Ավելացրեք ձեր գիտության վրա ինքնատիրապետում
‘Ձեր գիտության վրա ավելացրեք ժուժկալություն’ (Բ ՊԵՏՐՈՍ 1։5–8, տե՛ս ծան.)։
1. Մարդու շատ խնդիրներ նրա ո՞ր անկարողության արդյունք են։
ԱՄԵՐԻԿԱՅԻ ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐՈՒՄ թմրանյութերի օգտագործման դեմ ուղղված մի ծավալուն արշավի ընթացքում պատանիներին հետևյալ հորդորն էր տրվում. «Պարզապես ասա՝ ոչ»։ Որքա՜ն ավելի լավ կլիներ, եթե յուրաքանչյուր անհատ «ոչ» ասեր ոչ միայն թմրանյութերին, այլ նաև ոգելից խմիչքների չարաշահմանը, անխոհեմ կամ անբարո կենսաձևին, անազնվությանը գործարար հարաբերություններում և ‘մարմնի ցանկություններին’ (ԱՆԹ) (Հռովմայեցիս 13։14)։ Սակայն ո՞վ կարող է պնդել, որ «ոչ» ասելը միշտ է հեշտ։
2. ա) Աստվածաշնչային ի՞նչ օրինակներ են ցույց տալիս, որ «ոչ» ասելու դժվարությունը նոր բան չէ։ բ) Այդ օրինակները ի՞նչ անելու պետք է մեզ մղեն։
2 Քանի որ բոլոր անկատար մարդիկ դժվարանում են ինքնատիրապետում ցուցաբերել, մենք պետք է ցանկանանք սովորել, թե ինչպես հաղթանակով դուրս գալ մեր ցանկացած թերության դեմ պայքարում։ Աստվածաշունչը պատմում է մեզ անցյալում ապրած մարդկանց մասին, ովքեր ձգտել են ծառայել Աստծուն, բայց երբեմն դժվարացել են պարզապես ասել «ոչ»։ Հիշենք Դավթին ու նրա մեղքը՝ շնությունը, որ նա կատարեց Բերսաբեի հետ։ Հետևանքը եղավ այն, որ շնության մեջ ծնված նրանց որդին և Բերսաբեի ամուսինը մահացան, ընդ որում վերջիններս անմեղ էին (Բ Թագաւորաց 11։1–27; 12։15–18)։ Խորհենք նաև Պողոս առաքյալի մասին, որն անթաքույց խոստովանեց. «Քանզի ոչ թէ բարին՝ որ կամենում եմ, անում եմ. այլ չարը՝ որ չեմ կամենում, այն եմ գործում» (Հռովմայեցիս 7։19)։ Ժամանակ առ ժամանակ դու է՞լ ես հուսահատվում։ Պողոսը շարունակում է. «Ես հաւանում եմ Աստուծոյ օրէնքին՝ ներսի մարդովը։ Բայց տեսնում եմ ուրիշ օրէնք իմ անդամներումը՝ որ իմ մտքի օրէնքի դէմ պատերազմում է, եւ ինձ գերի է բռնում այն մեղքի օրէնքովը՝ որ իմ անդամներումն է։ Ես ի՜նչ խեղճ մարդ եմ. ո՞վ կ’ապրեցնէ ինձ այս մահի մարմնիցը» (Հռովմայեցիս 7։22–24)։ Աստվածաշնչային օրինակները պետք է է՛լ ավելի ամրապնդեն մեր վճռականությունը՝ երբեք չհանձնվելու ավելի շատ ինքնատիրապետում ձեռք բերելու պայքարում։
Ինքնատիրապետում դրսևորելը սովորում են
3. Բացատրեք, թե ինչու չենք կարող ակնկալել, որ հեշտ կլինի ինքնատիրապետում դրսևորելը։
3 Ժուժկալությունը, կամ՝ ինքնատիրապետումը, որ ընդգրկում է «ոչ» ասելու կարողությունը, Բ Պետրոս 1։5–7-ում հիշատակվում է հավատի, առաքինության, գիտության, համբերության, աստվածապաշտության, եղբայրասիրության և սիրո կողքին։ Այս ցանկալի հատկություններից և ոչ մեկով մարդն ի ծնե ամբողջությամբ օժտված չի լինում։ Դրանք հարկավոր է մշակել։ Այդ հատկությունները բավականաչափ դրսևորելու համար վճռականություն և ջանք է պահանջվում։ Կարո՞ղ ենք, ուրեմն, ակնկալել, որ ինքնատիրապետում դրսևորելը մեզ ավելի հեշտությամբ կհաջողվի։
