Մելիտոն Սարդեսացի. աստվածաշնչյան ճշմարտությունների պաշտպա՞ն
ԱՄԵՆ տարի ճշմարիտ քրիստոնյաները Տիրոջ ընթրիքը նշում են այն օրը, որը համապատասխանում է հրեական օրացույցի նիսան ամսվա 14–ին։ Նրանք հնազանդվում են Հիսուսի հետևյալ պատվերին. «Այս արէք իմ յիշատակի համար»։ Նա այս խոսքերն ասաց մ.թ. 33–ին՝ հենց այն օրը, երբ Պասեքը նշելուց հետո հաստատեց իր զոհագործական մահվան Հիշատակը։ Հիսուսը մահացավ նախքան այդ օրվա ավարտը (Ղուկաս 22։19, 20; Ա Կորնթացիս 11։23–28)։
Երկրորդ դարում ոմանք սկսեցին ուրիշ ժամանակ և ուրիշ ձևով նշել Հիսուսի մահը։ Բայց Փոքր Ասիայում Հիսուսի մահը շարունակում էին նշել նիսանի 14–ին։ Սակայն, ըստ մի աշխատության, «Հռոմում և Ալեքսանդրիայում սովորություն կար նշելու ոչ թե Հիսուսի մահը, այլ հարությունը, որ տոնում էին նրա մահվան օրվան հաջորդող առաջին կիրակի օրը», և դա անվանում էին հարության Պասեք։ «Կվարտադեցիմաններ» (տասնչորսերորդականներ) կոչվող խումբը պաշտպանում էր Հիսուս Քրիստոսի մահը նիսանի 14–ին նշելու տեսակետը։ Մելիտոն Սարդեսացին նույն կարծիքին էր։ Իսկ ո՞վ էր նա։ Ինչպե՞ս նա պաշտպանեց Աստվածաշնչի այս և մյուս ճշմարտությունները։
«Մեծ լուսատու»
Երկրորդ դարի վերջում, ինչպես գրված է Եվսեբիոս Կեսարացու «Եկեղեցական պատմություն» գրքում, Պոլիկրատես Եփեսացին նամակ ուղարկեց Հռոմ, որում նա ասում էր, որ «համաձայն Ավետարանի՝ Պասեքը պետք է նշել միայն ու միայն տասնչորսերորդ օրը, և դա համապատասխանում է հավատի օրենքին»։ Ըստ այս նամակի՝ Մելիտոնը՝ Սարդեսի (Լիդիա) եպիսկոպոսը, մեկն էր նրանցից, ովքեր պաշտպանում էին Հիսուսի մահը նիսանի 14–ին նշելու տեսակետը։ Նամակում հիշատակվում էր, որ նրա ժամանակակիցները Մելիտոնին դասում էին «մեծ լուսատուների շարքը, որոնք ննջել են»։ Պոլիկրատեսն ասում էր, որ Մելիտոնը չամուսնացավ և «ամբողջությամբ ապրեց Սուրբ Ոգով և այժմ հանգչում է Սարդեսում՝ սպասելով այցելության երկնքից, երբ ինքը վեր կկենա մահացածների միջից»։ Այս խոսքերից կարելի է եզրակացնել, որ Մելիտոնը նրանց թվում էր, ովքեր հավատում էին, որ հարությունը տեղի չի ունենա այնքան ժամանակ, մինչև որ Քրիստոսը չվերադառնա (Յայտնութիւն 20։1–6)։
Մելիտոնը, ըստ ամենայնի, քաջ և վճռական անձնավորություն է եղել։ Նա, ի պաշտպանություն քրիստոնյաների, գրեց մի աշխատություն՝ «Ապոլոգիա», որն ուղղված էր Հռոմի կայսր Մարկոս Ավրելիոսին (161–180 թթ.) և առաջիններից էր այդ տեսակ աշխատությունների մեջ, որ երբևէ արձանագրվել են։ Մելիտոնը չվախեցավ քրիստոնեությունը պաշտպանել և ամբարիշտ ու ագահ մարդկանց խստորեն քննադատել։ Այդ մարդիկ ձգտում էին կայսրից թույլտվություններ ստանալ, որպեսզի քրիստոնյաներին հալածեին և անհիմն մեղադրանքներ հարուցեին նրանց դեմ, ինչը հնարավորություն կտար յուրացնել քրիստոնյաների ունեցվածքը։
