Քրիստոնեությունը հասնում է Փոքր Ասիա
ՄԵՐ թվարկության առաջին դարում քրիստոնեական բազմաթիվ ժողովներ կային Փոքր Ասիայում (ներկայիս Թուրքիայի մեծ մասը)։ Մեծ թվով հրեաներ և այլազգիներ ընդունում էին քրիստոնյաների քարոզած լուրը։ Աստվածաշնչյան մի բառարանում ասվում է. «Սիրիայից ու Պաղեստինից հետո քրիստոնեական շարժումը իր ամենավաղ և ամենամեծ տարածումն ունեցավ այստեղ՝ Փոքր Ասիայում»։
Այս թերակղզում քրիստոնեության տարածման վերաբերյալ ամբողջական պատկերացում կարող ենք կազմել՝ համադրելով տարբեր աղբյուրներից ստացած տեղեկությունները։ Դրանք կարող են օգտակար լինել մեզ համար։
Փոքր Ասիայի առաջին քրիստոնյաները
Փոքր Ասիայում քրիստոնեության տարածմանը նպաստող առաջին նշանակալից դեպքը տեղի ունեցավ մ.թ. 33–ի Պենտեկոստեին, երբ տարբեր լեզուներով խոսող բազմությունը, որը կազմված էր Պաղեստինից դուրս ապրող հրեաներից և հուդայականությունն ընդունած այլազգիներից, հավաքվել էր Երուսաղեմում։ Հիսուսի առաքյալները բարի լուրը քարոզեցին այդ մարդկանց։ Պատմական արձանագրությունները փաստում են, որ նրանք եկել էին Կապադովկիայից, Պոնտոսից, Ասիայից,a Փռյուգիայից և Պամփիլիայից, տարածքներ, որոնք կազմում էին Փոքր Ասիայի մեծ մասը։ Ներկաներից մոտավորապես 3 000 հոգի ընդունեց քրիստոնյաների քարոզած լուրը և մկրտվեց։ Տուն վերադառնալով՝ նրանք իրենց հետ տարան նոր հավատը (Գործեր 2։5–11, 41)։
Մյուս տեղեկությունները գտնում ենք Աստվածաշնչի այն հատվածում, որտեղ պատմվում է Պողոս առաքյալի՝ Փոքր Ասիա կատարած միսիոներական շրջագայության մասին։ Առաջին շրջագայության ժամանակ (ըստ ամենայնի, մ.թ. 47, 48 թթ.) Պողոսն իր ուղեկիցների հետ Կիպրոսից նավով եկավ Փոքր Ասիա՝ Պամփիլիայի Պերգե քաղաքը։ Պիսիդիայի Անտիոքում նրանց քարոզչությունը լավ արդյունքներ բերեց, սակայն դա գրգռեց հրեաների նախանձը, և նրանց կողմից հալածանք սկսվեց։ Երբ Պողոսը գնաց հարավ–արևելք՝ Իկոնիոն, այնտեղի հրեաները միսիոներների դեմ դավադրություն կազմակերպեցին։ Լյուստրայի շրջակա վայրերում ժողովուրդը՝ զգացմունքների ներքո, Պողոսին սկզբում աստված հռչակեց։ Բայց երբ Անտիոքից և Իկոնիոնից հակառակորդ հրեաները եկան, Լյուստրայի ժողովուրդը Պողոսին քարկոծեց ու կարծելով, թե մահացած է՝ հեռացավ։ Այդ դեպքից հետո Պողոսն ու Բառնաբասը, շարունակելով իրենց ճանապարհը, գնացին Դերբե, որը գտնվում էր հռոմեական պրովինցիա Գաղատիայում, որտեղ մարդիկ խոսում էին լիկաոներեն լեզվով։ Այստեղ նրանք ժողովներ հաստատեցին ու երեցներ նշանակեցին։ Այսպիսով՝ մ.թ. 33–ի Պենտեկոստեից մոտ 15 տարի անց քրիստոնեությունն արդեն հիմնովին հաստատվել էր Փոքր Ասիայում (Գործեր 13։13–14։26)։
