Ազատագրում հուսալքությունից
Պատմում է Էյսեբիո Մորսիլիոն
1993 թ. սեպտեմբերին գնացի խստացված ռեժիմի գաղութ։ Այնտեղ պետք է մկրտեի մի բանտարկյալի։ Նա իմ քույրն էր՝ Մարիվին։ Մի քանի այլ կին բանտարկյալներ և բանտապահներ հարգալից դիտում էին արարողությունը։ Նախքան բացատրելը, թե ինչպես եղավ, որ ես ու քույրս հանդիպեցինք բանտում, թույլ տվեք պատմել մեր կյանքի վաղ շրջանի մասին։
ԵՍ ԾՆՎԵԼ եմ 1954 թ. մայիսի 5–ին Իսպանիայում։ Մեր ընտանիքի ութ երեխաներից առաջինն էի։ Մարիվին երրորդն էր։ Մեր տատիկը ձգտում էր դաստիարակել մեզ այնպես, որ դառնանք բարեպաշտ կաթոլիկներ։ Ես հաճույքով եմ հիշում, որ քանի դեռ տատիկիս հետ էի, սիրում էի Աստծուն։ Սակայն ծնողներիս փոխհարաբերությունները շատ հեռու էին հոգևոր լինելուց։ Հայրս կանոնավորաբար ծեծում էր մորս ու մեզ։ Վախը մեր կյանքի անբաժան մասն էր, և ես շատ էի տանջվում՝ տեսնելով մորս տառապելիս։ Այս ամենը ինձ հուսալքում էր։
Դպրոցական տարիներին իմ հուսալքությունը խորացավ։ Ուսուցիչներից մեկը, որ քահանա էր, մեր գլուխները խփում էր պատին, երբ հարցին սխալ էինք պատասխանում։ Մեկ ուրիշ քահանա սեռական ոտնձգության էր ենթարկում աշակերտներին, մինչ նրանց հետ ստուգում էր տնային աշխատանքը։ Այս ամենից բացի, ինձ շփոթության և վախի մեջ էր գցում կրակե դժոխքի կաթոլիկական ուսմունքը։ Շուտով Աստծու հանդեպ իմ սերը սկսեց թուլանալ։
Անիմաստ կյանք եմ վարում
Չունենալով հոգևոր առաջնորդություն՝ սկսեցի դիսկոտեկ հաճախել ու ժամանակ անցկացնել անբարոյական ու դաժան մարդկանց հետ։ Այնտեղ կռիվներ հաճախ էին լինում։ Միմյանց հարվածում էին դանակներով, շղթաներով, բաժակներով և աթոռներով։ Չնայած ես ակտիվորեն չէի մասնակցում դրանց, մի անգամ հարվածից ուշաթափ եղա։
Վերջապես հոգնեցի այդ միջավայրից ու սկսեցի փնտրել հանգիստ դիսկոտեկներ։ Թեև դրանք համեմատաբար հանգիստ էին, այնուամենայնիվ թմրանյութերը անպակաս էին։ Հաճույքի և հոգեկան անդորրի փոխարեն՝ դրանք իմ մեջ առաջացնում էին հալյուցինացիա և անհանգստություն։
Թեև ինքս բավարարված չէի, իմ կրտսեր եղբայրներից մեկին՝ Խոսե Լուիսին, և մտերիմ ընկերոջս՝ Միգելին, ներքաշեցի իմ շրջապատը։ Իսպանիայի մյուս պատանիների նման՝ մենք հայտնվել էինք ապականված աշխարհում։ Պատրաստ էի ամեն ինչ անել, միայն թե փող ունենայի թմրանյութ գնելու համար։ Իմ մեջ այլևս արժանապատվություն չէր մնացել։
Եհովան օգնության է հասնում
Ընկերներիս մոտ մի քանի անգամ խոսակցություն բացեցի Աստծու գոյության և կյանքի իմաստի մասին։ Ուզում էի գտնել մեկին, ում հետ կկարողանայի խոսել այդ մասին։ Նկատեցի, որ աշխատակիցս՝ Ֆրանչեսկոն, տարբերվում է մյուսներից։ Նա ուրախ, ազնիվ ու բարի մարդ էր, ուստի որոշեցի սիրտս բացել նրա առաջ։ Ֆրանչեսկոն Եհովայի վկա էր և ինձ տվեց մի «Դիտարան», որտեղ հոդված էր տպագրվել թմրամոլության մասին։
