Աստվածաշունչը չափազանց մեծ սահմանափակումնե՞ր է դնում
«ՄԱՆՈՒԿ հասակում ինձ չեն սովորեցրել աստվածաշնչյան և ոչ մի չափանիշ։ Նույնիսկ չեն հիշատակել Աստծու մասին»,— ասում է Ֆինլանդիայում ապրող մի երիտասարդ։ Մեր օրերում այդպիսի դաստիարակությունը տարածված է։ Շատերը, հատկապես երիտասարդները, Աստվածաշունչը համարում են չափազանց հին գիրք, նրա խորհուրդները՝ անչափ սահմանափակող, իսկ այդ խորհուրդներով առաջնորդվողներին՝ ճնշված անհատներ, որոնց կյանքը գտնվում է արգելքների և պատվիրանների ծանր բեռի տակ։ Ուստի բազմաթիվ մարդիկ մտածում են, որ ավելի լավ է Աստվածաշունչը թողնել գրապահարանում և խորհուրդներ փնտրել ուրիշ տեղ։
Աստվածաշնչի հանդեպ այդպիսի վերաբերմունքի պատասխանատուն գլխավորապես քրիստոնեական եկեղեցիներն են, որոնք տարիներ շարունակ ճնշել են մարդկանց։ Օրինակ՝ միջին դարերում, որ պատմաբաններից ոմանք անվանում են «խավար դարեր», Եվրոպայում կաթոլիկ եկեղեցին վերահսկում էր մարդկանց կյանքի ամեն մի ոլորտ։ Նա, ով կհամարձակվեր չհամաձայնվել կրոնի հետ, կարող էր չարչարանքների և նույնիսկ մահապատժի ենթարկվել։ Բողոքական եկեղեցիները, որ առաջացան ավելի ուշ, նույնպես սահմանափակումներ դրեցին մարդու ազատության վրա։ Այսօր «կալվինիստ» կամ «պուրիտան» բառերը մեր միտքն են բերում ոչ միայն որոշակի հավատալիքներ ունեցող մարդկանց, այլև այն խիստ կարգուկանոնը, որ կար այդ անունները կրող խմբերում։ Ուստի մարդիկ եկեղեցիների բանեցրած ճնշման պատճառով եկել են այն սխալ եզրակացության, որ Աստվածաշնչի ուսմունքները ճնշող են։
Վերջին հարյուրամյակներում շատ եկեղեցիների ազդեցությունը մարդկանց վրա թուլացել է, համենայնդեպս՝ որոշ երկրներում։ Ավանդական կրոնական ուսմունքները մերժելով՝ մարդիկ ներկայումս կարծում են, որ յուրաքանչյուր ոք իրավունք ունի ինքնուրույն որոշելու, թե ինչն է ճիշտ և ինչը՝ սխալ։ Ի՞նչ պտուղներ է բերել նման տեսակետը։ Քրեաբանության և դատական սոցիոլոգիայի պրոֆեսոր Ահտի Լայտինենը բացատրում է. «Հարգանքը իշխանության հանդեպ նվազել է, և սահմանը թույլատրելիի և անթույլատրելիի միջև գնալով ավելի անորոշ է դառնում»։ Զավեշտականն այն է, որ նույնիսկ կրոնական առաջնորդներն են սկսել այդպես մտածել։ Մի հայտնի լյութերական եպիսկոպոս ասաց. «Ես հակված եմ մերժելու այն կարծիքը, թե բարոյականությանն առնչվող խնդիրները կարելի է լուծել Աստվածաշնչի կամ կրոնական որևէ հեղինակության օգնությամբ»։
Անսահմանափակ ազատություն. ցանկալի՞ է
Անսահմանափակ ազատություն ունենալու միտքը կարող է հրապուրիչ թվալ, մանավանդ երիտասարդությանը։ Քչերին է դուր գալիս, երբ իրենք մեկից կախում ունեն կամ ստիպված են ապրել «կարելի»–ների ու «չի կարելի»–ների ցուցակով։ Սակայն ճի՞շտ կլինի, եթե յուրաքանչյուրն իր ուզածն անի։ Քննարկենք հետևյալ օրինակը։ Պատկերացրու մի քաղաք, որտեղ երթևեկության կանոններ չկան։ Մեքենա վարելու համար չի պահանջվում քննություն