Եհովայի Խոսքը կենդանի է
Ուշագրավ մտքեր «Մաղաքիա» գրքից
ԱՎԵԼԻ քան 70 տարի է անցել, ինչ Երուսաղեմում վերակառուցվել է տաճարը։ Ժամանակի ընթացքում, սակայն, հրեաների հոգևոր վիճակը խիստ վատացել է։ Նույնիսկ քահանաներն են ապականվել։ Ո՞վ նրանց կտեղեկացնի, թե իրականում ինչ վիճակում են նրանք գտնվում, և ո՞վ կօգնի նրանց հոգևորապես վերականգնվելու։ Եհովան այս հանձնարարությունը տալիս է Մաղաքիա մարգարեին։
Եբրայերեն Գրությունների վերջին գիրքը գրել է Մաղաքիան։ Այն պարունակում է Աստծուց ներշնչված մարգարեություն, որը գրված է համոզիչ տրամաբանությամբ։ Մաղաքիայի մարգարեությունը քննելով՝ մենք կկարողանանք պատրաստվել Եհովայի «մեծ և ահեղ օրվան», երբ իրերի ներկա չար համակարգը կհասնի իր վախճանին (Մաղաքիա 4։5)։
ՔԱՀԱՆԱՆԵՐԸ «ՇԱՏԵՐԻՆ ԳԱՅԹԱԿՂԵՑՐԻՆ»
Եհովան իր զգացմունքներն է արտահայտում Իսրայելին՝ ասելով. «Ես ձեզ սիրել եմ»։ Բայց քահանաները անարգում են Աստծու անունը։ Ինչպե՞ս։ «[Աստծու] սեղանի վերայ պիղծ հաց մատուցանելով» և «կաղ կամ հիվանդ» կենդանի զոհաբերելով (Մաղաքիա 1։2, 6–8)։
Քահանաները «շատերին են գայթակղեցնում օրենքի մեջ»։ «Նենգութիւն [է] անում ամեն մարդ իր եղբօրը»։ Ոմանք օտար կանայք են առել։ Մյուսներն էլ անհավատարիմ են եղել «իրենց երիտասարդության կնոջ» հանդեպ (Մաղաքիա 2։8, 10, 11, 14–16)։
Սուրբգրային հարցեր և պատասխաններ
2։2 — Ինչպե՞ս Եհովան անհավատարիմ քահանաների «օրհնություններն անիծեց»։ Եհովան անիծում էր այդ քահանաների խնդրած օրհնություններն այն իմաստով, որ դրանք, ի վերջո, դառնում էին անեծք։
2։3 — Ի՞նչ էր նշանակում քահանաների երեսին «աղբը ցրելը»։ Համաձայն Օրենքի՝ զոհաբերված կենդանու աղբը պետք է իսրայելացիների ճամբարից դուրս տարվեր և այրվեր (Ղեւտացոց 16։27)։ Աղբը քահանաների երեսին նետելը նշանակում էր, որ Եհովան մերժում է նրանց զոհաբերությունները, և որ զոհ մատուցողները զզվելի են նրա համար։
2։13 — Ո՞ւմ արցունքներով էր պատվել Եհովայի զոհասեղանը։ Դրանք այն կանանց արցունքներն էին, ովքեր գալիս էին տաճարի սրբարան և իրենց հոգսերի մասին պատմում Եհովային։ Ի՞նչն էր նրանց այդպես վշտացրել։ Նրանց հրեա ամուսինները ամուսնալուծվում էին առանց հիմնավոր պատճառի և հեռանում՝ այլազգի երիտասարդ կանանց հետ ամուսնանալու նպատակով։
Դասեր մեզ համար