Կայսրին Մելիտոնը խիզախորեն գրեց. «Մենք քեզանից միայն խնդրում ենք, որ դու ինքդ քննես հակամարտությունը հրահրողներին [քրիստոնյաներին], և արդարաբար դատես, թե նրանք ինչի են արժանի՝ պատժի ու մահվա՞ն, թե՞ հանգիստ ու խաղաղ կյանքի։ Բայց եթե այդ որոշումը և նոր հրամանը, որը նույնիսկ կիրառելի չէ բարբարոս թշնամիների նկատմամբ, քեզանից չէ, ապա առավել ևս աղաչում ենք, որ մեզ չթողնես այդ անօրեն ամբոխի ձեռքում»։
Գրությունների օգնությամբ պաշտպանում է քրիստոնեությունը
Մելիտոնը մեծ հետաքրքրությամբ ուսումնասիրում էր Սուրբ Գրությունները։ Մեզ չի հասել նրա աշխատությունների ամբողջական ցանկը, այնուհանդերձ որոշ վերնագրեր վկայում են այն մասին, որ նա մեծապես հետաքրքրվում էր աստվածաշնչյան թեմաներով։ Դրանցից մի քանիսը կոչվում են՝ «Քրիստոնեական կյանքի և մարգարեների մասին», «Մարդու հավատի մասին», «Արարչության մասին», «Մկրտության, ճշմարտության, հավատի և Քրիստոսի ծննդյան մասին», «Հյուրասիրության մասին», «Բանալին», «Սատանայի մասին և Հովհաննեսի հայտնության մասին»։
Մելիտոնը ճամփորդել է աստվածաշնչյան երկրներով, որպեսզի ճշգրտի Եբրայերեն Գրությունների գրքերի քանակը։ Նա գրեց. «Ուստի, երբ գնացի Արևելք ու եղա այն տեղերում, որտեղ այդ բաները քարոզվել և կատարվել են, և հետո մանրամասնորեն ուսումնասիրեցի Հին Կտակարանի գրքերը ու շարադրեցի փաստերը, ես դրանք քեզ ուղարկեցի»։ Ճիշտ է, Մելիտոնի կազմած ցուցակում չկային «Նեէմիա» և «Եսթեր» գրքերը, բայց այդ ցուցակը Եբրայերեն Գրությունների կանոնական գրքերի հնագույն ցանկն է քրիստոնեություն դավանողների կազմած ցանկերի մեջ։
Իր ուսումնասիրությունների ընթացքում Մելիտոնը Եբրայերեն Գրություններից ընտրեց այն համարները, որոնք պարունակում էին մարգարեություններ Հիսուսի մասին։ Մելիտոնը իր «Քաղվածքներ» աշխատությունում նշում է, որ Հիսուսը երկար սպասված Մեսիան է, և որ Մովսիսական օրենքը և մարգարեները նրան էին մատնացույց անում։
Պաշտպանում է փրկանքի արժեքը
Փոքր Ասիայի գլխավոր քաղաքներում մեծաթիվ հրեական համայնքներ կային։ Սարդեսում, որտեղ ապրում էր Մելիտոնը, հրեաները Պասեքը նշում էին նիսանի 14–ին։ Նա գրեց «Պասեք» կոչված քարոզը, որում ցույց է տալիս Օրենքի ներքո Պասեքի օրինականությունը և պաշտպանում է այն տեսակետը, որ քրիստոնյաները Տիրոջ ընթրիքը պետք է նշեն նիսանի 14–ին։