հանձնել և վարորդական իրավունք ունենալ։ Մարդիկ կարող են ուզածի պես վարել իրենց մեքենան, նույնիսկ՝ հարբած վիճակում։ Չկան թույլատրելի արագության ու կանգառի նշաններ, լուսացույցներ, միակողմ երթևեկություն, հետիոտնային անցումներ։ Արդյոք կցանկանայի՞ր նման ազատություն ունենալ։ Իհարկե ոչ։ Այդպիսի ազատության պատճառով քաոս կտիրեր ու աղետներ կլինեին։ Թեև երթևեկության կանոնները սահմանափակում են մարդու ազատությունը, սակայն դրանք պաշտպանություն են թե՛ վարորդի և թե՛ հետիոտնի համար։
Նմանապես, Եհովան մեզ առաջնորդություն է տալիս, թե ինչպես պետք է ապրենք։ Այն մեր օգտին է ծառայում։ Առանց այդ առաջնորդության՝ մենք ստիպված կլինեինք սովորել փորձի ու սխալի մեթոդով, որը թերևս վնաս կբերեր թե՛ մեզ, թե՛ ուրիշներին։ Բարոյական անարխիայի միջավայրում ապրելը նույնքան անցանկալի ու վտանգավոր կլիներ, որքան մեքենա վարելը երթևեկության կանոններ չունեցող քաղաքում։ Ճշմարտությունն այն է, որ մենք որոշակի օրենքների ու սկզբունքների կարիք ունենք, փաստ, որին շատերը, առանց որևէ առարկության, համաձայն են։
‘Իմ բեռը թեթև է’
Երթևեկության կանոնները կարող են լինել բավական ծավալուն և մանրամասն։ Որոշ երկրներում կանոնների մի ամբողջ ցուցակ է սահմանված մեքենան կայանատեղում կանգնեցնելու համար։ Հակառակ այս ամենի՝ Աստվածաշնչում չկա կանոնների մանրամասն ցուցակ։ Այնտեղ զետեղված են հիմնական սկզբունքներ, որոնք ճնշող ու ծանրաբեռնող չեն։ Հիսուս Քրիստոսն իր ունկնդիրներին մի կոչ արեց, որը հաճելի էր նրանց համար. «Ինձ մօտ եկէք, ամեն վաստակածներ եւ բեռնաւորուածներ, եւ ես հանգիստ կ’տամ ձեզ։ Որովհետեւ իմ լուծը քաղցր է, եւ իմ բեռը՝ թեթեւ» (Մատթէոս 11։28, 30)։ Իսկ Պողոս առաքյալը Կորնթոսի քրիստոնեական ժողովին ուղղած նամակում գրեց. «Որտեղ որ Տիրոջ Հոգին է՝ այնտեղ է ազատութիւն» (Բ Կորնթացիս 3։17)։
Սակայն այդ ազատությունը բացարձակ չէ։ Հիսուսը հստակորեն ցույց տվեց, որ Աստծու պահանջների մեջ մտնում են որոշ պարզ պատվիրաններ։ Օրինակ՝ Հիսուսն իր աշակերտներին ասաց. «Սա է իմ պատուիրանքը, որ իրար սիրէք, ինչպէս որ ես ձեզ սիրեցի» (Յովհաննէս 15։12)։ Պատկերացնո՜ւմ ես, թե ինչպիսին կլիներ կյանքը, եթե յուրաքանչյուր ոք կիրառեր այս պատվիրանը։ Ուստի, այն ազատությունը, որ քրիստոնյաներն են վայելում, սահմանափակումներ ունի։ Պետրոս առաքյալը գրեց. «[Եղեք] ինչպէս ազատներ, եւ ոչ թէ ազատութիւնն ինչպէս չարութեան ծածկոց ունեցողներ. այլ ինչպէս Աստուծոյ ծառաներ» (Ա Պետրոս 2։16)։
Այսպիսով՝ թեև քրիստոնյաները մանրամասն օրենքների տակ չեն, սակայն նրանք ճշտի ու սխալի վերաբերյալ չեն առաջնորդվում իրենց սեփական չափանիշներով։ Մարդիկ ունեն այնպիսի առաջնորդության կարիք, որը միայն Աստված կարող է տալ։ Աստվածաշունչը պարզ ասում է. «Գնացող մարդի բանը չէ, որ ուղղէ իր գնացքը» (Երեմիա 10։23)։ Եթե հնազանդվենք Աստծու առաջնորդությանը, մեծ օգուտներ կստանանք (Սաղմոս 19։11)։
