«Թող զօրանան ձեր ձեռքերը»
«Թող զօրանան ձեր ձեռքերը, ով դուք, որ այս խօսքերը այս օրերում այն մարգարէների բերանից լսում էք» (ԶԱՔԱՐԻԱ 8։9)։
1, 2. Ինչո՞ւ արժե ուշադրություն դարձնել «Անգէ» և «Զաքարիա» գրքերին։
ԱՆԳԵԻ և Զաքարիայի մարգարեությունները գրվել են մոտ 2 500 տարի առաջ։ Այնուամենայնիվ, դրանք մեծ նշանակություն ունեն քեզ համար։ Այս երկու գրքերում արձանագրված տեղեկությունները սոսկ պատմական փաստեր չեն։ Դրանք մասն են այն ամենի, «ինչ որ.... մեր սովորելու համար գրուեցաւ» (Հռովմայեցիս 15։4)։ Ուստի վերոհիշյալ մարգարեությունները պարունակում են բազմաթիվ արժեքավոր տեղեկություններ, որոնք մղում են մեզ խորհել այն ամենի շուրջ, ինչ կատարվում է՝ սկսած 1914 թ.–ից, երբ երկնքում հաստատվեց Աստծու Թագավորությունը։
2 Պողոս առաքյալը, հիշատակելով այն դեպքերը, որ հնում տեղի էին ունեցել Աստծու ժողովրդի հետ, գրեց. «Այս բոլորը պատահեցին նրանց իբրև օրինակ.... բայց մեզ համար գրվեց իբրև ազդարարություն, մեզ, որ մոտեցել ենք ժամանակների վախճանին» (Ա Կորնթացիս 10։11, ԱՆԹ)։ Ի՞նչ արժեք են ներկայացնում «Անգէ» և «Զաքարիա» գրքերը մեզ համար։
3. Անգեն ու Զաքարիան ի՞նչ էին քաջալերում անել։
3 Ինչպես նշեցինք նախորդ հոդվածում, Անգեն ու Զաքարիան մարգարեացել են այն ժամանակ, երբ հրեաները, ազատագրվելով Բաբելոնի գերությունից, վերահաստատվել էին Ավետյաց երկրում։ Այս երկու մարգարեները քաջալերում էին նրանց շարունակել Եհովայի տաճարի շինարարությունը։ Տաճարի հիմքը գցվել էր մ.թ.ա. 536 թ.–ին։ Դա նշանակալից իրադարձություն էր։ Ու թեև որոշ տարեց հրեաներ տխրությամբ հիշում էին անցյալը, ընդհանուր առմամբ, ուրախություն էր տիրում։ Հետաքրքրական է, որ մեր օրերում շատ ավելի նշանակալից մի բան է տեղի ունենում։ Իսկ ի՞նչ (Եզրաս 3։3–13)։
4. Ի՞նչ տեղի ունեցավ Առաջին համաշխարհային պատերազմից կարճ ժամանակ անց։
4 Առաջին համաշխարհային պատերազմից կարճ ժամանակ անց Եհովայի օծյալները ազատագրվեցին Մեծ Բաբելոնի գերությունից։ Դա ապացույցն էր այն բանի, որ Եհովան սատար է կանգնում իր ժողովրդին։ Սկզբում թվում էր, թե կրոնական առաջնորդներին ու նրանց աջակցող քաղաքական գործիչներին հաջողվել է վերջ դնել Աստվածաշունչ ուսումնասիրողների քարոզչական գործունեությանը (Եզրաս 4։8, 13, 21–24)։ Սակայն Եհովա Աստված վերացրեց այն ամենը, ինչ խանգարում էր քարոզելու և աշակերտներ պատրաստելու գործին։ 1919 թ.–ից ի վեր Թագավորության գործը ծաղկունք ապրեց, և ոչինչ չկանգնեցրեց այն։
5, 6. Ի՞նչ մեծ արդյունքի է մատնացույց անում Զաքարիա 4։7–ը։
5 Այս ամենը համոզիչ կերպով փաստում է, որ Եհովայի աջակցությամբ՝ քարոզելու և ուսուցանելու գործը կշարունակվի։ Զաքարիա 4։7–ում կարդում ենք. «Նա դուրս պիտի հանէ գլխի քարը աղաղակներով Շնո՜րհք, շնո՜րհք նորան»։ Այսօր Աստծու ժողովուրդը մեծ արդյունքի է հասել. մի բան, որին մատնացույց է անում վերոհիշյալ համարը։ Իսկ ի՞նչ արդյունքի։
