‘Տնտեսություն’՝ Աստծու նպատակի իրականացման համար
«[Աստված] ամէն բան իր կամքին խորհուրդովը կը գործադր[ի]» (ԵՓԵՍԱՑԻՍ 1։11, ԱԱ)։
1. 2006 թ. ապրիլի 12–ին ի՞նչ նպատակով են հավաքվելու Եհովայի վկաները։
ԵՐԿՈՒ ՀԱԶԱՐ ՎԵՑ թվականի ապրիլի 12–ին՝ չորեքշաբթի երեկոյան, մոտ 16 միլիոն մարդ կնշի Տիրոջ ընթրիքը։ Այն վայրերում, որտեղ նրանք կհավաքվեն, սեղանի վրա դրված կլինեն անթթխմոր հաց և կարմիր գինի, որ խորհրդանշում են Քրիստոսի մարմինն ու թափած արյունը։ Հանդիպման ժամանակ կներկայացվի մի ելույթ, որի ընթացքում կբացատրվի Հիսուսի մահվան Հիշատակի երեկոյի նշանակությունը։ Իսկ ելույթի վերջում բոլոր ներկաներին կփոխանցվեն վերոհիշյալ խորհրդանիշները. սկզբում՝ հացը, ապա՝ գինին։ Այդ խորհրդանիշներից կօգտվի մեկ կամ մի քանի հոգի Եհովայի վկաների որոշ ժողովներում։ Սակայն հիմնականում ներկաները դրանցից չեն օգտվի։ Իսկ ինչո՞ւ է օգտվողների թիվը սահմանափակվում միայն նրանցով, ովքեր երկնքում ապրելու հույս ունեն։ Եվ ինչո՞ւ երկրի վրա հավիտյան ապրելու հույս ունեցողները, որ մեծամասնություն են կազմում, չեն ընդունի այդ խորհրդանիշները։
2, 3. ա) Եհովան, իր նպատակին ներդաշնակ, ի՞նչ հերթականությամբ կատարեց իր արարչագործական աշխատանքը։ բ) Ի՞նչ նպատակով է Եհովան արարել երկիրը և մարդկանց։
2 Եհովան նպատակների Աստված է։ Իր նպատակն իրականացնելու համար նա ‘ամեն բան իր կամքի խորհրդով է գործադրում’ (Եփեսացիս 1։11, ԱԱ)։ Սկզբում Աստված արարեց իր միածին Որդուն (Յովհաննէս 1։1, 14; Յայտնութիւն 3։14)։ Ապա նրա միջոցով ստեղծեց մյուս ոգեղեն որդիներին, ինչպես նաև նյութական տիեզերքը, այդ թվում երկիրն ու մարդկանց (Յոբ 38։4, 7; Սաղմոս 103։19–21; Յովհաննէս 1։2, 3; Կողոսացիս 1։15, 16)։
3 Եհովան երկիրը չի արարել մարդկանց փորձելու մտադրությամբ, որպեսզի երկնքում շատացնի իր ոգեղեն որդիների թիվը, ինչպես սովորեցնում են քրիստոնեական աշխարհի բազմաթիվ եկեղեցիներում։ Նա այն ստեղծել է ուրիշ նպատակով՝ ‘բնակության համար’ (Եսայիա 45։18)։ Երկիրն արարվել էր մարդու համար, իսկ մարդը՝ երկրի (Սաղմոս 115։16)։ Ողջ մոլորակը պետք է դրախտ դառնար՝ բնակեցված արդար մարդկանցով, որոնք կխնամեին այն։ Առաջին տղամարդուն ու կնոջը երկինք գնալու խոստում երբևէ չի տրվել (Ծննդոց 1։26–28; 2։7, 8, 15)։
Վիճաբանական հարցեր
4. Մարդկության պատմության արշալույսին ինչպե՞ս հարցականի տակ դրվեց Եհովայի կառավարման ձևը։
