Հիսուսի հրաշքները. հեքիա՞թ, թե՞ իրականություն
«ՇԱՏ ԴԻՒԱՀԱՐՆԵՐ բերին նորա [Հիսուս Քրիստոսի] մօտ, եւ նա խօսքով հանեց ոգիները, եւ ամեն հիւանդներին բժշկեց» (Մատթէոս 8։16)։ «Նա [Հիսուսը] զարթնելով քամիին սաստեց, եւ ասեց ծովին. Լռիր, պապանձուիր. եւ քամին դադարեց, եւ մեծ խաղաղութիւն եղաւ» (Մարկոս 4։39)։ Ինչպե՞ս եք վերաբերվում այս խոսքերին։ Իրականում տեղի ունեցած դեպքե՞ր եք համարում դրանք, թե՞ սոսկ այլաբանական, հորինված պատմություններ։
Այսօր շատերն են կասկածի ենթարկում Հիսուսի հրաշքների պատմականությունը։ Աստղադիտակի ու մանրադիտակի, տիեզերքի հետազոտության ու գենետիկական ինժեներիայի այս դարում թվում է, թե դժվար է հավատալ այնպիսի պատմությունների, որոնք խոսում են հրաշքների ու գերբնական երևույթների մասին։
Ոմանց կարծիքով՝ հրաշքների մասին պատմող արձանագրությունները երևակայական են ու այլաբանական։ Մի գրքում, որն իբրև թե բացահայտում է Հիսուսի իրական կերպարը, ասվում է, որ Քրիստոսի հրաշքների մասին եղած պատմությունները ոչ այլ ինչ են, եթե ոչ քրիստոնեությունը տարածելու «գովազդային միջոց»։
Կան նաև այնպիսի անհատներ, որոնք Հիսուսի հրաշքները բացարձակ խաբեություն են համարում։ Երբեմն նույնիսկ Հիսուսին են մեղադրում մարդկանց մոլորեցնելու մեջ։ Երկրորդ դարում ապրած Հուստինոս Վկայի խոսքերով՝ Հիսուսի քննադատներն «անգամ համարձակվում էին նրան անվանել կախարդ ու խաբեբա»։ Ոմանք պնդում են, թե Հիսուսն «իր հրաշքները կատարել է ոչ թե որպես հրեա մարգարե, այլ որպես մոգ՝ հեթանոսական տաճարներում սովորած մի անձնավորություն»։
Անհնարի սահմանումը
Հավանաբար, դուք հասկանում եք, թե հիմնականում ինչու են մարդիկ թերահավատությամբ վերաբերվում հրաշքներին։ Նրանք պարզապես դժվարընդունելի, նույնիսկ անհնար են համարում այն միտքը, որ նման գերբնական երևույթները հնարավոր են։ «Հրաշքներ պարզապես չեն լինում, և վերջ»,— ասաց մի երիտասարդ, որն իրեն ագնոստիկ է անվանում։ Նա վկայակոչեց 18–րդ դարում ապրած շոտլանդացի փիլիսոփա Դավիդ Հյումի հետևյալ խոսքերը. «Հրաշքը բնության օրենքների խախտումն է»։
Սակայն շատ մարդիկ կնախընտրեին չպնդել, թե այս կամ այն երևույթները չեն կարող տեղի ունենալ։ Մի հանրագիտարանում հրաշք է կոչվում այն «երևույթը, որը հնարավոր չէ բացատրել բնության՝ մեզ հայտնի օրենքներով» («The World Book Encyclopedia»)։ Ըստ այդմ՝ ընդամենը 100 տարի առաջ շատ մարդիկ «հրաշք» կանվանեին տիեզերանավերի ու արբանյակների թռիչքը և ռադիոհաղորդակցությունը։ Ուրեմն խելամիտ չի լինի պնդել, թե հրաշքներն անհնար են լոկ այն պատճառով, որ մենք չենք կարող բացատրել դրանք ժամանակակից գիտության օգնությամբ։
Իսկ եթե փորձենք պարզել, թե ինչ փաստեր է Աստվածաշունչը ներկայացնում Հիսուս Քրիստոսի հրաշքների առնչությամբ, ի՞նչ եզրակացության կհանգենք. այդ հրաշքները հեքիա՞թ են, թե՞ իրականություն։