6 Զաքարիա 4։7–ում մատնանշվում է այն ժամանակը, երբ հոգևոր տաճարի երկրային գավիթում Եհովային մատուցվող ճշմարիտ երկրպագությունը կհասցվի իր ամբողջական վիճակին։ Շնորհիվ Եհովայի կողմից ստեղծված այդ տաճարի՝ մենք հնարավորություն ունենք երկրպագություն մատուցելու նրան Հիսուս Քրիստոսի քավիչ զոհաբերության հիման վրա։ Թեև հոգևոր տաճարը ստեղծվել է դեռևս մ.թ. առաջին դարում, սակայն նրա երկրային գավիթում մատուցվող երկրպագությունը դեռ ամբողջական վիճակի չի հասցվել։ Այսօր այդ տաճարի երկրային գավիթում ծառայում են միլիոնավոր անհատներ։ Հիսուս Քրիստոսի Հազարամյա Իշխանության ընթացքում նրանց կմիանան հարություն առած բյուրավոր մարդիկ, և բոլորը միասին ի վերջո կհասնեն կատարելության։ Հազարամյակի ավարտին՝ մաքրված երկրի վրա կմնան միայն Աստծու ճշմարիտ երկրպագուները։
7. Ի՞նչ դեր է այսօր խաղում Հիսուսը ճշմարիտ երկրպագությունը ամբողջական վիճակի հասցնելու գործում, և ինչո՞ւ դա պետք է ուժ տա մեզ։
7 Զորաբաբել իշխանն ու Հեսու քահանայապետը, որոնք աջակցեցին տաճարի կառուցմանը, մ.թ.ա. 515 թ.–ին ականատես եղան շինարարության ավարտին։ Ինչպես կանխագուշակվել էր Զաքարիա 6։12, 13–ում, Հիսուսը համանման դեր է խաղում ճշմարիտ երկրպագությունը ամբողջական վիճակի հասցնելու գործում։ Հիշյալ համարներում կարդում ենք. «Այսպէս է ասում Զօրաց Տէրը թէ Ահա մի մարդ՝ անունը Շառաւիղ. նա իր տեղիցը պիտի բուսնէ, եւ շինէ Տիրոջ տաճարը։ Եւ ....նա մեծափառութիւն է կրելու, եւ պիտի բազմէ ու իշխէ իր աթոռի վերայ, եւ նա քահանայ է լինելու իր աթոռի վերայ»։ Մի՞թե որևէ մեկը կկարողանա խոչընդոտել Թագավորության գործի առաջխաղացումը, եթե հոգևոր տաճարում իրականացվող այդ գործին թիկունք է կանգնում Դավթի թագավորական տոհմի Շառավիղը՝ երկնքում իշխող Հիսուս Քրիստոսը։ Իհարկե ո՛չ։ Այս հանգամանքը ուժ է տալիս շարունակել ծառայությունը և առօրյա հոգսերի պատճառով չշեղվել այդ կարևոր գործից։
Դնենք ճիշտ առաջնահերթություններ
8. Ինչո՞ւ պետք է առաջնահերթություն տանք այն գործին, որը կատարում ենք հոգևոր տաճարում։
8 Եհովայի աջակցությունն ու օրհնությունը ստանալու համար պետք է առաջնահերթություն տանք այն գործին, որը կատարում ենք հոգևոր տաճարում։ Մենք, ի տարբերություն հրեաների, չենք ասում, թե «ժամանակը չէ եկել», այլ վստահ ենք, որ ապրում ենք ‘վերջին օրերում’ (Անգէ 1։2; Բ Տիմոթէոս 3։1)։ Հիսուսը կանխագուշակել էր, որ իր հավատարիմ հետևորդները քարոզելու են Թագավորության բարի լուրը և աշակերտներ են պատրաստելու։ Մենք չպետք է կորցնենք մեր գնահատանքը այդ պատվավոր ծառայության հանդեպ։ Քարոզելու և ուսուցանելու գործը, որ ժամանակավորապես կանգ առավ այս աշխարհի ընդդիմության պատճառով և վերսկսվեց 1919 թ.–ին, դեռ չի ավարտվել։ Բայց կարող ես վստահ լինել, որ անպայման կավարտվի։
