Իսկապե՞ս ապրում ենք վերջին օրերում
ԲՆՈՐՈՇԵԼՈՒ համար այն ժամանակահատվածը, որն Աստվածաշնչում կոչվում է «վերջին օրեր», նկատի առնենք երկու բան։ Գրություններում նախագուշակվել է, թե ինչ իրադարձություններ պետք է տեղի ունենային «աշխարհքիս վերջի» ժամանակներում (Մատթէոս 24։3)։ Աստվածաշնչում խոսվում է նաև այն մասին, թե ‘վերջին օրերում’ ապրող մարդիկ ինչ մտածելակերպ ու գործելակերպ պետք է դրսևորեին (Բ Տիմոթէոս 3։1, ԱԱ)։
Իրոք, աշխարհում տեղի ունեցող իրադարձությունները և մարդկանց մտածելակերպն ու գործերը վկայում են, որ մենք ապրում ենք վերջին օրերում, և որ Աստծու Թագավորությունը շուտով հավիտենական օրհնություններ կբերի աստվածասեր բոլոր անհատներին։ Այժմ քննենք երեք առանձնահատկություններ, որոնք, ինչպես Հիսուսն ասաց, պետք է մատնանշեին վերջին օրերը։
‘Ցավերի սկիզբը’
«Ազգ ազգի վերայ վեր կ’կենայ, եւ թագաւորութիւն թագաւորութեան վերայ,— ասաց Հիսուսը.— եւ սովեր կ’լինին.... եւ տեղ տեղ երկրաշարժութիւններ կ’լինին»։ Ապա ավելացրեց. «Այս ամենը ցաւերի սկիզբն է» (Մատթէոս 24։7, 8)։ Այժմ «այս ամենը» քննենք մեկ առ մեկ։
Անցած հարյուրամյակում անթիվ–անհամար մարդիկ են սպանվել պատերազմներում և էթնիկական բախումներում։ «[20–րդ] դարի պատերազմներում երեք անգամ ավելի շատ մարդ է զոհվել, քան մ.թ. առաջին դարից մինչև 1899 թ.–ը տեղի ունեցած բոլոր պատերազմների ժամանակ»,— ասվում է մի գիտական տեղեկագրության մեջ («Worldwatch Institute»)։ Ջոնաթան Գլովերն իր «Մարդկություն. քսաներորդ դարի բարոյականության պատմությունը» գրքում (անգլ.) գրում է. «Մի հաշվարկի համաձայն՝ 1900–1989 թթ.-ին պատերազմներում սպանվել է 86 միլիոն մարդ։ .... Քսաներորդ դարի պատերազմներում այնքան շատ մարդ է մահացել, որ պատկերացնել անգամ հնարավոր չէ։ Զոհվածների միջին թիվը որոշելը չի համապատասխանի իրականությանը, քանի որ մոտ երկու երրորդը (58 միլիոն) սպանվել է միայն երկու համաշխարհային պատերազմների ժամանակ։ Այնուամենայնիվ, եթե զոհվածների թիվը հավասարապես բաշխենք այդ ժամանակահատվածում, ապա իննսուն տարի շարունակ ամեն օր կսպանվեր 2 500 մարդ, այսինքն՝ ժամում ավելի քան 100 մարդ»։ Կարո՞ղ եք պատկերացնել, թե ի՜նչ ցավ ու տառապանք են կրել այդ մարդկանց հարազատներն ու մտերիմները։