4. Ինչո՞ւ են շատերը կարծում, թե իրենք խնդիրներ չունեն ինքնատիրապետում ցուցաբերելու հետ կապված, և դա ինչի՞ նշան է։
4 Ճիշտ է, միլիոնավոր մարդիկ թերևս մտածում են, որ իրենք խնդիր չունեն ինքնատիրապետում ցուցաբերելու հետ կապված։ Նրանք ապրում են իրենց ուզածի պես՝ գիտակցաբար կամ անգիտակցաբար վարվում են այնպես, ինչպես որ իրենց անկատար մարմինն է թելադրում, և գրեթե չեն անհանգստանում, թե ինչ հետևանքներ կունենան իրենց գործողությունները իրենց ու մյուսների վրա (Յուդա 10)։ «Ոչ» ասելու անկարողությունն ու չկամությունը ներկայումս առավել քան երբևէ ակնհայտորեն է դրսևորվում։ Սա նշան է այն բանի, որ մենք իսկապես ապրում ենք ‘վերջին օրերում’, որոնց մասին Պողոսը կանխագուշակեց. «Չար ժամանակներ կ’գան։ Որովհետեւ մարդիկ կ’լինին ինքնասէր, արծաթասէր, ամբարտաւան, հպարտ, հայհոյիչ.... անժուժկալ» (Բ Տիմոթէոս 3։1–3)։
5. Ինչո՞ւ են Եհովայի վկաները հետաքրքրված ինքնատիրապետում դրսևորելու հարցով, և ո՞ր խորհուրդն է մինչև այսօր այժմեական։
5 Եհովայի վկաները շատ լավ հասկանում են, թե ինչքան դժվար է ինքնատիրապետում դրսևորել։ Պողոսի պես նրանք գիտեն, որ պայքար է ընթանում Աստծո չափանիշներով ապրելու և նրան հաճելի լինելու ցանկության ու այն կենսաձևի միջև, որը թելադրում է նրանց անկատար մարմինը։ Այդ իսկ պատճառով նրանց վաղուց հետաքրքրում է, թե ինչպես հաղթել այս պայքարում։ Դեռ 1916 թ.–ին այս պարբերականի, որ հիմա կարդում եք, վաղ հրատարակության մեջ խոսվում էր «համապատասխան քայլեր ձեռնարկելու մասին՝ մեր անձի, մտքերի, խոսքերի և վարքի վրա իշխելու համար»։ Այնտեղ խորհուրդ էր տրվում միշտ հիշել Փիլիպպեցիս 4։8–ը։ Աստծո ներշնչումով գրված այս համարը մինչև այսօր էլ այժմեական է, չնայած առաջին անգամ գրվել է մոտ 2 000 տարի առաջ ու ներկայումս թերևս ավելի դժվար է հետևել դրան, քան առաջ կամ 1916 թ.–ին։ Այդուհանդերձ, քրիստոնյաները ջանք չեն խնայում «ոչ» ասելու աշխարհային ցանկություններին՝ գիտակցելով, որ վարվելով այդպես իրենք «այո» են ասում իրենց Ստեղծիչին։
6. Ինչո՞ւ հարկ չկա հուսահատվելու ինքնատիրապետում մշակելիս։
6 Ինքնատիրապետումը կամ, ինչպես Գաղատացիս 5։22, 23–ում է գրված, ժուժկալությունը սուրբ ոգու պտղի մաս է կազմում։ Եթե այս հատկությունը ցուցաբերենք ‘սիրո, ուրախության, խաղաղության, երկայնամտության, քաղցրության, բարության, հավատի, հեզության’ հետ մեկտեղ, ապա մեծապես կօրհնվենք։ Դա կօգնի մեզ, որ, ինչպես Պետրոսը բացատրեց, «դատարկ եւ անպտուղ» չդառնանք Աստծուն մատուցվող մեր ծառայության մեջ (Բ Պետրոս 1։8)։ Սակայն մենք չպետք