Միաբանված կառուցում ենք Աստծուն փառաբանելու համար
ՍՈՂՈՄՈՆՅԱՆ կղզիներից մեկում ապրող մարդիկ նկատում էին, որ Եհովայի վկաները նոր Թագավորության սրահ են կառուցել։ Մի կին ասաց. «Մեր եկեղեցում շատ միջոցառումներ են կազմակերպվում, որոնց ընթացքում եկեղեցու համար գումար է հավաքվում։ Մենք խնդրում ենք եկեղեցու անդամներին, որ գումար տան, սակայն դեռևս չունենք բավականաչափ դրամական միջոցներ նոր եկեղեցի կառուցելու համար։ Որտեղի՞ց եք դուք՝ Վկաներդ, ստանում ձեզ անհրաժեշտ դրամական միջոցները»։ Վկան, որի հետ նա զրուցում էր, պատասխանեց. «Մենք երկրպագում ենք Եհովային որպես մի համաշխարհային ընտանիք։ Մեր ժողովը և ամբողջ աշխարհի եղբայրները նվիրատվություններ են կատարել Թագավորության այս նոր սրահի համար, քանի որ Եհովան սովորեցրել է մեզ միավորված լինել ամեն ինչում»։
Եհովայի վկաների բոլոր գործերում կարելի է տեսնել միասնություն՝ ներառյալ հազարավոր Թագավորության սրահների շինարարության գործում։ Եվ սա նորություն չէ։ Այդ միասնությունը հազարամյակներ շարունակ գոյություն է ունեցել Աստծու ժողովրդի միջև։ Ինչպե՞ս։
Խորանը և տաճարի շինարարությունը
Ավելի քան 3 500 տարի առաջ Եհովան, ի նկատի ունենալով Իսրայել ազգին, Մովսեսին ասաց. «Ինձ համար մի սրբարան շինեն» (Ելից 25։8)։ Հետագայում այդ խորանի նախագծի վերաբերյալ Եհովան ասաց. «Բոլոր ինչպէս որ քեզ ցոյց տուի խորանի օրինակը եւ նորա բոլոր կարասիքի օրինակը՝ այնպէս պիտի շինէք» (Ելից 25։9)։ Այնուհետև Եհովան մանրամասնորեն նկարագրեց, թե ինչ տեսք էր ունենալու սրբարանը, և թե ինչ կահույք ու պիտույքներ պետք է դրվեին այնտեղ (Ելից 25։10–27։19)։ Այս «խորանը», կամ՝ վրանը ամբողջ Իսրայելի ճշմարիտ երկրպագության կենտրոնն էր լինելու։
Մենք չգիտենք, թե քանի մարդ էր աշխատում նախագծի վրա, բայց բոլոր իսրայելացիներին հորդոր էր տրվել աջակցել այդ գործին։ Մովսեսն ասել էր. «Ձեր միջիցն ընծայ առէք Եհովայի համար. ով որ սրտով կ’յօժարուի՝ թող Եհովային ընծան բերէ» (Ելից 35։4–9)։ Ինչպե՞ս արձագանքեցին իսրայելացիները։ Ելից 36։3–ում ասվում է. «Եւ առին Մովսէսիցը բոլոր ընծաները՝ որ Իսրայէլի որդիքը բերին սրբարանի պաշտօնի գործը անելու համար։ Եւ նորանք տակաւին ամեն առաւօտ կամաւոր ընծաներ էին բերում նորա մօտ»։
Շուտով նվիրաբերված իրերն այնքան շատ էին, որ դրանք կույտեր էին կազմել, իսկ մարդիկ դեռ շարունակում էին զոհաբերություններ կատարել։ Վերջիվերջո արհեստավորները Մովսեսին ասացին. «Ժողովուրդը աւելի է բերում քան թէ պէտք էր այն գործի համար որ Եհովան պատուիրել է շինել»։ Ուստի Մովսէսն իսրայելացիներին հրահանգ տվեց. «Այլ եւս ոչ մարդ՝ ոչ կին մի գործ չ’գործեն սրբարանի ընծայի համար»։ Ի՞նչ եղավ արդյունքը։ «Նիւթը բաւական էր այն բոլոր գործը շինելու համար, եւ աւելացաւ» (Ելից 36։4–7)։