49–52 թթ.-ին երկրորդ շրջագայության ընթացքում Պողոսն իր ընկերակիցների հետ ցամաքով նախ գնաց Լյուստրա՝ հավանաբար անցնելով իր հայրենի քաղաք Տարսոնի միջով (Կիլիկիա)։ Լյուստրայի եղբայրներին այցելելուց հետո նա գնաց հյուսիս ու փորձեց «խոսքը խոսել» Բյութանիայում և Ասիայում, սակայն սուրբ ոգին արգելեց նրան։ Այդ տարածքները պետք է հետագայում քարոզվեին։ Փոխարենը՝ Աստված Պողոսին առաջնորդեց դեպի Փոքր Ասիայի հյուսիսարևմտյան կողմերը՝ ծովափնյա Տրովադա քաղաքը։ Այնուհետև Պողոսը տեսիլքի միջոցով հրահանգ ստացավ, որ գնա Եվրոպա և բարի լուրն այնտեղ քարոզի (Գործեր 16։1–12; 22։3)։
Երրորդ միսիոներական շրջագայության ընթացքում (52–56 թթ.) Պողոսը դարձյալ անցավ Փոքր Ասիայով ու հասավ Եփեսոս՝ Ասիայի գլխավոր նավահանգստային քաղաքներից մեկը։ Երկրորդ շրջագայությունից վերադառնալիս նա արդեն եղել էր այստեղ։ Եփեսոսում քրիստոնյաների ակտիվ խումբ կար, և Պողոսն իր ընկերների հետ միացավ նրանց ու մոտ երեք տարի մնաց այնտեղ։ Այդ ժամանակամիջոցում մի շարք դժվարություններ ու վտանգավոր իրավիճակներ եղան, որոնցից մեկը Եփեսոսի արծաթագործների բարձրացրած խռովությունն էր՝ ի պաշտպանություն իրենց կրոնական շահութաբեր առևտրի (Գործեր 18։19–26; 19։1, 8–41; 20։31)։
Միսիոներական գործունեությունը, որ սկսվեց Եփեսոսում, մեծ մասշտաբներ ընդգրկեց։ Գործեր 19։10–ում կարդում ենք. «Բոլոր նրանք, ովքեր բնակվում էին Ասիայում, լսեցին Տիրոջ խոսքը՝ ինչպես հրեաները, այնպես էլ հույները»։
Քրիստոնեության տարածումը Փոքր Ասիայում
Եփեսոսից հեռանալուց առաջ Պողոսը կորնթացիներին գրեց. «Իրենց բարևներն են ձեզ ուղարկում Ասիայի ժողովները» (1 Կորնթացիներ 16։19)։ Ո՞ր ժողովների մասին էր խոսում Պողոսը։ Հավանաբար, նա նկատի ուներ Կողոսայի, Լավոդիկիայի և Հիերապոլիսի ժողովները (Կողոսացիներ 4։12–16)։ Մի գրքում ասվում է. «Զմյուռնիայում, Պերգամոնում, Սարդեսում և Ֆիլադելֆիայում գտնվող համայնքների ստեղծումը տրամաբանական է վերագրել Եփեսոսում ծավալված միսիոներական գործունեությանը։ .... Այդ քաղաքները Եփեսոսից հեռու են ամենաշատը 192 կիլոմետր և իրար կապված են բարեկարգ ճանապարհներով» («Paul—His Story»)։
Այսպիսով՝ մ.թ. 33–ի Պենտեկոստեից մոտ 20 տարի անց Փոքր Ասիայի հարավում և արևմուտքում գոյություն ունեին մի քանի ժողովներ։ Իսկ ի՞նչ կարելի է ասել այդ տարածաշրջանի մյուս մասերի վերաբերյալ։
Ում էին ուղղված Պետրոսի նամակները
Մ.թ. 62–64 թթ.-ին Պետրոս առաքյալը սուրբ ոգու ներշնչմամբ գրեց իր առաջին նամակը։ Այն ուղղված էր Պոնտոսի, Գաղատիայի, Կապադովկիայի, Ասիայի և Բյութանիայի քրիստոնյաներին։ Պետրոսի նամակից երևում է, որ այդ տարածքներում, հավանաբար, քրիստոնեական ժողովներ կային, որոնց երեցներին նա հորդոր է տալիս «հովվել Աստծու հոտը»։ Ե՞րբ էին հիմնվել այդ ժողովները (1 Պետրոս 1։1; 5։1–3)։
