Անվախ «թափառական ավետարանիչը»
ԱՍՈՒՄ ԵՆ, որ 18 տարեկան հասակում Ջորջ Բորոուն տիրապետում էր 12 լեզվի։ Երկու տարի անց նա կարողանում էր «հեշտությամբ գեղեցիկ» թարգմանություններ կատարել 20 տարբեր լեզուներով։
1833 թ.–ին Աստվածաշնչի բրիտանական և արտասահմանյան ընկերությունը (Լոնդոն, Անգլիա) արտակարգ ընդունակությունների տեր այս մարդուն հրավիրում է Լոնդոն՝ հարցազրույցի։ Ի վիճակի չլինելով ծածկել իր ճանապարհի ծախսը, սակայն պատեհ առիթը բաց չթողնելու վճռականությամբ լի՝ 30–ամյա Բորոուն ոտքով է գնում Լոնդոն, որն իր հայրենի Նորուիչ քաղաքից գտնվում էր 180 կիլոմետր հեռավորության վրա։ Նա այդ ճանապարհն անցնում է ընդամենը 28 ժամում։
Աստվածաշնչյան ընկերությունը մի բարդ առաջադրանք է տալիս նրան՝ վեց ամսում սովորել մանջուրերեն լեզուն, որը տարածված էր Չինաստանի որոշ շրջաններում։ Բորոուն քերականական ձեռնարկ է խնդրում նրանցից, սակայն վերջիններս ի վիճակի են լինում տալ միայն Մատթեոսի Ավետարանի մանջուրերեն թարգմանությունը և մանջուրերեն–ֆրանսերեն մի բառարան։ Այնուամենայնիվ, 19 շաբաթ անց Բորոուն նամակ է գրում Լոնդոն՝ «ես արդեն տիրապետում եմ մանջուրերենին» խոսքերով։ Ինչպես նա էր գրում, դա իրեն հաջողվել էր «Աստծո օգնությամբ»։ Բորոուի հաջողությունը հատկապես ուշագրավ էր այն պատճառով, որ նույն ընթացքում նա, ինչպես հայտնի է, ստուգում էր Ղուկասի Ավետարանի թարգմանությունը նահուատլ լեզվով, որը Մեքսիկայի բնիկների լեզուներից մեկն է։
Աստվածաշունչը մանջուրերեն լեզվով
17–րդ դարում, երբ Մոնղոլիայում տարածված ույղուրերեն լեզվի այբուբենի հիման վրա ստեղծվեց մանջուրական գիրը, մանջուրերենը դարձավ Չինաստանի կառավարական խավի լեզուն։ Ու թեպետ այդ լեզվով խոսողների թիվը գնալով քչանում էր, Աստվածաշնչի բրիտանական և արտասահմանյան ընկերությունը, միևնույն է, ցանկանում էր մանջուրերեն լեզվով տպագրել ու տարածել Սուրբ Գրությունները։ Արդեն 1822 թ.–ին նրանք ֆինանսավորել էին Մատթեոսի Ավետարանի մանջուրերեն թարգմանության 550 օրինակների տպագրությունը։ Այդ թարգմանությունը կատարել էր Ստեպան Լիպովցովը, որը Ռուսաստանի կառավարության արտաքին գործերի վարչության անդամ էր և 20 տարի ապրել էր Չինաստանում։ Ավետարանը տպագրվեց Սանկտ Պետերբուրգում։ Սակայն այդ հրատարակության ընդամենը մի քանի օրինակները հաջողվեց տարածել, մնացածը կործանվեց մի ջրհեղեղի պատճառով։
Կարճ ժամանակ անց սկսվեց Քրիստոնեական Հունարեն Գրությունների թարգմանությունը։ 1834 թ.–ին հայտնաբերվեց Եբրայերեն Գրությունների մեծ մասն ընդգրկող մի հին ձեռագիր օրինակ, որը մեծացրեց հետաքրքրությունը Աստվածաշնչի նկատմամբ։ Ո՞վ կարող էր վերանայել և ուղղել արդեն գոյություն ունեցող մանջուրերեն Աստվածաշունչը և թարգմանել մնացած մասը։ Աստվածաշնչի բրիտանական և արտասահմանյան ընկերությունը այդ գործը իրենց համար կատարելու նպատակով Ռուսաստան ուղարկեց Ջորջ Բորոուին։
Դեպի Ռուսաստան