է հուսահատվենք կամ դատապարտենք ինքներս մեզ այն պատճառով, որ չենք կարողանում այդ հատկությունները ձեռք բերել այնպես արագորեն ու դրսևորել այնպես լիովին, ինչպես որ կցանկանայինք։ Դու հավանաբար նկատել ես, որ դպրոցում ինչ–որ մի աշակերտ կարող է ավելի արագորեն յուրացնել նյութը, քան մյուսը։ Կամ աշխատանքի վայրում մեկն ավելի արագորեն է յուրացնում նոր հանձնարարությունը, քան նրա գործընկերը։ Նման ձևով ոմանք ավելի արագորեն են սովորում դրսևորել քրիստոնեական հատկություններ, քան մյուսները։ Ամենակարևորն այն է, որ հնարավոր լավագույն ձևով մեր մեջ շարունակ մշակենք աստվածային հատկություններ։ Իսկ դա կարող ենք անել՝ լիովին օգուտ քաղելով այն ամենից, ինչ Եհովան տալիս է իր Խոսքի ու ժողովի միջոցով։ Մեր նպատակին հասնելու հարցում արագությունը քիչ կարևորություն ունի. ավելի կարևոր է այն, որ մշտապես վճռական ջանքեր գործադրենք դրան հասնելու համար։
7. Ի՞նչն է ցույց տալիս ինքնատիրապետման կարևորությունը։
7 Թեպետ ինքնատիրապետումը սուրբ ոգու պտղի մեջ թվարկված է վերջինը, դա ոչ մի կերպ չի նշանակում, թե այդ հատկությունը մյուսների համեմատությամբ պակաս կարևոր է։ Միանգամայն հակառակը։ Մենք պետք է միշտ հիշենք, որ ‘մարմնի բոլոր գործերից’ էլ հնարավոր կլիներ խուսափել, եթե կարողանայինք կատարելապես ինքնատիրապետում դրսևորել։ Սակայն անկատար մարդիկ հակված են կատարել ‘մարմնի գործեր’՝ «շնութիւն, պոռնկութիւն, պղծութիւն, գիճութիւն, կռապաշտութիւն, կախարդութիւն, թշնամութիւններ, կռիւներ, նախանձներ, բարկութիւններ, հակառակութիւններ, երկպառակութիւններ, բաժանմունքներ [«աղանդավորություն», ՆԱ]» (Գաղատացիս 5։19, 20)։ Ուստի մենք պետք է ամեն ժամանակ վճռական պայքար մղենք՝ մեր սրտից ու մտքից արմատախիլ անելու բացասական հակումները։
Ոմանցից ավելի մեծ ջանք է պահանջվում
8. Ոմանց համար ո՞ր գործոններն են առանձնապես դժվարացնում ինքնատիրապետում դրսևորելը։
8 Որոշ քրիստոնյաներ ավելի են դժվարանում ինքնատիրապետում դրսևորելու հարցում, քան մյուսները։ Ինչո՞ւ։ Պատճառը կարող է լինել տվյալ անձնավորության ստացած ծնողական դաստիարակությունը կամ էլ նրա կյանքում պատահած որոշ դեպքեր։ Եթե մեզ համար խնդիր չէ ինքնատիրապետում մշակելն ու դրսևորելը, ապա դա ուրախանալու պատճառ է։ Բայց, անշուշտ, մենք պետք է լինենք կարեկից և հասկացող, երբ գործ ենք ունենում նրանց հետ, ովքեր դժվարանում են ինքնատիրապետում դրսևորել, նույնիսկ եթե նրանց այդ թերությունը ինչ–որ անձնական անհարմարություններ է մեզ պատճառում։ Եթե հաշվի առնենք, որ բոլորս ենք անկատար, ապա մեզանից ո՞վ կարող է իրավամբ պնդել, թե ինքն անսխալ է (Հռովմայեցիս 3։23; Եփեսացիս 4։2)։
9. Ի՞նչ թուլություններ ոմանք ունեն, և ե՞րբ դրանք ամբողջովին կհաղթահարվեն։