1։10. Եհովային դուր չէին գալիս ագահ քահանաների մատուցած զոհերը, ովքեր վճար էին պահանջում նույնիսկ այնպիսի հասարակ ծառայությունների համար, ինչպիսիք են՝ դռները փակելը կամ զոհասեղանի կրակը վառելը։ Որքա՜ն կարևոր է, որ Աստծուն մատուցվող մեր երկրպագությունը, որի մեջ մտնում է նաև մեր քրիստոնեական ծառայությունը, մղված լինի Աստծու և մերձավորի հանդեպ անեսասեր սիրուց և ոչ թե նյութական շահից (Մատթեոս 22։37–39; 2 Կորնթացիներ 11։7)։
1։14; 2։17. Եհովան չի հանդուրժում կեղծավորությունը։
2։7–9. Ժողովում ուսուցանելու առանձնաշնորհում ունեցողները պետք է հավաստիանան, որ իրենց սովորեցրածը ներդաշնակ է Աստծու Խոսքին և «հավատարիմ տնտեսի»՝ Աստվածաշնչի վրա հիմնված հրատարակություններին (Ղուկաս 12։42; Հակոբոս 3։11)։
2։10, 11. Եհովան իր երկրպագուներից ակնկալում է, որ նրանք լուրջ վերաբերվեն «միայն Տիրոջով» ամուսնանալու խորհրդին (1 Կորնթացիներ 7։39)։
2։15, 16. Եհովայի ճշմարիտ երկրպագուները պետք է խորապես հարգեն իրենց երիտասարդության կնոջ հետ կապած ամուսնական ուխտը։
«ՏԵՐԸ ԳԱԼՈՒ Է ԻՐ ՏԱՃԱՐԻ ՄՈՏ»
«Յանկարծակի է գալու իր տաճարի մօտ.... Տէրը [Եհովա Աստված]», և նրա հետ լինելու է «ուխտի հրեշտակը [Հիսուս Քրիստոսը]»։ Աստված մոտենալու է իր ժողովրդին «դատաստանի համար» և դառնալու է «ժիր վկայ» բոլոր չարագործների դեմ։ Իսկ Եհովայից վախեցողների համար «յիշատակի գիրք» է գրվելու (Մաղաքիա 3։1, 3, 5, 16)։
Գալու է «այն օրը, որ վառուած է թոնիրի պէս», և կուլ է տալու ամբարիշտներին։ Նախքան այդ օրվա գալը մի մարգարե է ուղարկվելու, որ «դարձնէ հայրերի սիրտը դէպի որդիքը եւ որդկանց սիրտը՝ դէպի իրանց հայրերը» (Մաղաքիա 4։1, 5, 6)։
Սուրբգրային հարցեր և պատասխաններ
3։1–3 — Ե՞րբ «Տէրը» և «ուխտի հրեշտակը» եկան տաճար, և ո՞վ էր նրանցից առաջ ուղարկվել։ Եհովան տաճար եկավ այն իմաստով, որ իր ներկայացուցիչը եկավ այնտեղ և 33 թ. նիսանի 10–ին մաքրեց տաճարը։ Դա այն դեպքն էր, երբ Հիսուսը մտավ տաճար և դուրս վռնդեց վաճառականներին ու գնորդներին (Մարկոս 11։15)։ Սրանից երեքուկես տարի առաջ Հիսուսը օծվել էր որպես Թագավոր։ Համապատասխանաբար, ըստ ամենայնի, երկնքում Թագավոր նշանակվելուց երեքուկես տարի անց Հիսուսը Եհովայի հետ մտավ հոգևոր տաճար և տեսավ, որ Աստծու ժողովուրդը մաքրման կարիք ունի։ Առաջին դարում Հովհաննես Մկրտիչը ուղարկվեց նախապատրաստելու հրեաներին Հիսուս Քրիստոսի գալստյանը։ Մեր ժամանակներում մի դեսպան՝ պատգամաբեր ուղարկվեց ճանապարհ պատրաստելու, որ Եհովան մտնի իր հոգևոր տաճարը։ 1880–ականներին Աստվածաշունչ ուսումնասիրողների մի խումբ սկսեց աստվածաշնչյան կրթական գործունեություն ծավալել, որպեսզի անկեղծ սրտով մարդկանց ուսուցանի Սուրբ Գրությունների հիմնական ճշմարտությունները։
