Կենսագրություն
Եհովային ծառայելը անգնահատելի պատիվ և առանձնաշնորհում է
Պատմում է Զիրա Սթայգերսը
Լիաժամ ծառայության մեջ իմ հավատարիմ ընկերը՝ ամուսինս, 1938 թ.–ին մահացավ։ Ես միայնակ պետք է խնամեի երկու որդիներիս, որոնցից մեկը նորածին էր, մյուսը՝ տասը տարեկան։ Մեծ փափագ ունեի շարունակելու լիաժամ ծառայությունը, բայց ինչպե՞ս։ Մինչ այս հարցին պատասխանելը կցանկանայի համառոտ պատմել կյանքիս վաղ տարիների մասին։
ԵՍ ԾՆՎԵԼ եմ 1907 թ. հուլիսի 27–ին ԱՄՆ–ի Ալաբամա նահանգում։ Դրանից կարճ ժամանակ անց մեր ընտանիքը՝ ծնողներս, կրտսեր քույրս, երկու եղբայրներս և ես, տեղափոխվեց Ջորջիա նահանգ։ Այնուհետև գնացինք Թենեսի նահանգ, իսկ հետո բնակություն հաստատեցինք Թամպա քաղաքի (Ֆլորիդա) մոտ։ Այնտեղ 1916 թ.–ին դիտեցի «Արարչության լուսադրամա» ձայնային էֆեկտներով տեսաժապավենը։ Այն ժամանակ կինոարդյունաբերությունը նոր էր զարգանում, և բոլորը հաճույքով դիտեցին «Լուսադրաման»։
Ծնողներս մեծ հետաքրքրությամբ կարդում էին «Դիտարանն» ու աստվածաշնչյան այլ հրատարակություններ։ Հայրս հաճույքով էր ընթերցում, բայցևայնպես ակտիվորեն չէր համագործակցում Աստվածաշունչ ուսումնասիրողների հետ, ինչպես նախկինում կոչվում էին Եհովայի վկաները։ Մայրս գնում էր ժողովի հանդիպումներին և մեզ էլ իր հետ էր տանում։ Երբ տեղափոխվեցինք Նայլզ (Միչիգան), կարճ ժամանակ անց ժողովներին հաճախելու նպատակով սկսեցինք կանոնավորաբար գնացքով գնալ Սաութ Բենդ (Ինդիանա), որը տնից հեռու էր 16 կիլոմետր։
Ի վերջո, 1924 թ. հուլիսի 22–ին մկրտվեցի՝ խորհրդանշելով իմ նվիրումը Եհովային։ Շուտով մայրս այնպես դասավորեց իր գործերը, որ կարողանա դառնալ աստվածաշնչային գրականություն տարածող, ինչպես այն ժամանակ կոչվում էին Եհովայի վկաների լիաժամ ծառայողները։ Նրա և ուրիշների հիանալի օրինակն իմ մեջ լիաժամ ծառայելու ցանկություն առաջացրեց։
Կողակից և ծառայակից եմ գտնում
1925 թ.–ին Ինդիանապոլիսում (Ինդիանա) կայացած մեծ համաժողովի ժամանակ ծանոթացա Ջեյմս Սթայգերսի հետ, որը Չիկագոյից էր։ Ինձ տպավորեց քարոզչական ծառայության մեջ նրա ունեցած եռանդը։ Քանի որ Չիկագոյից մոտ 160 կիլոմետր հեռու էի ապրում, մեզ համար դժվար էր իրար հետ հանդիպելը։ Այդ ժամանակ այդ մեծ քաղաքում ընդամենը մեկ ժողով կար, որի հանդիպումները անց էին կացվում մի տան երկրորդ հարկում վարձված սենյակում։ Ինձ հոգևորապես քաջալերելու համար Ջեյմսը հաճախ նամակներ էր գրում։ Մենք ամուսնացանք 1926 թ. դեկտեմբերին, և մեկ տարի հետո ծնվեց մեր առաջին որդին՝ Էդին։
Շուտով ես ու Ջեյմսը սկսեցինք ծառայել որպես ռահվիրա։ Մենք ծառայեցինք ութ նահանգներում՝ Միչիգան, Լուիզիանա, Միսսիսիպի, Հարավային Դակոտա, Այովա, Նեբրասկա, Կալիֆորնիա և Իլինոյս։ Այդ տարիները մեր ընտանեկան կյանքի ամենաերջանիկ տարիներն էին։ Բայց հետո, ցավոք, Ջեյմսը հիվանդացավ։
