Մոտեցեք Աստծուն
Աստված մեզ թանկ է համարում
«ՄԵՐ սրտերը դատապարտում են մեզ»։ Այս խոսքերով Աստվածաշունչը ցույց է տալիս, որ ժամանակ առ ժամանակ մեր սրտերը կարող են դրդել մեզ չափազանց շատ քննադատելու ինքներս մեզ։ Մենք կարող ենք մտածել, որ արժանի չենք Աստծու սիրուն և հոգատարությանը։ Սակայն Աստվածաշունչը վստահեցնում է մեզ. «Աստված մեր սրտերից ավելի մեծ է և ամեն բան գիտի» (1 Հովհաննես 3։19, 20)։ Նա մեզ ավելի լավ գիտի, քան մենք ինքներս մեզ։ Մեր հանդեպ նրա վերաբերմունքը կարող է շատ տարբերվել մեր տեսակետից։ Ուստի ի՞նչ է մտածում մեր մասին Եհովա Աստված, նա, ում կարծիքը շատ կարևոր է։ Պատասխանը կարող ենք իմանալ մի տպավորիչ օրինակից, որը Հիսուսն օգտագործեց երկու տարբեր իրավիճակներում։
Մի առիթով Հիսուսն ասաց, որ «երկու ճնճղուկը վաճառվում է չնչին արժեք ունեցող մետաղադրամով» (Մատթեոս 10։29, 31)։ Ինչպես նշվում է Ղուկաս 12։6, 7 համարներում, Հիսուսը նաև ասաց. «Չէ՞ որ հինգ ճնճղուկը վաճառվում է չնչին արժեք ունեցող երկու մետաղադրամով։ Սակայն նրանցից և ոչ մեկը չի մոռացվում Աստծու առաջ։ .... Մի՛ վախեցեք, դուք շատ ճնճղուկներից ավելի թանկ եք»։ Այս պարզ, սակայն ազդեցիկ օրինակը սովորեցնում է մեզ, թե ինչպես է Եհովան վերաբերվում իր երկրպագուներից յուրաքանչյուրին։
Ճնճղուկները ամենաէժան թռչուններից էին, որոնք օգտագործվում էին կերակուր պատրաստելու համար։ Հիսուսն անկասկած տեսել էր, թե ինչպես են աղքատ կանայք, հավանաբար նաև իր մայրը, շուկայում գնում այս փոքրիկ թռչունները՝ իրենց ընտանիքին կերակրելու համար։ Մեկ պղնձյա մետաղադրամով (որն ավելի քիչ արժողություն ուներ, քան հինգ ցենտը այսօր) գնորդը կարող էր գնել երկու ճնճղուկ։ Այս թռչունները այնքան էժան էին, որ երկու մետաղադրամի դիմաց գնորդը կարող էր ստանալ ոչ թե չորս, այլ հինգ ճնճղուկ. հինգերորդի համար նա չէր վճարում։
Հիսուսը բացատրեց, որ ճնճղուկներից ոչ մեկը «չի մոռացվում Աստծու առաջ» կամ «գետին չի ընկնում» առանց Հոր իմացության (Մատթեոս 10։29)։ Եհովան ամեն անգամ տեսնում է գետին ընկած ճնճղուկին, հավանաբար երբ այն վնասվում է կամ իջնում կերակուր հայթայթելու համար։ Եհովան այս աննշան թվացող թռչուններին չափազանց փոքր չի համարել ստեղծելու համար, ուստի նա դրանց փոքր չի համարում նաև հիշելու համար։ Իրականում նա թանկ է համարում նրանց, քանի որ նրանք արժեքավոր արարածներ են։ Ձեզ համար պա՞րզ էր Հիսուսի բերած օրինակի իմաստը։
Հիսուսը սովորեցնելիս հաճախ էր օգտագործում համեմատություններ՝ խոսելով փոքր բաների մասին և ապա ցույց տալով, թե ինչպես կարելի է դրանցից սովորածը կիրառել ավելի կարևոր դեպքերում։ Նա նաև այսպիսի օրինակ է բերել. «Նայեք ագռավներին, որ ո՛չ ցանում են, ո՛չ հնձում, որ ո՛չ շտեմարան ունեն, ո՛չ էլ ամբար, բայց Աստված կերակրում է նրանց։ Ուրեմն դուք որքա՜ն ավելին արժեք, քան թռչունները» (Ղուկաս 12։24)։ Այժմ ճնճղուկների մասին Հիսուսի խոսքերի իմաստը պարզ է դառնում. եթե Եհովան հոգ է տանում այս փոքրիկ թռչուններին, ապա որքա՜ն նա հոգ կտանի մարդկանց մասին, ովքեր սիրում և երկրպագում են իրեն։
Հաշվի առնելով Հիսուսի խոսքերը՝ մենք չպետք է մտածենք, թե այնքան անարժեք ենք, որ Աստված չի նկատի մեզ ու հոգ չի տանի մեր մասին։ Չէ՞ որ նա «մեր սրտերից ավելի մեծ է»։ Մի՞թե մխիթարական չէ իմանալ, որ մեր Արարիչը կարող է մեր մեջ տեսնել այն, ինչը մենք գուցե չենք կարողանում տեսնել։
[նկար 9–րդ էջի վրա]
Sparrows: © ARCO/D. Usher/age fotostock