Սանկտ Պետերբուրգ ժամանելուց հետո Բորոուն ձեռնամուխ եղավ մանջուրերենի խորը ուսումնասիրությանը, որպեսզի կարողանար ավելի ճշգրտորեն սրբագրել ու խմբագրել Աստվածաշնչի տեքստը։ Նրա առջև դրված խնդիրը ահռելի էր։ Բորոուն աշխատում էր օրը 13 ժամ՝ օգնելով պատրաստել տպագիր տառերը Նոր Կտակարանի համար, որը հետագայում կոչվեց «արևելյան ոճի գեղեցիկ հրատարակություն»։ Այդ Կտակարանը հազար օրինակով լույս տեսավ 1835 թ.–ին։ Սակայն դրանք Չինաստան տանելու և այնտեղ տարածելու փափագը, որ ուներ Բորոուն, չիրականացավ։ Ռուսաստանի կառավարությունը, վախենալով այն բանից, որ դա կարող է դիտվել որպես միսիոներական գործունեություն, և հավանաբար չցանկանալով վնասել իր բարեկամական փոխհարաբերությունները հարևան երկրի հետ, հայտնեց, որ Բորոուն չի կարող ուղևորվել դեպի Չինաստանի սահման, եթե իր հետ տանի «մանջուրերեն Աստվածաշնչի թեկուզ մեկ օրինակ»։
Այդ Նոր Կտակարանի օրինակներից մի քանիսը բաժանվեցին միայն մոտավորապես տասը տարի անց։ 1859 թ.–ին լույս տեսան Մատթեոսի և Մարկոսի Ավետարանների թարգմանություններ, որոնցում կողք կողքի սյունակով գրված էին մանջուրերեն և չինարեն տեքստերը։ Բայց այդ ժամանակ արդեն մանջուրերեն կարդալ իմացող մարդկանցից շատերը նախընտրում էին կարդալ չինարեն լեզվով։ Ուստի ողջ Աստվածաշունչը մանջուրերեն թարգմանելու նախաձեռնությունը անիմաստ էր դառնում։ Մանջուրերենն իրականում մեռնող լեզու էր և շուտով փոխարինվելու էր չինարենով։ Այդ բանը վերջնականապես տեղի ունեցավ 1912 թ.–ին, երբ Չինաստանը դարձավ հանրապետություն։
Իբերական թերակղզում
Ջորջ Բորոուն Լոնդոն վերադարձավ՝ ոգեշնչված այն ամենով, ինչ տեղի էր ունեցել իր հետ։ 1835 թ.–ին նրան ուղարկեցին Պորտուգալիա և Իսպանիա։ Հետագայում նա գրեց, որ իր այդ առաքելության նպատակն էր «պարզել, թե որքանով են այնտեղ ապրող մարդիկ պատրաստ ընդունելու քրիստոնեական ճշմարտությունները»։ Աստվածաշնչի բրիտանական և արտասահմանյան ընկերությունը այդ ժամանակ այնքան էլ չէր առնչվում այդ երկու երկրների հետ այնտեղ տիրող քաղաքական և սոցիալական անհանգիստ իրավիճակի պատճառով։ Պորտուգալիայի գյուղական համայնքներում ապրող մարդկանց հետ Աստվածաշնչի մասին խոսելը հաճույք էր պատճառում Բորոուին, սակայն կարճ ժամանակ անց կրոնի հանդեպ անտարբերությունը, որի հետ նա բախվեց այնտեղ, ստիպեց նրան մեկնել Իսպանիա։
Իսպանիայում Բորոուն հանդիպեց մեկ ուրիշ դժվարության՝ հատկապես գնչուների հետ կապված։ Սակայն կարճ ժամանակում Բորոուն մտերիմ փոխհարաբերություններ հաստատեց նրանց հետ, քանի որ կարողանում էր խոսել նրանց լեզվով։ Իսպանիա հասնելուց կարճ ժամանակ անց նա սկսեց թարգմանել Նոր Կտակարանը իսպանական գնչուների լեզվով (խիտանո)։ Այդ գործի որոշ մասը կատարելիս նա առաջարկեց երկու կին գնչուների օգնել իրեն։ Բորոուն կարդում էր նրանց իսպաներեն տեքստը և հետո խնդրում, որ կանայք իր համար թարգմանեին այն։ Շնորհիվ դրա նա կարողացավ սովորել գնչուերեն լեզվով ճիշտ արտահայտվելու ձևը։ Արդյունքում՝ 1838 թ. գարնանը հրատարակվեց Ղուկասի Ավետարանը, ինչը մղեց մի եպիսկոպոսի հայտարարելու. «Գնչուերեն լեզվով նա հավատափոխ կանի ողջ Իսպանիան»։
Ջորջ Բորոուին իրավունք տրվեց ընտրելու «մի անձնավորության, որը կկարողանար Գրությունները թարգմանել բասկերեն»։ Այդ գործը հանձնարարվեց դոկտոր Օթեյզային, որը բժիշկ էր։ Նրա մասին Բորոուն գրեց. «[Օթեյզան] լավ գիտի այդ բարբառը, որից ես էլ որոշ գիտելիքներ ունեմ»։ 1838 թ.–ին Ղուկասի Ավետարանը դարձավ առաջին աստվածաշնչյան գիրքը բասկերի լեզվով։
