Դպրոց, որի շրջանավարտներն օգուտ են բերում մարդկանց ամենուրեք
ԵՐԿՈՒ հարյուրից ավելի երկրներում Եհովայի վկաների ավելի քան 98 000 ժողովներում տարբեր ծագում ունեցող մարդիկ կրթվում են Աստծուց։ Գլխավոր դասագիրքը Աստվածաշունչն է, և այս կրթության նպատակն է օգնել մարդկանց առաջադիմել հոգևորապես՝ սովորելով, թե որն է Աստծու կամքը և ինչպես ապրել դրա համաձայն։ Նրանք, ովքեր ստանում են այդ կրթությունը, մեծ օգուտներ են քաղում։ Իրենց սովորածի մասին նրանք պատմում են նաև ուրիշներին, ինչպեսև պատվիրել է Հիսուս Քրիստոսը (Մատթէոս 28։19, 20)։
Բացի իրենց ժողովներում ընթացող շարունակական կրթական ծրագրից, Եհովայի վկաները հաստատել են մի շարք մասնագիտացված դպրոցներ։ Դրանցից մեկն է Ծառայության կատարելագործման դպրոցը։ Այն բացվել է 1987 թ. հոկտեմբերին Պիտսբուրգում (Փենսիլվանիա, ԱՄՆ)։ Առաջին դասարանում սովորել են 24 անգլիախոս ուսանողներ։ Սկսած այդ ժամանակից՝ դասընթացներն անցկացվել են 43 երկրներում 21 լեզուներով։ Մինչ այժմ ավելի քան 90 երկրներից ամուրի երեցներ և ծառայող օգնականներ են սովորել այդ դպրոցում։ Ութշաբաթյա դասընթացների ավարտից հետո շրջանավարտները նշանակվում են ծառայելու այնտեղ, որտեղ կարիք կա՝ իրենց երկրում կամ այլ երկրներում։ Արդեն 2005 թ. վերջին ավելի քան 22 000 քարոզիչներ ավարտել էին այս դասընթացը։ Թագավորության շահերը առաջ տանելու և ուրիշներին օգնելու նրանց խոնարհ ջանքերը առատորեն օրհնվել են (Առակաց 10։22; Ա Պետրոս 5։5)։
Քայլեր են ձեռնարկում՝ սովորելու
Ծառայության կատարելագործման դպրոցում սովորելու համար ուսանողներից շատերը ստիպված են թույլտվություն խնդրել բացակայելու իրենց աշխատանքից։ Երբեմն սա դժվարություն է ստեղծում։ Հավայիում երկու եղբայր, որոնք հրավիրված էին այդ դպրոց, պետք է թույլտվություն խնդրեին՝ որոշ ժամանակով բացակայելու իրենց աշխատանքից։ Նրանք աշխատում էին դպրոցում՝ որպես ուսուցիչներ։ Ապավինելով Եհովային՝ նրանք դիմում գրեցին և բացատրեցին, թե ինչու են ցանկանում հաճախել այդ դպրոցը, և թե ինչ օգուտներ են ստանալու։ Երկուսին էլ թույլտվություն տրվեց։
Շատ դեպքերում այն Վկաներին, որոնք թույլտվություն էին խնդրում գործից բացակայելու համար, ասում էին, որ իրենք կկորցնեն աշխատանքը։ Սակայն նրանք նախընտրեցին Եհովայի կազմակերպության տված կրթությունը, թեև դրա հետևանքով կորցնելու էին իրենց աշխատանքը։ Այս անհատներից ոմանց գործատերերը կրկին հրավիրեցին նրանց աշխատանքի, երբ դպրոցն ավարտելուց հետո նրանք վերադարձան։ Դպրոցում սովորելու այսպիսի վճռականությունը կարելի է ամփոփել հետևյալ կերպ՝ դիմիր գործատիրոջդ, աղոթիր Եհովային օգնության համար և մնացածը թող նրան (Սաղմոս 37։5)։
«Տէրից ուսուած»
Դպրոցի ութշաբաթյա ծրագիրը ներառում է Աստվածաշնչի խորացված ուսումնասիրություն։ Ուսանողները սովորում են, թե ինչպես է կազմակերպված Եհովայի ժողովուրդը նրա կամքը կատարելու համար, և թե ինչպես նրանք ավելի արդյունավետորեն կարող են գործածել Աստվածաշունչը ծառայության, ժողովի հանդիպումների և համաժողովների ժամանակ։