Նրա հիվանդության պատճառով ֆինանսական դժվարություններ ունեցանք ու 1936 թ.–ին ստիպված վերադարձանք Չիկագո։ Այնտեղ ապրում էինք սկեսրոջս հետ, որը նույնպես Եհովայի վկա էր։ Ջեյմսի հիվանդության վերջին շրջանում ես հղի էի մեր երկրորդ երեխայով և աշխատում էի ճաշարանում՝ օրական ստանալով 1 դոլար աշխատավարձ։ Իմ սիրելի սկեսուրը հոգ էր տանում, որ մենք բավականաչափ ուտելիք ունենայինք, և երբեք մեզանից դրամ չէր վերցնում։ Նա ոչինչ չխնայեց մեզ համար։
Երկու տարի էնցեֆալիտով (գանգուղեղի բորբոքում) հիվանդ լինելուց հետո 1938 թ. հուլիսին Ջեյմսը մահացավ։ Հիվանդության ընթացքում նա ի վիճակի չէր ավտոմեքենա վարելու կամ տնետուն ծառայության մասնակցելու, բայց երբեք բաց չէր թողնում ուրիշներին վկայություն տալու հնարավորությունը։ Ես դադարեցրի լիաժամ ծառայությունը՝ ընտանիքիս ֆինանսապես աջակցելու համար։ Կարողանում էի տարբեր աշխատանքներ գտնել, սակայն միայն կարճ ժամանակով։
Ջեյմսի մահանալուց ընդամենը ութ օր անց՝ 1938 թ. հուլիսի 30–ին, ծնվեց մեր երկրորդ որդին՝ Բոբին։ Սկեսուրս թույլ չտվեց, որ գնամ քաղաքային հիվանդանոց, որտեղ բուժումն անվճար էր, բայց բուժանձնակազմը փորձառու չէր։ Նա ինձ տարավ ավելի լավ հիվանդանոց, և իր բժիշկը ինձ օգնություն ցույց տվեց։ Ավելին, սկեսուրս վճարեց բոլոր ծախսերը, ինչը նրա կողմից քրիստոնեական մեծ սիրո արտահայտում էր։ Այդ ամենի համար ես անչափ երախտապարտ էի նրան։
Կրկին լիաժամ ծառայության մեջ եմ
Սկեսրոջս հետ ապրեցինք, մինչև Բոբին դարձավ 2 տարեկան, իսկ Էդին՝ 12։ Թեև ստիպված էի հարմարվել նոր հանգամանքներին, այնուամենայնիվ, վառվում էի Եհովային լիաժամ ծառայելու ցանկությամբ։ 1940–ին Դետրոյտում (Միչիգան) անցկացվող համաժողովի ժամանակ հանդիպեցի մի ռահվիրա ամուսնական զույգի, որը քաջալերեց ինձ գնալ Հարավային Կարոլինա և այնտեղ ծառայել ռահվիրա։ 150 դոլարով 1935 թվականի արտադրության «Պոնտիակ» մակնիշի ավտոմեքենա գնեցի և պատրաստվեցի տեղափոխվել այնտեղ։ 1941–ին, երբ ԱՄՆ–ն ներգրավվեց Երկրորդ համաշխարհային պատերազմի մեջ, երկու որդիներիս հետ ճանապարհ ընկա դեպի հարավ և դարձյալ լիաժամ ծառայություն սկսեցի։
Երբ տեղափոխվեցինք Հարավային Կարոլինա, նախ գնացինք Քամդեն, այնուհետև՝ Լիտլ Ռիվեր, իսկ հետո՝ Քոնուեյ։ Քոնուեյում փոքր շարժատնակ ձեռք բերեցի։ Մի լցակայանի տեր բարյացակամորեն թույլ տվեց, որ շարժատնակը իր կայանի մոտ կանգնեցնեմ, օգտվեմ բնական գազից և էլեկտրականությունից, ինչպես նաև կայանի զուգարանից։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ բենզինը դեֆիցիտ էր, և ես չէի կարողանում վառելիք գնել։ Ուստի մի օգտագործված հեծանիվ գնեցի։ 1943 թ.–ին, երբ մեր ողջ դրամը վերջացավ, և թվում էր, թե այլևս չեմ կարող շարունակել ռահվիրայությունս, հրավիրվեցի ծառայելու որպես հատուկ ռահվիրա։ Այդպիսով՝ ամեն ամիս դրամական օժանդակություն էի ստանում ծախսերը ծածկելու համար։ Եհովան այս բոլոր տարիներին ինձ երբեք անօգնական չի թողել։
Այն ժամանակ Քոնուեյում ուրիշ Վկաներ չկային, և մեզ համար դժվար էր մենակ գնալ ծառայության։ Ուստի նամակ գրեցի և խնդրեցի, որ համագործակից ուղարկեն, և 1944–ին մի հրաշալի քույր՝ Էդիթ Ուոլքերը, նշանակվեց ծառայելու ինձ հետ։ Մի քանի նշանակումներում մենք միասին ծառայեցինք 16 տարի։ Բայց, ցավոք, առողջական խնդիրների պատճառով նա ստիպված եղավ վերադառնալ Օհայո։