9 Լուսաբանենք։ Գուցե մեզ հայտնի է, որ մեր հավատակիցներից ոմանք, ովքեր թողել են ծխելը կամ «զվարճացնող» նյութերի օգտագործումը, թերևս ժամանակ առ ժամանակ ուժգին պահանջ են զգում դրանց հանդեպ։ Կամ գուցե ոմանք դժվարանում են սահման դնել, թե որքան սնունդ և ոգելից խմիչք իրենք կօգտագործեն։ Մյուսները պրոբլեմ ունեն լեզուն հսկելու հետ կապված ու հաճախ մեղանչում են խոսքով։ Նման թերությունները վերացնելու համար հարկավոր է մեծ ջանքեր թափել ինքնատիրապետում զարգացնելու ուղղությամբ։ Ինչո՞ւ։ Հակոբոս 3։2–ում իրատեսորեն գրված է. «Շատ բաներով մեղանչում ենք ամենս։ Եթէ մէկը խօսքով չէ մեղանչում նա կատարեալ մարդ է, որ կարող է իր բոլոր մարմինը սանձահարել»։ Մարդիկ էլ կան, որ ուժեղ հակում ունեն մոլեխաղերի հանդեպ։ Մյուսների համար դժվար է իրենց զգացմունքների վրա իշխել։ Թերևս ժամանակ է հարկավոր հաջողությամբ պայքարելու այս և ուրիշ թուլությունների դեմ։ Թեև կարող ենք նշանակալից հաջողությունների հասնել ներկայումս, այնուհանդերձ սխալ ցանկությունները մեկընդմիշտ արմատախիլ կարվեն միայն այն ժամանակ, երբ կատարելության հասնենք։ Իսկ մինչ այդ մենք կկարողանանք խուսափել մեղավոր կենսակերպի վերադառնալուց, եթե ձգտենք ինքնատիրապետում ցուցաբերել։ Շարունակելով պայքարել՝ եկեք մեկմեկու օգնենք անձնատուր չլինելու (Գործք 14։20, 21)։
10. ա) Սեռական հարցերում ոմանց համար ինքնատիրապետում դրսևորելն ինչո՞ւ է առանձնապես դժվար։ բ) Մի եղբայր ի՞նչ մեծ փոփոխություն արեց (տես 16–րդ էջի շրջանակը)։
10 Մեկ այլ հարցում, որտեղ ոմանք դժվարանում են ինքնատիրապետում դրսևորել, սեքսն է։ Մարդու սեռական հակումն ինքնին մաս է կազմում այն բանի, թե ինչպես է Եհովա Աստված մեզ ստեղծել։ Սակայն ոմանք դժվարանում են իրենց կյանքում սեքսին հատկացնել իր պատշաճ տեղը՝ Աստծո չափանիշների համաձայն։ Նրանց այդ խնդիրը բարդանում է գուցե նրանով, որ նրանք ունեն անսովոր ուժեղ սեռական ցանկություններ։ Մենք ապրում ենք սեքսով տոգորված աշխարհում, որը ձգտում է ամենատարբեր ձևերով բորբոքել մարդկանց կրքերը։ Սա կարող է բավական մեծ խնդիր լինել այն քրիստոնյաների համար, ովքեր ուզում են գոնե ժամանակավորապես ամուրի մնալ, որպեսզի կարողանան ծառայել Աստծուն առանց շեղումների (Ա Կորնթացիս 7։32, 33, 37, 38)։ Սակայն, համաձայն Գրությունների, որտեղ ասվում է, որ «աւելի լաւ է ամուսնանալ, քան թէ վառուիլ [«կրքով բորբոքիլ», ԱԱ]», նրանք կարող են որոշել ամուսնանալ, և դա, իհարկե, պատշաճ է։ Միևնույն ժամանակ նրանք տրամադրված են ամուսնանալու ‘միայն Տերով’, ինչպես Գրություններն են խորհուրդ տալիս (Ա Կորնթացիս 7։9, 39)։ Մենք կարող ենք վստահ լինել, որ Եհովան ուրախանում է՝ տեսնելով, թե ինչպես են այդ քրիստոնյաները հետաքրքրված իր արդար սկզբունքները պահելու մեջ։ Նրանց հավատակիցները ուրախ են հաղորդակցվելու այսպիսի ճշմարիտ երկրպագուների հետ, որոնք ունեն նման բարձր բարոյական չափանիշներ ու անարատ վարք։