9, 10. Ինչի՞ց է կախված Եհովայի օրհնությունը, և հետևաբար մենք ի՞նչ պետք է անենք։
9 Որքան ավելի մեծ եռանդով շարունակենք մեր ծառայությունը, այնքան ավելի կօրհնվենք՝ թե՛ անհատապես, թե՛ խմբովի։ Որպեսզի համոզվենք դրանում, ուշադրություն դարձնենք այն խոստմանը, որ Եհովան տվեց հրեաներին։ Երբ նրանք կրկին սկսեցին ողջ սրտով երկրպագել իրեն և ջերմեռանդորեն շարունակեցին տաճարի շինարարությունը, Աստված ասաց. «Այս օրից ի վեր պիտի օրհնեմ» (Անգէ 2։19)։ Հրեաները նորից կվայելեին Աստծու բարեհաճությունը։ Ահա թե ինչպես Եհովան կօրհներ նրանց. «Ցան[ք]ը խաղաղութեամբ է լինելու, որթը իր պտուղը պիտի տայ, եւ երկիրը պիտի իր արդիւնքը տայ, եւ երկինքը պիտի տայ իր ցօղը, եւ այս ժողովրդի մնացորդին ժառանգել պիտի տամ այս բոլորը» (Զաքարիա 8։9–13)։
10 Ինչպես որ հրեաներն օրհնվեցին հոգևորապես և նյութապես, այնպես էլ մենք կօրհնվենք, եթե ուրախությամբ ջանադրաբար կատարենք մեզ հանձնարարված գործը։ Մենք խաղաղություն կվայելենք, հոգևորապես պաշտպանված կլինենք, առաջընթաց կապրենք, թվով կշատանանք ու բազում այլ օրհնություններ կստանանք։ Եվ որպեսզի այդ օրհնությունները միշտ վայելենք, պետք է Եհովայի հոգևոր տաճարում ծառայենք այնպես, ինչպես նա է ցանկանում։
11. Ինչպե՞ս կարող ենք պարզել, թե ինչին ենք առաջնահերթություն տալիս կյանքում։
11 Հիմա է ժամանակը, որ ‘մեր սիրտը դարձնենք դեպի մեր ճանապարհները’ (Անգէ 1։5, 7, ԷԹ)։ Սա նշանակում է, որ պետք է ինքնաքննություն կատարենք և պարզենք, թե ինչին ենք առաջնահերթություն տալիս կյանքում։ Որքան ավելի սրբացնենք Եհովայի անունը և առաջադիմենք նրա գործում, այնքան ավելի կօրհնվենք նրա կողմից։ Ուստի տեղին կլինի, որ հարցնենք ինքներս մեզ. «Արդյոք առաջնային նշանակություն չե՞մ տալիս այլ բաների։ Եհովայի, ծառայության, ինչպես նաև ճշմարտության հանդեպ պահպանե՞լ եմ այն նվիրվածությունը, որ ունեի մկրտվելիս։ Իմ ուշադրությունը Թագավորության գործից չի՞ շեղվել այն պատճառով, որ ձգտում եմ հարմարավետ կյանքի։ Արդյո՞ք մարդավախությունը՝ ուրիշների կարծիքից վախենալը, ինձ ետ չի պահում Եհովայի կամքը կատարելուց» (Յայտնութիւն 2։2–4)։
12. Ըստ Անգէ 1։6, 9–ի՝ ի՞նչ վիճակում հայտնվեցին հրեաները։
12 Մենք չենք ցանկանում, որ Աստված զրկի մեզ իր հրաշալի օրհնություններից այն պատճառով, որ լրջորեն չենք վերաբերվում նրա անվան սրբացման գործին։ Հիշենք, որ թեև հայրենադարձ հրեաները ոգևորությամբ սկսեցին տաճարի շինարարությունը, սակայն հետագայում նրանցից «իւրաքանչիւրը վազ [տվեց] իր տան համար» (Անգէ 1։9)։ Նրանք ամբողջովին տարվեցին իրենց առօրյա հոգսերով։ Դա էր պատճառը, որ հրեաները ‘քիչ էին բերում’, այսինքն՝ բավականաչափ սնունդ, խմիչք և տաք հագուստ չունեին (Անգէ 1։6)։ Եհովան նրանց այլևս չէր օրհնում։ Կարո՞ղ ենք արդյոք որևէ դաս քաղել այս ամենից։