Վերջին օրերի մյուս առանձնահատկությունը սովն է՝ չնայած այն բանին, որ ամբողջ աշխարհում առատ սնունդ է արտադրվում։ Ըստ հետազոտությունների՝ անցած 30 տարիների ընթացքում սննդի արդյունաբերության աճը գերազանցել է բնակչության աճին։ Այնուհանդերձ, աշխարհի շատ վայրերում սով է, քանի որ շատերը չունեն բավականաչափ հողակտոր բերք աճեցնելու համար կամ էլ դրամ՝ սնունդ գնելու համար։ Զարգացող երկրներում մոտ 1,2 միլիարդ մարդ ստիպված է ապրել օրական մեկ ամերիկյան դոլար կամ նույնիսկ ավելի քիչ աշխատավարձով։ Այդ մարդկանցից մոտ 780 միլիոնը տառապում է քրոնիկական սովով։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ տարեկան ավելի քան 5 միլիոն երեխա է մահանում թերսնման պատճառով։
Իսկ ի՞նչ կարելի է ասել երկրաշարժերի մասին։ ԱՄՆ–ի Երկրաբանական ծառայության հաշվարկների համաձայն՝ 1990 թ.–ից հետո տարեկան միջին հաշվով 17 ուժգին երկրաշարժեր են տեղի ունեցել, որոնք շենքեր են ավերել։ Ամեն տարի տեղի են ունեցել այնպիսի երկրաշարժեր, որոնք գրեթե ամբողջովին փլատակների են վերածել շինությունները։ Մեկ ուրիշ աղբյուր նշում է. «Անցած 100 տարիներին երկրաշարժերը հարյուր հազարավոր կյանքեր են խլել»։ Պատճառներից մեկն այն է, որ սկսած 1914 թ.–ից՝ սեյսմիկ գոտիներում ավելի են շատանում բազմամիլիոնանոց բնակավայրերը։
Ուշագրավ այլ առանձնահատկություններ
«Տեղ տեղ .... մահտարաժամներ [«համաճարակներ», ՆԱ] կ’լինին»,— ասաց Հիսուսը (Ղուկաս 21։11)։ Այսօր, ավելի քան երբևէ, բժշկությունը մեծ նվաճումների է հասել։ Սակայն հին ու նոր հիվանդությունները շարունակում են պատուհասի նման հարվածել մարդկությանը։ ԱՄՆ–ի Ազգային հետախուզական խորհրդի մի տեղեկագրության մեջ նշվում է. «1973 թ.–ից ի վեր 20 հայտնի հիվանդություններ, որոնց թվին են պատկանում տուբերկուլյոզը, մալարիան ու խոլերան, դառնալով ավելի վտանգավոր ու դեղորայքի նկատմամբ ավելի կայուն, նորից գլուխ են բարձրացրել ու տարածվել աշխարհով մեկ։ Սկսած 1973–ից՝ առնվազն 30 նոր հիվանդություններ են ի հայտ եկել, ներառյալ ՄԻԱՎ–ը, Էբոլան, հեպատիտ С–ն և Նիպա վիրուսը, որոնց դեմ բուժման միջոց չի հայտնաբերվել»։ «Կարմիր խաչ» ընկերության 2000 թ. հունիսի 28–ի հաշվետվության համաձայն՝ 1999 թ.–ին վարակիչ հիվանդություններից մահացած մարդկանց թիվը գրեթե 160 անգամ գերազանցում է բնական աղետներում մահացածների թվին։
‘Անօրենության շատանալը’ վերջին օրերի մյուս ուշագրավ առանձնահատկությունն է (Մատթէոս 24։12)։ Այսօր շատ վայրերում մարդիկ մի քանի կողպեք են դնում իրենց տների դռներին, իսկ գիշերը վախենում են քայլել փողոցով։ Օդը, ջուրը, հողը գնալով ավելի են աղտոտվում, և հաճախ՝ մարդկանց անօրինական գործողությունների պատճառով։ Սա նույնպես նախագուշակվել էր Աստվածաշնչում։ «Յայտնութիւն» գրքում խոսվում է այն մասին, որ Աստված իր նշանակած ժամին ‘երկիրն ապականողներին կապականի’ (Յայտնութիւն 11։18)։