Հասարակ մարդկանց լուսավորելու իր ցանկությամբ ոգեշնչված՝ Բորոուն երկար ու հաճախ վտանգավոր ճանապարհներ էր անցնում Աստվածաշնչի գրքերը աղքատ գյուղացիներին բաժանելու նպատակով։ Նա ուզում էր օգնել այդ մարդկանց ազատվել կրոնական անգրագիտությունից և սնահավատությունից։ Ցույց տալու համար, թե որքան անօգուտ է փողով մեղքերի թողություն գնելը, ինչպես որ նրանք էին անում, Բորոուն տրամաբանական այսպիսի փաստարկ էր բերում. «Անհնար է, որ բարեգութ Աստված հավանություն տա մեղքը վաճառելուն»։ Սակայն Աստվածաշնչի ընկերությունը, վախենալով, որ ավանդական համոզմունքների դեմ ուղղված այս քարոզչությունը կարող է հանգեցնել իրենց գործունեության արգելմանը, պատվիրեց Բորոուին զբաղվել միայն Գրությունները բաժանելով։
Բորոուն բանավոր թույլատրություն ստացավ տպագրելու Նոր Կտակարանի իսպաներեն թարգմանությունը՝ առանց կաթոլիկ եկեղեցու վարդապետական նշումների («El Nuevo Testamento»)։ Նա այդ թույլտվությունը ստացավ, չնայած որ սկզբում հանդիպել էր վարչապետի հակառակությանը։ Վարչապետն այդ թարգմանությունն անվանել էր վտանգավոր և «սխալ գիրք»։ Բորոուն Մադրիդում պահեստ բացեց և սկսեց վաճառել այդ Նոր Կտակարանը. մի քայլ, որը խնդիրներ առաջացրեց թե՛ հոգևոր առաջնորդների, թե՛ աշխարհիկ իշխանությունների հետ։ Բորոուին 12 օր պահեցին կալանքի տակ։ Երբ վերջինս բողոք ներկայացրեց, նրան խնդրեցին առանց աղմուկ բարձրացնելու հեռանալ երկրից։ Պարզ հասկանալով, որ իր ձերբակալությունը անօրինական է՝ Բորոուն հիշատակեց Պողոս առաքյալի օրինակը և որոշեց մնալ այնտեղ, մինչև իրեն ինչպես հարկն է արդարացնեին՝ առանց որևէ բիծ թողնելու իր անվան վրա (Գործք 16։37)։
1840 թ.–ին, երբ Աստվածաշնչի ընկերության այս եռանդուն պատվիրակը հեռացավ Իսպանիայից, ընկերությունը այսպիսի տվյալներ ներկայացրեց. «Վերջին հինգ տարվա ընթացքում Իսպանիայում տարածվել է Գրությունների մոտավորապես 14 000 օրինակ»։ Այս գործում մեծ դեր կատարած Բորոուն հետագայում գրեց, որ Իսպանիայում նա անցկացրել էր իր «կյանքի ամենաերջանիկ տարիները»։
«Աստվածաշունչը Իսպանիայում» գիրքը, որ առաջին անգամ լույս տեսավ 1842 թ.–ին և շարունակում է հրատարակվել մինչև օրս, Ջորջ Բորոուի կենդանի պատմությունն է իր արկածների և ճամփորդությունների մասին։ Այդ գրքում, որը անմիջապես մեծ հեղինակություն ձեռք բերեց, նա իրեն անվանում է «թափառական ավետարանիչ»։ Բորոուն գրում է. «Իմ նպատակն էր այցելել զառիթափ լեռների ու ժայռերի մեջ թաքնված մեկուսի վայրերը և այնտեղ ապրող մարդկանց իմ ձևով պատմել Քրիստոսի մասին» («The Bible in Spain»)։
Նման ոգևորությամբ թարգմանելով և տարածելով Գրությունները՝ Ջորջ Բորոուն հող պատրաստեց այդ գործունեությունը ծավալող մյուս մարդկանց համար։ Իսկ դա իրոք որ մեծ առանձնաշնորհում է։
[քարտեզ 29–րդ էջի վրա]
(Ամբողջական պատկերի համար տե՛ս հրատարակությունը)
Աստվածաշունչը թարգմանելու և բաժանելու մտադրությամբ Բորոուն Անգլիայից (1) հասավ Ռուսաստան (2), Պորտուգալիա(3) և Իսպանիա (4)
[թույլտվությամբ]
Mountain High Maps® Copyright © 1997 Digital Wisdom, Inc.
[նկար 28–րդ էջի վրա]
1835 թ.–ին մանջուրերեն լեզվով լույս տեսած Հովհաննեսի Ավետարանի առաջաբանի խոսքերը. կարդացվում է վերևից ներքև՝ ձախից աջ
[թույլտվությամբ]
From the book The Bible of Every Land, 1860
[նկար 27–րդ էջի վրա. թույլտվությամբ]
From the book The Life of George Borrow by Clement K. Shorter, 1919