13, 14. Ինչպե՞ս կարող ենք կիրառել Անգէ 1։6, 9–ը մեր կյանքում, և ինչո՞ւ է դա կարևոր։
13 Փաստորեն, որպեսզի կարողանանք շարունակաբար վայելել Եհովայի օրհնությունները, պետք է դիմադրենք անձնական գործերը երկրպագությունից վեր դասելու ցանկությանը։ Նույնը կարելի է ասել մեր ուշադրությունը հոգևորից շեղող այնպիսի բաների մասին, ինչպիսիք են՝ կարիերա ստեղծելու նպատակով բարձրագույն կրթություն ստանալու ձգտումը, ինքնաիրականացման փափագը, ինչպես նաև հարստանալու ցանկությունը, որը կարող է դրդել մարդուն տարբեր միջոցներ ձեռնարկել կարճ ժամանակում մեծ գումարներ վաստակելու համար։
14 Իհարկե, նման գործերով զբաղվելը մեղք չէ։ Բայց համաձայն չե՞ք, որ հավիտենական կյանքի տանող մեր սուրբ ծառայության հետ համեմատած՝ դրանք իրականում ‘մեռած գործեր’ են (Եբրայեցիս 9։14)։ Ի՞նչ առումով։ Հոգևոր, այսինքն՝ դրանք անօգուտ են և ապարդյուն։ Եթե անհատը զբաղվի այդպիսի գործերով, հավանականությունը մեծ է, որ նա հոգևորապես կմահանա։ Նման բան տեղի ունեցավ առաջին դարում ապրող որոշ օծյալ քրիստոնյաների հետ (Փիլիպպեցիս 3։17–19)։ Նույնը կարելի է ասել մեր օրերում ապրող որոշ անհատների մասին։ Թերևս անձամբ ես ճանաչում այնպիսի մարդկանց, ովքեր աստիճանաբար շեղվելով քրիստոնեական ճանապարհից՝ կորցրել են սուրբ ծառայությանը մասնակցելու ցանկությունը։ Ինչ խոսք, մենք հույս ունենք, որ նրանք վերստին կդառնան դեպի Եհովան։ Բայց իրողությունն այն է, որ հետամուտ լինելով ‘մեռած գործերի’՝ այդպիսի անհատները այլևս չեն վայելում Եհովայի հավանությունն ու օրհնությունը։ Որքա՜ն ցավալի է դա։ Նրանք կորցնում են այն ուրախությունը և խաղաղությունը, որ առաջ է բերում Աստծու ոգին։ Ավելին, նման մարդիկ զրկվում են քրիստոնյա հավատակիցների ջերմ ընկերակցությունից։ Ինչպիսի՜ կորուստ (Գաղատացիս 1։6; 5։7, 13, 22–24)։
15. Անգէ 2։14–ը ինչպե՞ս է ցույց տալիս, որ պետք է լրջորեն վերաբերվենք մեր երկրպագությանը։
15 Հարկավոր է լրջորեն վերաբերվել մեր երկրպագությանը։ Ինչպես երևում է Անգէ 2։14–ից, Եհովային հաճելի չէր, որ հրեաները, մոռացության մատնելով իր երկրպագության վայրը, գեղեցկացնում էին իրենց տները թե՛ ուղղակի, թե՛ փոխաբերական իմաստով։ «Այսպէս է այս ժողովուրդը եւ այսպէս է այս ազգը իմ առաջին, ասում է Տէրը, եւ այսպէս է նորանց ձեռքի բոլոր գործքը. եւ ինչ որ մատուցանեն այնտեղ՝ պիղծ է»։ Այո՛, ինչ զոհաբերություն էլ հրեաները ձևականորեն մատուցեին Երուսաղեմում կառուցված ժամանակավոր զոհասեղանի վրա, այն ընդունելի չէր լինի, մինչև որ նրանք առաջնային նշանակություն չտային ճշմարիտ երկրպագությանը (Եզրաս 3։3)։
Աստված անպայման կօգնի