Ինչպիսին են մարդիկ վերջին օրերում
Խնդրում ենք բացել ձեր Աստվածաշունչը և կարդալ Բ Տիմոթէոս 3։1–5 համարները։ Պողոս առաքյալը գրում է. «Վերջին օրերին չար ժամանակներ պիտի գան» (ԷԹ)։ Ապա նա թվարկում է աստվածաշնչյան սկզբունքներով չառաջնորդվող մարդկանց 20 հատկանշական կողմեր։ Զգո՞ւմ եք, որ ձեր բնակավայրում դրսևորվում են այդ հատկություններից մի քանիսը։ Ուշադրություն դարձրեք, թե վերջերս ինչ է ասվել մեր օրերի մարդկանց մասին։
«Անձնասէր» (Բ Տիմոթէոս 3։2, ԷԹ)։ «[Մարդիկ], ավելի քան երբևէ, ձգտում են անել այն, ինչ իրենց է հարմար։ [Նրանք] դառնում են աստվածներ ու ակնկալում են, որ մյուսներն իրենց վերաբերվեն ինչպես աստվածների» («Financial Times» լրագիր, Անգլիա)։
«Փողասէր» (Բ Տիմոթէոս 3։2, ԷԹ)։ «Եսասիրական նյութապաշտությունը վերջին ժամանակներում ճնշում է համեստությանը։ Եթե հարուստ չես, արժանի չես ապրելու» («Jakarta Post» լրագիր, Ինդոնեզիա)։
«Ծնողներին անհնազանդ» (Բ Տիմոթէոս 3։2, ԷԹ)։ «Ծնողները ապշում են՝ տեսնելով, թե ինչպես է իրենց 4 տարեկան մանուկը [Ֆրանսիայի թագավոր] Լուի XIV–ի պես հրամաններ տալիս իրենց, իսկ 8–ամյա երեխան՝ բղավում. «Ես ատո՛ւմ եմ ձեզ»» («American Educator» հանդես, ԱՄՆ)։
«Անհավատարիմ» (Բ Տիմոթէոս 3։2, ՆԱ)։ «Ներկայումս ամուսինները շատ ավելի հեշտությամբ են լքում իրենց կողակիցներին ու երեխաներին, և, կարելի է ասել, դա [վերջին 40 տարիներին] բարոյական արժեքների մեջ տեղի ունեցած փոփոխություններից ամենամեծն է» («Wilson Quarterly» հանդես, ԱՄՆ)։
«Բնական կապվածություն չունեցող» (Բ Տիմոթէոս 3։3, ՆԱ)։ «Ընտանեկան բռնությունը ամբողջ աշխարհում արդեն սովորական բան է դարձել» («Journal of the American Medical Association» հանդես, ԱՄՆ)։
«Ինքնատիրապետում չունեցող» (Բ Տիմոթէոս 3։3, ՆԱ)։ «Ամեն առավոտ, բացելով թերթերի առաջին էջերը, տեսնում ենք բազմաթիվ հաղորդագրություններ, որոնցում, ըստ էության, արտացոլված են գաղափարներ, որոնք չեն արտահայտում ինքնատիրապետում, բարոյական արժեքներ և կարեկցանք նույնիսկ սեփական անձի հանդեպ.... Եթե հասարակությունը նույն ձևով շարունակի հանդուրժել ագրեսիվ վարքը, ապա շուտով ոտք կդնենք բարոյականության ոչնչացման փուլ» («Bangkok Post» լրագիր, Թաիլանդ)։
«Դաժան» (Բ Տիմոթէոս 3։3)։ «Անմիտ բարկություն ու անկառավարելի կատաղություն են դրսևորում վարորդները, ընտանիքի անդամները.... [դա] նկատելի է անիմաստ ու անտեղի բռնարարքներում, որոնք հաճախ ուղեկցում են ոճրագործություններին։ Ամեն րոպե միանգամայն անսպասելիորեն կարող է բռնություն գործադրվել, ուստի մարդիկ իրենց մեկուսացած ու անպաշտպան են զգում» («Business Day» լրագիր, Հարավաֆրիկյան Հանրապետություն)։
