Մեր մոլորակը երբևէ կկործանվի՞
ԵՐԲԵՎԷ մտածե՞լ եք, թե ինչ ապագա է սպասում մեր մոլորակին։ Տեսնելով, թե ինչ է տեղի ունենում մեր գեղեցիկ մոլորակում՝ շատերը կարծում են, որ այն կկործանվի։
Իրականում երկիրն այսօր կործանվում է բնական ռեսուրսների, ինչպես օրինակ՝ անտառների ոչնչացման, ջրի և մթնոլորտի աղտոտման պատճառով։ Նաև որոշ գիտնականներ անհանգստացած են, որ երկիրն ու նրա վրա գոյություն ունեցող կյանքը հնարավոր է վերանան մեծ երկնաքարերի ու բռնկվող աստղերի կամ արևի ջրածնի պաշարի սպառման պատճառով։
Գիտնականները կարծում են, որ երկրագունդը մարդկային կյանքը պահպանելու իր կարողությունը կկորցնի աստիճանաբար՝ հավանաբար միլիարդավոր տարիների ընթացքում։ «Բրիտանական հանրագիտարանը» նկարագրում է այս երևույթը որպես «խառնաշփոթի հանգեցնող հաստատուն հակվածություն»։
Բարեբախտաբար, Աստվածաշունչը վստահեցնում է մեզ, որ Եհովա Աստված թույլ չի տա, որ մեր երկրագունդը կործանվի կամ հավիտյան անբնակ դառնա։ Որպես Արարիչ՝ նա «սաստիկ զորություն» ունի, որն անսահմանափակ է, և նա կարող է հավիտյան պահպանել տիեզերքը (Եսայիա 40։26)։ Հետևաբար կարող եք հավատալ հետևյալ խոսքերին. «[Աստված] հաստատեց երկիրն իր հիմունքի վերայ, որ տեղիցը չ’շարժուի բնաւ եւ յաւիտեան»։ «Օրհնեցէք նորան, ով արեգակն ու լուսին. օրհնեցէք նորան, ով ամեն լուսաւոր աստղեր։.... Որովհետեւ նա հրամայեց եւ նորանք ստեղծուեցան։ Եւ նորանց կանգնեցրեց մինչեւ յաւիտեանս յաւիտենից» (Սաղմոս 104։5; 148։3–6)։
Աստծու նպատակը երկրի առնչությամբ
Աստված երբևիցե նպատակ չի ունեցել, որ երկիրը ապականվի ու աղտոտվի, ինչպես որ այսօր է։ Ընդհակառակը՝ նա ստեղծեց առաջին տղամարդուն և կնոջը՝ Ադամին ու Եվային, և բնակեցրեց նրանց մի գեղեցիկ պարտեզում։ Անշուշտ, նրանց դրախտային «բնակարանը» առանց խնամքի չէր կարող գեղեցիկ մնալ։ Աստված հանձնարարեց նրանց «մշակել և պահել» այն (Ծննդոց 2։8, 9, 15)։ Ի՜նչ հաճելի և բավարարվածություն պատճառող աշխատանք տվեց Աստված մեր ծնողներին, որոնք մի ժամանակ կատարյալ էին։
Սակայն երկրի առնչությամբ Աստծու նպատակը միայն այդ պարտեզի մասին հոգ տանելը չէր։ Նա ուզում էր, որ ամբողջ երկիրը դառնար դրախտ։ Այդ նպատակով Աստված հետևյալ պատվերը տվեց Ադամին ու Եվային. «Աճեցէք եւ շատացէք, եւ լցրէք երկիրը, եւ տիրեցէք նորան. եւ իշխեցէք ծովի ձկների, եւ երկնքի թռչունների վերայ, եւ երկրի վերայ սողացող բոլոր կենդանիների վերայ» (Ծննդոց 1։28)։
Ցավոք, մի հպարտ հրեշտակ դեմ դուրս եկավ Աստծուն և հայտնի դարձավ որպես Սատանա։ Նա փափագում էր երկրպագության արժանանալ Ադամի ու Եվայի կողմից։ Խոսելով օձի միջոցով՝ Սատանան դրդեց նրանց ըմբոստանալ Աստծու իշխանության դեմ (Ծննդոց 3։1–6; Հայտնություն 12։9)։ Որքա՜ն պետք է որ վիրավորված լիներ մեր Արարիչը նրանց եսասիրությունից ու գնահատանքի պակասից։ Սակայն նրանց ըմբոստությունը չփոխեց Եհովա Աստծու նպատակը երկրի առնչությամբ։ Նա ասել է. «Իմ բերանից դուրս եկած խօսքը, նա պիտի պարապ ետ չ’դառնայ ինձ մօտ, այլ կատարէ իմ ուզածը, եւ յաջողուի նորանում, ինչի համար որ ես նորան ուղարկեցի» (Եսայիա 55։11)։
Ունենալով հիմնավոր պատճառներ՝ Եհովան թույլ տվեց, որ Սատանայի ըմբոստությունը գոյություն ունենա մինչև մեր օրերը։ Այդ ընթացքում մարդիկ փորձել են կառավարության տարբեր ձևեր, և արդյունքում փաստվել է, որ Աստծուց անկախ լինելը, ինչին մարդկանց դրդեց Սատանան, լիակատար ձախողում է բերում (Երեմիա 10։23)a։