Պետրոսի հիշատակած տարածքներից մի քանիսը, ինչպես օրինակ՝ Ասիան և Գաղատիան, քարոզվել էին Պողոսի կողմից։ Սակայն Պողոսը Կապադովկիայում և Բյութանիայում չէր քարոզել։ Աստվածաշունչը մեզ չի հայտնում, թե այս վայրերում քրիստոնեությունն ինչպես է տարածվել։ Բայց հնարավոր է՝ դա արած լինեին այն հրեաներն ու հուդայականությունն ընդունած այլազգիները, որոնք մ.թ. 33–ի Պենտեկոստեին եկել էին Երուսաղեմ և հետո վերադարձել իրենց քաղաքները։ Ամեն դեպքում, Պենտեկոստեից մոտ 30 տարի անց, երբ Պետրոսը գրեց իր նամակները, ամենայն հավանականությամբ, արդեն կային ժողովներ, որոնք, ինչպես նշում է մի գիտնական, «տարածված էին ամբողջ Փոքր Ասիայում»։
«Հայտնություն» գրքի յոթ ժողովները
Մ.թ. 70–ին հռոմեացիների դեմ հրեաների բարձրացրած ապստամբությունն ավարտվեց Երուսաղեմի ավերումով։ Հնարավոր է՝ որոշ հրեա քրիստոնյաներ մինչ այդ արդեն բնակություն էին հաստատել Փոքր Ասիայում։b
Մ.թ. առաջին դարի վերջում Հիսուս Քրիստոսը Հովհաննես առաքյալի միջոցով նամակներ հղեց Փոքր Ասիայի յոթ ժողովներին (Եփեսոս, Զմյուռնիա, Պերգամոն, Թյուատիր, Սարդես, Ֆիլադելֆիա, Լավոդիկիա)։ Նամակներից երևում է, որ այդ ժողովների քրիստոնյաներին զանազան վտանգներ էին սպառնում, ինչպիսիք են՝ անբարոյականությունը, աղանդավորությունը և հավատուրացությունը (Հայտնություն 1։9, 11; 2։14, 15, 20)։
Համեստ և անկեղծ ծառայություն
Հստակ է, որ առաջին դարում քրիստոնեության տարածման պատմությունը շատ ավելին է ընդգրկում, քան այն, ինչ գրված է «Առաքյալների Գործերում»։ Այս գրքում պատմվում են բոլորին հայտնի Պետրոս և Պողոս առաքյալների գործերի մասին։ Այնուամենայնիվ, բազում այլ անհատներ, որոնց անունները մեզ անհայտ են, նույնպես ամենուրեք քարոզել են բարի լուրը։ Փոքր Ասիայում քրիստոնեության տարածումը հաստատում է այն փաստը, որ վաղ քրիստոնյաները լուրջ էին վերաբերվում Հիսուսի պատվերին. «Գնացե՛ք և բոլոր ազգերի մարդկանցից աշակերտնե՛ր դարձրեք» (Մատթեոս 28։19, 20)։
Նմանապես, այսօր ամբողջ աշխարհում բազմաթիվ հավատարիմ Եհովայի վկաներ կան, բայց նրանցից միայն քչերի գործերն են հայտնի միջազգային եղբայրությանը։ Ինչպես առաջին դարում Փոքր Ասիայի հավատարիմ ավետարանիչներից շատերի անունները հայտնի չէին, այնպես էլ ներկայումս քարոզիչների մեծամասնության անունները մենք հիմնականում չգիտենք։ Սակայն վերջիններս նույնպես ակտիվորեն մասնակցում են քարոզչական գործին և ստանում բազում օրհնություններ։ Նրանք խորը բավարարվածության զգացում ունեն այն բանի գիտակցումից, որ իրենց անձերը հոժարակամորեն տրամադրել են ուրիշների փրկության գործին (1 Տիմոթեոս 2։3–6)։