11. Ինչպե՞ս կարող ենք օգնել եղբորը կամ քրոջը, որն ուզում է ամուսնանալ, բայց դեռ չի գտել իրեն համապատասխան անձնավորություն։
11 Իսկ ի՞նչ, եթե անհատը, որն ուզում է ամուսնանալ, չի գտնում իրեն համապատասխան անձնավորություն։ Մի պահ պատկերացրեք, թե ինչ հուսահատություն է նա հավանաբար զգում։ Նա գուցե տեսնում է, թե ինչպես են իր ընկերները ամուսնանում և որոշակի ուրախություններ տեսնում, այնինչ ինքը դեռ շարունակում է համապատասխան կողակից փնտրել։ Նման դեպքում ոմանց համար ձեռնաշարժության անմաքուր սովորությունը կարող է դառնալ մշտական պրոբլեմ։ Ամեն դեպքում, ոչ մի քրիստոնյա չէր ցանկանա ակամա վհատեցնել այն անհատին, որը պայքարում է բարոյապես մաքուր մնալու համար։ Մենք անհատին, հնարավոր է, հուսահատեցնենք, եթե չմտածված արտահայտություններ անենք, օրինակ, ասելով՝ ե՞րբ ես ամուսնանալու։ Նման խոսք գուցե ասվի առանց որևէ վատ դիտավորության, բայց որքա՜ն ավելի լավ կլիներ, եթե ինքնատիրապետում ցուցաբերեինք մեր լեզվի հետ կապված (Սաղմոս 39։1)։ Մեզանից նրանք, ովքեր ամուրի լինելով շարունակում են բարոյապես մաքուր մնալ, արժանի են մեր ամենաջերմ դրվատանքին։ Ինչ–որ խոսք ասելու փոխարեն, որ կարող է վհատեցնել դիմացինին՝ մենք կարող ենք ձգտել քաջալերանքի աղբյուր լինել։ Օրինակ՝ կարող ենք ջանք անել ընդգրկել ամուրի անհատին հասուն անձանց խմբի մեջ՝ միասին ճաշելու կամ քրիստոնեական առողջ ընկերակցություն վայելելու։
Ինքնատիրապետում ամուսնության մեջ
12. Ինչո՞ւ կարիք կա, որ նույնիսկ ամուսնացածները ինքնատիրապետում ցուցաբերեն։
12 Ամուսնացած լինելն ինքնին չի վերացնում սեքսի հետ կապված ինքնատիրապետում դրսևորելու կարիքը։ Օրինակ՝ ամուսնու և կնոջ սեռական կարիքները կարող են մեծապես տարբերվել իրարից։ Կամ՝ կողակիցներից մեկի ֆիզիկական վիճակի պատճառով երբեմն գուցե դժվար կամ նույնիսկ անհնար դառնան սովորական սեռական հարաբերությունները։ Նաև հնարավոր է՝ անցյալում տեղի ունեցած որոշ դեպքերի պատճառով կողակիցներից մեկի համար դժվար է հնազանդվել հետևյալ պատվերին. «Մարդը թող իր կնկայ պարտքը վճարէ. եւ այնպէս էլ կինն իր մարդին»։ Նման դեպքում, մյուս կողակցից գուցե պահանջվի ավելի մեծ ինքնատիրապետում։ Սակայն երկուսն էլ կարող են հաշվի առնել Պողոսի սիրառատ խորհուրդը, որ նա տվեց ամուսնացած քրիստոնյաներին. «Իրար մի զրկէք. բայց միայն իրար հետ միաբանուելով մի քիչ ժամանակի համար, որ.... աղօթքի պարապուիք. եւ դարձեալ մէկտեղ դարձէք, որ սատանան չ’փորձէ ձեզ՝ ձեր անժուժկալութեան պատճառովը» (Ա Կորնթացիս 7։3, 5)։
13. Ի՞նչ կարող ենք անել, որպեսզի օգնենք նրանց, ովքեր ջանում են ինքնատիրապետում ցուցաբերել։