«Աւելի ցանկասէր քան թէ աստուածասէր» (Բ Տիմոթէոս 3։4)։ «Սեքսուալ ազատությունը խաչակրաց արշավանքի է դուրս եկել. նրա թշնամին քրիստոնեական բարոյականությունն է» («Boundless» ինտերնետային պարբերագիր)։
«Աստուածպաշտութեան կերպարանքն ունին, բայց նորա զօրութիւնն ուրացած են» (Բ Տիմոթէոս 3։5)։ «[Նիդեռլանդներում մի նախկին պոռնկուհի] ասաց, որ [պոռնկությունը] օրինականացնելուն հիմնականում դեմ են կրոնական խմբերը։ Նա մի պահ դադար տվեց, հետո քմծիծաղով ասաց, որ երբ պոռնկությամբ էր զբաղվում, մի քանի [կրոնական] ծառայողներ նրա մշտական հաճախորդներից էին։ «Պոռնկուհիները միշտ ասում են, որ իրենց լավագույն հաճախորդները կրոնականներն են»,— ծիծաղելով ավելացրեց նա» («National Catholic Reporter» լրագիր, ԱՄՆ)։
Ինչպիսի՞ն կլինի ապագան
Աշխարհն այսօր լի է տառապանքով, ինչպես և նախագուշակվել էր Աստվածաշնչում։ Սակայն Քրիստոսի «գալստեան եւ աշխարհքիս վերջի նշանը» պարունակում է նաև մի դրական առանձնահատկություն։ «Արքայութեան այս աւետարանը բոլոր տիեզերքումը կ’քարոզուի ամեն հեթանոսներին վկայութիւն լինելու համար»,— ասաց Հիսուսը (Մատթէոս 24։3, 14)։ Աստծու Թագավորության բարի լուրը ներկայումս քարոզվում է 230–ից ավելի երկրներում։ Ավելի քան վեց միլիոն մարդ, որոնք ծագում են «ամեն ազգից եւ ցեղերից եւ ժողովուրդներից եւ լեզուներից», ակտիվորեն հռչակում են Թագավորության պատգամը (Յայտնութիւն 7։9)։ Ի՞նչ արդյունքների են նրանք հասել։ Պատգամն այն մասին, թե ինչ է իրենից ներկայացնում և ինչ է անելու այդ Թագավորությունը, և թե ինչպես կարող ենք ստանալ նրա բերած օրհնությունները, հասցվել է երկրագնդի գրեթե յուրաքանչյուր բնակչի։ Այո՛, ‘վերջի ժամանակում գիտությունը շատացել է’ (Դանիէլ 12։4)։
Անպայման ձե՛ռք բերեք այդ գիտությունը։ Խորհեք այն մասին, թե ինչ տեղի կունենա, երբ բարի լուրը քարոզվի Եհովայի կամեցած չափով։ Հիսուսն ասաց. «Այն ժամանակ կ’գայ վերջը» (Մատթէոս 24։14)։ Այդ ժամանակ Աստված երկրի վրայից կոչնչացնի ամեն չարություն և ամբարշտություն։ Առակաց 2։22–ում կարդում ենք. «Անզգամները [«ամբարիշտները», ԱԱ] բնաջինջ կ’լինին երկրիցը, եւ նենգաւորները կ’խլուին նորանից»։ Իսկ ի՞նչ կլինի Սատանային ու նրա դևերին։ Նրանք անդունդը կգցվեն ու այլևս չեն կարողանա ազգերին մոլորեցնել (Յայտնութիւն 20։1–3)։ Այնուհետև «ուղիղները կ’բնակուեն երկրի վերայ» և կվայելեն Թագավորության հրաշալի օրհնությունները (Առակաց 2։21; Յայտնութիւն 21։3–5)։
Ինչպե՞ս կվարվեք դուք