Շնորհիվ իսրայելացիների առատաձեռնության՝ խորանը կառուցվեց մեկ տարում (Ելից 19։1; 40։1, 2)։ Ճշմարիտ երկրպագությանը աջակցելով՝ Աստծու ժողովուրդը պատիվ բերեց Եհովային (Առակաց 3։9)։ Հետագայում նրանք ավելի մեծ շինարարական նախագիծ էին ստանձնելու։ Եվ կրկին բոլոր ցանկացողները կարող էին մասնակցել դրան՝ անկախ նրանից՝ ունեին շինարարական հմտություններ, թե ոչ։
Խորանը կառուցելուց մոտավորապես հինգ դար անց իսրայելացիները Երուսաղեմում սկսեցին տաճար կառուցել (Գ Թագաւորաց 6։1)։ Դա պետք է լիներ քարերից և փայտից պատրաստված մի հիասքանչ, մնայուն շինություն (Գ Թագաւորաց 5։17, 18)։ Դավիթը կազմել էր տաճարի ճարտարապետական նախագիծը Եհովայի ներշնչմամբ (Ա Մնացորդաց 28։11–19)։ Սակայն Եհովան ընտրեց Դավթի որդուն՝ Սողոմոնին, որպեսզի նա ղեկավարի շինարարական աշխատանքները (Ա Մնացորդաց 22։6–10)։ Դավիթն ամբողջ սրտով աջակցեց այս նախագծին։ Նա ձեռք բերեց քարեր, գերաններ և ուրիշ շինանյութեր, ինչպես նաև իր սեփական հարստությունից մեծ քանակությամբ ոսկի և արծաթ նվիրաբերեց։ Նա նաև հորդորեց իսրայելացիներին լինել առատաձեռն՝ հարցնելով. «Ո՞վ է յօժար այսօր Տիրոջ նուէր մատուցանալու»։ Ինչպե՞ս արձագանքեց ժողովուրդը (Ա Մնացորդաց 29։1–5)։
Երբ Սողոմոնը սկսեց կառուցել տաճարը, նա իր ձեռքի տակ ուներ հազարավոր տոննաներ ոսկի և արծաթ։ Իսկ պղինձն ու երկաթը այնքան շատ էր, որ հնարավոր չէր հաշվել (Ա Մնացորդաց 22։14–16)։ Եհովայի օգնությամբ, ինչպես նաև բոլոր իսրայելացիների աջակցությամբ այդ նախագիծը ավարտվեց յոթ ու կես տարում (Գ Թագաւորաց 6։1, 37, 38)։
«Աստուծոյ տունը»
Թե՛ խորանը և թե՛ տաճարը կոչվում էին «Աստուծոյ տունը» (Դատաւորաց 18։31; Բ Մնացորդաց 24։7)։ Եհովան տուն ունենալու կարիք երբեք չի ունեցել (Եսայիա 66։1)։ Այս շինությունները նա պատվիրել էր կառուցել մարդկանց օգտի համար։ Տաճարի նվիրման ժամանակ Սողոմոնը հարցրեց. «Բայց իրա՞ւ Աստուած կ’բնակուէ երկրիս վերայ. ահա երկինքը եւ երկինքների երկինքը չեն կարող քեզ պարունակել, ո՞ւր մնաց իմ այս շինած տունը» (Գ Թագաւորաց 8։27)։
Եհովան Եսայիա մարգարեի միջոցով ասաց. «Իմ տունը աղօթքի տուն պիտի կոչուի բոլոր ազգերի համար» (Եսայիա 56։7)։ Տաճարում մատուցվող զոհաբերություններն ու աղոթքները, ինչպես նաև այնտեղ տեղի ունեցող ծեսերը թույլ էին տալիս աստվածավախ մարդկանց՝ հրեաներին և ոչ հրեաներին, մոտենալ ճշմարիտ Աստծուն։ Երկրպագելով Եհովային իր տանը՝ նրանք ձեռք էին բերում Աստծու ընկերությունն ու պաշտպանությունը։ Տաճարի նվիրման ժամանակ Սողոմոնի մատուցած աղոթքը փաստում է այս ճշմարտությունը։ Դուք կարող եք կարդալ նրա հուզիչ աղոթքը Գ Թագաւորաց 8։22–53 և Բ Մնացորդաց 6։12–42 համարներում։