16. Ինչո՞ւմ կարող էին վստահ լինել հրեաները Զաքարիայի տեսիլքների շնորհիվ։
16 Երբ հրեաները, հնազանդություն ցուցաբերելով, նորից սկսեցին կառուցել տաճարը, Եհովան հավաստիացրեց, որ կօգնի նրանց։ Աստված դա արեց ութ տեսիլքների միջոցով, որոնք տվեց Զաքարիային։ Առաջին տեսիլքում նա խոստացավ, որ եթե հրեաները հավատարմորեն կատարեն իրենց հանձնարարված գործը, տաճարի շինարարությունը հաջողությամբ ավարտին կհասցվի, և Հուդան ու Երուսաղեմը կբարգավաճեն (Զաքարիա 1։8–17)։ Երկրորդ տեսիլքում Եհովան հայտնեց, որ վերջ կդնի ճշմարիտ երկրպագությանն ընդդիմացող բոլոր կառավարություններին (Զաքարիա 1։18–21)։ Մյուս տեսիլքներում Աստված հավաստիացրեց, որ թիկունք կկանգնի շինարարական աշխատանքներին։ Նաև խոստացավ, որ տարբեր ազգերի մարդիկ կլցնեն իր երկրպագության տունը, որի կառուցումը ավարտված կլինի։ Բացի այդ, Եհովան խաղաղություն և անվտանգություն կապահովի, կվերացնի չարությունը ու կհեռացնի սարի նման անհաղթահարելի թվացող այն խոչընդոտները, որ դրվել էին իր հանձնարարած գործի առջև։ Աստված վստահեցրեց, որ հրեշտակները կառաջնորդեն և կպաշտպանեն իր ժողովրդին (Զաքարիա 2։5, 11; 3։10; 4։7; 5։6–11; 6։1–4, 5 ԱԱ, 6–8)։ Միանգամայն հասկանալի է, որ այսպիսի խոստումներ ստանալով՝ հավատարիմ հրեաները փոխեցին իրենց ապրելակերպը և ողջ ուժերը ներդրեցին այն գործի մեջ, որի համար Աստված նրանց ազատել էր գերությունից։
17. Եհովայի հավաստիացումները հաշվի առնելով՝ ի՞նչ հարցեր կարող ենք տալ ինքներս մեզ։
17 Եհովան մեզ նույնպես հավաստիացնում է, որ ճշմարիտ երկրպագությունը կհաղթանակի։ Ուստի մենք ևս լիցք ենք ստանում ջերմեռանդորեն կատարելու մեր ծառայությունը։ Դա նաև օգնում է մեզ լրջորեն վերաբերվել հոգևոր տաճարում երկրպագություն մատուցելուն։ Կարող ես այսպիսի հարցեր ուղղել քեզ. «Արդյոք իմ ապրելակերպից ու ձգտումներից երևո՞ւմ է իմ հավատն այն բանի հանդեպ, որ հիմա է Թագավորության բարի լուրը քարոզելու և աշակերտներ պատրաստելու ժամանակը։ Բավականաչա՞փ ժամանակ եմ հատկացնում Աստծու մարգարեական Խոսքը ուսումնասիրելուն, դրա շուրջ խորհրդածելուն, ինչպես նաև հավատակիցների և ուրիշ մարդկանց հետ այդ մասին խոսելուն»։
18. Համաձայն «Զաքարիա» գրքի 14–րդ գլխի՝ ապագայում ի՞նչ է սպասում մեզ։
18 Զաքարիան կանխագուշակել էր, որ Մեծ Բաբելոնը կկործանվի, և ապա կսկսվի Արմագեդոն պատերազմը։ Զաքարիա 14։7–ում կարդում ենք. «Մէկ օր կ’լինի՝ Տիրոջը յայտնի, ոչ ցերեկ եւ ոչ գիշեր. եւ իրիկուայ ժամանակին լոյս կ’լինի»։ Այո՛, Եհովայի օրն իսկապես խավար ու մռայլ կլինի նրա թշնամիների համար, իսկ Աստծու հավատարիմ ծառաների համար կլինի մշտական օրհնության և լույսի օր։ Բացի այդ, Զաքարիան նկարագրել էր, թե նոր աշխարհում ինչպես է ամեն բան վկայելու Եհովայի սրբության մասին։ Աստծու հոգոր տաճարում մատուցվող ճշմարիտ երկրպագությունը լինելու է միակ կրոնը երկրի վրա (Զաքարիա 14։16–19)։ Ի՜նչ հիանալի հավաստիացում։ Եվ մենք հնարավորություն ունենք սեփական աչքերով տեսնելու այս մարգարեությունների իրականացումը, ինչպես նաև Եհովայի գերիշխանության արդարացումը։ Այո՛, Եհովայի օրն անկրկնելի կլինի։