Մի երախտագետ շրջանավարտ հետևյալը գրեց եղբայրներից մեկին, որը դեռ չէր սովորել այդ դպրոցում. «Հավատա ինձ, դու կստանաս լավագույն կրթությունը։ Այն համարը, որտեղ ասվում է «Տէրից ուսուած» կլինեն, լիովին նոր իմաստ է ստանում։ Ամբողջ ընթացքում դու ձևավորվում ես, մաքրում սիրտդ ու միտքդ, որպեսզի ավելի նմանվես Հիսուս Քրիստոսին։ Դա կլինի քո կյանքի լավագույն իրադարձությունը» (Եսայիա 54։13)։
Ավետարանիչներ, հովիվներ և ուսուցիչներ
Ծառայության կատարելագործման դպրոցի շրջանավարտները այժմ ծառայում են 117 երկրներում, այդ թվում Ատլանտյան և Խաղաղ օվկիանոսի կղզիներում, Կարիբյան կղզիներում, ինչպես նաև այն երկրներում, որտեղ Եհովայի վկաների մասնաճյուղեր կան։ Մասնաճյուղերը տեղեկացնում են, որ ուսանողների ստացած լավ կրթությունը արտացոլվում է այն բանում, թե ինչպես են նրանք քարոզում, հովվում ժողովը և ուսուցանում։ Այդ կրթությունը օգնում է իրենց ավելի լավ օգտագործել Աստվածաշունչը ծառայության մեջ (Բ Տիմոթէոս 2։15)։ Մարդկանց հարցերին պատասխանելիս նրանք հաճախ օգտվում են «Տրամաբանել Սուրբ Գրությունների հիման վրա»a գրքից և սովորեցնում են մյուս քարոզիչներին վարվել նույն ձևով։ Շրջանավարտների եռանդը վարակիչ է, և նրանց գործունեությունը ամրացնում է ժողովները։
Ժողովի երեցները առանձնաշնորհում ունեն հովվելու հոտը՝ հոգ տանելով ուրիշների հոգևոր կարիքների մասին (Ա Պետրոս 5։2, 3)։ Մի երեց կրթական այս կառույցի մասին ասաց. «Մենք երախտագետ ենք, որ մասնաճյուղն ուղարկում է լավ ուսուցանված եղբայրների, որոնք օգնում են մեզ կատարել Աստծու հոտը հովվելու պատասխանատվությունը»։ Հեռավոր Արևելքի մասնաճյուղերից մեկը գրում է. «Շրջանավարտները շատ կարեկից են։ Նրանք մեծ ջանքեր են թափում և արժանանում են ժողովի հարգանքին։ Նրանց խոնարհությունը, ջերմությունը և պատրաստակամությունը հայտնի է և գնահատվում է բոլորի կողմից։ Նրանք պատրաստակամորեն գնում են զոհողությունների և ուրախությամբ տեղափոխվում են այն ժողովներ, որտեղ հովիվների կարիք կա» (Փիլիպպեցիս 2։4)։ Այսպիսի մարդիկ թարմություն են բերում իրենց հավատակիցներին և արժանի են գովասանքի (Ա Կորնթացիս 16։18)։
Բացի այդ, Ծառայության կատարելագործման դպրոցի ուսուցիչներն օգնում են ուսանողներին բարելավել իրենց ունակությունները որպես հռետորներ։ Կիրառելով իրենց ստացած առաջարկները և խորհուրդները՝ շրջանավարտներից շատերը կարճ ժամանակ անց կարողանում են մասնակցել շրջանային և մարզային համաժողովների ծրագրերին։ Մի շրջանային վերակացու նկատել է, որ շրջանավարտները «հիանալի ելույթներ են ներկայացնում և բացատրում են, թե ինչպես կարելի է կիրառել նյութը՝ բերելով տրամաբանական փաստարկներ» (Ա Տիմոթէոս 4։13)։
Այն բանից հետո, երբ Աֆրիկայի մի երկրում անցկացվեց Ծառայության կատարելագործման դպրոցը, և շրջանավարտները նշանակվեցին տարբեր ժողովներ, ուսուցանելու որակը մեծապես բարելավվեց ժողովներում։ Դպրոցն ավարտած երեցները օգնում են ավետարանելու, հովվելու և ուսուցանելու գործում՝ այդպիսով հոգևորապես ամրապնդելով ժողովները (Եփեսացիս 4։8, 11, 12)։
Ժողովները դառնում են ավելի կազմակերպված
Շատ վայրերում երեցների և ծառայող օգնականների մեծ կարիք կա։ Որոշ ժողովներ ընդհանրապես երեցներ չէին ունենա, եթե Ծառայության կատարելագործման դպրոցի շրջանավարտներից մեկը չուղարկվեր նրանց մոտ։ Ուստի շրջանավարտներից շատերը նշանակվում են ծառայելու այնտեղ, որտեղ այդպիսի կարիք կա։