13 Որքա՜ն երջանիկ կարող են լինել կողակիցները, եթե նրանք երկուսն էլ սովորեն ինքնատիրապետում ցուցաբերել այս ամենամտերմիկ հարաբերության մեջ։ Միևնույն ժամանակ նրանք պետք է հասկացողություն հանդես բերեն իրենց այն հավատակիցների հանդեպ, ովքեր դեռևս շարունակում են ջանքեր թափել՝ այդ հարցում ինքնատիրապետում ցուցաբերելու։ Մենք երբեք չպետք է մոռանանք աղոթել Եհովային, որ մեր հոգևոր եղբայրներին տա խորաթափանցություն, քաջություն և վճռականություն՝ շարունակելու ինքնատիրապետում ցուցաբերել և քայլեր ձեռնարկել անպատշաճ ցանկությունները հաղթահարելու համար (Փիլիպպեցիս 4։6, 7)։
Շարունակենք միմյանց օգնել
14. Ինչո՞ւ պետք է կարեկցանքով և ըմբռնումով մոտենանք մեր հավատակիցներին։
14 Երբեմն գուցե հայտնաբերենք, որ դժվար է ըմբռնումով մոտենալ այն հավատակիցներին, ովքեր ջանքեր են թափում ինքնատիրապետում ցուցաբերելու այնպիսի հարցերում, որոնց հետ կապված անձամբ մենք խնդիրներ չունենք։ Սակայն մարդիկ տարբեր են։ Ոմանք հեշտությամբ զգացմունքների ազդեցության տակ են ընկնում, մյուսները՝ ոչ։ Ոմանց համար համեմատաբար հեշտ է իրենց տիրապետել. նրանց համար ինքնատիրապետում ցուցաբերելը մեծ խնդիր չէ։ Մյուսները դժվարանում են։ Բայցևայնպես, հիշենք, որ նման անհատները, որ ջանքեր են թափում, վատ մարդիկ չեն։ Մեր եղբայրներն ու քույրերը կարիք ունեն մեր ըմբռնմանը ու կարեկցանքին։ Շարունակելով գթասիրտ լինել նրանց հանդեպ, ովքեր դեռևս պայքար են մղում է՛լ ավելի շատ ինքնատիրապետում ցուցաբերելու համար՝ մենք երջանիկ կլինենք։ Դա են ասում Հիսուսի խոսքերը, որոնք գրված են Մատթէոս 5։7–ում։
15. Ինչո՞ւ են Սաղմոս 130։3–ում գրված խոսքերը մխիթարում մեզ ինքնատիրապետում ցուցաբերելու հետ կապված։
15 Մենք երբեք չենք ցանկանա սխալ կարծիք կազմել հավատակցի վերաբերյալ, որը գուցե մի դեպքում թերանա քրիստոնեական հատկություն ցուցաբերել։ Որքա՜ն քաջալերական է իմանալ, որ Եհովան, բացի մեր մեկ անգամ թերանալուց, տեսնում է նաև այն բազմաթիվ «անգամները», երբ չենք թերանում այդ հատկությունը ցուցաբերելու մեջ, նույնիսկ եթե դրանք չեն նկատել հավատակիցները։ Միշտ հիշելով Սաղմոս 130։3–ում գրված խոսքերը՝ մենք մեծագույն մխիթարանք կարող ենք ստանալ։ Այնտեղ ասվում է. «Տէր, եթէ դու անօրէնութիւնները համարես, ո՞վ կ’կենայ, Տէր»։
16, 17. ա) Ինչպե՞ս կարող ենք Գաղատացիս 6։2, 5–ը կիրառել ինքնատիրապետում ցուցաբերելու առնչությամբ։ բ) Ինքնատիրապետման վերաբերյալ ի՞նչ կքննարկենք հաջորդ հոդվածում։