Ճշմարիտ Աստծու այս վաղեմի տունը շատ վաղուց է ավերվել, սակայն Աստծու Խոսքը մատնանշում էր այն ժամանակը, երբ բոլոր ազգերի մարդիկ հավաքվելու էին երկրպագելու Եհովային շատ ավելի մեծ հոգևոր տաճարում (Եսայիա 2։2)։ Եհովային մոտենալու միակ ճանապարհը լինելու էր Աստծու միածին Որդու կատարյալ զոհաբերությունը, որը խորհրդանշում էր տաճարում մատուցվող կենդանական զոհաբերությունները (Յովհաննէս 14։6; Եբրայեցիս 7։27; 9։12)։ Այսօր Եհովայի վկաները այդպես են երկրպագում Աստծուն և օգնում են շատերին նույն կերպ վարվել։
Ժամանակակից շինարարական նախագծերը
Ամբողջ աշխարհում Եհովայի վկաները ծառայում են ճշմարիտ Աստծուն։ Նրանք «զօրաւոր ազգ» են, և նրանց թիվը շարունակում է աճել (Եսայիա 60։22)։ Եհովայի վկաների հանդիպումների հիմնական վայրը Թագավորության սրահն է։a Այժմ շահագործվում են հազարավոր սրահներ, և դեռ հազարավոր սրահների կարիք կա։
Եհովայի վկաները «յօժար կամքով պատրաստ» են կառուցել Թագավորության սրահներ այնտեղ, որտեղ անհրաժեշտ է (Սաղմոս 110։3)։ Սակայն հաճախ տեղի վկաները չունեն հարկ եղած հմտությունները, իսկ որոշ շրջաններ, որտեղ լավ աճ կա, գտնվում են ծայրահեղ աղքատության մեջ։ 1999 թ.–ին Եհովայի վկաների Կառավարիչ մարմինը հաստատեց Թագավորության սրահների շինարարության մի ծրագիր, որն օգնելու էր հաղթահարել այդ խոչընդոտները։ Այս ծրագրի շրջանակներում այն Վկաները, որոնք շինարարական հմտություններ և փորձ ունեն, ճանապարհորդում են հեռավոր վայրեր՝ սովորեցնելու եղբայրներին ու քույրերին կառուցել Թագավորության սրահներ։ Նման կրթություն ստացած տեղի եղբայրներն այնուհետև շարունակում են շինարարական գործը այդ շրջանում։ Ի՞նչ արդյունք է բերել սա։
Արդեն 2006 թ. փետրվարին սահմանափակ միջոցներ ունեցող երկրներում Եհովայի վկաները կառուցել էին ավելի քան 13 000 Թագավորության սրահներ։ Կարդանք ոմանց խոսքերը, ովքեր օգտվում են Թագավորության այդ նոր սրահներից։
«Միջին թվով ժողով էր հաճախում 160 մարդ։ Թագավորության սրահի շինարարության ավարտից հետո առաջին հանդիպմանը ներկա գտնվողների թիվը կազմեց 200։ Այժմ՝ վեց ամիս անց, ներկաների թիվը հասել է 230–ի։ Ակնհայտ է, որ Եհովան օրհնում է այս համեստ, բայց իր նպատակին ծառայող սրահների շինարարությունը» (շրջանային վերակացու, Էկվադոր)։
«Տարիներ շարունակ մարդիկ հարցնում էին մեզ. «Ե՞րբ եք ունենալու Թագավորության սրահ, ինչպես որ պատկերված է ձեր հրատարակություններում»։ Եհովայի շնորհիվ երկրպագության համար մենք վերջապես արժանավայել վայր ունենք։ Նախկինում հանդիպումներն անցկացնում էինք մի եղբոր պահեստում, որտեղ ներկաների միջին թիվը կազմում էր 30։ Իսկ Թագավորության նոր սրահում տեղի ունեցած առաջին հանդիպմանը ներկա էր 110 մարդ» (ժողով Ուգանդայում)։