Մի շարք մասնաճյուղեր հայտնում են, որ այս եղբայրները «լավ գիտեն կազմակերպությունը», «լրջորեն են վերաբերվում իրենց պատասխանատվություններին», «օգնում են ուրիշներին գնահատել և հարգել Եհովայի կազմակերպությունը» և «նպաստում են, որ ժողովներում ջերմ մթնոլորտ և հոգևոր աճ լինի»։ Սա տեղի է ունենում այն պատճառով, որ շրջանավարտները հետևում են Աստծու Խոսքում գրված խորհուրդներին, և չեն ապավինում իրենց հասկացողությանը կամ իրենց աչքում իմաստուն դառնում (Առակաց 3։5–7)։ Այդ տղամարդիկ հոգևոր օրհնություն են այն ժողովի համար, որտեղ նշանակված են։
Ծառայում են հեռավոր տարածքներում
Որոշ շրջանավարտներ, որոնք նշանակվում են որպես հատուկ ռահվիրաներ, օգնում են, որ հեռավոր տարածքներում գտնվող խմբերը դառնան ժողովներ։ Մի երեց, որը ծառայում է Գվատեմալայի հեռավոր շրջաններից մեկում, արտահայտում է իր գնահատանքը նրանց ցուցաբերած օգնության համար՝ ասելով. «Մոտ 20 տարի ես մտածում էի, թե ինչպես է այս հսկայական տարածքը մշակվելու, և հաճախ աղոթում էի այդ մասին։ Ծառայության կատարելագործման դպրոցն ավարտած եղբայրները լավ կրթված են թե՛ քարոզչական և թե՛ կազմակերպչական գործում։ Ես շատ ուրախ եմ տեսնել, որ այժմ այս տարածքի մասին հոգ է տարվում»։
Շրջանավարտները սովորում են արդյունավետորեն ծառայել այնպիսի տարածքներում, որտեղ պետք է երկար ճանապարհներ անցնել լեռնային շրջաններով՝ փոքր գյուղերին հասնելու համար։ Այդ հեռավոր վայրերում նրանք արագորեն հաստատում են խմբեր, նույնիսկ եթե ուրիշ քարոզիչներ չեն կարողացել դա անել։ Օրինակ՝ Նիգերում ծառայող մի երեց խնդրել էր, որ մի քանի շրջանավարտներ ուղարկվեն իրենց տարածք, քանի որ նրա կարծիքով այդ եղբայրները հիանալի ծառայություն կկատարեին այնտեղ։ Հատկապես հեռավոր տարածքներում ամուրի եղբայրներին ավելի հեշտ է ծառայել որպես հատուկ ռահվիրաներ և շրջանային վերակացուներ։ Ինչպեսև Պողոս առաքյալը, նրանք նույնպես բախվում են վտանգների ‘գետերից, ավազակներից և անապատի մեջ’, նաև ունենում են անձնական անհարմարություններ ու մտահոգություններ այն ժողովի մասին, որտեղ ծառայում են (Բ Կորնթացիս 11։26–28)։
Օգնում են երիտասարդներին
Գրությունները հորդորում են երիտասարդներին հիշել իրենց Արարչին (Ժողովող 12։1)։ Ծառայության կատարելագործման դպրոցի նախանձախնդիր շրջանավարտները լավ օրինակ են քրիստոնյա երիտասարդների համար։ Այն բանից հետո, երբ երկու շրջանավարտներ սկսեցին ծառայել Միացյալ Նահանգների ժողովներից մեկում, քարոզիչների՝ ծառայության մեջ ամեն ամիս անցկացված ժամանակը կրկնապատկվեց։ Դեռ ավելին, ընդհանուր ռահվիրաների թիվը 2–ից հասավ 11–ի։ Նման փոփոխություններ տեղի են ունեցել նաև այլ ժողովներում։
Շրջանավարտները նաև քաջալերում են երիտասարդներին մտածել Ծառայության կատարելագործման դպրոց հաճախելու մասին։ Սա մղում է ոմանց, ովքեր դեռ ծառայող օգնական չեն, ձգտել այդ նպատակին։ Նիդերլանդների մասնաճյուղը Ծառայության կատարելագործման դպրոցի շրջանավարտներին անվանում է «կենդանի օրինակներ այն երիտասարդների համար, ովքեր մտածում են, թե ինչպես օգտագործեն իրենց կյանքը»։