Անմոռանալի օրհնություններ
Այդ տարիներից բազում հաճելի հուշեր են մնացել։ Երբեք չեմ մոռանա 13–ամյա Ալբերտային, որն ապրում էր Քոնուեյում և խնամում էր իր հաշմանդամ տատիկին ու իր կրտսեր երկու եղբայրներին։ Նա շատ էր սիրում Աստվածաշնչի ճշմարտությունները, որ ես սովորեցնում էի նրան, և ցանկանում էր ուրիշներին պատմել այդ մասին։ Ալբերտան նույնպես շատ թանկ էր գնահատում ռահվիրայական ծառայությունը և 1950 թ.–ին միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո սկսեց ծառայել որպես ռահվիրա։ Անցել է ավելի քան 57 տարի, և նա դեռ շարունակում է իր լիաժամ ծառայությունը։
1951–ին ես ու Էդիթը կարճ ժամանակով նշանակվեցինք Ռոկ Հիլ (Հարավային Կարոլինա), որտեղ շատ քիչ Վկաներ էին ապրում։ Հետո շարժվեցինք դեպի Էլբերտոն (Ջորջիա) ու երեք տարի մնացինք այնտեղ։ Այնուհետև վերադարձանք Հարավային Կարոլինա, և ես 1954–ից մինչև 1962–ը մնացի այնտեղ։ Ուոլհելա քաղաքում հանդիպեցի Նեթի անունով մի միայնակ կնոջ, որը վատ լսողություն ուներ և ապրում էր գյուղում։ Աստվածաշնչի ուսումնասիրության ժամանակ նա կարդում էր պարբերությունը, ես ցույց էի տալիս ներքևում գրված հարցը, իսկ հետո Նեթին պարբերության մեջ ցույց էր տալիս պատասխանը։
Երբ նա ինչ–որ բան չէր հասկանում, թղթի վրա գրում էր հարցը, իսկ հետո ես գրում էի պատասխանը։ Ժամանակի ընթացքում Նեթին այնքան գնահատեց աստվածաշնչյան ճշմարտությունը, որ սկսեց հաճախել ժողովի հանդիպումներին և մասնակցել տնետուն ծառայությանը։ Նա մենակ էր քարոզում, բայց ես միշտ գտնվում էի մոտակայքում՝ սովորաբար փողոցի դիմացի մայթին, ու պատրաստ էի անհրաժեշտության դեպքում օգնել նրան։
Ուոլհելայում իմ հին մեքենան շարքից դուրս եկավ։ 100 դոլարով մեքենա գնելու հնարավորություն ստեղծվեց, բայց փող չկար։ Խոսեցի մի գործարար Վկայի հետ, և նա պարտքով ինձ 100 դոլար տվեց։ Շատ չանցած՝ իմ քրոջից անսպասելիորեն նամակ ստացա։ Քույրս գրում էր, որ հայրիկի մահանալուց հետո պարզվել էր, որ նա որոշ գումար ուներ բանկում։ Եղբայրներիս հետ քննարկելուց հետո նրանք որոշել էին ուղարկել այն ինձ։ Պատկերացնո՞ւմ եք, գումարը կազմում էր հենց 100 դոլար։
Որդիներիս հետ ծառայում եմ լիաժամ
Երբ Էդին ու Բոբին փոքր էին, նրանց միշտ ինձ հետ տնետուն ծառայության էի տանում։ Այն ժամանակ թմրամոլությունն ու անբարոյականությունը այնքան մեծ տարածում չունեին, որքան այսօր։ Պարզ կյանք վարելը և քարոզչական աշխատանքի վրա կենտրոնանալն օգնեց ինձ խուսափել այն բազում խնդիրներից, որոնց այսօր բախվում են շատ ծնողներ իրենց երեխաներին Եհովայի ճանապարհով դաստիարակելու հարցում։