4 Եհովայի երկնային որդիներից մեկն ըմբոստացավ նրա դեմ և որոշեց խոչընդոտ ստեղծել նրա նպատակի իրականացման համար՝ չարաշահելով իր ազատ կամքը, որը պարգևել էր Աստված։ Այդ ոգեղեն արարածը վերջ դրեց այն խաղաղությանը, որ վայելում են Եհովայի գերիշխանությանը սիրով հնազանդվող էակները։ Սատանան առաջին մարդկային զույգին դրդեց քայլել առանց Աստծու՝ անկախության ճանապարհով (Ծննդոց 3։1–6)։ Բանսարկուն կասկածի ենթարկեց ոչ թե այն փաստը, որ Եհովան իշխելու զորություն ունի, այլ նրա կառավարման ձևը և, հետևաբար, իշխելու իրավունքը։ Այդպես՝ մարդկության պատմության արշալույսին հենց այստեղ՝ երկրի վրա, ծագեց Եհովայի գերիշխանությանն առնչվող գլխավոր վիճաբանական հարցը։
5. Սատանան ի՞նչ երկրորդական հարց առաջ քաշեց, և ո՞ւմ էր այն վերաբերում։
5 Հոբի օրերում Սատանան մեկ ուրիշ՝ երկրորդական հարց առաջ քաշեց, որն առնչվում էր տիեզերական գերիշխանության հարցին։ Նա կասկածի ենթարկեց Եհովայի ստեղծած բանական էակների մղումները։ Բանսարկուն ակնարկեց, որ նրանք Աստծուն հնազանդվում ու ծառայում են եսասիրական դրդապատճառներով և փորձության ենթարկվելու դեպքում դուրս կգան նրա դեմ (Յոբ 1։7–11; 2։4, 5)։ Թեև այդ հարցն առաջացավ Եհովային ծառայող մարդու հետ կապված, այն ոչ միայն մարդկանց էր վերաբերում, այլ նաև Աստծու ոգեղեն որդիներին և նույնիսկ նրա միածին Որդուն։
6. Եհովան ինչպե՞ս փաստեց, որ հավատարիմ է իր նպատակին և անվանը։
6 Հավատարիմ մնալով իր նպատակին և անվան նշանակությանը՝ Եհովան ինքն իրեն դարձրեց Մարգարե և Փրկիչ։a Նա Սատանային ասաց. «Ես թշնամութիւն եմ դնում քո եւ կնոջ մէջտեղը, եւ քո սերունդի եւ նորա սերունդի մէջտեղը. նա քո գլուխը ջախջախէ, եւ դու նորա գարշապարը խայթես» (Ծննդոց 3։15)։ Այո՛, Եհովան Սատանայի հարցերին պատասխան էր տալու Սերնդի միջոցով։ Նրա օգնությամբ Աստված նաև փրկության հույս էր ներշնչելու Ադամի ժառանգներին։ Սերունդը առաջ էր գալու իր «կնոջ», այսինքն՝ կազմակերպության երկնային մասի միջոցով (Հռովմայեցիս 5։21; Գաղատացիս 4։26, 31)։
‘Իր կամքի սրբազան գաղտնիքը’
7. Պողոս առաքյալի խոսքերով՝ ի՞նչ նպատակ ունի Եհովան։
7 Եփեսոսի քրիստոնյաներին ուղղված իր նամակում Պողոսը հիանալի կերպով բացատրեց, թե ինչպես է Եհովան ամեն բան կազմակերպում այնպես, որ իրականացնի իր նպատակը։ Նա գրեց. «[Աստված ցույց տվեց] մեզ իր կամքի խորհուրդն [«սրբազան գաղտնիքը», ՆԱ] իր հաճութեան պէս. որ առաջուց դրաւ իրանում. ժամանակների լրութեան տնտեսութեան համար, որ ամեն բան բովանդակուի Քրիստոսումը, ինչ որ երկնքումն է՝ եւ ինչ որ երկրումը» (Եփեսացիս 1։9, 10)։ Եհովայի փառավոր նպատակն է միասնություն հաստատել տիեզերքում և այն բնակեցնել իր գերիշխանությանը ի սրտե հնազանդվող էակներով (Յայտնութիւն 4։11)։ Այդպես կապացուցվի, որ Սատանան ստախոս է։ Իսկ ամենակարևորը, կսրբացվի Աստծու անունը և նրա կամքը կկատարվի «ինչպէս երկնքումն՝ այնպէս էլ երկրի վերայ» (Մատթէոս 6։10)։