Մեկնաբանություններ տալով «Ելից» գրքի 12–րդ գլխի վերաբերյալ և ցույց տալով, որ Պասեքը Քրիստոսի զոհագործության նախաշողն էր՝ Մելիտոնը բացատրեց, թե ինչու քրիստոնյաների համար իմաստ չունի նշելու Պասեքը։ Իմաստ չունի, քանի որ Աստված վերացրեց Մովսիսական օրենքը։ Հետո նա ընդգծեց Քրիստոսի զոհաբերության անհրաժեշտությունը. Աստված Ադամին դրեց դրախտում, և նա կարող էր ապրել երջանիկ կյանքով։ Բայց առաջին մարդը չհնազանդվեց բարու և չարի գիտության ծառից չուտելու պատվերին։ Եվ ահա փրկանքի կարիք առաջացավ։
Այնուհետև Մելիտոնը բացատրեց, որ Հիսուսն ուղարկվեց երկիր և մահացավ ցցի վրա, որպեսզի հավատ ունեցող մարդկանց փրկի մեղքից ու մահից։ Հետաքրքրական է, որ Մելիտոնը, երբ գրում էր այն ցցի մասին, որի վրա Հիսուսը մահացավ, օգտագործեց հունարեն քսիլոն բառը, որը նշանակում է «փայտ» (Գործք 5։30; 10։39; 13։29)։
Մելիտոնին ճանաչում էին ոչ միայն Փոքր Ասիայում։ Տերտուլիանոսը, Կղեմես Ալեքսանդրացին և Օրիգենեսը ծանոթ էին նրա աշխատություններին։ Սակայն, ինչպես նշում է պատմաբան Ռանյերո Կանտալամեսան, «Մելիտոնի «անկումը», որի հետևանքը նրա աշխատությունների աստիճանական անհետացումը եղավ, սկսվեց այն ժամանակ (հարության Պասեքը նշելու սովորության հաղթանակից հետո), երբ կվարտադեցիմաններին սկսեցին դիտել որպես հերետիկոսների»։ Ի վերջո, Մելիտոնի գրությունները գրեթե լիովին անհետացան։
Հավատուրացության զո՞հ
Առաքյալների մահից հետո հավատուրացությունը, որի գալը կանխագուշակված էր, սկսեց սողոսկել ճշմարիտ քրիստոնեություն (Գործք 20։29, 30)։ Բնականաբար, դա անդրադարձավ Մելիտոնի վրա։ Նրա բարդ ոճի մեջ զգացվում է հույն փիլիսոփաների և հռոմեական աշխարհի մտավորականների ազդեցությունը։ Թերևս հենց այդ պատճառով Մելիտոնը քրիստոնեությունը անվանում է «մեր փիլիսոփայությունը»։ Բացի այդ, նա այսպես կոչված քրիստոնեության միաձուլումը Հռոմեական կայսրությանը դիտում է որպես «հաջողության.... մեծագույն ապացույց»։
Անկասկած, Մելիտոնը ուշադրություն չդարձրեց Պողոսի հետևյալ խորհրդին. «Զգոյշ կացէք՝ մի գուցէ մէկը յափշտակէ ձեզ փիլիսոփայութիւնով եւ դարտակ խաբեբայութիւնով, մարդկանց աւանդութեան պէս, աշխարհքիս սկզբունքների պէս եւ ոչ թէ Քրիստոսի պէս»։ Հետևաբար, թեև Մելիտոնը որոշ չափով պաշտպանեց աստվածաշնչյան ճշմարտությունները, սակայն շատ հարցերում նա հեռացավ դրանցից (Կողոսացիս 2։8)։
[նկար 18-րդ էջի վրա]
Հիսուսը Տիրոջ ընթրիքը հաստատեց նիսան ամսվա 14–ին