Հոդվածը կարդալուց հետո աղոթեցի Աստծուն՝ խնդրելով օգնություն. «Տե՛ր, ես գիտեմ, որ դու կա՛ս, և ուզում եմ ճանաչել քեզ և քո կամքը կատարել։ Խնդրո՛ւմ եմ, օգնի՛ր ինձ»։ Ֆրանչեսկոն և ուրիշ Եհովայի վկաներ Աստվածաշնչի միջոցով քաջալերեցին ինձ և Աստվածաշնչի վրա հիմնված գրականություն տվեցին կարդալու։ Ես եզրակացրեցի, որ նրանք ինձ տալիս են հենց այն օգնությունը, որ խնդրել էի Աստծուց։ Շուտով սկսեցի ընկերներիս և Խոսե Լուիսին պատմել իմ սովորածի մասին։
Մի օր, երբ ռոք համերգն ավարտվեց, և ընկերներով դուրս եկանք դահլիճից, ես առանձնացա ու սկսեցի կողքից նայել նրանց։ Ապշեցի։ Որքա՜ն զզվելի էր դարձել մեր վարքը թմրանյութերի պատճառով։ Այդ պահից՝ որոշեցի հրաժարվել անբարո կենսաձևից ու դառնալ Եհովայի վկա։
Ֆրանչեսկոյից Աստվածաշունչ խնդրեցի։ Նա տվեց նաև մի գիրք, որը կոչվում էր «Ճշմարտություն, որ հավիտենական կյանքի է առաջնորդում»a։ Երբ կարդացի, որ Աստված խոստանում է սրբել ամեն արտասուք և վերացնել նույնիսկ մահը, համոզվեցի, որ գտել եմ այն ճշմարտությունը, որը կարող է ազատագրում բերել մարդկությանը (Հովհաննես 8։32; Հայտնություն 21։4)։ Հետագայում ներկա եղա Եհովայի վկաների մի հանդիպման նրանց Թագավորության սրահում (նրանց հավաքատեղին այդպես է կոչվում)։ Ջերմ ընկերական մթնոլորտը ինձ մեծապես տպավորել էր։
Ցանկանալով պատմել իմ տպավորությունների մասին՝ անմիջապես կանչեցի Խոսե Լուիսին և մյուս ընկերներիս։ Մի քանի օր հետո բոլորս գնացինք Թագավորության սրահ՝ հանդիպման։ Մի աղջիկ, որ մեզանից առաջ էր նստել, հայացք նետեց մեզ վրա։ Նա ակնհայտորեն վախեցավ՝ տեսնելով երկարամազ հիպիների։ Այդ աղջիկը զգուշանում էր, որ հանկարծ դարձյալ չնայի մեր կողմը։ Նա, ըստ ամենայնի, զարմացավ, երբ հաջորդ շաբաթ տեսավ, որ մենք կոստյումով և փողկապով ենք եկել։
Դրանից հետո ես ու Միգելը ներկա եղանք Եհովայի վկաների շրջանային համաժողովին։ Երբեք նման բան չէինք տեսել. իսկական եղբայրություն տարբեր տարիքի մարդկանց միջև։ Եվ որքան էլ որ զարմանալի է, համաժողովը կայացավ այն նույն դահլիճում, որտեղ որ եղել էր վերոհիշյալ ռոք համերգը։ Այս անգամ, սակայն, տիրող մթնոլորտն ու երաժշտությունը մեր սրտերը լցրեցին ամենադրական հույզերով։
Մեր ամբողջ խումբը սկսեց Աստվածաշունչ ուսումնասիրել։ Մոտ ութ ամիս անց՝ 1974 թ. հուլիսի 26–ին, Միգելն ու ես մկրտվեցինք։ Երկուսս էլ 20 տարեկան էինք։ Մեր խմբի մյուս չորս անդամները մկրտվեցին մի քանի ամիս հետո։ Աստվածաշնչային կրթությունը մղեց ինձ օգնելու տանջված մորս տնային գործերում, ինչպես նաև պատմելու նրան իմ նոր հավատի մասին։ Մենք մտերմացանք։ Ես նաև շատ ժամանակ էի տրամադրում իմ եղբայրներին ու քույրերին։
Ժամանակի ընթացքում մայրս և բոլոր եղբայրներս ու քույրերս, բացառությամբ մեկի, ընդունեցին Աստվածաշնչի ճշմարտությունը, մկրտվեցին և դարձան Եհովայի վկաներ։ 1977 թ.–ին ամուսնացա Սոլեդադի հետ։ Նա այն աղջիկն էր, ով ապշած նայեց մեզ, երբ մենք առաջին անգամ եկել էինք Թագավորության սրահ։ Մի քանի ամսից երկուսս էլ դարձանք ռահվիրաներ (Եհովայի վկաները այդպես են անվանում բարի լուրի լիաժամ քարոզիչներին)։