[ծանոթագրություններ]
a Քրիստոնեական Հունարեն Գրություններում և այս հոդվածում հիշատակված «Ասիան» վերաբերում է ոչ թե Ասիա մայրցամաքին, այլ Հռոմեական կայսրության պրովինցիաներից մեկին, որը զբաղեցնում էր Փոքր Ասիայի արևմտյան մասը։
b Պատմիչ Եվսեբիոսը (մ.թ. 260–340) նշում է, որ նախքան մ.թ. 66 թվականը «առաքյալները, որոնց վրա մշտապես կախված էր մահվան սպառնալիքը, փախել էին Հրեաստանից, բայց իրենց ուսմունքները տարածելու նպատակով Քրիստոսի զորությամբ ճանապարհորդում էին ամեն երկիր»։
[շրջանակ 11–րդ էջի վրա]
ՎԱՂ ՔՐԻՍՏՈՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԲՅՈՒԹԱՆԻԱՅՈՒՄ ԵՎ ՊՈՆՏՈՍՈՒՄ
Բյութանիան և Պոնտոսը, որոնք համարվում էին մեկ պրովինցիա, գտնվում էին Փոքր Ասիայում՝ Սև ծովի ափին։ Բնակիչների առօրյա կյանքից շատ բան կարելի է իմանալ՝ կարդալով այնտեղի պաշտոնյաներից մեկի՝ Պլինիոս Կրտսերի նամակը, որը նա գրել էր Հռոմի կայսր Տրայանոսին։
Մոտ 50 տարի անց այն բանից հետո, երբ Պետրոսի նամակները ընթերցվեցին այդ տարածքի ժողովներում, Պլինիոսը խորհուրդ հարցրեց Տրայանոսից, թե ինչպես վարվի քրիստոնյաների հետ։ Նա գրեց. «Ես երբեք ներկա չեմ եղել քրիստոնյաների դատաքննությանը։ Հետևաբար՝ չգիտեմ, թե ինչ պատիժ է հասնում նրանց։ Դատարան են բերվում ամեն տարիքի և խավի բազմաթիվ տղամարդիկ ու կանայք, և, հավանաբար, դա դեռ կշարունակվի։ Ընդ որում դա տեղի է ունենում ոչ միայն քաղաքներում, այլև գյուղերում, որոնք նույնպես վարակված են այս արհամարհելի աղանդով»։
[Գծագիր/քարտեզ 9–րդ էջի վրա]
(Ամբողջական տեքստի համար տե՛ս հրատարակությունը)
ՊՈՂՈՍԻ ՇՐՋԱԳԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Առաջին միսիոներական շրջագայությունը
ԿԻՊՐՈՍ
ՊԱՄՓԻԼԻԱ
Պերգե
Անտիոք (Պիսիդիայի)
Իկոնիոն
Լյուստրա
Դերբե
Երկրորդ միսիոներական շրջագայությունը
ԿԻԼԻԿԻԱ
Տարսոն
Դերբե
Լյուստրա
Իկոնիոն
Անտիոք (Պիսիդիայի)
ՓՌՅՈՒԳԻԱ
ԳԱՂԱՏԻԱ
Տրովադա
Երրորդ միսիոներական շրջագայությունը
ԿԻԼԻԿԻԱ
Տարսոն
Դերբե
Լյուստրա
Իկոնիոն
Անտիոք (Պիսիդիայի)
Եփեսոս
ԱՍԻԱ
Տրովադա
[Յոթ ժողովները]
Պերգամոն
Թյուատիր
Սարդես
Զմյուռնիա
Եփեսոս
Ֆիլադելֆիա
Լավոդիկիա
[Այլ վայրեր]
Հիերապոլիս
Կողոսա
ԼԻԿԻԱ
ԲՅՈՒԹԱՆԻԱ
ՊՈՆՏՈՍ
ԿԱՊԱԴՈՎԿԻԱ
[նկար 9–րդ էջի վրա]
Անտիոք
[նկար 9–րդ էջի վրա]
Տրովադա
[թույլտվությամբ]
© 2003 BiblePlaces.com
[նկար 10–րդ էջի վրա]
Թատրոն Եփեսոսում (Գործեր 19։29)
[նկար 10–րդ էջի վրա]
Զևսի զոհասեղանը Պերգամոնում։ Քրիստոնյաները բնակվում էին այն քաղաքում, «ուր որ Սատանայի աթոռն» էր (Հայտնություն 2։13)
[թույլտվությամբ]
Pictorial Archive (Near Eastern History) Est.