Չնայած այս ամենին՝ անցած հազարամյակների ընթացքում Աստված օրհնել է արդար մարդկանց։ Նա նաև հոգ է տարել, որ Աստվածաշնչում գրվի այն մասին, թե ինչ է լինում իրեն հնազանդվելու կամ իր իշխանությունը մերժելու դեպքում։ Դեռ ավելին, Եհովան հրաշալի բաներ է արել, որոնցից կարող ենք օգուտներ քաղել ապագայում։ Ցուցաբերելով իր սերը՝ նա Փրկիչ է տվել մարդկանց՝ ուղարկելով իր թանկագին Որդուն՝ Հիսուս Քրիստոսին, որպեսզի նա սովորեցնի մեզ կյանքի լավագույն ուղին և իր կյանքը տա մեզ համար (Հովհաննես 3։16)։ Քանի որ Հիսուսը արժանի չէր մահվան, Եհովա Աստված նրա մահը օգտագործեց որպես օրինական հիմք՝ հետ բերելու համար Ադամի ու Եվայի կորցրածը, այսինքն՝ հավիտենական կյանքի հեռանկարը երկրային դրախտումb։ Այդ նպատակով Աստված հաստատեց մի երկնային կառավարություն՝ մարդկության վրա իշխելու համար, և իր Որդուն՝ հարություն առած Հիսուս Քրիստոսին, նշանակեց այդ Թագավորության Թագավոր։ Այս հրաշալի կառույցի շնորհիվ երկրի առնչությամբ Աստծու նպատակը կիրականանա (Մատթեոս 6։9, 10)։
Ուստի դուք կարող եք լիովին վստահել Աստվածաշնչում արձանագրված այս հիանալի խոստումներին. «Չարերը կ’սատկեն, բայց Տիրոջն սպասողները երկիրը կ’ժառանգեն։ Արդարները երկիրը կ’ժառանգեն, եւ յաւիտեան կ’բնակուին նորանում»։ ««Ահա Աստծու խորանը մարդկանց հետ է, և նա կբնակվի նրանց հետ, և նրանք կլինեն նրա ժողովուրդը։ Եվ ինքը Աստված նրանց հետ կլինի։ Եվ նա կսրբի ամեն արտասուք նրանց աչքերից, և մահ այլևս չի լինի, ո՛չ սուգ, ո՛չ աղաղակ և ո՛չ ցավ այլևս չեն լինի։ Նախկին բաները անցան»։ Եվ Նա, որ նստած էր գահին, ասաց. «Ահա ամեն բան նորն եմ անում»» (Սաղմոս 37։9, 29; Հայտնություն 21։3–5)։
Աստվածաշունչը չի հակասում ինքն իրեն
Ոմանք գուցե հարցնեն. «Ինչպե՞ս կարող ենք այդ մեջբերված աստվածաշնչյան համարները ներդաշնակեցնել այն համարներին, որոնցում կարծես խոսվում է երկրագնդի վերջի մասին»։ Քննելով մի քանի օրինակ՝ կտեսնենք, որ Աստվածաշունչը չի հակասում ինքն իրեն։
Մինչ գիտնականները կհասկանային, որ բոլոր ֆիզիկական բաներում «խառնաշփոթի հանգեցնող հակվածություն» կա, սաղմոսերգուն դեռ վաղուց գրել էր. «[Դու, Աստված,] երկրի հիմունքը հաստատեցիր, եւ քո ձեռքի գործն է երկինքը։ Նորանք կ’կորչեն, բայց դու կը մնաս. եւ նորանք ամենը շորի պէս կ’մաշուին. հագուստի պէս կ’փոխես նորանց, եւ նորանք կ’փոխուեն. բայց դու նոյնն ես. եւ քո տարիները չեն վերջանալ» (Սաղմոս 102։25–27)։
Սաղմոսերգուի այս խոսքերը չէին հակասում երկրի առնչությամբ Աստծու նպատակին։ Նա հակադրեց Աստծու հավիտյան գոյությունը նրա ստեղծած բոլոր այն բաների հետ, որոնք ենթակա են կործանման։ Եթե Աստված չունենար վերականգնելու անսպառ զորություն, ապա տիեզերքը, այդ թվում Արեգակնային համակարգը, որից մենք կախում ունենք լույս և էներգիա ստանալու համար, ինչպես նաև երկրի առանցքի կայուն վիճակը կվերածվեին լիակատար խառնաշփոթի և ամբողջությամբ կկործանվեին։ Հետևաբար եթե մեր մոլորակը այդպես թողնվեր, այն «կմաշվեր», այսինքն՝ առհավետ կկործանվեր։