Օգուտներից մեկը երջանկությունն է։ Հոդվածի սկզբում հիշատակված երիտասարդը գողությամբ էր զբաղվում ու ստախոս էր, նաև անբարո կյանք էր վարում։ Տեղեկանալով Աստվածաշնչի բարձր չափանիշներին՝ նա իր կյանքը համաձայնեցրեց դրանց։ «Թեև չէի կարող անմիջապես հետևել աստվածաշնչյան բոլոր չափանիշներին,— ասում է նա,— ես ըմբռնում էի դրանց արժեքը։ Նախկինում չունեի այն երջանկությունը, որ զգում եմ հիմա։ Ապրելով Աստծու չափանիշների համաձայն՝ պարզեցնում ես կյանքդ։ Դու գիտես, թե ուր ես ընթանում, և թե ինչն է ճիշտ և ինչը՝ սխալ»։
Միլիոնավոր մարդիկ են նման զգացումներ ունեցել։ Աստվածաշնչում առաջնորդություն գտնելով՝ նրանք մեծ օգուտներ են ստացել՝ բարելավել են իրենց փոխհարաբերությունները մյուսների հետ, աշխատանքի հանդեպ զարգացրել են հավասարակշռված տեսակետ, հրաժարվել են վնասակար սովորություններից և այժմ ապրում են երջանիկ կյանքով։ Երիտասարդ Մարկուսըa, որը նախկինում երկակի կյանք էր վարում, ասում է. «Ապրելով Աստվածաշնչի համաձայն՝ ես կարողացա ինքնահարգանք ձեռք բերել»։b
Ո՞րն է քո ընտրությունը
Եվ այսպես, Աստվածաշունչը սահմանափակումնե՞ր է դնում մեզ վրա։ Այո՛։ Սակայն արդյո՞ք այդ սահմանափակումները չափազանց մեծ են։ Ո՛չ։ Անսահմանափակ ազատությունը լոկ դժվարությունների դուռ է բաց անում։ Իսկ աստվածաշնչյան չափանիշները հավասարակշռված են և նպաստում են մեր բարօրությանն ու երջանկությանը։ Մարկուսն ասում է. «Ժամանակի ընթացքում հասկացա, թե որքան իմաստուն է կիրառել Աստծու Խոսքը։ Թեև շատ առումներով իմ կյանքը տարբերվում է ուրիշների կյանքից, ես մի ակնթարթ անգամ չեմ մտածում, թե կորցնում եմ ինչ–որ արժեքավոր բան»։
Երբ սկսես վայելել Աստվածաշնչի չափանիշներով ապրելու օրհնությունները, քո գնահատանքը Աստծու Խոսքի հանդեպ կմեծանա։ Արդյունքում կստանաս ավելի մեծ օրհնություն. կսկսես սիրել այդ գրքի Հեղինակին՝ Եհովա Աստծուն։ «Սա է Աստուծոյ սէրը որ նորա պատուիրանքները պահենք. եւ նորա պատուիրանքները ծանր չեն» (Ա Յովհաննէս 5։3)։
Եհովան մեր Արարիչն է ու մեր երկնային Հայրը։ Նա գիտի, թե ինչն է մեզ համար լավագույնը։ Նա մեզ սահմանափակումների տակ չի դնում, այլ սիրալիր առաջնորդություն է տալիս մեր իսկ օգտի համար։ Բանաստեղծական լեզվով՝ Եհովան մեզ հորդորում է. «Երանի թէ ուշադրութիւն անէիր իմ պատուէրներին, այն ժամանակ գետի պէս պիտի լինէր քո խաղաղութիւնը, եւ քո արդարութիւնը՝ ծովի ալիքներին պէս» (Եսայիա 48։18)։
[ծանոթագրություններ]
a Անունը փոխված է։
b Լրացուցիչ տեղեկությունների համար, թե ինչպես կարելի է ապրել աստվածաշնչյան սկզբունքներով, տե՛ս «Ի՞նչ է սովորեցնում Աստվածաշունչը իրականում» գրքի 12–րդ գլուխը։ Հրատարակվել է Եհովայի վկաների կողմից։
[նկար 9-րդ էջի վրա]
Հիսուսն ասաց, որ Աստծու պահանջները թարմություն են բերում
[նկար 10-րդ էջի վրա]
Հնազանդվելով Աստծու առաջնորդությանը՝ երջանկություն և ինքնահարգանք ձեռք կբերենք