8. Ի՞նչ իմաստ է կրում «տնտեսություն» թարգմանված բառը։
8 Եհովայի ‘հաճությունը’՝ նպատակը, կիրականացվի մի ‘տնտեսության’ միջոցով։ Այս համարում Պողոսն օգտագործում է մի բառ, որը բառացի նշանակում է «տան տնտեսության կազմակերպում»։ Այստեղ նա խոսում է ոչ թե որևէ կառավարության, ինչպես օրինակ՝ Մեսիական Թագավորության մասին, այլ ամեն բան կազմակերպելու ձևի։b Այդ հիանալի ‘տնտեսությունը’, որ Եհովան նախատեսեց իր նպատակը կատարելու համար, ներդաշնակ էր ‘սրբազան գաղտնիքին’, որը նա հայտնի էր դարձնելու աստիճանաբար՝ դարերի ընթացքում (Եփեսացիս 1։10; 3։9, ՆԱ, ծնթ.)։
9. Եհովան ինչպե՞ս աստիճանաբար բացահայտեց իր կամքի սրբազան գաղտնիքը։
9 Թե ինչպես էր Եհովան իրագործելու Սերնդի վերաբերյալ իր նպատակը, աստիճանաբար բացահայտվեց մի շարք ուխտերի միջոցով։ Աբրահամի հետ կնքված ուխտից պարզ դարձավ, որ խոստացյալ Սերունդը երկիր է գալու նրա տոհմից, և որ այդ Սերնդի միջոցով օրհնվելու են «երկրի բոլոր ազգերը»։ Այդ ուխտից նաև երևաց, որ սերնդի մաս են կազմելու այլ անհատներ ևս (Ծննդոց 22։17, 18)։ Իսրայել ազգի հետ կնքված Օրենքի ուխտը ցույց տվեց, որ Եհովան նպատակ ունի հիմնել «քահանաների թագաւորութիւն» (Ելից 19։5, 6)։ Դավթի հետ կնքված ուխտից ի հայտ եկավ, որ Սերունդը Թագավոր էր դառնալու, և այդ Թագավորությունը լինելու էր հավիտյան (Բ Թագաւորաց 7։12, 13; Սաղմոս 89։3, 4)։ Իսկ երբ Օրենքի ուխտը հրեաներին առաջնորդեց դեպի Մեսիան, Եհովան ուրիշ մանրամասնություններ հայտնեց իր նպատակի իրականացման վերաբերյալ (Գաղատացիս 3։19, 24)։ ‘Քահանաների թագավորությունը’ կազմվելու էր այն մարդկանցից, ովքեր սերնդի մաս էին լինելու։ Նրանց հետ՝ որպես նոր, հոգևոր «Իսրայէլի», «նոր ուխտ» պետք է կապվեր (Երեմիա 31։31–34; Եբրայեցիս 8։7–9)։c
10, 11. ա) Եհովան ինչպե՞ս հայտնեց, թե ով է խոստացյալ Սերունդը։ բ) Ի՞նչ նպատակով երկիր ուղարկվեց Աստծու միածին Որդին։
10 Աստծու նպատակին ներդաշնակ՝ եկավ այն ժամանակը, երբ խոստացյալ Սերունդը պետք է հայտնվեր երկրի վրա։ Եհովան ուղարկեց Գաբրիել հրեշտակին՝ Մարիամին հայտնելու, որ նա լույս աշխարհ է բերելու մի որդի։ Երեխայի անունը պետք է Հիսուս դրվեր։ Հրեշտակն ասաց. «Նա մեծ կ’լինի, եւ Բարձրեալի Որդի կ’կոչուի. եւ Տէր Աստուածը նորա Դաւիթ հօր աթոռը կ’տայ նորան. եւ նա յաւիտեան կը թագաւորէ Յակոբի տան վերայ. եւ նորա թագաւորութեանը վերջ չի լինիլ» (Ղուկաս 1։32, 33)։ Այդպես պարզ դարձավ, թե ով էր լինելու խոստացյալ Սերունդը (Գաղատացիս 3։16; 4։4)։