3։10 — Արդյո՞ք «բոլոր տասանորդը» բերելը ներկայացնում է այն, որ մենք պետք է մեր ամեն ինչը տանք Եհովային։ Մովսիսական օրենքը վերացավ Հիսուսի մահով, ուստի այլևս տասանորդ տալու անհրաժեշտություն չկա։ Այդուհանդերձ, տասանորդը խորհրդանշական իմաստ ունի (Եփեսացիներ 2։15)։ Դա չի ներկայացնում այն, որ մենք մեր ամեն ինչը տալիս ենք Աստծուն։ Հնում տասանորդը բերում էին տարեցտարի, այնինչ մենք մեր ամեն ինչը միայն մեկ անգամ ենք տալիս Եհովային։ Դա տեղի է ունենում այն ժամանակ, երբ մենք նվիրվում ենք նրան և խորհրդանշում մեր նվիրումը ջրում մկրտվելով։ Այդուհետ այն ամենը, ինչ ունենք, պատկանում է Եհովային։ Սակայն Աստված թույլ է տալիս, որ մեր ունեցածից մի որոշ մաս՝ խորհրդանշական տասանորդ, օգտագործենք նրան մատուցած մեր երկրպագության մեջ։ Տասանորդը այն է, ինչ մեր հանգամանքները թույլ են տալիս անելու, և ինչ մեր սիրտը մղում է անելու։ Դրա մեջ մտնում են մեր ժամանակը, ուժերը, միջոցները, որոնք օգտագործում ենք Թագավորության քարոզչության և աշակերտներ պատրաստելու գործում, ինչպես նաև ժողովի հանդիպումներին հաճախելը, հիվանդ և տարեց հավատակիցներին այցելելը, և ճշմարիտ երկրպագությանը նյութապես աջակցելը։
4։3 — Ինչպե՞ս են Եհովայի երկրպագուները «կոխ տալու ամբարիշտներին»։ Աստծու ժողովուրդը բառացի «կոխ չի տալու ամբարիշտներին», այսինքն՝ չի մասնակցելու նրանց դատաստանին։ Սակայն Եհովայի երկրային ծառաները դա կանեն փոխաբերական իմաստով՝ ամբողջ սրտով մասնակցելով հաղթանակի այն տոնակատարությանը, որը կկայանա Սատանայի աշխարհի կործանումից հետո (Սաղմոս 145։20; Հայտնություն 20։1–3)։
4։4 — Ինչո՞ւ պետք է «հիշենք Մովսեսի օրենքը»։ Թեև Մովսիսական օրենքը չի գործում քրիստոնյաների համար, սակայն այն ծառայել է որպես «գալիք բարիքների ստվերը» (Եբրայեցիներ 10։1)։ Ուստի Մովսիսական օրենքին ուշադրություն դարձնելը կարող է օգնել տեսնելու, թե ինչպես են նրանում գրվածները կատարվում (Ղուկաս 24։44, 45)։ Բացի այդ, Օրենքը պարունակում է «երկնքում եղող բաների նախապատկերները»։ Օրենքը ուսումնասիրելը կարևոր է, եթե ուզում ենք քրիստոնեական ուսմունքներից ու վարքից հասկացողություն ձեռք բերել (Եբրայեցիներ 9։23)։
4։5, 6 — Ո՞ւմ է ներկայացնում «Եղիա մարգարէն»։ Մարգարեացված էր, որ «Եղիան» վերականգնողական աշխատանք էր կատարելու, այսինքն՝ նախապատրաստելու էր մարդկանց սրտերը։ Առաջին դարում Հիսուս Քրիստոսն ասաց, որ Հովհաննես Մկրտիչն է «Եղիան» (Մատթեոս 11։12–14; Մարկոս 9։11–13)։ Ժամանակակից Եղիան ուղարկվում է «Տիրոջ մեծ եւ ահեղ օրը գալուց առաջ»։ Մեր օրերում Եղիային ներկայացնում է «հավատարիմ և իմաստուն ծառան» (Մատթեոս 24։45)։ Օծյալ քրիստոնյաների այս դասակարգը փութաջանորեն հոգևոր վերականգնողական աշխատանք է կատարում։