Էդին Քամդենում դպրոց հաճախեց մինչև ութերորդ դասարանը։ Այնուհետև նա ցանկություն հայտնեց միանալ ինձ ռահվիրայական ծառայության մեջ։ Մենք մեծ բավականություն ստացանք՝ մի քանի տարի միասին լիաժամ ծառայելով։ Հետո Էդին ցանկացավ ծառայել Բրուքլինում (Նյու Յորք)՝ Եհովայի վկաների գլխավոր վարչությունում, և 1947–1957 թթ.-ին ծառայեց այնտեղ։ 1958–ին նա ամուսնացավ Ալբերտայի հետ, որի հետ ես Աստվածաշունչ էի ուսումնասիրել, և նրանք սկսեցին միասին ծառայել որպես ռահվիրա։ Որքա՜ն ուրախալի էր, երբ 2004 թ.–ին երեքս միասին մասնակցեցինք Ռահվիրայական ծառայության դպրոցին։
Հիշում եմ (դա շատ տարիներ առաջ էր), որ մի օր փոքրիկ Բոբին աղոթեց Եհովային՝ խնդրելով նրան, որ ինձ օգնի ձեռք բերել բենզին, որպեսզի կարողանամ մեքենայով գնալ այն մարդկանց մոտ, ում հետ Աստվածաշունչ էի ուսումնասիրում։ Իր ողջ կյանքի ընթացքում Բոբին մեծ սեր է դրսևորել ծառայության հանդեպ և մի քանի տարի ծառայեց որպես ռահվիրա։ Սակայն, դժբախտաբար, նրա ընտանիքում նույնպես ողբերգություն եղավ։ 1970–ին՝ ընդամենը 22 ամիս ամուսնացած լինելուց հետո, նրա կինը ծննդաբերության ժամանակ երկվորյակների հետ մահացավ։ Ես ու Բոբին միշտ մոտ ենք ապրել և շատ մտերիմ ենք եղել։
Շարունակում եմ ծառայել լիաժամ
1962–ին նշանակվեցի ծառայելու Լամբերտոնի (Հյուսիսային Կարոլինա) ժողովներից մեկում, և 45 տարի է արդեն, որ ծառայում եմ այնտեղ։ Մինչև 84 տարեկանս ավտոմեքենա էի վարում։ Այժմ հարևանությամբ բնակվող Վկաներից մեկն իր մեքենայով տանում է ինձ հանդիպումների և քարոզչական ծառայության։
Ես ունեմ հենասարք և հաշմանդամի սայլակ, սակայն չեմ օգտվում դրանցից, քանի որ կարող եմ ինքնուրույն քայլել։ Երախտապարտ եմ Եհովային, որ հիանալի առողջություն ունեմ, և միայն վերջերս աչքերիս հետ կապված որոշ խնդիրներ ծագեցին։ Երբեք բաց չեմ թողնում ժողովի հանդիպումները՝ բացառությամբ այն դեպքերի, երբ լուրջ հիվանդ եմ։ Ես շարունակում եմ մնալ ընդհանուր ռահվիրաների շարքերում, թեև առողջական պատճառով ազատված եմ ժամերի նորմայից։
Ավելի քան 70 տարի ուրախությամբ ծառայելով որպես ռահվիրա՝ կարող եմ անկեղծությամբ ասել, որ Եհովան միշտ օգնել է ինձ։a Հասկանում եմ, որ երբեք չեմ եղել չափազանց խելացի կամ ճարպիկ, բայց Աստված գիտի, թե ես ինչ կարող եմ անել և ինչ չեմ կարող։ Ես շատ շնորհակալ եմ, որ նա տեսնում է իմ ջանքերը և օգտագործում է ինձ։
Կարծում եմ, որ կարևոր է Եհովային հնարավորին չափ լիարժեքորեն ծառայել, քանի որ ամեն ինչի համար մենք իրեն ենք պարտական։ Ես ցանկանում եմ ծառայել որպես ռահվիրա, քանի դեռ ի վիճակի եմ։ Դա իրոք հրաշալի առանձնաշնորհում է։ Ես աղոթում եմ Եհովային, որ կարողանամ ծառայել նրան ամբողջ հավիտենության ընթացքում։
[ծանոթագրություն]
a Քույր Սթայգերսը ավարտեց իր երկրային ընթացքը 2007 թ. ապրիլի 20–ին։ Երեք ամիս էր մնացել, որ նա դառնար 100 տարեկան։ Նրա երկար տարիների հավատարիմ ծառայությունը մեզ քաջալերում է, և մենք ուրախ ենք, որ նա ստացել է իր երկնային պարգևը։
[նկար 13–րդ էջի վրա]
Ես ու ամուսինս այս մեքենայով էինք ծառայում որպես աստվածաշնչային գրականություն տարածողներ
[նկար 14–րդ էջի վրա]
Որդիներիս հետ 1941–ին
[նկար 15–րդ էջի վրա]
Էդիի ու Բոբիի հետ վերջերս