է, որ նա օժտված է այդպիսի զորությունով։ Ինչպես և Հայրը, Որդին նույնպես «իր անձումն կեանք [«կյանքի պարգևը», ՆԱ, ծան.]» ունի (Յովհաննէս 5։24–26)։ Իսկ ի՞նչ կարելի է ասել նրա հետևորդների մասին։
Մոտավորապես մեկ տարի հետո Հիսուսը, իր ունկնդիրներին դիմելով, ասաց. «Ճշմարիտ ճշմարիտ ասում եմ ձեզ, եթէ մարդի Որդու մարմինը չ’ուտէք եւ նորա արիւնը չ’խմէք, կեանք չ’ունիք ձեր անձերումը։ Իմ մարմինը ուտողը եւ իմ արիւնը խմողը յաւիտենական կեանք ունի. եւ ես յետին օրումը կ’յարուցանեմ նորան» (Յովհաննէս 6։53, 54)։ Այստեղ Հիսուսը հավասարեցնում է ‘ձեր անձերում կյանք ունենալ’ արտահայտությունը ‘հավիտենական կյանք ունենալ’ արտահայտության հետ։ ‘Ձեր անձերում կյանք ունենալ’ արտահայտության նման նույն քերականական կառուցվածքն ունեցող արտահայտություններ կարող ենք գտնել մեկ այլ տեղում՝ Հունարեն Գրություններում։ Ահա երկու օրինակ՝ «աղ ունեցէք ձեր անձերումը» և «ընդունում էին իրենց մոլորութեան հատուցումը» (Մարկոս 9։49; Հռովմայեցիս 1։27, ԷԹ)։ Այս օրինակներում տվյալ արտահայտությունները չեն նշանակում ուրիշներին աղ տալու պարգև ունենալ կամ ինչ–որ մեկին հատուցել։ Փոխարենը՝ դրանք մատնանշում են ներքին ավարտվածություն, ամբողջականություն։ Այսպիսով՝ «կեանք ձեր անձերումը» արտահայտությունը, որ հանդիպում ենք Յովհաննէս 6։53–ում, պարզապես նշանակում է ձեռք բերել լիակատար ու ամբողջական կյանք։
Իր հետևորդներին ուղղած խոսքերում, որտեղ նրանց բնորոշեց որպես իրենց մեջ կյանք ունեցող, Հիսուսը նշեց իր մարմինն ու իր արյունը։ Ավելի ուշ, հաստատելով Տերունական ընթրիքը, Հիսուսը նորից խոսեց իր մարմնի ու արյան մասին և պատվիրեց իր հետևորդներին, ովքեր նոր ուխտի մեջ էին մտնելու, օգտվել որպես խորհրդանիշ ներկայացվող անթթխմոր հացից ու գինուց։ Արդյո՞ք դա նշանակում է, որ միայն օծված քրիստոնյաները, ովքեր նոր ուխտի մեջ են Եհովա Աստծո հետ, կարող են ստանալ այդպիսի լիակատար կյանք։ Ոչ։ Վերոհիշյալ երկու դեպքերը տեղի ունեցան մեկ տարվա տարբերությամբ։ Նրանք, ովքեր լսեցին Հիսուսի խոսքերը՝ արձանագրված Յովհաննէս 6։53, 54–ում, տեղյակ չէին տարվա մեջ մեկ անգամ կատարվող արարողության մասին, որտեղ որպես խորհրդանիշներ օգտագործվում էին Հիսուսի մարմինն ու արյունը։
Համաձայն «Յովհաննէս» 6–րդ գլխի՝ Հիսուսը նախ իր մարմինը համեմատեց մանանայի հետ՝ ասելով. «Ձեր հայրերը մանանան կերան անապատումը, եւ մեռան. սա է այն հացը, որ երկնքիցն է իջնում որ եթէ մէկը սորանից ուտէ, չի մեռնիլ։ Ես եմ կենդանի հացն, որ երկնքիցն է իջել։ Եթէ մէկն այս հացիցն ուտէ, յաւիտեան կ’ապրի»։ Հիսուսի մարմինը՝ իր արյան հետ մեկտեղ, շատ ավելի արժեքավոր էր, քան բառացի մանանան։ Ինչպե՞ս։ Նա իր կյանքը տվեց «աշխարհքի կեանքի համար»՝ հնարավոր դարձնելով հավիտենական կյանքը։a Ուստի՝ Յովհաննէս 6։53–ում մեզ հանդիպող խոսքերը՝ «ձեր անձերումը» կյանք ունենալու մասին, վերաբերում են բոլոր նրանց, ովքեր հավիտենական կյանք են ստանում՝ լինի դա երկնքում, թե երկրի վրա (Յովհաննէս 6։48–51)։
Հիսուսի հետևորդները ե՞րբ պիտի իրենց անձերում կյանք ստանային, կամ՝ լիակատար կյանք ունենային։ Թագավորության օծված ժառանգորդների համար դա պետք է տեղի ունենար այն ժամանակ, երբ նրանք երկնային կյանքի հարություն առնեին՝ որպես անմահ հոգևոր արարածներ (Ա Կորնթացիս 15։52, 53; Ա Յովհաննէս 3։2)։ Հիսուսի «ուրիշ ոչխարները» մուտք կգործեն լիակատար կյանք նրա Հազարամյա Թագավորության ավարտից հետո։ Բայց մինչ այդ ժամանակը կգա, նրանք կլինեն փորձված, իրենց հավատարմությունը փաստած և արդար հայտարարված՝ Դրախտ–երկրի վրա հավիտենական կյանքով ապրելու համար (Յովհաննէս 10։16; Յայտնութիւն 20։5, 7–10)։
[ծանոթագրություն]
a Անապատում եղած ժամանակ թե՛ իսրայելացիները և թե՛ ‘խառը բազմությունը’ պիտի ուտեին մանանան, որ սովից չմահանային (Ելից 12։37, 38; 16։13–18)։ Նմանապես՝ հավիտյան ապրելու համար բոլոր քրիստոնյաները, անկախ այն բանից՝ օծված են նրանք, թե՝ ոչ, պետք է օգուտներ քաղեն երկնային մանանայից՝ հավատ ընծայելով Հիսուսի զոհաբերած մարմնի և արյան քավիչ զորությանը (տե՛ս «Դիտարան», փետրվարի 1, 1988թ., անգլ., էջեր 30, 31)։
[նկարներ 31–րդ էջի վրա]
Բոլոր ճշմարիտ քրիստոնյաները կարող են ‘իրենց անձերում կյանք ունենալ’