«Երկու ռահվիրա քույրեր ասում են, որ այժմ ավելի հաճելի է ծառայել իրենց տարածքում, քանի որ Թագավորության սրահ է կառուցվել։ Մարդիկ ավելի պատրաստակամորեն են լսում տնետուն ծառայության, ինչպես նաև ոչ պաշտոնական վկայության ժամանակ։ Այս քույրերը հիմա անցկացնում են Աստվածաշնչի 17 ուսումնասիրություն, որոնց մեծ մասը հաճախում է ժողովի հանդիպումներին» (Սողոմոնյան կղզիների մասնաճյուղ)։
«Մի քահանա, որն ապրում է Թագավորության նոր սրահի մոտակայքում, ասում է, որ սրահը ամբողջ շրջակայքը վայելուչ է դարձրել, և տեղի մարդիկ հպարտանում են դրանով։ Շատ անցորդներ հիանում են սրահի գեղեցկությամբ։ Սա եղբայրների համար վկայություն տալու լավ առիթ է ստեղծում։ Ավելի ու ավելի շատ մարդիկ են ուզում իմանալ մեր համաշխարհային եղբայրության մասին։ Շատերը, ովքեր տարիներ շարունակ չեն հաճախել հանդիպումներին, կրկին ցանկանում են կանոնավորաբար հաճախել» (Մյանմայի մասնաճյուղ)։
«Քույրերից մեկը հրավիրել էր հետաքրքրություն ցուցաբերած մի տղամարդու նրա հարևանությամբ գտնվող Թագավորության սրահի շինարարության վայրը։ Այդ մարդն ասաց. «Ես կարծում էի, որ աշխատողներն ինձ ներս չեն թողնի։ Սակայն ես զարմացա, երբ Վկաները բարյացակամորեն ողջունեցին ինձ։ Տղամարդիկ և կանայք ջանասիրաբար աշխատում էին՝ առանց ժամանակ կորցնելու։ Այնտեղ համերաշխություն և լավ ոգի էր տիրում»։ Այդ տղամարդը սկսեց Աստվածաշունչ ուսումնասիրել և հաճախել ժողովի հանդիպումներին։ Հետագայում նա ասաց. «Իմ մտածելակերպը փոխվել է։ Այժմ երբ ես գտել եմ Աստծուն, այլևս չեմ թողնի նրան»» (Կոլումբիայի մասնաճյուղ)։
Մեր աջակցությունը շատ կարևոր է
Թագավորության սրահներ կառուցելը մեր սուրբ ծառայության կարևոր մասն է։ Իսկապես գովելի է այն, թե ինչպես են Եհովայի վկաները ամբողջ աշխարհում աջակցում այս գործին ֆինանսապես և այլ կերպերով։ Սակայն մենք պետք է հիշենք, որ մեր սուրբ ծառայության այլ բնագավառները նույնպես շատ կարևոր են։ Ժամանակ առ ժամանակ քրիստոնյաները դառնում են բնական աղետների զոհը և մեր օգնության կարիքն են զգում։ Աստվածաշնչյան գրականության տպագրումը նույնպես կարևոր դեր ունի սուրբ ծառայության մեջ։ Մեզանից շատերը գիտեն, թե որքան մեծ ազդեցություն է թողնում Աստվածաշնչի վրա հիմնված պարբերագիրը կամ գիրքը ճիշտ տրամադրվածություն ունեցող անհատի վրա։ Բացի այդ, շատ կարևոր է աջակցել միսիոներներին և հատուկ ծառայության մեջ գտնվողներին։ Այդ անձնազոհ քրիստոնյաները մեծ դեր են խաղում այս վերջին օրերում բարի լուրը տարածելու գործում։