Քույրս փոխվում է
Քույրս՝ Մարիվին, մանկապղծության զոհ էր դարձել, և դա խոր հետք էր թողել նրա վրա։ Պատանեկան հասակում նա սկսեց անբարո կյանքով ապրել՝ թմրանյութեր գործածել, գողություն անել, մարմնավաճառությամբ զբաղվել։ 23 տարեկանում Մարիվին հայտնվեց բանտում, որտեղ շարունակեց ապրել բարոյազուրկ կյանքով։
Այդ ժամանակ ես ծառայում էի որպես շրջանային վերակացու (Եհովայի վկաների շրջագայող ծառայող)։ 1989 թ.–ին ես ու Սոլեդադը նշանակվեցինք ծառայելու մի տարածքում, որն ընդգրկում էր այն բանտը, որտեղ գտնվում էր Մարիվին։ Դրանից կարճ ժամանակ առաջ իշխանությունները վերցրել էին նրա որդուն՝ զրկելով Մարիվիին ծնողական իրավունքներից։ Քրոջս սիրտը կոտրված էր, նա չէր ուզում ապրել։ Մի օր այցելեցի նրան և առաջարկեցի ինձ հետ Աստվածաշունչ ուսումնասիրել։ Նա համաձայնվեց։ Մեկ ամիս ուսումնասիրելուց հետո Մարիվին դադարեց թմրանյութեր և ծխախոտ օգտագործելուց։ Ես հուզմունքով էի լցվում՝ տեսնելով, թե ինչպես է Եհովան նրան ուժ տալիս, որ կատարի այդ փոփոխությունները (Եբրայեցիներ 4։12)։
Շուտով Մարիվին սկսեց Աստվածաշնչի ճշմարտությունների մասին խոսել բանտակիցների ու բանտապահների հետ։ Նրան տեղափոխում էին մի բանտից մյուսը, բայց նա շարունակում էր քարոզել։ Բանտերից մեկում նա նույնիսկ խցից խուց էր քարոզում։ Տարիների ընթացքում Մարիվին տարբեր բանտերում Աստվածաշնչի բազմաթիվ ուսումնասիրություններ սկսեց։
Մի օր նա ինձ լուր ուղարկեց, որ ուզում է իր կյանքը նվիրել Եհովային ու մկրտվել։ Սակայն նրան արգելված էր դուրս գալ բանտից, դրսից էլ ոչ ոք իրավունք չուներ մտնել բանտ։ Նա այդ բանտի ապականված միջավայրում մնաց ևս չորս տարի։ Ի՞նչը օգնեց Մարիվիին դիմանալու և իր հավատը ամուր պահելու։ Հենց այն ժամին, երբ Եհովայի վկաների տեղի ժողովը սկսում էր հանդիպումը, նա էլ բանտախցում էր սկսում «հանդիպումը»՝ հետևելով նույն ծրագրին։ Բացի այդ, նա կանոնավորաբար Աստվածաշունչ էր ուսումնասիրում և աղոթում։
Ժամանակի ընթացքում Մարիվին տեղափոխվեց խստացված ռեժիմի գաղութ, որտեղ լողավազան կար։ Նա հասկացավ, որ մկրտվելու հնարավորություն ունի, և վերջապես թույլտվություն ստացավ։ Հենց այդ ժամանակ էր, որ եղա բանտում և մկրտության ելույթ ներկայացրեցի։ Ես քրոջս կողքին էի նրա կյանքի ամենակարևոր պահին։
Նախկին ապրելակերպի պատճառով Մարիվին վարակվել էր ՁԻԱՀ–ով։ Լավ վարքի շնորհիվ նա ժամանակից շուտ ազատվեց բանտից՝ 1994 թ. մարտին։ Մարիվին ապրեց տանը մայրիկի հետ և քրիստոնեական ակտիվ կյանք վարեց մինչև իր մահը։ Քույրս մահացավ երկու տարի անց։
Պայքարում եմ վնասակար զգացումների դեմ