11 Երկիր էր ուղարկվելու Եհովայի միածին Որդին, որն ի սպառ փորձվելու էր։ Հիսուսից էր կախված լինելու, թե վերջնական ինչ պատասխան կտրվեր Սատանայի բարձրացրած հարցերին։ Արդյոք նա հավատարիմ կմնա՞ր իր Հորը։ Դա սրբազան գաղտնիք էր։ Հետագայում Պողոս առաքյալը բացատրեց Հիսուսի դերը՝ գրելով. «Յայտնապէս մեծ է աստուածապաշտութեան խորհուրդը [«սրբազան գաղտնիքը», ՆԱ], որ [նա] յայտնուեց մարմնով, արդարացաւ հոգով, երեւաց հրեշտակներին, քարոզուեց հեթանոսների մէջ, հաւատալի եղաւ աշխարհում եւ երկինք վերացաւ փառքով» (Ա Տիմոթէոս 3։16, ԷԹ)։ Այո՛, մինչև մահ պահելով իր անարատությունը՝ Հիսուսը սպառիչ պատասխան տվեց Սատանայի հարցերին։ Սակայն դեռ պետք է բացահայտվեին սրբազան գաղտնիքին առնչվող այլ մանրամասներ։
Աստծու Թագավորության սրբազան գաղտնիքը
12, 13. ա) Ո՞րն էր Աստծու Թագավորության սրբազան գաղտնիքին առնչվող մանրամասներից մեկը։ բ) Ի՞նչ էին դառնալու սահմանափակ թվով այն մարդիկ, ովքեր, Եհովայի մտադրությամբ, երկինք էին գնալու։
12 Գալիլեայում իր քարոզչական ուղևորություններից մեկի ժամանակ Հիսուսը ցույց տվեց, որ սրբազան գաղտնիքը սերտ կապ ունի իր Մեսիական Թագավորության հետ։ Նա ասաց իր աշակերտներին. «Ձեզ տրուած է երկնքի արքայութեան խորհուրդները [«սրբազան գաղտնիքները», ՆԱ] գիտենալ, բայց նորանց չէ տրուած» (Մատթէոս 13։11; Մարկոս 4։11)։ Սրբազան գաղտնիքին առնչվող մանրամասներից մեկն այն էր, որ Եհովան ընտրելու էր ‘փոքր հոտ’՝ 144 000 մարդկանց, որոնք, սերնդի մաս կազմելով, իր Որդու հետ թագավորելու էին երկնքում (Ղուկաս 12։32; Յայտնութիւն 14։1, 4)։
13 Քանի որ Եհովան մարդուն ստեղծել էր երկրի վրա ապրելու համար, նա «նոր արարած» պետք է դարձներ այն անհատներին, ովքեր երկինք էին գնալու (Բ Կորնթացիս 5։17, ԱՆԹ)։ Պողոս առաքյալը, լինելով այդ բացառիկ հեռանկարն ունեցողների թվում, գրեց. «Օրհնեալ է Աստուած եւ մեր Տէր Յիսուս Քրիստոսի Հայրը, որ իր առատ ողորմութեան համեմատ մեզ վերստին ծնեց դէպի կենդանի յոյսը, Յիսուս Քրիստոսի մեռելներից յարութիւն առնելովը, դէպի այն անեղծ եւ անարատ եւ անթառամ ժառանգութիւնը, որ երկնքումը պահուած է ձեզ համար» (Ա Պետրոս 1։3, 4)։
14. ա) Ի՞նչ մանրամասնություն բացահայտվեց ոչ հրեաների առնչությամբ։ բ) Ինչո՞ւ ենք մենք կարողանում հասկանալ ‘Աստծու խորունկ բաները’։