Նրանք, ովքեր նյութապես աջակցեցին տաճարի շինարարությանը, մեծապես ուրախացան (Ա Մնացորդաց 29։9)։ Նմանապես այսօր ճշմարիտ երկրպագությանը նվիրատվություններով աջակցելը ուրախություն է բերում (Գործք 20։35)։ Մենք զգում ենք այդ ուրախությունը, երբ մեր նվիրատվությունները գցում ենք Թագավորության սրահների հիմնադրամի համար նախատեսված արկղը, և երբ նվիրատվություններ ենք կատարում համաշխարհային գործի համար՝ այդպիսով աջակցելով այլ նախագծերի իրականացմանը, որոնք կապ ունեն Թագավորության բարի լուրի քարոզչության հետ։ Ուրախալի է տեսնել, որ Եհովայի վկաները միավորված են ճշմարիտ երկրպագության մեջ։ Թող որ բոլորս էլ ստանանք այն ուրախությունը, որ գալիս է ճշմարիտ երկրպագությանն աջակցելուց։
[ծանոթագրություն]
a «Թագավորության սրահ» արտահայտության ծագումը իմանալու համար տե՛ս «Եհովայի վկաներ. Աստծու Թագավորությունը հռչակողները» գրքի 319–րդ էջը։ Հրատարակվել է Եհովայի վկաների կողմից (անգլ., ռուս.)։
[շրջանակ/նկար 20-րդ և 21-րդ էջերի վրա]
ԻՆՉՊԵՍ ԵՆ ՈՄԱՆՔ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐՈՒՄ
Ի ՆՊԱՍՏ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԻ
Շատերը իրենց բյուջեից որոշակի գումար են հատկացնում Թագավորության գործին աջակցելու նպատակով և այն գցում են նվիրատվությունների արկղը, որի վրա գրված է՝ «Նվիրատվություններ համաշխարհային գործի համար (Մատթէոս 24։14)»։
Ամեն ամիս այդ նվիրատվությունները ժողովներից ուղարկվում են Եհովայի վկաների տեղի մասնաճյուղ։ Կամավոր դրամական նվիրատվությունները կարելի է անմիջապես ուղարկել այն մասնաճյուղ, որը հոգ է տանում այդ երկրի մասին։ Հարկավոր է գումարին կցել մի համառոտ նամակ և այնտեղ նշել, որ դա նվեր է, կամ՝ նվիրատվություն։
ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԱՅԼ ԿԵՐՊԵՐ
Դրամական նվիրատվություններից բացի՝ մի շարք երկրներում կան Թագավորության համաշխարհային գործին աջակցելու ուրիշ հնարավորություններ ևս։ Դրանցից են.
Անշարժ գույք։ Վաճառքի համար պիտանի անշարժ գույքը անհատը կարող է կա՛մ նվիրաբերել որպես նվեր անմիջապես մասնաճյուղին, կա՛մ նվիրաբերել՝ պահպանելով նվիրատուի՝ գույքի սեփականությանը տիրելու ցմահ իրավունքը՝ շարունակելով ապրել այնտեղ մինչև իր կյանքի վերջը։ Եթե որևէ մեկը ցանկանում է նվիրաբերել իր սեփականությունը, ապա փաստաթղթերը ձևակերպելուց առաջ հարկավոր է կապ հաստատել մասնաճյուղի հետ։
Կտակ։ Մասնաճյուղին կարելի է ունեցվածք կամ դրամ փոխանցել կտակի ձևով։ Այն պետք է կազմվի օրենքով սահմանված կարգով։ Կտակի պատճենը հարկավոր է ուղարկել մասնաճյուղ։
Լրացուցիչ տեղեկություններ կարելի է ստանալ «Դիտարան» ընկերության տեղի գրասենյակից։
[նկար 18-րդ էջի վրա]
Մեր միացյալ ջանքերի շնորհիվ հնարավոր է դառնում կառուցել գեղեցիկ Թագավորության սրահներ ամբողջ աշխարհում
[նկար 18-րդ էջի վրա]
Թագավորության նոր սրահ Գանայում