Դասեր մեզ համար
3։10. Եթե Եհովային չտանք մեր լավագույնը, դա կնշանակի ինքներս մեզ զրկել նրա օրհնությունից։
3։14, 15. Քահանաների վատ օրինակի պատճառով հրեաները սկսեցին անկարևոր համարել Աստծուն մատուցվող ծառայությունը։ Քրիստոնեական ժողովում պատասխանատվություն ունեցողները պետք է օրինակելի լինեն (1 Պետրոս 5։1–3)։
3։16. Եհովան հիշում է նրանց, ովքեր վախենում են իրենից և հավատարիմ են մնում իրեն։ Նա կպահպանի նրանց, երբ կործանի Սատանայի չար աշխարհը։ Ուստի եկեք երբեք չթուլանանք Աստծու հանդեպ անարատություն պահելու մեր վճռականության մեջ (Յոբ 27։5)։
4։1. Երբ Եհովային հաշիվ տալու օրը գա, թե՛ «արմատը» և թե՛ «ոստը» նույն վախճանը կունենան, այսինքն՝ երեխաները նույն դատաստանը կստանան, ինչ նրանց ծնողները։ Ուստի որքա՜ն մեծ պատասխանատվություն են կրում ծնողները իրենց փոքրիկ երեխաների համար։ Քրիստոնյա հայրերն ու մայրերը պետք է փնտրեն Աստծու հավանությունը և բարի անուն ունենան նրա մոտ (1 Կորնթացիներ 7։14)։
«Աստուածանից վախեցիր»
Ո՞վ կփրկվի Եհովայի «մեծ եւ ահեղ օրը» (Մաղաքիա 4։5)։ Եհովան ասում է. «Ձեզ համար, որ իմ անունից վախենում էք, պիտի ծագէ արդարութեան արեգակը, եւ բժշկութիւն պիտի լինի նորա թեւերի վերայ, եւ դուք դուրս պիտի գաք ու ոստնէք գոմի պարարտ որթերի պէս» (Մաղաքիա 4։2)։
«Արդարութեան արեգակը»՝ Հիսուս Քրիստոսը, ծագում է նրանց վրա, ովքեր վախենում են Աստծու անունից։ Եհովան հավանում է նրանց (Հովհաննես 8։12)։ Նրանց համար «բժշկութիւն պիտի լինի նորա թեւերի վերայ», այսինքն՝ նրանք հոգևորապես բուժվում են ներկայումս, իսկ ֆիզիկական, մտավոր և հուզական առումներով լիարժեք կբուժվեն Աստծու նոր աշխարհում (Հայտնություն 22։1, 2)։ Նրանք ուրախությունից և ցնծությունից ասես «ոստնում են պարարտ հորթերի պես»։ Առջևում ունենալով նման օրհնություններ՝ եկեք սրտանց հետևենք Սողոմոն թագավորի հորդորին. «Աստուածանից վախեցիր եւ նորա պատուիրանքները պահիր. որովհետեւ սա է ամեն բան մարդիս համար» (Ժողովող 12։13)։
[նկար 26–րդ էջի վրա]
Մաղաքիա մարգարեն՝ Աստծու եռանդուն և նվիրված ծառան
[նկար 29–րդ էջի վրա]
Մեր սովորեցրածը պետք է ներդաշնակ լինի Աստծու Խոսքին
[նկար 29–րդ էջի վրա]
Եհովայի ծառաները պատվում են ամուսնական ուխտը