Հիշո՞ւմ եք
Հավանաբար մեծ բավականություն եք ստացել «Դիտարան» պարբերագրի վերջին համարներն ընթերցելուց, այնպես չէ՞։ Այժմ փորձեք ստուգել՝ կկարողանա՞ք պատասխանել հետևյալ հարցերին։
• Ո՞րն է պատճառը, որ մեր օրերում այսքան չարություն գոյություն ունի։
Պատճառներից մեկն այն է, որ մարդը հակված է չար գործեր անելու (Ծննդոց 8։21)։ Մեկ ուրիշ պատճառ էլ այն է, որ մարդկանց մեծ մասը չունի ճշգրիտ գիտելիքներ Աստծու կամքի մասին։ Բացի այդ, Սատանան՝ չարությանը սկիզբ դնողը, շարունակում է խառնվել մարդկանց գործերին (01.01, էջ 4–6)։
• Ի՞նչ օգուտներ կարող է բերել ճիշտ ժամանակին ասված բարի խոսքը (Առակաց 12։25)։
Այն կարող է ինքնահարգանք առաջացնել այն անհատի սրտում, ում գովեստի խոսքեր ենք ուղղում, ոգևորել, քաջալերել և կարող է ապահովության զգացում պարգևել։ Գովեստի խոսքեր ասելը նաև օգնում է մեզ ուրիշների մեջ լավը տեսնել (01.01, էջ 16, 17)։
• Ի՞նչ էր պարունակում ուխտի տապանակը։
Այն պարունակում էր Օրենքի երկու քարե տախտակները, ինչպես նաև որոշ քանակությամբ մանանա։ Կորխի ապստամբությունից հետո Ահարոնի գավազանը դրվեց տապանակում որպես վկայություն այդ սերնդի դեմ (Եբրայեցիս 9։4)։ Գավազանը և մանանան թերևս հանվել են տապանակից նախքան Սողոմոնի տաճարի նվիրումը (15.01, էջ 31)։
• Ինչո՞ւ պետք է Նեեմիայի օրերում ապրող հրեաները փայտ բերեին տաճար։
Մովսիսական օրենքով դա չէր պահանջվում։ Սակայն Նեեմիայի օրերում զոհաբերություններն այրելու համար կարիք կար շարունակ փայտ մատակարարել (01.02, էջ 11)։
• Ի՞նչ է Մուրատորիի ֆրագմենտը։
Այն լատինական ձեռագրերի մի մասն է։ Բնօրինակը գրվել է հունարենով մ. թ. երկրորդ դարի վերջին։ Այդ ֆրագմենտում ոչ միայն թվարկվում են Քրիստոնեական Հունարեն Գրությունների մեջ ընդգրկված գրքերը, այլ նաև մեկնաբանություններ են տրվում գրքերի և նրանց գրողների վերաբերյալ (15.02, էջ 13, 14)։
• Ինչո՞ւ Վաշթի թագուհին մերժեց գնալ թագավորի մոտ (Եսթեր 1։10–12)։
Աստվածաշունչը չի նշում նրա մղումների մասին։ Որոշ աստվածաշնչագետներ ենթադրում են, որ թագուհին չհնազանդվեց, քանի որ չէր ցանկանում ցածրանալ թագավորի հարբած հյուրերի առջև։ Կամ էլ պատճառը գուցե այն էր, որ արտաքնապես գեղեցիկ այս թագուհին իրականում հնազանդ անձնավորություն չէր։ Այդպիսով նա վատ օրինակ էր թողնում Պարսկական կայսրության մյուս տիկինների համար (01.03, էջ 9)։
• Ինչպե՞ս է փրկանքն ազատում մեզ։
Հիսուսի զոհաբերությունը կարող է մեզ ազատել մեր ժառանգած մեղքից և դրա ծանր հետևանքներից (Հռովմայեցիս 6։23)։ Զոհաբերությունը նաև ազատում է ճշմարիտ քրիստոնյաներին մեղավոր խղճից։ Քավիչ զոհաբերությանը հավատ ընծայելով՝ մենք կարող ենք ազատվել վախից՝ կապված այն բանի հետ, թե ինչ համբավ ունենք Աստծու մոտ (Ա Յովհաննէս 2։1) (15.03, էջ 8)։
• Ի՞ նչ կարող ենք սովորել Օրենքի հետևյալ արգելքից՝ «ուլը իր մօրը կաթի մէջ չ’եփես» (Ղեւտացոց 23։19)։
Հնարավոր է, որ ձագին մոր կաթի մեջ եփելը հեթանոսական ծես է եղել, որն արվել է անձրև առաջ բերելու նպատակով (Ղեւտացոց 20։23)։ Աստված մոր կաթը նախատեսել է ձագի սնուցման և զարգացման համար։ Մոր կաթի մեջ ձագին եփելը արհամարհանք ցույց կտար այն հարաբերության հանդեպ, որ Աստված հաստատել է կենդանու ու նրա ձագի միջև։ Այդ պատվերից երևում է Աստծու մեծ գթասրտությունը (01.04, էջ 31)։