Ամեն կասկածից վեր է, որ Սատանայի համակարգի վերջը շատ մոտ է։ Ովքեր անտեսում են այն փաստը, որ մենք ապրում ենք վերջին օրերում, հանկարծակիի կգան, երբ վերջը գա (Մատթէոս 24։37–39; Ա Թեսաղոնիկեցիս 5։2)։ Ուստի պատահական չէ, որ Հիսուսն իր ունկնդիրներին ասաց. «Զգոյշ կացէք անձներիդ, մի գուցէ ձեր սրտերը ծանրանան շատակերութիւնով եւ արբեցութիւնով եւ ապրուստի հոգսերով, եւ այն օրը յանկարծ հասնէ ձեզ վերայ. որովհետեւ որոգայթի պէս կ’հասնէ այն ամենքի վերայ, որ բոլոր երկրի երեսի վերայ բնակած են։ Ուրեմն արթուն կացէք, եւ ամեն ժամանակ աղօթք արէք, որ արժանի լինիք ազատուիլ այն բոլոր բաներիցը, որ պիտի լինին, եւ կանգնել մարդի Որդու առաջին» (Ղուկաս 21։34–36)։
Այս համակարգի կործանումից փրկվելու հեռանկար կունենան միայն նրանք, ովքեր, Աստծու հավանությունն ունենալով, կանգնած կլինեն մարդու Որդու՝ Հիսուսի առջև։ Ուրեմն որքա՜ն կարևոր է մնացած ժամանակն օգտագործել այնպես, որ ստանանք Եհովա Աստծու և Հիսուս Քրիստոսի հավանությունը։ Աստծուն ուղղված աղոթքում Հիսուսն ասաց. «Սա է յաւիտենական կեանքը, որ ճանաչեն քեզ միայն ճշմարիտ Աստուած. եւ նորան, որ ուղարկեցիր՝ Յիսուսին Քրիստոսին» (Յովհաննէս 17։3)։ Ուստի, իմաստուն կվարվեք, եթե սովորեք Եհովա Աստծու, ինչպես նաև նրա պահանջների մասին։ Ձեր բնակավայրում ապրող Եհովայի վկաները ուրախությամբ կօգնեն ձեզ հասկանալ, թե ինչ է սովորեցնում Աստվածաշունչը։ Մենք սրտանց հրավիրում ենք ձեզ կապ հաստատել նրանց հետ կամ գրել այս պարբերագրի հրատարակիչներին։
[շրջանակ և նկարներ 7-րդ էջի վրա]
ՎԵՐՋԻՆ ՕՐԵՐԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ԳԼԽԱՎՈՐ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
▪ Պատերազմներ (Մատթէոս 24։6, 7)
▪ Սով (Մատթէոս 24։7)
▪ Երկրաշարժեր (Մատթէոս 24։7)
▪ Համաճարակներ (Ղուկաս 21։11, ՆԱ)
▪ Անօրինության շատացում (Մատթէոս 24։12)
▪ Երկրի ապականում (Յայտնութիւն 11։18)
ՄԱՐԴԻԿ
▪ Անձնասեր (Բ Տիմոթէոս 3։2, ԷԹ)
▪ Փողասեր (Բ Տիմոթէոս 3։2, ԷԹ)
▪ Հպարտ (Բ Տիմոթէոս 3։2)
▪ Ծնողներին անհնազանդ (Բ Տիմոթէոս 3։2, ԷԹ)
▪ Անշնորհակալ (Բ Տիմոթէոս 3։2, ԷԹ)
▪ Անհավատարիմ (Բ Տիմոթէոս 3։2, ՆԱ)
▪ Բնական կապվածություն չունեցող (Բ Տիմոթէոս 3։3, ՆԱ)
▪ Ինքնատիրապետում չունեցող (Բ Տիմոթէոս 3։3, ՆԱ)
▪ Դաժան (Բ Տիմոթէոս 3։3)
▪ Ցանկասեր (Բ Տիմոթէոս 3։4)
▪ Կրոնական առումով կեղծավոր (Բ Տիմոթէոս 3։5)
ՃՇՄԱՐԻՏ ԵՐԿՐՊԱԳՈՒՆԵՐ
▪ Ունեն շատ գիտելիքներ (Դանիէլ 12։4)
▪ Քարոզում են բարի լուրը ողջ աշխարհում (Մատթէոս 24։14)
[թույլտվությամբ]
UNITED NATIONS/Photo by F. GRIFFING