14 Սրբազան գաղտնիքի մեջ էր մտնում ապագա կառավարությանը առնչվող ևս մի մանրամասնություն. Աստված մտադրություն ուներ, որ այն փոքրաթիվ մարդկանց մեջ, ովքեր կանչված էին Քրիստոսի հետ թագավորելու, լինեին նաև ոչ հրեաներ։ Եհովայի ‘տնտեսությանը’, այսինքն՝ նպատակն իրականացնելու ձևին վերաբերող այս մանրամասնության մասին Պողոսն ասաց. «Ուրիշ դարերում [այդ գաղտնիքը] մարդկանց զաւակներին ցոյց չ’տրուեցաւ. ինչպէս հիմա իր սուրբ առաքեալներին եւ մարգարէներին յայտնուեցաւ՝ Հոգով. որ հեթանոսները ժառանգակիցներ եւ մարմնակիցներ են, եւ Քրիստոսումն խոստմունքի մասնակից՝ աւետարանովը» (Եփեսացիս 3։5, 6)։ Սրբազան գաղտնիքի այս մանրամասնությունը բացահայտվեց «սուրբ առաքեալներին»։ Նույնը և այսօր. առանց սուրբ ոգու՝ մենք չէինք հասկանա ‘Աստծու խորունկ բաները’ (Ա Կորնթացիս 2։10 ԱԱ; 4։1; Կողոսացիս 1։26, 27)։
15, 16. Համաձայն ինչի՞՝ Եհովան Քրիստոսի թագավորակիցներին ընտրեց մարդկանց միջից։
15 ‘Հարյուր քառասունչորս հազարը’, որոնք, ըստ Աստվածաշնչի, կանգնած են երկնային Սիոն սարի վրա, ‘գնված’ են (ԱԱ) «երկրից» ու «մարդկանցից Աստուծուն եւ Գառին [Հիսուս Քրիստոսին] իբրեւ երախայրի» (Յայտնութիւն 14։1–4)։ Սերնդի գլխավոր մասին Եհովան ընտրեց իր երկնային որդիների միջից՝ իր ամենաառաջին Որդուն։ Այդ դեպքում ինչո՞ւ նրա թագավորակիցներին Աստված ընտրեց մարդկանց միջից։ Պողոս առաքյալը բացատրում է, որ սահմանափակ թվով այդ մարդիկ «կանչված են [Եհովայի] նպատակի համաձայն»՝ նրա «կամքի հաճութեան պէս» (Հռովմայեցիս 8։17, 28 ՆԱ, 29, 30; Եփեսացիս 1։5, 11; Բ Տիմոթէոս 1։9)։
16 Եհովայի նպատակն է սրբացնել իր վեհ ու անարատ անունը և արդարացնել իր գերիշխանությունը։ Անզուգական իմաստություն դրսևորելով՝ նա գործեց այդ ‘տնտեսության’՝ գործերի կազմակերպման ձևի համաձայն՝ երկիր ուղարկելով իր միածին Որդուն, որը մինչև մահ փորձության ենթարկվեց։ Ավելին, Աստծու որոշմամբ՝ իր Որդու Մեսիական Թագավորության կազմում ընդգրկվեցին մարդիկ, որոնք նույնպես պետք է մինչև մահ թիկունք կանգնեին Եհովայի գերիշխանությանը (Եփեսացիս 1։8–12; Յայտնութիւն 2։10, 11)։
17. Ինչո՞ւ է ուրախալի իմանալ, որ Քրիստոսն ու նրա թագավորակիցները ապրել են երկրի վրա։
17 Երկիր ուղարկելով իր Որդուն և մարդկանց միջից ընտրելով այն անձանց, ովքեր լինելու են Հիսուսի ժառանգակիցները՝ Եհովան իր մեծ սերը ցույց տվեց Ադամի զավակների նկատմամբ։ Ի՞նչ օգուտներ դա կարող է բերել այն անհատներին (սկսած Աբելից), որոնք փաստել են իրենց հավատարմությունը Եհովայի հանդեպ։ Ի ծնե մեղքին ու մահին հպատակված, անկատար մարդիկ հոգևոր և ֆիզիկական բժշկման ու կատարելության հասնելու կարիք ունեն. մի բան, որ կնպաստի մարդկության առնչությամբ Եհովայի