Իմ անցյալն էլ ինձ վրա էր թողել իր հետքը։ Հորս վատ վերաբերմունքը և իմ պատանեկան կյանքը իրենց դրոշմը թողեցին իմ անձնավորության վրա։ Չափահաս տարիքում հաճախ էի տանջվում մեղավորության և թերարժեքության զգացումից։ Երբեմն խիստ ընկճվում էի։ Սակայն Աստծու Խոսքը անգնահատելի օգնություն է եղել այդ զգացումների դեմ պայքարում։ Տարիներ ի վեր անընդհատ խորհրդածելով Եսայիա 1։18 և Սաղմոս 103։8–13 համարների շուրջ՝ կարողացել եմ ճնշել այդ զգացումները։
Աղոթքը նույնպես օգնել է ինձ։ Հաճախ եմ արտասվելով աղոթել Եհովային։ Մեծ ուժ եմ ստացել 1 Հովհաննես 3։19, 20 համարներից. «Սրանով կիմանանք, որ ճշմարտությունից ենք, և մեր սրտերը կհավաստիացնենք նրա առաջ, ինչ բաներում էլ որ մեր սրտերը դատապարտեն մեզ, որովհետև Աստված մեր սրտերից ավելի մեծ է և ամեն բան գիտի»։
Քանի որ Աստծուն մոտենում եմ անկեղծորեն, «կոտրված և փշրված» սրտով, հասկանում եմ, որ այն աստիճան վատը չեմ, որքան որ մտածում էի։ Աստվածաշունչը Եհովային փնտրող բոլոր անձանց վստահեցնում է, որ նա չի «անարգի» նրանց, ովքեր անկեղծորեն զղջում են իրենց անցյալի համար, թողնում են իրենց սխալ վարքը և սկսում են կատարել իր կամքը (Սաղմոս 51։17)։
Իսկ երբ անվստահության զգացումը դարձյալ գլուխ է բարձրացնում, փորձում եմ դրական բաների վրա կենտրոնանալ։ Օրինակ՝ մտածում եմ Փիլիպպեցիներ 4։8–ում գրված հոգևոր բաների մասին։ Ես անգիր եմ արել 23–րդ սաղմոսը և Լեռան քարոզը։ Երբ բացասական մտքեր են գալիս, ինքս ինձ հիշեցնում եմ այդ սուրբգրային համարները։ Դա օգտակար է հատկապես անքուն գիշերներին։
Ինձ օգնում են նաև կինս և հասուն քրիստոնյաները։ Նրանք գովում են ինձ։ Թեև սկզբում դժվարանում էի ընդունել քաջալերիչ խոսքերը, բայց Աստվածաշնչի օգնությամբ հասկացա, որ սերը «ամեն ինչի հավատում է» (1 Կորնթացիներ 13։7)։ Եվ իհարկե, ես ժամանակի ընթացքում սովորեցի խոնարհաբար ընդունել իմ թույլ կողմերը։
Սակայն, ինչպես ասում են, չկա չարիք առանց բարիքի։ Բացասական զգացումների դեմ իմ պայքարը օգնում է ինձ լինելու կարեկից շրջագայող վերակացու։ Ես ու կինս գրեթե 30 տարի լիաժամ քարոզել ենք բարի լուրը։ Ուրիշներին ծառայելուց ստացած ուրախությունս օգնում է ինձ ավելի ու ավելի հեռու վանել անցյալի տհաճ հիշողությունները։
Այժմ, երբ հիշում եմ, թե որքան շատ են Եհովայի օրհնությունները, նույն զգացումներն են համակում ինձ, ինչ սաղմոսերգուին. «Օրհնիր Տիրոջը.... որ ներում է քո բոլոր մեղքերը, բժշկում է քո ամեն ցաւերը։ Որ փրկում է քո կեանքն ապականութիւնից, որ պսակում է քեզ շնորհքով եւ ողորմութիւնով» (Սաղմոս 103։1–4)։
[ծանոթագրություն]
a Հրատարակվել է Եհովայի վկաների կողմից։ Այժմ չի տպագրվում։
[մեջբերում 30–րդ էջի վրա]
Ինձ հաճախ էր տանջում մեղավորության և թերարժեքության զգացումը։ Սակայն Աստծու Խոսքը անգնահատելի օգնություն է եղել այդ զգացումների դեմ պայքարում
[նկարներ 27–րդ էջի վրա]
Եղբայրս՝ Խոսե Լուիսը, և ընկերս՝ Միգելը, հետևեցին իմ թե՛ վատ, թե՛ լավ օրինակին
[նկար 28–րդ և 29–րդ էջերի վրա]
Մորսիլիո ընտանիքը, 1973
[նկար 29–րդ էջի վրա]
Մարիվին՝ բանտում
[նկար 30–րդ էջի վրա]
Կնոջս՝ Սոլեդադի հետ