Ծառայում են օտարալեզու ժողովներում
Շատ երկրներում աճում է բարի լուրը մարդկանց իրենց իսկ լեզվով քարոզելու անհրաժեշտությունը։ Ծառայության կատարելագործման դպրոցի շրջանավարտները հաճախ օտար լեզուներ են սովորում և ծառայում այն տարածքներում, որտեղ ներգաղթյալների մեծ համայնքներ կան։ Օրինակ՝ Բելգիայում Թագավորության քարոզիչների մեծ կարիք կա ալբանական, պարսկական և ռուսական դաշտում։
Բրիտանիայի, Գերմանիայի, Իտալիայի, Մեքսիկայի, Միացյալ Նահանգների և այլ երկրների օտարալեզու ժողովները և խմբերը մեծ օգուտներ են քաղում այն շրջանային վերակացուների, երեցների և ծառայող օգնականների ծառայությունից, որոնք ավարտել են Ծառայության կատարելագործման դպրոցը։ Կորեայի մասնաճյուղը հայտնում է, որ «ավելի քան 200 շրջանավարտներ կարևոր դեր են խաղում օտարալեզու ժողովներին և խմբերին օգնելու հարցում»։
Խոնարհաբար ծառայում են այլ նշանակումներում
Բացի օտարալեզու խմբերում և ժողովներում ծառայելուց, Ծառայության կատարելագործման դպրոցի շրջանավարտները ծառայում են նաև որպես երեցներ, ծառայող օգնականներ և շրջագայող վերակացուներ։ Ոմանք նշանակումներ են ստանում այլ երկրներում, թերևս որևէ մասնաճյուղի ծառայողական բաժնում։ Նրանք, ովքեր շինարարական հմտություններ են ձեռք բերել, կարող են մասնակցել Թագավորության սրահների շինարարության ծրագրին։
Քանի որ ամբողջ աշխարհում աճում է ժողովների և շրջանների թիվը, միշտ էլ շրջագայող վերակացուների կարիք կա։ Այս կարիքը բավարարելու համար Ծառայության կատարելագործման դպրոցի որոշ շրջանավարտներ տասը շաբաթների ընթացքում ուսուցում են ստանում շրջագայական գործի վերաբերյալ և հետո ծառայում որպես շրջանային վերակացուին փոխարինողներ կամ շրջանային վերակացուներ։ Ներկայումս մոտ 1 300 շրջանավարտներ ծառայում են որպես շրջագայող վերակացուներ 97 երկրներում։ Աֆրիկյան մի երկրում շրջագայող վերակացուների 55 տոկոսը Ծառայության կատարելագործման դպրոցի շրջանավարտներ են։ Աֆրիկայի մեկ ուրիշ երկրում նրանց թիվը կազմում է 70 տոկոս։
Ավստրալիայում, Եվրոպայում, Կանադայում, Հեռավոր Արևելքում և Միացյալ Նահանգներում այդ դպրոցի հարյուրավոր շրջանավարտներ ուղարկվել են այլ երկրներ՝ ըստ կարիքի։ Այսպիսով՝ դպրոցի օգուտները տարածվում են ամբողջ աշխարհում։
Եհովան իր Որդու՝ Հիսուս Քրիստոսի միջոցով կրթել է ավետարանիչների, հովիվների, ուսուցիչների և այլոց, որպեսզի նրանք առաջ տանեն Թագավորության շահերը այս վերջին օրերում։ Արդյո՞ք Աստծու ժողովուրդը դեռ հետագա աճի հեռանկար ունի։ Իհարկե՛։ Ուստի մեծ կարիք կա, որպեսզի մկրտված եղբայրները ձգտեն ավելի մեծ պատասխանատվությունների (Եսայիա 60։22; Ա Տիմոթէոս 3։1, 13)։ Ծառայության կատարելագործման դպրոցը հնարավորություն է տալիս երեցներին ու ծառայող օգնականներին ընդարձակել իրենց ծառայությունը և դրանով իսկ մեծ օգուտներ բերել թե՛ իրենց և թե՛ համայն աշխարհի մարդկանց։
[ծանոթագրություն]
a Հրատարակվել է Եհովայի վկաների կողմից։
[նկարներ 10-րդ էջի վրա]
Ծառայության կատարելագործման դպրոցը առաջ է տանում Թագավորության շահերը ամբողջ աշխարհում
[նկարներ 13-րդ էջի վրա]
Ցանկանո՞ւմ ես սովորել Ծառայության կատարելագործման դպրոցում և հետո օգուտներ բերել ուրիշներին