16 Եհովային հաճելի լինելու համար յուրաքանչյուրս պետք է իր մեջ ինքնատիրապետում մշակի, բայց միևնույն ժամանակ կարող ենք վստահ լինել, որ մեր քրիստոնյա եղբայրները կօգնեն մեզ։ Թեև մեզանից ամեն մեկը պետք է պատասխանատվության իր բեռը կրի, այնուամենայնիվ մեզ հորդոր է տրվում օգնել միմյանց որևէ թուլության դեմ պայքարելու մեջ (Գաղատացիս 6։2, 5 ԱՆԹ)։ Մենք կարող ենք բարձր գնահատել մեր ծնողին, կողակցին կամ ընկերոջը, որը ետ է պահում մեզ այնպիսի տեղեր գնալուց, ուր ճիշտ չէր լինի գնալ, տեսնելու բաներ, որոնք ճիշտ չէր լինի տեսնել, և անելու բաներ, որոնք ճիշտ չէր լինի անել։ Նրանք օգնում են մեզ ցուցաբերելու ինքնատիրապետում՝ կարողություն ասելու «ոչ», և այդ հարցում վճռական լինելու։
17 Շատ քրիստոնյաներ թերևս համաձայնեն այն ամենին, ինչ որ քննարկեցինք ինքնատիրապետման վերաբերյալ մինչև այս պահը։ Սակայն նրանք գուցե զգան, որ իրենք դեռ պետք է շատ բան անեն՝ այս հարցում բարելավվելու համար։ Նրանք կցանկանային՝ ինչքան հնարավոր է շատ ցուցաբերել այդ հատկությունը, այն չափով, որ չափով որ իրենք իրատեսորեն կակնկալեին անկատար մարդուց։ Դու է՞լ այդպիսի զգացողություն ունես։ Ուրեմն ի՞նչ կարող ես անել, որպեսզի քո մեջ մշակես Աստծո սուրբ ոգու պտղի այդ երեսակը։ Եվ վարվելով այդ ձևով՝ ինչպե՞ս կարող ես՝ որպես քրիստոնյա, հասնել քո հեռակա նպատակներին։ Այս հարցերի պատասխանները կարող ենք գտնել հաջորդ հոդվածում։
Հիշո՞ւմ եք
Ինչո՞ւ է...
• կարևոր, որ քրիստոնյան ինքնատիրապետում մշակի իր մեջ։
• ինքնատիրապետումը ոմանց համար դժվարություն ներկայացնում։
• անհրաժեշտ ամուսնության մեջ ինքնատիրապետում դրսևորել։
• ինքնատիրապետումը մի հատկություն, որը կարող ենք բոլորս մշակել՝ իրար օգնելով։
[շրջանակ/նկար 16–րդ էջի վրա]
Նա սովորեց «ոչ» ասել
Գերմանիայում ապրող մի Եհովայի վկա աշխատում էր որպես տեխնիկական կոմունիկացիաների սպասարկող։ Նրա պարտականությունների մեջ էր մտնում հսկել մոտ 30 տարբեր հեռուստա– և ռադիոհաղորդումներ։ Երբ խանգարումներ էին տեղի ունենում, նա պետք է նայեր հաղորդումը, որպեսզի հստակորեն որոշեր խնդիրը։ Նա պատմում է. «Խանգարումները կարծես թե միշտ տեղի էին ունենում հենց ամենաանհարմար պահին, երբ էկրանին բռնություն կամ սեքս էր ցուցադրվում։ Վատ տեսարանները իմ գլխում էին մնում եթե ոչ շաբաթներով, ապա օրերով, ու կարծես թե տպված լինեին իմ ուղեղում»։ Նա ընդունում է, որ դա բացասական ազդեցություն էր թողնում իր հոգևոր վիճակի վրա. «Ընդհանրապես ես տաքարյուն եմ, իսկ բռնության տեսարանների պատճառով ինձ համար ավելի էր դժվարանում ինքնատիրապետում ցուցաբերելը։ Սեքսի տեսարաններն էլ լարվածություն ստեղծեցին իմ ու կնոջս միջև։ Իմ ամեն մի օրը պայքար էր։ Որպեսզի չպարտվեի, որոշեցի նոր աշխատանք փնտրել, նույնիսկ եթե աշխատավարձը քիչ լիներ։ Վերջերս ինձ հաջողվեց նոր աշխատանք գտնել։ Ցանկությունս կատարվեց»։
[նկարներ 15–րդ էջի վրա]
Աստվածաշնչի ուսումնասիրության միջոցով ձեռք բերած գիտելիքներն օգնում են մեզ ինքնատիրապետում դրսևորելու