Աստվածաշնչում կան նաև ուրիշ համարներ, որոնք կարդալիս նույնպես առաջին հայացքից գուցե թվա, թե հակասում են երկրի առնչությամբ Աստծու նպատակին։ Օրինակ՝ Աստվածաշնչում խոսվում է երկնքի ու երկրի մասին՝ նշելով, որ դրանք «անցան» (Հայտնություն 21։1)։ Անշուշտ, այս խոսքերը չեն հակասում Հիսուսի հետևյալ խոստմանը. «Երջանիկ են նրանք, ովքեր հեզ են, որովհետև նրանք կժառանգեն երկիրը» (Մատթեոս 5։5)։ Այդ դեպքում ի՞նչ նկատի ունի Աստվածաշունչը, երբ ասում է, որ երկինքն ու երկիրը «անցան»։
Հաճախ Աստվածաշունչը «երկիր» բառը օգտագործում է փոխաբերական իմաստով՝ նկատի ունենալով մարդկային հասարակությունը։ Օրինակ՝ ուշադրություն դարձնենք աստվածաշնչյան հետևյալ համարին. «Բոլոր երկիրը մէկ լեզու եւ մէկ խօսուածք էր» (Ծննդոց 11։1)։ Ակնհայտ է, որ այս համարում «երկիր» բառը վերաբերում է այդ ժամանակ երկրի վրա ապրող մարդկանց։ Մեկ ուրիշ օրինակ կարող ենք գտնել Սաղմոս 96։1–ում. «Երգեցէք Տիրոջը ամեն երկիր»։ Հստակ է, որ թե՛ այս, թե՛ ուրիշ շատ համարներում «երկիր» բառը փոխաբերական իմաստով է օգտագործվում և վերաբերում է մարդկանց (Սաղմոս 96։13)։
Աստվածաշնչում երբեմն իշխանությունները համեմատվում են երկնքի կամ երկնային մարմինների հետ։ Օրինակ՝ Բաբելոնի դաժան կառավարիչները նկարագրվում են որպես աստղեր, քանի որ նրանք իրենց բարձր էին համարում մյուս բոլոր մարդկանցից (Եսայիա 14։12–14)։ Ինչպես կանխագուշակված էր, Բաբելոնի խորհրդանշական «երկինքը», կամ՝ կառավարությունը, և «երկիրը»՝ այդ իշխանությանը թիկունք կանգնողները, վերացան մ.թ.ա. 539 թ.–ին (Եսայիա 51։6)։ Դա հնարավորություն տվեց զղջացող հրեաներին վերադառնալ Երուսաղեմ, որտեղ «նոր երկինքը»՝ մի նոր կառավարություն, ղեկավարում էր «նոր երկրին»՝ մարդկային արդար հասարակությանը (Եսայիա 65։17)։
Երկնքի ու երկրի «անցնելու» մասին Աստվածաշնչի խոսքերը ակներևաբար վերաբերում են ներկայիս ապականված կառավարություններին և նրանց ոչ աստվածավախ կողմնակիցներին (2 Պետրոս 3։7)։ Երբ դրանք «անցնեն», Աստծու նոր երկնային կառավարությունը օրհնություններ կբերի արդար մարդկանց նոր հասարակությանը, քանի որ Աստծու «խոստման համաձայն՝ մենք նոր երկնքի ու նոր երկրի ենք սպասում, և նրանցում արդարություն պիտի բնակվի» (2 Պետրոս 3։13)։
Ուստի դուք կարող եք հավատալ Աստծու այն խոստմանը, որ մեր երկրային բնակարանը կմնա հավիտյան։ Աստվածաշունչը ցույց է տալիս, թե ինչ պետք է անեք, որպեսզի վայելեք կյանքը այդ հրաշալի ժամանակներում, երբ երկիրը կվերածվի դրախտի։ Հիսուսն ասել է. «Սա՛ է հավիտենական կյանքը, որ ճանաչեն քեզ՝ միակ ճշմարիտ Աստծուն, և Հիսուս Քրիստոսին, որին դու ուղարկեցիր» (Հովհաննես 17։3)։ Ուրեմն արժե նպատակ դնել իմանալու, թե ինչ է Աստվածաշունչը սովորեցնում երկրի ու մարդկության ապագայի մասին։ Ձեր տեղանքում ապրող Եհովայի վկաները ուրախությամբ կօգնեն ձեզ այդ հարցում։
[ծանոթագրություններ]
a Այն մասին, թե ինչու է Աստված թույլատրում տառապանքը, կարող եք իմանալ «Ի՞նչ է սովորեցնում Աստվածաշունչը իրականում» գրքից, էջ 106–114։ Հրատարակվել է Եհովայի վկաների կողմից։
b Հիսուսի քավիչ զոհաբերության մասին ավելի շատ տեղեկություններ կարող եք գտնել «Ի՞նչ է սովորեցնում Աստվածաշունչը իրականում» գրքում, էջ 47–56։
[մեջբերում 12–րդ էջի վրա]
Աստվածաշունչը խոստանում է, որ մեր երկրային բնակարանը կմնա հավիտյան
[նկարներ 10–րդ էջի վրա. թույլտվությամբ]
Background globe: NASA/The Visible Earth (http://visibleearth.nasa.gov/); polar bear: © Bryan and Cherry Alexander Photography