Հարատև օրհնություններ
19, 20. Զաքարիա 14։8, 9 խոսքերը ինչո՞ւ են քաջալերական քեզ համար։
19 Այդ նշանակալից իրադարձությունից հետո Սատանան ու նրա դևերը կբանտարկվեն ու կզրկվեն գործելու հնարավորությունից (Յայտնութիւն 20։1–3, 7ա)։ Ապա՝ Հիսուսի Հազարամյա Իշխանության ընթացքում, մարդկության վրա օրհնություններ կտեղան։ Զաքարիա 14։8, 9–ում ասվում է. «Պիտի լինի որ այն օրը կենդանի ջրեր դուրս կ’գան Երուսաղէմից նորանց կէսը դէպի արեւելեան ծովը, եւ նորանց կէսը դէպի արեւմտեան ծովը. ամառ ու ձմեռ կ’լինի։ Եւ Տէրը Թագաւոր կ’լինի բոլոր երկրի վերայ. այն օրը մէկ կ’լինի Տէրը, եւ նորա անունն էլ մէկ»։
20 ‘Կենդանի ջրերը’, կամ՝ ‘կենդանի ջրի գետը’ (ԷԹ), որ ներկայացնում է հավիտենական կյանքի համար Եհովայի ձեռնարկած միջոցները, շարունակաբար կհոսի «Աստուծոյ եւ Գառի աթոռից» (Յայտնութիւն 22։1, 2)։ Դա օգուտ կբերի Արմագեդոնից փրկված մեծ բազմությանը, որը կազատագրվի ադամական մեղքի դատապարտությունից՝ մահից։ Օգուտ կքաղեն նույնիսկ մահացածները. նրանք հարություն կառնեն։ Այդպես Եհովայի իշխանության մի նոր փուլ կսկսվի երկրի վրա։ Երկրի յուրաքանչյուր բնակիչ կընդունի, որ Եհովան է Տիեզերքի Գերիշխանը՝ այն միակ անձնավորությունը, որին պետք է երկրպագել։
21. Ի՞նչ պետք է վճռենք անել։
21 Այն ամենը, ինչ առ այսօր կատարվել է Անգեի ու Զաքարիայի մարգարեություններից, ամուր հիմք է տալիս շարունակելու մեր գործը, որ անում ենք Աստծու հոգևոր տաճարի երկրային գավիթում։ Թող որ յուրաքանչյուրս ջանք թափի առաջին տեղում դնել Թագավորության շահերը՝ սպասելով այն օրվան, երբ ճշմարիտ երկրպագությունը կհասցվի ամբողջական վիճակի։ Զաքարիա 8։9–ը այսպիսի հորդոր է տալիս մեզ. «Թող զօրանան ձեր ձեռքերը, ով դուք, որ այս խօսքերը այս օրերում այն մարգարէների բերանից լսում էք»։
Հիշո՞ւմ եք
• Մարգարեական նշանակություն ունեցող ի՞նչ զուգահեռ կա Անգեի ու Զաքարիայի օրերի և մեր ժամանակների միջև։
• Անգեի ու Զաքարիայի մարգարեությունները ի՞նչ են սովորեցնում մեզ առաջնահերթություններ դնելու մասին։
• Անգեի ու Զաքարիայի մարգարեությունները ինչո՞ւ են հիմք տալիս հույսով նայելու ապագային։
[նկար 26-րդ էջի վրա]
Անգեն ու Զաքարիան քաջալերում էին հրեաներին սրտանց կատարել իրենց գործը, քանի որ Եհովան միայն այդ դեպքում կօրհներ նրանց
[նկարներ 27-րդ էջի վրա]
Արդյոք ‘վազ չե՞ք տալիս’ ձեր տան համար
[նկար 28-րդ էջի վրա]
Եհովան խոստացավ, որ կօրհնի, և կատարեց իր խոստումը