սկզբնական նպատակի իրագործմանը (Հռովմայեցիս 5։12)։ Բոլոր նրանց համար, ովքեր երկրի վրա հավիտյան ապրելու հույս են փայփայում, անչափ մխիթարական է իմանալ, որ իրենց Թագավորը սիրով և խորաթափանցությամբ կվարվի իրենց հետ, ինչպես որ իր երկրային ծառայության ընթացքում վարվեց իր աշակերտների հետ (Մատթէոս 11։28, 29; Եբրայեցիս 2։17, 18; 4։15; 7։25, 26)։ Եվ որքա՜ն սփոփիչ է նրանց համար այն միտքը, որ Քրիստոսի ժառանգակից թագավոր–քահանաները մի ժամանակ եղել են ամուր հավատի տեր տղամարդիկ ու կանայք, որոնք նույնպես պայքարել են իրենց անկատար հակումների դեմ և դիմագրավել տարբեր դժվարությունների (Հռովմայեցիս 7։21–25)։
Եհովայի նպատակը չի խափանվի
18, 19. Ինչո՞ւ են այժմ ավելի հասկանալի Եփեսացիս 1։8–11-ում գրված խոսքերը, և ի՞նչ է քննարկվելու հաջորդ հոդվածում։
18 Այժմ մեզ ավելի պարզ են դառնում օծյալ քրիստոնյաներին ուղղված այն խոսքերը, որ ասել էր Պողոսը Եփեսացիս 1։8–11-ում։ Ինչպես նշել էր առաքյալը, Եհովան այդ անհատներին հայտնել էր ‘իր կամքի սրբազան գաղտնիքը’ (ՆԱ) այն մասին, որ նրանք Քրիստոսի հետ ‘ժառանգներ են նշանակվել՝ նախասահմանված լինելով Աստծու նպատակի համաձայն’ (ՆԱ)։ Իսկ Աստված ‘ամեն բան իր կամքի խորհրդով է գործադրում’ (ԱԱ)։ Այս ամենը ներդաշնակ է ‘տնտեսությանը’՝ գործերի կազմակերպման այն հիանալի ձևին, որ ընտրել է Եհովան՝ իր նպատակն իրագործելու համար։ Սա նաև օգնում է հասկանալ, թե Տիրոջ ընթրիքի ժամանակ ինչու են քչերն օգտվում խորհրդանիշներից։
19 Հաջորդ հոդվածում կխոսենք այն մասին, թե Քրիստոսի մահվան Հիշատակի երեկոն ինչ նշանակություն ունի երկնային հույս ունեցող քրիստոնյաների համար։ Մենք կիմանանք նաև, թե ինչու պետք է այդ Երեկոյի իմաստը խորապես հետաքրքրի երկրի վրա հավերժ ապրելու հույս ունեցող միլիոնավոր մարդկանց։
[ծանոթագրություններ]
a Բառացի՝ Աստծու անունը նշանակում է «Նա դարձնում է»։ Եհովան կարող է դառնալ այն, ինչ անհրաժեշտ է իր նպատակն իրականացնելու համար (Ելից 3։14 ՆԱ, ծնթ.)։
b Պողոսի խոսքերից երևում է, որ նրա օրերում ‘տնտեսությունն’ արդեն գործում էր, մինչդեռ Մեսիական Թագավորությունը, ըստ Գրությունների, հաստատվեց միայն 1914 թ.–ին։
c Աստծու նպատակի հետ կապ ունեցող այս ուխտերի մասին տե՛ս «Դիտարան», 1 մարտի, 1989 թ., էջ 10–15 (արևմտ.) և «Դիտարան», 1 փետրվարի, 1998 թ., էջ 17–26։
Փորձենք վերհիշել
• Եհովան ինչո՞ւ արարեց երկիրը և մարդուն։
• Ինչո՞ւ էր անհրաժեշտ, որ Եհովայի միածին Որդին գար երկիր և փորձության ենթարկվեր։
• Ինչո՞ւ Եհովան Քրիստոսի թագավորակիցներին ընտրեց մարդկանց միջից։